Նելլի Խաչատրյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ոչ բարով արագիլը

-Լաուր, վերջապես դու էլ դարձար 16 տարեկան, շնորհավոր,- Լաուրան երևի մեր դասարանի ամենափոքր աշակերտն է, և բոլորս սպասում էինք հենց նրա ծննդյան օրվան, որ վերջապես թեկուզ մի քանի օրով նա դառնա մեր տարիքին, քանի որ այդ տարի գրեթե բոլորս դառնում էինք 17 տարեկան:

-Տասնվե՜ց, տասնվե՜ց, տասնվե՜ց, չիմացանք, թե ինչպես գլորվեց…,- սկսեց երգել Լաուրան, ով ամեն անգամ 16 թիվը լսելիս սկսում էր երգել այս երգը… Նույնիսկ արդեն անտանելի էր դարձել, և բոլորս զգուշորեն, կամ թաքուն էինք ասում այդ թիվը:

-Մերոնք նոր ծնված երեխուն ոնց էլ չեն վախեցել ու տանը մենակ են թողել,- ասաց Լաուրան, ով հենց իրեն նկատի ուներ, քանի որ այնպես էր ստացվել, որ իր ծնողները այդ օրը տանը չէին լինելու, իսկ Լաուրայի ծնունդը նշելու էին հաջորդ օրը,-աղջիկներ, պարապմունքներից հետո եթե ազատ լինեք, եկեք մեր տուն «գործ» անելու, համ էլ ծննդիս օրով մենակ չեմ լինի:

Ամենամոտը Լաուրիկենց տանը ապում էինք ես, Սվետան և Մանեն: Մանեն Երևանում էր, այնպես որ ես և Սվետան երեկոյան այցելեցինք հոբելյարին: Նախ գնացինք մի քիչ առևտուր արեցինք… Մեզ հարիր առևտուր, այսինքն՝ քաղցրեղեն, հետո գնացինք տուն ու անցանք գործի… Ավելի ճիշտ, անցան գործի, քանի որ ես հիմնականում նկարում կամ խանգարում էի, բայց ինձ համար էլ գործ ճարեցին, այնպես որ ես ադիբուդի էի պատրաստում: Քանի որ մնացած մանրամասնությունները չեն հետաքրքրի, անցնեմ բուն նյութին:

Զանգ է գալիս տան հեռախոսին, Լաուրան պատրաստվում է վերցնել այն, երբ … «Բարով արագիլ, բարի արագիլ»… Չէ, երբ հիշում եմ, զգում եմ, որ այդ բառերը երգվում էին մեր համար ոչ այնքան բարով, քանի որ ձայնը գալիս էր շատ խուլ տեղից ու անընդհատ կտրտվելով, և բացի այդ հիշեցնեմ, որ այն գալիս էր հեռախոսից:

-Երեխեք, էս ի՞նչ ա, վախենում եմ,- անկեղծ ասած իրոք վախեցել էինք:

-Լավ, ինչի՞ եք վախենում, կարող ա` գլխներիս սարքում են,- փորձում էինք իրար հանգստացնել, երբ քիչ անց նորից զանգ եկավ ու նորից նույն ձայնը:

-Ո՞նց, էս ձենը հեռախոսը դեռ չվերցրած էր գալի՞ս, մամայիս եմ ուզում,-արդեն իրոք վախեցած ասացի ես, որ քիչ առաջ փորձում էի հանգստացնել:

-Լավ սպասեք, խուճապի չենք մատնվում, ամեն ինչ լավ ա, հիմա գնում ենք հեռախոսի մոտ ու հասկանում, թե ինչ ա խախտվել դրա մեջ,-փորձում էր սառնասրտությունը չկորցնել Սվետան:

Խիզախություն ենք հավաքում և նորից գնում հեռախոսի մոտ, երբ զանգում են, բաց այս անգամ սկսում է ինչ-որ տատիկ խոսել:

-Հա, երեխեք, էս հաստատ ինքնապատասխանիչն ա միացել,-ուրախացած ասաց Լաուրան ու շունչ քաշեց, բայց երբ էլի միացավ «Բարով արագիլը», երեքով վազեցինք խոհանոց ու դուռը փակեցինք:

Լաուրան որոշեց զանգել ծնողներին, իմանալու, թե երբ են գալու, և պարզվեց, որ մեքենայի միջից զանգելով տան հեռախոսին, իրոք, մի քանի զանգից ավտոպատասխանիչն է միացել, իսկ երգը ուղղակի մեքենայի միջից եկող ձայնն է եղել: Դե հանգստացանք, ու որոշեցինք, որ ես ու Լաուրան տանում ենք Սվետային ճանապարհելու:

-Սպասեք, բա ճանապարհին ինչո՞վ ենք զբաղվելու,-ասացի ես ու վերցրեցի հացամանը, որի մեջ լցնում էի ադիբուդին, որ հովանա,-այ հիմա գնացինք:

Արդեն բավականին մութ էր, այնպես որ մենք և մեր ադիբուդով լիքը հացամանը չէինք երևում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեքենա էր անցնում, և լույսերը ընկնում էին մեր վրա:

-Պահի էդ հացամանը, խայտառակ եղանք,-ասում էր Լաուրան, իսկ ես ծիծաղելով ասում էի.

-Վերջը…

-Չասես,-հասկանալով ինչ եմ պատրաստվում ասել, ասաց Լաուրան:

-Էսօր դարձար…

-Ասացի` չասես.: Սվետա, պահիր ինձ:

-16 տարեկան:

-Տասնվե՜ց,տասնվե՜ց, տասնվե՜ց…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կրակների միջով դեպի հասունացում

Չգիտեմ, ուրիշ վայրերում կա՞ այս՝ կարելի է ասել, տարօրինակ, բայց զվարճալի սովորությունը թե ոչ, բայց Ճամբարակում Նոր տարին նոր տարի չի լինի, եթե դեկտեմբերի 31-ի գիշերը փողոցներում չտեսնես մի խումբ մրոտ դեմքերով պատանիների և ծխի մի մեծ ամպ: Չգիտեմ, ձեր մտքով ինչ անցավ, բայց ես խոսում եմ անիվ վառելու մասին:
Հայրս պատմում է, որ իրենք բարձրանում էին բարձր սարեր, որպեսզի բոլոր տեղերից տեսանելի լինի, և նույնիսկ այդ անիվներով տվյալ տարվա տարեթիվն էին գրում և վառում, պատկերացնում եմ` ինչ գեղեցիկ է եղել: Քեռուս տղան, ով 23 տարեկան է, պատմում է, որ իրենք անիվները վառում և սարերից գլորում էին, իսկ ահա եղբայրս, ով 12 տարեկան է, այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ «պատվավոր» արարողությանը, սակայն նա և իր ընկերները այս տարի բավարարվել էին միայն քաղաքի ոչ այնքան բանուկ վայրում դրանք վառելով: Ինչպես նկատում եք, այդ ավանդույթի «էվոլուցիան» մի քիչ հետ է ընթանում, բայց ամեն դեպքում չի կորցնում իր արդիականությունը:
Ինչպես նշեցի, եղբայրս առաջին անգամ այս տարի էր մասնակցում: Նա և իր ընկերները սեպտեմբերից արդեն սկսել էին անիվների «որսը»: Անիվներ էին բերում ամենահավանական և անհավանական վայրերից: Դեկտեմբերի 31-ին Դավիթը դուրս եկավ տնից մեծ ոգևորությամբ և վերադարձավ… Լավ, նրա վերադարձը պատմեմ մի քիչ մանրամասն: Նա բացեց տան դուռը, բոլորիս հայացքները կանգ առան նրա վրա: Բոլորս մտածում էինք, որ ամեն դեպքում մենք տնից ճանապարհել էինք սպիտակամորթ Դավիթի, բայց այժմ մեր առջև կանգնած էր սև դեմքով մեկը: Անզուսպ ծիծաղը պատեց բոլորիս: Եղբայրս զարմացած գլուխը թեքեց այն կողմը, որտեղ հայելին էր դրված, հայացքը իրենից փախցրեց, և երևի իր սեփական տեսքը չճանաչելով, անջատեց քիչ առաջ միացրած լույսը: Վազեց լոգարան ու դուռը փակեց, սակայն նրա ամեն շարժումը մայրիկի համար դաժան փորձություն էր, քանի որ ինչին կպնում էր, թողում էր իր սև հետքը: Երկար համոզելուց հետո կարողացա գոնե մե անգամ նկարել նրան, և ամեն անգամ այդ նկարին նայելով, երևի նա կհիշի իր առաջին մասնակցությունը այդ ամանորյա զվարճանքին:

Մոլոկան տատիկի օգնականները

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Դե հիմա եկեք մտածենք, թե ինչ համայնքային ծրագրեր կարող ենք անել,- ասաց ընկեր Թորոսյանը, ով Access ծրագրի շրջանակներում մեր դասատուն է (Access-ը Ամերիկայի դեսպանատան կողմից հովանավորվող ծրագիր է, որը հնարավորություն է տալիս 2 տարի անվճար սովորել անգլերեն ու ծանոթանալ ամերիկյան մշակույթին):
Եղան բազմաթիվ հավանական ու անհավանական առաջարկներ, բայց կանգ առանք հաշմանդամ մոլոկան տատիկին օգնելու մտքի վրա: Քանի որ գարուն էր, իսկ մենք ունեինք երիտասարդ ու էներգիայով լի աշխատուժ, լավ հնարավորություն էր այդ էներգիան օգտագործել մի քիչ վար ու ցանքի վրա: Մի խոսքով, մենք պետք է վարեինք այդ տատիկի բանջարանոցը: Հաջորդ օրը շատ ոգևորված գնացինք «աշխատանքի»:
Ընդհանրապես Ճամբարակում շատ մոլոկաններ կան, ինչպես նշեցի, այդ տատիկը նույնպես մոլոկան էր, ապրում էր միայնակ: Նա բարի ժպիտը դեմքին դիմավորեց մեզ և ցույց տվեց տարածքը, որտեղ պետք է աշխատեինք: Անցանք գործի… Սկզբում ավելի շատ խոսելու, քան աշխատելու գործին:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


-Էէէէ, էս երեխեքը էսօր պրծնողը չեն,- մեզ նայելով ասում էին հարևանները, իսկ մենք այդ խոսքերից վիրավորված սկսում էինք ավելի քիչ խոսել ու ավելի շատ աշխատել… Իհարկե դժվարությամբ էր ստացվում այդ պահին հիշած մի շարք պատմություններ պատմելու ցանկությունը զսպել:
Երկար աշխատելուց հետո մեր ստամոքսի ձայները սկսեցին հուշել, որ սոված ենք: Վարդուհին և Դիանան գնացին պաղպաղակի հետևից, երբ…
-Սպասեք, ես էլ եմ գալիս,- ասաց Վիկան ու վազեց դեպի խանութ… Ավելի ճիշտ դեպի ճահիճ: Ինչպես նման դեպքերում լինում է, փոխանակ նրան օգնության հասնելու, մենք սկսեցինք ծիծաղել:
Պաղպաղակը կերանք, սակայն մեր ստամոքսներին չկարողացանք գոհացնել, սկսեցինք սունկ հավաքել, ոմանք էլ փիփերթ քաղել: Հավաքելուց հետո տարանք տատիկի տուն, մաքրեցինք ու թողեցինք այնտեղ: Առաջին անգամ մտնելով մոլոկանի տուն, զարմացանք` տեսնելով, որ այդ տանը նրանց մշակույթը հնարավորինս պահպանված էր:
Չհաշված այն, որ չիմանալով, որ այգում գազարներ կան ցանած, մենք անխնա անցել էինք այդ գազարների վրայով, մենք մեզ շատ լավ էինք զգում, որ կարողացել էինք օգնել մի մարդու, ով իրոք օգնության կարիք ուներ:
Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Առանց կրկնուսույցների

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Երբ Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում սկսեցին գործել ավագ դպրոցները, բոլորը ասում էին, որ ավագ դպրոցների նպատակը այն է, որ երեխաները առանց կրկնուսույցի մոտ պարապելու  կարողանան միասնական քննություններ տալ և ընդունվել: Սակայն, ինչպես տեսնում ենք, սպասելիքները այնքան էլ արդարացված չեն:

Ճամբարակում բացվեց ավագ դպրոց, բայց մեր դպրոցը նույնպես չկարողացավ արդարացնել սպասելիքները: Քանի որ դպրոցը չունի բավարար թվով աշակերտներ և ֆինանսներ, և մենք ունենում ենք 2-3 հոսք: Եթե դու ընտրում ես բնագիտական հոսք, դու չգիտես, թե այնտեղ որ առարկաները ավելի խորացված կսովորես, քանի որ դա պարզ է դառնում միայն այն ժամանակ, երբ աշակերտները ընտրելով որևէ բնագիտական առարկա, ըստ մեծամասնության, դասարանը խորանում է այդ առարկայի մեջ:  Եվ հետո, բոլորը դեռ շարունակում են գնալ կրկնուսույցների մոտ:

Բայց երբ հիշում եմ մեր մարզի գյուղերից մեկի դպրոցի վիճակը, հասկանում եմ, որ մեր այդ պրոբլեմը շատ թեթև է: Երբ նայում ենք մեր ընտանեկան ալբոմը, հայրս հաճախ մի նկար է առանձնացնում, որտեղ նա է և ևս երկու երեխա, և ասում. «Դե սա էլ ես եմ ու իմ դասարանը»: Հայրս ժամանակին ֆիզկուլտուրա է ուսուցանել իրենց գյուղում, և չնայած մենք զարմանում ենք «նրա դասարանի» վրա, բայց վիճակը այդ գյուղում դեռ նույնն է: Ամեն դասարանում 3-4 աշակերտ, նույնիսկ մի դասարանում միայն մի աշակերտ կա: Մեր բարեկամներից մեկը աշխատում է  այդ դպրոցում, ես հարցնում եմ.

-Հիմա եթե մի հոգանոց դասարանի այդ երեխան հիվանդանում է, դաս չե՞ք անում, կամ եթե դասից փախնում է, ասում եք, որ դասարանը փախե՞լ է:

-Դե այդպես է, բայց հիմնականում 2-րդ, 3-րդ դասարանցիներին իրար հետ ենք պարապում, 4-րդ, 5-րդին` իրար, ու այդպես շարունակ: Մի դասաժամին 5 մասի եմ բաժանվում, որ դաս բացատրեմ,-պատասխանում է ընկեր Օհանյանը:

Խնդիրները շատ են, ուղղակի համեմատելով հասկանում ես, որ մեր խնդիրը շատ փոքր է:

Շենքի տանիքում

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Նելլի՞, հետաքրքիր ա ինչի՞ մասին ես մտածում,- հարցրեց մայրս, նկատելով որ արդեն 5 րոպե է հայացքս մի կետից չեմ կտրում:

-Դու մեր շենքի տանիք բարձրացած կա՞ս,- լուրջ տոնով հարցնում եմ մորս։

-Չէ, ինչ գործ ունեմ տանիքում,- հարցի տարօրինակությունից զարմացած, մի քիչ մտածելուց հետո ասաց մայրս։

-Մամ, քանի՞ տարի է ապրում ես այս շենքում,- շարունակում եմ հարցաքննությունս։

-Դե, 15 կլինի, ինչի՞։

-Ու 15 տարի ապրելով այս շենքում, քեզ երբեք չհետաքրքիրց թե ինչ կա մեր շենքի տանիքում,- ասացի  այնպես, կարծես մայրս հանցանք էր գործել կամ  գիտեր, որ տանիքում ոսկի կա, բայց չի գնացել տեսնելու:

Այսպես մի քանի օր անընդհատ մտածում եմ մեր շենքի տանիքի մասին: Մի օր երբ, Սյուզիի հետ նստած էինք բակում( Սյուզին նաև իմ շենքակիցն է), առաջարկում եմ.

-Արի բարձրանանք տանիք:

-Արի,- շատ հանգիստ կերպով պատասխանում է Սյուզին:

-Երբ,- հարցնում եմ:

-Կիրակի:

Երկուսով նայում ենք աստղազարդ երկնքին… Մի րոպե լռություն… Այդ մի րոպեում երկուսիս մտքում ինչ մտքեր ասես չեն անցնում։ Ամեն օր բարձրանալ տանիք, ներկել, հարմարություններ ստեղծել, դա կլինի մեր թաքուն անկյունը և այլ ցնորված մտքեր, երբ երկնքից իջնելով իրար ենք նայում և սկսում ոգևորված պատմել մեր պլանները:

Գալիս է  սպասված կիրակի օրը, սակայն հանգամանքների բերումով չի ստացվում իրագործել մտածված չարաճճի պլանը: Հաջորդ օրը դասարանում պայմանավորվում ենք, որ տուն գնալու փոխարեն, կբարձրանանք տանիք: Այսպես էլ անում ենք: Մոտենում ենք տանիք տանող աստիճաններին.

-Ես առաջինը կգնամ,- ասում է Սյուզին և բարձրանում: Նրան հետևում եմ ես: Ակընկալիքները… Արդարացված չէին: Չգիտեմ, թե մենք ինչ էինք սպասում, բայց այնտեղ բավականին կեղտոտ ու փոշոտ էր, գետինը հող ու ավազ էր, իսկ փայտերի վրա՝ սարդոստայններ: Մի վայրկյանում հոդս ցնդեցին մեր երազանքները, բայց կարևորը՝ մենք տանիքում էինք:  Սկսում ենք զննել, հետո անցքով դուրս ենք գալիս տանիքի վրա ու սկսում նայել Ճամբարակին վերևից:

-Մեկը լիներ մեզ նկարեր,- մտածում ենք մենք: Բայց լավ, ինչ արած, դիմում ենք ամենազոր սելֆիի օգնությանը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Տանիքի վրա նստելուց, նկարվելուց հետո որոշում ենք արդեն գնալ տուն:

-Վայ Սյուզ, եստեղով էլ կարող ենք միանգամից մյուս շքամուտքով իջնել,- մեծ հայտնագործություն արած կանչում եմ Սյուզիին:

Ցանկանում ենք իջնել, բայց ձայներ ենք լսում, ինչ որ մեկը բարձրանում է, հետո կանգնում է ու նայում վերև…Երևի մեզ լսել է: Որպեսզի մեզ աննորմալի տեղ չդնեն, որոշում ենք տանիքից իջնել այն ժամանակ, երբ մեզ չեն տեսնի: Մի քանի րոպե սպասում ենք, երբ.

-Ո՞վ կա այդտեղ, ի՞նչ եք անում,- բարձրանալով տանիք վախեցած հարցնում է մեր կողքի շքամուտքի վերջին հարկում ապրող տիկին Գայանեն:

-Տիկին Գայան, ես ու Սյուզին ենք, ուղղակի բարձրացել ենք տանիք, բան չենք անում,- հեռվից պատասխանում եմ ես:

-Նելլի դու ես, այ աղջի, սիրտս սկսել էր հազարի տակ աշխատել, ես էլ ասում եմ ինչ ձայներ են։ Էս էքստրիմի պակաս ունեիք,- սկզբից մի քիչ բարկացած, հետո ծիծաղելով ասաց տիկին Գայանը,- եկեք, եկեք օգնեմ իջնեք:

Չհրաժարվեցինք առաջարկված օգնությունից, որովհետև իջնելը կարող էր մի քիչ վտանգավոր լիներ: Իջանք, ներողություն խնդրեցինք վախեցնելու համար և դուրս եկանք (արդեն մեր շենքի մյուս շքամուքով):

-Նելլի՞, էս խի՞ եք էստեղից իջնում,- զարմացած հարցրեց եղբայրս, ով դասից գալիս էր տուն:

-Է… Այ Դավո, գոնե շուտ գայիր, ասեինք`մեզ նեքևից նկարեիր,- ծիծաղելով ասաց Սյուզին, իսկ Դավիթը այդ ընթացքում փորձում էր լուծել այն հանելուկը, որին ականատես էր եղել քիչ առաջ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Տարօրինակ երազանք

-Վաղը Քրիստինեի ծնունդն է, ի՞նչ ենք անելու:

-Էսօր դասերից հետո կմնանք, մի բան կմտածենք,- որոշում ենք ընկերուհիներով:

Դասերը ավարտվում են, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Քրիստինեն առանց որևէ բան կասկածելու գնա տուն: Ստիպված վերցնում ենք պայուսակները և դուրս գալիս դպրոցից, մի քիչ գնում, նկատելով, որ Քրիստինեն անհետացավ մեր տեսադաշտից, նորից վերադառնում դպրոց: Մենք մտանք դպրոց, անգամ չկասկածելով, որ այդ օրը մեզ բազմաթիվ արկածներ է խոստանում:

Սկսում ենք մտածել, որոշում ենք հումորային շնորհավորանք գրել և յուրօրինակ կերպով այն ներկայացնել: Անցնում ենք աշխատանքի… Թերթի ձևավորման համար սկսում ենք մտնել դասարաններ և ինչ-որ փայլփլուն բան փնտրել: Չգիտես ինչու, սկսում ենք մեզ շատ խորհրդավոր պահել, ընդամենը մի փոքր փայլ պոկելու համար պահակներ ենք կանգնեցնում դռների մոտ, մի շշուկ լսելու դեպքում մտնում սեղանների տակ, մի խոսքով, ես այդ պահին ինձ զգում էի իսկական հանցագործ:

Այս ընթացքում եղանակը որոշում է Ճամբարակին մատուցել «հաճելի անակնկալ»:  Սկսում է կարկուտ… Կարկուտ, այն էլ ինչպիսի մեծության: Ուղղակի ասեմ, որ այդ կարկուտից ջարդվել են բազմաթիվ մեքենաների ապակիներ ու տանիքիներ: Սա ուղղակի պատկերացման համար:  Իսկ այդ ժամանակ մենք գտնվում էինք դպրոցում: «Մամայիս կասես, որ ես իրեն շատ եմ սիրում» , -մոտավորապես այսպիսի խոսքերով արդեն իրար հրաժեշտ էինք տալիս: Ու այդպես վախի մեջ անցկացնում ենք ևս կես ժամ…Արդեն ժամը 5-ն է, աշխատանքը ավարտել ենք և կարող ենք գնալ տուն:

-Պատկերացնո՞ւմ եք դպրոցի դռները փակ լինեն,- ծիծաղելով ասում է Լաուրան:

-Դպրոցի դուռը փակ ա,-լուրջ տոնով ասում է Էդիտան:

Իհարկե, մենք դա ընդունում ենք հումորով, բայց… Վերջապես կատարվեց մեր մանկության երազանքներից մեկը. մենք փակված ենք մնացել դպրոցում: Համաձայն եմ, տարօրինակ երազանք է: Դե, սկզբի րոպեները մենք, չգիտեմ ինչու, սկսեցինք ծիծաղել, բայց հասկանալով լրջությունը, սկսեցինք հիշել մեր տեսած ֆիլմերը: Առավելապես հիշեցինք գաղտնի գործակալների մասին կինոները… Դե, հասկացաք` ինչ միջոցներ սկսեցինք մտածել դպրոցից դուրս պրծնելու համար, բայց քանի որ պարան, լազեր արձակող շրթներկ, թռչող կոշիկներ և նմանատիպ իրեր չգտանք, որոշեցինք զանգել ամենազոր ՆՐԱՆ:

-Մամ, դպրոցում ենք մնացել, մի բան արա,- զանգում եմ մայրիկիս, իհարկե նրա ռեակցիան…տագնապալի էր,  բայց հեռախոսը անջատելով մայրս զանգում է մեր դպրոցի հաշվապահին, նա էլ իր հերթին զանգում է տնօրենին, իսկ տնօրենը զանգում է պահակին: Մի խոսքով, երեք աշակերտով խառնում ենք բոլորին:

Հեռվից պահակին տեսնելով ընդունում ենք մարտական կեցվածք, հասկանալով, որ նա իհարկե, չի շոյի մեր գլուխը:

-Երեխեք ջան, հո չե՞ք վախեցել: Մենակ էսօր եմ շուտ տուն գնացել, տեսեք` ինչ եղավ,- դպրոցի դուռը բացելուց հետո  անհանգստացած հարցրեց մեր պահակը: Մենք նրան հանգստացրինք և պատրաստվում էինք դուրս գալ դպրոցից, երբ մեքենայով եկան մեր դասատուներից ոմանք: Նրանց էլ հանգստացրեցինք և գնացինք տուն:

Իհարկե, միշտ ծիծաղելով ենք հիշում այդ օրը, բայց  կարևորը, կարող ենք ասել, որ մենք մի օր մնացել էինք դպրոցում փակված, կատարվել է մեր մանկության երազանքը… Տարօրինակ երազանք է:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մեր ինքնության պարը

Պարերն ու ես… Մի քիչ անհամատեղելի զույգ ենք: Պարային տվյալներս ու բնավորությունս դեմ են մեր հարաբերություններին, բայց երբ խոսքը գնում է ժողովրդական, ազգագրական պարերի մասին, մեզ ոչինչ չի կարող բաժանել: 

Ճիշտ հասկացաք, այսօրվա նյութս կլինի ազգագրական պարերը…

Մինչ նյութս սկսելը, մտածում էի հենց այս թեմայով գրել, բայց ուղեղս հրաժարվում էր ինձ օգնության հասնել: Պետք էր դիմել սրտին ու զգացմունքներին: Բայց չէ… Ինչ-որ բան էլի այն չէ… Պետք է պարել:  Այսօր ամսվա վերջին ուրբաթն է: Երևի շատերը գիտեն, որ հենց այս օրը Կասկադում միջոցառում է, երբ երիտասարդները համախմբվում և կարելի է ասել, ձեռք-ձեռքի տված պահում են իրենց ինքնությունը: Ես Երևանում եմ, և հասկացա, որ մի քիչ պարելը ինձ չի խանգարի նյութս գրելու համար:

Պարում ենք: Չգիտեմ ով է կողքիս կանգնած, չի էլ հետաքրքրում: Անձրև է սկսում, այն խանգարելու փոխարեն ավելի է ոգևորում երիտասարդներին, հատկապես տղաներին, ովքեր. «սա տղամարդկանց պար է» գոչելով հավաքվում են կենտրոնում: Աղջիկներից ոչ մեկը չի համարձակվում խառնվել «տղամարդկանց պարին»: Ոտքերը ուժեղ հարվածում են գետնին և առաջ գնում (հարվածից ջրափոսի  ջուրը թռչում է վրաս, և ոչինչ որ ես մոտ 4 մետր այն կողմ եմ կանգնած), ձեռքերը պարզում, էլի հետ գալիս ու գոչում «քաշի՜»: Նորից են շրջան կազմում: Այս անգամ ուրիշ բան են գոչում: Ականջներս լարում եմ, բայց չեմ հասկանում:

-Ի՞նչ են ասում,-հարցնում եմ կողքիս կանգնած անծանոթին:

-Իրուր խետ (իրար հետ):

Սկսում է հաջորդ պարը, աղջիկները նույնպես միանում են:  Պարում ես ու մոռանում ամեն ինչի մասին: Սկսում ես մի տեսակ հպարտությամբ հիշել, որ հայ ես: Հիշում ես ժողովրդիդ անցած ուղին, նայում  ներկային ու ժպիտով նայում դեպի ապագա:

Նպատակ, աշխատանք, համառություն

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

-Աշխատասիրություն, երեխաներ, աշխատասիրություն: Կարևոր չէ , թե դպրոց գալուց առաջ քանի թիվ կամ տառ ես իմացել, ոչ էլ կարևոր է տարրական դասարանները գերազանց ավարտելը: Երբեք ուշ չէ սովորելու համար, հիշեք Արթուրին,- միշտ նշում էր քիմիայի ուսուցչուհիս և ավելացնում,- հիշում եմ, որ Արթուրը մինչը 7-րդ, 8-րդ դասարան հազիվ էր կարողանում իր դրական գնահատականը ապահովել և՛ քիմիա, և՛ մաթեմատիկա, և՛ կենսաբանություն առարկաներից: Հետո նա որոշեց աշխատել: Նա սովորում էր, ստիպում էր ինձ, որպեսզի դասերից հետո մնամ և բացատրեմ այս կամ այն խնդիրը: Ես կարող էի մի խնդիրը նրան 5 անգամ բացատրել, բայց եթե չէր հասկանում, էլի էր պահանջում: Գիտե՞ք վերջում ինչ եղավ…  Նա սովորում է բժշկական համալսարանում՝ անվճար:

Բարեբախտաբար բախտ եմ ունեցել քիչ թե շատ ճանաչել Արթուրին: Նա սովորում էր մորեղբորս աղջկա հետ մի դասարանում, և քանի որ նրանք լավ ընկերներ էին, հաճախ առիթ էի ունենում նրան տեսնել քեռուս տանը: Ինձ թվում է, ձեզ էլ հետաքրքրեց այս երիտասարդը: Պատմեմ նրա մասին մի քիչ մանրամասն:

Ինչպես նշեցի, ուսուցիչներս հաճախ էին խոսում Արթուրի մասին: Փոքր հասակում աչքի չի ընկել ուսման մեջ:  Չգիտեմ, շաքար հիվանդությունը, թե այլ բան ստիպեցին նրան երազել բժշկի մասնագիտության մասին, և ոչ միայն երազել…Նպատակ դնել և հասնել: 12-րդ դասարանում սկսեց լրացուցիչ  պարապել քիմիա և կենսաբանություն:  Այդ շրջանում էլ քույրս պատմում էր, որ դասարանի  համար Արթուրը պատրաստել է էլեկտրական դասացուցակ: Դրա էությունը նրանում էր, որ ինչ դաս լինում էր, վառվում էր հենց այդ դասի լույսը: Նաև այդ ժամանակ մեր դպրոցում կար ԷՌՕԴԾ (էներգետիկ  ռեսուրսենրի օգտագործման դպրոցական ծրագիր)  խմբակ, որի շրջանակներում Արթուրը պատրաստել էր փոքրիկ լվացքի մեքենա, որի արտաքինը ուղղակի աղամանի տուփ էր և ստվարաթղթեր: Փոքրիկ մեքենան նույնիսկ լվացել էր գուլպաներ: Նրան դրա համար մրցանակ էին շնորհել, և հիշում եմ, միշտ հպարտությամբ մտնում էինք ԷՌՕԴԾ-ի կայք և հպարտանում ճամբարակցի Արթուրով:

Եկան ընդունելության քննությունները, և Արթուրը 1 թե 2 բալի պատճառով զրկվեց անվճարի հնարավորությունից: Այդ տարին նա չգնաց համալսարան: Սկսեց պարապել  և վերհիշել իր իմացածը: Հաջորդ տարվա ապրիլ-մայիսին մենք հաճախ էինք նրան տեսնում դպրոցում: Գալիս էր քիմիայի ուսուցչուհու մոտ՝ չպարզաբանված խնդիրնրը ևս մեկ անգամ հասկանալու: Կրկին դիմում է համալսարան և առավելագույն բալերով ընդունվում անվճար հիմունքներով:

Միշտ զարմանքով և հիացմունքով եմ նայում այդպիսի մարդկանց: Մտածում եմ, որ ես հաստատ այդքան կամքի ուժ չէի ունենա ամեն ինչ սկսել նոր էջից, պարապել ինքս ինձ, սովորել այդքան քրտնաջան: Շատ սովորելու բան ունենք նման մարդկանցից: Եվ գիտեք ինչ,  բոլորս էլ կարող ենք հասնել բարձունքների, իհարկե տարբեր մարդկանց մտավոր հնարավորությունները տարբեր են,  բայց էական դերը նպատակասլացության, կամքի ուժի, աշխատասիրության տարբերությունն է:

Ամառը Ճամբարակում

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

-Էսօր կիրակի է, չէ՞, ուշադիր եղեք. աղբի մեքենան, որ գա, լսենք,- մեր շենքի գրեթե բոլոր բնակարաններում կիրակի և չորեքշաբթի օրերին օրը սկսվում է այս խոսքերով: Բոլորը թողած իրենց գործերը, սպասում են «ձերդ գերազանցություն» աղբի մեքենային:

-Մա՜մ,-սկսում են երեխաները գոռալ բակից, հարևանները  մեկը մյուսի դռները ծեծելով իջնում են, հետո բակում մի քիչ «ոտները կախ գցում», իրար հայտնում վերջին նորությունները, պայմանավորվում, թե ով ում տուն պետ է գնա սուրճ խմելու:

Մեքենան գնում է, իսկ երեխաները շարունակում են իրենց կիսատ մնացած խաղերը.

-Ես մի պաս ունեի:

-Չէ, արդեն փչել ենք:

-Խարդախ եք խաղում, դե լավ, ոչինչ, արդարությունը միշտ էլ հաղթում է… Հոպ, էլի պաս բռնեցի, տեսա՞ք, ասում էի, չէ՞,-այսպես ոգևորված երեխաները խաղում են «գործնագործ»… Կամ` «կռուգավիկ», կամ`«բադեր և շներ»: Անվանեք խաղը, ինչպես ցանկանում եք:

-Լավ, գնանք ֆուտբոլի դաշտ, արդեն տղերքը հավաքված կլինեն…Տեսա՞ր ոնց երեկ 13:2 հաշվով հաղթեցինք: Էսօր պատասխան խաղ  են պահանջել,- որոշում են մեր բակի տղաները, որոնց թվում նաև եղբայրս է, ով ամեն անգամ իրենց ֆուտբոլային աստղաբաշխական հաշիվները ասելիս,  թվում է, թե բասկետբոլի  խաղի հաշիվ է ասում:

Քիչ անց բակ է իջնում մեր շենքի ամենասիրունիկ աղջիկներից մեկը.

-Էլե՞ն, ես ի՞նչ ես սիրունացել,- հարցնում եմ նրան, ով թվում է դժգոհ այն փաստից, որ բակի տղաները գնացել են ֆուտբոլի դաշտ, դատարկված բակում երեխա էր փնտրում:

-Ուզում էի համերգ ցույց տալ, բայց բոլորը գնացել են,-  դժգոհ պատասխանում է Էլենը և վազում տուն:

Օրը շարունակվում է իր հունով ընթանալ: Մեծերից ոմանք բրդերը հանել են ու պատրաստվում են «չփխել», ոմանք ձմեռվա համար պահածոներ են փակում, ոմանք զբաղված են տնային մյուս գործերով, իսկ երիտասարդները սպասում են երեկոյան զովին, որ գնան մի քիչ զբոսնելու:

-Սյուզ, բարև, գալի՞ս ես դուրս,- զանգում եմ ընկերուհուս:

-Ուզում եմ գալ, բայց մերոնք ասում են, որ կրակոցի ձայներ է գալիս, չեն թողնում,-պատասխանում է ընկերուհիս:

Բայց այդ հանգամանքն էլ ինձ ու մյուս ընկերուհիներիս չի ստիպում նստել տանը: Մենք սահմանամերձ գոտում ենք ապրում` Ճամբարակում, և սահմաններից լսվող կրակոցներին, ցավոք, վարժվել ենք: Հավաքվելով պայմանավորված վայրում, սկսում ենք առաջին հերթին իրար հարցուփորձ անել, թե ով է լսել կրակոցների ձայները:

-Լավ, եկեք թռվռալով ու կոր գծեր գծելով քայլենք, որ թշնամին չկարողանա նշան բռնել,- ծիծաղելով առաջարկում է Լաուրան: Բայց առաջարկը ընդունվում է բավական լուրջ համաձայնությամբ:

-Ախ, երանի ձեռս մի ավտոմատ լիներ ու այ, հիմա սահմանին լինեի… Ես էդ դիպուկահարին ցույց կտայի…,- բորբոքված ասում է Մանեն, իսկ մենք նայում ենք իրար ու ծիծաղում, քանի-որ բոլորս սպասում էինք Մանեի կողմից նման արձագանքի:

Թողնելով այդ խոսակցությունը, սկսում ենք զբոսնել, և մեր քայլերը ակամայից տանում են Ճամբարակի միակ զբոսայգին: Հետո խոսելով անցնում ենք Ճամբարակի  արդեն անգիր արած նույն փողոցներով: Ամեն ինչ նույնն է, միայն խոսակցության թեմաներն են տարբեր: Համարյա տարբեր:

Ահա արդեն ուշ երեկո է: Կրկին հանդիպելու ակնկալիքով բաժանվում ենք:

Մտնում եմ շենքի շքամուտք, և նոր թխած հացի հոտը սկսում է շոյել հոտառական օրգաններս: Սկսում  եմ  բարձրանալ աստիճաններով, հույս ունենալով, որ բույրի վերջին կայարանը կլինի մեր տունը:

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի