Հեղինե Գրիգորյանի բոլոր հրապարակումները

heghine grigoryan

Երկու ծնունդ մեկ օրվա մեջ

Ամեն տարի պապիկիս ծննդյան օրը մտերիմներով հավաքվում ենք: Չնայած ցուրտ ձմռանը տունը լցվում է սիրով ու ջերմությամբ: Սեղանի շուրջ նստած բոլորը շնորհավորում էին պապիկիս` բաժակ բարձրացնելով ու կենաց ասելով: Պատահաբար խոսք բացվեց պապիկիս «երկրորդ ծննդյան» մասին: Ոմանք ինչպես և ես հարցական հայացքներով նայում էինք հոբելյարին: Եվ նա բոլորիս հետաքրքրասիրությունը բավարարելու համար` սկսեց պատմել իրեն հասած պատմությունը` իր իսկ ծննդյան օրվա մասին: Իր պատմությունը սկսեց նրանով, թե ինչպես ցրտաշունչ ձմռան մի օր`յայլայում ծնվել է ինքը: Ես մինչ այդ չէի լսել, որ այդ ժամանակները Մարտունու շրջանում գյուղացիներից շատերը ձմեռներն էլ սարում են անցկացրել: Ինչևէ: Սարի պայմաններում նորածին երեխային և  բուժօգնության կարիք ունեցող ծննդկանին պահել հնարավոր չէր, ուստի պետք էր նրանց անհապաղ գյուղ ուղարկել: Ձեռքի տակ եղած միակ տրանսպորտը սահնակն ու ձիերն են եղել: Մորն ու երեխային հնարավորինս տաք հագցնելով` նստեցնում են սահնակին ու գյուղ ուղարկում: Տուն հասնելուն պես սահնակից իջեցնում են մինչև ոսկորները սառած երիտասարդ մորն ու զարմանքով նկատում, որ երեխան չկա: Սառած և ուժասպառ տատիկս չէր նկատել, թե ինչպես է փոքրիկը սահնակից վար ընկել: Բոլորը խուճապի են մատնվում չիմանալով` ի՞նչ անել և ո՞նց: Վերջապես մի քանի տղամարդ հավաքվում են ու ճամփա ընկնում դեպի յայլա` նորածնին գտնելու նպատակով:

Ամբողջ ճանապարհին` աչքները չորս արած, այդ սառնամանիքին, ձյան ներքո նրանք հասնում են մինչ յայլա` այդպես էլ չգտնելով երեխային: Հուսահատ հետ են դառնում ` սրտներում երեխային գտնելու հույսի մի փոքրիկ նշույլ ունենալով: Հետդարձի ճամփին նրանցից մեկը ձյան մի թումբ է նկատում և, կարծես ներքին ուժի դրդմամբ, սառած մատներով ձյունը հետ է տանում: Եվ ի զարմանս բոլորի, ձյան մեջ  սառած ու կապտած երեխան էր ընկած `սառցակալած բարուրում: Անհանգստությունն ավելի է մեծանում, և բոլորը շտապում են կյանքի նշույլներ ցույց չտվող երեխային անհապաղ գյուղ հասցնել: Տուն հասնելով փոքրիկին սկսում են տաքացնել և, ի զարմանս շատերի, երեխան սկսում է շարժվել: Հետո աստիճանաբար կազդուրվում է:

Պապիկս մի օրում երկու անգամ է «ծնվել»: Պատմությունը լսելուց հետո բոլորը սկսեցին մեկնաբանել ու կարծիքներ ասել:

«Ինչ լավ է, պապիկ, որ քեզ գտել են: Առանց քեզ  չեմ էլ ուզում պատկերացնել այս կյանքը»,- մտածում էի ես` նայելով երջանկությամբ շրջապատված պապիկիս:

Սևան մեդիա ճամբար. Օր երկրորդ. Ինչ ենք նկարելու

Երկրորդ օրն էր, ինչ արդեն ճամբարում էինք: Ահա և նստած էինք ամենասպասված  դասաժամին՝ կինոյին: Քննարկում էինք նախորդ օրվա առաջարկված թեմաները, որոնցով ֆիլմեր էին նկարահանվելու: Ճամբարի մասնակիցներով առաջարկել էինք 30  ամենատարբեր գաղափարներ: Մի քանի գաղափարներ դուրս մնացին ցուցակից՝ եղանակի պատճառով: Մոռացա նշել, որ Սևանի «զեփյուռիկը» ամբողջ օրը ոռնում էր պատուհանների տակ, էլ չխոսեմ` անձրևների և հնարավոր ձյան մասին: Այնուհետև մեզ բացատրեցին, որ որոշակի գաղափարներ ավելի ճիշտ կլինի ներկայացնել գրելով, ֆոտոշարքով, քան  ֆիլմ նկարելով: Դե այդ փաստն էլ հաշվի առնելով, ևս մի քանի ապագա  ֆիլմեր հանեցինք  շարքից: պարզապես այնքան հեռու վայրերում էին, որ որոշեցինք ճամբարից հետո նկարել: Արդյունքում մնացին 16 ֆիլմերի գաղափարներ, որոնցից վերևի հորիզոնականներում էին «Սոֆիայի պապիկը» և «Ձիարշավարան» թեմաներով ֆիլմերի գաղափարները: Պարզվեց, որ բոլորը շատ-շատ են սիրում Սոֆիայի պապիկին, չնայած որ նրան չեն էլ ճանաչում: Սոֆիայի պապիկը 93 տարեկան է, նախկինում Գագարին ավանի դպրոցի տնօրենն է եղել, Հայրենական պատերազմի մասնակից ու ինչպես Սոֆիան էր հավաստիացնում, պարզապես շատ հետաքրքիր զրուցակից: Իսկ Մարտունու ձիարշավարան գնալ ցանկանում էին անխտիր բոլորը: Այս երկու գաղափարներից բացի բարձր ձայներ էր հավաքել արտագնա աշխատանքի վերաբերյալ թեման: Դե գաղտնիք չէ, որ հատկապես Գեղարքունիքի մարզում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և տան տղամարդու և կնոջ հոգսերը ծանրանում են կանանց ուսերին: Մենք պետք է Լճափ գյուղում նկարենք այդ ֆիլմը, մեր թղթակից Դիանան ասաց, որ կարելի է մայրիկին նկարել, որը հենց այս օրերին գնել է վառարանի փայտը և պետք է կոտրի, վառարանը տեղադրի: Սակայն Դիանայի մայրիկը իր համաձայնությունը դեռևս չի տվել:

Շատերին հետաքրքրեց  նաև հովիվերի մասին ֆիլմ նկարելու Ներքին Գետաշեն գյուղի Անուշի գաղափարը: Իրենց գյուղի հոտերը մի քանի հովիվ պահում են սարերում: Այս տարի արջերը հարձակվել էին հոտի վրա ու գյուղացիներից մի քանիսի կովերը սատկացրել: Հովիվները ստիպված են փոխհատուցել վնասը, և մենք ուզում էինք թե իրենց նկարել, թե գյուղացիներին: Ցավոք սրտի, մի քանի զանգից հետո պարզեցինք, որ հենց այդ օրը հովիվներն իջել են սարերից:

Մյուս գաղափարները էլ չմանրամասնեմ: Հետո սկսեց ամենահետաքրքիրը: Պետք է ամեն մեկը ֆիլմի գաղափարի տակ գրեր իր անունը, եթե ցանկանում էր մասնակցել հենց կոնկրետ այդ ֆիլմի նկարահանմանը: Մի պայման էլ կար, որ ամեն մեկը կարող էր մասնակցել առավելագույնը երկու ֆիլմի նկարահանումների: Բայց դե այնպես էր ստացվում, որ համարյա բոլորս էլ  ցանկանում էինք մասնակցել բոլորի ֆիլմերին:

Մի փոքր բանավիճելուց հետո  որոշեցինք ամենաբարդ գործը՝ մասնակիցների բաժանումը նկարահանող խմբերի, թողնել հաջորդ օրվան: