Անահիտ Մակարյանի բոլոր հրապարակումները

Բաց նամակ կորած պապիկիս

Մարդիկ աստվածացնում են նրանց, ում չեն տեսնում, ում մասին միայն լսում են, ում հետ շփվելու հնարավորություն չունեն:

Գուցե…

Երբ դեռ 3-4 տարեկան էի, «Աստված» բառը լսելուն պես պատկերացնում էի սպիտակ մազերով, տառապած, բայց միևնույն ժամանակ,  իր մեջ հպարտություն ու վեհություն կրող արտաքինով մի մարդու: Տարիներ հետո, երբ արդեն ավելի գիտակից տարիքում նայեցի պապիկիս լուսանկարները ու հիշեցի, թե «Աստված» բառի ու դրա բնութագրի մեջ ինչպիսի մարդու էի պատկերացնում, հասկացա, որ պատկերացրածս մարդը պապիկս է…

Երբ ավելի փոքր` 2 տարեկան էի, ըստ մայրիկիս, հանկարծ սկսել եմ լացել և ասել «Կարոտել եմ պապիին» (մարդու, որին երբևէ չեմ տեսել):

Գիտե՞ս, պապի´, ես սպասում էի ու հիմա էլ սպասում եմ գալուդ: Հա, սպասում եմ: Ես գծել, նկարել եմ էդ պահը: Էն ժամանակ մեր տան պատերն ուրիշ գույնի էին, դռներն ուրիշ էին: Ես էն ժամանակ էլ էի պատկերացնում գալդ ու հիմա էլ… Ու երբ խորը մտածում եմ, հասկանում եմ, որ մտածածներիս, պատկերացումներիս ու երևակայածս երկու պահերի տարբերությունը այնուամենայնիվ դռներն են, պատերի գույնը, տան մի քիչ ուրիշ ձև լինելը: Ես էլի նույն ձև եմ պատկերացնում գալդ, էդ պահին հագուստդ, մազերիդ ձևն ու գույնը, դեմքիդ արտահայտությունը. ասես պատերազմը ոչ թե 28 տարի առաջ է վերջացել (երբ ես չկայի էլ), այլ հենց նոր, ու դու մարտի դաշտից հոգնած ու հաղթանակած ես վերադարձել էն սպիտակած մազերով, էն տառապած, բայց վեհ ու հպարտ դեմքի արտահայտությամբ, ու էն խորը, դեպի ներքև հառած հայացքով (ոնց որ քո նկարի մեջ էր), ու թեև դու բառերով չես ասում, բայց հայացքով մի բաժակ ջուր ես խնդրում: Էլի նույն ձև եմ պատկերացնում իմ՝ քեզ առաջին անգամ տեսնելը: Չէ, քեզ հատուկ չեմ գալիս դիմավորելու, չեմ գալիս` լսելով դռան թակոցը, զանգը կամ ոտնաձայները: Տեսնում եմ պատահական, աստիճաններից իջնելիս: Էլի նույն ձև եմ պատկերացնում խոսելս, հայացքս ու հայացքդ…

Ուզում եմ բարևել ու հարցնել, թե ո՞վ է անծանոթը ու նույն պահին, նայելով անծանոթի աչքերի մեջ, հասկանում եմ, որ չէ, ինքն ամենևին էլ անծանոթ չի, ինքն իմ հին, իմ վաղեմի բարեկամն է: Ու առաջին բառը, որն ասում եմ, «Պապի՜» բացականչությունն է: Ու ինքն ինձ ընդունում է ինչպես անծանոթի, գիտակցելով, հասկանալով, որ ամեն դեպքում միակ հնարավոր տարբերակն էն է, որ իր թոռն եմ… Ես իր համար անծանոթ եմ, որովհետև ինքն ինձ նկարով էլ չի տեսել, բնական է, կապված էլ չի լինի ինձ հետ թեկուզ հոգով… Իսկ ես կապված եմ ծնվածս օրվանից: Ու ես էլի նույն կերպ եմ պատկերացնում. ես չեմ առաջարկում առաջ գալ, միջանցքում կանգնած եմ խոսում, որովհետև շփոթված եմ, ուրախացած, զարմացած, կորցրել եմ գիտակցությունս:

Ու ես էլի նույն կերպ եմ պատկերացնում օրերի ընթացքում մեր մտերմանալը, մեր զրույցները. մենք նստած ենք բուխարիի մոտ, բազկաթոռներին, դու ինչ-որ բան ես կարդում (հավանաբար թերթ, որը հիմա ոչ ոք չի կարդում) ու պատասխանում ես հարցերիս:

Գիտե՞ս, եթե ես քեզ տեսնեմ, անպայման ցույց կտամ վերնագրով քեզ հետ կապված և մնացած շարադրություններս, որոնց մեջ մի տող կամ մի պարբերություն հիշել եմ քեզ: Երևի  դրանք է´լ ավելի անկեղծ  ասված խոսքեր են, որովհետև ասվել են խոսքի մեջ, ինչ-որ այլ բան ներկայացնելիս և ոչ հստակ ընտրված թեմայի շրջանակներում:

Ու գիտե՞ս, երևի իմ սրտաճմլիկ, շատ ժամանակ անմիտ (բայց անկեղծ սրտով) գրածները կարդալիս կծիծաղես, կասես. «Ես էսպիսին չեմ»…

Ես միշտ փորձում եմ գրածիս միջից հանել ածականները, բացականչական նշանները ու բազմակետերը ու երևի մի օր էդ տեսակ կատարելության կարողանամ հասնել: Բայց երևի դժվարությամբ կարողանամ քո մասին առանց ածականների գրել… Ախր, դու ուղեղումս չես, դու սրտու´մս ես:

Պատերազմները շատ կյանքեր են խլում, շատ մարդկանց սրտի ու հոգու դատարկության պատճառ դառնում, բայց պետք է միշտ պայքարել, եթե ոչ զենքով, ապա մշակույթով, կրթության ու գիտության առաջընթացով: Ես իմ չափով պայքարում եմ, ու վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու:

Screenshot_20200823_124619

«Ես արվեստի երկվորյակ քույրն եմ»

Զրուցակիցս դրամատիկական թատրոնի 23-ամյա դերասանուհի և ռեժիսոր Դիանա Անանյանն է:

-Մի փոքր պատմեք Ձեր՝ կինոնկարներում ունեցած փորձի մասին:

-Կինոնկարներում մարմնավորած կերպարներս են. Հ1-ի «Վերջին ուսուցիչը» 16-մասանոց ֆիլմում Գայանեի, «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալում լրագրողուհու, «Թագակիրներ» հեռուստաշարում արքունյաց տիկնոջ կերպարները:

-Իսկ թատրոնո՞ւմ:

-Ներկայացումներում մեր Ուսանողական թատրոնի դիպլոմային աշխատանքներն են եղել․ Սոլանժ` Ժան Ժենեի «Աղախինները», ռեժիսոր՝ Հ. Սարգսյան, տատիկ` Ռոբերտ Տոմայի «8 սիրագորով կանայք», ռեժիսոր՝ Ս. Քանքանյան, Մեդեա՝ Հայնե Մյուլլերի «Մեդեա», ռեժիսոր՝ Մ. Ղալայան, Ամելիա` «Բերնարդա Ալբան և իր աղջիկները», ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հր. Գասպարյան, կուրտիզանուհի` «Շեքսպիրյան կրքեր» (ըստ Շեքսպիրի «Համլետ», «Լիր արքա», «Օթելլո», «Ռիչարդ 3-րդ» պիեսների), ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հր. Գասպարյան: Այս վերջին ներկայացմամբ մենք գնացել ենք հյուրախաղերի՝ Մոլդովա և Սլովակիա:

-Ներկայացրեք Ձեր՝ որպես ռեժիսոր գործունեությունը:

-Ուսանողական տարիներիս՝ 1-ին կուրսում բեմադրեցի Մխիթար Գոշի «Այծերն ու ոչխարները» առակը։ 2- րդ կուրսում` Վ. Շեքսպիրի «Մակբեթ» պիեսից 1 հատված։ 3-րդ կուրսում ես զբաղված էի միայն խաղալով։ Իսկ դիպլոմայինս եղել է ռումինաֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» աբսուրդ պիեսի բեմականացումը:

-Ի՞նչ հետաքրքիր նախասիրություններ ունեք:

-Այնքա՜ն շատ են նախասիրություններս։ Առաջին հերթին գեղարվեստական գրքերի ընթերցումն ու ֆիլմերի դիտումն է, երբեմն` նաև աֆորիզմներ եմ հնարում ու փիլիսոփայական իմ անհատական մտքերն ու եզրակացությունները հանձնում թղթին։ Նաև շատ պարում եմ, հայտնի և նշանավոր մարդկանց մտքեր և կենսագրություններ ընթերցում։ Շատ եմ սիրում ռադիոհաղորդումներ ունկնդրել։

-Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

-Դե սա արդեն բխում է նախորդ հարցին տվածս պատասխանից։ Ազատ ժամանակ գեղարվեստական նորանոր ֆիլմեր եմ դիտում, եթե բավական հոգնած եմ, ապա երաժշտություն եմ լսում ու ռադիո ունկնդրում։ Շատ պարում եմ ռիթմիկ երաժշտության ներքո և այդպիսով լիցքաթափվում։ Սակայն նախընտրում եմ ազատ ժամանակ չունենալ:

-Արվեստին մոտ համարո՞ւմ եք Ձեզ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել՝ հատկապես ո՞ր ճյուղերն են առավել հոգեհարազատ և ինչո՞ւ։

-Ասեմ ավելին՝ ես արվեստի երկվորյակ քույրն եմ երևի։ Արվեստն իմ հոգին է ու իմ մարդկային տեսակը։ Ես դա դեռ մանկուց եմ հասկացել։ Չկա արվեստ, ուրեմն չկամ և ես։ Իսկ եթե ես կամ, ուրեմն առանց արվեստի չկամ։ Երբ փոքր էի ավելի, քան հիմա (մոտ 3 տարեկան) ծնողներս ինձ պատկերացնում էին բալետի պարուհու կերպարում, որովհետև շատ ճկուն մարմին ունեի և արտասովոր շարժունակություն։ Սակայն քանի որ ես ծնվել էի Նոյեմբերյանում և այնտեղ երբևէ դասական պարի դպրոց չի եղել, ինձ չէին կարող համապատասխան կրթության տալ։ Նրանք շատ էին ցավում դրա համար և հույս ունեին, որ հետագայում Երևանում ես կգտնեմ այն, ինչ Նոյեմբերյանում չէի գտնում։ Ես նաև մոտ 8-9 տարեկանում առանձնանում էի իմ դասական վոկալային տվյալներով, և յուրահատուկ սեր ունեի դեպի դասական երաժշտությունը՝ թե՛ գործիքայինը, թե՛ օպերային արիաները։ Բայց ահա այս դեպքում բախտն ինձ ժպտաց։ 13 տարեկանում ինձ հրավիրեցին Նոյեմբերյանի Սբ. Սարգիս եկեղեցու երգչախումբ։ Մոտ մեկ ու կես տարի կատարել եմ այնտեղ Կոմիտասի և Մակար Եկմալյանի շարականները։ Դե, բոլորն ինձ արդեն բեմում էին պատկերացնում, քանի որ ակտիվ էին նաև դպրոցական միջոցառումների կազմակերպման գործում։ Գրում էի սցենարներ, բեմադրում և խաղում փոքրիկ ներկայացումներ։ Էլ չասեմ, որ ակտիվ էի նաև Նոյեմբերյանի Մշակույթի տան (այժմ` Մարզամշակութային կենտրոն) բոլոր միջոցառումներում։ Ինձ մնում էր կողմնորոշվել, թե արվեստի որ տեսակն է իմը, իսկ ես դեռ շատ վաղուց էի որոշել, որ դերասանուհի եմ։

-Ո՞վ է Ձեզ համար ամենահոգեհարազատ աշխարհահռչակ դերասանը/դերասանուհին, ինչո՞ւ:

-Օօ՜, այնքան լավ բառ է այդ «հոգեհարազատը»։ Փոքր տարիքից (իմ կյանքում ամեն ինչ սկսվել է փոքր տարիքից) մեծ սեր ու համակրանք եմ ունեցել Նատալի Պորտմանի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ` տպավորվել էի «Լեոնը» ֆիլմից։ Չգիտեմ, նրան շատ էի սիրում, հիմա էլ եմ շատ սիրում։ Ավելի մեծ տարիքում` ուսանողական տարիներիս ինձ նմանեցնում էին ու հիմա էլ նմանեցնում են Մերիլ Սթրիփին։ Կարծում եմ՝ ունենք նմանություն իսկապես։ Դերասաններից ինձ համար լավագույնն ու ամենասիրելին է մնում Ջոնի Դեպը։ Ինչ ուզում ես արա, սիրտս չի պոկվում այդ խելառ տղայից։ Կարծում եմ` շատ ենք նման միմյանց` շատ, շա՜տ: Ի դեպ` դերասանուհիներից այս վերջերս սկսեցի լրջորեն հետաքրքրվել Սոֆի Լորենով։ Ապշած եմ և խոսքեր չունեմ պարզապես։ Երբ նրան նմանեցնում են 20-րդ դարի բոլոր սիրունիկ դերասանուհիներին և նշում, թե նա պարզապես գեղեցիկ էր, սաստում եմ բոլորին ու պատվիրում դիտել նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը։ Եթե իտալական մշակույթն ընդհանուր վերցրած ունի բազում գլուխգործոցներ և հանճարներ, ապա նրանց մեջ իր ուրույն ու կանգուն տեղն ունի Սոֆի Լորենը։ Եկեք իսկապես մոռանանք, որ նա գեղեցկուհի է ու էլեգանտ կին։ Նա ցնցող տեմպերամենտի դերասանական վարպետության, արտիստիզմի և կանացիության, հոգեբանական խորության մարմնացում է, համաշխարհային արվեստի փայլուն գոհար։

Screenshot_20200823_124746

-Իսկ հայերի՞ց։

-Մեր հայ մեծերից միշտ հիացել եմ Մհեր Մկրտչյանով, Հրաչյա Ներսիսյանով, Արմեն Ջիգարխանյանով, Լյուսյա Հովհաննիսյանով։ Բայց դե, Հրաչյա Ներսիսյանի հմայքի և խաղի նկատմամբ սերս մի ուրիշ տեսակ ուժգին է: Այժմյան թատրոնի դերասաններից կառանձնացնեմ Նարինե Գրիգորյանին, Սամվել Թոփալյանին։ Յուրօրինակ էներգետիկայի և ուժի, հմայքի տեր դերասաններ են։ Սիրում եմ նաև Խորեն Լևոնյանին թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, շատ խորն է։ Իր խաղով հասնում է հոգուդ ամենաթաքնված խորքերը։ Հույս ունենամ` մի օր էլ մեկը այս հարցի ներքո իբրև պատասխան իմ անունը կնշի։ Այժմ ունենք շատ հետաքրքիր և ուժեղ կադրեր թե՛ թատրոնի, թե՛ կինոյի համար։ Մնում է այդ ոլորտները լիարժեքորեն գործեն:

-Ի՞նչ եք կարծում՝ հոլիվուդյան ո՞ր ֆիլմում կկերտեիք ամենահաջող կերպարը, և ո՞ր կերպարը կլիներ այն:

-Կարծում եմ՝ հոգեբանական ֆիլմերում ու ֆենթզի ժանրում կհաջողեմ։ Օրինակ` Օրոնովսկու ֆիլմերում՝ «Սև կարապը», «Մայրը»։ Նատալի Պորտմանով այս գլուխգործոցում նույնպես հիանալուց հետո միայն այս կերպարում էի ինձ պատկերացնում։ Իսկ հետո «Մայրը» ֆիլմում Ջենիֆեր Լոուրենսն ինձ ցնցեց։

-Արդյոք ունի՞ Ձեզ համար նշանակություն, թե ինչ բնույթի է ծրագիրը, որում առաջարկում են մասնակցություն ունենալ: Եթե այո, ապա նշեք, թե ինչպիսի պրոյեկտում կխաղայիք և հակառակը:

-Անչափ մեծ կարևորություն ունի ինձ համար այն պրոեկտի որակը, նպատակը, որում ես պիտի մասնակցություն ունենամ։ Հայաստանում այս խնդիրը շատ մեծ է դերասանի համար, որովհետև որակյալ նախագծերն ու ֆիլմերը հատուկենտ են։ Բազմաթիվ են հեռուստատեսային շոուներն ու «խեղկատակությունները», որոնցում անտեսված են որակն ու ճաշակը, ինչը արվեստի կարևորագույն պայմանն է և խախտել չի կարելի` ի դեպ։ Իսկ եթե նախագծում կա թե՛ որակ, թե՛ ճաշակ, թե՛ պրոֆեսիոնալ ստեղծագործական անձնակազմ, ուրեմն` վերջ, ես պատրաստ եմ մասնակցել ցանկացած կերպարում։ Այն կարող է լինել և՛ կատակերգական, և՛ ողբերգական։ Ցանկացած կերպար մարմնավորելը թե՛ տարիքային տարբերությամբ, թե՛ խաղալու բարդությամբ ու բնույթով ինձ համար մեծ պատիվ է։

-Նկատե՞լ եք՝ կա՞ բնավորության մի գիծ, որ բնորոշ է և՛ Ձեզ, և՛ բոլոր կերպարներին:

-Սովորաբար` ինչ էլ խաղում ես, քեզնից մեկ կամ մի քանի մասնիկ անպայման տեղավորում ես մեջը։ Դա մեր մասնագիտության անբաժան կանոնն է։ Նույնն էլ իմ դեպքում։ Իմ բոլոր կերպարներն իմ միսն ու արյունն են, իմ մտքերը։ Բայց յուրաքանչյուրին ես յուրովի եմ սնում։ Չունեմ կոնկրետ մի բնավորության գիծ, որով սնում եմ բոլոր կերպարներիս։ Դա շատ անգրագետ ու էգոիստական քայլ կլիներ իմ կողմից։

-Ըստ Ձեզ՝ 3 հատկանիշ, որ պետք է ունենա ցանկացած դերասան:

-Դերասանի ամենակարևոր 3 հատկանիշներն են․

1. Լինել ճկուն թե՛ մարմնով, թե՛ հոգով,
2. Լինել հետաքրքիր ու խարիզմատիկ,
3. Ունենալ ճաշակ (խոսքս բնավ նորաձևության մասին չէ):

Ու մի բան էլ ավելացնեմ` հաճույք, գերագույն հաճույք ու երջանկություն ստանալ սեփական գործից:

Screenshot_20200823_124549

-Ունե՞ք արդյոք կյանքի կարգախոս: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս եք ընտրել այն և ինչպե՞ս է այն ազդում Ձեզ վրա:

-Դե, իհարկե իմ կարգախոսը մեկն է. «Եղի՛ր երջանիկ և երջանկացրու բոլորին»:
Մարդկային ամենամեծ առաքելությունն է սա` կարծում եմ։ Մարդկության պատմությունը և մեր սեփական կյանքը փաստում են, որ այն բոլոր հմտությունները, տաղանդն ու շնորքը, որով օժտված են մարդիկ, միայն մեկ նպատակի պիտի ծառայեն` երջանկանալուն ու երջանկացնելուն։ Մարդիկ ստեղծում են, կառուցում, շենացնում, հորինում ու ստեղծագործում հաստատ ոչ նրա համար, որ մի օրում էլ կործանեն։ Դա կյանքի հարատև երջանիկ ընթացքի համար է և կյանքի միակ ճշմարտությունն է։

-Եվ վերջում, ի՞նչ խոսք կհղեք մարդկությանը:

-Սիրելինե՛րս, միակ միանշանակ արժեքները սերն է և մարդը։ Սիրե՛ք և սիրվե՛ք, երջանի՛կ եղեք ու երջանկացրե՛ք։ Այն ամբողջ էներգիան ու ջանքերը, որ ունեք, օգտագործեք միայն գեղեցիկի, լուսավորի, հաճելիի համար։ Սիրունացրե՛ք աշխարհը ու վայելեք, վայելեք, անվերջ վայելե՜նք: