Ջուլիետա Ստեփանյանի բոլոր հրապարակումները

julieta stepanyan kotayk

Իմ Հրազդանը

Հրազդան քաղաքի իմ թաղամասում չկան գեղեցիկ շինություններ, գրադարաններ, կինոթատրոններ, սրճարաններ կամ այլ ժամանցի վայրեր: Չկան առևտրի կենտրոններ, խաղահրապարակներ: Փոխարենը կա այն հատվածը, որտեղից ես ու Լիանան փոքր տարիքում ծաղկի թերթիկներ ու տերևներ էինք հավաքում, որպեսզի «ճաշ եփենք»:

Կա այն նստարանը, որտեղ թե՛ տխուր, և թե՛ ուրախ պահերին ես ու Աննան կիթառ էինք նվագում: Ու երբ նվագում, երգում էինք Սեմ Սմիթի երգերից, Արմինեն պարտադիր ասում էր.
-Երեխեք, նենց բան երգեք, որ մենք էլ իմանանք, էլի:
Միգուցե Արմինեն Սմիթի դեմ ինչ-որ բա՞ն ունի: Ո՞վ իմանա:
Կա այն պատը, որի մոտ տասնյակ ժամեր էինք անցկացնում ու Արմինեի պատկերացրած լուսանկարը ստանալու հազարավոր փորձեր էինք անում:
Կա այն բանջարանոցը, որի կողքին միշտ մեծ զգուշությամբ էինք գնդակով խաղում, որ գնդակը չընկներ այնտեղ, ու Քնար տատիկը չծակեր այն:
Կա այն տանիքը, ուր միշտ ուզում էինք բարձրանալ ու նայել աստղերին, բայց էդպես էլ համարձակություն չունեցանք: Եվ վերջապես կա այն աստիճանը, որի միջոցով պիտի բարձրանայինք տանիք, բայց մնաց մեզ սպասելով:
Այս ամենը ավելի շատ են գեղեցկացնում իմ թաղամասը, քան դա կանեին զվարճանքի կենտրոնները:
Մեր թաղամասը այնքա՜ն պինդ կապերով է մեզ կապել, որ ազատվելն անհնար կլինի: Ու այդ կապերից մեկը հենց մեր ամուր ընկերությունն է:
Հենց իմ թաղամասում են լինում ամենագեղեցիկ մայրամուտներն ու լուսաբացները: