Էլյանորա Բալյանի բոլոր հրապարակումները

Կալավանում ձմեռ է

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Կալավանում արդեն եկել է առաջին ձյունը, գեղեցկացրել առատ բնությունն ու իր հետ բերել բազում խնդիրներ ու հոգսեր: Ամենամեծ խնդիրը վառելիքն է, որը շատ ընտանիքներ չեն հասցրել հայթայթել: Ծառահատումներն արգելված են, իսկ անտառից չորացած ճյուղեր ու փտած կոճղեր հավաքելը բավականին դժվար է, և ոչ բոլորի համար հասանելի: Առաջին ձյան հետ միշտ սկսվում են նմանատիպ խոսակցություններ գյուղացիների մեջ.

-Հը՞ն, հասցրի՞ք ձմեռվա փետ պիրեք:

-Է՜, եսիմ, մի հնարով իրար ենք արել…

Մարդիկ, ովքեր բեռնատար մեքենա ունեն, մի կերպ հավաքում են անտառից, մյուսները գնում են բավականին թանկ գնով, իսկ նրանք, ովքեր ո՛չ բավականին գումար ունեն, ո՛չ էլ մեքենա, հավաքած փայտը ավանակով կամ ձիով են բերում: Ու այսպես, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, ցրտի դեմ պայքարելով անցկացնում են ողջ ձմեռը:

Կարևորը հոգու ջերմությունն է, որը կալավանցին երբեք չի կորցնում:

Կալավանի «Անտառային խոհանոցը»

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Իմ փոքրիկ գյուղը՝ Կալավանը, ոչ միայն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ ու հիասքանչ տեսարաններով, այլ նաև համեղ, օգտակար ու, իհարկե, էկոլոգիապես մաքուր սննդով՝ կանաչիներով, մրգերով, բույսերով, համեմունքներով: Գյուղում կան մոտավորապես 120 տեսակի բույսեր, որոնք օգտագործվում են Կալավանի այցեքարտերից մեկում ՝ «Անտառային խոհանոցում»: «Անտառային խոհանոցի» ուտելիքների մասին ինձ պատմեց Շողիկը՝ խոհանոցի գլխավոր խոհարարը: Նա այնքան սիրով էր պատմում, որ մի պահ ինձ թվաց՝ արդեն զգում եմ տապակած կանաչիների, կոմպոտների, թեյերի ու թթուների համով հոտերը:

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Շողիկն ասաց, որ կանաչիները հավաքում են անտառներից ու պատրաստում տատիկներից սովորած հին ու ավանդական եղանակներով: Օրինակ՝ կարմրաբանջարը, շուշանը, իսկոթը, բանջարը (եղինջ) տապակում են յուղի կամ ձեթի մեջ և մատուցում անարատ մածունի հետ, ապուրներ պատրաստում են փիփերթից, ավելուկից, բանջարից (եղինջ), իսկ թթուները, որոնց համից գրեթե անհնար է կշտանալ, պատրաստվում են գայլիսկոթից, գինազոխից, սանդրուկից:

Շողիկը մեր օտարերկրացի հյուրերին, որոնք քայլարշավից հոգնած վերադառնում են, կազդուրիչ ու շնչառությունը կարգավորող բույսերից՝ զիվանից, խնկածաղկից, դաղձից և ուրցից պատրաստված թեյեր է մատուցում, իսկ այ, տապից զովացնելու համար վայրի տանձի, խնձորի, ազնվամորու և հաղարջի հյութեր է հյուրասիրում:

Այս տարօրինակ անուններով բույսերը, համեմունքները, հատապտուղները կազմում են Կալավանը՝ իր համ ու հոտով, իր նմանը չունեցող «Անտառային խոհանոցով»: Դրանք, իհարկե, ամբողջական չէին լինի առանց Շողիկի, որը մինչև վերջ պատրաստում և պատմում էր նույն եռանդով և աշխատասիրությամբ:

elyanora balyan

Հնագիտական պեղումներ Կալավանում

Գեղարքունիքի մարզի իմ փոքրիկ Կալավան գյուղում հուլիսի 3-ին սկսվել են հնագիտական պեղումներ «Կալավան 2» հայտնի քարեդարյան հուշարձանի տարածքում, որը թվագրվում է մոտ 30 հազար տարով: Այս հուշարձանն առաջինն անգամ ուսումնասիրվել է մոտ 10 տարի առաջ՝ հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ: Այս անգամ աշխատանքները վերսկսվել են հայ-գերմանական համագործակցության շնորհիվ, ունենք հնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Գերմանիայի և Երուսաղեմի համալսարաններից: Հայկական կողմի ղեկավարն է Բորիս Գասպարյանը, իսկ գերմանական կողմինը՝ Արիել Մալինսկին: Հնագետներին Կալավանում դիմավորել է «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար և հնագետ Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու հետքեր. նրա կողմից պատրաստված գործիքներ, ինչպես նաև վերացած կենդանիների ոսկրային մնացորդներ, որոնք նախնական տվյալներով պատկանում են խոշոր եղջերավոր կենդանիների՝ բիզոնի և բրածո եղջերուի, նաև կան մանր կրծողների ոսկորներ: Հուշարձանը հետաքրքիր է այն առումով, որ ժամանակագրորեն համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ նեանդերթալյան մարդուն փոխարինել է homo sapiens-ը՝ ժամանակակից բանական մարդը: Ըստ հնագետների՝ հնարավոր է, հնագիտական աշխատանքների արդյունքում ի հայտ գան այնպիսի փաստեր, որոնք կարող են բացահայտել, թե ինչպես և ինչ պայմաններում են անհետացել նեանդերթալցիները:

Ըստ ակնկալիքների՝ կատարվելիք աշխատանքները տևելու են մի քանի տարի և հետագայում ընդգրկելու են նաև ամբողջ Գետիկի տարածքը:

Անահիտ տատիկը

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Մայրիկիս 94-ամյա Անահիտ տատիկը նույնպես ապրում է Կալավանում` երեխաներով, թոռներով ու ծոռներով շրջապատված: Անահիտ տատիկը ծնվել է Չովդառ գյուղում (այժմ Ադրբեջանի տարածք) հասարակ գյուղացու ընտանիքում: Իր պատմելով գյուղը այնքան էլ մեծ չի եղել, հազիվ հարյուր բնակիչ է ունեցել (ճիշտ մեր գյուղի նման): Մի քույր և վեց եղբայր է ունեցել, եղբայրներից երեքը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրանցից մեկը վերադարձել է, երկուսը՝ զոհվել (պատմելիս աչքերը լցվեցին): Երբ հարցրեցի, թե ինչպե՞ս է հանդիպել ամուսնուն՝ Վարդևան պապիկին և ամուսնացել, ծիծաղեց ու պատասխանեց.

-Դե, էնա իրանք եկել են մեր տուն, տհե տեսել ենք ու ամուսնացել:

Ամուսինները գյուղից դուրս են եկել և տեղափոխվել քաղաք՝ Կիրովաբադ (այժմ Գանձակ, գտնվում է Ադրբեջանում): Ծնվել են նրանց հինգ երեխաները՝ երեք աղջիկներն ու երկու տղաները: Երկար տարիներ ապրել են այնտեղ, մեծացրել են իրենց երեխաներին կրթել, դաստիարակել ամուսնացրել ու դարձել թոռնատեր: 1988 թվականի շարժումը սկսելուն պես ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ այնտեղ ապրել են ընդամենը երեք տարի, քանի որ ռուսների և հայերի մեջ սկսած պառակտությունը վտանգավոր էր դառնում:

Ընտանիքը կրկին պետք է տեղափոխվեր, այս անգամ՝ Հայաստան: Ու ինչպես տարբեր տեղերից եկած փախստականներ, այդպես էլ Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը, բնակություն հաստատեց Կալավանում: Չնայած ամենաուշն էին եկել, բայց գյուղի առաջին տունն էին վերցրել:

Ես իհարկե, չդիմացա ու հարցրեցի, թե ո՞նց է եղել, որ սկզբի եկածներից ոչ մեկը այդ տունը չի վերցրել: Անահիտ տատիկը ասաց, որ տանը բնակվող ադրբեջանցիները շուտ են լքել գյուղը՝ մինչ փախուստը, և այն մնացածներից ավելի քանդված ու ավերված է եղել:

Այսպես Անահիտ տատիկի ու Վարդևան պապիկի ընտանիքը սկսել է ապրել Կալավանում: Աստիճանաբար շինել են տունը, այնուհետև վերանորոգել, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել: Այսպես անցան տարիներ, մեծացան նաև թոռները, նրանք էլ ամուսնացան: Ամուսինները դարձան ծոռնատեր: Վարդևան պապիկի մահից արդեն անցել է վեց տարի, Անահիտ տատիկը հաճախ է պատմում նրա մասին, հիշում ու արտասվում, բայց շարունակում է ապրել շրջապատված երեխաների, թոռների ու ծոռների սիրով:

elyanora balyan

Ծնունդներ առանց հոբելյարների…

Տարվա վերջին ամիսները լի են ծնունդներով, բայց որտե՞ղ են հոբելյարները… Որտե՞ղ են, որ շնորհավորանքի խոսքեր լսեն, որ տորթի մոմերը փչեն ու երազանք պահեն ապագայի համար: Որ սեղանին հնչած բոլոր կենացներին ասեն. «Շնորհակալ եմ»: Որտե՞ղ են, որ այդ օրվա բոլոր նկարներում անպայման լինեն, ո՞ւր են…

Զոհվեցին… Ապրիլին զոհվեցին:

Վերջերս Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, հերո՛ս: Ռոբերտը կդառնար 20 տարեկան: Վերջերս կարդացի: Կդառնար…

Ինձ թվում է, մի բան այնպես չէ: «Կդառնար», չեմ ուզում լսել այս բառը: Ամեն անգամ խուսափում եմ կարդալ, որովհետև արդեն գիտեմ, որ այն երբեք «դարձավ» չի դառնա:

Այս տարին էլ այսպես անցավ՝ ծնունդներ առանց հոբելյարների:

Գիտեմ, արդեն մեծ եմ Ձմեռ պապիկին ինչ-որ բան խնդրելու համար, բայց ես հավատալով խնդրում եմ. «Երբեք, ոչ մի զինվորի ծնունդ առանց հոբելյար թող չանցնի»:

Անակնկալ ծանոթություն

Վրանային ճամբարները շարունակվում են իմ համայնքում` Կալավանում: Ճամբարների ընթացքում շատ եմ ունենում հետաքրքիր ծանոթություններ տարբեր տարիքի, մտածելակերպի, հետաքրքիր նախասիրություններ ունեցող երեխաների ու պատանիների հետ: Այս անգամ ծանոթությունս փոքր-ինչ տարբեր էր: Ծանոթացա 17.am-ի Շիրակի թղթակից Շուշան Վահանյանի հետ:

Պատահաբար իմացա, որ ճամբարում «Մանանա» ընտանիքի անդամ կա ու շտապեցի առաջինը ծանոթանալ: Շատ հետաքրքիր անձնավորություն էր Շուշանը: Պատմեց, թե ինչպես է միացել «Մանանային» և սկսել թղթակցել: Ես էլ պատմեցի իմ պատմությունը: Ու հետաքրքիր էր, որ Ծաղկաձորում կայացած մեդիա ճամբարին և ինքն էր հնարավորություն ունեցել մասնակցելու և ես, բայց ցավոք երկուսս էլ չէինք կարողացել: Ու մտածեցինք, եթե մասնակցած լինեինք, ավելի շուտ ծանոթացած կլինեինք: Բայց ոչինչ, կարևորը ծանոթացանք: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Հետո պատմեց, թե ինչպես է «Վորլդ Վիժն» Հայաստանի կազմակերպության օգնությամբ ճամբար կազմակերպել իրենց մոտ, երեխաներին մի քանի օրով կտրել վիրտուալ կյանքից և պարգևել իսկական մանկություն:

Ես էլ մտածեցի այդ ուղղությամբ, և եթե ստացվի, եկող ամռանը ես նույնպես նմանատիպ ճամբար կկազմակերպեմ մեր համայնքում:

Հաճելի էր ծանոթանալ Շուշանի հետ ու կիսվել հետաքրքիր մտքերով: Հուսամ, սա մեր վերջին հանդիպումը չի լինի:

Էլյանորա Բալյան

***

Մենք գնացել էինք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ`«Վորլդ Վիժն»-ի կազմակերպած 3-օրյա վրանային ճամբարին, որի ընթացքում անցկացվեցին երեք տարբեր սեմինարներ, խաղացինք հետաքրքիր «Մամոնտ» խաղը: Կալավանում մեզ հյուրընկալեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը կամ, ինչպես մենք էինք ասում, ընկեր Ռոբերտը: Կալավանում անցկացրեցինք անմոռանալի օրեր: Առաջին անգամ գիշերեցինք վրաններում, ծանոթացանք բնության հրաշալիքներին, առաջին անգամ տեսանք քարեդարյան կացարաններ, չնայած դրանք կառուցվել էին մեր ժամանակներում: Կալավանում անցկացրած մեր երեք օրերը տպավորիչ էին, ավելի տպավորիչ էր երրորդ օրը: Այդ օրը մենք խաղացինք «Մամոնտ» խաղը: Մենք խաղացինք խաղի բարդության ամենապարզ` 3-րդ աստիճանը: Մենք նախորդ օրն արդեն բաժանվել էինք խմբերի:Առաջին փուլում մենք պետք է պեղումներ իրականացնեինք: Տարածքը մեզ արդեն տրամադրել էին, մեր խմբերը բաժանվեցին երկու մասի: Մի մասը գնաց պեղումների, իսկ մյուս մասը մնաց պեղած իրերը հաշվելու, գրի առնելու: Երկրորդ փուլում մենք գնացինք անտառ. պետք է սովորեինք ,թե ինչպես են նախնադարում մարդիկ իրենց կացարանների կտուրները ծածկել,տեսանք դասագրքերից հայտնի վանակատ քարը:
Կալավանում ամեն բան հրաշալի էր, ամեն ինչ մաքուր, զգում էինք, որ մարդիկ այստեղ բնության, կենդանիների նկատմամբ բարի էին, սրտացավ: Այստեղ ես հանդիպեցի 17.am-ի պատանի թղթակից Էլյանորային: Նա ինձ պատմեց, թե ինչպես է սկսել թղթակցել 17-ին, զրուցեցինք տարբեր թեմաներից: Էլյան պատմեց Աղվերանի մեդիա ճամբարի մասին: Կալավանում անցկացրած 3 օրերը անջնջելի հետք են թողել հիշողությանս մեջ: Շնորհակալ եմ, որ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը` մասնակցել վրանային ճամբարին:
Եթե ուզում եք անցկացնել ձեր մյուս ամառն ավելի հանգիստ, միաժամանակ ակտիվ ու հետաքրքիր, այդ վայրը մի փնտրեք դրսում, այցելեք հրաշք Կալավան գյուղ

Շուշան Վահանյան

elyanora balyan

Գրքին ոչինչ չի փոխարինի

Այո սա 21-րդ դարն է տեխնիկայի ու զարգացման ժամանակաշրջան: Շատերի համար գիրք կարդալը դարձել է հնաոճ: Երբ հարցնում ես. «Ի ՞նչ գիրք ես սիրում», «Սիրո՞ւմ ես կարդալ», այդ հարցերին մեծ մասամբ տրվում է նմանատիպ կարճ ու սուր պատասխան. «Էս ո՞ր դարն ա, որ գիրք կարդամ»: Եվ այդտեղ ես ընկնում եմ երկմտանքի մեջ: Ի՞նչ կապ ունի դարը գիրք կարդալու հետ: Դարը հո չի՞ վերցնում ձեռքից գիրքն ու ասում` մի կարդա, և ձեռքը տալիս պլանշետը, համակարգիչը, հեռախոսը, որ ապրի վիրտուալ կյանքով: Նա, ով ցանկանում է կարդալ, կարող է այդ նույն պլանշետով, հեռախոսով կամ համակարգչով կարդալ: Իհարկե, այն չի կարող փոխարինել գրքին, բայց գոնե միտքը քաղցած չի մնա :

Մի պատճառաբանեք դարն և նրա զարգացումը: Ինչքան էլ այն զարգանա, գիրքը երբեք չի հնանա, որովհետև այդ նույն գրքի շնորհիվ է զարգանում դարը:

elyanora balyan

Մեր փոքրիկ հարևանները

Տատիկիս բացօթյա պատշգամբում ամեն տարի գարնանը իրենց բներն են հյուսում մեր փոքրիկ հարևանները՝ ծիծեռնակները: Ամեն օր նստում եմ այդտեղ ու երկար նայում նրանց: Շատ հետաքրքիր թռչուններ են. գեղեցիկ ու հիանալի ձայն ունեն: Երբ այս գարնանը եկան, բները նորոգեցին, ձու ածեցին ու երկար տաքացրին, մինչև դուրս եկան ձագերը: Իսկ հետո տեսնում էի, թե ինչպես են հոգատար ծնողները հերթով կեր բերում դեռ անփետուր ձագուկներին: Մի օր էլ լսեցի ձագուկների ծլվլոցը և տեսա, թե ինչպես են գլուխները հանել փոքրիկ բնի միջից, ու սպասում իրենց ծնողներին: Իսկ նրանք, ինչպես միշտ, հերթով կեր են հասցնում փոքրիկ ձագերին:

Այդ ժամանակ հասկացա, որ փոքրիկ թռչունները ոչնչով չեն տարբերվում մարդկանցից: Նրանք էլ հոգատար ծնողներ են: Մարդու նման կարող են գուրգուրել ու փայփայել իրենց ձագերին և, հարկ եղած դեպքում, դուրս գալ թշնամու դեմ ու պաշտպանել նրանց:

Պապիկիս սարքած խաղահրապարակը

Պապիկս շատ հետաքրքիր անձնավորություն է: Պապիկիս հմուտ ձեռքերը կարող են վերանորոգել, սարքել տանը փչացած կամ կոտրված յուրաքանչյուր իր: Մի օր առավոտյան արթնացա ու դուրս եկա բակ, աչքերիս չէի հավատում, փոքրիկ եղբայրներիս համար «խաղահրապարակ» էր սարքել: Ու ես էլ կատակով ասացի. «Փողով կաշխատացնեմ»:

Ծիծաղեց ու ասաց, որ էլի է բաներ ավելացնելու կիսատ «խաղահրապարակին»: Ու երևի հավեսը կորավ, որովհետև դեռ ոչինչ չի ավելացրել: Բայց երեխաները ամեն օր խաղում են մեր փոքրիկ կիսատ «խաղահրապարակում»:

Սա էլ պապիկիս փոքրիկ «գյուտը», բայց ես համոզված եմ, որ նա դեռ շատ «գյուտերի» հեղինակ կդառնա…

Աղվերանի մեդիա ճամբար. Նկարահանումներ և մոնտաժ. մեր տպավորությունները

-Սարգիս, այսօր սովորում ենք ֆիլմ մոնտաժել: Առաջին անգա՞մն է:

-Առաջին անգամը չէ, որ աշխատում եմ մոնտաժային ծրագրով, աշխատել եմ filmora, windows movie maker ծրագրերով, բայց այսօր սովորեցինք աշխատել կոնկրետ Adobe Premiere ծրագրով, որը, ըստ իս, ավելի դժվար էր: Մոնտաժելն ինձ դուր է գալիս: Ցանկացած նյութից կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես: Կարող ես ձևավորել, հոգի և ռիթմ դնել այդ տեսանյութի կամ ֆիլմի մեջ, որի հետ աշխատում ես: -Ավելի շատ կուզեիք ֆիլմի նկարահանման աշխատանքների՞ն մասնակցել, թե՞ մոնտաժային:

-Ինձ երկուսն էլ դուր են գալիս:

Սարգիս  Մելքոնյան, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ

***

-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:

-Այո, առաջին  անգամն է, որ  աշխատում եմ մոնտաժային ծրագրով: Սկզբից այն  ինձ շատ  հեշտ  էր  թվում, մտածում  էի`  միանգամից  կանենք, կանցնի  կգնա, բայց  իրականում  այն շատ նրբություններ  ունի, և պետք  է  ամենայն  զգուշությամբ  աշխատել, որպեսզի  թերություններ  չլինեն, և  ֆիլմը  ստացվի  որակով: Ինձ դուր է գալիս ֆիլմի մոնտաժը, պարզապես շատ  երկար է տևում:

-Ի՞նչն է հատկապես հետաքրքրում:

-Երկար պրոցեսը, որն իր մեջ ներառում է ձայնի  ընտրությունը, պատկերների ճիշտ դասավորությունը: Կնախընտրեի ֆիլմ  նկարահանել, որովհետև ֆիլմ նկարահանելու  ժամանակ դու կարող ես սխալներ թույլ տալ, հետո շտկել մոնտաժի  օգնությամբ,  իսկ մոնտաժում սխալ թույլ տալը կարող է փչացնել  ամբողջ աշխատանքը:

Կարինե  Նահապետյան, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

***

-Առաջին  անգա՞մն  է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:

-Ոչ, ես երկու տարի է` աշխատում եմ մոնտաժային ծրագրերով: Դուր է գալիս, բայց ձանձրալի է:

-Ի՞նչն է հատկապես հետաքրքրում:

-Կտրել, մեկ ուրիշ հատված ավելացնել, բայց այնպես, որ համընկնի:

-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքների  մասնակցել:

-Մոնտաժային աշխատանքներին մասնակցել, բայց  ֆիլմը նկարողի հետ  միասին:

Սերյոժա  Բաբոյան, 15 տարեկան, Վայոց Ձորի մարզ,  գյուղ Մալիշկա

 

***

-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:

-Ոչ, առաջին անգամը չէ, ես իմ անձնական համակարգչի մեջ ունեմ այդ ծրագիրը, որոշակի փորձ ունեմ: Ինձ շատ է դուր գալիս մոնտաժը: Ամեն ինչ մոնտաժի միջոցով կարող ես փոխել, իրականությունը ներկայացնել քո պատկերացմամբ:

-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքներին մասնակցել:

-Երևի թե երկուսն էլ, հավասար սիրում եմ, բայց ավելի հետաքրքիր է ֆիլմ նկարելու աշխատանքը:

Նարեկ Բաբայան, 15 տարեկան, Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

***

-Առաջին անգա՞մն է, որ աշխատում ես մոնտաժային ծրագրով:

-Այո, առաջին անգամն է, որ աշխատում եմ մոնտաժային ծրագրով, ու շատ հետաքրքիր է, որովհետև  դրանով  սովորում  ես  վիդեոյին  կցել  ձայն, երաժշտություն, տարբեր պլանները համադրել:

-Քեզ դո՞ւր են գալիս այդ աշխատանքները:

-Այո, հետաքրքիր է, շատ ես մտածում, որ կարողանաս ճիշտ դասավորել, ժամանակագրական հաջորդականությունը  պահպանել: Ինձ շատ է դուր գալիս ձայնի էֆեկտների տեղադրելը:

-Ավելի շատ կուզեիր ֆի՞լմ նկարել, թե՞ մոնտաժային աշխատանքներին մասնակցեիր:

-Օրինակ՝ երեկ առաջին անգամ և՛ ֆիլմ եմ նկարել, և՛ մոնտաժին մասնակցել, բայց համեմատաբար ավելի դժվար էր ու ծանր մոնտաժը: Նկարահանման ժամանակ հետաքրքիր է, և աշխատելն էլ՝ հաճելի:

Լուսինե Հովհաննիսյան,Վայոց Ձորի մարզ, ք.Վայք