Էլլա Մնացականյանի բոլոր հրապարակումները

451° ըստ «Մանանայի»

Հիմա մենք քեզ գիտենք. դու, որ վախեցար տողերի քանակից ու արագ փակեցիր էջը և դու, որ չնայած դրան՝ մարտական նստեցիր մի հարմար տեղ ու սկսեցիր կարդալ, քեզ բարի ընթերցում:

Օր 1-ին.

Ժամը 10:10 կանգառում եմ: Ժամը 10:30 է, մեկ է՝ էլի կանգառում եմ: Ըհըն, ավտոբուս երևաց, նստում եմ: Ոչինչ, կվազեմ ու 11-ին էնտեղ կլինեմ: 4-ից 5 անգամ նայում եմ ինձ հայելու մեջ: Չէ, էսպես մի ժպտա, երևում է, որ ամաչելու ես, հանգստացիր, Ամալյա, հանգստացիր: Իջնում եմ, սկսում եմ վազել, 10:57-ին համարյա հասել եմ, բայց հիմա ո՞ւր: Ըհըն, իմ տարիքի երեխեք են կանգնած, երևի «Մանանա» են գնում: Ու, բարեբախտաբար, Լուսինեն եկավ.

-Դու Ամալյան ես, չէ՞:

-Հա,- մի կերպ արտաբերում եմ ես և ուրախանում, որ մեկն ինձ ճանաչում է:

Մտնում ենք ներս, նստում ենք, նայում եմ Աստղին, շատ ծանոթ է դեմքը, թղթակից է երևի, նայում եմ մյուս կողմ ու չեմ գտնում մեկին, ում հետ կարելի է խոսել: Մի երկու բառ իրար եմ կապում ու մի կերպ ներկայանում եմ: Է, Ամալյա, ախր, խոսք էիր տվել չամաչել: Դասընթացի ընթացքում Էլիզաբեթը հարց է տալիս, ես կմկմալով մի կերպ պատասխանում եմ: Իսկ այ վերջում, երբ գնում էի տուն…

-Կանգնիր, ինչի՞ չես կանգնում, ես չեմ հասցնում քեզ նման արագ քայլել,- լսվեց Էլիզաբեթի ձայնը, որը մի կերպ հասավ ինձ ու սկսեց խոսել:

Պարզվեց՝ Էլիզան ճանապարհի կեսը ինձ էր կանչել, իսկ ես այդպես էլ չէի լսել: Ամոթից փակում եմ դեմքս, բայց փորձում նրա հետ խոսել: Ու ամաչած, կարմիր դեմքով վազում եմ տուն:

Ամալյա Հարությունյան

***

«Է՜, Նարեկն ո՞ւր ա, չկա, բա որ ուշանանք ու ներս չթողնեն: Բայց մի րոպե, Նարե՞ն չի էն ականջակալներով աղջիկը, որ էս կողմ ա գալիս: Հա, էլի»:

-Ա՞ստ,- բարևեցինք, գրկախառնվեցինք,- «Մանանա՞» ես գնում, արի՝ տանեմ:

-Նար, Նարեկին եմ սպասում:

«Գնաց, բայց կարո՞ղ ա պիտի Նարեի հետ գնայի, եսիմ»: Մտքերս ցրվեցին մեկի ձայնից: Եկավ, մոտեցավ ինձ, թե բա՝ կներեք, կարո՞ղ ա «Մանանա» կենտրոնի տեղն իմանաք: Չեք էլ պատկերացնի ինչ ոգևորութամբ պատասխանեցի, որ սպասում եմ՝ գան տանեն, ինքն էլ ինձ հետ սպասեց, Մարիամն էր: Բայց մեկ է, վերջում Նարեենց հետ գնացինք: Չգիտեմ, ինչ բառերով բացատրեմ՝ ոնց էի ամաչում, ոտքերս ինձ չէին ենթարկվում, հազիվ հետս «քարշ տալով» նստեցի: Անկեղծ ասած՝ արդեն պատկերացնում էի «Մանանա» կենտրոնը՝ մեծ ու շքեղ շենք, պատին էլ մեծ-մեծ տառերով գրված՝ «Մանանա» կենտրոն: Իսկ այն իրականում Մաշտոցի պողոտայի աչքի չընկնող շենքերից մեկի բնակարաններից մեկն էր՝ բայց ինչքան սիրով լցված: Մարդիկ ամեն օր անցնում են այդ փողոցով՝ արագ կամ դանդաղ, բայց քչերն են իմանում, որ այդ չորս պատի ներսում կյանքը եռում է, սերունդներ են կրթում, շա՜տ սերունդներ: Լավ, վերադառնանք սենյակ: Դե, արի ու դողացող ձայնովդ ներկայացիր, որ վրադ չծիծաղեն: Անունս էի ասել միայն, երբ տիկին Ռուզանը հարցրեց՝ լացո՞ւմ ես: Փաստորեն հուզմունքս թաքցնել չհաջողվեց: Դա դեռ հեչ, երբ Վահեն գրիչներն էր բաժանում, հերթը հասավ ինձ, և նա իր սովորական դիմելաձևով հարցրեց՝ ի՞նչ կա, Զվյոզդ (Վահեին էլ եմ շուտվանից ճանաչում), հուզմունքից մոռացա հարցին պատասխանել, մի բան էլ գրիչը վերցնելիս մի ձեռքով բռնել էի մյուս ձեռքս, որ չերևա՝ ցնցվում է: Լարվածությունս մինչ դասի վերջ էլ չլքեց ինձ…

Աստղիկ Հունանյան 

***

Գետնանցումում հայտնվելով՝ էլի իմ սովորության համաձայն վեց ելքերը փորձելուց հետո վերջապես գտա ճիշտ ճանապարհը։ Մնացածն արդեն հեշտ էր։ Շենքը գտա, հիմա էլ՝ մուտքը, հետո՝ հարկը: «Էնտեղ երեխեք կան կանգնած, կարող ա իրանք էլ են 17-ի համար եկել, հարցնե՞մ, բա որ ուրիշ մարդիկ լինեն լրիվ, լավ է, հարցնում եմ»։

-Երեխեք, 17-ի՞ց եք։

-Հա, դու գիտե՞ս տեղը։

Տեղը գտանք, բարձրացանք, 160 անգամ թակեցինք, էդպես էլ ոչ մեկը չբացեց։ Նորից իջանք, զանգեցինք, ասացին՝ մեզ 12-ին են կանչել։ Ո՞նց թե 12-ին, հիմա մի ժամ ի՞նչ ենք անելու։ Մի ժամ չէ, 1 ժամ 20 րոպե։ Պարզվեց ոչ էլ 12-ին են կանչել: 30 րոպե հետո եկան, ու ամեն ինչ սկսվեց։ Սիրուն ու հավես անցավ ամեն ինչ։ Առաջին օրը մենք հայտեր էինք լրացնում, որոնց մեջ մի քանի տարօրինակ հարցեր կային։ «Սիրած լուսանկարի՞չ։ Ախր, ես սիրած լուսանկարիչ չունեմ, է, ի՞նչ գրեմ»,- մտածեցի ես ու առաջին դասարանցու նման փորձեցի գաղտագողի նայել, թե կողքինս (որ հետո պարզվեց հեչ էլ Մարիամը չէր, այլ Էլիզը) ինչ է գրել։ Գրել էր «չունեմ»: «Ո՞նց չէի ֆայմել, որ կարելի ա գրել «չունեմ»»։ Ինչ շատ են Մարիամները…

Տաթև Չուխուրյան

***

«Դոդի մեկը, հլը հիշի ճանապարհը, անցած անգամ ո՞նց էիր եկել, է։ Հեսա կգնամ, էնտեղ լիքը երեխաներ կլինեն, տենց կհասկանամ, որ էդ ա։ Եկա, ու ի՞նչ, ոչ ոք չկա, լավ, հեսա կգտնեմ»։

-Լավ, ասենք թե գտար, հետո՞,- սկսեց խոսել աջ ուսիս նստած Էլիզաբեթը,- հա, կժպտաս ու ծանոթներ կփնտրես, հարցեր կտաս ու պատասխաններ կտաս, երբ քեզ էլ հարցեր կտան։ Եկա, հասա, անծանոթ դեմքեր շատ կային։ «Վա՜յ, ես ճանաչում եմ իրան, իրան էլ։ Ինքը էն աղջիկն ա, որ մրցանակաբաշխությանը խուլ ու համրերի լեզվով էր խոսում, իսկ ինքը էն մյուսն ա, որ 17-ում նկարի մեջ գլխին էն տերևներով բանից ա դրած»:

«Ի՞նչ տերևներով բան, հավաքի քեզ, լրջացի մի հատ, ապուշի ժպիտը երեսիցդ թաքցրու»,- խոսեց ձախ ուսիս Էլիզան։

«Նրան էլ գիտեմ, էն «պոնչո» թուշիկներով աղջիկն ա»։

Հետո՝ տուն գնալիս, էդ «պոնչո» աղջկա հետ գնացի: Լավ էր, ես ինչպես միշտ զվարթ էի ու էլի չէի ամաչում։

Էլիզաբեթ Հարությունյան

***

«Երևի էս շենքն ա, պիտի բարձրանամ հինգերորդ հարկ: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Մի րոպե, վերջացա՞ն հարկերը, բա հինգերորդ հարկն ո՞ւր ա: Է, դե հաստատ մուտքը շփոթել եմ, զանգեմ Լուսինեին»:

-Ես արդեն հասնում եմ, սպասիր, միասին կգնանք:

Լուսինեն եկավ, ասաց Նարեն էլ գա, միասին գնանք: Նարեն էլ եկավ։

-Էնտեղ «Մանանա» եկող էլի երեխեք կան, Նարեկին են սպասում:

-Լավ, միասին կգնանք:

Երբ վերջապես հասանք, շատերն արդեն այնտեղ էին: Առաջին օրը ինձ շատ կաշկանդված էի զգում, որովհետև ոչ ոքի չէի ճանաչում, բայց ամենից շատ ինձ մենակ զգացի լանչին: Չէի համարձակվում ոչ ոքի մոտենալ, ծանոթանալ: Հանկարծ Մարիամը մոտեցավ ինձ ու Ամալյային ու հարցրեց.

-Որտե՞ղ եք սովորում:

Սկսեցինք զրուցել: Ընդմիջումից հետո տրամադրությունս ավելի բարձր էր, ավելի ազատ էի ինձ զգում: Երևի դա նոր ծանոթությունների արդյունքն էր, ինձ էլ մենակ չէի զգում: Դասերն անցնում էին ընկերական մթնոլորտում: Ամենից լավ հիշում եմ շատախոս և հետաքրքրասեր Էլիզային, որին շատ սիրեցի: Բոլոր ուսուցիչներիս շատ սիրեցի հենց առաջին օրվանից: Օրվա ամենատխուր մասը դասերի ավարտն էր: Մի քիչ Մարիամի և Տաթևի հետ գնալուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն կանգառում, բարեբախտաբար, կրկին Տաթևին հանդիպեցի: Տեղանքին դեռ լավ ծանոթ չէի, և եթե Տաթևը չհուշեր ճիշտ ճանապարհը, չգիտեմ՝ ուր կգնայի: Ստացած դրական տպավորություններից հետո նույնիսկ շոգը չէր զգացվում: Միայն ուզում էի շուտ տուն հասնել, որ մայրիկիս պատմեմ իմ օրվա մասին:

Մարիամ Գրիգորյան

***

Մեքենան կանգնեց.

-Մարիամ ջան, դու ստեղ կիջնե՞ս, գնաս, ուղղակի կանգնելու տեղ չկա ուրիշ։

-Հա, հա, ես տեղը գիտեմ, խնդիր չկա, մերսի շատ, հաջողություն։

«Յա՜, տեղը գիտեմ, բա չէ։ Լավ, կենտրոնացի, Մարիամ, առանց խուճապի, հանգիստ։ Ուրեմն, պոնչիկանոցի դիմացի մայթին. էն պոնչիկանոցն ա, էն էլ՝ դիմացի մայթը։ Դիմացը շենքեր կան ու հավաքված մարդիկ, հաստատ էս ա «Մանանան»։

Ինձնից գոհ-գոհ մոտեցա հավաքվածներին.

-Բարև ձեզ, կներեք, դուք «Մանանա» կենտրոնի տեղը գիտե՞ք:

-«Մանանա», հըմ, հլը սենց բարձրացի վերև։

Ուրախ-ուրախ բարձրանում եմ վերև։ Իրականում ուղղությունն ավելի սխալ էր, քան ես պատկերացնում էի։ Է՜հ, դե արի էս շոգին էսքան էլ իջի ներքև։ Վերջին հույսս մնացել էին «Պոնչիկանոցի» աշխատողները, բայց որոշեցի էդտեղ կանգնած մեկից էլ հարցնեմ։ Մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, կարող ա՞ իմանաք «Մանանա» կենտրոնը որտեղ ա։

-Վայ, մենք էլ ենք «Մանանան» փնտրում, զանգել ենք, հիմա կմոտենան։

Մեր Զվյոզդն էր՝ Աստղը։ Վերջապես «Մանանա»-ում ենք: Նստած ենք, իմ հերթն է ներկայանալու։ Թու՜, էնքան խառնված էի՝ Միլենի ազգանունը սխալ ասեցի։ «Լավ, կլինի՞ դու մի անգամ առանց իրար խառնվելու հանգիստ խոսես, ուֆ՜»։

Լանչի ժամն էր։ «Ես, ախր, միս չեմ ուտում։ Լավ, հիմա քեզ հավաքի ու կեր, ամոթ ա»։

Առաջին օրը մի կերպ կերա միսը։

Մարիամ Պապոյան

***

Քննություններն ավարտված են: Վերջ, կարելի է հանգիստ շունչ քաշել՝ հույս ունենալով, որ քիչ թե շատ նորմալ ամառ կունենաս ու պասիվ հանգիստ: Պասիվ, այսինքն՝ գիշերը հինգին քնել, 18:00-ին արթնանալ, ու վարել քեզ հարազատ արջի կենսակերպը: Բայց մինչ երազանքների գիրկն ընկնելը, արժե սկզբի օրերը ինչ-որ նպատակի ծառայեցնել, չէ՞: Երբ մոտակա մի քանի օրվա ամեն առավոտ կարթնանաս ժամը ութին՝ հասկանալով, որ ոչ թե քննության ես, այլ վորքշոփի: Ի տարբերություն մյուսների՝ ինձ համար սկիզբը հուզումնառատ չէր: Չէի լարվում, չէի հուզվում, հակառակը՝ սպասում էի, թե երբ եմ ներկայանալու և ուրիշների գլուխը տանելու: Արի ու տես, որ ոչ ոք ոչ մեկի գլուխը չտարավ. պարզապես եռման ջերմաստիճանը շատ բարձր էր, բայց այդ ամենը՝ մեր ներսում, իսկ արտաքուստ միայն մի քիչ խառնաշփոթ կար: Փչացել էր աշխատանքային «հարդ դիսկը», ֆլեշը չէր ուզում աշխատել, իսկ հնաբնակ Նարեկն ու Վահեն էլ «ճնշում էին» նորեկներին՝ դառնալով բոլոր պատասխանների «հեղինակավոր տերերը»: Բայց, դե հո չէի՞նք բողոքի: Ինչքան էլ մեզ համոզեցին, որ խոսենք, նորեկների մեջ համարձակներ չգտնվեցին: Փոխարենը լսեցինք ու հավաքեցինք այն, ինչը քիչ թե շատ պիտի օգներ հետագա երկու օրերի աշխատանքին:

Նարե Շարմազանովա

***

Առաջին օրը սովորությանս համաձայն ուշացած հասա վորքշոփին: Դե՜, տեղը չէի գտնում: Դե՜ լավ, մի քիչ էլ ուշ էի տանից դուրս եկել: «Հիմա ի՞նչ կմտածեն իմ մասին, եկած-չեկած ուշանում եմ»,- մտածում էի ես, երբ ինձ ուղեկցող աղջիկը բացեց դուռն, ու ներս մտա: Իսկ իրականում ներսում արդեն իսկ այնքան ջերմ մթնոլորտ էր, որ դժվար թե մեկը կենտրոնանար իմ մասին մտածելու շուրջ: Երևի:

Առաջին օրն ավելի ճանաչողական էր. ծանոթանում էինք միմյանց ու ընդհանուր աշխատելաոճի հետ: Մեզ տրվող բացարտրություններն ու հրահանգները պարզ էին ու հստակ, իսկ դա միանշանակ շատ է հեշտացնում աշխատանքը: Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես 5-6 ժամն անցավ, բայց մի բան հստակ գիտեի՝ ուզում էի, որ դասընթացի հաջորդ օրը հնարավորինս շուտ գա:

Էլլա Մնացականյան

Օր 2-րդ 

Էս անգամ էլ ավտոբուսը շուտ եկավ: 10:30 էր, ու ես արդեն հասել էի: «Է, դե, Ամալյա, մի օր չեղավ կարգին ժամանակին գաս»: Քայլում եմ ու զգում, որ մեկն իմ ուղղությամբ է քայլում: Դասընթացի երեխեքից էր, մոտենում է:

-Բարև:

-Բարև,- վախեցած պատասխանում եմ:

-Երեկ ո՞նց հասար:

«Ե՞ս, ո՞նց հասա, երե՞կ, ես երեկ իր հետ չեմ ծանոթացել, էս ի՞նչ հարցեր է տալիս»:

-Դու ինձ հիշո՞ւմ ես,- համարձակությունս ներեց հարցնել:

-Հա, ոնց չէ, Մարիամը չե՞ս:

-Չէ, Ամալյան:

-Վայ, բայց երեկ ասացիր անունդ Մարիամ է:

Ես մի կերպ փորձեցի համոզել, որ ես Ամալյան եմ, ու եթե ճիշտն ասեմ՝ այդքան էլ չստացվեց: Տաթևն էր: ճիշտ է՝ ես երբեք չեմ կարող հասկանալ ինչպես է ստացվել, որ մենք բոլորս իր համար Մարիամ ենք, բայց արդեն սովորել ենք: Բոլորը եկան: Հայացքս գնում է այս ու այն կողմ, «երեկվա աղջկան» (Էլիզաբեթին) եմ փնտրում: Գտա, անցած օրը, երբ քայլել էինք իրար հետ, այնքան էի երջանկացել, ուզում էի մոտենալ, խոսել հետը, ամաչեցի: Գնում ենք ֆոտոարշավի, առաջին օրը մի քիչ էլ երկու Մարիամների հետ էի խոսել, փորձեցի ավելի մտերմանալ, իսկ Տաթևի ծաղիկ քաղելն ու իր մազերի մեջ դնելը դարձավ պատճառ, որ շարունակեմ շփվել հետը: Հա, էսօր ավելի շատ էի խոսում, բայց թե ինչ էի խոսում՝ ես էլ չգիտեի:

-Համ էլ ես քո բոլոր նյութերը կարդացի,- մոտենում էի Էլիզին ու շփման փորձեր անում:

Հետո էլ սկսեցինք ֆոտոներ անել, հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց: Ինչ խոսք, դեռ ամաչում էի, բայց մեծ հաշվով կարմրելս բան չփոխեց (բացի նրանից, որ լուսանկարիս մեջ կարմրած էի):

«Հիմա էլ կինոյի դասն է, ու դու, Ամալյա, պետք է մի խումբ անծանոթ մարդկանց մոտ քո կարծիքն ու գաղափարն առաջարկես»: Իմ հերթի ժամանակ էդպես էլ չկարողացա խոսել, իսկ վերջում՝ ստիպված էի: Դասընթացն ավարտվեց: Ես, Մարիամը, Վալենտինան ու Հովհաննեսը իրար հետ մետրոյով տուն գնացինք: Այսօր ավելի անկաշկանդ էի, չեմ բողոքում, ընդամենը երկու հարց էր տանջում՝ «երեկվա աղջիկը» մտածե՞ց՝ ես խենթ եմ, և տեսնես, որ էդքան խառնված խոսում էի, մի բան հասկանո՞ւմ էին:

Ամալյա Հարությունյան

***

«Օր երկրո՞րդ, հա էլի, երկրորդ օրն ա արդեն, չփորձվես նորից ամաչել ու բերանդ ջուր առնել, նստել, Աստղ, կխառնվես երեխեքին (սիրում եմ ինքս ինձ ոգևորել ինչ-որ բանից առաջ)»։ Գիտե՞ք, մյուս օրն ինձ մի քիչ ազատ էի զգում։ Չգիտեմ՝ մթնոլորտի՞ց էր, թե տիկին Ռուզանի անցյալ օրվա խոսքերն էին ազդել վրաս. «Աստղիկ ջան, մի քիչ ազատ եղի, էստեղ ոչ մեկը քեզ չի ուտելու»։ Մի բան ասե՞մ, շատ սիրեցի տիկին Ռուզանին։ Քանի որ առաջին օրը շատ կաշկանդված էի ու վախենում էի, որ հայացքս կհանդիպեր երեխեքի հայացքներին, այսօր միայն կարողացա նորմալ ուսումնասիրել նրանց։ Լավ է, գնացինք թե չէ, ասացին՝ գնում ենք ֆոտոարշավի։ «Աստղ, զսպի ուրախությունդ, խայտառակ չլինես, այ էդպես, շատ ապրես, առանց ուրախության ճիչեր արձակելու հանգիստ դուրս արի ու գնա ֆոտոներ անելու»,- ինքս ինձ հետ խոսելով դուրս եկա շենքից։ Ֆոտոարշավն էլ ուղղակի հոյակապ անցավ։ Սկզբից ամաչում էի նկարներ անել, բայց այ հետո՜, ինչ տեսնում՝ նկարում էի։ Իսկ Նարեն այսօր էլ՝ երեկվա պես, ջանում էր այնպես անել, որ չամաչեմ։ Մի բան էլ պատմեմ. չասեք՝ շատ ա խոսում էս աղջիկը, պատմելու շատ բան ունեմ: Ֆոտոարշավի ժամանակ ծաղիկների մոտ նստած մի տատիկի տեսա, հարցրի՝ կարո՞ղ եմ Ձեզ նկարել, ու մի փոքր տասնյոթը ներկայացրի։ Վե՜րջ, մնացի այնտեղ։ Սկսեց պատմել, թե ինչպես է շատ տարիներ առաջ առանց կառավարության օգնության ամեն ինչի հասել, ինչպես է ապրել, սկսեց բողոքել նախարարությունից և այլն։ Մեկ էլ գլուխս թեքեմ, տեսնեմ՝ մենակ եմ, երեխեքը չկան։ Արագ զանգեցի Նարեկին, որ ինձ սպասեն։ Տատիկին նկարեցի ու արագ վազեցի, հասա երեխեքին։ Հետո հետ եկանք, ու կինոյի դասը սկսվեց։ Այնքան հետաքրքիր էր ու այնքան նոր բաներ իմացա։ Անգամ ամուսնուն բանանի հետևից ուղարկող կնոջ ու հենց ամուսնու մասին ֆիլմի սցենար գրեցինք, անկեղծ ասած՝ ես էլ շատ հետաքրքիր գաղափարներ ունեի այդ սցենարի վերաբերյալ, բայց, դե գրողը տանի, ախր ամաչում էի խոսել։ Օրվա վերջում տիկին Ռուզանի «էսօր ոնց որ ժպտում ես» բառերը լսելուց ու մի լավ ոգևորվելուց հետո նոր գնացի տուն։

Աստղիկ Հունանյան

***

Գնում ենք ես ու «Նեմրան», այսինքն՝ «Նեմրան» նվագում է, ես քայլում եմ դեպի «Մանանա»։ Դե, ինչպես հասկացաք՝ ականջակալներով եմ, բայց դա չխանգարեց, որ Մարիամին նկատեմ, է՜, ասում եմ՝ Մարիամին, Ամալյային։ «Էս աղջկա դեմքը ինչ ծանոթ ա, կարո՞ղ ա երեկվա Մարիամն ա, էն որ ճանապարհն էր կորցրել, հա էլի»։

-Բարև, «Մանանա՞» ես գնում,- հարցրի ես:

-Բարև, հա, դո՞ւ էլ,- բարևեց, կասկած չկա, որ Մարիամն է:

-Հա, էրեկ ո՞նց տեղ հասար։

-Լավ,- ու տարօրինակ նայում է։

Հասանք շենքի մոտ, մեկ էլ.

-Ես էլ քեզ չճանաչեցի, լսի երեկ ակնոցով էիր, չէ՞, երևի դրա համար,- ու նայում եմ դեմքին, որ տեսնեմ՝ ո՞ւր է ակնոցը։ Արևային ակնոցը հարմարեցված էր գլխին։ Չէ՜, հաստատ Մարիամն է:

-Հա երևի, անունս հիշո՞ւմ ես։

-Հա, բա ոնց չէ, Մարիամ։

-Չէ, Ամալյա:

Այ քեզ առեղծված, էսպիսի բան մեկ էլ հետս առաջին կուրսում էր եղել, սեպտեմբերի մեկին։

«Ինչ լավ է՝ ֆոտոարշավով սկսեցինք։ Բայց մի րոպե, հիմա ես ի՞նչ պիտի նկարեմ։ Լավ է, կարևորը մասնակցությունն ա»,- մտածեցի ու առաջ շարժվեցի։ Ճանապարհին էլ ծաղիկ չէր մնացել, որ գլխիս չհավաքեի, Էլիզն էլ գլուխս էր նկարում։ Ճիշտն ասած՝ չէի ուզում ֆոտոարշավը վերջանա։ Ուզում էի անընդհատ քայլենք, նկարենք։ Բայց լրագրության դասն էլ պակաս հետաքրքիր չէր։ Տիկին Ռուզանն էնքան հետաքրքիր բաներ էր պատմում լրագրությունից, կլանված լսում էինք, որ ոչ մի բան բաց չթողնենք։ Դասամիջոց էր։

-Երեխեք, էս «Նեմրութն» ու՞մ wi-fi-ն ա, ծածկագիրը կասե՞ք։

«Ինչ տարօրինակ հարցեր են տալիս, իհարկե, իմն ա, էլ ո՞վ կարա «Նեմրային» էնքան շատ սիրի, որ wi-fi-ի անունը «Նեմրութ» գրի։ Բա լանչը… Ես մի կես ժամ ինչ-որ մեկին համոզում էի, որ մեջը միս չկա։ Համենայնդեպս՝ չկար։ Հա ի՞նչ, բանանով բուլկու մեջ ոչ մի միս էլ չկար…

Տաթև Չուխուրյան

***

«Արդեն երկրորդ օրը պիտի գնամ, ես հիշում եմ՝ մրցանակաբաշխությանը Լիդուշն ու Միլենան ոնց էին ընկերներին դիմավորում, ես էլ եմ էդպես ուզում, բայց ուզելը քիչ է, մի տեսակ՝ չի ստացվում լավ մտերմանալ»։

-Այ անֆայմ, բա բոլորն ամաչկոտ են, ուզում ես մտերմանա՞լ, դե գնա ու խոսի,- ձախ թևիս Էլիզան էլի ճիշտ է։

«Վայ, տեսնում եմ աղջիկներից մեկին, շատ ծանոթ մեջք ունի։ Հա՜, գնաց և գրկախառնությամբ բարևեց «չոլկայով» աղջկան, իսկ ինքը հաստատ 17-ից ա։ Մոտեցա ու բարևեցի, նրանք պետք է սպասեին համակուրսեցուն՝ իր եղբայր Արմանի հետ, դե ես էլ չեմ շտապում։ Գնացինք իմ առաջին ֆոտոարշավին։ Ժամերը թռան, բայց ես դեռ առույգ էի և, ինչ մեղքս թաքցեմ, նաև անչափ սոված։ Լանչին Թամարան մոտեցավ ինձ և սկսեցինք զրուցել։ Տուն վերադառնալու ճանապարհին կրկին նրանց հետ էի, ում հետ եկել էի։ Չեմ ուզում երրորդ օրը գա, որ չվերջանա մեր վորքշոփը։

Էլիզաբեթ Հարությունյան

***

Երկրորդ օրը մի քիչ ուշացա, բայց ճանապարհը հեշտ գտա: Լավ, ժամանակին հասա, միանգամից ներկա-բացակա արեցին, բաժանվեցինք թիմերի, և ճամփորդությունը սկսվեց: Սկզբում ինձ տպավորեց Թամարան: Մինչ գրեթե բոլորը մտածում էին, թե ինչ նկարեն, նա ամեն քայլափոխի հետաքրքիր կադրեր էր գտնում և անմահացնում: Բայց քիչ անց, մտաբերելով Դիանայի և Լիլիթի խորհուրդները, բոլորս էլ սկսեցինք հետաքրքիր կադրեր ստանալ: Ամենալավ կադրերի «հովանավորը» Վահեն էր: Օրը շատ հետաքրքիր անցավ, այդ օրվանից մնացել են վառ տպավորություններ: Ֆոտոարշավին հաջորդեցին լրագրության և կինոյի դասերը: Ամբողջ ընթացքում ականջներս սրած լսում էի, որ տիկին Ռուզանի և պարոն Արայի խորհուրդները բաց չթողնեմ: Երանի դպրոցի ուսուցիչներն էլ նրանց նման լինեին:

Մարիամ Գրիգորյան

***

Էլի երկար դեգերումներից հետո հասա «Մանանա»։ Մտա։ Արդեն քիչ թե շատ ծանոթ դեմքեր կային։

-Ֆոտոարշավի ենք գնում։

-Ուռա՜, ինչ հավես ա լինելու։

«Հա, շատ հավես կլինի ֆոտոներ անելը, բա էս շոգից մեռնելն ինչ հավես կլինի»,- ինքս ինձ ասացի։ Բայց սխալ էի մտածում։ Էնքան հավես ու ընկերական մթնոլորտում անցավ ֆոտոարշավը, որ շոգն էլ էդքան չզգացինք։ Կատակ եմ անում. լա՜վ էլ զգացինք, բայց մեկ ա՝ օրն ընտիր անցավ։ Հետո հետ եկանք։ Նստեցինք ժուռնալիստիկայի դասին։ Արդեն ձայնս քիչ էր դողում։ Տիկին Ռուզանն ասաց, որ իմ նյութը հավանել են ու կտեղադրեն կայքում։ Նյութս կարդում է տիկին Ռուզանը, էդ ընթացքում ես, խնձորի բոլորը գույները դեմքիս ստանալով, վերջապես ալ կարմիրի վրա կանգ եմ առնում։

«Մարիա՛մ, ձայնը դողացնել ու կարմրել չկա (ինքս ինձ հանգստացնում եմ, էլի)»։

Լանչի ժամանակ էլ համարձակությունս ներեց՝ միսը հանեցի սենդվիչի մեջից։

Մարիամ Պապոյան

***

Սկսվեց երկրորդ բաղձալի օրը: Բաժանվեցինք երկու խմբի՝ յոթ-յոթ հոգով: Չեմ ուզում մանրամասն նկարագրել՝ ինչ արեցի, ոնց: Անհետաքրքիր կստացվի, առավել ևս, որ մշուշոտ եմ հիշում: Բայց կասեմ, որ հին Երևանում էինք, ու աչքս չէի կարողանում կտրել շենքերից: Հատկապես պիտի շեշտեմ Օրիորդաց գիմնազիան (շնորհակալություն Դիանային՝ ցույց տալու համար), որը ցնցեց ճարտարապետական լուծումներով, ու այսօրվա բարձիթողի վիճակով: Սիրուն ա հնչում՝ Օրիորդաց գիմնազիա, պատկերացնում եմ ինչ նազանքով, շորորանքով, ճեմել են նրանք այս գեղեցիկ շենքի հարկաբաժիններում: Իսկ գուցե ըստ արժանվույն հագած-կապած փեսացուներն էլ դրսո՞ւմ էին սպասում… Ինչևէ, մենք 21-րդ դարում ենք, օրիորդները՝ չկան, շենքի դարպասները փակ են: Մուտքի մոտ ընկած երկաթե ճաղերը բանտարկեցին հարսնացու օրիորդների և սիրահար փեսացուների մասին երազանքները: Կիսատ մնաց:

Նարե Շարմազանովա 

***

Երկրորդ օրն ավելի շատ հիմնված էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու վրա: Դեռ երկու օր առաջ իրար չճանաչող անծանոթներն արդեն մի դրական թիմ էին դարձել, որտեղ յուրաքանչյուրի կարծիքն ու դիտարկումը ուշադրության էր արժանանում ու քննարկվում: Վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկն ու դրա շուրջ մտածելու հանձնարարությունն էլ ավելի ոգևորեց ինձ: Ուրախ էի, որ մասնակցում եմ դասընթացին:

Էլլա Մնացականյան 

Օր 3-րդ 

Մտքերը, որ այսօր վերջին օրն է, ստիպում են դանդաղ քայլել: էսօր էլ Վալենտինային հանդիպեցի ճանապարհին: Կրկին փակ էր դուռը, շուտ էինք եկել: Կանգնում ենք շքամուտքում ու սկսում խոսել: Երկրորդ ֆոտոարշավ: Այս անգամ արկածները շատ էին: Գնացել էինք ֆոտո անելու, բայց 2 ժամում այնքան բան հասցրինք անել: Տարօրինակ մարդիկ այնքան շատ էին հանդիպում: Ամենուրեք ծխախոտով տատիկներ էին, անսովոր հայացքով մարդիկ, դե էլ չասեմ, որ մի տատիկ էլ մեզ ինչ ասես չասաց՝ իրեն լուսանկարելու համար: Ֆոտո անելու հետ մեկտեղ՝ ես, Էլիզան ու Վալենտինան հասցնում էինք խոսել ամեն ինչից, ծիծաղել, մենք ինքներս նկարվել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, ու պիտի խոսովանեմ, որ մեկ-մեկ էլ բարկացնում էինք՝ անընդհատ հետ մնալով խմբից: Բայց ես հուսով եմ, որ մեզ կներեն, որովհետև էլիզի, Վալենտինայի ու մյուսների հետ անցկացրած պահերն անմոռանալի էին: Ամբողջ ընթացքում միայն մի բան էի կրնկում.

-Ինձ չեք մոռանա, չէ՞:

Լանչն էլ էր արտասովոր այսօր: Ինձ մենակ զգալու ու ամաչելու փոխարեն անընդհատ խոսում էի: Հետո՝ լրագրություն: «Մի բան հարցնեմ, իմ նյութը լա՞վն էր» հարցիցս հետո որոշեցին, որ պիտի բարձրաձայն կարդան նյութս: Է, Ամալյա, այս ինչ արեցիր, դե արի ու մի ամաչի: Բայց վերջում արձագանքներից այնքան ուրախացա: Վերջին դաս: Սկսեցի ատել այս բառը, երանի ամեն օր գայինք վորքշոփի, երանի ամեն օր տեսնեի երեխեքին ու երանի ամեն օր գրկեի նրանց: Նստած եմ Էլիզայի կողքին ու կռվում եմ ինքս ինձ հետ: Ես նրա հետ նկար եմ ուզում: «Հա, բայց ամոթ ա, չէ, չեմ ասի»: Ու ես էլ չհասկացա՝ ոնց.

-Էլիզ, ես քեզ հետ նկար եմ ուզում:

Էլիզի դրական պատասխանը երջանկացրեց ինձ: Դուրս եկանք, նկարվեցինք, բայց տուն գնալ չէինք ցանկանում: Ես, Տաթևը, Էլիզն ու Մարիամը գնացինք պաղպաղակ ուտելու հետքերով: Ես դեռ հազարավոր օրեր կքայլեմ Օպերայում, բայց ամեն պահի Տաթևը նկարվել չի ուզի, Մարիամը ուրախությունից չի թռվռա, Էլիզը պաղպաղակը չի գցի, ես էլ ամբողջ ընթացքում չեմ ժպտա: Ես դեռ հարյուրավոր մարդկանց հետ կծանոթանամ ու կփորձեմ ճանաչել նրանց, բայց չեմ կարծում, որ հենց առաջին օրվանից զգամ այն ջերմ էներգիան, որը նրանցից էր գալիս: Շնորհակալ եմ, «Մանանա», մեր շփումն ապագա ունի:

Ամալյա Հարությունյան

***

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր զգում այն աղջիկը, որը առաջին անգամ էր մեն-մենակ երթուղայինով ինչ-որ տեղ գնում, այն էլ՝ Երևանի շատ ու տարբեր փողոցներով: Ես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց դրան ավելացել էր այն, որ վորքշոփի վերջին օրն էր, որ էլ խելագարի պես չէի «փորձելու» բոլոր շենքերը, մինչև «իսկական» շենքը գտնեմ: Ինչևէ, դա չեմ եկել պատմելու: 10:30 էր, «Մանանա» կենտրոնում էի, չէ, ներսում չէ, դռան հետևում կուչ եկած մի քանի հոգու հետ սպասում էինք գային, դուռը բացեին: Ներս մտանք, թե չէ, ասացին՝ էլի ֆոտոարշավ: Մի քանի րոպե անց բոլորով ներքևում էինք, արդեն խմբերի բաժանված, հանձնարարություն ստացած ու պատրաստ՝ ֆոտոարշավի գնալու: Պետք է շոգող մարդկանց նկարեինք: Ի՞նչ վատ էինք է շոգում, կանգնեինք, մեկս մյուսին նկարեինք, գնայինք կինոյի դասին, էլի: Համենայնդեպս ծխող տատիկներից, գրավաճառներից ու «մոդել» պատշարից հետո մեզ դա էլ մնաց անելու: Ցայտաղբյուրի բացակայության պատճառով էլ Վահեի ու Դիանայի գլխավորությամբ բոլորս լցվեցինք խանութ՝ ջուր գնելու: Այս անգամ արդեն համարձակությունս ներում էր մարդկանց խնդրել, նկարել: Մի փոքր նստարանի մեջ մի կերպ տեղավորված մի քանի պապիկի նկարելուց նրանցից մեկից «լրիվ չամիչով բուլկի ա էս աղջիկը» բառերն էլ մոռացնել տվին շոգը: Մի փոքր էլ գլուխ գովեմ: Մինչ երեխեքը մի անձրևանոցով կին էին գտել ու փորձում էին նկարել, ես մի սիրահար զույգի տեսա, դե կանգնեցի՝ նկարեմ, տղան էլ մռայլ ու բարկացած դեմքով նայեց, ես էլ փախա: Հավատացեք, դաս քաղեցի: Երբ «Մանանա» էինք վերադառնում, էլ ավելի հավես սիրահար զույգ տեսա: Բայց դե հո չէի՞ կանգնի անցյալ անգամվա պես նկարեի, մեկ է՝ չէին թողնի, ես էլ դիմեցի խորամանկության: Փողոցն անցա ու թաքուն նրանց հետևից նկարեցի. պահ, դե մի թողեք: Կինոյի դասն էլ անչափ հետաքրքիր անցավ, արդեն հարցեր էի տալիս ու բավականին սպառիչ պատասխաններ ստանում: Իսկ այ վերջում մի կարճամետրաժ ֆիլմ նկարեցինք, դե Նարեկը նկարեց, իսկ մենք «խաղացինք» ֆիլմում: Բայց վերջում շատ դաժան էր, բոլորի խորհուրդները լսելուց հետո դուրս եկանք, իսկ դա շատ տխրեցնող էր, կուզեի ողջ ամառ վորքշոփներ լինեին, ես էլ մասնակցեի: Վերջում աղջիկներից մի քանիսն ինձ ճանապարհեցին մինչև կանգառ ու վերջ, գնացի տուն: Վե՞րջ, ի՞նչ վերջ, մեր աշխատանքն ու ընկերությունը շարունակվում է՝ էլ ավելի ամրացած:

Աստղիկ Հունանյան

***

«Չէ, չեմ ուզում գնալ, լավ էլի (չէ, ձանձրալի չի, ոչ էլ հոգնել եմ, ուղղակի էս վերջին օրն ա, պատկերացնում եմ՝ էլ չենք գնալու, էսօր էլ, ու վերջ, ինչի՞ ա ամեն լավ բան էսքան շուտ ավարտվում)»: Վերջապես հավաքում եմ ինձ ու ճամփա ընկնում դեպի «Մանանա»։ Վերջին օրն ավելի հետաքրքիր անցավ։ Մեզ ավելի ինքնավստահ էինք զգում, որովհետև արդեն հասցրել էինք լավ մտերմանալ։ Վերջում, երբ արդեն պիտի հրաժեշտ տայինք, որ գնայինք, մտածեցի. «Լավ, էն աղջկան էլ գնամ հաջող անեմ, բայց ի՞նչ էր է անունը, հա, Մարիամ» ու գոռում եմ.

-Մարիամ, Մարիամ, սպասի բան եմ ասում,- իրականում ես Էլիզին էի կանչում, բայց կողքին էլ Մարիամն էր կանգնած, ու երկուսով ինձ նայեցին։ Ինձ թվաց, թե ճիշտ եմ ասել անունն ու գնացի նրանց մոտ, բայց Էլիզը ոչ էլ սպասեց, որ տեսնի՝ ինչ եմ ասելու: Փոխարենը Մարիամը նայեց վրաս ու.

-Ինձ բա՞ն էիր ասում։

«Վայ,- կայծակնային արագությամբ հիշում եմ, որ էն աղջկա անունը Էլիզա էր, ոչ թե Մարիամ,- լավ, բա հիմա Մարիամին ի՞նչ ասեմ»:

-Հա, ես էն աղջկան էի կանչում, ուղղակի բոլորին Մարիամ եմ ասում,- «Տաթև, լավ էլի՜»։

Երբ իջանք, երեխեքի մի մասը դեռ շենքի մոտ էր։ Քանի որ վերջին օրն էր, որոշեցինք մի փոքր ավելի երկարացնել ու ես, Էլիզան, Ամալյան ու Մարիամը (չէ, իրոք Մարիամն էր, չեմ սխալվում) գնացինք զբոսնելու։ Էնքան լավ էր, որ չէինք ուզում տուն գնալ, բայց եկավ 8-ը ու տարավ Էլիզին, հետո Ամալյան գնաց մետրոյով, 41-ն էլ եկավ Մարիամի հետևից, հետո՝ իմ 46-ը, ու ամեն ինչ վերջացավ: Բայց էդպես էլ չհասկացա, դրանով ամեն ինչ վերջացավ, թե դա ինչ-որ մի նոր բանի սկիզբն էր…

Տաթև Չուխուրյան

***

«Տեսնես՝ գոնե այսօր կստացվի՞ մտերմանալ նրանց հետ»։ Դե, ես արդեն տեղում եմ, ու էլի մենք ֆոտոարշավի ենք գնում։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ես մտերմացա էնպես, ինչպես ուզում էի, ինձ սիրեցին, և ես սիրեցի նրանց։ Ողջ օրը բոլորով երազում էինք, որ օրը չվերջանա։ Իսկապես այսպիսի ընկերներ ձեռք բերելու համար արժեր անել ամեն բան։ Ֆոտոարշավ, որը մտերմացրեց հատկապես ինձ, Վալենտինային և Ամալյային, տատիկի անեծքով։ Դե, մեզ մի տատիկ անիծեց, որովհետև մենք նրան նկարեցինք։ Հետո՝ լանչ, որը մտերմացրեց մեզ նաև Մարիամներին, Մարիամներին սիրող Տաթևիկին, Աստղիկին, որը դարձավ մեր «Զվյոզդը» և մյուսներին… Շնորհակալ եմ այս դասընթացների համար, ես գտա լավ ընկերներ և ստացա գիտելիքներ, որոնք խոստանում եմ, որ կկիրառեմ:

Էլիզաբեթ Հարությունյան

***

Դասընթացների վերջին օրը հենց առավոտվանից ինձ լավ չէի զգում: Սկզբում ցանկանում էի զանգել, զգուշացնել, որ չեմ գնալու, սակայն հիշելով նախորդ երկու օրերից ստացած տպավորությունները՝ որոշեցի գնալ: Չէ՞ որ վերջին օրն էր, դեռ երկար ժամանակ չենք հանդիպելու: Հետո էլ, չէի ուզում դասերը բաց թողնել: Որոշ ժամանակ ինձ շատ վատ էի զգում, շոգն էլ՝ մի կողմից, բայց ֆոտոարշավի ժամանակ խմբի տրամադրությունը ինձ էլ փոխանցվեց, և մոռացա գլխացավիս մասին: Ինչպես նախորդ օրը, ֆոտոարշավը շատ ուրախ անցավ: Հանդիպում էինք տարբեր մարդկանց. մի մասը չէին ուզում, որ իրենց նկարենք, մյուսները ուշադրություն չէին դարձնում, մի քանիսն էլ իրենք էին ասում, որ նկարենք, պնդելով, որ շատ «ֆոտոգենիչնի» են: Երբ վերադարձանք, արդեն լանչի ժամն էր: Ինձ էլ մենակ չէի զգում, արդեն ընկերացել էի շատերի հետ՝ Մարիամի, Աստղիկի, Ամալյայի, Էլիզայի, Վալենտինայի և Տաթևի, որը բոլորին Մարիամ էր ասում: Անիմացիոն մի քանի ֆիլմ դիտել էի և միշտ ցանկանում էի իմանալ և մասնակցել ստեղծման ընթացքին, չգիտեի, որ այդքան հետաքրքիր և զվարճալի է: Դասընթացի ավարտին բաժանումը դժվար էր, հասկանում էի, թե ոնց եմ կարոտելու բոլորին: Մրցանակաբաշխության ժամանակ տեսա տիկին Ռուզանին, ուզում էի մոտենալ, գրկել, բայց ամաչեցի, իսկ այս անգամ սխալս ուղղեցի: Վերջ, դուրս եկանք… Այնպիսի դատարկություն էի զգում, կարծես ինձնից մի մասնիկ թողել էի «Մանանա» կենտրոնում: Դասերի ավարտից հետո չէինք կարող միանգամից տուն գնալ: Օրը ավելի վառ և հիշարժան դարձավ Էլիզայի գեղեցիկ ֆոտոների, պաղպաղակ գնելու երկու անհաջող փորձերի և Երիտասարդականը փնտրելիս կատարած շուրջերկրյա ճանապարհորդության շնորհիվ: Որոշ ժամանակ անց դժվարությամբ հրաժեշտ տվեցինք իրար: Ավտոբուսի մեջ ամփոփում էի այս երեք օրը, որոնք ամենահիշարժանը կլինեն այս ամառվա ընթացքում: Դեռ երկար կհիշեմ Էլիզայի փայլող աչքերը, Ամալյայի փոքրիկ, ամաչող աչքերը և ժպիտը, Տաթևի մեկ գրկախառնությունը, որը ազատեց ինձ բոլոր կոմպլեքսներից: «Ինչ լավ արեցի, որ եկա, թե չէ էսքան բան բաց կթողնեի»,- օրվա վերջում մտածեցի ես:

Մարիամ Գրիգորյան

***

Առանց մոլորվելու «Մանանան» գտա։ Ջրի ճամփա էր դարձել։ «Արդեն վորքշոփի վերջին օրն ա, լավ ա տեղը սովորեցիր վերջապես, Մարիամ»։ Էլի ֆոտոարշավի էինք։ Արդեն անհամբերությամբ էի սպասում արևի տակ այրվելուն։

-Մարիա՜մ,- լսվեց Տաթևի ձայնը։

Ուրախացած շրջվեցի. «Ուռա՜, ինչ-որ մեկն անունս հիշում ա»,- մտածեցի։

-Հա, Տաթ ասա։

-Ես քո հետ չէի, ես Մարիամի հետ էի։

Դե, դեմքս պատկերացնում եք, չէ՞։ Հիասթափված էի, ինչ խոսք։ Մերոնք տասնհինգ տարի շարունակ հավատացրել են, որ անունս Մարիամ ա։

-Չես հավատա, բայց Մարիամը ես եմ:

-Չէ, է, ես էն աղջկա հետ էի,- ու ցույց տվեց Էլիզաբեթին։

Էլիզաբեթի դեմքն էլ պատկերացրիք, չէ՞։ Իսկ արդեն վորքշոփից հետո, երբ մտերմացել էինք, Տաթևն ասաց.

-Երեխեք, ես էնտեղ ոչ մեկիդ անունն էլ չէի հիշում, դրա համար էլ, բացի տղաներից՝ բոլորին Մարիամ էի ասում։ Համ էլ՝ «Էլիզաբեթ» մինչև ասեի, օրը կպրծներ։

Հիմա Տաթևն արդեն մեր անունները հիշում է։ Մենք էլ արդեն իրար համար հատուկ «նիքնեյմեր» ունենք։ Երրորդ օրն էր, որ «Մանանա»-ում էինք, բայց էնքան էի կապվել, որ մի տեսակ դժվարությամբ էի պատկերացնում առավոտյան արթնանալն ու չգալը, չմոլորվելը ու արևի տակ ֆոտոներ չանելը։ Երևի մթնոլորտից էր, գիտեք։ Իսկ գիտեի՞ք, որ էդ խուճուճ-մուճուճ փողոցների մեջ կա մեկը, որի իրար կողք շարված շենքերից մեկի վերջին հարկի բնակարանն էդքան ջերմություն ունի իր մեջ:

Մարիամ Պապոյան

***

Կիսատ էր նաև երրորդ օրը. կիսատության զգացումը մինչև վերջ էլ մնաց: Երեք օր, 18 ժամ միասին: Հավատացեք, չհերիքեց իրար բացահայտելու, լիարժեք գիտելիք ստանալու, վորքշոփը մինչև վերջ վայելելու համար: «Մանանայի» մանանան ինձ համար, մեղքս ինչ թաքցնեմ (չկարծեք՝ գուրման եմ), տիկին Ռուզանի թաբուլեն էր: Կարոտեցի… Կսպասեմ:

Նարե Շարմազանովա

***

Երրորդ ու ամենավերջին օրը լի էր իրադարձություններով: Սկզբում ֆոտոարշավը, որի հիմնական թեման շոգն էր, ամենաարդիականն այդ պահին: Ընդամենը 1-1,5 ժամում շատ հետաքրիր կադրեր ֆիքսեցինք քաղաքի կենտրոնում: Լուր, ակնարկ, հարցազրույց, ֆելիետոն… Գրեթե բոլոր ժանրերի մասին խոսեցինք, ու վստահ պիտի ասեմ, որ յուրաքանչյուրի մասին էլ հստակ պատկերացում կազմեցինք, հասկացանք, թե որ ոճով ենք ուզում գրել: Յուրաքանչյուր թեմա ներկայացվեց հասկանալի օրինակներով, քննարկեցինք նաև մեր գրած նյութերը: Հա՜, մեզնից գուցե նաև լրագրողներ դուրս գան: Ի սրտե շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին՝ մեգահետաքրքիր դասընթացի, նոր ծանոթությունների ու տրված հնարավորությունների համար:

Էլլա Մնացականյան 

***

Կադրից դուրս.

-Երեխեք, բայց ես ինձ ամենաշատը լանչին էի մենակ զգում:

-Վայ, ես էլ:

-Երեխեք, ես էլ:

-Չեք պատկերացնի, բայց ես էլ:

-Բա, այ դեբիլներ, մեկիդ խելքին չփչե՞ց մոտենար:

Կան օրեր, որոնք չեն ջնջվի հիշողությունիցդ, ուզում ես ունեցիր կրկնակի լավերը, անցկացրու հազարավոր ուրիշ պահեր, մեկ է՝ օրեր կան, որ մխրճվում են էն ամուր պատրաստված փոքրիկ պահեստում ու արգելում իրենց անգամ մի պահ չմտաբերել:

Հեղինակներ` Ամալյա Հարությունյան, Աստղիկ Հունանյան, Տաթև Չուխուրյան, Էլիզաբեթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Մարիամ Պապոյան, Էլլա Մնացականյան, Նարե Շարմազանովա, Նարեկ Բաբայան

ella mnacakanyan yerevan

Ծաղկաձորյան օրագիր

Ճամբար գնալուս որոշումը ստացվեց այնքան հապճեպ ու չնախատեսված, ինչքան, օրինակ, թրջվելու որոշումն է կայանում, երբ ընկերներիցդ մեկի թեթև ձեռքով հայտնվում ես ջրով լի լողավազանի մեջ: Սկզբում ինչ-որ անսովոր խուճապի մեջ ես, հետո զգում ես, որ արժեր թրջվել, հովացար: Գուցե տարօրինակ համեմատություն արեցի, բայց իսկապես նման զգացողություն էր մոտս: Պատճառը երևի այն էր, որ ապրածս 17 տարիների ընթացքում երբևէ ճամբար չէի գնացել ու մոտավոր պատկերացում չունեի անգամ ճամբարային առօրյայի մասին: Չէ՛, չնայած, անցած տարի եմ առաջին անգամ ճամբար գնացել, այն էլ՝ հանրապետությունից դուրս, բայց դա բոլորովին այն չէր, ինչ կարող է լինել հայրենիքումդ, ուր ազատ ես մայրենի լեզվով շփման մեջ ու չես վախենում, թե կկորչես տեղանքին ծանոթ չլինելու պատճառով: Ինչևէ, խոստանում եմ մեկ այլ առիթով պատմել նաև այդ ճամբարի մասին, բայց հիմա անդրադառնամ իմ կյանքի առաջին «հայրենական» ճամբարին:

Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց էն պահին, երբ գիշերը շոգից տանջվելու փոխարեն ամուր փաթաթվել էի հաստ վերմակի մեջ ու մուշ-մուշ քնել: Որոշմանս ճշմարտացիության երկրորդ փաստարկը թիմային խաղերն էին, որոնց ընթացքում, ի հակառակ հայկական սովորության, կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով էնպես խաղալ, որ մեր իսկ խաղացածից գերագույն հաճույք ստացանք: Ի դեպ, թիմերի բաժանվել էինք պատահականության սկզբունքով՝ ըստ գույների, ու գրեթե ոչ մեկս մյուսին չէր ճանաչում, բայց ի վերջո այնպես էինք մտերմացել իրար հետ, որ չէինք ուզում բաժանվել:

-Չենք ընկճվում, կանաչներն ամենալավն են,- մոտավորապես հենց էսպիսին էր մեր կարգախոսը ամեն չստացված փորձությունից հետո:

Չնայած, որ չորս օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհայտնեցին, թե որ թիմն է հաղթել՝ պատասխանն ակնհայտ է՝ իհարկե լավագույն կանաչները, այստեղ ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել (մյուս թիմերի աչքից հեռու, նրանք էլ իրենց մասին են էդպես մտածում):

Կարճ ասած՝ «հայրենական» ճամբարը վերջին շրջանի կյանքիս լավագույն բացահայտումներից էր, որի պակասը, ցավոք, դեռ երկար եմ զգալու: Իսկ կանաչներս ու մնացածը իրար խոստացանք մյուս տարի ևս անպայման հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով:

Կառավարության ծրագիրը երիտասարդների ուշադրության կենտրոնում

Հուլիսի 12-ին Արևելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ աշխատանքային խումբը, AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ-ն, «Հայ Առաջադեմ Երիտասարդություն»ՀԿ-ն և «Եվրոպական երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ն կազմակերպել էին հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հանդիպում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար պարոն Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձ են կատարեցին անդրադառնալ ՀՀ Կառավարության 2017-2022 թթ.-ի ծրագրին, մասնավորապես հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական առաջնահերթությունների և երիտասարդական քաղաքականության հարցերին:

Քննարկումն սկսելուց առաջ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանն ասաց.

-Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է, քանի որ հասցեագրված է Հայաստանի համար առանցքային մի փաստաթղթի, և դրան հղվելու ընթացքում պետք է ամեն մեկս մեզ գտնենք այդ փաստաթղթի մեջ, որպեսզի հասկանանք, թե այն խնդիրները, որ մեզ հուզում են, արդյոք կա՞ն այդ փաստաթղթում: Արդյո՞ք կոռուպցիան, արտագաղթը, մենաշնորհները, կոնֆլիկտները արտացոլված են: Նաև պետք է հասկանանք, թե որը պետք է լինի մեր ներդրումը այդ փաստաթղթում՝ նշված գործողությունները իրագործելիս: Ամեն նման ծրագիր, փաստաթուղթ կարևոր է, եթե իրականացվում է, այլապես կմնա ընդամենը թղթի կտոր: Որպես ՀՀ քաղաքացիներ, ովքեր պետք է շահ ունենան նման ծրագրից, մենք պետք է հետևենք, որպեսզի այդ ծրագիրը նորմալ իրագործվի: IMG_4761-5Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար պարոն Վասիլիս Մարագոսն քննարկումից առաջ ասաց. 

-Ես այսօր եկել եմ լսելու ձեր գաղափարները, առաջարկները, կապված ազգային ծրագրի հետ: Մենք Հայաստանի կառավարության հետ քննարկել ենք այս ծրագիրը, երկկողմանի համագործակցության տարբերակները, նշել նաև համագործակցության առաջնահերթությունները: Ի դեպ, Հայաստանն առաջին երկիրն է Արևելյան գործընկերության երկրներից, որն արդեն ամփոփել է համագործակցության առաջնահերթությունները: Եվ մենք հատկապես շատ ենք խոսել, թե ինչպես պետք է ներգրավենք երիտասարդությանը այդ ամենի մեջ:

Մենք պետք է ունենանք գործողություններ, որոնք պետք է նպաստեն կրթության և բիզնեսի կապին, ուզում ենք ստեղծել մի տարածք, որտեղ համալսարանական մարդիկ կստանան այն լրացուցիչ հմտությունները, հատկապես գիտության և ՏՏ ոլորտում, որը կօգնի նրանց կապ հաստատել բիզնես ոլորտի հետ: Կարծում եմ սա օգտակար կլինի երկու կողմերի համար էլ: Երկրորդ կետը, որի շուրջ մտածում ենք՝ աշակերտների, միջնակարգ կրթության համակարգի զարգացման մասին է, ու դրա համար պիլոտային մարզ ընտրել ենք Տավուշը: Մենք ուզում ենք, որ մարզի երիտասարդը ավելի լավ նախապատրաստվի համալսարան ընդունվելուն:

Մենք էլի գաղափարներ ունենք, թե ինչպես զարգացնել միջնակարգ կրթությունը, և քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ: Եվ այս կոնտեքստում չպետք է մոռանանք այն երիտասարդներին, ովքեր անբարենպաստ պայմաններում ապրող ընտանիքներից ենք: Կարծում ենք այս առումով պետք է շեշտը դնել կրթաթոշակների վրա: Պետք է ավելի լավ հասկանալ համակարգը, և թե ինչպես դրան հղվել: Սա միակ ճանապարհն է, երբ դու տալիս ես կոնկրետ հնարավորություններ, կոնկրետ մարդկանց: Սա միակ ձևն է առաջ շարժվելու և ցույց տալու երիտասարդներին, որ մենք այստեղ ենք օգնելու և հնարավորություններ տրամադրելու համար:

Ի վերջո թե Հայաստանի երիտասարդները, թե ԵՄ-ում ապրող երիտասարդները կանգնում են նույն խնդիրների առաջ: Հնարավոր է նրանք տարբեր զարգացվածություն ունեն կառուցվածքային զարգացման տեսանկյունից, դրա համար էլ մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվելու՝ կառուցվածքները զարգացնելու առումով:

Կառավարության 2017-22 թվականների ծրագիրը քննարկելիս զեկուցողները հատկապես անդրադարձան մի քանի կարևոր խնդիրների: Փորձենք համառոտ ներկայացնել հնչած կարծիքները և առաջարկները:IMG_4770-6

Վարդինե Գրիգորյան (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ)

-Կառավարության 2017-2022թթ ծրագիրը գեղեցիկ շարադրված փաստաթուղթ է, ինչպես բոլոր պետական փաստաթղթերը, սակայն կրում է վերացական բնույթ, ավելի տեսական է, քան գործնականում կիրառելի: Նմանատիպ փաստաթղթերը պետք է պարունակեն այն խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք և դրանց լուծման տարբերակները, որը այս դեպքում, տվյալ փաստաթուղթը չունի: Պետք է տալ օբյեկտիվ գնահատական, որը բացակայում է: Ու քանի որ փաստաթղթում ամեն ինչ շատ լայն ու ընդհանուր է ներկայացված, հնարավոր չէ գնահատել և չափել այն:
Երկար ժամանակ աշխատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը բավականին ծանր ոլորտ է, չեմ տեսել որևէ լավ փոփոխություն վերջին տարիների ընթացքում:
Ու այն, որ փաստաթղթում նշված է, որ կատավարությունը կշարունակի ջանքեր գործադրել, իրատեսական չէ, քանի որ նախկինում էլ ոչինչ չի կիրառվել կառավարության կողմից:
Եվ այն խնդիրները, որոնք ներկայացված են մանրամասն, ամենակարևորները չեն, ինչպես օրինակ, արդարադատության համակարգը, իրավունքների պաշտպանությունը:
Եվ որպես երիտասարդ, ինձ համար շատ կարևոր է, որ փաստաթուղթը հղումներ պարունակեր միջազգային կազմակերպություններից ու աղբյուրներից, մարդու իրավունքների պաշտպանի զեկուցումներից՝ արդարադատության վերաբերյալ: Այդ դեպքում կկարևորվեր վերջիններիս դերը: Միջազգային կազմակերպությունները մեծ աշխատանք են տանում Հայաստանում, սակայն դա չի արտացոլված 2017-2022թթ-երի ծրագրում:

Լիդա Մինասյան («Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ)

-Ուզում եմ խոսել ծրագրի գենդերային հավասարության դրույթների մասին, սակայն դա դժվար կլինի, քանի որ այնտեղ գրեթե չկա այդ տեսակետը: Առկա են ընդամենը երեք կետեր այդ թեմայով, որոնք նույնիսկ լիարժեք հոդվածներ չեն: Դրանք կետեր են, որտեղ ընդամենը նշվում են կանայք, ու խոսք չկա գենդերային հավասարության մասին:

Ես կուզեի ավելի կոնկրետ լինեի, ու միասին անցնեինք այդ երեք պարագրաֆների վրայով: Առաջին պարագրաֆը կրում է «Աշխատանք և սոցիալական քաղաքականություն» անվանումը, նաև կա դրույթ, որը կոչվում է՝ երեխայի պաշտպանություն, և փաստում է, որ երեխան պետք է ապրի ընտանիքում: Կետերից մեկում նշվում է, որ 2018-2019թթ. կառավարությունը պետք է ստեղծի համակարգ, որով պետք է գնահատի ընտանեկան բռնության տուժածներին ծառայություն մատուցելու չափանիշները, ու դա հասանելի դարձնի ավելի շատ մարդկանց: Սա միակ պարագրաֆն էր, որը վերաբերվում էր ընտանեկան բռնությանը: Մենք բոլորս գիտենք, որ ընտանեկան բռնությունը շատ մեծ խնդիր է Հայաստանում, քանի որ կան շատ դեպքեր ընտանեկան, հատկապես ֆիզիկական բռնության: Համաձայն վիճակագրության միջինում տասը կին Հայաստանում սպանվում է իր ամուսնու կողմից: Դա բավականին մեծ թիվ է, բացի դա էլ մենք պարտավորություններ ունենք, որոնք գալիս են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս: Ու այս փաստաթուղթն ընդհանրապես հաշվի չի առնում այն առաջարկները, որոնք միջազգային կազմակերպություններն անում են: Նաև չի նշում պետության պարտավորությունը ընտանեկան բռնության կանխարգելման օրենքներ ընդունելու մասին: Չի նշվում, որ պետք է քրեականացնել ընտանեկան բռնությունը, կամ ինչպես պետք է ստուգվի մատուցված ծառայությունների արդյունավետությունը: Կամ էլ որոնք են լինելու չափանիշները պետական մակարդակով:

Փաստաթղթում նշված է, որ մինչև 2018թ պետությունը պետք է ներգրավի գենդերային հավասարության ինչ-որ հատված ընդհանուր ծրագրի մեջ: Կանանց վերաբերյալ առանձին կետ չկա, ու նրանց մասին հիմնականում գրված է երեխաների մասին հոդվածներում: Մինչև 2022թ պետությունը պետք է ներառի գենդերային հավասարության մասին բաղադրիչ ընդհանուր հասարակական տնտեսական զարգացման ծրագրի մեջ: Սա բավականին կոնկրետ է, պետությունը պետք է ապահովի հավասար իրավունքների տարածումը: Պետք է ներկայացնել իրավիճակային գնահատման և մոնիտորինգի որոշ գործիքներ, որոնցով կարելի է գնահատել, թե արդյո՞ք իրավունքները հավասար են պաշտպանվում: Էլի նույն ձևով, թվում է թե կոնկրետ է, բայց երբ խորամուխ ես լինում, տեսնում ես, որ բավականին լայն հասկացություն է «սոցիալ-տնտեսական զարգացում» ասվածը: Ի դեպ սա կրկին երեխաների պաշտպանության մասին պարագրաֆի մեջ է:IMG_4745-3Հաջորդ կետը, որի մեջ ընդհանրապես «կանայք» բառը կա, պաշտպանությունն է: Եվ այն իրականում ազգ-բանակ հասկացությունը կյանքի կոչելու փորձ է: Դա նշանակում է, որ կանանց հավասար իրավունքներ են տրվելու՝ կամավոր կերպով բանակին միանալու համար: Թվում է, թե լավ բան է, քանզի խրախուսվում է հավասար իրավունքները, բայց ցավոք, միայն այս տեսանկյունից են խրախուսվել սեռային հավասարությունը, սակայն խաղաղություն կառուցելու, որոշումներ կայացնելու մեջ կանանց ներգրավելու մասին խոսք չկա:

Սարգիս Ասատրյանց (Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա)

Ծրագրի ՝ կրթությանն ու գիտությանը վերաբերող մասի շուրջ իր կարծիքը հայտնեց Հայաստանի Ուսանողական ազգային ասոցիացայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը: Վերջինս իր խոսքում առանձնակիորեն կարևորեց կրթության դերը հայ հասարակության մեջ: Խոսելով հայկական կրթական համակարգի մասին՝ նա նշեց, որ Բոլոնյան կրթական ծրագրին միանալուց ի վեր բազմաթիվ ու բազմապիսի փոփոխություններ են կատարվել կրթական համակարգում, որոնք, սակայն, ըստ նրա, ամբողջապես չեն ընկալվել հասարակության կողմից: Ինքս էլ, լինելով այդ համակարգի մի մասնիկ, պիտի համաձայնեմ պարոն Ասատրյանցի այն խոսքերի հետ, որ տարիներ շարունակ ձգվող ուսումնառությունից հետո (12-ամյա դպրոցից մինչև բակալավրիատ, այնուհետև՝ մագիստրատուրա) անգամ շատ երիտասարդներ այդպես էլ չեն հասկանում, թե որտեղից են սկսել և մինչև ուր պիտի տանեն իրենց ուսումը: Ի դեպ, մագիստրատուրայի մասին խոսելիս նա նշեց, որ այն՝ որպես կրթական աստիճան, ավելի շատ ձևական բնույթ է կրում, քանի որ իրականում ծրագրային առումով ոչ մի էական փոփոխություններ չեն: Ըստ նրա՝ Կառավարության ծրագրում հստակ առաջարկների փոխարեն միայն ցանկություններ են, որոնցում նշված չեն նույնիսկ որոշակի առաջնահերթություններ: Սարգիս Ասատրյանցը կարևորեց նաև հստակ փիլիսոփայության որդեգրումը կրթական ծրագիրն իրականացնելիս՝ մատնացույց անելով Մեծ Բրիտանիայի օրինակը: Նա նշեց, որ Հայաստանում կրթությունը միտված է անհատից քաղաքացիական հասարակության մաս ձևավորելուն, մինչդեռ աշխարհում որակյալ կրթության հիմնական նպատակը ուսանողին գլոբալ աշխատաշուկայում ներգրավելն է: Նրա խոսքով, ծրագրում առանձնակի ուշադրություն է հատկացված ներառական կրթությանը, սակայն գործնականում որևէ բան արված չէ բուհերում խոցելի խավերի կրթությունն ապահովելու համար: Խոսելով կրթության որակի մասին՝ պարոն Ասատրյանցը նկատեց, որ այստեղ խոսքը գնում է հիմնականում ուսուցիչներին և դասախոսներին վերապատրաստելու և ատեստատավորելու մասին, սակայն միայն դա բավարար չէ: Դե իսկ խնդիրներից ամենագլխավորը, ըստ նրա, կայացվող որոշումների անինքնավարությունն է: Դրա պատճառը, նրա կարծիքով, կրթական համակարգի մարմիններում պաշտոնատար անձանց չափից շատ ներկայությունն է: Ծրագրում չնշվող խնդիրների շարքին դասվեց նաև կրթական համակարգում առկա կոռուպցիան, որի դեմ պայքարի ոչ մի միջոց չի առաջարկվում:

Դավիթ Պիպոյան (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա)

Գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն եւ շրջակա միջավայր

-Իմ կարծիքով փաստաթուղթը բավականին լավ էր կազմված, բայց մենք այն ծրագիր չենք կարող համարել սննդի անվտանգության ու գյուղատնտեսության տեսանկյունից, քանի որ մենք կոնկրետ չափանիշներ ունենք, որոնցով տարբերում ենք ուղղակի փաստաթղթերն ու ծրագրերը. Ծրագրի համար մենք պետք է ունենանք ժամանակացույց, չափելի արդյունք եւ ֆինանսական պլան: Այսպիսով, եթե մենք խոսում ենք սննդի անվտանգության մասին, այս դեպքում չկա չափելի արդյունք: Սննդի անվտանգության տեսանկյունից գրեթե ոչինչ նշված չէ, չկա ոչ մսի, ոչ կաթի արտադրության վերաբերյալ: Լինելով կազմակերպություն, որը զբաղվում է սննդի անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով, անցկացրել ենք թե տեսական, եւ թե գործնական հետազոտություններ, եւ արդեն մի տարի գործող կառավարությանը նամակ ենք ուղարկել: Վարչապետը գիտական համայնքին չպատասխանեց, թեկուզ եւ բացասական լիներ պատասխանը: Մեր կազմակերպությունը համագործակցում է բազմաթիվ եվրոպական կառույցների հետ, հենց նրանց միջոցով մենք ստեղծել ենք գիտությանը խարսխված համակարգ սննդի անվտանգության ապահովման համար:

Ճիշտ է, կառավարությունն ունի սննդի անվտանգության պետական տեսչություն, բայց իրականում, եթե նայում ենք, թե ովքեր են այնտեղ աշխատում, տեսնում ենք, որ նրանք շատ հեռու են սննդի անվտանգության ապահովումից: Օրինակ, մեկը տնտեսագետ է, մեկը գազի արտադրության մասնագետ: Ու հետաքրքիր է, թե ոնց են այդ ոչ պրոֆեսիոնալները սննդի անվտանգության վերաբերյալ ծրագիր գրում՝ առանց որեւէ լուրջ կազմակերպության ներգրավելու:. Ու դժվար թե հնարավոր լինի քննադատել այս ծրագիրը, քանի որ սրանք ընդամենը ցանկություններ են արտահայտում ու վերջ: Կառավարությունն ուզում է ունենալ ավելի զարգացած իրավիճակ սննդի անվտանգության ոլորտում, բայց բնական է, որ ոչ մի կերպ հնարավոր չէ գնահատել այս ծրագիրը, քանի որ դրա մեջ չկա ոչ ժամանակացույց, ոչ ֆինանսական գործիք եւ ոչ էլ չափելի արդյունք:

Վիկտորյա Բուռնազյան (Էկոլուր)

-Ես ուզում էի գտնել կապող օղակներ երիտասարդության ու շրջակա միջավայրի խնդիրների միջև, սակայն ինձ համար դժվար էր, քանի որ դրանց վերաբերյալ ընդամենը մի քանի կետ կա ծրագրում: Կառավարությունն ուզում է էկոկրթություն ստեղծի, բայց մենք ունենք շատ երիտասարդներ, ովքեր լավ կրթված են եւ ուզում են պահպանել շրջակա միջավայրը, սակայն ոչ մի հաջողության չեն հասնում:

Բերեմ թարմ օրինակ: Սեւանից մեկ միլիոն խորանարդ մետր ջուր է բաց թողնվելու, որը շատ կանդրադառնա Սեւանի վրա: Մենք կկորցնենք մեր ջրային ռեսուրսները, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն մեզ համար: Մոտակա երեք տարում կառավարության որոշմամբ լճից բաց է թողնվելու տարեկան 270 միլիոն խմ ջուրը, բայց կառավարությունն ասում է, որ փորձելու է պահպանել էկոլոգիական բալանսը: Ինչպես նաեւ նոր մեխանիզմներ է ներառելու ափերի մաքրման համար: Կառավարության ասածն ու արածը իրար հակասում են ու ոչ մի երիտասարդ, ոչ մի բնապահպան չի կարողանում դրա դեմն առնել: Երիտասարդները դեմ դուս եկան թե Երեւանում, թե Գեղարքունիքում: Օրինակ, Գեղարքունիքում գյուղացիներն ունեն վարկեր, բայց չեն կարողանում օգտագործել Սեւանի ջուրը: Ամեն դեպքում Ազգային ժողովը տվել է իր համաձայնությունը այս որոշմանը: Արդյո՞ք այդ վերցված ջուրն օգնելու է Արարատյան դաշտի ֆերմերներին: Այն դուրս է գալիս Սեւանից, սակայն չի հասնում ֆերմերներին ամբողջապես: Հիսունհինգ տոկոս ոռոգման ջրի կորուստ է լինում: Ամեն տարի կառավարությունն ասում է, որ կնվազեցնի ջրային կորուստները, սակայն ոչինչ չի արվում իրականում: Իսկ ծրագրում նշում է, որ կառավարությունն արդյունքում փորձելու է հինգ տոկոսով ավելացնել գյուղատնտեսության արտադրողականությունը:IMG_4785-7

Րաֆֆի Էլիոթ (GetTreated.co)

-Ես կանադացի եմ՝ ունեմ իռլանդական և հայկական արմատներ: Կարելի է ասել, որ ներկայացնում եմ Սփյուռքը: Ըստ ինձ, տնտեսությունը շատ կարևոր է հատկապես Հայաստանի դեպքում, այն ամենակարևոր կետերից մեկն է զարգացնելու:

Ու որպեսզի հասկանայի, թե ընդհանրապես տնտեսական զարգացումն ինչպես է ապահովվելու ըստ այս ծրագրի, կարդացել եմ նաև մնացած ոլորտներին վերաբերվող դրույթները` կրթություն, հարկային համակարգի բարեփոխումներ, հակակոռուպցիոն քայլերի ձեռնարկում և այլն:

Այդ ամենը իրար փոխկապակցված են: Եթե տնտեսության զարգացման մասին է խոսքը, սրանց մասին էլ պետք է խոսենք: Մի քանի օր առաջ կառավարությունը հնգամյա պլանը հրապարակվեց, որում նշված է, որ իրենք պատրաստվում են պահպանել ՀՆԱ-ն` համախառն ներքին արդյունքը` չորս տոկոսի վրա: Լինելով ոչ խորհրդային երկիր` Հայաստանում այդ հնգամյա պլանները խնդիրներ են առաջացնում: Մի քանի կետ կա, որոնք հատկապես ուզում եմ նշել: Ասեմ, որ տնտեսության զարգացումը համար մեկ առաջնային խնդիրն է Հայաստանի համար: Նաև այդ խնդիրը ազգային անվտանգության խնդիր է ներկայացնում իրենից: Մաքսային Միությանը միանալը, իմ կարծիքով, ավելի առաջնահերթ խնդիր է հենց հատկապես ազգային անվտանգության առումով. անել այնպես, որ հայերը չլքեն Հայաստանը ու կարողանան այստեղ ապրել երջանիկ, հարուստ ու ապահով կյանքով` իրենց երեխաներին էլ այստեղ դաստիարակեն: Սա հենց առաջնային ձևն է պետությունը պահպանելու համար: Կարդալով այս փաստաթղթերը, ինձ թվում է, որ բավականին լավ է կառուցված, սակայն որպես տեսլական: Որովհետև բառացիորեն այն ամենը, ինչը որ այս փաստաթղթում կա, տարիներ շարունակ ասվել է: Ծրագրում ոչ կոնկրետ բաներ շատ կային: Օրինակ, գրված է, որ պատրաստվում ենք պայքարել կոռուպցիայի դեմ, կամ զարգացնելու ենք տնտեսությունը, բայց ոչ մի տարբերակում չի նշվում` ինչպես: Ու այդ առումով այդքան էլ լավ չէ, որովհետև մենք այս ամենը արդեն լսել ենք անցյալում, բայց ինչպես է այդ ամեն կատարվելու, երբեք չի խոսվել:

Վերջապես կուզենայի Սփյուռքի վերաբերյալ էլ ինչ-որ բան ասել: Ծրագրում շատ է կարևորվում Սփյուռքի դերը: Կային շատ կետեր, որոնք ինձ ուրախացնում էին, բայց որոշ կետեր էլ կային, որ զվարճալի էր թվում: Այդ կետերից մեկն այն էր, որ Հայաստանը հանձն է առնում Սփյուռքում համայնքային խմբերի ձևավորումը, կազմակերպումը: Հայաստանի սփյուռքը արդեն տարիներ շարունակ ինքնակազմակերպվում է, ու ես կուզենայի, որ Հայաստանի կառավարությունը ավելի շատ կենտրոնանար Հայաստանը կարգավորելու վրա: Ընդհանուր առմամբ, ես այս ծրագիրը դրական եմ գնահատում և կուզենայի տեսնել, թե ինչպես են հասնելու այդ նպատակներին:

Մարինե Մանուչարյան («Քաղաքացիական Ֆորում» ՀԿ)

-Երիտասարդությանը, սպորտին և մշակույթին վերաբերվող մասը շատ փոքր մաս է կազմում փաստաթղթում, ընդամենը երկու կետ է, ամեն մեկը երեք ենթակետով: Նայելով այդ փաստաթուղթը` ես հիմնականում կենտրոնացա երիտասարդության հիմնախնդիրների վրա, քանի որ ինքս սպորտի, մշակույթի մասնագետ չեմ, այդ պատճառով չեմ կարող խոսել դրա մասին: Բայց ինչքան էլ նայում էի, այնտեղ ավելի շատ ցանկությունների մակարդակում էր ամենը գրված, ինչ-որ միջոցառումների մասին էին խոսում, որոնք սովետական ոճի մեջ էին ավելի շատ, և ինձ իմ մանկությունն էին հիշեցնում: Նայելով երիտասարդության հետ կապված բաժինը, ես տեսնում էի, որ բավականին հետաքրքիր բաներ էին գրված, ու կարծում էի, որ դրանց մեջ մեծ կարևորություն ունի սպորտի և երիտասարդության նախարարության թիմի աշխատանքը: Բայց միևնույն է, նայելիս այդ պատկերացման պակասը զգում էի: Երիտասարդությանը ընդհանրապես չեն տեսնում որպես շահագրգիռ կողմ: Տեսնում են, այսպես ասած, մի երեխայի, որին պետք է ընդամենը կերակրել, պահել, հետո աշխատանք տալ`աշխատի: Փաստաթղթի մեջ չեն նշվում այն արժեքները, որոնք որ կառավարությունը ուզում է երիտասարդների մեջ տեսնել: Մի նախադասություն կար, որը ինձ շատ զարմացրեց, երբ կարդում էի մշակույթի վերաբերյալ հատվածը, ասում էր, որ երիտասարդությանը դաստիարակել, կրթել հոգևոր և ազգային արժեքների միջոցով, բայց մտածել, որ նրանք լինեն աշխարհի քաղաքացի, չկա: Լավ է, որ կառավարությունը չի կենտրոնանում միայն մայրաքաղաքի վրա, այլ մարզաբնակ շրջաններում էլ է ուզում գործունեություն ծավալել: Բայց քանի որ երիտասարդությանը, սպորտին ու մշակույթին հասցեագրված ֆինանսավորումը կրճատվում է, ապա արդեն դրական չէ ծրագիրը: Դրանով էլ պայմանավորված կլինի կրթության ցածր որակը: Նաև երիտասարդներին ներգրավելու հարցն է շոշափվում, սակայն չի նշվում, թե ինչ միջոցներով պետք է դա լինի: Հիմնականում այն խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում, փաստաթղթում արծարծված չեն:

Քննարկման վերջում պարոն Վասիլիս Մարագոսն ասաց.

-Ես շատ հետաքրքրված կլինեմ վերջնական արդյունքները ձևակերպված տեսնելու` ինչպես են այս առաջարկները ներառվել ազգային ծրագրում: Տեսնենք, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել միասին: Մենք այստեղ ենք ձեզ օգնելու, աջակցելու, ստեղծելու բարենպաստ միջավայր այն ռեֆորմների համար, որը այնպես չի, որ ուզում ենք պարտադրել Հայաստանին կամ մեկ այլ երկրի, բայց ուզում ենք մեր փորձով կիսվել, որը կարող է օգտակար լինել:

Քննարկման վերջում մասնակիցները իրենց հուզող հարցերը տվեցին զեկուցողներին, հույս հայտնելով, որ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությամբ իսկապես կարող են մեծ ազդեցություն ունենալ երկրի բարեփոխման գործում:IMG_4818-8Հանդիպումը լուսաբանեցին՝ 

Ամալյա Հարությունյանը, Էլլա Մնացականյանը, Գայանե Ավագյանը, Դիանա Շահբազյանը, Լիլիթ Կարապետյանը, Սարգիս Մելքոնյանը, Սերյոժա Բաբոյանը, Նարեկ Բաբայանը

ellaMnacakanyan

Երևանի շոգն ու երթևեկությունը

Երևանի համար 58 ավտոբուսի մեջ միշտ լիքը մարդ կա: Միշտ՝ անկախ օրվա ժամից, եղանակից ու շաբաթվա օրվանից: Դե՜ իսկ հուլիսյան շոգ կեսօրին այդքան մարդու մեջ վերջանում է նաև շնչելու օդը, իսկ առջևումդ նստած մի տատիկ անպայման հանդիմանում է քեզ, երբ համարձակվում ես բացել պատուհանը.

-Փակի՛ր, հա՞, աղջիկ ջան, փչում ա,- ես, հոգոց հանելով, փակում եմ պատուհանը՝ այնուամենայնիվ մի փոքրիկ ճեղք թողնելով վերջում, որից ներթափանցած տաք ու փոշոտ օդը, հույս ունեմ՝ պիտի փրկի ինձ անտանելի շոգից:

Ավտոբուսը փոքր-ինչ դատարկվում է Հրապարակի հաջորդ կանգառում, և կարողանում եմ ավելի հարմար տեղավորվել կանգնածս անկյունում: Հաջորդ անգամ  ավտոբուսը կանգ է առնում լուսացույցի կարմիր գույնի պատճառով: Ես մի թեթև հայացք եմ գցում պատուհանից՝ տարածական կողմնորոշումս չկորցնելու համար: Մանկավարժական համալսարանի խաչմերուկն է: Ուշադրությունս գրավում են անցումով անցնող սովորականից շատ երիտասարդները: Գրեթե յուրաքանչյուրի ձեռքին մի մոխրագույն, ուղղանկյունաձև իր կա: Տրամաբանությունս լարում եմ ու հասկանում՝ երևի ավարտական դիպլոմներն են ստացել այսօր: Արդարության համար պիտի նշեմ, որ ոչ մեկի դեմքին ուրախության կամ գոնե տխրության ոչ մի նշույլ չի երևում:

-Ինչպե՞ս է հնարավոր այսքան անտարբեր լինել, երբ վերջապես ավարտել ես համալսարանը,- գրեթե անձայն ինքս ինձ ասում եմ ես:

Հետո մտածում եմ. «Բայց ինչո՞ւ վերջապես:»: Հանկարծ հասկանում եմ, որ դեռ նոր-նոր եմ ընդունվել համալսարան, բայց արդեն մտածում եմ այն վերջապես ավարտելու մասին: Ինչո՞ւ: Պատճառը երևի այն է, որ չափազանց շատ եմ լսել բողոքներ ուսանողական կյանքի մասին, երազանքներ հնարավորինս շուտ ավարտելու մասին: Բայց մի՞թե կարելի է այդքան տհաճություն զգալ սովորելիս, երբ գնում ես քո երազած մասնագիտության հետևից: Չնայած՝ ոչ միշտ: Ցավոք, ոչ միշտ…

Ես սթափվում եմ մտքերից: Ավտոբուսն արդեն մոտենում է իմ կանգառին: Պիտի իջնեմ: Զարմանքով նկատում եմ, որ ավտոբուսը բավականին դատարկվել է: Փաստորեն, 58-ում երբեմն նստելու տեղ էլ է լինում, այն էլ՝ իմ կանգառից ահագին շուտ:

ella mnacakanyan yerevan

Վճռում եմ լինել և գործել

«Է՜լ, շնորհավորում եմ, 20 ես ստացել ֆրանսերենը, անցել ես հաջորդ փուլ»,- իմ կյանքի հերթական օլիմպիադայի պատմությունը սկսվեց դասընկերներիցս մեկի՝ հենց այս ավետաբեր զանգով, ով ինձնից շուտ էր տեղեկացել օլիմպիադայի համայնքային փուլի արդյունքների մասին ու շտապել էր տեղեկացնել:

Չէ՛, ավելի ճիշտ, սկսվեց դպրոցական փուլի արդյունքներով, բայց դե, դպրոցականն ամենաառաջին ու, հետևաբար, ամենահեշտ փուլն է, որը հաղթահարելը առանձնապես մեծ բան չի նշանակում, առջևում դեռ երեք դժվարին փուլեր կան: Ընթերցողին ավելորդ անգամ ձանձրացնելուց խուսափելու համար բաց կթողնեմ քաղաքային և հանրապետական փուլերի դժվարությունները, լարված ու ծիծաղաշարժ պահերը, դրանց արդյունքներն իմանալիս ապրածս բերկրալից վայրկյանները: Երևի շարունակեմ այն մասից, երբ վերջապես իմացա, որ հաջորդ օրը հանձնվելու են հանրապետական փուլում Առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների մրցանակները (ի դեպ, հենց այն նույն դասընկերոջս հեռախոսազանգից, ով նաև հայտնել էր վերը նշված ուրախալի լուրը): Վերջապես, որովհետև այդ պահին բոլորս էլ ստիպված ենք լինում սպասել բավականին երկար ու անհամբեր, դե՜, մինչև ավարտվում են մնացած օլիմպիադաներն ու ամփոփվում են դրանց արդյունքները ևս: Ինչևէ, մենք վերջապես Կրթության և գիտության նախարարությունում ենք: Աշակերտների մեծ մասն արդեն եկել է: Չնայած նրան, որ օրն անձրևոտ է, ու բոլորս էլ նյարդայնացել էինք քաղաքային խցանումներից՝ կարևորը, որ հիմա այստեղ ենք՝ բարձր ու տոնական տրամադրությամբ: Դե՜, անհնար է բարձր տրամադրություն չունենալը, երբ գիտակցում ես, որ ընդհանուր առմամբ այս տարի օլիմպիադաների մասնակցած աշակերտները 47500-ն էին, բայց միայն դու և քեզ հետ 61 հոգի են այսօր այս սրահում: Մի խոսքով, նախարարն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Մենք կլանված լսում ենք նրա ելույթը՝ հետաքրքրական ու իմաստալից, իսկ այն պահին, երբ պարոն Մկրտչյանը հայտարարում է, որ մեր անընդհատ զարգացող պետության բախտը մեր ձեռքում է լինելու, և պիտի շարունակենք մեր հաջողությունները, մարմնովս մի տարօրինակ դող է անցնում: Ես հասկանում եմ՝ կարող եմ լինել այն քչերից, ում լինել-չլինելով, ում գործել-չգործելով, մեր մի բուռ հայրենիքում ինչ-որ բաներ կարող են փոխվել: Ու վճռում եմ լինել և գործել, որպեսզի հետո հայրենիքս բարելավվի իմ շնորհիվ:
Արդեն երեկո է, բայց ես տանը չեմ: Բնական է. երկու օրից Վերջին զանգն էր, բոլորս էլ զբաղված էինք: Իսկ ընկերներիցս ու ծանոթներիցս շատերը զանգահարում ու գրում էին ինձ, ասում էին՝ հեռուստացույցով տեսանք քեզ, շատ վարժ էիր խոսում (մոռացա ասեմ՝ մինչև նախարարի գալը հասցրի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալ): Ես ջերմորեն շնորհակալություն էի հայտնում, բայց իրականում չգիտեմ՝ իսկապե՞ս լավ էի դուրս եկել կադրում, որովհետև չէի կարողացել դիտել հաղորդումը: Այդպես էր նաև երեք տարի առաջ. էլի բոլորը տեսել էին ինձ դիպլոմը ստանալիս, բացի ինձնից: Ինչո՞ւ: Որովհետև էլի ավարտում էի, էլի զբաղված էի: Ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն էր՝ նույն զգացողությունները, դիպլոմի արտաքին նույն դիզայնը, միայն թե այս անգամ առարկայի տեղում «հայոց լեզու»-ի փոխարեն գրված էր «ֆրանսերեն», դասարանն էլ՝ 9-րդի փոխարեն՝ 12-րդ:
Դե՜ ինչ, մնաք բարով դպրոցական օլիմպիադաներ, հիմա հերթը համալսարանականներինն է:

ella mnacakanyan yerevan

«Պատերազմը որպես հասարակական երևույթ»

Այսպես է վերնագրված հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի ամենավերջին դասերից մեկը: Այստեղ խոսվում է պատերազմի և խաղաղության մասին, ջանք գործադրվում պատերազմի պատճառները բացահայտելու, խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու համար: Ես կարդում եմ, շարունակ կարդում: Բայց համաձայն չեմ գրեթե ոչ մի մտքի հետ: Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ, փորձում են բացատրել բազմաթիվ, բազմազգի ու տարակարծիք փիլիսոփաներ՝ սկսած Պլատոնից ու վերջացրած Կանտով: Վերջինս կարծում է, որ կառավարման հանրապետական ձևի տարածումը կկանխի պատերազմների առաջացումը ու կնշանավորի միջազգային խաղաղության դարաշրջանի հաստատումը: Այս մասը կարդալիս ակամա ժպտում եմ:

-Է՜հ, Կա՜նտ, Կա՜նտ, եթե միայն մեր ժամանակներում ապրեիր..,- ինքս ինձ կամացուկ ասում եմ ես, ապա ավելացնում,- բոլորը ժողովրդավար են, ազատական, բայց… Բայց պատերազմներ են աշխարհի բոլոր անկյուններում:

Հիմա կհարցնեք՝ լավ, ի վերջո, ի՞նչ է այդ պատերազմը: Պատասխանեմ: Գրքում նույնիսկ տրված է դրա պայմանական սահմանումը. «Պատերազմը բռնության ակտ է, որի միջոցով պատերազմող կողմը փորձում է մյուսին պարտադրել իր կամքը»: Բայց մի՞թե: Մի՞թե պատերազմն այս բարդ ստորադասական նախադասությունն է: Չէ՛, հաստատ, չէ՛:

Պատերազմը… Պատերազմը սահմանամերձ գյուղերից երևացող հակառակորդի դիրքերն են, պատերազմը ականների ու փամփուշտների ձայների ներքո խաղացող մանչուկներն են, այդպես ապրել սովորած նրանց ծնողները: Պատերազմը սահմանին կանգնած զինվորական համազգեստով եղբայրներդ ու ընկերներդ են, որոնց վերադարձի օրերն ես անընդհատ հաշվում: Պատերազմը վերջերս տարածված տեսանյութն է, որտեղ հայ դիրքապահները պատժիչ գործողություններ են իրականացնում թշնամու նկատմամբ: Պատերազմն արյուն է ու վիշտ, կռիվ ու ՀԱՂԹԱՆԱԿ: Պատերազմը Քառօրյան է ու այն 100-ից ավելի տղաները, որ անմահացան… Պատերազմը ես ու դու ենք, որ շարունակելու ենք ապրել ու արարել՝ ի հեճուկս աշխարհի…

ella mnacakanyan yerevan

Վերջին մայիսը

-Էրեխե՜ք, սցենարը վերջացրե՛ք, արդեն մայիսն ա, օր չի մնացել:

Բարև: Ես մի սովորական շրջանավարտ եմ՝ մեկն այն հազարավորներից, ովքեր շուտով անվերադարձ հրաժեշտ են տալու դպրոցին ու մտնելու են կյանքի մի նոր՝ ավելի հասուն փուլ: Իսկ սա հերթականն է այն նախադասություններից, որ ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ շրջանառվում է մեր դասարանի ֆեյսբուքյան խմբակային խոսակցության մեջ, որն, ի դեպ, հենց էդպես էլ վերնագրել ենք՝ «Էրեխեք»: Ինչո՞ւ «Էրեխեք»: Որովհետև այստեղ գրվող ցանկացած ահազանգ, կոչ, հարց կամ նորություն սկսվում է հենց «Էրեխեք»-ով: Գուցե հետաքրքրի նաև, թե ինչու են նմանօրինակ «վերջինզանգյան» հարցերը քննարկվում միայն օնլայն տիրույթում: Պատասխանը շատ պարզ է ու մի քիչ ցավալի: Դասերից հետո, որպես կանոն, բոլորը շտապում են պարապմունքների, ոչ ոք սրա ժամանակը չունի. առջևում քննություններն են: Ես նույնպես ժամանակ չունեմ: Բայց նաև չունեմ այն անտարբերությունը, որը կարող էի ունենալ, չէ՞ որ 3 տարի առաջ՝ հիմնական դպրոցն ավարտելիս, ես էլի շրջանավարտ էի և ունեի գրեթե նույն հույզերը, որոնցով հիմա եմ լցված՝ դպրոցական վերջին մայիսին: Պարզապես այն ժամանակ ես ավելի փոքր էի, ավելի քիչ բանով էի հետաքրքրվում ու շատ ավելի քիչ էի խորանում մանրուքների մեջ՝ ինչպե՞ս կկազմակերպվի վերջին դասը, վերջին զանգը, ի՞նչ հագուստ է պետք կրել, կհասցնե՞նք արդյոք հարկ եղածի պես պատրաստվել միջոցառմանը, թե՞ մեկն ու մեկս կմոռանա խոսքերը վերջին պահին: Հիմա ամեն ինչ ուրիշ է, ու ժամանակն էլ է մի տեսակ ուրիշ: Սկսել է խենթի նման վազել, չենք հասցնում հետևից…

Դե լավ, ես գնամ սցենարն ավարտելու, թե չէ «Էրեխեք»-ում նորից խուճապ կսկսվի. օր չի մնացել, արդեն մայիսն է՝ վերջին մայիսը…