Ամալյա Նավասարդյանի բոլոր հրապարակումները

Առաջին անգամ ուսուցչուհու դերում

Վախեր շատ կային. ինչպե՞ս կառավարել դասարանը, կստացվե՞ր արդյոք, ի՞նչ մեթոդներ կիրառել, արդյոք շփոթմունքս թույլ կտա՞ր դասը ճիշտ ձևով վարել, տեղի՞ն էր արդյոք կազմած դասապլանս: Ինչևէ, պետք էր հավաքվել ու դասարան մտնել: Երկու տարի էր, ինչ աշխատում էի միևնույն դասարանի հետ, աշակերտները կապված էին ինձ հետ, սիրում էին, հարգում: Մտա դասարան, բայց արդեն լուրջ կեցվածքով. առաջին քայլս եղավ այն, որ դասարանում կարգուկանոն հաստատեցի, ի զարմանս ինձ՝ լռեցին, հավաքվեցին, հետևում էին շարժումներիս: Դասի թեման էր «Եղեգնուհին», դասն ընթանում էր դասապլանին համապատասխան, դե ընթացքում եղան շեղումներ երեխաների անակնկալ հարցադրումների պատճառով, բայց հաջողվում էր ընթացքի մեջ դնել պլանս: Դասը բաժանում էի հատվածների, պարբերություն առ պարբերություն հարցնում կարդալ, հարցեր էի տալիս, գրատախտակին ուղղագրական արժեք ունեցող բառեր գրել տալիս, ստուգում էինք, շտկում միասին, բացատրում: Հետո վերարտադրում էին հեքիաթի բովանդակությունը, իրենց պատկերացնում հերոսների դերերում: Որոշված էր, որ բեմականացնեինք հեքիաթը: Դասարանը բաժանեցի երեք խմբի, տվեցի 10 րոպե ժամանակ՝ պատրաստվելու համար: Ինքս հետևում էի ընթացքին, թղթից անհրաժեշտ պարագաներ էին պատրաստում, դերերը բաժանում միմյանց միջև, հագուստները փոխում, կերպարանափոխվում էին. հաճելի խառնաշփոթ էի: Ժամանակը լրանալուն պես ցուցադրեցին իրենց պատրաստածը, ամեն խումբ յուրովի էր բեմականացրել հեքիաթը, ծիծաղում էինք, շտկում, ուղղություն տալիս: Գործադրածս դերային մեթոդն արդարացված էր: Հնարավորություն ունեի նաև գնահատելու աշակերտներին, հիշում եմ, թե ինչպես մեկը վազելով մոտեցավ և ասաց.

-Ընկե՜ր Նավասարդյան, ի՞նչ ենք ստանում:

Ըստ ակտիվության՝ գնահատականներ ստացան բոլորը։ Գոհ էին, ուրախ ու զվարթ: Զանգը հնչելուն պես վազեցին, գրկեցին ինձ, համբուրում էին՝ ասելով, որ ուզում են ես իրենց դասավանդեմ, ինձ և համակուրսեցուս համար հասցրել էին բանաստեղծություն գրել:

Ու այսպես իրականացրի մի քանի դասեր, ավելի ինքնավստահ էի, անկաշկանդ, ոգևորված: Սիրում եմ մասնագիտությունս, հուսով եմ, որ ավարտելուց հետո արժանապատվորեն կրելու եմ ուսուցչի այդքան պարտավորեցնող պաշտոնը: Ես ևս պատրաստ եմ իմ ուսերին կրել եկող սերնդի դաստիարակության և կրթության կարևորագույն գործը:

amalya navasardyan

Մի պատառիկ ուսանողական կյանքից

Առավոտյան ժամը 7։30 էր, զարթուցիչը զնգաց։ Հազիվ բացեցի աչքերս, հետո էլի փակեցի։ Կես ժամ էլ քնեցի, հետո էլի զնգաց, ստիպված էի արթնանալ։ 20 րոպե անց արդեն 26 համարի ավտոբուսի մեջ էի։ Մարդկանց ամենօրյա զրույցները ձանձրացնում էին, ստիպված էի հանդուրժել մի կես ժամ, մինչև ավտոբուսը կհասներ Երիտասարդական։ Հազիվ դուրս ընկա ավտոբուսից, շնչակտուր վազում էի, մինչև Մանկավարժական համալսարան հասնելը դեռ 20 րոպե պետք է քայլեի, ուստի շտապում էի։ Վազելուց հոգնեցի, սկսեցի քայլել։ Անտարբեր, մռայլ քայլում էի փողոցով ու նայում մարդկանց, մտքում վերհիշում անգիրներս, մտածում տրամաբանությանս անհավանական թվացող բանաձևերի մասին, նեղվում, կռվում ինքս ինձ հետ, քննադատում, կշռադատում, հետո էլի մռայլվում, չէի էլ հասցնում նկատել, որ ինձնից այն կողմ թողել էի արդեն երկու համալսարան ու այժմ Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ էի, ինչը նշանակում էր, որ հաջորդը Մանկավարժական համալսարանն էր։ Ի դեպ, սովորում եմ բանասիրական ֆակուլտետում, ուստի շտապեցի բարձրանալ 3-րդ հարկ, հետո հիշեցի, որ առաջին ժամս 4-րդ հարկում պիտի անցկացվեր, վազեցի։ Մտա լսարան. հայ նոր գրականության ժամն էր, ուսումնասիրության թեման Մեծարենցն էր՝ իր ողջ պոեզիայով։ Անտարբեր նստել էի վերջին նստարանին, երբ դասախոսի հնչեցրած երկու անունների թվում լսեցի նաև իմը, այդ ձայնը ստիպեց սթափվել և ոտքի կանգնել։ Նպատակն էր` պարզել Մեծարենցից իմ անգիրների իմացությունը։ Մի քանի վերնագրեր թվարկելուց հետո դասախոսս կանչեց ամբիոնի մոտ։ Զարմացած, մի քիչ էլ վախեցած առաջ գնացի, պարզվեց, որ արտասանելու էի Մեծարենցի «Անանուն» բանաստեղծությունը։ Տուն առ տուն դասախոսիս օգնությամբ փորձում էինք վերլուծել։ Ուզում եմ խոստովանել, որ Մեծարենցին ըմբռնելը բարդ էր, բայց դասախոսիս շնորհիվ կարողացանք ընդհանրացնել։

Երկրորդ դասաժամը ժամանակակից հայոց լեզվի ժամն էր։ Քիչ-քիչ սթափվում էի, ավելի շուտ՝ արթնանում։ Կապերի ու շաղկապների մասին քննարկումներից, վարժություններից հետո սկսեցի ակտիվանալ, բայց նկատեցի, որ զանգի ժամն էր։ Զանգը հնչեց, ինչը նշանակում էր, որ պետք է վազեի ուսանողական խորհրդի նիստին։ Բանավեճի ակումբի փոխնախագահն եմ, ուստի պարտավորվում էի ապահովել ներկայությունս ու մասնակցել քննարկումներին։

Չհասցրի սնվել, զանգը հնչեց, արդեն երրորդ ժամն էր։ Ներառական կրթության դասաժամն էր, հետաքրքիր, ոչ այնքան ձանձրացնող էին ներառական կրթության ժամերը, բանավիճում էինք, քննարկում, տեսասահիկներ (սլայդ) դիտում ԿԱՊԿՈՒ երեխաների մասին։

Դասերն ավարտվեցին, բայց տուն գնալ չկար։ Հայ նոր գրականության ամբիոնը մեզ համար հագեցած ընթերցասրահ ուներ, ուստի շտապեցինք բարձրանալ վերև, վերցնել հանձնարարվող գրքերը և աշխատել։ Կարդում էինք, մշակումներ անում, գրում, ջնջում, նորից կարդում ու կարդում։ Ընթերցասրահը բաց էր մինչև ժամը 5-ը, ես մնում էի այնտեղ մինչև ժամը 4.30։ Բայց էլի տուն գնալ չկար, շտապում էինք Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, դե գրքերի ժամկետները լրացել էին, իսկ մեզ նոր գրքեր էին անհրաժեշտ, չէ՞ որ նոր հեղինակ էինք ուսումնասիրում։

Արդեն կարելի էր տուն վերադառնալ, նույն ձանձրացնող ավտոբուսը ինձ ամեն օր տանում, բերում էր, արևը դուրս գալուն պես հեռանում էի, մայր մտնելուն պես՝ վերադառնում։ Բավականին հոգնած վերադառնում էի տուն, բայց ո՜չ տրամադրություն ունեի ինչ-որ բան պատրաստելու, ո՜չ ժամանակ, ուստի բավարարվում էի դրսից գնված սնունդով կամ արագ պատրաստվող մի բան ուտում։ Դե, քանի որ վերադառնում էի ժամը 6-7-ին, քիչ ժամանակ էր մնում անգիրներիս, գրքերիս ու մնացած դասերիս համար։ Ամեն ինչ արագ էի անում։ Անգիր էի սովորում, հետո գիրք կարդում, դե, հասցնել էր պետք, հետո ընդմիջում տալիս թեյով ու անցնում պրակտիկայիս, դասավորում էի թղթապանակս, շտկում, գրում, դնում, լրացնում։ Ու այդպես շարունակում մինչև գիշերվա ժամը 2-3-ը, երբ աչքերս հոգնում էին։

Դե, մեկ օր էլ անցավ, պետք էր պատրաստվել հաջորդ հոգնեցուցիչ, բայց միևնույն ժամանակ հաճելի, ծանրաբեռնված օրվան։

amalya navasardyan

Գևորգը

Ապրիլյան պատերազմի ընթացքին, լուրերին հետևում էինք ամեն վայրկյան, չէինք հեռանում հեռուստացույցի դիմացից, լաց էինք լինում և խոր ցավ ապրում յուրաքանչյուր զինվորի կորստի լուրը լսելիս: Մի օր էլ սովորականի պես արթնացա և զգացի, ինչ-որ բան այնպես չէ: Մայրիկս արտասվում էր, երբ հարցրի, պատասխանն եղավ այսպիսին. «Գևորգը՝ տատիկի եղբոր թոռնիկն էլ հերոսաբար ընկավ կռվում»: Վիշտը համակեց բոլորիս: Մենք բոլորս ականատեսն ու վշտակիցը եղանք այդ սրտակեղեք պահերի:

«Գևորգ Գագիկի Վարդանյան՝ ծնված 1996 թվականին, Գյումրիում»,-երբ միացնում էի հեռուստացույցը, բոլոր հեռուստաալիքները հաղորդում էին նույն նախադասությունը: Հա՛, մեր Գևորգն էլ զոհվեց հանուն հայրենիքի:  5 տարեկանից սկսած ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, դպրոցն ավարտել և ընդունվել է բուհ, սակայն օտար միջավայրում մեծացած պատանին ձգտում էր հայրենիք, երազում էր հայոց բանակի զինվոր դառնալու մասին: Իր կամքով վերադարձավ ծննդավայր և ծառայության անցավ ԼՂՀ  զորամասերից մեկում: Հորեղբայրը պատմում էր. «Խիզախ էր, իսկական զինվոր, երբ ժամն եկավ,  կռվեց հերոսաբար մինչև վերջին փամփուշտը»:

Գևորգի հայրը պատմում է. «Ու ինքը մեծ հաճույքով եկավ, ըսավ՝ ես կերթամ ծառայեմ: Մեծ հաճույքով ինքը կծառայեր: Ռուսաստանում սովորել է մինչև 9-րդ դասարան, ընդեղից ընդունվել է գազաֆիկացիայի գծով քոլեջ, 10 ամիս էր մնացել ավարտելուն, իր 18 տարին լրացավ, ինքը վերադարձավ իր պարտքը տալու»:

Գևորգն իր ժողովրդի իսկական զավակն էր: Նրա մեջ խոսում էր նախնիների՝ ղարաբաղցիների և մշեցիների հպարտ արյունը: Նա ամեն ինչում ձգտում էր լինել առաջինը: Ե՛վ ուսման մեջ, և՛ բարի գործերում, և՛ մարտիկ դառնալու ձգտման մեջ:

Հայրը շարունակում է. «Ինքը միշտ կհարցներ, պապերս ով են եղել: Ինտերնետի մեջ որ կբացեր, տեսներ գը, կարդար գը, բան կեներ, հետո կհարցներ՝ պա, (խոսքի) Մուշը որն է, ուրդե է ըդիգ»:

Գևորգի մայրը պատմում է. «Հարևանությունը կսեր, որ Գևորգի նման երեխա չկա: Դասարանի տղեքը կսեին՝ քննություն տվեցինք, մենք Ռուսաստան ապրող ենք, ռուս ենք, 3-ի չկարողացանք տայինք, իսկ Գևորգը Հայաստանից եկել է, հայ է, մեզնից լավ կսորվի»:

Հայրն ավելացնում է. «Ինքն ամեն ինչ լուրջ էր ընդունում, մե բանմ կսեիր, ուրեմն, վերջ, մե խոսքմ ուներ, կսեր՝ «Мужик сказал, мужик сделал.»: 7 տարի Գևորգս պարապավ ձեռնամարտ ու շատ կսիրեր սպորտը, ֆուտբոլի կերթար, երգելու կերթար, դաշնամուր կնվագեր քրոջ հետ: Սովորում էր գերազանց, զբաղվում էր մարտարվեստներով, ընդունվել էր ինժեներական քոլեջ, սակայն ամենից շատ երազում էր հայ բանակի զինվոր դառնալ,- պատմում է Գևորգի մայրը, ապա շարունակում,- չէր վախենում, որ իրենից մեծի հետ «բոյ» մտներ, միշտ մրցանակներով էր տուն կգար»:

«Ինքն ըստեղ՝ Հայաստան, մի անգամ է եղել, 2002 թ.-ից հետո մե անգամ է եկել: Ես ըսեցի, որ ընդեղ պատերազմական վիճակ է, ինքը չվախեցավ, ինքն ըսավ՝ ես կերթամ ծառայելու»,- պատմում էր հայրը:

Մայրը շարունակում է. «Հա՛, ինքը կուզեր գար Հայաստան ծառայեր, ես չէի ուզե: Կսեի՝ Գևոր ջան, մի գնա, կսեր՝ չէ, մամ ջան, տղամարդը պտի ծառայե, որ իսկական տղամարդ դառնա: 2015թ. հունվարին զորակոչվեց հայկական բանակ և հայտնվեց Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, դասակում, որի հրամանատարը Հրաչ Գալստյանն էր: Գևորգը երջանիկ էր, որ ծառայում էր Արցախում, հողում, որ դարձել էր առաջապահը»:

Ընկերները պատմում են. «Գևորգը ձգտում էր արագ սովորել մայրենին և  իր մոտ պահում էր հայերեն տառերով գրված ռազմական տերմինների ցուցակը, որ խնամքով գրի էր առել ռուսերեն տառերով»: «2015թ-ի սեպտեմբերին թշնամական դիվերսիայի ժամանակ վիրավորվեց նրա մարտական ընկերներից մեկը: Գևորգը գնդակոծության տակ ընկերոջը դուրս բերեց մարտի դաշտից և փրկեց նրա կյանքը ու այդ արարքի համար շնորհակալագիր և արձակուրդ ստացավ: Արձակուրդի 10 օրերից 5-ը անցկացրեց տանը: Ինքը կսեր,որ ես կուզեմ իմ «գռուփիս» հետ ելնիմ դիքեր և 2 օր շուտ գնաց, առավոտ կանուխ հելել էր, կսեր՝ դիրքերին կարոտցել եմ, երթամ դիրքեր»:

Ընկերները շարունակում են պատմել. «Գևորգը շատ լավ ընկեր էր բոլորիս համար, շփվող, շատ լավ դիքապահ էր, խիզախ, քաջ հայրենասեր»:

Ապրիլի 2-ին թշնամու տանկերից արձակված արկը խլեց Հրաչ Գալստյանի և Գևորգ Վարդանյանի կյանքը: Հերոսաբար զոհվեց ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Մենք հպարտ ենք մեր հերոսով: Հարազատները ավելացնում են. «Սիրով էր ծառայում: Հպարտ էր, որ սահման է պահել, ու անկեղծ ասեմ, երբ նրանից լուր չունեինք, մտածում էինք՝ ավելի լավ է ընկնի հերոսի մահով, բայց գերի չընկնի»: Գևորգի անձնազոհությունը շատերիս հիացրեց: Վերջին անգամ Գևորգը մարտի 30-ին է խոսել հարազատների հետ, հորեղբոր որդուն՝ Հովհաննեսին, խնդրել էր, որ անպայման մասնակցի ընկերոջ հուղարկավորությանը:

Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է «Հայաստանի արիության» մեդալով և «Արցախի մարտական ծառայության» մեդալով: Ահա այսպիսի  հայրենասիրական ոգով էր դաստիարակվել մերօրյա հերոսը: Ուզում եմ, որ ճանաչենք մերօրյա հերոսներին, նրանց սխրանքները որպես անձնազոհություն ընդունելով, պատրաստ լինենք նրանց նման ներդնել մեր հոգին հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

amalya navasardyan

Նպատակ և խոչընդոտներ

12-րդ դասարանում էի: Մի առավոտ սովորականի պես արթնացա և շտապեցի դպրոց: Արդեն 2-րդ կիսամյակն էր, և դպրոցում հայտնեցին, որ դիմորդները պետք է լրացնեն հայտերը: Մի պահ տարակուսեցի, քանի որ ինքս էլ չգիտեի, թե որ բաժինն եմ ուզում ընդունվել: Ոչ ոք չնկատեց իմ մռայլությունը, քանի որ բոլորը զբաղված էին իրենց գործերով, պարապմունքներով: Ես նույնպես պարապում էի հայոց լեզու և հայ գրականություն առարկաները, բայց կոնկրետ չէի որոշել մասնագիտությունս: Հակված էի տարրական մեթոդիկային, բայց սիրում էի բանասիրությունը: Միշտ ցանկացել եմ դառնալ բանասեր, քանի որ ինձ պատկերացնում էի հայոց լեզվի ոլորտում, բայց ժամանակս չէր բավարարում ավելի խորանալու, քանի որ այդ ժամանակ մասնակցում էի նաև «Հայ ասպետ» հեռուստամրցաշարին և բավականին զբաղված էի, երկրորդ պլան էին մղվել պարապմունքներս ու մնացած ամեն ինչ: Ինչևէ, շտապեցի տուն: Հանկարծ մայրս ասաց.

-Ամալյա, մնացել է մի քանի ամիս ընդունելության քննություններին, ի՞նչ որոշեցիր:

-Ու՜ֆ, մամ, թող լինի տարրական մեթոդիկա:

-Բայց գիտեմ, որ դա այդքան էլ քո սրտով չի, իսկ եթե մյուս հայտով նշենք բանասիրությո՞ւն:

-Մամ, չե՞ս կարծում, որ արդեն բավականին ուշ է, ես բանավոր քննություն չեմ կարող հանձնել: Դա յուրացնելու համար երկար ժամանակ է պահանջվում, երբ ձեռքս վերցրի գրականության ցանկը, սարսափեցի, վերջին հույսս մարեց:

-Ի՞նչ կարիք կա լսելու մյուսներին, բավական ժամանակ կա, եթե ուզենաս՝ կհասցնես: Ես քեզ ասում եմ, որ պետք չէ հետ կանգնել սիրելի մասնագիտությունից և վաղեմի երազանքից:

-Դե՜, մամ, դու էլ գիտես, որ անհնար է այդքանը սովորելը: Չէ, չեմ կարող:

Անցան այդ ամիսները ևս, օրուգիշեր պարապում էի, բայց գրավոր քննությանս համար: Մայրս միշտ հորդորում էր ինձ.

-Ամալյա, բանավոր քննության ցանկին էլ ուշադրություն դարձրու, քո անցած թեմաներն են:

-Մամ, ես հաստատ գիտեմ, որ ես կարճ ժամանակում չեմ կարող այդ ահռելի ցանկը յուրացնել:

-Ես քո մայրն եմ, ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, դու ինձ լսիր, և ամեն ինչ լավ կլինի:

-Լա՜վ, մամ, այս անգամ թող քո ասածով լինի:

Որոշեցի այս անգամ լսել մայրիկիս, ուժ գտա մեջս, վերցրի գրականության ցանկը, փնտրեցի և գտա անհրաժեշտ գրականությունը: Քանի որ ես ավարտել էի հայոց լեզվի 4 շտեմարանները և ժամանակ դեռ ունեի, թեև քննության օրերը մոտենում էին, սկսեցի յուրացնել այդ գրականությունը: Մայրս ամեն անգամ տեսնում և ուրախանում էր, իսկ ես հոգուս խորքում հույս չունեի, բայց այնուամենայնիվ չէի ուզում վշտացնել մայրիկիս և անտեսել նրա խոսքը, ուստի շարունակեցի: Սովորեցի, կրկնեցի բոլոր պահանջվող անգիրները, թեմաները, օրուգիշեր կարդացի, յուրացրի կենսագրությունները, բոլո՜ր-բոլո՜րը:

Երբ մայրիկիս հետ գնացինք համալսարան, որ հայտ լրացնենք, ես աշխատակցուհուն ասացի, որ առաջին հայտով նշի տարրական մեթոդիկան, բայց մայրս համառեց.

-Ոչ, Ամալյա, կնշենք առաջին հայտով բանասիրություն, թող դա էլ 2-րդը լինի:

-Մա՜մ, ա՜խր…

-Վստահիր ինձ, ամեն ինչ լավ կլինի:

Այդպես էլ արեցինք. առաջին հայտը եղավ բանասիրությունը. սիրելի մասնագիտություն, որի համար հրաժարվում էի պայքարել:

Եկավ հայոց լեզվի և գրականության միասնական գրավոր քննության օրը: Հուզված էի: Այնուամենայնիվ, հաղթահարեցի և հանձնեցի: Շտապեցի դպրոց՝ տնօրենի հետ արդյունքները ստուգելու, իսկ երբ իմացա արդյունքը՝ 18.75, ուրախությունից սկսեցի լաց լինել: Վերցրի թուղթը, շտապեցի տուն ու նետվեցի մայրիկիս գիրկը:

-Ես վստահ էի, որ կարող ես: Ապրես, աղջիկս, մնաց մյուսը:

Մի պահ զարմացա.

-Մա՞մ, էլ ի՞նչ մյուս:

-Բա բանավո՞րը, չէ՞ որ դեռ առջևում է:

-Ա՜խ, հա՜…

Եկավ հուլիսը: Դե, արդեն քննության օրն էլ էր պարզ: Առավոտ շուտ մայրիկիս հետ շտապեցինք համալսարան: Գյուղից քաղաք տանող ճանապարհը շատ երկար էր թվում, ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասացի: Էլի հուզված էի: Երբ հասանք ու մի փոքր ընտելացա, սկսեցի շփվել երեխաների հետ: Իմացա, որ բոլորը 2, 3, 4 տարի պարապել էին: Հուսահատ եկա մայրիկիս մոտ.

-Մա՜մ, ո՞ւր եմ ընկել ես, բոլորը մի քանի տարի պարապել են, իսկ ես իրար հետ ընդամեը 15-20 օր: Միայն թե հիմա էլ չասես, որ ես էլ կարող եմ նրանց նման գնահատական ստանալ:

Խոսքերիցս մայրիկիս դեմքին, աչքերի մեջ նկատեցի անհանգստության նշույլներ:

-Ամալյա, Աստված մեզ հետ է, այսքան հաղթահարեցիր, հասար այստեղ, որ հիմա հուսահատվե՞ս: Սա վերջին քայլն է, որը բաժանում է քեզ քո վաղեմի երազանքից, դե՜, ամեն ինչ լավ կլինի:

Եկավ այդքան սպասված պահը: Ներս էին կանչում: Իմ հերթն էլ եկավ, նայեցի մայրիկիս աչքերի մեջ ու մի տեսակ ուժ ստացա նրանից: Գնացի: Ներս մտա, քաշեցի հարցատոմսը: Բարեբախտաբար, այն հարցերն էին, որոնք այնքա՜ն լավ էի յուրացրել, դեմքս պայծառացավ, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել: Վերջապես հասավ իմ պատասխանելու ժամանակը: Սկսեցի պատմել, խոսել, բացատրել: Ինձ քննողները 2 տղամարդ էին, որոնցից մեկը նայելով ինձ՝ ժպտաց և ասաց՝ կարդացած է: Երբ սկսեցի վերլուծել վերջին նախադասությունը, ասացին, որ բավական է: Նրանցից մեկը ժպտաց, ասաց՝ ապրես: Քիչ հետո հայտնեցին ինձ, որ 14 են նշանակում, եթե գոհ եմ, ստորագրեմ թղթի վրա: Երջանկությունը պատել էր ինձ, ես նույնիսկ 7 միավորի հույս չունեի, իսկ հիմա այդքան հուսահատ մեկին նշանակեցին 14:

-Այո, իհարկե,շնորհակալություն:

Ստորագրեցի և արագ վազելով՝ գնացի ներքև: Մայրիկս արտասվում էր, երբ ուզեցի հայտնել գնահատականս, պարզվեց, որ նա դիտում էր պատասխանս:

-Ես ասում էի, չէ՞, որ լավ է լինելու, մի՞թե դա առաջին անգամն էր, ես ավելի լավ եմ ճանաչում քեզ: Շնորհավորում եմ, ապրես, վերջապես իրականացավ երազանքդ:

-Մա՜մ,- արտասվախառն ձայնով ասացի ես,- շնորհակալ եմ, որ կողքիս էիր:

Ընդունվեցի համալսարան, հա՜, բանասիրության ֆակուլտետ: Այժմ, երբ սովորում եմ այստեղ, անչափ երախտապարտ եմ մայրիկիս, զգում եմ, թե ինչ մեծ հաճույքով եմ ուսումնասիրում մեր լեզուն և հեղինակներին: Շնորհակալ եմ, մա՜մ: