Լաուրա Խաչատրյանի բոլոր հրապարակումները

Իմ պապը

 

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի

Պապիկս՝ Ռոբերտ Քամալյանը, արդեն քառասունչորս տարի է` աշխատում է դպրոցում և դասավանդում է ռազմագիտություն առարկան: Դպրոցն ու հայրենասիրությունը պապիկիս կյանքի անբաժանելի մասն են կազմում: Նա շատ ակտիվ և կենսուրախ մարդ է, երբեք չի հոգնում իր աշխատանքից: Պապիկս շատ է սիրում կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ իր աշակերտների հետ: Նրա միտքը միշտ զբաղված է այդ ուղղությամբ, անընդհատ փորձում է մի նոր ու հետաքրքիր բան մտածել, որպեսզի աշակերտներին նույնպես հաճելի  լինի: Պապիկս նաև ինձ է դասավանդել և  մեր դասարանի հետ նույնպես կազմակերպել է մի հիանալի միջոցառում՝ նվիրված Մայիսի  ինին: Ես մինչև հիմա շատ լավ եմ հիշում լեփ-լեցուն  դահլիճի ծափահարություններն  ու պապիկիս  հպարտ  ժպիտը, երբ  ամեն  ինչ  կայացել  էր իր  ուզած ձևով: Բոլոր աշակերտները կրում  էին զինվորական հագուստներ և քայլում էին հպարտ և խրոխտ, կարծես մի  մեծ  զինվորական   ջոկատ: Պապիկիս դասասենյակում ամեն ինչ իր հստակ  տեղն  ունի, այն կարծես  նրա  հոգու  ամենատաքուկ  անկյունը լինի: Պապիկս բազմաթիվ  պատվոգրեր, պարգևներ ու շքանշաններ է ստացել Պաշտպանության նախարարության կողմից:

Նրանց  տանը ամենուրեք իշխում է հայրենասիրական ոգին: Պապիկի գործն ամենաշատը ցանկանում է շարունակել փոքր  տղա  թոռնիկը՝ կրտսեր  Ռոբերտը: Նա նույնիսկ ատամհատիկին ընտրել է պապիկի  մասնագիտությունը: Չնայած երկուսուկես տարեկան է, բայց  գիտի  գրեթե բոլոր հայրենասիրական երգերը, պապիկի  հետ միշտ  մասնակցում  է միջոցառումներին: Ինքն ու փոքր  քույրը  քնում  են  մեր  օրհներգի երաժշտության  տակ: Պապիկս համոզված է, որ բոլոր մարդիկ պետք է վաղ հասակից դաստիարակվեն հայրենասիրական ոգով: