Անահիտ Բաղշեցյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լույս, լույս զվարթ…

anahit baghshetsyan

Ընդամենը մեկ պտույտ

Ըհըն։ Ոնց որ թե ամեն ինչ հասցրել ենք։ Կարելի է հանգիստ ու խորը շունչ քաշել։ Վերջապես ամանորյա լարվածությունը դուրս է գալիս մեր տանից։

Մտածում եմ, որ եթե երկու այլմոլորակայիններ միասին ինչ-որ անհայտ գալակտիկայի անհայտ երկնային մարմնից հեռադիտակով նայեին Երկրին` մեզ բոլորիս խելագարված կհամարեին։ Միասին կխոսեին ու չէին հասկանա, թե ինչու է 7 միլիարդից ավել մարդ ուրախանում այն փաստից, որ Երկիրը մի պտույտ է կատարել Արեգակի շուրջը։ Հերիք չէ ուրախանում են, մի հատ էլ սեղան են գցում, երգում, պարում, իրար նվերներ նվիրում ու վերջում էլ բողոքում, որ շատ ծախսատար էր այդ ամենը։

Բայց դե այդ երկու արարածներին դժվար կլիներ բացատրել, որ այդ մեկ պտույտը բոլորի կյանքում շատ նշանակալից է եղել։ Նրանք հաստատ չեն իմանա, որ այս տարի Հայաստանում հեղափոխություն է եղել, այն էլ Թավշյա։ Բացի պատմական հեղափոխությունից նաև պատմական ու հեքիաթային հարսանիք է եղել Անգլիայի թագավորական ընտանիքում։ Հա՜, ամենակարևորը մոռացա․ առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որին հետևել եմ։ Դե, տեխնոլոգիաներն էլ ահագին զարգացել են։ Բոստոնում ստեղծվել է վազող ռոբոտ, Apple-ը սպառողին է հանձնել իր նորագույն ապրանքները՝ ավելի մեծ էկրանով, ավելի վառ գունային գամմայով։ Ճապոնիայում էլ ինչ-որ ռոբոտ իր թեկնածությունն էր առաջադրել ընտրություններին ու 4000 քվե հավաքել։ Կալիֆորնիայում հրդեհներ են եղել, վառվել են հազարավոր բնակավայրեր։ Ցավոք սրտի, պտույտի ընթացքում Սթիվեն Հոկինգը մահացել է։

Բայց հավանականությունը, որ այդ երկու արարածներն իրենց բանն ու գործը թողած ինձ կլսեն, ձգտում է զրոյի։ Դրա համար ես ինքս ինձ կպատմեմ այս տարվա նվաճումները ու ինքս ինձ կուրախանամ։ Հետո կհիշեմ, որ այս տարի իմ կյանքն էլ հետաքրքիր շրջադարձներ է ունեցել, կժպտամ ու նոր պտույտին կպատրաստվեմ։

Ինչ արած, մի բան ձեռնարկենք մյուս տարվա պտույտի ընթացքում, որ  մոտիկից պատմեմ այսքան բանը երկու զարմացած այլմոլորակայիններին։

Ծանոթացեք. «Զանգակ» հրատարակչություն

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

-Բարև Ձեզ, կներկայանա՞ք։

-Ես Էմին Մկրտչյանն եմ։ Զբաղվում եմ հրատարակչական, տպագրական և գրավաճառ գործունեությամբ։

-Կպատմե՞ք «Զանգակ» հրատարակչության մասին։ Ի՞նչ ուղի է անցել «Զանգակը»։

-«Զանգակ» հրատարակչությունը ստեղծվել է 1997 թվականին իմ ընտանիքի կողմից։ Հայրս և մայրս են հիմնադրել՝ փոքրաթիվ աշխատակազմով, քիչ հնարավորություններով։ Հիմնադիրների և աշխատակազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք այսօր համարվում ենք հրատարակչական ոլորտում առաջատար: «Զանգակի» տպագրական բազան նույնպես բավականին հզոր է: Հրատարակչական գործունեությանը զուգահեռ «Զանգակ»-ն այսօր ծավալում է նաև գրավաճառ գործունեություն և արդեն ունի գրատների չորս մասնաճյուղից բաղկացած ցանց:

-Ո՞րն է «Զանգակ» հրատարակչության նպատակը։

-«Զանգակ» հրատարակչության նպատակն է` նպաստել գրավոր մշակույթի տարածմանը թե՛ հայկական, և թե՛ արտասահմանյան ստեղծագործությունների հրատարակման միջոցով, հայախոս ընթերցողին հասանելի դարձնել արժեքավոր գրքեր։

-Իսկ ի՞նչ կպատմեք տպագրվող գրքի ընտրության մասին։

-Գրքերն ընտրվում են ամենատարբեր եղանակներով։ Հրատարակչական որոշումները կայացվում են մի քանի փուլով՝ հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` գրքի գրական արժեքը, հեղինակի հանրահայտությունը, նմանատիպ ստեղծագործությունների պահանջարկը և այլն: Մենք հետևում ենք միջազգային գրական աշխարհի անցուդարձին, միտումներին։ Ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնք մեզ հուշում կամ առաջարկում են վաճառվող, հետաքրքիր ու արժեքավոր գրքեր իրենց ընտրությամբ։ Բնականաբար այդ առաջարկներն ավելի շատ են, քան մենք հրատարակում ենք, բայց դրանք մեզ օգնում են գրքերի ընտրության հարցում։ Միևնույն ժամանակ, հետևում ենք միջազգային մամուլին, ստանում առաջարկներ նաև հայ գրողներից: Մեր գրականագետները նաև ուսումնասիրում են, թե դասական գրականության ինչ գործեր են դեռևս մնացել ստվերում, որոնք վերահրատարակելու կարիք կա։ Մենք ընդունում ենք առաջարկներ նաև թարգմանիչներից, քանի որ նրանք նույնպես հետևում են գրական անցուդարձին և ինչ-որ իմաստով հենց ընտրողի դերն են կատարում։ Մենք ունենք ուսումնասիրվող ցանկեր, որտեղ ներառված գրքերը կա՛մ անցնում են հրատարակման հաջորդ փուլ, կա՛մ հետագայում ինչ-որ պատճառով դուրս են մնում ցանկից: Յուրաքանչյուր տարեվերջին մենք կազմում ենք հաջորդ տարվա հրատարակությունների ցանկը, թեև տարվա ընթացքում երբեմն ծնվում են գաղափարներ, որոնք հնարավոր է շատ արագ իրագործել, և մենք տարեկան ծրագրին հավելում ենք նաև այդ կարճաժամկետ ու արագ որոշումները։

-Իսկ ինչպե՞ս եք գրավում ընթերցողին։

- Ընթերցողին գրավելու մեկ հիմնական ճանապարհ կա․ հրատարակել պիտանի և արժեքավոր գրքեր։ Իհարկե, շատ կարևոր է նաև գրքի ապրանքային տեսքը։ Միևնույն գիրքը եթե հրատարակվի վատ կամ լավ  որակի (թղթի ընտրության, տպագրության և ձևավորման առումով), ապա տպաքանակները խիստ կտարբերվեն իրարից։ Իհարկե, կան ընթերցողներ, որ գնահատում են բովանդակության արժեքը և ձեռք կբերեն նաև վատ տպագրված գիրքը, բայց փորձը ցույց է տալիս, որ լավ տպագրված գիրքն իր ճանապարհն ավելի հեշտ է հարթում։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

-Արդյոք տեսնո՞ւմ եք Հայաստանում ընթերցասեր հասարակություն։

- Իհարկե, մենք ունենք ընթերցասեր հասարակություն, սակայն ընթերցանությունը՝ որպես թե՛ ժամանցի և թե՛ ինքնակրթման, ինքնակատարելագործման միջոց, էլ ավելի պետք է ամրապնդի իր դիրքերը:

-Իսկ ձեր ոլորտում կա՞ մրցակցություն։ Կա՞ն թելադրող հրատարակչություններ։

-Իհարկե, կա մրցակցություն։ Մենք ավելի ուրախ կլինենք, որ առողջ մրցակցություն լինի, ինչը կնպաստի նաև ոլորտի զարգացմանը, և մենք կկարողանանք ավելի ճկուն լինել: Մեկ կազմակերպությունը չի կարող ոլորտն ուժեղացնել։ Մենք պետք է ունենանք գործընկերներ, դաշտում կայացած ընկերություններ։ Սա նաև կնպաստի մասնագիտական խմբերի աճին` հեղինակների, թարգմանիչների, գրողների, գրավաճառների։ Այսօր շատ մասնագետների ինքներս ենք վերապատրաստում։ Ոլորտի զարգացմանը զուգընթաց կավելանան նաև մասնագետների թիվն ու մասնագիտական մրցակցության հնարավորությունները:

-Ի՞նչ հաջողություններ է գրանցել հրատարակչությունը այս տարի։

-2018-ին մենք հրատարակեցինք շուրջ 60 գիրք, վերահրատարակեցինք շուրջ 100-ը մեր առկա ցանկից։ Ամռանը բացվեց մեր գրատան նոր մասնաճյուղը մայրաքաղաքի կենտրոնում: «Զանգակը» մասնակցեց Բոլոնիայի, Ֆրանկֆուրտի, Մոսկվայի, Ղազախստանի գրքի միջազգային ցուցահանդեսներին` ներկայացնելով իր լավագույն հրատարակությունները: Բոլոնիայի ցուցահանդեսում մենք ընդգրկվեցինք Ասիա աշխարհամասում մանկական հրատարակիչների լավագույն հնգյակում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ասիայում որքան մանկական գրքի հրատարակիչներ կան, օրինակ՝ Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, Հնդկաստանում, Չինաստանում։ Մեր գրքերից մեկը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում մանկապատանեկան գերմանական գրադարանի կողմից արժանացավ «Սպիտակ ագռավ» ցանկում մրցանակին որպես լավագույն հրատարակություն և  ընդգրկվեց միջազգային երիտասարդական գրադարանի տարվա ցանկում։ 2018-ին մեր տպարանում ներդրվեցին նոր տեխնոլոգիաներ՝ ավելի որակյալ գրքեր տպագրելու համար։ «Զանգակի» աշխատակազմը համալրվել է շուրջ 10 %-ով, մենք արդեն նոր գրասենյակային պայմաններում ենք աշխատում. սա իհարկե ներքին հաջողություն է, բայց մեզ համար ոչ պակաս կարևոր։

-Ի՞նչ ծրագրեր ու անակնկալներ է պատրաստել «Զանգակ» հրատարակչությունը գալիք տարվա համար։

-Մենք պատրաստել ենք ակումբային ձևաչափի մի շարք նոր միջոցառումներ՝ ընթերցանությունը խթանելու համար, և բնականաբար բազմաթիվ նոր գրքեր, նոր շարքեր՝ թե՛ պատանեկան, թե՛ մանկական, թե՛ թարգմանական ժամանակակից գրականության։

-Եվ վերջում, կպատմե՞ք գիրք ստեղծող և գրքերով շրջապատված մարդու առօրյայի մասին։

- Իմ օրերն ինչ-որ իմաստով իրար նման են անցնում, միևնույն ժամանակ, ապահովված է բազմազանությունը:  Գործի բնույթը նույնն է յուրաքանչյուր օր, բայց առարկան տարբեր է։ Յուրաքանչյուր նոր օր ես գործ եմ  ունենում մի նոր հետաքրքիր գրքի կամ նախագծի հետ։ Ես սիրում եմ ճամփորդել՝ համատեղելով հանգիստը աշխատանքի հետ։ Հիմնականում ճամփորդություններս միշտ սկսվում են գործնական նպատակներով և ավարտվում ոչ գործնականով։

-Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։

-Խնդրեմ։ Հուսով եմ՝ մոտ ապագայում էլի կզրուցենք և կկարողանանք միասին գնահատել «Զանգակ» հրատարակչության հաջողությունները։

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Մի օր Պրահայում

anahit baghshetsyan

Այսօր մարդու իրավունքների օրն է

Ինչպես 21-րդ դարի բոլոր ներկայացուցիչները, այդպես էլ ես, գուգլի որոնման դաշտում գրում եմ ինձ հետաքրքրող բոլոր թեմաները։ Այսօր գուգլին բախտ է վիճակվել ինձ ցույց տալու «Մարդու իրավունքների միջազգային օր» որոնման արդյունքները։

1950թ. դեկտեմբերի 4-ին Ընդլայնված նիստում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանեց որպես Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին և շահագրգռված կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այս օրը և անցկացնել համապատասխան միջոցառումներ:

Գուգլին ժամանակավորապես թողնում եմ միայնակ։ Փոխարենը էկրանիս օրացույց է երևում։ Դեկտեմբերի տասը երկուշաբթի է։ Եղանակն ամպամած է լինելու։ Դասացուցակումս իմ սիրած դասաժամերից կան։

Առավոտյան հավանաբար կգնամ դասի։ Հանրահաշվի ժամին գրավոր կգրենք։ Քանի որ կիսամյակային է լինելու, շատ վատ կգրեմ։ Մնացած դասաժամերը կանցնեն աղմկոտ։ Ֆիզիկայի ուսուցիչս ինչպես միշտ, նկատողություն կանի երկու դասընկերներիս, որովհետև էլի շատ են խորացել այդ գիտության աշխարհում ու հետաքրքիր քննարկումների մեջ են։ Դասընկերս էլ կհարցնի՝ արդյոք իրավունք չունի՞ դասաժամի թեման քննարկել կողքին նստողի հետ։ Ո՛չ։ Վստահեցնում եմ՝ հենց այսպես էլ հնչելու է։ Կոպիտ ու ահարկու։ Ես էլ, ինչպես միշտ, դասարանից դուրս գալու իրավունք կխնդրեմ, բայց, դե գիտեք՝ կոպիտ ու ահարկու պատասխան կստանամ։ Հաջորդ դասաժամին էլ դասընկերներս ուշացած կմտնեն դասարան։ Բայց դասարանում նստելու իրավունք կունենա՞ն։ Կոպիտ ու ահարկու պատասխան, իհարկե։

Դասից կգամ տուն։ Ինչպես միշտ, Կոմիտաս փողոցի շուկայի մոտ վարորդը ճանապարհ կտա անցնող մարդկանց ու մտքում կասի, որ իրենք իրավունք չունեն այդտեղով անցնելու, մեկը, որ անուշադիր եղավ, պատմական վթար կառաջանա։ Հետո կգամ տուն, էլի կխոսենք արտագաղթող ժողովրդից։ Բայց էս անգամ ես մամային կասեմ, որ Մարդու իրավունքների հռչակագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ բոլորն ունեն իրավունք իրենց երկիրը լքելու և իրենց երկիր վերադառնալու։ Ամենասովորական երկուշաբթին կլինի։ Չնայած․․․ Երկուշաբթի իրավունքներիս համար կպայքարեմ։

Իրավունքներիս տուփիկի մեջ եմ ապրում փաստորեն։ Է՜, ես երեխաների իրավունքների պաշտպանության օրն եմ սիրում։ Լիքը քաղցր բամբակ կա։

anahit baghshetsyan

Նորմալը, չափն ու սևակի չիբուխը

Մարդաշատ օդանավակայանում գտել եմ մի անկյուն, որտեղ և՛ վարդակ կա, և՛ նստելու տեղ, և՛ ինտերնետ՝ օդանավակայանի դրախտը։ Ու քանի որ այս փոքրիկ դրախտը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ընկերներիս հետ, դրանով էլ զբաղված եմ։ Մատներս արագ-արագ հպվում են հեռախոսիս էկրանին ու հաղորդագրություններ ուղարկում տարբեր երկրներ։

-Լա՛վ, մի հատ ասա` ինչի՞ մասին նյութ գրեմ։

Պատասխանը երկար չի սպասեցնում։

-Նորմալի։

-Այսի՞նքն։

-Նորմալ երևույթի մասին։ Թե ով ա ասել, ինչն ա նորմալ։

-Լավ, իսկ քո համար ի՞նչ ա նորմալը։

-Ցանկացած բան, որից ոչինչ չի տուժում։

Նույն հարցը տալիս եմ ինձ։ Պատասխանը չի տարբերվում։ Փորձում եմ հիշել երևույթներ, որոնք ինձ համար եղել են աննորմալ։ Հիշողություններս արդեն տասնմեկերորդ անգամ ընդհատվում են օդանավակայանի աշխատակցուհու ձայնով, որը խնդրում է դեպի Թել-Ավիվ թռչող ինքնաթիռի վերջին ուղևորուհուն մոտենալ տերմինալին։ Հասկանում եմ, որ այս երևույթը հաստատ նորմալ չէ։ Հարյուրավոր մարդիկ օդանավում նստած սպասում են ինչ-որ կնոջ, որը հայտնի չէ` կժամանի՞, թե՞ ոչ։ Գեղեցիկ երևույթ չէ։ Բայց եթե Սևակը, չիբուխը բերանին,  կողքիս նստած լիներ, կասեր.

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,

Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել,

Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել․․․»։

Ես էլ լուռ կլսեի ու չէի իմանա՝ ինչ պատասխանել։ Շուրջս Սևակի տված հարցն ու նորմալի սահմանումն է։ Նորմալի սահմանումից որոշում եմ ազատվել։ Ինքս նոր սահմանում հորինել։ Որոշում եմ, որ նորմալը քայլերն ու երևույթներն են, որոնք կատարելիս ստանում ես ուզածդ, բայց չես խախտում դիմացինիդ իրավունքները։ Նորմալ եմ համարում դասից ուշանալը, ավտոբուսում տարեցներին տեղդ զիջելն ու ուրիշի հետ չհամաձայնվելը։ Հարցը համարում եմ փակված։ Մնում եմ Սևակի հետ մենակ։ Մնաց պարզեմ, թե ո՞վ է չափը սահմանել։ Չափը սահմանել է հասարակությունը։ Կազմված հազարավոր հասարակ մարդկանցից, որոնք վախենում են իրենց իրական կերպարներից։ Վախենում են դիմացինի կարծիքից ու կողքինի հայացքից։ Հասկանում եմ, որ Սևակի նման անչափ նվիրվել ու ուրախությունից գոռալ եմ ուզում։ Բայց անչափ նորմալ ապրել կլինի՞։

Օդանավակայանի աշխատակցուհին արդեն հիսուներորդ անգամ խնդրում է դեպի Թել-Ավիվ թռչող ինքնաթիռի ուղևորուհուն մոտենալ տերմինալ։ Հետո էլ նույն բանը խնդրում է դեպի Երևան չվերթի բոլոր ուղևորներին։ Հանգցնում եմ Սևակի չիբուխը, վերցնում եմ հեռախոսս, վերջին տխուր հայացքը նետում վարդակին ու գնում եմ նորմալ անչափ կյանքս շարունակելու։

anahit baghshetsyan

133-ի ալիքներում խեղդվելիս

Ու մեր տանը կրկին ժամը 3:15-ին լսվում է իմ սենյակի դռան շրխկոցը։ Չնայած՝ ոչ մեկն էլ չի լսում, որովհետև տանը մենակ եմ։ Պայուսակս դնում եմ սենյակում ու սիրով ընկնում մահճակալիս վրա։ Ու ամեն անգամ գործողությունների այս շարանը կրկնելիս հասկանում եմ, որ առավոտը անկողնուց վեր չկենալն ու մի երեք ժամ ավել քնելն ավելի ճիշտ կլիներ։ Դպրոցում ոչ մի նորմալ բան չսովորեցինք։ Մոտ մեկ ժամ տառապում եմ այս ճակատագրական հարցի շուրջը մտորելով։ Հետո հեռախոսս զանգում է։

-Հա՛, մա՛մ։

-Ա՛ն, տանն ես, չէ՞։

-Հա՛ մամ, քեզ գրել եմ, որ տանն եմ։

-Լա՛վ, դասերդ արա։ Մի քիչ հետո կգամ, միասին կճաշենք։

Զանգը հուշում էր, որ պիտի շարժվեմ դասագրքաշատ գրասեղանիս ուղղությամբ, իսկ մտքերս թողնեմ մահճակալիս կողքին։

133: Դու միգուցե մտածեցիր, որ եթե հայտնվես Չիլիում ու քեզ վրա հարձակվեն, 911-ի փոխարեն կզանգես 133։ Ճիշտ մտածեցիր։ Բայց իմ գրասեղանը Չիլին չէ։ Ուղղակի գրասեղանիս վրա ինձ սպասում է Ֆիզիկայի դասագիրքը, որն ունի 133 պարագրաֆ։ 133 նոր պատճառ ֆիզիկան չսիրելու համար։ Սիրեմ, թե չսիրեմ, պիտի սովորեմ։ Ինչի՞ համար, կհարցնես։ Ես էլ չգիտեմ, ինքս ինձ որոշել եմ։ Թող մնա, մնացածը կանեմ, վերջում էլ դասն անգիր կանեմ։

Հայացքս թեքում եմ մյուս կողմ։ Անգլերենի դասագիրք, վրան հայերեն տառերով գրված «Անգլերեն»։ Ախր, ո՞ր մի իրեն հարգող օտար լեզվի դասագրքի կազմի վրա հայերեն տառեր կտեսնեք։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, որ ներսում չկա ոչ մի բան, որ կօգնի ձեզ բարելավելու ձեր գիտելիքները։ Էս անցանք։

Վերցնում եմ հանրահաշվի դասագիրքը։ Դասագրքերի թոփ տասնյակում առաջատարը։ Ցավոք սրտի իմ թոփ տասնյակում ընդամենը երկու հորիզոնական կա՝ առաջին՝ հանրահաշիվ և երկրորդ՝ երկրաչափություն։ Սկսում եմ լուծել պարզագույն լոգարիթմական անհավասարումներ։ Քսան հատ։ Վատ չի։ Բայց քսանն էլ նույն կերպ են լուծվում։ Ոչ մի հետաքրքիր կամ գրավիչ բան։ Լավ, սպասիր վերջին վարժություններից սկսեմ։ 162-ը ստացվեց։ 161-ն ու 160-ը լրիվ նույնն են։ Մնացածն էլ արել եմ։ Ոչ մի հետաքրքիր բան։ Հիասթափությամբ փակում եմ եզակի հաջողված դասագիրքը։ Հանրից էլ պրծա։

Պատմության դասագրքի կողմ նույնիսկ չեմ նայում։ Թվանշաններն ու իրադարձությունները չափից դուրս շատ են, չափից դուրս ուռճացրած ու ոչ ստույգ։ Բացի այդ, նույն դասը 8-րդ դասարանում էլ եմ սովորել, պատմել եմ ու 10 եմ ստացել։

Հասարակագիտության դասագրքի վրա լուրջ ներդրում է կատարված։ Պարզ երևում է։ Ամեն բան արել են, որ նախադասությունը կարդալիս երեք բառից ավել ոչ մի բան չհասկանաս։ Վաղը հասարակ չունենք, ուրեմն էսօր վերծանելու կարիք չկա։

Դասագրքերն ավարտվեցին։ Այսինքն՝ դասերս էլ արեցի։ Վա՜յ, ոնց էի մոռացել։ Ֆիզիկան մնաց։ 15 հատ էլ խնդիր հանձնարարեց։ Դժկամությամբ բացում եմ դասագիրքը ու սկսում դասը կարդալու տքնաջան պրոցեսը։ «Ինչպես հասկացանք նախորդ՝ 26-րդ պարագրաֆից․․․»։ Ոնց չեմ սիրում էս նախորդ պարագրաֆը։ Լավ, շարունակում եմ կարդալը։ Որ էս դասն էլ կարդամ, կմնա ընդամենը 106 պարագրաֆ։ Հեռախոսս զանգում է․

-Հա, մամ։

-Ան, ես հասնում եմ։ Դասերդ սկսե՞լ ես։

-Հա, մամ, մնաց ֆիզիկան։ Մնաց 106 պարագրաֆ․․․

anahit baghshetsyan

Քեզ գնդակ կբերեմ

Ամառ էր՝ շոգ հուլիս։ Տառապում էի անգործությամբ՝ շրջում էի ֆեյսբուքով։ Հանկարծ ստացա մի հաղորդագրություն։ Ծանոթներիցս մեկը ինձ հրավիրում էր կամավորական աշխատանքներ կատարելու միջազգային կինոփառատոնում։ Ուրախացա ու քայլերս ուղղեցի դեպի խոհանոց, որ մայրիկից թույլտվություն խնդրեմ։ Մինչև կհասնեի խոհանոցի դռանը, տեսա, որ փառատոնը տեղի է ունենալու ինչ-որ գյուղում։ Որոշեցի հետ գնալ իմ սենյակ ու մերժել առաջարկը, բայց ներսիս արկածատենչ Անահիտը մտավ խոհանոց ու բոլոր մանրամասները ներկայացրեց մայրիկին։ Իսկ արկածատենչ Անահիտի մայրիկը սիրով համաձայնեց։

Օրեր անց Անահիտը սկսել էր իր արկածները գյուղում։

Ազատ ժամանակս ծախսում էի գյուղացիների հետ ծանոթանալու ու զրույցներ վարելու վրա։ Արմանի՝ գյուղի դպրոցական տղաներից մեկի հետ ունեցած զրույցս գյուղական կենցաղի, գյուղացիների և գյուղերի դրության մասին պատկերացումներս տակնուվրա արեց։ Արմանը պատմեց, որ իրենց դպրոցում ընդամենը տասնմեկ աշակերտ կա (շատ էի զարմացել), դասերը հետաքրքիր չեն, աշակերտները քիչ են։ Ու երբ ավարտվեցին այն թեմաները, որոնց շուրջ կարելի էր զրուցել տասնամյա տղայի հետ, ուղղակի հարցրեցի․

-Արմա՜ն, հեչ մտածե՞լ ես՝ ինչ ես դառնալու, որ մեծանաս։

-Հա՛, բա ոնց, ֆուտբոլիստ եմ դառնալու։

Ուրախացա՝ մտածելով, որ կարելի է տասնամյա դպրոցականի հետ քննարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

-Լո՞ւրջ։ Բա ո՞ւմ կողմից էիր՝ Ֆրանսիայի՞, թե՞ Խորվաթիայի։

-Ե՞րբ։

-Ոնց երբ։ Մի քանի օր առաջ։ Աշխարհի առաջնությանը։

-Ի՞նչ առաջնություն։

Էլ հարց չտվեցի․ Արմանենց տանը ո՛չ համակարգիչ կար, ո՛չ հեռուստացույց։ Հետո առաջարկեցի միասին ֆուտբոլ խաղալ։

-Ինչո՞վ։

-Ա՛րմ, դու ֆուտբոլը բացի գնդակից էլ ինչո՞վ ես խաղացել։

-Հա, բայց ես գնդակ չունեմ, ընկերներիցս մեկը ուներ, էն էլ գնացել ա, վաղուց էլ գյուղում չի ապրում։

-Ուրեմն արի գնանք խանութից առնենք։ էնտեղ էլ հո կլինի։

-Ո՞ր խանութից։ Մեր գյուղի՞։

-Ուրիշ խանութ մոտերքում չկա։

-Մեր խանութում մենակ աղ կա։ Հա՜, մեկ էլ արաղ։

Խոսակցությունը ընդմիջվեց ինչ-որ ճնշող լռությամբ, որովհետև ասելիք չունեի։ Որովհետև տասնամյա դպրոցականի հետ զրուցելու ավելի շատ թեմա կար, քան ես պատկերացնում էի։ Զրույցից հետո էլ մտահոգվելու հազար ու մի տեղիք կար։

-Լա՛վ, Արմա՛ն, մյուս անգամ, որ գամ, գնդակ կբերեմ, որ քեզ իսկական ֆուտբոլիստ դարձնենք։

-Լո՞ւրջ։

-Հա՛, բա ոնց։ Հիմա կանգնի ու ժպտա, որ քեզ նկարեմ․․․

anahit baghshetsyan

Երևանը մեղավոր չի

Եղանակն ամպած է։ Ուժեղ անձրև, անտանելի քամի ու գունավոր անձրևանոցներ։

Ես սիրում եմ աշնան ստեղծագործությունները, բայց Երևանը այդ ստեղծագործությունների գրկում, տանել չեմ կարողանում։ Առանց անձրևի ու քամու գոռում-գոչյունների էլ ակնհայտ է, որ էստեղ ապրող ժողովուրդը դժգոհ է, բայց աշունը ամեն ջանք գործադրում է, որ դժգոհությունն ավելի ուժգին արտահայտվի։

Նայում եմ փողոցով քայլող մարդկանց դեմքին ու տեսնում եմ հիասթափության անդունդներ։ Անդունդներ, որոնք լցված են ասված ու չասված խոսքերով, իրականացված ու դեռ չիրականացված սպասելիքներով, դատարկ մտքերով ու անորոշ ապագայով։

Ուզում եմ ասել նման անդունդը գլորվող բոլոր մարդկանց, որ էս քաղաքը մեղավոր չի։ Երևանը մեղավոր չէ, որ քո մանկական երազանքները չեն իրականացել, ու դու չես դարձել քո երազած մասնագետը, փոխարենը դասի ժամանակ կատարած նշումների, դասագրքերի ու դասախոսների ցուցումների արանքում փորձում ես գտնել ինքդ քեզ։ Երևանի նեղ փողոցների կիսահանգած լույսերը մեղավոր չեն քո ներսում մարող հույսի համար։ Էս փոքր քաղաքում մի՛ փնտրիր այն հազարավոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են իրականությունդ մոխրագույն ներկել ու մոռանալ գլխումդ կառուցված հեքիաթային քաղաքը։ Երևանը մեղավոր չէ, որ իր աշնանային քամիները տերևներից բացի իրենց հետ միասին տանում են նաև քո բոլոր սպասելիքներն ու բոլոր ընկերներին։ Ու պետք չէ մեղադրել Երևանին միայն նրա համար, որ 15 համարի ավտոբուսի մեջ, բացի մարմնիցդ, ճմրթվում ու անհետ կորում են քո բոլոր-բոլոր նպատակները։ Երևանը մեղավոր չէ, որ նպատակներդ իր հետ տանող ավտոբուսից իջնելուց հետո կոտրվում են մտքերդ ու ցանկություններդ՝ տեղ տալով դժգոհություններին ու հառաչանքներին։ Հայաստանի էս փոքր մայրաքաղաքը մեղք չունի այն բանում, որ դու էստեղ չես գտնում հոլիվուդյան ֆիլմերում նկարագրվող սերն ու այդ նկարագրությունը ստեղծող դերասաններին։ Չնայած հոլիվուդյան սերն ու դերասանները, բացի Հոլիվուդից, ուրիշ տեղ չես էլ գտնի, ո՛չ Կոլումբիայում, ո՛չ Մոզամբիկում, ո՛չ էլ Միլանում։ Միգուցե այն հասարակ պատճառով, որ այդ սերն ավելի շատ ուտոպիական է, քան իրական։

Ո՛չ Երևանը մեղք ունի, ո՛չ աշունը, ո՛չ էլ անձրևը․․․

Հոլիվուդյան սերն ու նոր նպատակներդ շուտով ձեր տան դուռը կթակեն: