Էրիկ Ալեքսանյանի բոլոր հրապարակումները

Երևանյան օրեր. ապրիլ 16

Մետրո

Քաղաք գնալուս համար մեկ ուրախությունը մետրո մտնելն է։ Ինձ ճանաչողները գիտեն իմ՝ մետրոյի հանդեպ ունեցած սիրո մասին։ Եթե մարդկանց համար մետրոն ուղղակի արագ փոխադրամիջոց է, ապա ես նրանց նման չեմ: Մետրոյում էնքան հանգստություն ու խաղաղություն կա, որ փնտրում են մարդիկ գետնի վրա, չմտածելով, որ այն հենց գետնի տակ է` մետրոյում, թեև բոլորը չեն, որ զգում են։

Մետրոյի հոտից մենակ արդեն կարող ես մոռանալ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջդ: Ուղղակի մտիր մետրո, կանգնիր ու շնչիր: Թող անցնեն մարդիկ շտապելով, բայց դու մնա ու շնչիր։

Մետրոյի մեջ արվեստ կա, քարերի,  նստարանների, բարձրացող ու իջնող շարժասանդուղքների,  նստարանների ու վերջապես տարբեր հայացքներով մարդկանց մեջ։ Սիրում եմ անգամ էն մարդկանց, որոնք ոտքից գլուխ զննում են իրենց դիմաց նստողներին: Անգամ եթե մի քանի կայարան ես անցնում, հասցնում ես մտքում «խոսել» դիմացինիդ հետ։ Ու եթե ուշադիր լինես, կգտնես մարդկանց, որոնք սիրում են մետրոն ինձ նման, նրանց կգտնես հենց կայարաններում, շնչելի՜ս։

Հ.Գ. Եթե ունես մետրոյի նկարներ, տեղադրիր մեկնաբանություններում, ես դրանցից կարոտս առնում եմ:

erik alexsanyan

Անքնություն

…Եվ ո՞ւ մ են պետք այն մեղեդիները, որոնք գրվել են միչև հիմա, կամ այն մեղեդիները, որոնք գրում ու գրում ենք հիմա, եթե մարդիկ քնում են, արթնանում, ամեն առավոտ այդ նույն ձանձրալի հոտով սուրճը լցնում իրենց դատարկ ստամոքսներն ու վազում են աշխատանքի, անունն էլ դնում, թե աշխատեցին: Գալիս են տուն, իբրև թե հոգնած, ու նստում են հեռուստացույցի առաջ, մինչև նոր օրվա սկզբից մի քանի րոպե հետո, ու որպես կանոն գնում էլի քնելու…

Իսկ ո՞ վ է ասել, թե մարդը պետք է քնի, որ հանգստանա: Ո ‘չ, զսպիր հիմա քո մեջ կուտակված այդ «բժշկական» մտքերն ու փորձիր ինձ հասկանալ։ Մարդը կարող է ամբողջ գիշեր քնել ընդհամենը 1 կամ 2 ժամ, մնացած ժամանակն անիմաստ չվատնել, հա, հա, չվատնել։ Գրել, կարդալ, ստեղծագործել, հորինել ու, գրողը տանի, այնքան բաներ կան, որ մարդիկ մեռնում են` այդպես էլ այդ հաճույքները չզգալով: Խենթություն արա, գրի’ր վերջին մեղեդին, որ հիմա ծնվում է մտքումդ: Արթնացի’ր առավոտյան մտքերով մի ուրիշ հաճելի տեղ: Ուղղակի մի’ լսիր հարևաններիդ ձայները, թե ամբողջ գիշեր չթողեցիր քնեն, մեկ է, չեն էլ հասկանա, որ մեղեդին ու մեր շատ սիրած մուսան միշտ չէ, որ գալիս է։

Կխոսեն կանցնեն, իսկ դու հպարտ նոր գլուխգործոցովդ հանդերձ գնա դասի, աշխատանքի…

Իսկ մտածե՞ լ ես, թե ում համար են գրված այդքան գրքերը: Ո՞ վ է դրանք կարդալու։ Ասեմ` ի՞ նչ ես մտածում, թե ում պետք է` կկարդա: Ուրեմն, դու էլ ես այն ուղղակի նույն սուրճը ստամոքսդ լցնողներից մեկը։ Լա’վ, գոնե փորձիր փոխել այն որոշ ժամանակ, գուցե մնացածն էլ են լավը…  Չէ՞  դու լսել ես, որ հենց դա՞ է համեղ, գուցե դու ուրի՞շ ես, տարբերվո՞ւմ ես նրանցից։ Էհ, ի՞ նչ եմ ասում։

Մի օր գիշերը էլի աչքերս բաց, պառկած, վերմակը մինչև քիթս քաշած ու մի տեսակ մրսելով, բայց ծածկվելու ցանկություն չունենալով վեր կացա: Դե, դաշնամուրիս կողքին եմ պառկում, սկսեցի մի քիչ Ռախմանինով, հետո Յան Թիրսեն ու էլի մի քանի «իմը համարող» գործեր, և  իմ պես գիշերները չքնողների նյութերից։ Իսկ գիտե՞ ք ինչ էին ասում հարևաններս առավոտյան, բա թե` մի խելագար գիշերով դաշնամուրի նոտաներն էր սովորում: Դե, ուշադրություն չդարձրի։ Մի քանի անգամ դարձրել եմ ու հետո խոստացել, որ էլ չեմ խառնվի: Հիմա իրենք էլ էդպես են իրենց կյանքին հետաքրքրություն տալիս։ Էհ, թող տան, բան չասեցի, բայց թող չխանգարեն այն մարդկանց, ովքեր իրենց նման չեն։

Քաղաքում չեմ ապրում: Հեռու էլ չեմ, մի հարյուր կիլոմետր է` Եղեգնաձորում: Գյուղ էլ չեմ համարում բնակավայրս: Մեր տան անմիջապես կողքն իրար վրա ելած բլրակներն են, որոնց անունը «ձոր» եմ դրել: Երեկոյան ժամերին գնում նստում եմ մի բարձր սարի վրա, նայում, թե ինչպես է արևը` կարծես ամբողջ աշխարհի հոգսերն ուսերին, վերջիվերջո վայր ընկնում դեպի այն հեռուները։ Մի տեսակ հարազատ բան կա այդ սառը քամու մեջ, որ այդ ժամերին փչում է։ Թվում է, թե սառն է, բայց այն հոգսերն ուսերին արևը մինչև վերջին պահը ջերմացնում է: Իսկ հենց էլ չի երևում, քեզ թվում է, թե մարմնիցդ հանեցին արյունը. միանգամից սառում ես։ Հետո հանում եմ ականջակալներս ու հոգիս էնտեղ թողած գալիս եմ տուն։

Մտածում ես` անիմա՞ ստ խոսեցի, պատմեցի կյանքիցս քեզ անիմաստ թվացող մի քանի բան: Դե գնա, սուրճդ խմիր, ես էլ գնամ նոր մեղեդուս հետքերով…

erik alexsanyan

Բաբոն

Մեզանից մոտ մեկ դար առաջ Հացառատում ծնվեց մի մանուկ, ով ոչ մի բանով չէր տարբերվում մյուսներից: Մեծանալով աստիճանաբար սկսեց տարբերվել իր հասակակիցներից և մոտ քսան տարեկանում` մի արտասովոր երազ տեսավ, որտեղ նրան էր մոտեցել սպիտակ մորուսով ու սպիտակ հագուստով ծերունի, փոխանցել էր մի թալիսման ու ականջին շշնջացել, որ թալիսմանը նրան ուժ կտա: Վերգինեն` նույն ինքը այդ երիտասարդ կինը, ուշադրություն չդարձրեց երազին: Անցան շաբաթներ և մի սովորական առավոտ` բակը ավլելիս, Վերգինեն գտավ այն թալիսմանը, որը երազում փոխանցել էր իրեն ծերուկը: Նա մի պահ կանգ առավ, չհավատալով գտածին, բայց վերցրեց այն և պահեց իր մոտ: Գյուղում լուրերը շատ արագ էին տարածվում: Մի քանի ժամ հետո ամբողջ գյուղը Վերգինեի մասին էր խոսում:

Բաբոն` նույն ինքը Վերգինեն, ամուսնացավ: Առաջին չորս երեխաներին կորցրեց մանկահասակ տարիքում: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են նրանց երեխաները մեկը մյուսի հետևից մահանում: Երիտասարդ մայրը հուսահատության մեջ հիշեց թալիսմանը, կապեց այն թևին և մինչև կյանքի վերջը այն անբաժան մնաց իրենից: Շարունակեց ապրել: Ապրել որպեսզի ապացուցի բոլորին, որ ինքը ուժեղ կին է, և դեռ կծնվեն երեխաներ, ովքեր նրան մայրիկ կկանչեն: 
Անցան տարիներ: Բաբոն արդեն վեց երեխա ուներ ու քսանմեկ թոռ:
Արդեն ծեր հասակում երազում նորից այն ծերունին էր եկել և ասել, որ իրենց տան բակի սև մեծ քարերը չի կարելի տեղից շարժել: Նաև փոխանցել էր, որ իրենց բակում գանձեր են թաղված:
Երբ մեծ թոռներն իմացան այդ մասին, սկսեցին փորել ամբողջ բակը, որտեղ հնարավոր էր փորել, բայց ապարդյուն: Գանձերը չգտնվեցին: Թոռներն ուզում էին մեծ քարերը տեղաշարժել դրանց տակ փորել, սակայն Բաբոն արգելեց թոռներին քարերը շարժել: 
Ու մինչև այսօր, թեև Բաբոն արդեն մոտ տասը տարի է չկա, իր երեխաները պահում են իրենց տված խոստումը իրենց մահացող մորը և չեն թողնում ոչ մեկին մոտենալ դրանց: 
Բաբոյի երեխաները մոր պես առեղծվածային ուժ ունեն և ապրում են, որպեսզի իրենց սերունդներին պատմեն մեծ կնոջ ու հիասքանչ մոր մասին: Ես չգիտեմ, թե ինչ է թաղված սև քարերի տակ, գուցե ոչ մի բան: Ինձ համար Բաբոյի գանձը մայրական մեծ սերն է, որ ուժ է տվել իրեն և իր սերունդներին ապրել:
Բաբոն մորս տատն էր…

Հեծանիվով

Ցանկացած մարդ ունի սիրած զբաղմունք, որով զբաղվում է ազատ ժամանակ, կամ փորձում է ամեն կերպ գտնել այն, թեկուզ, փոքր, բայց հաճելի ժամանակը, որը կարող է տրամադրել իր հոբիին:
 Երբ փոքր էի, ինը, թե տասը տարեկան, դեռ հեծանիվ վարել չգիտեի: Ծնողներս, եղբայրս, պապս ամեն ինչ անում էին, ամեն բան առաջարկում, որ գոնե նստեմ, կողքից բռնեն` փորձեմ վարել, բայց ես վախենում էի: Շատ ուժեղ վախ ունեի այդ երկու ակնանի փոխադրամիջոցից: Մի շոգ ամառվա առավոտ, երբ միայնակ դրսում նստած էի, որոշեցի իջեցնել նստարանը և նստել: Իջեցրեցի, նստեցի, հիշեցի եղբորս տված խորհուրդները և շարժեցի ոտնակները: Ի զարմանս ինձ սկսեցի առաջ շարժվել, ուզեցի` թեքվել ու հետ գնալ, բայց ընկա: Ուրախությունից անգամ քերծվածքներս չնկատեցի և վազեցի մորս մոտ: Կանչեցի և ցույց տվեցի, ինչպես եմ վարում: Մի քանի անգամ ընկնելուց հետո, արդեն բավականին վարժ էի վարում: Ու չէի էլ կարող պատկերացնել, որ այն հեծանիվը, որից այդքան վախենում էի, մի քանի տարի հետո կդառնա իմ հոբին: 
Հիմա ամեն օր երեկոյան, երբ բավականաչափ մութ է, դուրս եմ գալիս հեծանիվ վարելու: Փոքրիկ լապտերը ամրացնում եմ ղեկին, որը լուսավորում է ինձանից մոտ 3-4 մետր հեռավորություն, միացնում եմ ականջակալներս ու սկսում վարել: Գիտեմ, որ չի թույլատրվում ականջակալներով վարել, բայց հնարավորինս զգույշ եմ և մեքենաների լույսերը տեսնում եմ ու կողմնորոշվում: 
Հրաշք է մթության մեջ հեծանիվ վարելը` մթություն և ադրենալին սիրողների համար: Պաշտում եմ արագությունն ու քամին: 
Երազում եմ ունենալ պրոֆեսիոնալ հեծանիվ, որով կկարողանամ մասնակցել հեծանվային արշավների:

Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն էր

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի


Դաշնամուրը ինձ համար ամենակարևոր երաժշտական գործիքն էր: Երբ սովորում էի առաջին դասարանում, ստիպեցի ծնողներիս ինձ տանել երաժշտական դպրոց` դաշնամուրի դասերի: Իսկ նրանք ինձ ասում էին, որ դեռ շուտ է: Ես չէի համբերում, ուզում էի օր առաջ ոտք դնել երաժշտական դպրոց: Երկրորդ դասարանում ես ընդունվեցի երաժշտական դպրոց: Հաճախում էի մեծ հաճույքով: Երրորդ դասարանում, երբ դասերս շատացան, սկսեցի դժգոհել, որ չեմ հասցնում: Ու մեկ-մեկ էլ զղջում էի, որ երաժշտական դպրոց եմ գնում: Ծնողներս ինձ համոզում էին, որ սկսած գործը կիսատ չեն թողնում: Երաժշտական դպրոցի հինգերորդ դասարանում տնօրեն պարոն Բալոյանը կազմակերպեց մրցույթ-վիկտորինա, որին մասնակցում էին մարզի երաժշտական դպրոցների լավագույն սաները: Մասնակցեցի նաև ես: Վիկտորինային պատրաստվելու ժամանակ սկսեցի ավելի մոտիկից շփվել պարոն Բալոյանի հետ: Նա հիանալի երաժիշտ էր և շատ լավ ձայն ուներ: Երբ նա երգում էր, բոլորը հիացած նրան էին լսում: Նա նաև մեծ հումորի զգացում ուներ, և մեր պարապմունքները շատ ուրախ էին անցնում:

Մրցույթում հաղթեց մեր երաժշտական դպրոցը: Պարոն Բալոյանը հպարտ էր մեզանով: Ես էլ սկսեցի ավելի հաճույքով հաճախել երաժշտական դպրոց: Մեծ սիրով էի սովորում, նվագում էի բարդ դասեր և պարոն Բալոյանի և ուսուցիչների համաձայնությամբ հիգերորդ դասարանից անցա յոթերորդ դասարան: Իմ դասերին հաճախ էր ներկա լինում պարոն Բալոյանը, օգտակար խորհուրդներ էր տալիս, ստիպում էր, որ ես ավելի շատ աշխատեմ: Իսկ հերթական մրցութ-վիկտորինային կրկին հաղթեց մեր երաժշտական դպրոցը: Պարոն Բալոյանը ստիպում էր բոլորիս զգալ երաժշտությունը, ապրել դրանով, ոգեշնչվել…

Եկան ավարտական քննությունները: Հաջող հանձնեցի սոլֆեջիոյի և երաժշտական գրականության քննությունները: Մասնագիտական քննությանը ես նվագում էի ինքնամոռաց, զգում և ապրում էի երաժշտությունը: Հերթով նվագեցի բոլոր հինգ դասերս: Երբ ուշքի եկա, տեսա, որ բոլոր ուսուցիչները ծափահարում են: Հետո սկսեցին հերթով մոտենալ և համբուրել ինձ, շնորհավորում էին, մեծ բարձունքներ մաղթում: Երբ ուզում էի դուրս գալ դահլիճից, պարոն Բալոյանը ասաց.
-Սպասի°ր, դու այսքանով չես ավարտում երաժշտական դպրոցը:
Մի պահ վախեցա, մտածեցի, որ շատ վատ եմ նվագել: Բայց պարոն Բալոյանը շարունակեց.
-Երաժշտական դպրոցը իմ հովանավորությամբ քեզ է ընձեռում մի բացառիկ հնարավորություն` շարունակել կրթությունը երաժշտական դպրոցում անվճար, հաճախել միայն մասնագիտական դասերի:
Նա սպասում էր իմ պատասխանին. ես համաձայնվեցի:

Օգոստոս ամիսն էր: Ինձ էր զանգել պարոն Բալոյանը, հարցնում էր, թե ինչպե±ս եմ հանգստացել, արդյո±ք չեմ փոխել որոշումս: Իմ դրական պատասխանից հետո նա ասաց, որ կհանդիպենք երաժշտական դպրոցում սեպտեմբերին: Այդ ժամանակ ես չէի էլ կասկածում, որ ես ընկեր Բալոյանի հետ խոսում եմ վերջին անգամ: Երբ գնացի երաժշտական դպրոց, բոլոր ուսուցիչները ուրախ դիմավորեցին ինձ, չկար միայն պարոն Բալոյանը: Ես իմացա, որ նա շատ լուրջ հիվանդ է: Ես շատ տխրեցի ու մի չարաբաստիկ օր առավոտյան իմացա, որ պարոն Բալոյանը մահացել է: Մի պահ աչքերիս առաջ երևացին այն յոթ տարիները, որոնք ես անցկացրել եմ երաժշտական դպրոցում`պարոն Բալոյանի հետ: Այլևս չդիմացա, դուրս եկա դասարանից, չգիտեի` ուր եմ գնում, քայլում էի միջանցքում լուռ, չէի լսում ի±նչ են ինձ ասում, ի±նչ են ինձնից հարցնում ուսուցիչները: Երբ ուշքի եկա` հասել էի երաժշտական դպրոց: Դպրոցը փակ էր…

Հավաքվեցինք աշակերտներով և գնացինք երաժշտական դպրոց` վերջին հրաժեշտը տալու մեր սիրելի ուսուցչին: Դպրոցում հնչում էին պարոն Բալոյանի կատարումները, այն երգերը, որոնք նա սիրով էր կատարում: Բոլորը սգում էին մեծ երաժշտի մահը: Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն երաժշտական դպրոցի, Եղեգնաձորի, Վայոց ձորի համար, այլ նաև ինձ համար:

Հիմա ամեն անգամ երաժշտական դպրոց հաճախելիս զգում եմ, որ այն մի տեսակ դատարկ է, անսովոր առանց պարոն Բալոյանի, առանց մեծ երաժշտի: Հենց նա իմ մեջ արթնացրեց մեծ սերը դեպի երաժշտությունը, հենց նա ստիպեց զգալ և ապրել երաժշտությունը, հենց նա էր իմ ուսուցիչը` իմ ոգեշնչման աղբյուրը: Հիմա հասկանում եմ, որ հիվանդության հետ պայքարի մեջ անգամ պարոն Բալոյանը չէր մոռացել ինձ: Թերևս նա ուզում էր, որ ես գնամ այն ճանապարհով, որը ժամանակին ինքն էր ընտրել իր համար…

Քաղաքը եղեգների հովտում

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Ես ծնվել և արդեն 13 տարի է` ապրում եմ Եղեգնաձոր քաղաքում: Այն փոքր քաղաք է: Եղեգնաձորում գտնվող թուրքերը քաղաքը անվանել են նախ Քեշիշքենդ, ապա` Դարալագյազ, ավելի ուշ վերանվանվել է Միկոյան, իսկ հետո` Եղեգնաձոր: Քաղաքն անվանել են Եղեգնաձոր, քանի որ գտնվում է եղեգնուտներով շրջապատված Արփա գետի հովտում: Ջերմ արևը եղեգնուտներով հարուստ Արփայի հովիտը վերածել է անուշահամ ծիրանենիների, դեղձենիների, կեռասի, սալորի և ամենակարևորը, խաղողի այգիների: Եղեգնաձորը Վայոց ձորի մարզկենտրոնն է: Մարզի անվանումը կապված է 735թ. հուլիսի 21-ին Մոզ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետ: Երկրաշարժի հետևանքով կործանվեց Մոզ քաղաքը, որին զոհ գնացին 10000 բնակիչ: Այս աղետի հետ է կապված Վայոց ձոր անվանումը: Դեռ հնուց Վայոց ձորը հայտնի է եղել պատմամշակութային կոթողներով. Թանահատի վանք, Նորավանքի և Սուրբ խաչի վանական համալիրներ, Սպիտակավոր, Շադիվանք, Գնդեվանք, Սմբատաբերդ, Մարտիրոսի եկեղեցի և այլն: Հայտնի է եղել նաև Գլաձորի համալսարանը, որը հիմա վերածվել է թանգարանի: Եղեգնաձորում գործում է երեք հանրակրթական դպրոց, մեկ քաղաքային վարժարան, մեկ երաժշտական դպրոց և 3 մանկապարտեզ: Ունի մշակույթի տուն, փոքր ծավալով աշխատում է ռելեի (ինքնանջատիչ) գործարանը: Գործում է նաև գինու գործարանը: Մեր փոքրիկ քաղաքը ունի նաև եկեղեցի, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը իր «Տանկի բլուրով», որտեղ գտնվում է Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը փոքրիկ զբոսայգով, որը հարում է մշակույթի տանը և իր ամենաերկար փողոցով, որի ծայրին էլ գտնվում է իմ տունը:

Մամաջանյանի խաշը

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Ասում են` տարիներ առաջ Եղեգնաձոր է գործուղվել մի դատավոր` պարոն Մամաջանյանը: Այդ ժամանակ նա վաթսունին մոտ, քիչ կորացած, բարձրահասակ մարդ էր: Ասում են, թե այնքան է խաշ կերել և օղի խմել, որ այդպիսի հաղթանդամ տղամարդ է դարձել: Նրա վարած դատերը հումորով էին ընթանում, թատերական գործողություններով: Մամաջանյանի ժամանակ մարդիկ հասկացան, որ դատարանում վեճերի լուծումը կախված էր ոչ թե փաստերից, այլ`պարզապես դատավորի կամքից: Իր գործողությունների մեջ ազատ էր և չէր վախենում աշխատանքը կորցնելուց: Նրա կարծիքով,  հանրապետությունն այնքան շրջան ուներ, որ եթե ամեն տեղ երեք տարի աշխատեր, ամբողջ կյանքում աշխատանքով ապահովված կլիներ: Մամաջանյանը խաշի մեծ սիրահար էր: Կովերի նախիր կամ ոչխարների հոտ տեսնելիս` նրա ոտքերն սկսում էին դողալ: Նա դրանց մարմինը չէր տեսնում, նայում էր դրանց գլխին ու ոտքերին, հիացմունքով ու ափսոսանքով ասում. «Գյոզալ խաշը վերցրել են, ու՞ր են տանում»: Ուտում էր ոչ թե սովորական ամանով, այլ հատուկ մեծ ամանի մեջ, որը մի քանի անգամ մեծ էր խաշի սովորական ափսեից: Նրա համար խաշը սեզոն չուներ. ուտում էր կլոր տարին: Պատմում են, թե մի անգամ էլ առավոտյան հեռախոսազանգը արթնացնում է Մամաջանյանին քնից և հրավիրում խաշի: Շփոթված Մամաջանյանն ասում է, որ հեսա կգա ու դնում է խոսափողը: Շտապ լվացվում է, հագնվում, որ դուրս գա տնից ու հանկարծ… Կարծես սառը ջուր լցրեցին գլխին. մեխվեց տեղում. «Ո՞վ  էր կանչողը, ու՞ր եմ գնալու»…