Սրբուհի Հակոբյանի բոլոր հրապարակումները

«Որտեղ մտնում է գումարը, այնտեղ պակասում է հոգին»

Արմանը ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, բռնցքամարտի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր։ 18-ամյա Արմանը 8 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով. «Հայրս բռնցքամարտիկ է եղել, մանկուց սիրել եմ բռնցքամարտը և միշտ իմացել եմ, որ հենց այս մարզաձևով եմ զբաղվելու»։

Սակայն նրա առաջին սպորտաձևը եղել է լողը։ 2 տարի զբաղվել է լողով. «Լողով կամ ֆուտբոլով զբաղվելը, իմ կարծիքով, անհրաժեշտ պայման է բոլոր բռնցքամարտիկների համար»։

Առաջին անգամ Արմանը հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, սակայն մինչ այդ նրան ոչ ոք այդ ասպարեզում չի տեսել. «Ես կարելի է ասել նորություն էի բոլորի համար, որովհետև կողմնակի մրցումներ չեմ ունեցել. առաջինը հանդես եմ եկել Հայաստանի առաջնությունում, իսկ երկրորդը՝ Եվրոպայի»։

Հիշում է՝ 12 տարեկան էր, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչն էր, պետք է մենամարտեր թուրք մարզիկի հետ. «Այդ առաջնությունում մեր մարզիկներից 3-ը թուրքի հետ էին մրցում. «Ընկերս պարտվեց՝ զոհ գնալով անարդարությանը, տեսնելով դա և զսպելով հուզմունքս կարողացա սթափվել և մտնել ռինգ։ Շատ մեծ դժվարությամբ և վնասվածքներով հաղթեցի մրցակցիս։ Դա մեծ ուրախություն էր թե՛ իմ, թե՛ ամբողջ թիմի համար»։

Արմանի կարծիքով բռնցքամարտում ամենաբարդը հոգեբանորեն տրամադրվելն է, բայց ոչ թե ամեն մենամարտից առաջ, այլ ընդհանրապես. «Ոչ մի սպորտսմեն չի մտնում կռվելու և մտածում, որ հիմա քիթս կջարդեն կամ ուղեղի ցնցում կստանամ. ոչ ոք բռնցքամարտիկի չափ մարտից առաջ անհանգստանալու պատճառ չունի։ Պետք է կարողանաս կտրվել աշխարհից և քեզ համար ստեղծես բռնցքամարտիկի հոգեբանություն. դու բռնցքամարտիկ ես ու վերջ»։

Ինչպես գրեթե բոլորի, այնպես էլ մեր հերոսի մոտ առավոտյան, երեկոյան, մարզումներից առաջ և հետո լինում է ցանկություն՝ ավարտելու սպորտում սկսածը. «Հիասթափություն բոլորի մոտ է լինում՝ հատկապես հայ բռնցքամարտիկների, որովհետև դրսում խտրականությունը շատ մեծ է հայերի նկատմամբ. մենք կամ պետք է առավելագույն միավորներով հաղթենք, կամ մեր ձեռքը ռինգում չեն բարձրացնի. այլ տարբերակ լինել չի կարող՝ համենայնդեպս, բռնցքամարտում։ Դրա համար մենք հույսներս դնում ենք միայն ու միայն մեր ուժերի վրա»։

Իսկ թե ո՞րն է ամենաարժեքավորը ինչ տվել է իրեն բռնցքամարտը՝ դժվարանում է ասել, որովհետև և՛ տվել է, և՛ վերցրել. «Կարծում եմ ավելի շատ տվել է։ Եթե չզբաղվեի սպորտով, պետք է անիմաստ ժամանակ վատնեի, ծխեի, խմեի (ինչպես երիտասարդության մեծամասնությունը), դրա փոխարեն բոլոր ասպարեզներում ձեռք բերեցի պայքարելու ունակություն»։

Արմանն այլ նախասիրություններ էլ ունի. սիրում է ընթերցել, երաժշտություն, արվեստ՝ ամեն ինչից էլ գաղափար ունի։ Ապագայի վերաբերյալ աշխատում է պլաններ չկազմել, որովհետև հանգամանքները միշտ խանգարում են, սակայն ունի մեկ նպատակ. մի քանի ամիս է, ինչ չի մարզվում ձեռքի կոտրվածքի պատճառով. «Պետք է գնայինք Թուրքիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, բայց վնասվածք ստացա։ Վիրահատությունից հետո պետք է վերսկսեմ մարզումներս»։

Բռնցքամարտը Արմանի համար չի կարող ապրուստի միջոց լինել, որովհետև միայն գումարի համար կռվելը իր համար չէ, միշտ չի ընդունել դա. «Եթե գա մի օր, երբ ես զգամ, որ այլևս չեմ սիրում իմ աշխատանքը և սպորտով զբաղվում եմ միայն գումար վաստակելու համար՝ առանց վարանելու կթողնեմ այն»։

Իսկ նրանց, ովքեր նոր են սկսում զբաղվել բռնցքամարտով, Արմանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել և օրինակ վերցնել նախկին բռնցքամարտիկներից, քանի որ մերօրյա բռնցքամարտը ավելի շատ դարձել է գումար աշխատելու միջոց, քան սպորտաձև։ Ներկայիս բռնցքամարտիկներից առանձնացնում է Վասիլի Լոմաչենկոյին. «Նա, իմ կարծիքով, կատարյալ բռնցքամարտիկ է թե՛ մարտաոճի, թե՛ հոգեբանության առումով։ Հիմա նույնիսկ վատաբանում են իրար շոու անելու և գումար վաստակելու համար։ Մուհամեդ Ալին էլ էր այդպես վարվում, բայց նա դա անում էր իր հակառակորդներին հոգեբանորեն ճնշելու համար։ Նախկինում բռնցքամարտի մեջ հոգի կար, իսկ որտեղ գերակշռում է գումարը, այնտեղ ստեղծվում է շոու, իսկ շոուն արհեստական երևույթ է, որտեղ բացակայում է հոգին»։

Վերջում Արմանը հավելեց, որ միշտ էլ կլինեն մարզիկներ, ովքեր անվերապահորեն կնվիրվեն այս լեգենդար մարզաձևին, որն, իր կարծիքով, ավելի շատ գիտություն է։