Մարգարիտ Ուդումյանի բոլոր հրապարակումները

margarit udumyan tavush

Անվերադարձ

Մանկությունիցս մնացած հիշողությունները շատ են, բայց թերի։ Իմ հիշողությունների մեջ չկա թեկուզ մեկ հատված, որը կապված կլինի հորս հետ: Այն հոր, ում կարիքը զգում եմ մինչև հիմա, այն հոր, ով ինձ թողնելով բախտի քմահաճույքին՝ գնացել է իր երջանկության հետևից, ով մեկ վայրկյան անգամ չի մտածել իր 2 տարեկան աղջկա ապագայի մասին։

Ամեն օր ես հույսով սպասում էի այն օրվան, երբ նա կգա, բայց վախենում էի, որ նա չի լինի այն մարդը, ում ես այսքան տարի պատկերացրել եմ։ Ժամանակն անցնում էր, ես արդեն 12 տարեկան էի, երբ ինձ համոզեցին, որ գոնե մեկ անգամ հանդիպեմ նրան։

Եկավ այդ օրը, նա ներս մտավ դռնից, և… Ես ճիշտ էի, նա ամենևին էլ նման չէր այն մարդուն, ում ես ցանկանում էի տեսնել։ Երևի նրան թվում էր, թե մեկ անգամ հանդիպելով ինձ, կարող է լրացնել այսքան տարվա բացը, բայց ոչ: Մանկությանս այդ բացը ոչ մեկը լրացնել չի կարող։ Նրան տեսնելով՝ ես մի պահ մտքերով վերադարձա մանկություն, հիշեցի այն օրերը, երբ լացում էի նրա բացակայությունից, երբ ինձ ասում էին, որ պատմեմ իմ ընտանիքի մասին, իսկ ես գլուխս կախում էի ու լուռ նստում, երբ բոլորը Ձմեռ պապիկից խաղալիքներ էին խնդրում, իսկ ես լիարժեք ընտանիք էի ուզում, ուրիշ ոչինչ։

Մինչ օրս ես զգում եմ նրա կարիքը, բայց չեմ ցանկանա ապրել նրա հետ, քանի որ նա էլ տարիներ առաջ չցանկացավ ապրել ինձ հետ։ Ես միշտ հպարտությամբ եմ տանում ինձ բաժին հասած դժվարությունները, և ոչ մեկը չի էլ նկատում իմ տխրությունը, բոլորն ինձ գիտեն որպես ուրախ մարդ, և այդպես էլ կշարունակվի։

Ես միայն մեկ բան եմ ուզում՝ որ ոչ մեկը չզգա այն, ինչ ես եմ զգում մինչ օրս։

margarit udumyan tavush

Աշխարհը՝ ինձ հետ

Ես մանկուց սիրել եմ հաշվել օրերը, օրինակ՝ թե քանի օր է մնացել դպրոցին, Ամանորին և, իհարկե, ծննդյանս օրվան։ Ես ուզում էի շուտ անցնեն դպրոցական տարիները, որ ավարտեմ դպրոցը և սովորեմ համալսարանում, քանի որ համալսարանում սովորելով՝ ես կգնամ իմ երազանքի հետևից։

Պապիկս ուզում էր, որ ես բժիշկ դառնամ, իսկ տատիկիս երազանքը ինձ ուսուցչուհու կերպարում տեսնելն էր։ Շատ շատերը, իրենց սիրելի մասնագիտությունը թողնելով, ընտրում են իրենց ընտանիքի անդամների ընտրած մասնագիտությունը, բայց ժամանակի ընթացքում հասկանում են, որ սխալ ընտրություն են կատարել և ափսոսում են այն տարիները, որոնք նվիրել են այլ մասնագիտություն սովորելուն։ Ես փորձեցի խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով տարբեր կարծիքներ շատ լսեցի, բայց մնացի իմ կարծիքին։

Փոքր տարիքից երազել եմ դառնալ լրագրող, քանի որ ես ինձ միայն այդ բնագավառում էի տեսնում։ Ես որոշեցի, որ պետք է իմ մանկության երազանքը նպատակ դարձնեմ և ամեն գնով փորձեմ հասնել դրան։

Մոտեցան քննության օրերը. շփոթված մտա քննության։ Դրանք բարեհաջող հանձնելուց հետո ընդունվեցի համալսարան։ Հիմա ես սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և մեկ րոպե անգամ չեմ զղջում իմ ընտրության համար։ Թող ինձ ներեն պապիկս և տատիկս, որ ես չկարողացա արդարացնել իրենց սպասելիքները։ Գնալով ես հասկանում եմ, որ իմ ընտրած ուղին ճիշտ է, քանի որ լրագրող լինելով՝ ես հնարավորություն կունենամ շփվել տարբեր բնագավառի մարդկանց հետ և ստանալ ինձ հետաքրքրող, բայց առայժմ անհայտ բոլոր հարցերիս պատասխանները։ Ես քաջ գիտակցում եմ, որ լրագրողի աշխատանքը վտանգավոր է և դժվարին, բայց, չնայած դրան, ես պետք է գնամ մինչև վերջ, մինչև իմ նպատակակետը։ Լրագրող լինելով՝ ես կբացահայտեմ աշխարհը, իսկ աշխարհը՝ ինձ։