Սիրան Մանուկյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Մենավոր Կյանք

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Մեծ քաղաքի մարդիկ

Մարդիկ ավելի շատ այն են, ինչ թաքցնում են, քան այն, ինչ ցույց են տալիս:

Բեռլինյան փողոցներում շատ պատմություններ են թափառում, միակ հարցը այն է, թե տեսնո՞ւմ ես դու դրանք։ Քայլելիս առաջին բանը, որն աչքի էր ընկնում, ու ինչին ես ամենաուշադիրն էի, դրանք մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրը ինքնին մի պատմություն է, մի երկրի մշակույթի ներկայացուցիչ։ Մեծ քաղաքներում մարդիկ տարբեր են, նրանք խենթ են ու հետաքրքիր։ Նայելով նրանց ես երևակայորեն պատկերացում էի նրանց կյանքը, ապրելակերպը, առօրյան։ Հաճախ կորչում էի բեռլինյան փողոցների անկյուններից մեկում ու հետևում անցուդարձին, հետևում քաղաքի արագ տեմպին ու կառուցում նրանց կյանքերը։

Յուրաքանչյուր մարդ մի չբացահայտված պատմություն է, ու իմ լուսանկարները հենց այն պատմություններն են, որ ինքս եմ կառուցել: Գուցե տեսնողներից յուրաքանչյուրն էլ կառուցի իր պատմությունը։ Նրանք իմ հերոսներն են, մարդիկ են, որոնց հետ ես ապրում եմ և երբեմն զգում եմ, որ ճամփորդում եմ այն հետքերով, որոնք բացահայտում եմ։

—Կներեք, դուք ֆրանսերե՞ն եք խոսում,- զարմացած հարցրի ես ու փայլող հայացքով նայեցի ներս մտնող մի տարեցի, ով դուռն իր հետևից փակելով ներս մտավ ֆրանսերեն բարևելով։

Ժպտաց։ Մի բաժակ գարեջուր վերցրեց ու նստեց մեր կողքին։ 80-ամյա ծերունին միայնակ էր ու խոսելու կարիք ուներ, նստեց ու սկսեց պատմել իր մասին, իսկ ես նույնիսկ չէի հասցրել հարցս ձևակերպել։ Լսում էի Նյու Յորքում, Կանադայում, Բեռլինում անցկացրած տարիների մասին, հաջողությունների ու հիասթափությունների մասին, պատմում էր Նյու Յորքյան փողոցներից մեկում գտնվող իր փոքրիկ տան ու ջազի մասին, ու էլի շատ բաների մասին էր պատմում, որոնք ես կլանված լսում էի։ Գեղեցիկ էր խոսում ֆրանսերեն, ու մի պահ Գերմանիայի սրտում նստած մոռացել էի որտեղ եմ։ Ես մեկ Կանադայում էի, մեկ` Ֆրանսիայում, կամ Նյու Յորքի փոքրիկ բնակարանում վայելում էի երաժշտության վերջին նոտաները։

Գուցե ամեն օր այստեղ նստած նա պատահաբար հանդիպած մեկին պատմում է իր պատմությունը։ Բայց ինձ համար դա միևնույնն էր, ես պատահական մեկը չէի զգում ինձ, ես ինձ հարազատ էի զգում։

Հետո, ինչ որ բան հիշելով, արագ խմեց գարեջրի վերջին կումերը ու գնաց։ Ես դեռ Նյու Յորքում էի, դեռ լսում էի երաժշտությունը․․․

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Բեռլինի երկնքի տակ

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 3

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երբ նոր բացված արևի ճառագայթների տակ քայլում ես լճի ափին՝ վայելելով շողերի տաքությունը, լճի կապույտն ու սառը օդը, հասկանում ես, որ օրն ավելի լավ չէր կարող սկսվել։

Հոսթելը, որտեղ մնում ենք, գտնվում է լճի ափին ու մինչ նախաճաշը ժամանակ ունեցանք մի քիչ զբոսնելու՝ վայելելով մեզ շրջապատող բնությունը։ Թարմ ու սառը օդից հետո լավ ուտելուց լավ բան չկա։ Նոր օրն իրականում ավելի ակտիվ ու հետաքրքիր էր, քան անցած երկու օրերը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Դասախոսություններ լսեցինք մի քանի  թեմաների շուրջ ու սովորածը ամրապնդելու համար տարբեր ազգերից կազմված խմբերով հետաքրքիր աշխատանք արեցինք: Դասախոսության թեման մեդիայի ոլորտում ինֆորմացիայի ճիշտ ընկալմանն ու հետազոտմանն էր վերաբերվում։ Այս դասախոսությունը ավելի շատ ոչ թե տեսություն էր, այլ հիմնված էր գործնական օրինակների վրա։ Ամեն օրինակից հետո բուռն քննարկում էր սկսվում, ու յուրաքանչյուրը ցանկանում էր ներկայացնել իր տեսանկյունը, հիշում նման օրրնակներ իր կարդացած նյութերից ու գրքերից։ Այս ամենը նախ հնարավորություն տվեց մեկս մյուսին ավելի լավ ճանաչելու, փորձի փոխանակում անելու և ներկայացնելու մեր համատեղ աշխատանքը։ Մարտինը, ով վարում էր դասախոսությունը, պատմում ու ցույց էր տալիս քաղաքական թեմաներով կատարված մի քանի մեդիա արշավներ, որոնք իրականում իրենց մեջ թաքնված ուղերձներ էին պարունակում։ Հենց այդ օրինակների վրա էլ բացատրում էր, թե ինչպես են ենթագիտակցորեն  դրանք հասնում մեզ։ Աշխատանքը, որը պետք է կատարեինք նախապես բաժանված խմբերով, հենց այս թեմային էր վերաբերվում, և իմաստը կայանում էր հետևյալում՝ գտնել և ներկայացնել մեդիայի և գովազդի ոլորտում արդեն կատարված տարբեր արշավներից մեկը, որի գաղափարը միայն վիզուալ տեսնելով հասկանալի լինել չի կարող, քանի որ այն իր մեջ թաքնված ուղերձ էր պարունակում։  Քանի որ աշխատանքը կատարելու համար շատ ժամանակ չունեինք, սկսեցինք ինտերնետում հետաքրքիր նյութեր որոնել ու հիշել այն ամենը, ինչ սովորել էինք։ Ճիշտ է, կարճ ժամանակում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում հասցրեցինք ունենալ հետաքրքիր աշխատանքներ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Կարևորն այն է, որ ցանկացած պահի նոր բան ես սովորում յուրաքանչյուրից, ուղղակի լսելով, զրուցելով ու քննարկելով տարբեր հարցեր, քանի որ ամեն մեկը ներկայացնում է իր երկրի մշակույթը ու ձեռք բերած փորձը։

Օրն ավարտեցինք արդեն կազմված խմբերով համատեղ աշխատանքի արդյունքներն ամփոփելով, խորհուրդներ ստանալով ու նոր գաղափարների զարգացմամբ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Չնայած օրվա վերջում զգում էի, որ հոգնել եմ, բայց երեկոն Գերմանիայի հին քաղաքներից մեկում` Պոտսդամում անցկացնելու հնարավորությունը բաց չէի թողնի։

Շատ քայլեցինք։

Հին շինությունները, քաղաքի լույսերը, դատարկ, լուռ փողոցները, անվերջ զրույցներ ու մի բաժակ գերմանական գարեջուրը մոռացնել տվեցին բուռն, ակտիվ օրը, և ուղղակի թուլացանք ու վայելեցինք երեկոն։

Անծանոթ ուղեկիցներ

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Քայլում էր ու զմայլվում նոր բացված, բայց դեռևս ձնախառը գարնան գեղեցկությամբ: Արևը սառն էր, բայց հաճելի էր զգալ նրա գոյությունը: Տաք օրերի շունչը կարծես արբեցնում ու կենդանացնում էր: Երկար, մութ ու խոնավ օրերից հետո առաջին անգամ էր այս մի քիչ ջերմությունը, ու մարդիկ դուրս էին եկել վայելելու երկար սպասված տաքությունը:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Կարոտել էր իր այգին, նստարանը, որը ժամանակին շատ հարազատ էր եղել: Ու մի պահ նրան թվաց, որ շատ ժամանակ է անցել, ու նստարանը ծերացել է: Իսկ թափված ներկի ծեփերը նրան ավելի խղճուկ էին դարձնում: Մոտեցավ, բայց չկարողացավ նստել միանգամից: Կանգնած նայում էր, հիշողությունները նրան շատ հեռու էին տարել: Հիշեց այստեղ անցկացրած նախորդ գարունները: Ճիշտ է՝ հիշողությունները շատ ջերմություն էին պարունակում, բայց նա այդ պահին ոչինչ չզգաց: Այնպես հիշեց, կարծես ինչ-որ մի տեղ լսել կամ կարդացել էր այդ մասին, և դա նրան ընդհանրապես չէր վերաբերում: Հետո թեթև ժպտաց ու շարունակեց քայլել՝ դժվարությամբ առաջ գցելով վիրավոր ոտքը: Առաջին անգամ հիշողությունները նրան չտխրեցրին, ու նա իրեն լավ զգաց:

Նա հեռացավ, իսկ ես, այգում նստած, դեռ երկար նայում էի նրա հետևից…

Ով կա այնտեղ

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Յուրաքանչյուր պատուհանից այն կողմ ապրում է մի մեծ աշխարհ: Աշխարհ՝ իր գույներով, իր պատմություններով, առօրյայով:

Ես առանձնահատուկ շատ եմ սիրում գիշերը, երբ ժամանակը հավերժ է թվում, իսկ երևակայությունը անսահման հեռու թռչում:

Եվ ամեն գիշեր, երբ բոլորը քնում են, ես դուրս եմ գալիս պատշգամբ և երկար նայում շենքի վառվող պատուհաններին ու փորձում պատկերացնել, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրից այն կողմ:  «Գուցե այդ աշխարհում ապրողները երջանիկ են, գուցե շատ միայնակ են և ինչ-որ մեկի հետ զրուցելու կարիքն ունեն, կամ էլ ով գիտե, գուցե այնտեղ խնջույք է»,- ամեն անգամ մտածում եմ ես:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Հետո լույսերը հատ-հատ մարում ու անհետանում են, իրենց հետ տանելով դեռևս չբացահայտված նորանոր պատմությունները: Ու ես այդպես էլ երբեք չեմ իմանում, թե արդյոք այդ աշխարհում տիրում էր երջանկությո՞ւնը, թե՞ սենյակում նստած միայնակ մեկը  երազում էր  երջանկության մասին: Իսկ գուցե ինչ-որ մեկն էլ կանգնած նայում է ի՞մ աշխարհին:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Իմ գյուղը

Ես ուրիշ կերպ եմ կապված իմ գյուղի հետ: Միշտ իսկական հանգստությունը գտնում եմ այնտեղ: Գյուղը գտնվում է Սևանի ափին, և ճիշտ է, շատ հեռու է Երևանից, բայց աշխատում ենք շուտ-շուտ գնալ: Չգիտեմ, ինձ թվում է, որ միայն գյուղից չէ: Տատիկներս ու պապիկներս ապրում են այնտեղ, և մեր կապն այնքան ամուր է ու ջերմ, որ շատ ենք կարոտում ու ամեն հնարավոր դեպքում այցելում ենք նրանց և աշխատում, ինչքան հնարավոր է, երկար մնալ և զգալ նրանց սերն ու ջերմությունը: Միշտ շատ երեխաներով ենք գնում և այնքան ուրախ անցկացնում օրերը, որ չենք էլ զգում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը:

Երբ փոքր էի և շատ ժամանակ ունեի, այնտեղ մնում էի ամբողջ ամառային արձակուրդներին: Եվ երեք ամիս հետո վերադառնում էի քաղաք մեծ դժվարությամբ: Ամբողջ կյանքում էլ այն կմնա ինձ համար ամենաթանկ վայրը,ամենասիրելի անկյունը: Ու միշտ մտածել եմ, որ ամենալավ գյուղն է իմ գյուղը: