Հռիփսիմե Բալոյանի բոլոր հրապարակումները

hripsime baloyan

Նպատակաերազանքային

Շատերս նպատակ եւ երազանք բառերը սխալ ենք ընկալում եւ կյանքում էլ սխալ օգտագործում: Երբեմն  էլ նույն իմաստի տակ ենք գործածում: Օրինակ, երբ ասում ենք նպատակներիդ, երազանքներիդ իրականացում եմ ցանկանում: Առաջին հայացքից ամեն բան կարգին  եւ ճիշտ է թվում, բայց ես հիմա կփորձեմ բացատրել այդ բառերի իմաստը եւ նրանց մեջ եղած հսկայական տարբերությունը:

Ըստ իս, երազանքները անհնարին պետք է լինեն, եւ դրանց իրականացում ցանկանալը սխալ է: Օրինակ, երբ տվյալ անձը ուզում է ձեռք տալ աստղերին, լուսնին կամ արեգակին,  դա երազանք է, ոչ թե նպատակ, որովհետեւ դա անհնարին է: Իսկ երբ ասում է` երազում եմ դառնալ բժիշկ, արդեն սխալ է, հարկ է ասել` նպատակ ունեմ դառնալ բժիշկ, որովհետեւ այն իրատեսական է եւ հնարավոր: Եթե հնարավոր բան է մտքինը, ապա այն պետք է դարձնել նպատակ եւ նրա հետեւից գնալ:

Եկեք առանձնացնենք մեր նպատակները երազանքներից եւ հնարավորը չդարձնենք անհնար: Փորձենք անել ամեն ինչ մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի դրանք չդառնան երազանք, բայց դրա հետ մեկ տեղ չդադարենք երազել, քանի որ երազելը մնում եւ մնալու է հաճելի  ու գեղեցիկ երեւույթ:

Ահա եւ փորձեցի իմ տեսանկյունից պարզաբանել այդ բառերը իրենց իմաստով, սակայն յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը,հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձերը:

hripsime baloyan

Եվ նորից` քաղա՞ք, թե՞ գյուղ

Նյութերիցս մեկում նշել էի, որ չեմ սիրում գյուղում մնալ, ձանձրանում եմ: Իսկ արձագանքը անհանգստացրեց ինձ: Կամ ես էի սխալ ձևակերպել միտքս, կամ ընթերցողն էր ինձ սխալ հասկացել: 

Ինչևէ, հիմա կփորձեմ բացատրել, թե իրականում ինչ եմ ուզեցել ասել: Չուզենալ գյուղում մնալ, չի նշանակում` գյուղը և այնտեղ բնակվողներին ատել, ինչի մեջ ինձ մեղադրել էին 17-ի ընթերցողներից ոմանք: Նման բան չկա: Ընդհակառակը, գյուղի մարդիկ, երեխաները ավելի հասարակ, պարզ, անկեղծ, միամիտ անձնավորություններ են, որոնցով կուզեի միշտ շրջապատված լինել: Ես նույնպես գյուղում բնակվող բարեկամներ, ընկերներ ունեմ, որոնց համեմատելով քաղաքի բարեկամների, ընկերների հետ, հասկանում եմ, թե ինչքան հետ են քաղաքի մարդիկ, այդ թվում և ես, գյուղի մարդկանցից: Խոսքը նաև տեխնիկապես կամ նորաձևությամբ հետ լինելու մասին չէ, այլ բնավորությամբ, էությամբ, հոգով և սրտով:

Շատ հարցերում ես նույնպես փորձել և փորձում եմ նմանվել նրանց: Բայց բնական է, ամեն մարդ իր ապրելակերպին, իր կյանքին է սովոր:
Հիմա էլ ասեմ գյուղում ձանձրանալու պատճառները: Այնտեղ չկան լավ խանութներ, կարուսելներ, սրճարաններ, wi-fi, շատ դժվարությամբ է ճարվում անհրաժեշտը, երեկոյան գյուղի փողոցները մութ են, անձրևի ժամանակ` ցեխոտ, և այլն, և այլն: Դրա համար էլ գյուղում շուտ եմ ձանձրանում: Սակայն չեմ մոռանում գնահատել և վայելել գյուղի հանգստությունը, մաքուր օդը, ջինջ երկինքը, մարդկանց տանջված, հոգնած, բայց միևնույն ժամանակ մեղմ, անկեղծ ժպտացող դեմքերը:

Բայց ավելացնեմ նաև, որ քաղաքում ապրող մարդիկ բոլորովին էլ հղփացած չեն, ինչպես որ շատերն են մտածում, ու դրա մեջ ինձ էլ մեղադրեցին: Ուղղակի արդեն սովորել են իրենց քաղաքային կյանքին, պայմաններին: Երբ գյուղից գալիս են քաղաքում սովորելու և ապրելու, իրենք էլ են վայելում քաղաքի բարիքները: Հաճախ, շատ հաճախ չեն էլ ուզում վերադառնալ: Ես կարծում եմ, մեղավոր չեն ոչ գյուղացիները, ոչ էլ քաղաքացիները այս ամենի համար: Պարզապես պետք է այնպես անել, որ գյուղի ու քաղաքի միջև եղած տարբերությունները հնարավորինս քչանան: Այն ժամանակ մարդն ամեն տեղ իրեն տանը կզգար: Համաձայն չե՞ք:

hripsime baloyan

Ո՞ւր են նրանք

Փոխվեց դարը, փոխվեցին մարդիկ, փոխվեց կյանքը: Դատարկ են բակերը, փոխարենը` լիքն են համակարգչի դիմաց նստածները: Ո՞ւր են պահմտոցի, վազոցի խաղացողները, տանից ուտելիք բերողները, խոտերի վրա փոքրիկ ճաշկերույթ կազմակերպողները և բակից տուն չգնալու համար ժամերով լաց լինողները: Չկան:

Հիմա բոլորը, այդ թվում և ես, համակարգչի դիմաց զոմբիացած «selfie, copy past, wi-fi, okay, instagram» բառերը կրկնելով, ստեղնաշարի ստեղների հերթականությունը անգիր արած, ձեռքերի մատներն ենք շարժում և լարված էկրանին նայում, որը կարծես պատուհան լինի հսկայական տեսարանով, ինչն էլ մեզ կախարդեց: Սարսափելի է: Մի՞թե այդ սարքը, ինչպես շատ հաճախ ասում է ուսուցչուհիս, «սև յաշիկը», իրենից կարող է այդքան մեծ բան ներկայացնել: Արդյո՞ք ծնողների, ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելը, դրսում մաքուր օդին զբոսնելը, գիրք կարդալը, խաղալը և այլ բնական, հաճելի վայելքները կարելի է փոխարինել մի սարքի հետ, որով ժամեր շարունակ հայերեն բառերը օտար տառերով հավաքում, ուղարկում ենք էկրանի մյուս կողմում գտնվողին, որը պարզ էլ չէ, թե արդյո՞ք այն անձնավորությունն է, ինչ ներկայանում է, և անհամբեր սպասում չուշացող պատասխանին:

Փաստորեն, այո, որովհետև այսքան բանը գրելուց, մտածելուց հետո դեռ շարունակում եմ կտկտացնելով հավաքել մտքիս եկած նախադասությունները և դրա հետ մեկտեղ լարված նայել արևի լույսին փոխարինող էկրանին:

Սարսափելի է, մենք չենք գիտակցում, բայց անկախ մեր կամքից վնասում ենք մեզ:

Մարդը միայն շնչելով չէ, որ ապրում է

Հարցազրույց Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանի հետ

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ դերասան:

-Ինչու որոշեցիք դառնալ դերասան, այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու:

-Միգուցե հոգեհարազա՞տ էր:

-Հոգեհարազատ ասելն էլ է սխալ, որովհետև մանկուց դեռ այդ զգացմունքը կար իմ մեջ, և թե ինչու, ես ինքս էլ չգիտեմ, երևի վերևից տրված մի ուժ կար, որն էլ ինձ առաջնորդեց, երևի թե:

-Իսկ ինչի՞ց սկսվեց ձեր կարիերան թատրոնում:

-Այն ժամանակ`Սովետական Միության ժամանակ, ամեն մի գործարան ուներ իր ակումբը ու ինքնագործ խմբերը: Հենց թատերական ինքնագործ խմբերից էլ սկսվեց իմ կարիերան և առաջընթացը, եթե կարելի է համարել առաջընթաց:

-Ո՞րն էեղել ձեր առաջին խաղացած դերը:

-Եթե հաշվենք ինքնագոռծ խմբումկատարած դերերից, ուրեմն Հովհաննես Շիրազ` «Սիամանթո և Խջեզարե» ներկայացման մեջՋամո էի խաղում:

-Իսկ նախընտրած մասնագիտություն ունեցե՞լ եք:

-Ոչ չեմ ունեցել, որովհետև հենց մանկուց ինձ ինչ-որ մի ուժ դրդել է դեպի թատրոնը, ոչ թե նրա համար, որ դա շատ ուրախ մասնագիտություն էր, և բոլորը ձգտում էին դրան, այլ արդեն իսկ ասացի, ինձ ուղղորդում էր մի ուժ, որն անհասկանալի էր: Թե ինչու հենց դերասան. կարող էի լինել և բժիշկ, կարող էի մտածել օդաչու դառնալու մասին, սակայն ես դարձա դերասան:

-Որո՞նք են դերասանի «գործիքները»:

-Իհարկե ձայնը, լսողությունը, դե, թատերական արվեստը ինքնին սինթետիկ արվեստ է: Եվ նկարչությունը, և լսողությունը, պլաստիկան և այլ բաներ, սինթեզվելով կազմում են «դերասան» հասկացողությունը:

-Իսկ հե՞շտ է մտնել կերպարի մեջ և դուրս գալ:

-Հեշտ ասելը հարաբերական է, ինչի եմ ասում հարաբերական, որովհետև նայած ում մոտ ոնց: Մարդ կա դժվարությամբմտնում է կերպարի մեջ և դժվար դուրս գալիս, բայց եթե խոսենք իմ մասին, բոլոր դեպքերում դժվար է կերպար ստեղծելը, սկզբնական շրջանն է դժվար, երբ փորձում ես խորանալ կերպարի մեջ, հասկանալ նրա ով լինելը, դա ավելի դժվար է, քան մնացյալ պրոցեսները:

-Ո՞րն է եղել ձեր խաղացած ամենասիրելի դերը:

-Սիրելի խաղացած դեր չեմ առանձնացնի, ինչի համար, որովհետև կապ չունի` դերն ինչպիսինէ, փոքր թե մեծ, գլխավոր թե երկրորդական, բոլորն ինձ համար հարազատ են:

-Եղե՞լ են դերասաններ, որոնցով ոգեշնչվել եք, կամ փորձել եք նմանակել:

-Ոչ, եթե փորձես նմանակել ինչ-որ մեկին, դա սուտ կլինի, չի էլ կարելի: Պետք է լինես ինքնատիպ և յուրօրինակ, եթե փորձես ձայնով և տեսքով նմանվել մեկին, դա արդեն կլինի նմանակում, դա նույնպես արվեստ է, սակայն դա թատրոն չէ:

-Ո՞վ է ձեր սիրելի դերասանը:

-Իմ սիրելի դերասանը նայած տարիքի, ժամանակաշրջանի; Տարիքի հետ փոխվել են, բայց բազում սիրելի դերասաններ եմ ունեցել: Եթե խոսենք հայ դերասանների մասին, իհարկե, Մհեր Մկրտչյանը, իսկ հետագայում` Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան: Համաշխարհային դեմքերից ես սիրում եմ Քըրք Դուգլասին ու նրանից հետո այլևս չեմ ուզում հիշել մյուսներին:

-Ցանկացե՞լ եք նկարահանվել ֆիլմերում:

-Հավատացեք, ես ավելի շատ սիրում եմ թատրոնը, եղել են նկարահանումներ, եղել են առաջարկներ, որոնցից հրաժարվել եմ: Թատրոնն ինձ համար կինոյի հետհամեմատելի չէ իբրև արվեստ:

-Հիասթափության պահեր եղե՞լ են:

-Շատ, վերջին տարիներին շատ ավելի շատ, բայց վայրկենապես անցել է, քանի որ այդ սերն այնքան ուժեղ է իմ մեջ, կարող է զայրացած պահին հիասթափության այնպիսի պոռթկում լինի, որ ասեմ` ես ինչուընտրեցի այս ճանապարհը: Բայց անմիջապես, վայրկյաններ անց կանցնի, քանի որ սերն իմ մեջ շատ է թատրոնի հանդեպ:

-Դերեր եղե՞լ են, որոնք չեք ուզեցել խաղալ, ստիպողաբար եք խաղացել:

-Ոչ, չեն եղել այդպիսի դեպքեր, որովհետև հենց ստանում եմ դերը, փորձում եմ հասկանալ կերպարը: Եթե մարդը չար է, նենգ է, հասկանում եմ ինչ կերպար է, փորձում եմ մտնել դրա մեջ և արդարացնել այն: Երևի հենց դրանից է, որ ես կարողանում եմ խաղալ շատ դերեր և բազմաթիվ կերպարներ:

-Կա՞ն դերեր, որ կցանկանայիք խաղալ:

-Կան, մանկուց երազած դերեր կան, բայց հիմա ժամանակներն այնպիսին է, որ այլևս դադարել եմ երազանքների մասին մտածելը, որովհետև հիմա այլևս հնարավոր չէ, ամեն ինչ ոնց-որ պլանավորված լինի:

-Ո՞րն եք համարում դերասանի ամենամեծ պարգևը:

-Իհարկե, հանդիսատեսի գնահատականը, հանդիսատեսի ծափահարությունները և հանդիսատեսի շնորհակալությունը: Որ տեսնում են փողոցում, կանգնեցնում, գովում խաղացած դերի համար, դերի կատարման համար, դրանից ավելի մեծ գնահատական չկա:

-Համարո՞ւմ եք, որ իբրև դերասան հասել եք ամեն ինչի:

-Ոչ, իհարկե ոչ, մարդու կյանքը բավարար չէ, որպեսզի նա հասցնի ամեն ինչ անել, նա պիտի մի 10 կյանք ապրի, որպեսզի հասցնի ամեն ինչ անել: Ես ինքս, եթե ինձ համարեմ կայացած, ապա կարող եմ վաղն ևեթ չապրել, չասեմ` մահանալ, այլ ուղղակի չապրել, քանի որ մարդը միայն շնչելով չէ, որ ապրում է:

-Իսկ դուք թատրոնո՞վ եք ապրում:

-Ոչ իհարկե, ես ճիշտ չեմ համարում այն մարդկանց, ովքեր ասում են` թատրոնն իմ կյանքն է, ես թատրոնով եմ շնչում: Ճիշտ է, թատրոնն իմ երկրորդ տունն է, բայց առաջնայինն ինձ համար իմ ընտանիքն է ու իմ երեխաները, և հետո նոր մնացյալը: Իսկ այն մարդիկ, ովքեր կարելի է ասել, «ամուսնանում են» թատրոնի հետ, իրենց ամբողջ կյանքը միայնակ են անցկացնում, հետագայում` ծերության շրջանում արդեն զղջում են, թե` վայ, ես ինչո՞ւ չամուսնացա, ինչո՞ւ հիմա մյուսների նման երեխաներ ու թոռներ չունեմ: Ու ընդհանրապես, ամեն ինչին ֆանատիկորեն տրվելը, թմրանյութի պես բան է:

-Դուք քանի՞ երեխա ունեք:

-Երկու երեխա:

-Կցանկանայի՞ք, որ նրանք էլ դառնային դերասան, դեմ չէի՞ք լինի:

-Չէի ցանկանա, բայց նրանք արդեն դերասաններ են: Տղաս` Մանվելը, Երևանում է աշխատում, իսկ աղջիկս`Մալվինան,մեր թատրոնում:

-Ապագա դերասաններին ի՞նչ կմաղթեք:

-Թատրոնը մի աշխարհ է, պետք է ծնվել որպես դերասան, միայն սովորելով հնարավոր չէ դառնալ: Այդ մարդուն կարող են ուղղորդել, ասել` գնա աջ, ձախ ինքը կգնա, բայց հոգի չի ունենա, ինքը դերասան չի լինի:

Հարցազրույցը վարեցին`

Լիլիթ Խառատյանը, Հռիփսիմե Բալոյանը, Նարեկ Մարտիրոսյանը

hripsime baloyan

Փոփոխական եղանակ

Ընդամենը օրեր առաջ Գյումրին վայելում էր տաք ու հաճելի եղանակ: Բոլորը դռները բացել էին և փոխարենը վարագույրներ կախել: Բակից լսվում էր երեխաների աղմուկը, տատիկների բամբասանքը, պապիկների նարդիի զառերի կտկտոցը, մայրիկների բղավոցը. «Այ՛ տղա, հերի՛ք է, տուն արի, դաս էրա»:  Իսկ հայրիկները բացել էին ավտոտնակի դռները և իրենց մեքենաներով էին զբաղված: Ես էլ որոշեցի զգեստապահարանիս մեջ լուրջ փոփոխություններ անել: Դուրս հանեցի «աշուն-ձմեռ» հավաքածուս՝ տեղը զիջելով «գարուն-ամառ» հավաքածուիս, ապա մայրիկիս ձայնը լսելով՝ դուրս եկա սենյակից.

-Ի՞նչ կենեիր ըտկան վախտ սենյակդ:

-Հեչ, մա՛մ, շորերս կդասավորեի:

-Էլի քանդե՞լ էիր սաղ:

-Չէ, մա՛մ, հակառակ, կարևոր գործ էրեցի:

-Ի՞նչ գործ:

-Կարճթև շորերս եմ առաջ բերել, ձմեռայինները՝ հավաքել:

-Բալա՛, էս եղանակը փոփոխական է, շուտ է հըլը:

-Չէ հա, արդեն տաքցել է լրիվ:

-Լավ, դու գիտես, հետո չըսես` չըսեց:

-Ահա:

Ու կրկին գնացի սենյակ, որպեսզի վաղվա օրվա հագուստ որոշեմ: Որոշեցի: Ասեմ, որ «գարուն-ամառ» հավաքածուից էր:

Եկավ հաջորդ օրը: Արթնացա, սովորականի պես նախաճաշ, լվացվել:

Հերթը հագուստինն էր, ու կրկին մայրիկի ձայնը լսվեց.

-Դուրսը սառնամանիք է, երեկվա որոշածդ շորերը չհագնիս:

Ի՞նչն է սառնամանիք, հնարավոր չէ` վստահ ասացի:

-Ել դուրս, տես,- ոչ պակաս վստահ ավելացրեց մայրիկս:

Համոզվելու համար դուրս եկա բակ, ապա վազեցի սենյակ: Տակն ու վրա արեցի ամբողջ պահարանը, գտա ձմեռային տաք հագուստներիցս մեկը: Չեք պատկերացնի, թե ինչպես էր փոխվել եղանակը: Ուղղակի անբացատրելի է այդ պահը, երբ նախորդ օրը տա՜ք, շո՜գ, պայծա՜ռ, իսկ հաջորդող օրը՝ քամի՜, մռա՜յլ , ցու՜րտ…

Իսկ երբ դասից եկա տուն, տանեցիները կարգադրեցին սենյակս կարգի բերել, և ես ստիպված եղա ամբողջը հետ դասավորել:

hripsime baloyan

Գյուղ չեմ գնալու

Ինչ լավ է, որ գարնանային արձակուրդները այս տարի չեղյալ համարվեցին:

Դե, ձեզ համար չգիտեմ, բայց ինձ համար ուղղակի հիանալի է, որովհետեւ ազատվեցի գյուղ գնալու պարտականությունից: Չգիտեմ, հիշո՞ւմ եք, թե չէ, բայց ես իմ նյութերից մեկում նշել էի, որ ձանձրանում եմ գյուղում:

Մի քանի օր առաջ զանգահարել էր պապիկս.
-Բարև, բալ ջան, ի՞նչխ ես:
-Բարև, պապ ջան, շատ լավ եմ, դու սա:
-Լավ եմ, լավ եմ, կարոտցել եմ:
-Հա՜, ես էլ եմ կարոտցել:
-Դասերդ ի՞նչխ են, գարնանային արձակուրդից ձեն-ձուն չկա՞:
-Կա, պապ ջան:
-Հա, դե սա` եբ կերևաք:
-Չէ, պապ, չկպավ, չեմ գա:
-Ի՞նչխ թե:
-Արձակուրդ չկա, հանել են:
-Նայե, հլը: Ինչեր կհորինե, ինչ է` չգա գյուղ, միամ պապին տեսնի:
-Պապ, չեմ հորինե, տամ` տնեցիքին հարցնե՞ս:
-Ի՞նչխ եղավ, օր անցած տարիներին միշտ կար. իսկ հմի տարի չկա:
-Պապ, էս գրիպների մասին իմացար, չէ՞:
-Հա, բը չիմացա՞, ամիսըմ արձակուրդ տվին` սուտ գրիպ ձևացար, միամ չեկար գյուղ` պապիդ տեսնեիր:
-Լավ, պապ, ըտիկ հեչ: Կարևոր չէ, որ չեմ եկել, կարևորը` ես գրիպ չկպա: Հըմի նայե, էդ արձակուրդների տեղը բըդի լրացնենք: Ըդուր համար շաբաթ օրերին դասի ենք, պլյուս` գարնանային արձակուրդներն էլ հետը:
-Է, բալա, մտքիդ տեղ էղնի:
-Չէ, լուրջ, ես էլ գուզեմ գամ, ահագին վախտ չեմ եկել,- լեզուս կծելով ասացի ես:
-Լավ, լավ, հլը տուր տնեցիքին, նայեմ` ինչ կա-չկա, ինչ կենեն:
-Լավ, դե մինչ մյուս տարի… Է… կըսեմ` մյուս տարի մինչ… Ըըըը… Լավ, հեչ:
Լավ է որ արդարացում ունեցա, այն էլ` իրականությանը համապատասխանող արդարացում:

hripsime baloyan

Նոր տերերը

Վերջապես եկավ կիրակի օրը: Երկար կքնեմ` մտածում եմ ես:

«Հա, կքնես, բա ի՞նչ կանես»,-ասում են մեր տուն մի քանի օրով հյուր եկած հյուրերի դեմքի արտահայտությունները:

Երբ մենք մեր հյուրերին ասում ենք` զգացեք ձեզ ինչպես ձեր տանը, ի դժբախտություն մեզ, նրանք ուղիղ իմաստով են հասկանում և զգում են իրենց ինչպես իրենց տանը:

Ախր, իմ սիրելիներ, դա ուղղակի նախադասություն է, որ բոլորը քաղաքավարությունից ելնելով են ասում, ուրիշ ոչինչ:
Լավ, չշեղվենք:
Ահա բացվեց օրը, միակ ազատ օրս,  և ահա` տուկ-տուկ:
-Բալես, ելի հլը:
-Լավ էլի, մամ, թողեք քնիմ…
-Ել սենյակիդ դուռը բաց, երեխեքը գուզեն կամպյուտռ խաղան:

Դե քանի որ հյուրի երեխաները ուզում են համակարգչով խաղալ, իմ ուզել կամ չուզելը զրոյական է դառնում սեփական տանս մեջ:
Բացում եմ սենյակիս դուռը, լցվում են ներս և սկսում ավիրել ամեն բան :
-Ըսիկ ի՞նչ խաղալիք է, օր:
-Դիր տեղը, թե չէ` կտանիմ գառաժ, դուռը կփակեմ վրեդ, սաղ կյանքդ կմնաս ընդեղ,- սա իմ վախեցնելու միջոցներից մեկն է, որպեսզի փրկեմ ունեցած-չունեցածս:

- Ի… Հըմի մամայիդ խաբար կուտամ:
-Լավ, լավ, Հովուլ ջան, կատակ կենեմ, բայց էտ խաղալիքը դիր տեղը, հա՞:
-Աաաա…
-Վաաայ, դե մի լաց եղի, կուտամ քեզի: Մենակ ձենտ կտռե:
Ահա և լսվում է մայրիկիս ձայնը:
-Էլի՞ երուխուն կլացցնես:
-Ըըըը, չէ մամ, ես չեմ:
-Միամ էլ ես երեխուն կպել, Հռիփսիմե աղջիկ, ամեն ինչից կզրկվիս:
Ու ես հասկանում եմ, որ անօգնական եմ և ստիպված ենթարկվում եմ մեր տան ժամանակավոր տերերին:

Ամեն օր

Ժամը երեքին տասնհինգ է պակաս: Դպրոցի զանգը տվեց: Վերջապե՜ս տուն, հաց կուտեմ, կհանգստանամ:

Հոգնած, սոված և արդեն անգիտակից վիճակում գնում եմ տուն, բացում եմ դուռը և… ինչպես միշտ, հյուրեր ունենք` կամ հարևաններ կամ բարեկամներ:

Քաղաքավարությունից դրդված ասում եմ.
-Բարև ձեզ:
-Բարև, ազիզ ջա՜ն, ես ի՞նչըխ ես փոխվել, սիրունցել, մեծ աղջիկ ես դարձել…,- ու էլի նմանատիպ նախադասություններ:
-Ահա, մերսի:
-Արի` հլը նստի, տեսնինք` ինչըխ ես:
-Լավ,- պատասխանում եմ ես ու ստիպված նստում:
Աչքս սենյակին է, որ գնամ ու հանգստանամ: Բայց ինչքանո՞վ է հաճելի հյուրերին անտեսել և գնալ, մանավանդ, երբ նրանց հետ երեխաներ էլ են լինում: Արհեստական ժպիտով նստում եմ սեղանի շուրջ և նայում նրանց դեմքին: Ընդհանրապես չեմ լսում կամ հասկանում, թե ինչ են խոսում, որովհետև հոգնած եմ: Ահա և սկսվում է «հարցաքննությունը»:
-Ի՞նչ ես որոշե, ի՞նչ բդի դառնաս:
-Դե, հլը չեմ որոշել:
-Բժիշկ դառի, ազիզ ջան:
-Հա, դե օր կըսեք բժիշկ, ուրեմն բժիշկ կդառնամ,- սրամտելով պատասխանում եմ ես:
-Դասարանը քանի՞ հոգի եք:
-20,- թե ասա` ձեզ ինչ կամ ձեր ինչ գործ:
-Լավ կսորվի՞ս:
-Ահա:

Եվ այսպես շարունակ: Անցնում են րոպեները, ժամերը…
Մտքումս մտածում եմ. «Մարդ էլ չկրնանա իրա տունը հանգիստ հաց ուտե կամ հանգստանա»:

Ահա և հանկարծ որոշում են գնալ, ինչպիսի երջանկություն…
Ճանապարհում եմ մինչև դուռը, և մեկից դեպի սենյակ` քնելու: Ու այսպես գրեթե ամնեն օր:

Չէ, չմտածեք, թե հյուրասեր չեմ, ուղղակի կան ժամեր, որ ես ուզում եմ հաց ուտել, մենակ մնալ ու հանգստանալ…

Վաղվանից

Երևի չեն լինի մարդիկ, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ ասած չլինեն այս նախադասությունը. «Վերջ, վաղվանից այսպես եմ անելու»: Օրինակ, վաղվանից շուտ եմ արթնանալու, որպեսզի վազեմ, մարզվեմ կամ վաղվանից դիետա եմ պահելու, որոշակի ռեժիմի եմ անցնելու, և այլն և այլն: Իսկ հենց գալիս է այդ պատասխանատու վաղվա օրը, ամեն բան երեկվա օրվա պես է ստացվում. կրկին ուշ ենք արթնանում, ուտում ենք այն, ինչը որոշել էինք չուտել, բայց էլի ինքներս մեզ մխիթարում ենք և ասում. «Լավ, ոչինչ, այսօր չլինի` վաղը կլինի», ու այդպես շարունակ:

Հիմա ներկայացնեմ ինձ տվյալ իրավիճակում: Ես ամեն օր ինքս ինձ խոստանում եմ, որ վերջ, վաղվանից կենտրոնանալու եմ միայն դասերիս և քննություններիս վրա, սակայն զուր ջանքեր, ինչպես միշտ, գնում եմ դասի, սկզբի դասաժամերին մնում եմ խոստմանս տերը, այսինքն ուշադրությունս կենտրոնացնում եմ բացառապես դասերին և քննություներին վերաբերող հարցերին, ապա աստիճանաբար գիտակցաբար, թե անգիտակցաբար սկսում եմ ուշադրությունս կենտրոնացնել դասընկերներիս հումորների, խոսակցությունների և այլ բաների վրա: Ես ինքս իմ կամքով դառնում եմ մասնակից: Հետո, երբ գնում եմ տուն, մտածում եմ. «Լավ, գոնե տանը համակարգչով զբաղվելու փոխարեն գիրք կարդամ»: Այո, այո, մի քանի րոպեով ստացվոմ է: Վերցնում եմ գիրքը, ծանոթանում գրվածքի ծավալին, թերթում, նկարների դեպքում դրանք  ուսումնասիրում, ապա շատ գեղեցիկ և հանգիստ փակում եմ գիրքը, անկախ ինձանից մոտենում համակարգչին, սեղմում միանալու կոճակը, իսկ առավոտյան կրկին անգամ խոստանում նույնը: Երանի գա այն օրը, երբ ամեն բան կանեմ իմ պլանավորածի պես, այլ ոչ թե սովորությանս համաձայն:

Օրը երկուշաբթի էր

Օրը երկուշաբթի էր: Կրկին դասեր: Սովորականի պես գնացինք դպրոց, սովորականի պես անցանք դասերին, բայց այ, երկրորդ ժամը այդքան էլ իր սովորական հունով չէր ընթանում: Ինչո՞ւ, որովհետեւ տղաները պլան էին մշակում դասից փախչելու: Կարծես մեղվի փեթակ լիներ, ամեն մեկը որոշում էր իր անելիքը: Ի տարբերություն տղաների, մենք` աղջիկներս, միայն գործի ավարտին ենք մասնակցում, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում եւ մնում է միայն իրագործելը: Կարելի է ասել, որ մեր դասարանում հիմնականում ամեն բան տղաների գլխավորությամբ է կատարվում, որովհետեւ բոլորիս կարծիքով դա է ճիշտը: Ավելի լավ, մեր գործերը հեշտացնում են:

Մի խոսքով, ցուցակը եւ ծրագիրը արդեն պատրաստ էր, հերթը հասավ մեզ տեղեկացնելուն, թե երբ, որտեղից և ինչպես ենք փախչելու:

Ահա և եկավ սպասված պահը: Խումբ-խումբ էինք գնալու, ու հենց դրա պատճառով ամեն բան ձախողվեց: Ես չհասկացա, թե ինչպես մի մասին հաջողվեց դպրոցից դուրս գալ, իսկ մյուսին` ոչ: Այն մասը, որը դրսում էր, ես էլ նրանց հետ միասին, ցուցակն էինք կարդում և տեսնում, թե ով է ներկա և ով` ոչ: Երբ հասկացանք, որ ոչ բոլորն են ներկա, որոշեցինք հետ գնալ, որովհետեւ դասարանով փախչելը մի տեղ հասկանալի էր, իսկ անհատական կամ ավելի ճիշտ, մասնակի փախուստը` ոչ: Քանի որ ոչ բոլորն էին համաձայն հետ դարձի տարբերակին, որոշեցինք մեր պլանի երկրորդ մասը իրականացնել առանց դասարանի մյուս մասի: Գնացինք այգի, լավ պտտվեցինք, ուրախացանք, հաջորդ օրվա արդարացումը մտածեցինք և գնացինք տներով:

Ասեմ, որ հիանալի ժամանակ անցկացրեցինք և մի գրամ անգամ չզջացինք: