Իվետա Ավագյանի բոլոր հրապարակումները

iveta avagyan

Կվերանորոգվի բոլորիս ուժերով

Երևի լսել եք varks.am-ի մասին, որը «Բարի գործեր» նախագծի միջոցով ծրագրեր է ֆինանսավորում։ Մի օր որոշեցինք դիմել։ Քանի որ մեր` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցը ընդհանուր վերանորոգման կարիք ունի, չէինք կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ ինչի մասին կարելի է ծրագիր կազմել։ Վերջապես որոշեցինք․ դահլիճի վերանորոգում։

Ծրագիր ներկայացնելու փուլին ընդամենը 3 օր էր մնացել, շտապել էր պետք։ Դիմեցինք դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչին՝ Ավագ Մխիթարյանին, որը սիրով իր վրա վերցրեց պատասխանատվությունը։

Նախավերջին օրն էր։ Առավոտյան 11։30 սկսեցինք ու ժամը 18։00-ին, երբ բոլորն արդեն տներում՝ տաք վառարանների մոտ հանգստանում էին, ավարտեցինք։

Եվս մի քանի ծանր օրեր անցան, երբ սպասում էինք պատասխանին՝ արդյոք ծրագիրն ընտրվել է քվեարկության փուլին մասնակցելու։

Առաջին փուլը հաղթահարված էր… Անչափ ուրախ էինք, բայց դա դեռ քիչ էր։ Մեր բախտն այնքանով էր բերել, որ մեր ծրագրի քվեարկությունը 28 օր էր տևելու, այնինչ մյուսներինը՝ 30-31 օր։ Սակայն դա էլ մեզ բավականին երկար թվաց։ Պետք էր օր ու գիշեր քվեարկել, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։

Մեր մրցակից ծրագրերը Հայաստանում բնակչությամբ երրորդ քաղաք Վանաձորից ու Ալավերդուց էին։ Սա բավականին մեծ փորձություն էր մոտ 1650 մարդ բնակչություն ունեցող մի փոքրիկ գյուղի համար։ Ցավոք, դա միակ խոչնդոտը չէր։ Շատերը, ում օգնությունն ակնկալում էինք ստանալ, հրաժարվեցին օգնել։ Նրանց մեջ կային և մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ գյուղն էին ներկայացնում։ Մարդիկ, ովքեր խոսում էին հայրենասիրությունից, բայց հարկ եղած պահին իրենց գյուղին չսատարեցին։ Դա էլ ինչ-որ տեղ հիասթափեցնող էր, բայց պատասխանատվությունը շատ մեծ էր, և մենք չնահանջեցինք։

Երբեմն չհաճախելով դասերի ու պարապմունքների, երբեմն մի կողմ դնելով նույնիսկ հիվանդ լինելու փաստը՝ մենք՝ աշակերտներս, շրջում էինք համայնքի գյուղերով ու քաղաքներով, այցելում զորամասեր ու գործարաններ, զանգահարում հեռու-մոտիկ ծանոթների ու բարեկամների՝ այդպիսով փորձելով պահպանել գոնե երրորդ հորիզոնականը։

Վերջին 24 ժամերը կարծես չէին անցնում։ Այդ օրը նույնիսկ համացանցն էր մեր դեմ դուրս եկել։

Վերջապես, մեզ րոպեներ էին բաժանում հաղթանակից։ Սկսեցինք հետհաշվարկը։ Ու հաղթեցի՜նք… Այո, հենց առաջին հորիզոնականով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, բայց մենք կարողացանք։ Հաջորդեցին բացականչություններն ու ուրախության արցունքները։

Սա մեծ հաղթանակ էր։ Կառուցվելուց 30 տարի հետո առաջին անգամ, թեկուզ ոչ ամբողջությամբ, դպրոցս կվերանորոգվի։

iveta avagyan

Նոր ու վերջին

Ահա և սկսվեց աշունը։ Ինչպես միշտ, նախորդ երեք ամիսներն աննկատ անցան, և սկսվեց տանջալից ուսումնական տարին, ավելի շուտ՝ ոչ թե տանջալից, այլ ուղղակի եռուզեռով լի։ Դե, ավարտական դասարաններում դա արդեն սովորական է։

Գիտե՞ս՝ շատ եմ լսել «դպրոցական վերջին սեպտեմբերի 1» արտահայտությունը թե՛ ուրախ, թե՛ տխուր հնչերանգներով, բայց միայն այսօր իսկապես հասկացա դրա իմաստը, որովհետև ամբողջ հոգով ապրեցի այն։

Ամռանը փորձում էի մտքումս պատկերել այդ հետաքրքիր ու հիշարժան թվացող օրը՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան ավելացնելով մտապատկերումս։ Բայց, ինչքան էլ որ զարմանալի լինի, այսօր ամեն ինչ տարբեր էր։ Այսօր, հակառակ պատկերացումներիս, ուրախ տրամադրությունս իր տեղը չզիջեց տխրությանը։ Դե հա, դա չի նշանակում, որ չեմ սիրում դպրոցը, բայց դպրոցն ավարտելն արդեն նոր կյանքի սկիզբ է։

Դպրոցում օրն սկսվեց տնօրենի ողջույնի խոսքով, հետո ելույթ ունեցան Վ. Կարմիրաղբյուր համայնքի վարչական ղեկավարը, Բերդի զորամասի ներկայացուցիչը, գովասանագրեր հանձնվեցին գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին և վերջապես, բեմը տրամադրվեց մեզ։

Միջոցառման ավարտվելուց հետո 12 տարի առաջվա շփոթված փոքրիկներն արդեն իրենք էին դպրոց առաջնորդում նորեկներին։ Այն երեխաներից մեկի հետ, ում ձեռքը բռնել էի, մի հետաքրքիր զուգադիպություն էր կապված. 12 տարի առաջ այդ օրն ինձ դասարան էր ուղեկցել նրա հորաքույրը։ Դա, իհարկե, հաճելի էր։ Այդ հաճելի դիպվածն այդ օրն էլ ավելի հիշարժան դարձրեց, և ես վստահ եմ, որ այն միշտ կմնա հիշողությանս մեջ։

Հ. Գ. Շնորհավոր բոլորիդ նոր ուսումնական տարին: Թող այն տարբերվի ամեն դրականով։

iveta avagyan

Եռագույն արահետներով

Բարև։ Սա առաջին նյութս է և, կարծում եմ, նախ պետք է ներկայանամ։

Ես Իվետան եմ՝ 16 տարեկան։ Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղից եմ։

Շատ եմ սիրում գրքեր կարդալ, պարել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել… Երազկոտ եմ, բայց ոչ այնքան, որ կտրվեմ իրականությունից։ Այնքան էլ չեմ փայլում աշխատասիրությամբ, սակայն երբ որևէ նպատակ եմ դնում, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար։ Կարճ ասած՝ ես էլ մի սովորական աղջիկ եմ՝ լի նպատակներով ու լավ ապագայի մասին ծրագրերով։

Մոտ 2 տարի է՝ հետևում եմ 17. am-ին, որի մասին իմացել եմ ընկերուհուցս՝ Հասմիկից։ Վերջապես որոշեցի ինքս էլ թղթակցել:

Ուզում եմ Ձեզ պատմել «Եռագույն արահետ»-ի և տպավորություններիս մասին։

«Եռագույն արահետ»-ը հայրենագիտական արշավախումբ է, որը կազմակերպում է վեցօրյա ճամբար։ Ճամբարի ընթացքում ամբողջ ճանապարհն անցնում ենք քայլելով, գիշերում վրաններում, հաղթահարում ճանապարհին հանդիպած խոչընդոտները…

Սկզբում, իհարկե, անսովոր էր (մանավանդ ինձ համար, որովհետև այնքան էլ շփվող չեմ). 6 օր շարունակ քայլել, այդ օրերն անց կացնել առանց հեռախոսի, առավոտյան շատ շուտ արթնանալ, իսկ գիշերը՝ հերթապահությանդ ժամանակ, աչքերդ չորս արած զննել ճամբարի շրջակայքն ու «հսկել» ընկերներիդ քունը…

Իսկ հետո… Հետո հասկանում ես, որ մի ամբողջ անձնակազմ այնպես է կազմակերպել առօրյադ, որ որևէ բանի կարիք չզգաս և նույնիսկ մոռանաս այդ հեռախոս կոչվածի գոյության մասին։ Հասկանում ես, որ անձնակազմը, որն այդպիսի պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, լավագույններից լավագույնն է։ Հասկանում ես, որ նրանք միայն մարդիկ չեն, ովքեր պատասխանատվություն են կրում քեզ համար, այլ՝ ավագ ընկերներդ, ում կարիքն զգալիս նույնիսկ չես էլ կասկածի, որ կողքիդ կլինեն։ Հասկանում ես, որ ոչ միայն ծանոթացել ես նախկինում անծանոթ մարդկանց հետ, այլ լավ ընկերներ ես ձեռք բերել։ Հասկանում ես, որ ճամբարից հետո էլ շարունակում ես շուտ արթնանալ, իսկ գիշերները բնազդաբար զարթնել նույնիսկ ամենաթույլ ձայնից։ Եվ, վերջապես, հասկանում ես, որ նոր ընտանիք ունես, որի անունն է՝ «Եռագույն արահետ»։