Կարինե Նահապետյանի բոլոր հրապարակումները

karine nahapetyan

Արտագաղթի դառը պտուղները

Ծնողական ժողովները սովորաբար վախ են առաջացնում երեխաների մոտ, իսկ իմ պարագայում դա ուրիշ է…

Մտածում եմ` մաման ու պապան այստեղ չեն, քույրերս աշխատում են, տատին ի վիճակի չի: Լավ, բա ու՞մ դիմեմ: Սկսում եմ հաշվարկ անել. տեսնես ավագ քույրս` Աննան, այդ օրը տա՞նն է լինելու: Զանգում եմ Աննային:
-Ան, էսինչ օրը տա՞նն ես լինելու. ծնողական ժողով ա:
Մի կես րոպե հետո պատասխանում ա.
-Հա, Կար, տանն եմ:
Վատագույն դեպքում մոտենում եմ դասղեկիս ու ասում, որ ոչ մեկը չի գալու…
Լավ, դեռ այսքանը շտկելի է ու արագ լուծվող…
Իսկ սրա մասին ի՞նչ կասեք…

Մեծագույն հաճույք չէ՞ արդյոք ցուրտ եղանակին դրսից գալ տուն և մամայի մեղմ ժպիտից ջերմանալ ու առանց հաց ուտելու կշտանալ «սոված չե՞ս, բալես» արտահայտությունից: Մեծագույն հաճույք է, բայց փոքրագույն պահանջ:

Գերագույն հաճույք չէ՞ արդյոք պապայի հետ վազել տան միջով և իրար «դաժանաբար ծեծել», բայց` սիրելով, և լսել տատիկի ձայնը.

-Տղա ջան, քու աղջինկեր հելել են քու բոյին, մեշու հուշիկ, էլի~, ճամփի վրի տուն ա… Պապան էլ, խեթ-խեթ նայելով, հասկացնում է` չէ, դեռ երեխա են, ես էլ` պատանի:

Պատմածս ոսկե հուշերից մի դրվագ էր…

Գալով տուն` ինքներս ենք հոգում մեր բոլոր կարիքները, չնայած` մեծ ենք, ասում են, որ  նաև` ինքնուրույն: Նստում ենք համակարգչի առջև, մեկ էլ` սքայփով զանգում են, հավանաբար, մաման ա կամ պապան:

Համաձայնվում եմ Սևակի հետ ու ինքս իմ հերթին պնդում` կարոտը գույն ունի:

-Մամ,- ասում եմ ես,- այ մամ, աչքերդ կանաչ են, պապայինն էլ ա կանաչ: Ուզում եմ, որ իմն էլ կանաչ լինի, կանգնեմ հայելու առաջ և կարոտս առնեմ ձեր աչքերից…

Կրկին անգամ համաձայնվում եմ այն անիծյալ մտքի հետ, որ կարոտը նաև ձև ունի:

-Պապ, այ պապ, իմ մատները քո մատերին են նման, նայում եմ ու զարմանում, թե ինչ բան է գենը…

Է~հ, կարոտը, պարզվում է, գույն էլ ունի:

-Մամ, պապ, որ գնում եք, ձեր հագած շորերը դիտմամդ չեմ լվանում, որ ձեր բույրը պահպանվի, պետք եկած ժամանակ հագնեմ ու կարոտս առնեմ:

Երբեմն ասում են` մամային եմ նման, մամ, դու էլ, քաջ գիտակցելով, որ այդպես չի, ասում ես` հա, բալես, իհարկե, նման ես: Բայց գրողը տանի, ինքս էլ գիտեմ, որ նման չեմ…

-Պապ, խելացիս լինելու գենը քոնն ա, պապ, մամային ասել եմ, չի նեղանում, չի նեղանա, կհասկանա:

Իսկ սա «ժանգոտ» իրականությունն է:

Հասկանում ենք, ամեն ինչ հասկանում ենք:

Հասկանալով` ճաշակում ենք արտագաղթի դառը պտուղները, հաճախ` զզվելով և չուզելով, ի վերջո կուլ ենք տալիս ու մարսում:

karine nahapetyan

Տվեք ինձ գրքեր` թռչելու թևեր

Գիրքը մարդու համար ինքնազարգացման, ինքնաձևավորման, ինքնահաստատման լավագույն միջոցն է, բայց իհարկե, լավ գիրքը: Կարծում եմ, որ մարդը մի փոքր «գող» պետք է լինի և իր յուրաքանչյուր կարդացած գրքից որսա իրենը և դարձնի կյանքի բանաձև:

Իսկ ի՞նչ գրքեր եմ կարդում ես: Նախ ասեմ, որ ուղղակի և անուղղակի ձևով կառչած եմ հայ գրականությանը: Հիմա կարդում եմ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը»: Վերջերս եմ մտել Չարենցի աշխարհը և աներես հյուրի նման չեմ ուզում դեռևս դուրս գալ: Զարմանում եմ, երբ մարդիկ մերը թողնելով, ընկնում են օտարների հետևից, երբեմն փնովում են մերը, ընդ որում` չուսումնասիրելով :

Անդրադառնանք գրքին: Նախ ասեմ ` Չարենցը հանճար է: Ես առաջ շատ էի անտեղի շռայլում «հանճար» բառը, հիմա օգտագործում եմ տեղին: Գրքում, կարելի է ասել, որ պատկերված է Չարենցի կյանքից մի դրվագ` խենթություններով և բազում սիրահարվածություններով լի, իսկ կենտրոնում մեծ սերը` իր կինը` Արփենիկը:

Առաջ կարդում էի այն,  ինչ ընկնում էր ձեռքիս տակ: Հետո սկսեցի զանազանել անարժեքն ու արժեքավորը: Ասեմ, որ ինչ կարդում եմ, ոչ միշտ է, որ «հալած յուղի» նման ընդունում եմ, և ըստ իս,  սխալ է ամեն բան ընդունել այնպես, ինչպես որ գրված է: Այսպես վարվելով կարծես դառնում ես ինչ-որ մեկի ստրուկը և անցնում նրա ենթակայության տակ:

Իմ կարդացածներից շատ եմ հավանել Վարդգես Պատրոսյանի «Կրակե շապիկը»: Այստեղի հերոսները ամեն մեկը յուրովի է կերտված: Գրքում կար մի  այնպիսի հերոս, որ չբացահայտվեց իմ կողմից և կարծում եմ, որ լավ գրքի գրավականը հենց սա է, երբ ինչ-որ բան առեղծված է մնում, և հերոսի կամ որևէ երևույթի բացահայտումը մնում է կարդացողի հայեցողությանը: Այսպիսով մենք էլ ենք դառնում գրքի հերոսներ և որոշ ժամանակ ապրում նրանց հետ, զբոսնում, զրուցում, վիճում, գովաբանում, հիասթափվում, երազում… Եվ վերջիվերջո` լքում:

Լքում ենք , սակայն երբեք չենք մոռանում…
Կան հեղինակներ, որոնք դարձել են «գրասեղանային», միշտ մեր ձեռքին են: Նրանցից են ինձ համար Վահագն Դավթյանը, Չարենցը,  Ակսել Բակունցը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը և այլն:

Գիրք կարդալիս մատիտս միշտ ձեռքիս է, որ ինձ դուր եկած մտքերը արտագրեմ տետրիս մեջ, բայց շատ ժամանակ ծուլությունս ինձ հաղթում է, և դրանք այդպես էլ մնում են:

Ժամանակակից գրականությունը այդքան էլ չեմ հավանում, որովհետև հիմքը կենցաղն է, ոգին բացակայում է: Համ էլ` ժամանակակից աշխարհը, կարծում եմ, որ իր բացասական և դրական կողմերով բոլորիս հայտնի է, և այդքան էլ հետաքրքիր չէ իմացածդ և տեսածդ կարդալ` հազար հատ բառարան քրքրելով:

Արտագնացության մեկ այլ երեսը

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Երբեմն ծնողները  մեկնելով արտագնա աշխատանքի իրենց երեխաներին էլ են տանում իրենց հետ: Այսպիսի բախտ ինձ էլ է բաժին հասել: Վեց տարեկան էի, երբ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն: Ութ տարեկանում գնացի առաջին դասարան և բնականաբար իմ համադասարանցիներից բավականին մեծ էի երևում: Ավարտելով այնտեղ երրորդ դասարանը, մենք վերադարձանք Հայաստան: Անշուշտ դա ինձ  համար հեղափոխություն էր, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր: Երբ եկավ սեպտեմբեր ամիսը, ինձ տարան դպրոց, այս անգամ արդեն Հայաստանում: Իմ ծնողները ինձ չէին ասել, որ ինձ մի դասարան ցածր են նստացրել: Այսպես ասած, դա «անակնկալ» էր ինձ համար: Սկզբում ես ինձ կաշկանդված էի զգում: Անսովոր էր, ինչ խոսք, երբեմն նաև անտանելի: Շուրջս բոլորը ինձանից  բավականին փոքր էին, մենք խոսելու թեմա չունեինք, ընդհանուր հետաքրքրություններ չունեինք: Բայց շուտով մի փոքր դժվարությամբ ես հարմարվեցի: Այժմ իմ հասկակակիցները պատրաստվում են ավարտել դպրոցը, իսկ ես դեռ ութերորդ դասարանում եմ: Առաջ շատ էի մտահոգվում, իսկ այժմ ՝ ոչ:

Այս ամենը պատմեցի, որ ծնողներն իմանան, թե հաճախ ինչ դժավությունների առաջ են կանգնեցնում իրենց զավակներին, երբ որոշում են գնալ արտերկիր` աշխատելու: