Մանուշակ Մելքոնյանի բոլոր հրապարակումները

Սպասիր ինձ

Ներծծվեց հողում՝ արյունս զուլալ

Մայրս էլ հեռվում, կորուստս կուլար….

Սիրակ Ազիզյան

 

Այժմ շատ են հնչում այնպիսի խոսքեր, թե մեր օրերում չեն հանդիպում գրական աշխատանքով զբաղվողներ և չունենք ժամանակակից գրողներ։

Պարզելու համար, թե ինչու է այսպիսի կարծրատիպ ձևավորվել, զրուցել եմ մերօրյա գրող, «Սպասիր ինձ» բանաստեղծական ժողովածուի հեղինակ Սիրակ Ազիզյանի հետ:

 

-Սիրա՛կ, մենք գիտենք, որ Դուք ստեղծագործում եք և արդեն ունեք տպագրված գիրք։ Կասե՞ք` երբ հասկացաք, որ ունեք ստեղծագործական ջիղ և ո՞ր տարիքից եք սկսել գրել։

- Դեռ դպրոցական տարիքից զգացել եմ, որ ունեմ ստեղծագործական ունակություն, բայց կարելի է ասել, չէի համարձակվում մտքերս թղթին հանձնել։ Գրել սկսել եմ 2017թ. Մոսկվայում։ Աշխատանքի վայրում էի, երբ հետաքրքիր տողեր եկան մտքիս և որոշեցի դրանք պահպանել հեռախոսի մեջ, այնուհետև հրապարակեցի նաև սոցցանցերում։ Այդ ժամանակ 22 տարեկան էի։

- Հիշո՞ւմ եք առաջին ստեղծագործությունը, ո՞րն էր թեման և ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը:

- Իհարկե, առաջին գիրս միշտ  հիշողությանս մեջ է, այն հայրենասիրական էր։ Քառօրյա պատերազմից շատ ժամանակ չէր անցել, և կարելի է ասել, վերքերը դեռ թարմ էին. կորցրել էի հրամանատարիս և ինձ հետ ծառայող շատ ընկերների։ Ուստի այս ամենը պատճառ հանդիսացավ, որ առաջին տողերս լինեն հայրենասիրական:

- Ուսումնասիրելով Ձեր ստեղծագործությունները, նկատելի է դառնում, որ դրանք բազմաբովանդակ են և տարաբնույթ, այնտեղ ներառված են թե՛ հայրենասիրական, թե՛ սիրային, թե՛ բնությանը նվիրված և այլ թեմաներ։ Կասե՞ք` ինչով է պայմանավորված այդ հանգամանքը: 

- Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, մտքերս են այդպիսին։ Ինքս էլ հաճախ մտածում եմ այն մասին, թե երբ որոշեմ բոլոր ստեղծագործություններս մեկ գրքում ներառել, ինչպես կանվանեմ այն, քանի որ իսկապես, միմյանցից շատ տարբեր թեմաներով եմ ստեղծագործում։

- Իսկ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

- Ներշնչանքի աղբյուր որպես այդպիսին, կարող եմ ասել` չկա, հիմնականում ստեղծագործում եմ զգացողություններիցս ելնելով։ Այսինքն, գրում եմ այն, ինչ թելադրում է միտքս։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հասարակությունը համարում, թե այժմ գրականությունը չի զարգանում, և  չկան ժամանակակից գրողներ:

- Իմ կարծիքով, գրողներ միշտ էլ եղել են, ամեն սերնդի մեջ։ Սակայն հարկ է նշել, որ մեզնից ավագ սերնդի գրողները ավելի հանճարեղ են եղել և բնականաբար, գրականությունն էլ ավելի մեծ թափով է զարգացել, քան այժմ։ Բայց ժամանակակից գրողներ իհարկե շատ կան։

- Ո՞վ է Ձեզ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը և գրողը, ում հետ կցանկանայիք ճաշել։

- Ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը մնում է Հովհաննես Շիրազը։ Նրա ստեղծագործություններում ես վերագտնում եմ ինձ։

Իսկ գրող, ում հետ կցանկանայի ճաշել, երևի թե չեմ կարող առանձնացնել, առհասարակ կուզենայի մի մեծ սեղանի շուրջ միաժամանակ նստել մի քանի գրողների հետ՝ Թումանյան, Շիրազ, Սահյան, Տերյան, նրանք ըստ իս, լավագույններից են։

- Շփվո՞ւմ եք ներկայիս գրական միջավայրի հետ, ի՞նչ լավ և վատ գծեր եք տեսնում երիտասարդ գրողների շրջանում:

- Բավականին լայն շփման շրջանակ ունեմ ներկայիս գրական աշխարհի ներկայացուցիչների հետ, անգամ ճանաչում եմ նրանցից յուրաքանչյուրի գրական ձեռագիրը։ Վատ գծեր չեմ կարող նշել, բոլորի հետ էլ հաճելի է թե՛ շփվելը, և թե՛ ստեղծագործելը։

- Ինչպիսի՞նն եք Դուք որպես գրող. ռոմանտի՞կ, թե՞ ռեալիստ, և ինչպիսին եք կյանքում։

- Կյանքում և՛ ռեալիստ եմ, և ռոմանտիկ, դա կախված է տվյալ իրավիճակից։ Իսկ որպես գրող, չէի ասի, թե ռոմանտիկ եմ։

- Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:

- Եթե հարցը ընկալենք որպես գրական աշխարհի նվաճում, ապա ամենամեծ նվաճումը եղել է առաջին գրքիս հրատարակումը, որը տպագրվել է 2018թ. Սոնիա Խաչատրյանի հովանավորությամբ։ Իսկ կյանքում ունեցած ամենամեծ նվաճումը՝ «հայր» կոչումը։

- Հաջողության Ձեր բանաձևը:

- Ամեն մարդու հաջողության բանաձևը իր ձեռքերում է, իր գլխում և մտքում։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանասիրաբար և ինքնամոռաց աշխատել։ Հավատալ սեփական ուժերին, և ամենակարևորը, վստահել ինքդ քեզ։ Ինձ համար դա է հաջողության գրավականը

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գրողներին, և ինչո՞ւ ոչ, նաև Ձեր ընթերցողներին։

- Խորհուրդս երիտասարդ գրողներին այն է, որ միշտ շարունակեն իրենց գրական աշխատանքը և երբեք չդադարեն ստեղծագործել։ Իսկ ընթերցողներիս կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, որ միշտ ընթերցում և իրենց գնահատականն են տալիս յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ։ Ինձ համար յուրաքանչյուրի կարծիքը խիստ կարևոր է,  լինի թե՛ դրական, և թե՛ բացասական: