Դավիթ Ասլանյանի բոլոր հրապարակումները

davit aslanyan

Իմ սրտի մայրաքաղաքը

Ամենևին էլ գլխի չընկաք, թե ինչից եմ խոսելու: Նյութս ոչ Երևանն է, ոչ էլ մի ուրիշ քաղաք: Նյութս այդ քաղաքի բացակայության և այդ բացակա քաղաքում իմ սիրելի բացակաների մասին է:

Բանն այն է, որ իմ սրտի քարտեզում մի անցք կա, հենց այնպիսի մի անցք, ինչպիսին լինում են դպրոցների քարտեզների հնամաշ անցքերը` հասարակածին մոտ, հեռու, բայց կարևոր մի վայրում: Իսկ իմ սրտի քարտեզում այդ անցքը համընկնում է մայրաքաղաքի տեղակայման վայրի հետ:

Այսպիսով իմ սիրտը չունի մայրաքաղաք, իսկ այդ քաղաքը` հոգի: Ուրեմն պետք է գործել: Միգուցե սա հնարավորություն է նկարել քաղաք իմ ուզած ձևով, նոր շնչով, ամենասիրելի բացականերով և մեր քաղաքում քիչ հանդիպող, փոքր, մատչելի և մարդաշատ ջազ ակումբներով:

Նայենք ամեն անցքի, որպես հնարավորության` լցնելու այն մեր իսկ  ցանկացած ձևով:

davit aslanyan

Նպատակակետը` թեկուզ դժոխք

Քանի որ պարապում էի շտեմարաններով, քննություններից հետո գիտելիքի փոխարեն ինձ մնաց միայն անվերջ երկար ժամանակ: Եվ պարզվում է, որ այն լցնելը բավականին դժվար է առանց երկու բանի` հոգու ընկերոջ և փողի: Առանց իրական քո բնավորությունն ունեցող ընկերոջ դժվար է, իսկ նրա հետ` թեկուզ դժոխք, չէ որ ընկերների հետ ամեն տեղ էլ հետաքրքիր կլինի` Պոմպիդու թե փոքր գյուղի միակ զրուցարան:
Մենակ ես մնում, ու միակ բանը, որ շարունակ անում ես, պարզվում է, պլաններ մշակելն է, այն մասին, թե ինչ կանեք, երբ կրկին հանդիպեք: Իհարկե, երբեք էլ այդ պլաններով չեք շարժվում, բայց գոնե ինչ-որ չափով կարոտ եք առնում:

Դժվար է առանց հոգու ընկերոջ. հացը կուլ չի գնում, զբոսանքը ուրախ չի լինում, մատիտը ծուռ է գնում, և անգամ ինտերնետն է դանդաղ թվում…

Հ.Գ. Ինչքան էլ դժվար լինի, մի փոխեք ձեր հոգին ընկեր ունենալու համար: 

davit aslanyan

Նախաքննական մրցավազք, ուղեղային մորմոք

Իսկ դուք քանի ՞ անգամ եք մտածել ցեղասպանության մասին, որպես երևույթի, ոչ թե որպես մի բանի, որը պատահել է ձեր ազգի հետ: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. հաջողված ցեղասպանությունները չեն դատապարտվում: Իսկ կիսատ մնացածները, կամ , այսպես ասած, չհաջողված ցեղասպանությունների համար ցեղասպանությունն իրագործող երկիրը կամ տվյալ երկրի իրավահաջորդները ունենում են խոչընդոտներ ամբողջ գոյության ընթացքում: Ինչի ՞ է սա նման: Ահա այս մասին էի մտածում, որ նյութս շարունակեմ և հենց որոշեցի կանգ առնել, հասկացա, որ ընդունելության հետ համեմատելու շատ բան կա:

Սկսեմ հենց դրդապատճառներից: Որոշ դեպքերում ցեղասպանություններ կատարվում են հանուն մի վեհ գաղափարի. օրինակ` կայսրությունները կործանումից փրկելու համար: Այսպես ընտրվում են նաև մասնագիտություններ: Օրինակ` բժշկություն և իրավաբանություն. մարդկանց առողջ և իրավահավասար հասարակությունում տեսնելու համար և այլն: Անցնեմ մյուս պատճառներին: Ցեղասպանություններ իրագործվում են ազգայնամոլությունից դրդված, տվյալ ազգի անցյալը մյուսներից ավելի լավը համարելուց ելնելով (գոյություն ունե ՞ ն լավ անցյալներ, անցյալը ինչ-որ ուժ ունի ՞): Չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, բայց վերոհիշյալ ցեղասպանության հիմար դրդապատճառներից մեկի հիման վրա էլ ընտրվում է պատմագիտությունը որպես մասնագիտություն (ո՞ւմ մտքով է անցել մարդանց պարտադրել տեսողությունն ու ժամանակը վատնել հիմարությունների վրա), այն սովորելով աշխարհում ոչինչ չի փոխվի, քո և շրջապատիդ կյանքը չի բարելավվի:

Երկար-բարակ գրելուց էլի կանգ առա մասնագիտությունների ու կյանքի խաչմերուկում և ցանկանում եմ խոսքս ավարտել հետևյալ հարցով. «Ճիշտ չի՞ լինի արդյոք արգելել բոլոր գիտությունների պարտադրումը, որոնք քեզ և քո շրջապատը չեն դարձնում ավելի լավը»:

davit aslanyan

Առողջությունից թանկ առողջ սնունդ կամ առողջ սնունդը առողջությունից թանկ է

Մեր օրերում, երբ առողջ սնունդ քարոզվում է գրեթե ամենուր, այն շարունակում է մնալ թանկ և շատերի համար ոչ մատչելի: Եվ սա կարծիք չէ, այլ փաստ: Իսկ ի՞նչ է առողջ սնունդը: Մրգերի ու  բանջարեղենի օգտագործո՞ւմ, թե` արագ սննդի ու խոլեստերինի բացառում: Կարծում եմ և՛ մեկը, և՛ մյուսը: Միայն թե հավասարությունը պահելը այնքան էլ հեշտ չէ, ու շատ հաճախ նաև թանկ արժե: Իսկ հիմա մտածենք ինչպես սպառողը: Թանկարժեք սնունդը դարձնել սննդակարգ ոչ բոլորին է հասանելի, իսկ նրանք, ում համար այն հասանելի է, դժվար թե հրաժարվեն ավելի թանկ անառողջ սննդից: Մյուս կողմից, միշտ կարելի է լսել գյուղացիների բողոքները մթերքը իրացնել չկարողանալու և էժան մթերումների մասին: Եթե մթերումներն են էժան, ապա մեղավոր են վերավաճառողները: Մյուս կողմից, մայրուղիներում միրգ ու բանջարեղեն վաճառող գյուղացիների կրպակներում գներն էապես չեն տարբերվում, որակը` նույնպես: Փաստորեն առողջ սննդից առաջ դեռ առողջ մրցակցություն է հարկավոր: Ու հենց այս անառողջ մրցակցությունից են ծնվում առողջ ֆրեշների անհամեմատ բարձր գները ոչ այնքան առողջարար կոլայի և մյուս գազավորված զովացուցիչ ըմպելիքների հանդեպ:

Իսկ ինչպե՞ս բուժել մրցակցությունը: Ցավոք, այս հարցի պատասխանը դեռ չեմ գտել: Բայց քանի դեռ առողջ սնունդը մնում է ավելի թանկ, քան առողջությունը (դեղորայքն ու բուժումը), շարունակում ենք բուժել ոչ թե մրցակցությունը, այլ`մեզ:

Սեր, բնություն և խաղաղություն

Այս նոյեմբերի 27-ն իմ կյանքում տարբերվեց մյուս բոլոր նոյեմբերների քսանյոթներից նրանով, որ վաղ առավոտյան իմ մի քանի ընկերների հետ ճամփա ընկա Եղեգնաձոր` ծառատունկի: Ծառատունկով հիմնվելու էր մի նոր պուրակ, որը կրելու էր Խաղաղության պուրակ անվանումը: Ծառատունկն սկսվեց հետևյալ խոսքերով. «Մեր մոլորակի մեծագույն սպառնալիքներն այսօր թերևս երկուսն են` բնապահպանական խնդիրներն ու պատերազմները, ահաբեկչությունները: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այս խնդիրների լուծման համար: Մեր մոլորակը սկսվում է մեր հայրենիքից, մեր բակից, մեր տնից: Մենք հիմնում ենք խաղաղության պուրակ մեր բակում: Թող մեր տնկած ծառերի «խաղաղության» ծիլերը սփռվեն ամբողջ մոլորակով» և ուղեկցվեց մանկապարտեզի երեխաների խաղաղությանն ու հայրենիքին նվիրված երգերով: 
Պուրակի հարակից շենքում նույն ժամանակ հարսանիք էր, և ծառատունկի մասնակիցները որոշեցին հարսին ու փեսային հրավիրել ծառ տնկելու հենց իրենց բակում հիմնվող պուրակում:

Սա իմ կյանքի առաջին ծառատունկն էր: Ծառ տնկելը չի կարելի համեմատել ոչ մի ուրիշ բանի հետ: Հենց այդ ժամանակ է, որ գիտակցում ես, թե ինչ հեշտ է օգնել բնությանն ապրել: Իմ կյանքի առաջին ծառատունկը կոչված էր միավորելու երկու երնեկ` բնությունն ու խաղաղությունը: Բայց արի ու տես, որ ստացվեց երեքը. սեր, բնություն և խաղաղություն: 





davit aslanyan

Թե ինչու Հայաստանը չի «արտադրում մեգաաստղեր»

Երևի նկատած կլինեք, որ հայաստանցիները հազվադեպ են փայլում միջազգային հարթակներում, իհարկե, բացառություն են կազմում սպորտի ու վերջին տարիներին նաև միջազգային օլիմպիադաներում մի քանի պատանիների հաղթանակները: Համենայնդեպս տեսնելով, որ սփյուռքում հայերը ավելի հեշտ են դառնում մեգաաստղեր, կրկին բարձրացնում եմ բողոքիս ձայնը: Երևի մեզ շատ են պարտադրում: Շատ բաներ ՀՀ օրենսդրությամբ են պարտադիր, շատ բաներ պարտադիր է դարձնում, այսպես կոչված, հայկական, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հայաստանյան մենթալիտետը:
Առհասարակ չափից շատ է պարտադիրը մեր կյանքում: Ու մենք էլ պարտադրված պարտադիր կատարում ենք բոլոր այդ պարտադիր կետերը: Ոչ, ճիշտ հասկացեք, դեմ չեմ պարտադիրին, բայց դեմ եմ պարտադրելուն: Բացատրեմ: Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնեք, որ հարևան երկրի լեզուն իմանալը, միանշանակ, առավելություն է, մանավանդ այն դեպքում, երբ օրեցօր ավելի ու ավելի են սերտանում մեր ու այդ իքս երկրի հարաբերությունները: Ուստի կհամաձայնեք, որ հրաշալի կլիներ օրենքի մոտավորապես այսպիսի կետը «…ամեն համայնքում պարտադիր ունենալ իքսերեն լեզվի խմբակ, որը կտրամադրի բավարար գիտելիքներ` իքսերենով շփվելու համար…»:
Իսկ ի՞նչ ունենք: Օրինակ, տարրական դասարաններում երգեցողության, կերպարվեստի պարտադիր և ոմանց համար պարտադրված դասընթացներն են: Այսպես` եթե 8 տարեկան երեխան ունի սարսափելի վատ նկարչական կամ երաժշտական տաղանդ, ուրեմն այն, որ երեխան չի ունենա գերազանցիկի կոչում անաչառ գնահատաման դեպքում, ակնհայտ է: Չասեք, թե դա կապ չունի, և դրանից գիտելիքները չեն պակասի: Իսկ այդքան «պարտադիր» հասարակության կարծի՞քը: Շատ մարդիկ կհետաքրքրվեն գերազանցիկներով, շատերը կժպտան գերազանցիկներին, շատերը կնախատեն մյուսներին, որ չեն աշխատում բավարար չափով առանց անգամ իմանալու «պարտադիր հարվածայինների» պատմությունը:
Պարտադիր է բոլորին տալ հնարավորություն ի ցույց դնելու իր ողջ ներուժը: Պարտադիր է` ոչ մեկին, ոչինչ չպարտադրելը:

Անցյա՞լը, թե՞ ապագան

Մենք, դեռ դպրոց չգնացած, դաստիարակվում ենք հայրենասեր լինելու ու մեր արմատները ճանաչելու հորդորներով, հետո նույնը շարունակվում է դպրոցում, և առհասարակ ամեն տեղ, որտեղ մեզ սովորեցնում են։ Բայց արդյո՞ք մենք չենք հատում հայրենասիրության ու ազգայնամոլության, ոչ այնքան հստակ գծված, ճանապարհը։ Ու արդյո՞ք շատ չէ պարտադիր համարվող գիտելիքների քանակը, ասենք հայոց պատմություն առարկայից։ Մի՞թե մենք կկորցնենք մեր ազգային ինքնությունը, եթե չիմանանք՝ որ թվականի որ օրը կնքվեց հայ-պոնտական պայմանագիրը և անգիր իմանանք դրա կետերը, կամ չիմանանք, թե «Գևորգ Մարզպետունի» վեպում որ հերոսն է երևում մեկ տեսարանում։ Արդյո՞ք հարկավոր է այս տեղեկատվությունը։ Վիճելի է։
Իսկ ինչ կլիներ, եթե անցյալի ոչ այնքան ուրախ էջերն ուսումնասիրելու փոխարեն ուսումնասիրեինք ապագայի պատմություն՝ մեր հայրենիքի ապագան… Գուցե մեզ սպասվող փառահեղ ապագան դառնա գաղափարախոսությո՞ւն։ Ի՜նչ հաճելի կլինի անգիր իմանալ մեր պետության ապագա շահերն ու հզորացումը։ Միգուցե սա էլ այնքան հաջող տեսակետ չէ։ Բայց լինելով մի աշակերտության մասնիկ, որտեղ ոչ ոք գոհ չի կրթության բովանդակությունից՝ կարող եմ ասել. «Ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ այնպես չէ»… Հարկավո՞ր է սուր կտրիճի ձեռքին (Մ. Նալբանդյան), թե՞ պետք է ուղղակի հնարավորություն տալ խաղաղությանը (Ջ. Լեննոն)…