Անահիտ Բադալյանի բոլոր հրապարակումները

anahit badalyan tonakan

Անվերջ վերադարձ

Բարև․․․Բարև այնտեղից, որտեղ մարդիկ իրար տեսնելիս ասում են՝ բարև, բարի օր, ողջույն, բարի երեկո: Որտեղ մարդիկ խոսում, ժպտում, սիրում, ապրում ու շնչում են հայերենով: Բարև այնտեղից, որտեղ արդեն չորս ամիս վազքս, խոսքս, ծիծաղս ու ներկայությունս բացակա է եղել, իսկ սիրտս ու հոգիս՝ հավերժ ներկա: Բարև իմ հպարտ ու հարազատ հողից, իմ ու մեր Հայաստանից:

Ձմեռային արձակուրդներին հայրենիք եմ վերադարձել, թեև՝ ոչ երկար ժամանակով։ Երևի հիշում եք, որ ես այժմ սովորում եմ Իտալիայում, «Ադրիատիկ» միջազգային դպրոցում: Մի կարճ ժամանակահատվածը լրիվ բավական է՝ ամենասիրելի ու թանկ մարդկանց, վայրերն ու պահերը անբացատրելի կարոտելու համար: Բավական է՝ անհրաժեշտություն ու կարիք զգալու համար, ուժեղանալու, կոփվելու ու ամրանալու համար:

Քոլեջում երբեմն էնքան զբաղված  ենք լինում, որ կարոտելու ժամանակ անգամ չի մնում: Դասերը շատ են, հանձնարարությունները՝ անպակաս, անելիքները՝ միշտ լիքը, պատասխանատվության ու պարզ ճակատով ներկայանալու զգացողությունը՝ անսպառ: Ուրախությամբ ու հպարտությամբ պիտի ասեմ, որ առաջին կիսամյակիս համար իմ առջև դրված նպատակը, չվախենամ՝ ասել, նույնիսկ գերակատարել եմ: Կատարածս աշխատանքից ուսուցիչներս գոհ են, նոր ընկերներ ունեմ, հասցրել եմ սիրել Դուինոն ու «մերվել»  Իտալիային:

Արագ անցան էս ամիսները, թե չէ, փոքր-ինչ բարդ է ասելը: Անելիքների տեսակետից՝ հագեցած ու շնչակտուր էր, կարոտելու տեսակետից՝ երևի մի քիչ ավելի սպասումով լի:

Առավոտյան սեփական զարթուցիչին միայն ապավինելն ու մամայի ձայնը քեզ միշտ արթնացնելու պատրաստ չունենալը, նախաճաշին երբեմն թեյել չհասցնելն ու դրա համար մի կարգին նկատողություն չստանալը, մեկ-մեկ թեթև հագնվելն ու մինչև դռան ծայրը` «Ժակետդ գոնե հետդ վերցրու, գլխարկդ էլ պայուսակումդ պահիր» չլսելը հեշտ չէին, ու մեկ-մեկ՝ էնքա՜ն տխուր: Բայց ժամանակի հետ հարմարվում ես, ընտելանում ես, մի քանի անգամ մրսելուց հետո ինքնաբերաբար գլխարկդ պայուսակումդ ես պահում միշտ, մի քանի րոպե շուտ ես արթնանում, որ հասցնես թեյդ խմել ու․․․ դառնում ես միակ ու միակ զարթուցիչդ: Ու տխուրը գիտե՞ք՝ որն է․․․Դու տանը գուցե չզգայիր, որ մրսում ես առանց գլխարկի, առավոտյան մի բաժակ թեյիդ պակասը այդ աստիճան քեզ ներսից զգացնել չտար գուցե, մի տասը րոպե ուշ արթնանալն էլ հաստատ դասից ուշանալու պատճառ չէր դառնա: Իսկ տնից դուրս դու վախենում ես հիվանդանալ ու մնալ ինքդ քո հույսին, դրա համար էլ գլխարկդ պայուսակիդ մեջ է միշտ, վախենում ես՝ դիմադրողականությունդ առանց էն մի բաժակ թեյի մի քանի գրամ պակաս լինի, դրա համար փորձում ես հասցնել խմել, վախենում ես, որ ամեն դեպքում քնած կմնաս, կուշանաս, դրա համար մի կերպ բացում ես քնաթաթախ աչքերդ:

Ամենահետաքրքիրը ինքդ քեզ բացահայտելն է: Երբ հարիսա էի սարքում, մեջս մի ուրիշ հպարտություն էր խոսում: Հայաստանում հարիսա շատ չէի սիրում, մաման որ սարքեր՝ հա, կուտեի, բայց ավելի հաճախ կասեի մամ, կարտոֆիլի ժարի՜տ, ի՞նչ հարիսա է: Էնտեղ տեսնում էի՝ ոնց են ուրիշները հավանում իմ սարքածը, ու հետո հիշում էի մամայի՝ մենակ կարտոֆիլով ո՞նց կլինի-ն:

Գարիկի ու Սոնայի «Լուսինը» իմ սրտին, ականջին ու ձեռքերին այդքան մոտ ու հասանելի դժվար դառնար, եթե համերգին անպայման հայերեն մի բան ներկայացնելու անհագուրդ ցանկությունը չլիներ:

Մի խոսքով՝ Bella Ciao-ի, Չելենտանոյի, պիցցայի ու մաֆիայի հայրենիքում էլ ավելի կապվեցի իմ բաց երկնքի տակ հարատև ապրող թանգարանին՝ Հայաստանիս: Ու երբ Լեհաստանում օդանավակայանում սպասում էի դեպի Երևան չվերթիս, «Հա քեռ ջան, հեսա մի քսան րոպեից կթռնենք», «Նարեկ, էդտեղով մի վազիր, կընկնես» ու նմանատիպ ջերմ արտահայտություններն ինձ հասկացնել տվեցին, որ ինքնաթիռում մենք մերոնցով ենք՝ հայերով: Կողքիս էլ մի հայ տիկին էր նստած: Խոսեց, պատմեց աղջկանից, թոռներից, տղաներից (թե՞ տղա չուներ), դե ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես էլ լավ հոգնած էի, ու քունս տանում էր․․․

Վայրէջքից մոտ կես ժամ առաջ ականջներումս հնչող «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին»-ը թվաց ավելի, քան իրական․․․Որովհետև նույն Հախվերդյանի «Գիշերվա աստղազարդ հեքիաթում»-ը արդեն չորս ժամ հետս էր՝ սրտում, մտքում, հոգում: Ու հետո հասանք․․. Անձնագրի ստուգում, ուղեբեռի ստացում: Ու․․․ Բարև, ինձ չորս ամիս առաջ քո գրկից բաց թողած ու չորս ամիս հետո գրկաբաց ընդունող օդանավակայան: Բարև նորից, էլի մի անգամ, մի որոշ ժամանակ անց, բայց էլի նույնը: Ես վերադարձել եմ՝ չփոխված՝ ոնց խոստացել էի: Ու իմ ոսկեղենիկ լեզուն անգամ երևի համապատասխան բառեր չունենա, որ վերցնեմ ու կառուցեմ խոսքս այն մասին, թե ինչ զգացի պապային օդանավակայանում գրկելիս: Տանն էի, տանը, տանը․․․

Ու հիմա, չորս ամիս չդիտած հեռուստացույցի դիմաց նստած՝  քեզ գրելիս զգում եմ, որ կան ուրիշ, անբացատրելի սիրուն ու տարբերվող կարոտներ, որոնք նվաճվում են նվաճված երազանքները ճաշակելիս: Ու կան կարոտներ դեպի այն ուղիները, որոնցով անցել ենք ժամանակին այդ երազանքները իրագործելու համար: Կան հետադարձ հայացքներ, որոնք մեղմ ու խենթ ժպիտով են համեմված՝ փորձով ու անցած ճանապարհով ձեռք բերված լուռ ու շատ բան ասող ժպիտով: Ու կան օրեր, որոնք հիշելիս թեթև ժպտում ենք ու քմծիծաղ տալիս, որովհետև գիտակցում ենք դրանց միջի անկեղծ ու ազնիվ տենչը դեպի այսօրվա ներկան: Ու հետո մի պահ մտածում ենք, թե ինչի տենչ կա մեր այսօրվա ներկայում: Ու այն պահին, երբ զգում ենք, որ տենչը ներկան ամուր ու պինդ պահելն ու ըստ արժանվույն վայելելն է, կարող ենք եզրակացնել, որ հասունացել ենք, հասունացել ենք՝ հասնելով նրան, ինչին հասնելու համար երկար ու ձիգ ուղիներ ենք կտրել-անցել:

 

Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Տիպիկ ուսանողի կյանքով ապրելուն արդեն սովորել եմ Ադրիատիկի դպրոցում․․․Դեռ ընթացքի մեջ եմ, դեռ շատ ու շատ նրբություններ կան յուրացնելու, բայց կարող եմ ասել՝ ապրում եմ իմ երազած ուսանողական կյանքով։ Նկատած կլինեք՝ հաճախ եմ ժամանակի մեջ սավառնում, որովհետև երկար ժամանակ է պահանջվել հասնելու այն ամենին, ինչն ունեմ հիմա ու այս պահին, ու եթե անցած ժամանակս աչքիս առաջ անընդհատ չունենամ, չեմ կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեռք բերածս։

Դասերը, եռուզեռը, խմբակները, ժողովները, համերգներն ու միջոցառումները, որոնք արդեն իմ առօրյայի անբաժանելի մասն են, ավելի ու ավելի հաճելի են դառնում մշակութային այցերի շնորհիվ։ Ես ուզում եմ անպայման ասել, որ էստեղ եղած էս ամիսների ընթացքում ինձ անբացատրելի երջանիկ եմ զգում՝ հենց Իտալիայում սովորելու համար։ Այն մշակույթն ու պատմությունը, որ էստեղ կա, արժե տեսնել, ճանաչել ու սիրել։ Այս շաբաթ այցելել էինք Պադովա։

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Պադովան Իտալիայի հնագույն քաղաքներից է, իսկ համալսարանը երկրորդն է հնությամբ՝ Բոլոնիայի համալսարանից հետո։ Ուսանողական քաղաք է, մեծաթիվ ուսանողներ կան։ Ամենաշատը այն եմ սիրել, որ քաղաքը կյանքով լի էր, եռուզեռ կար, անցուդարձ։ Չէ, աղմուկ ու աղաղակ չէր․․․ Էդպես չէի սիրի․․․ Ես սիրում եմ, երբ քաղաքը խաղաղ է, հանգիստ, բայց մարդիկ կան, քայլում են, վազում են, շտապում են, զանգում են ճանապարհին, մեքենա են վարում, ականջակալներով երաժշտություն են լսում, ավտոբուսի կանգառում կանգնած են, կամ գնումների ծանր պայուսակներով ճեմում են։ Պադովայում շուկա կար․․․ Կապանում էլ․․․Գիտե՞ք՝ շուկան ուրիշ մաքրություն ու անկեղծություն ունի, այն բաց է բոլորի առաջ, դռներ ու ցուցափեղկեր չկան, վերելակներ կամ աստիճաններ՝ նույնպես․․․ Ու էստեղ էլ, Հայաստանի նման, շուկայում, խորամանկ լինելու դեպքում, սակարկել կստացվի․․․ Ես, ավաղ, երբեք ինքս ինձ էդ տաղանդը մեջս բացահայտելու հնարավորություն չեմ տվել․․․ Շուկայի հարևանությամբ կրակ էին վառել, ինչ-որ մրգեր էին կրակի վրա պատրաստում ու վաճառում․․․ Քոլեջի իտալացիների ասելով՝ դա ձմեռվա սկիզբն է ազդարարում․․․ Ջերմություն զգացի, ես ջերմանում եմ ձմեռվանից (ցուրտը խոչընդոտ չի): Եկեղեցիների մասին չեմ խոսում․ նայելուց կշտանալ հնարավոր չէ։ Համալսարանում էլ եղանք։ Կառույցը հին էր, պատմության ու դարերի շունչն էր զգացվում, հին ու արժեքավոր, թանկ ու մնայուն․․․

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ու գիտե՞ք, ավտոբուսով վերադառնալիս միշտ նայում եմ մայրամուտին․․․Մայրամուտներն իմ տեսած ամենաշքեղ գեղեցկությունն են էստեղ․․․ Մայրամուտին նայելիս կարող ենք հիշել ամեն ինչ, այդ թվում՝ ամենամոռացվածը, ամենահինը, ամենաանցածը․․․ Երկար ճանապարհ գնալիս իմ ամենաշատ հիշածը Թասի ոլորաններն են, Վայքի բենզալցակայանն ու այն մե՜ծ, կարմիր հինգ տառերը, որոնք իրար միացնելիս իմ քաղաքի անունը կտեսնենք` Կապան․․․ Իմ ամենաերկար ճանապարհների վերջին կետը միշտ էդ հինգ տառերն են եղել, երբ սիրտս կարծես համաչափորեն ու հանգիստ իր տեղն է ընկել, սկսել եմ շնչել ավելի ազատ ու ժպտալ ավելի լայն․․․ Բայց էստեղ էլ հինգ տառ կա, որոնք տեսնելիս էլի հարազատություն ու ջերմություն եմ զգում, էստեղի վերջին կետս, էստեղի տունս ու էստեղի «ջերմատեղիս»՝ իմ Դուինոն․․․ Ու ամեն գիշեր քնելիս, ամեն առավոտ արթնանալիս ու ամեն-ամեն անգամ, ես շնորհակալ ու երջանիկ եմ: Երկու վերջակետ ունեցող նախադասության ու, Վարդգես Պետրոսյանի ասած՝ բազմաթիվ անհայտներով հավասարման նման երջանիկ․․․

Պատմություններ Ադրիատիկի ափերից (մաս 2)

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Առհասարակ, մենք՝ մարդիկս, ի՞նչ ենք հասկանում տնից, հողից, բակից, այգուց, քաղաքից, մարզից, վերջապես, երկրից, մինչև չենք լքում: Ոչինչ չենք հասկանում, բարեկամս: Ասում ենք՝ սիրում ենք, գնահատում ենք, հպարտ ենք, բայց մինչև չենք լքում, չենք զգում՝ ինչքան տաք էինք, ինչքան ջերմ էինք, ինչքան ազատ էինք, ինչքան «մենք» էինք մեր տանը, մեր հողում, մեր տեղում, մեր ու միայն մեր անկյունում: Մենք գիտեինք, որ դա մերն է ու ի սկզբանե համարում էինք, որ դա հենց մերն էլ պիտի լիներ: Այն օրվանից, երբ դուրս ենք գալիս, ավելի ենք զգում էդ տեղերի՝ մերը լինելը, որովհետև կարոտ ենք զգում էդ տեղերից, կարոտվում ենք ավելի, քան կարոտում:

Բայց եթե միշտ մնանք էնտեղ, որտեղ տաք է, որտեղ ջերմ է, խաղաղ է ու հարմար, ո՞նց պիտի սովորենք արժևորել էդ ջերմությունն ու ներքին խաղաղությունը: Պիտի դուրս գանք, մարտահրավեր նետենք ինքներս մեզ ու փորձությունների առաջ կանգնեցնենք՝ դիտմամբ, գիտակցաբար, հասկանալով ու պատրաստակամություն ցուցաբերելով՝ էդ փորձությունները հաղթահարելու:

Ու եթե կարողանանք համարձակություն գտնել ինքներս մեր մեջ ու լքենք մեր հարմարավետության գոտին, էլ ավելի կարժևորենք այն, ինչը, հա, ժամանակին այնուամենայնիվ, արժևորել ենք, բայց ոչ այնչափ, որչափ իսկապես հարկավոր էր:

Ես դուրս եմ եկել իմ հարմարավետության գոտուց՝ տասը տարուց ավելի դրա համար պայքարելուց ու ինքս ինձ լիարժեք պատրաստ համարելուց հետո։ Ու հիմա ես զգում եմ, որ սա իմ կյանքի ամենաճիշտ ու վճռական որոշումներից էր։ Ես հեռու եմ իմ ամենասիրելի ու հարազատ մարդկանցից, իմ փողոցներից, որոնցով անգիր ու փակ աչքերով քայլում, վազում էի, իմ ամենամանկական գրադարանի շենքից, իմ լեզվից, բարբառից: Ես ֆիզիկապես հեռու եմ: Իսկ հոգեպե՞ս: Ես ավելի հայ եմ, քան երբևէ կլինեի, ես ավելի կապանցի եմ, քան երբևէ կլինեի, ես ավելի ու ավելի եմ հիանում իմ լեզվով՝ մեր լեզվով, մեր հայոց լեզվով, ու էն մյուս լեզվով, որ ես ավելի լավ գիտեմ բոլորից՝ բարբառովս:

Էս ամենը եղել են ու կան ինձ ձևավորող ու ինձ բնութագրողները: Բայց էս ամենից դուրս՝ ես կարողացել եմ հաստատվել, գտնել ինքս ինձ ու ներքին ներդաշնակություն փնտրել: Ես հասցրել եմ սիրել Իտալիան, հիանալ ոչ ցուրտ, բայց գունավոր աշունով, ծովի մեղեդին դարձնել անբաժան մասս ու երբեմն ականջակալներս հանած քայլել այ այդ կենդանի երաժշտությունը վայելելու համար միայն: Ես հասցրել եմ հարմարվել դպրոցական խիտ ու բարդ գրաֆիկին, հասցրել եմ համոզվել, որ պապան ինձ իզուր չէր տնտեսագիտության մեջ պատկերացնում դեռ էն ժամանակ, երբ ես քնում-արթնանում էի լրագրող դառնալու մտքով, հասցրել եմ շնորհակալ լինել ինքս ինձ, որ ժամանակին չհանձնվեցի երաժշտական դպրոցի բարդ ու ժամանակատար դասերից ու ի վերջո, սովորեցի դաշնամուր նվագել, որովհետև էստեղ իմ ամենամոտիկը երաժշտության սենյակի փայտե պատի հարևանությամբ տեղադրված սև դաշնամուրն է: Ես հասցրել եմ սիրել էս սիրուն ու ճոխ լեզուն, յուրացնել քերականության մի շարք հատվածներ (ամեն բառը գրելիս հայերենիս հետ նմանություն փնտրելով, որովհետև սիրտս հայերեն է խոսում, երգում, գրում, շնչում): Ես հասցրել եմ հարմարվել ասֆալտին, ոչ խորդուբորդ ճանապարհներին ու անբացատրելի հարմարավետ քաղաքային տրանսպորտին: Ես հասցրել եմ շաբաթական երկու անգամ լողի գնալուն ու չմրսել-չհիվանդանալուն հարմարվել: Առավոտյան տնից դուրս գալուն ու երկու րոպե անց քոլեջ հասնելուն եմ հարմարվել: Ես հասցրել եմ փռշտալուց հետո վազել-թեյ դնելուն ու արագ խմելուն հարմարվել, որովհետև որ հիվանդանամ, պիտի ինքս իմ մասին հոգ տանեմ, իսկ ես, գիտե՞ք, ժամանակ չունեմ: Ես հասցրել եմ ինձ UWC Ադրիատիկի ամենաբաղկացուցիչ մասերից մեկը զգալ: Հացրել եմ սիրել մեր ժողովները, հանդիպումները, քննարկումները, ավանդույթները: Հասցրել եմ, հասցնում եմ ու միշտ եմ հասցնելու Հայաստանիս ներկայացուցիչը դառնալ իմ քոլեջում: Հասցրել եմ սիրել իմ սենյակը, իմ անկողինը, իմ գրասեղանն ու ինձ՝ այս ամենի մեջ:

Ես կարոտել էլ եմ հասցնում: Ու դա էնքան բնական է: Այ, եթե չլիներ, անբնական ու անհասկանալի կլիներ: Պիտի կարոտես, որ զգաս՝ կարևոր մարդկանցից ու կարևոր տեղերից հեռու ես: Պիտի հեռու լինես, որ զգաս՝ ինչքան կարևոր են հենց այդ նույն կարևորները: Պիտի հեռու լինես, որ զգան, ինչքան կարևոր ես դու, որ զգան՝ մոտիկ չես ու կարոտեն մոտիկ լինելդ՝ այդպիսով ավելի արժևորելով ներկայությունդ: Բացակայությունդ չի, որ պիտի լինելդ շոշափելի դարձնի, բայց հավատա՝ կընդգծի, կշեշտի, կկարոտեցնի: Հեռախոսի էկրանը միշտ պատնեշ կլինի քո ու քո մտերիմների միջև, նրանց բնական ձայնը՝ այն մեկը, որը լսվում էր ոչ թե հեռախոսի միջից, այլ անմիջապես ականջիդ, ժամանակավորապես կմնա միայն հին օրերիդ մեջ: Հեռախոսը էլ առօրյա հասարակ շփման միջոց չի լինի, որը կարող էիր պատահաբար երթուղայինի մեջ մոռանալ ու չնկատել: Հիմա այն միշտ է կողքիդ, որ մաման զանգի՝ լսես, որ մի քաղաքից մյուսը ճամփորդելիս տեղ հասնես ու մամային գրես: Ու որ ամեն օր հասցնես զանգել տատիկին, ու որ ինքը խոսի արագ-արագ, որովհետև գիտի՝ ուրիշ երկրից ես խոսում, ու խոսի բարձր՝ քաջ գիտակցելով, որ մեկ է՝ հեռախոսը հեռախոս է․ Հայաստանում էլ, Իտալիայում էլ: Խոսի բարձր, որ դու անպայման լսես ամեն բառը, երբեք չմոռանա հիշեցնել քեզ նախաճաշել անպայման, քնելիս տաք ծածկվել, դուրս գալիս էլ վերարկուն չմոռանալ: Իսկ ես չեմ մոռանում: Ես գիտեմ, որ կուրախանային՝ տեսնելով, որ տաք եմ հագնվում, որ լավ եմ սնվում, որ հասցնում եմ քնել, որ ուրախ եմ, որ ժպտում եմ: Ես գիտեմ, որ կարողացել եմ իմ ամենամտերիմ ու ամենաթանկ հոգիների խորքերում հպարտություն ու սեր սերմանել: Ես դա լավ գիտեմ: Ու եթե հիմա էստեղ չլինեի, չվայելեի կյանքի տված էս աներևակայելի մեծ հնարավորությունը, անցնելիս չլինեի էս ճանապարհը՝ դեպի նոր կյանք, գուցե էդպես էլ անհրաժեշտ չափով չգնահատեի հին կյանքս: Ո՞րն է էդ անհրաժեշտ չափը: Անչափն է, անսահմանն ու անծայրածիրը: Ես սիրում եմ նրանց, որոնց կարոտում ու որոնց կողմից «կարոտվում եմ»: Միշտ եմ սիրել, բայց հիմա ավելի ակնառու, ավելի պինդ ու ավելի-ավելի: Ու երբեք չեմ մոռանում վերարկուս՝ ցուրտ լինի, թե շոգ: Հանգիստ եղեք, թանկե՜րս:

Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև․․․Ես գիտեմ, որ երկու ամսվա բացակայությունս գուցե ինչ-որ տեղ զգացել ես, բայց մտածում եմ՝ ինձ չես մոռացել ու սիրով կլսես նոր պատմություններս․․․Ո՞ւր էի երկու ամիս: Եթե հիշում ես՝ վերջին անգամ ասացի, որ մեկնում եմ Իտալիա՝ աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում սովորելու: Դե ինչ, հիմա ես էստեղ եմ՝ Ադրիատիկ ծովի ափին, կատարված երազանքների ու իրագործված նպատակների հատման կետում։ Օրերն էստեղ անբացատրելի հագեցած են անցնում։ Այնչափ հագեցած, որ քեզ պատմելիքներս թղթից չէի հասցնում համակարգիչ անցկացնել, գրածներս էդպես էլ մնում էին թղթին՝ ծովի ալիքների յուրահատուկ հոտի ու ծնկները որպես հենարան ծառայեցրած աղջկա խնամքով գրված տետրի մեջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եթե փորձեմ հետ գնալ ու ամենասկզբից պատմել, պիտի ասեմ, որ ի սկզբանե շատ եմ սիրել այս տեղը։ Ուրիշ մտերմություն ու հարազատություն եմ զգացել հենց սկզբից։ Գիտե՞ս, հայրենիքից դուրս ես սկսում հայրենիքդ առավելագույնս գնահատել։ Իսկ էստեղի բնությունը շա՜տ նման է մեր Հայաստանի բնությանը՝ ծառաշատ, լեռնոտ: Մենակ թե՝ մենք ծով չունենք: Իսկ էստեղ իմ պատուհանը բացելիս Ադրիատիկն է՝ իր ամբողջ ներդաշնակությամբ ու խաղաղությամբ: Ձայնը․․․Ամեն առավոտ ծովի համաչափ նվագվող մեղեդուց եմ արթնանում: Իմ կյանքի ամենագեղեցիկ տեսարանը իմ աչքի առաջ է ամեն օր՝ առավոտ ու երեկո: Ինձնից միայն պատուհանս բացելն է մնում: Երգի մեջ ո՞նց էր ասում Հախվերդյանը՝ պատուհանդ բաց արա ու տե՜ս․․․ Բացում եմ, տեսնում եմ, երջանիկ եմ ու շնորհակալ:

Դասերի մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իսկապես անկրկնելի ու հազվադեպ տրվող մեծ հնարավորություն է, ու խելամիտ մարդը պիտի կարողանա սա լավագույնս օգտագործել ու քաղել էնքան գիտելիք, ինչքան ի վիճակի է: Առարկաներիցս ամենաշատը սիրում եմ էկոնոմիկան ու փիլիսոփայությունը: Իսկ ինչ վերաբերում է իտալերենին՝ արդեն կամաց-կամաց խոսում եմ: Ինչ խոսք՝ երգեցիկ լեզու է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Մարդկանց մասին ասեմ, որ մշակութային մեծ բազմազանության մեջ եմ ապրում: Աշխարհի շուրջ հարյուր երկրներից ուսանողներ կան՝ տարբեր արժեհամակարգերի ու մտածելակերպի կրողներ: Ու էստեղ ես ավելի ու ավելի եմ կապվում իմ մշակույթի ու այն արժեքների հետ, որոնցով մեծացել ու դաստիարակվել եմ․ հայկականի ու Հայաստանի հետ։ Ես էստեղ ինձ Հայաստանից պոկված ամենաամուր կտորն եմ զգում՝ իմ մշակույթի հպարտ կրողն ու ներկայացնողը։

Իտալիայի մասին․․․Ուրիշ երկիր է: Փողոցներում ճեմելու ու գույների մեջ խելագարվելու երկիր: Վենետիկում պիտի կորես, պիտի ջրանցքների արանքից նայես մայրամուտին ու ժպտաս․: Ժպտաս Իսահակյանական առեղծվածային ժպիտով: Ռիալտոյի կամրջին էլ եղա: Ասմունքում էի․․․Հետո ի՞նչ, որ միակ հասկացողն էի, կարևորը՝ հայերեն էր, հայկական ու Իսահակյանական: Վենետիկը դրախտ է․․․Քայլելու, աջ ու ձախ նայելու ու հիանալու քաղաք: Սայթաքելիս էլ՝ ջրի մեջ ընկնելու ու նավով ջրանցքի մյուս ափ հասնելու քաղաք:

Իսահակյանի ուղով քայլելով հաջորդ կանգառս Ռավեննան էր: Միշտ վեր նայելու քաղաք: Կրոնական արվեստի ամենաշքեղ պահոցներից ու ամենաանաղմուկ փողոցների «տնօրինողներից» է: Քայլես, մարդիկ հեծանիվներով գան, կողքովդ անցնեն, թեթև ժպտաս ու հոգուդ խորքում մի անգամ էլ շնորհակալ լինես Աստծուն՝ ունեցածիդ ու էդ պահին վայելածիդ համար:

Տարբեր բաներից պատմեցի, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Դեռ շատ եմ պատմելու: Կհանդիպենք շուտով: Ciao :)

Շատրվանների ջուրը

Ընդամենը մի քանի օր, ու ես կլքեմ այն հեքիաթը, որն ինձ իր գրկում էր պահում արդեն տասնվեց տարի: Անհավատալի ու իրականին մոտ չթվացող բան է ինձ համար: Պիտի պոկվեմ… Պոկվեմ իմ Կապան քաղաքից, տնից, տասնվեց տարվա պատմությունից, բայց ոչ երբեք՝ տասնվեց տարում ձևավորված ինձնից: Գնում եմ սովորելու:

Երևի անբացատրելին էլ տարբերվող է նրանով, որ այն բացատրելու համար ասում ենք միայն, թե անբացատրելի է ու անցնում առաջ։ Այն, ինչ զգում եմ, իրոք անբացատրելի է։ Խառնիխուռն հույզերի ու զգացումների տեղատարափ կա մոտս, մե՜ծ ուրախություն ու մի քիչ թախիծ, սեփական ուժերին վստահելուց առաջացած համարձակություն ու թեթև երկյուղ, լայն ժպիտ ու երբեմն ինքնահոս արցունքներ, վաստակած հպարտություն ու անսահման անկեղծ ու ազնիվ սեր դեպի այն ուղին, որով պիտի քայլեմ։

Հիմա ամեն ինչ մոտ ինը-տասը անգամ ավելի արժանի է թվում կարոտվելու, քան առաջ։ Եթե առաջ պատահմամբ էր ստացվում, ապա հիմա երևի դիտմամբ եմ թողնում, որ շատրվանների ջուրը դեմքս շոյի ու անցնի՝ դաջվելով դեմքիս որպես Կապանի ջուր, համ ու հիշատակ: Ու ամեն անգամ Ադրիատիկի ջուրը մաշկիս վրա զգալիս պիտի մի կարճ պահ Կապանի շատրվանների ջուրը հիշեմ, որ դեմքս կարծես օրհնել էր դեպի ապագայի նոր ծովեր ու օվկիաններ:

Հիմա բարբառը էլ ավելի հարազատ է, ընկերները՝ էլ ավելի մտերիմ, եղանակը՝ էլ ավելի թովիչ ու հանդարտ: Քաղաքով քայլելն էլ հիմա հիշեցնում է, որ հետո կարոտելու եմ: Երբեք չեմ լուսանկարել շատրվանները: Սիրել եմ նայել, սիրել եմ մեղմիկ ժպտալ ու վայելել, բայց երբևէ չեմ լուսանկարել: Այս անգամ արեցի, որովհետև ամիսներ շարունակ չեմ կարողանալու։

Վերջերս պատերն ավելի հարազատ են, մարդիկ՝ մի տեսակ ջերմ, ավտոբուսները՝ ավելի դեղին, գրադարանները ավելի անուշ են բուրում նոր «եփված» գրքերից: Միայն թե աստղերը չկան արդեն քանի օր: Կարոտել եմ: Սիրում եմ աստղեր ու լուսին: Շատ եմ սիրում: Նայում եմ… Նայում եմ երկա՜ր ու անկեղծ… Ինչ-որ վերերկրային գեղեցկություն ու անմեկնելի խորհրդավորություն ունեն իրենց մեջ պահած:

Այս ամենը սիրուն է, մեղմ, եթե գույնով ասելու լինեմ՝ բաց մանուշակագույն… Խաղաղ ու նրբին… Իսկ ես շուտով գնում եմ… Նոր աշխարհները սպասում են ինձ, իսկ ես արդեն քանի տարի է՝ նրանց… Մենք գնում ենք՝ գտնելու իրար, իսկ իմ Կապանի շունչը տանում եմ բաց դարչնագույն իմ մազերի մեջ, որոնց ծայրերը թեթև թրջվել են դեմքս պարուրող՝ շատրվանների ջրից:

Կարոտելու եմ ամեն մի քարը ու մի երանգը, բայց և օրեր անց պիտի իմ հոգին կիսվի ու ցրվի էստեղ ու էնտեղ՝ Ադրիատիկի թաց ափերին: Ցրելու եմ հոգիս մինչև վերջին կաթիլը, որ վերածնված գամ հաջորդ անգամ, գամ ու պատմեմ ծովային ջրի անմոռաց համից, իսկ դու ինձ փորձես նորից թրջել շատրվանների քո այն նույն ջրով… Լուռ ժպտալու եմ  մի քանի վայրկյան, մի քանի րոպե, իսկ հետո պոռթկամ, բարձր ծիծաղեմ: Ու եթե հանկարծ մոռացած լինես ինձ մի ժամանակ, ծիծաղս հաստատ քեզ կհիշեցնի ով լինելս:

anahit badalyan (kapan)

Ոգեշնչման աղբյուրը՝ ուսուցիչ

Ուսուցչի մասնագիտությանը միշտ մի տեսակ եմ վերաբերել։ Այդպես էլ դժվարացել եմ հասկանալ՝ իրո՞ք այն այդքան բարդ է ձեռք բերելը, իրո՞ք այդքան գնահատելի է ու այդքան գովասանքի արժանի, որքան ասվում է միշտ։ Մանկուց մեր մեջ սերմանում են այն, թե ուսուցիչը վեհ ու բարձր արարած է, անկրկնելի ու մեծատառով մարդ, հարգանքի ու սիրո արժանի էակ։ Դեռ այն ժամանակվանից, երբ դպրոց ենք գնում, արդեն մեր մտքում ունենում ենք՝ ուսուցիչները ամենից խելացին են, ամենից հոգատարն ու ամենից ամենան։

Չէի ասի, թե այս նախատրամադրվածությամբ ապրելը ճիշտ է։ Նույնիսկ կխիզախեմ ասել՝ սխալ է։ «Ուսուցիչը» կոնկրետ սահմանում ունեցող տերմին չէ, ու ոչ էլ համընդհանուր հասկացություն, ուսուցիչը անհատ է, անհատականություն, և յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է սահմանում իրեն՝ որպես առանձին ու անկախ հասկացություն։

Ցավով պիտի ասեմ, որ վերջին շրջանում (որքանով ես եմ հասցրել նկատել) ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները ոչ այդքան բարի են, ջերմ, օրինակելի և սիրառատ։ Չգիտեմ՝ մեղքը ումն է։ Ասում են՝ նոր սերունդը հարգանք չի ճանաչում, մի կողմից էլ՝ հիմիկվա ուսուցիչները․․․

Այնուամենայնիվ, թաքուն հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ սովորելու տարիներին (երևում է, չէ՞, որ այս տարվանից ուսանող եմ դառնալու) ես հազվադեպ եմ հիասթափություն զգացել «ուսուցիչ» ամենակարող ու ամենաուժեղ տերմինից։ Չեմ թաքցնի, զգալու դեպքում շատ ուժեղ եմ զգացել, բայց հավատացեք, որ տասը տարվա դպրոցական կյանքս առանց այդ հիասթափությունների գուցե թերի թվար: Տխուր է, երբ միայն վատն ենք հիշում, այ, դրա համար էլ ուզում եմ այսօր կիսվել լավով, այն ամենալավով, որ հնարավոր էր ձեռք բերել տասը տարիների  ընթացքում:

Ամենալավերի մասին խոսելիս իմ դեպքում թույլատրելի է նաև ստորակետի օգտագործումը, որովհետև իմ ամենալավերը մի քանիսն են, ու ես այնքա՜ն երջանիկ եմ դրա համար: Այսօր կպատմեմ իմ ամենալավերից մեկի մասին, և հույս ունեմ, որ կոգևորեմ ձեզ գոնե այն կեսի չափով, որով նա է ինձ ոգևորել:

-Միսս Թագուհի, դե ինձ լավ բաներ ասեք․․․

-Եթե կյանքը քեզ էսպես փորձություններ է տալիս, փորձիր դրանք պատվով հաղթահարել, ու թող քո ճանապարհին հանդիպած ամեն դժվարությունից կարողանաս պատվով դուրս գալ։

Այս շատ կարճ խոսակցությունը տեղի ունեցավ անցած ամռանը, երբ մենք ավարտում էինք TOEFL-ի վերապատրաստման մեր դասընթացը, ու ինձ թվում էր, որ դա կլիներ իմ ու միսս Թագուհու վերջին հանդիպումը, իսկ ես ուզում էի նրանից վերջին լավ խորհուրդը «կորզել»։

Երկու ամիս անց․․․

-Միսս Թագուհի, եկել եմ․․․

Հիմնական դպրոցս ավարտելուց հետո ես տեղափոխվեցի միջնակարգ դպրոց՝ հեռու քաղաքից, դժվար ու խորդուբորդ ճանապարհով, բայց ջերմ ու նույնիսկ շա՜տ ջերմ: Ու շատ ավելի ջերմ, որովհետև այնտեղ դասավանդում էր հենց միսս Թագուհին:

Քիչ երեխաներ, անսովոր միջավայր, բայց մեկ է՝ անբացատրելի երջանիկ Անահիտ, որովհետև կյանքում ոչ մի անգամ ու ոչ մի ժամանակ ես այդքան սրտատրոփ չեմ սպասել անգլերենի դասերիս, ինչքան սպասում էի այս վերջին տարում: Ես երջանիկ էի այն քառասունհինգ րոպեների համար, որոնց ընթացքում ուժեղանում էի: Այո, իմ անգլերենի դասերը եղել են «մարդաուժեղացման» արագ կուրսեր, որոնք ավելի քան արդյունավետ ու օգտակար գտնվեցին։

Մենք սկսեցինք աշխատել միասին։ Ասում են՝ ես միշտ աշխատասեր եմ եղել, այդ տեսանկյունից մեծ հաշվով նույնն եմ, բայց աշխատելուս ոճն ու ձևը փոխվեցին։

Ես աշխատում էի ամենանվիրական եռանդով՝ շաբաթական երկու քառասունհինգ րոպեի՝ երկու անգլերենի դասաժամի համար։

Ու գիտե՞ք՝ ինչն էր ինձ ավելի շատ ոգևորում: Ես զգում էի, որ միսս Թագուհին էլ է էդպիսին: Հա, արդեն կայացած, հասուն մարդ, բայց նա ինձ հետ հավասար աշխատում էր։ Շնորհիվ միսս Թագուհու ես հասկացա, որ իդեալական ուսուցիչը բնավ էլ նա չէ, ով ամեն ինչ գիտի, այլ նա, ով չիմացած բանը հենց աշակերտի ներկայությամբ կճշտի։ Ու քանի-քանի անգամ ենք դասերի ընթացքում միասին տարբեր բառերի արտասանություն, գործածություն սովորել: Միասին ենք սովորել, ու ես այնքան  հպարտ եմ դրանով:

Միսս Թագուհու շնորհիվ ես սկսեցի ինքս իմ մեջ գնահատել այնպիսի բաներ, որոնք առաջ չէի էլ նկատում, կամ էլ նույնիսկ թերություն էի համարում: Հիշում եմ, երբ առաջին դասը սկսեցի ձեռքերով պատմել։ Մինչ այդ միշտ ասում էին՝ ձեռքերդ հանգիստ թող, ու ես դասը պատմելու ընթացքում ստիպված էի կառավարել անընդհատ շարժվել ցանկացող ձեռքերս։ Իսկ Միսս Թագուհին ասաց․

-Ան, բայց պատմելուդ մեջ ամենաշատը էն դուրս եկավ, որ ձեռքերդ ես օգտագործում: Դա փաստում է, որ նյութը  բնազդաբար անգիր չես անում, այլ հասկանալով պատում ես ու բացատրում էնպես, ինչպես ինչ-որ մեկին ինչ-որ պատմություն կպատմեիր։ Անկեղծ մարդիկ են ձեռքերով խոսում։

Ու այդ օրվանից ես սիրում եմ իմ՝ խոսելու ընթացքում լեզվիցս առաջ ընկնող ձեռքերը:

Ես հպարտ եմ իմ վատ ձեռագրով, որովհետև միսս Թագուհին ասում է, որ վատ է նրանց ձեռագիրը, որոնց միտքը գրչից առաջ է ընկնում։ Իրենն էլ է էդպես։

-Ամեն պարագայում դու ճարտար լեզու ունես, համոզիչ ու գեղեցիկ խոսք, դու շատ սիրուն ես գրում, Ան,- մի առիթով ասաց միսս Թագուհին, ու ես այդ ժամանակվանից սկսեցի ավելի հաճույքով ու սիրով գրել։

-Էլի ֆիզիկա՞, նորից ֆիզիկա՞, միսս Թագուհի, ինչո՞ւ․․․

Մենք անգլերենով սովորում էինք ֆիզիկայի, կենսաբանության, աստղագիտության, փիլիսոփայության, պատմության, պարի, գրականության ու էդպես լիքը  «ություններին» առնչվող դասեր։ Ու մի անգամ միսս Թագուհին ասաց, որ ինձ հետ է ֆիզիկա սովորել։

Դուք՝ ֆիզիկա, իսկ ես՝ այնքան արժեքներ եմ սովորել ձեզնից։ Մենք միասին փորձեցինք դարձնել ինձ less emotional, չգիտեմ՝ ստացվում է, չի ստացվում, դժվար էլ ստացվի, մի տեսակ անհնար է թվում, բայց ես սիրում եմ իմ այն էմոցիաները, որոնք իմ ու Ձեր երկար զրույցների հիմնական թեմաներն էին։ Ես սիրում եմ TOEFL-ի այն հաստ գիրքը, մեր մութ դասարանը, իմ ու Ձեր՝ երեխաների դասից բացակայելու պատճառով մենակ անցկացրած դասերը, շորերիցս կպած վառարանի հոտը ու Ձեր՝ Ան, հեսա մատյանը լրացնեմ, սկսենք-ը։ Ես սիրում եմ իմ՝ Ձեզ երբեմն սեղանին ուժասպառ քնած դիմավորելը ու Ձեր՝«Վեր կաց, զինվո՜ր» արթնացնող կոչը։ Ես սիրում եմ՝ «Ան, մի նոր ծրագիր կա» արտահայտությունը, որից ես զգաստանում էի, հավաքվում ու կենտրոնանում։ Սիրում եմ այն, որ ինձ ճիշտ ուղղություն տվեցիք այն ժամանակ, երբ ես կարող էի ձեռքիցս բաց թողնել կյանքիս ամենամեծ հնարավորությունը։ Անբացատրելի սիրում եմ այն, որ Դուք միշտ available էիք, պատրաստ՝ պատասխանելու իմ ցանկացած տեսակի հարցի։ Այն, որ մենք միասին էինք հագուստ ընտրում իմ քննությունների համար։ Ու այն, որ Դուք հպարտ էիք ինձնով․․․

Ու երբ իմ կյանքի կարևորագույն քննությունից առաջ ասացի՝ միսս Թագուհի, դե մի բան մաղթեք, գնում եմ, Դուք պատասխանեցիք․

-Ես ուզում եմ, որ դու դրսևորես քեզ էնպիսին, ինչպիսին դու իսկապես կաս։ Որ ժպտաս քո լայն ժպիտով ու լինես այ այնքան անկեղծ, որքան դասերի ընթացքում ձեռքերով խոսելիս։ Ուզում եմ՝ բավականություն ստանաս ու վայելես օրը։

Ու այդ ժամանակ ես սիրեցի իմ միջի անկեղծությունը, որից շատ անգամ հիասթափվում էի։

Հիմա, միսս Թագուհի, ես գնում եմ՝ Ձեզ թողնելով իմ անկեղծությունը, իմ լայն ժպիտն ու իմ մարդ տեսակը։ Այն մարդ տեսակը, որի ձևավորման մեջ Դուք անասելի մեծ ներդրում ունեք։

Ես սիրում եմ Ձեզ, իմ ոգեշնչման աղբյուր, իմ թանկ Ուսուցչուհի:

anahit badalyan (kapan)

Ադրիատի՜կ, սպասիր ինձ․․․

Եթե սավառնենք ժամանակի մեջ, կտեսնենք, թե ինչքան բան է փոխվել վերջին ամիսներին․․․Դե իհարկե, մարդու կյանքում էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ թեկուզ հաշված րոպեների ընթացքում, դե պատկերացրեք՝ ամիսները ինչ կանեին․․․

Ես ու դու, իմ սիրելի ընթերցող, երկար ժամանակ է՝ չենք խոսում․․․ Չէի ասի, թե չենք հանդիպում, հանդիպում ենք, ուղղակի լուռ ենք․․․ Լռությունը, հա, հազար բառերի փոխարեն է, բայց երբեմն խոսել է պետք․․․ Լռությունը չի «ժպտացնում», իսկ ժպիտը միշտ կարևոր է․․․ Այսօր խախտում եմ իմ ու քո միջի երեք ամսեկան լռությունը, որ «ժպտացնեմ» քեզ, ու ինչո՞ւ ոչ, նաև ինձ․․․

Այսօր ուզում եմ խոսել ժամանակի մասին․․․ Գիտե՞ս՝  ինչքան արագ ու ինչքան դանդաղ կարող է այն անցնել․․․ Բայց արդյունքում մենք ենք որոշում ժամանակի տեմպը, մենք՝ ժամանակի հանդեպ մեր նախատրամադրվածությամբ ու ժամանակը գեղեցիկ կերպով օգտագործելու կամ անտեղի վատնելու մեր մոտեցումներով։ Խոհափիլիսոփայական այս մտքերը, հա, շատերը կարող են արտահայտել, բայց վստահեցնում եմ՝ ես դա զգացել եմ․․․

Գիտե՞ս՝ դեկտեմբերին մի պահ ինձ թվաց, որ ժամանակը կկանգնի ու էլ երբեք չի ընթանա։ Կյանքում առաջին անգամ ես հրաժեշտ էի տալիս՝ երկար ու անորոշ ժամանակով։ Հրաժեշտ էի տալիս մի մարդու, առանց ում մի օրն անգամ դժվար էր պատկերացնելը։ Ես՝ «պապայի քթից թռածս», հրաժեշտ էի տալիս պապայիս․․․ Ու երևի հենց այդ հրաժեշտից հետո սկսեցի գնահատել՝ ինչքան եմ ուրախանում, երբ ամեն անգամ ծիծաղս, դեմքս, քիթս կամ աչքերս պապային են նմանեցնում։ Դա իմ կյանքի առաջին ամենամեծ հրաժեշտն էր։ Բայց ես փորձում էի ուժեղ լինել, որովհետև հոգուս խորքում զգում էի, որ դեռ նոր հրաժեշտներ են առջևում․․․

Իմ՝ կարիերիստիս, բռնած ուղին շատ ու շատ հրաժեշտներ է ենթադրում  կյանքում․․․ Այդ հրաժեշտը հաղթահարվեց մեկ այլ հրաժեշտի մասին երազելուց․․․ Կամ՝ երազելիս․․․ Էստեղ և՛ պատճառի պարագան, և՛ համակատար դերբայը ճիշտ են․․․ Դեռ նոյեմբերից ես մի ծրագրի էի դիմել․․․ Մի ծրագրի, որ պիտի իմ ամբողջ կյանքը փոխեր․․․ Հունվարից  սկսեցին թեժ փուլերը․․․ Հաղթահարեցի առաջինը, երկրորդը, երրորդը․․․Էսպես արագ-արագ պատմում եմ, բայց որ իմանաք՝ ամեն փուլը հաղթահարելու համար ինչքան էներգիա, աշխատանք, եռանդ ու հույզեր եմ ներդրել․․․ Լուրջ եմ ասում՝ պայքարել եմ․․․ Կարող եմ ասել, որ էդ բառի իմաստը ոտքից գլուխ հասկանում եմ, զգում եմ ու գիտեմ․․․ Ես՝ հոգու խորքում ձախողումներին հարմարվածս, հոգուս մեջ ինքս ինձ ձախողումներից ուժ տվողս, գիշերները ձախողումներիցս թաքուն արտասվողս, հոգուս մի թաքուն անկյունում պայքարելուց հուսահատվածս, բայց միշտ ու միշտ պայքարողս, այս անգամ չձախողեցի․․․ Մի բան ասե՞մ․․․ Վախենում եմ նույնիսկ ասելուց, որ հաջողել եմ․․․ Հա, ես դա արել եմ, հաղթել եմ․․․ Հաղթել եմ ինքս ինձ, էն լացկան, հուսահատ րոպեներիս․․․

Այս օգոստոսին մեկնելու եմ․․․ Գնում եմ Իտալիա՝ աշխարհի միացյալ քոլեջներից մեկում սովորելու․․․ Քոլեջս Ադրիատիկի ափին է․․․ Ու էդպես էլ կոչվում է՝ UWC Adriatic… Հիմա՝ այս պահին, մենակ դեմքիս ժպիտը տեսնես․․․ Գիտե՞ս՝  ինձ թվում է՝ ես էնքան շատ եմ ժպտացել, որ դու էլ պիտի զգացած լինեիր, ու մեր միջի լռությունը պիտի համեմվեր մի անխոս, բայց շատ ջերմ ժպիտով․․․ Փետրվարի քսանմեկն էր․․․ Սովորականի նման բացեցի մեյլս: Ասեմ, որ ես մեյլիս գերին եմ դարձել ու կյանքիս լավագույն պահերի համար ամենաշատը մեյլիս եմ պարտական․․․ Բացեցի մեյլս, ու․․․ Նամակը եկել էր․․․ Պիտի արագ բացեմ, բայց․․․ Անահիտ, եթե էլի լինի՝ unfortunately… բլա-բլա-բլա․․․ Ուժեղ ես լինում, ոչ մի կաթիլ արցունք չես թափում, մամային քո վիճակով չես անհանգստացնում, թեթև ես տանում, դու ուժեղ ես, դու սովոր ես, դու մեկ ա՝ էլի ես պայքարելու․․․ Դու պարտավոր ես պայքարել էնքան, մինչև հաղթես․․․ Որովհետև ընկեր Ոսկանյանը քեզ ասում էր՝ հաղթանակած աղջիկ, որովհետև մաման 2008 թվին քեզ դպրոց տանելիս քո էդ ժպիտի տակ էնքա՜ն մեծ հույսեր էր դրել, որովհետև պապան միշտ ասել ա՝ իմ Անահիտս ուրիշ ա, ինքը հասնելու ա իրա ուզածին, ու որովհետև քեզ աշխարհի ամենալավ մարդիկ են շրջապատում․․․ Էդ 0,1 վայրկյանում ես իրոք հասցրել եմ էսքանը մտածել ու հետո բացել եմ նամակը․․․ Գրված էր, որ ուրախ են՝ ինձ ճանաչելու համար․․․ Ու շատ ավելի ուրախ՝ հայտնելու, որ ես պիտի սովորեմ UWC Adriatic-ում․․․ Չեմ նկարագրելու՝ ինչ եմ զգացել․․․ Ախր, չեմ կարա, է․․․ Ես՝ հիստերիկս, աշխարհի ամենահավասարակշռված մարդու նման որոշում եմ ևս մի անգամ կարդալ ու համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել․․․ Ու հա, ճիշտ եմ հասկացել․․․

-Մամա, գնում եմ Իտալիա․․․

-Ո՞ւր ես գնում․․․

-Մամաաաաա․․․

-Ինձ էլ ասեք, ի՞նչ ա եղել, խի՞ եք լացում,-պապան էդ ժամանակ հեռախոսով էր մեզ հետ ու մի հինգ րոպե անց մենակ հաջողվեց ուժ հավաքել, բառեր գտնել ու էդ խեղճ մարդու անհանգստությունը փարատելու համար ասել, որ երեք հոգու խմբակային լացի պատճառը էս մի հոգու անընդմեջ պայքարն ա․․․

Պապան ինձ միշտ ասել ա․

-Բալաս, կյանքը պայքար ա․․․ Դու էնքան ուժեղ ես, որ կարող ես հաղթահարել․․․ Դու իմ աղջիկն ես․․․

Հա պապ, ճիշտ ա, կյանքը պայքար ա․․․ Քո գնալուց հետո ես սովորեցի պայքարել ժամանակի, տարածության, կարոտի, հիշողության, բացակայության դեմ․․․ Ես պայքարեցի ու ես ինձ հաղթած եմ համարում․․․ Հիմա դու գալիս ես․․․ Գալիս ես, որ ինձ ճանապարհես իմ՝ պայքարով վաստակած հաղթանակը վայելելու համար․․․ Արի՛, դու արի, որ ես գնամ․․․

Ու գուցե էսպես անընդհատ գալ-գնալների մեջ լինենք․․․ Բայց կյանքը ամուր է պահում նրանց, ովքեր պայքարում են․․․ Ու ոնց իմ սիրած գրքում ա ասվում՝ ճաատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր համարձակություն ունեն պայքարելու նրա դեմ․․․ Իսկ ես ծնվել եմ, որ պայքարեմ․․․ Ու ես հպարտ եմ դրանով․․․

Խմենք պայքարողների կենացը․․․

Ադրիատի՜կ, սպասիր ինձ․․․

Անգլերեն ասմունքի ազգային մրցույթը Կապանում

Գիտե՞ք, ես արդեն որոշել եմ՝ պիտի տնտեսագետ դառնամ։ Ավելի կոնկրետ՝ ուզում եմ շուկայագետ դառնալ։ Ու շատ մարդիկ զարմանում են իմ այս որոշման վրա։ Անկեղծ ասած՝ ես ինքս էլ պակաս զարմացած չեմ, որ ի վերջո կանգ եմ առել այս մասնագիտության վրա, բայց հոգուս խորքում հպարտ եմ, տնտեսագիտությունն ինձ համար մի ուրիշ «վեհ» երևույթ է։ Ինչևէ։ Հիմա ասեմ՝ ինչու են բոլորը զարմանում։ Դեռ առաջին դասարանից դպրոցական բոլոր հանդեսների ամենաշատ բանաստեղծությունները ես էի արտասանում, տոնական խնջույքները, դասարանի «քեֆերը» ես էի վարում, հա, համ էլ դպրոցում ամեն տարի Ձյունանուշիկը ես էի, դպրոցական պարահանդեսներն էլ էի ես վարում։ Դե հա, կասեք՝ բայց դրա մեջ ի՞նչ մի արտասովոր բան կա, բոլորս էլ դպրոցում միջոցառումներին արտասանել ենք, երգել ենք։ Հա, համաձայն եմ, բայց իմ սերն ու նվիրվածությունն այդ «խոսելու» ոլորտին այնքան շատ էր, որ ոչ ոք չէր կասկածում, որ պիտի հռետոր, լրագրող կամ էլ հաղորդավարուհի դառնամ։ Եվ անկեղծ ասած՝ այս բոլոր մասնագիտություններն իմ գլխով եկել ու անցել են, բայց դե արդյունքում ունենք այն, ինչ ունենք։

Չնայած՝ ես որոշել եմ տնտեսագետ դառնալ, հոգուս մի գողտրիկ անկյունում ես գրականության ու արվեստի մեծ սիրահար եմ։ Ու ես ամեն անգամ համոզվում եմ դրանում, երբ փշաքաղվում կամ հուզվում եմ ինչ-որ մեկի ասմունքից, երգից կամ նվագած մեղեդուց։ Ասածս ի՞նչ է։ Օրեր առաջ Կապանում անգլերենի ասմունքի ազգային մրցույթն էր․․․

Ես արդեն երրորդ անգամ եմ մասնակցում այս մրցույթին, բայց ամեն տարի մի յուրօրինակ զգացողությամբ եմ սպասում։ Բանաստեղծությունները տարեցտարի ավելի խորիմաստ են դառնում, կամ էլ չգիտեմ՝ գուցե ինձ է էդպես թվում։ Այնուամենայնիվ, այս տարի ես շատ էի սպասել այս մրցույթին, և ահա, այն վերջապես կայացավ։

Իմ սպասումներն ավելի քան արդարացված են։ Ուրախությամբ ասում եմ, որ այս տարի դահլիճն իսկապես լեփ-լեցուն էր, ակնհայտ էր՝ մեր քաղաքում մեծացել էր հետաքրքրությունն այս մրցույթի նկատմամբ։ Եվ ես շատ ուրախ եմ այս առիթով, որովհետև կարծում եմ, որ մենք գրականությանն ու ասմունքին այնքան ուշադրություն չենք հատկացնում, ինչքան հարկավոր է։ Հիմա պատմեմ մրցույթի մասին։ Մինչ այդ ասեմ, որ ես այդ օրը և՛ մասնակից էի, և՛ լրագրող, և՛ լուսանկարիչ։ Եվ դա ինձ իսկապես դուր էր գալիս։

badalyananglernՄրցույթը չէր լինի այնպիսին, ինչպիսին կար, եթե չլիներ Լիզը՝ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը, ով ժամանել է ԱՄՆ-ից և այժմ ապրում է Գորիսում։ Ես իսկապես ուրախ և հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան և առիթ ունեմ նրա հետ շփվելու։

Կազմակերպչական մի շարք աշխատանքներ իրականացնելիս՝ մրցույթում իրենց մեծ ներդրումն ունեցան Խաղաղության կորպուսի կամավորներ Էնը և Կարիսսան։

Մասնակիցներից հետո ամենածանր ու պատասխանատու գործը երևի հենց այս մարդկանց էր հանձնարարված՝ ժյուրիի անդամներին։

Դե, իսկ վերջում՝ մրցույթի հաղթողները. պատվոգրերով ու նվերներով։ Եթե ուշադիր եք, ես էլ եմ նրանց մեջ, և այս նկարը այն եզակիներից է, որ ես չկարողացա ինքս նկարել։

Դե ինչ, մենք մայիսի հինգին մեկնելու ենք Երևան՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայանալիք հանրապետական փուլին մասնակցելու։ Ես արդեն երկրորդ անգամ եմ մասնակցելու հանրապետական փուլին, և դա ինձ համար շատ տպավորիչ է ու պարտավորեցնող։ Բայց կա ևս մի մրցանակ, որն ինձ համար ամենակարևորներից է։ Ամռանը մենք մասնակցելու ենք ճամբարի, որի շրջանակներում բարելավելու ենք անգլերեն հաղորդակցության և բազմաթիվ այլ հմտություններ։ Ես առաջին և վերջին անգամ նման ճամբարի մասնակցել եմ չորս տարի առաջ, և իմ կյանքի ամենաթանկ հիշողությունները համարձակորեն վերագրում եմ այդ օրերին։ Սպասենք հանրապետական փուլին, իսկ մինչ այդ տքնաջան աշխատենք՝ լավ արդյունք ապահովելու համար։

Հ․Գ․ Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր մի փոքր անգամ մասնակցություն են ունեցել այս մրցույթի իրականացմանն ու կազմակերպմանը։

29.03.1974

Չգիտեմ՝ ինչից սկսեմ այս նյութս։ Երևի երբեք էլ չեմ իմանա, որովհետև ամեն ինչ սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ ես խոսել, լսել ու մտածել չգիտեի՝ դեռ այն ժամանակվանից, երբ ես լույս աշխարհ անգամ չէի եկել։

Այսօր ինձ համար մի շա՜տ կարևոր օր է։ Մեր տանը չորսիցս ամենաքիչը դու էիր սպասում քո ծննդյան օրվան, ամենաքիչը դու էիր պատրաստվում, բայց ամենաշատը դու էիր ուրախանում մեր սովորական շնորհավորանքներից անգամ։ Երևի երբեք մտքովս չէր անցնի հիշել նախորդ տարեդարձներդ, եթե այս մեկին էստեղ լինեիր՝ մեր կողքին։

Ես ու դու երևի ավելի շատ ենք կռվել, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Դու միշտ բարկանում էիր ինձ վրա ամենամանր ու չնչին պատճառներով, իսկ ես նեղանում էի ու սկսում լաց լինել քո ամենաթեթև զայրույթից անգամ։ Միշտ տխրում էի, երբ բարկանում էիր, իսկ հիմա՝ այսօր, կարոտել եմ։ Հա, չէի ուզի էլի բարկանաս, բայց կուզեի՝ էլի կողքիս լինեիր, տեսնեիր ու լսեիր ամեն մի մանր բանը, որ կատարվում է ինձ հետ, սփոփեիր ամենափոքր անհաջողությունիցս հետո, գրկեիր ու հոգուդ խորքում հպարտությունից գոռայիր ամենամեծ հաջողություններիցս հետո։ Կուզեի hետ բերել այն ժամանակները,  երբ ինձ հետ մինչև ուշ գիշեր զրուցում էիր ամենատարբեր թեմաներից։ Դու միակն էիր, ով համբերատար լսում էր իմ՝ ապագայի երևակայական պլանները, ու քննարկում դրանք ամենայն լրջությամբ՝ մտքում իմանալով, որ, մեկ է, ոչինչ իմ ասածով չի լինելու, ամեն ինչ ավելի լավ է դասավորվելու։ Ամեն անգամ, երբ ութերորդ դասարանում սովորելով հանդերձ, պատմում էի նախընտրած  համալսարաններիս մասին, ինձ հետ հավասար քննարկում էիր բոլոր ֆակուլտետները, բաժինները, միավորները, ամեն-ամեն ինչ․․․ Բայց հոգուդ խորքում դու ինձ ավելի բարձր տեղերում էիր տեսնում, ես դա զգում էի․․․Ես դա զգում եմ հիմա, երբ իրոք ամեն ինչ փոխվել է։ Վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությանը, ավաղ, դու հեռախոսով միայն արձագանքեցիր։ Իսկ ես ամեն ինչ կտայի, որ այդ պահին տեսնեի քեզ, տեսնեի՝ ինչքան ես ուրախացել ու ինչքան ես հպարտանում։

Ամեն ինչ կտայի, որ հետ բերեի այն օրերը, երբ զգում էի, որ դու ինձ համար ամեն ինչ ես։ Այն օրերը, երբ մինչև ուշ գիշեր ինձ հետ «Ամենախելացին» էիր նայում ու ռուսերենից հայերեն թարգմանում ամեն մի բառ, որ ես ամեն ինչ հասկանամ ու  կարողանամ հաջողության հասնել։ Իսկ ես հասա, ու ոչ ավել, ոչ պակաս, հենց քո շնորհիվ։

Կուզեի հետ բերել այն ժամանակները, երբ միշտ մենակ ինձ համար էի թեյ պատրաստում՝ մոռանալով անգամ քեզ առաջարկել։ Եվ այն ժամանակները, երբ ինձ միայն դու էիր հասկանում։ Կուզեի հետ բերել իմ կյանքի բոլոր-բոլոր օրերը, որոնցում դու եղել ես։ Դու բոլորում ես եղել, բայց ես ուզում եմ կրկնվեն այն օրերը, որոնցում ես զգում էի քո ֆիզիկական ներկայությունը։ Այն, թե հեգևորն է միայն կարևոր, էդքան էլ էդպես չի։

Կուզեի հետ բերել այն պահերը, երբ հանկարծ նայում էիր դեմքիս ու ասում՝ ինչքան ես դու ինձ նման։ Իսկ ես երևի էլի կծիծաղեի ինչպես առաջ։

Ես իրոք քեզ նման եմ, որովհետև ես իմ մեջ ամենաշատը հենց քեզ եմ կրում։ Ու արտաքինը չէ միայն, որ պիտի փաստի դա, մենք նույնն ենք ամեն ինչով, բնավորության ամենաթեթև ու ծանր գծերով։

Ու եթե անգամ ես «տարօրինակ» եմ, հպարտ եմ ու երջանիկ, որ հենց քո մի մասն եմ, քո շարունակությունն ու քո աղջիկը։

Իսկ այսօր՝ մարտի 29-ին, երբ դու հեռու ես, ու ես քեզ չեմ կարող գրկել, ուղղակի ուզում եմ ասել․ «Շնորհավոր ծնունդդ, պա՜պ»։

Ուղղությունը՝ Կապան․ Կապանը կինոյում կամ հակառակը

Լուսանկարը՝ Zangezur TV

Լուսանկարը՝ Zangezur TV

Վերջապե՜ս․․․ Ինձ թվում է՝ սա բոլոր կապանցիներիս երազանքն էր։ Կապանում կինոթատրոն է բացվել։ Գիտե՞ք՝ մեզ մոտ՝ Կապանում, շատ արվեստասեր մարդիկ կան, բայց ցավոք, արվեստի այն ճյուղը, որ կինո է կոչվում, ամբողջապես վայելել չէր լինում մինչև այս պահը, երբ ամեն ինչ պատրաստ է: Երկար աշխատանքներ տանելուց հետո` վերջապես Կապանում ևս կարող եք դիտել վերջին ֆիլմերը, զգալ փոփքորնի՝ կինո նայելու ժամանակ ստացող հատուկ էֆեկտն, ու այս ամեն ինչը՝ առանց Երևան գնալու, հենց Կապանում։ Իրականում, հոգուս խորքում միշտ նախանձում էի երևանցիներին, որ ուզած պահին տոմս են պատվիրում, վեր կենում, գնում ֆիլմ դիտելու։ Ինձ այդ ամեն ինչի համար յոթ ժամ ճանապարհ էր պետք կտրել, հետո՝ մի լավ հանգստանալ, հետո միայն գնալ ու կինո նայել, բայց դե էդքանից հետո ո՞վ կգնահատեր կինոն էնպես, ինչպես որ պետք էր․․․ Ուրախ եմ ու տպավորված։ Կինոթատրոնը հագեցած է հարուստ տեխնիկայով, մթնոլորտը ներդաշնակ է, հաճելի, ու համ էլ հետաքրքիր անվանում ունի՝ S’Unique, դե Սյունիք, էլի։ Իմ մտքով, օրինակ, դժվար անցներ մեր «եզակիությունը» կինոթատրոնի անվանման մեջ օգտագործելը։

Լուսանկարը՝ Zangezur TV

Լուսանկարը՝ Zangezur TV

Կինոթատրոնի կառուցման աշխատանքներն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ սկսվել էին, և մենք անհամբեր էինք։ Ես իրոք երջանիկ եմ իմ քաղաքի ամեն նվաճման համար։ Մենք հիասքանչ թատրոն ունենք, բայց տխուր էր, երբ այդ թատրոնում հաճախ ստիպված էինք լինում կինո դիտել։ Թատրոնի բեմը թատրոնի համար է, թատրոնը ուրիշ մոլորակ է, կինոն՝ ուրիշ աշխարհ։ Հիմա արդեն ամեն մեկն իր տեղն ունի, իսկ ես սրանից հետո, փաստորեն, ավելի հաճախ եմ փոփքորն ուտելու․․․