Հերմինե Զաքարյանի բոլոր հրապարակումները

hermine zaqaryan

Դարբասից Սիսիան տանող ճանապարհը

Անընդհատ ճանապարհներ, անընդհատ նայում ես նույն սևամոխրագույն հարթ մակերևույթին և միշտ երազում, թե երբ է այն վերջանալու, երբ  վերջապես    չես տեսնելու շարունակությունը:

Ապրելով գյուղում, ամեն օր դասերից հետո գնում եմ Սիսիան. իմ կյանքի ամենամեծ երազանքը` համալսարան ընդունվելը, իրականացնելու համար: Այնտեղ են ապրում մեր տարածաշրջանի լավագույն կրկնուսույցները:

Ուրիշ կերպ չեմ պատկերացնում ինձ. միշտ սոված երրորդ հարկից մինչև առաջին հարկ տևող մեկ րոպեանոց ճանապարհը մեկ վայրկյանում, պայուսակս արագ գցելով ու սեղանի գրքերն էլձեռքիս, կիսահագնված արագ իջնելու տեսարանից բացի:

Իջնում եմ աստիճանները  ու վազելով մտնում  մեքենան, փնտրում իմ պանիր- հացը, և մինչև գյուղից դուրս գալը վերջացնում այն: Ու քառասունհինգ րոպե մեքենայի մեջ նստած, մինչև գյուղից Սիսիան հասնելը, ես չունեմ ոչինչ անելու.  պետք է նայեմ այդ սևամոխրագույն հարթությանը:

Բայց սա միայն սկզբում:

Մենք գնում ենք, գնում ու միշտ մտածում հասնելու մասին: Բայց երբեք չենք հասկանում, որ այդ սևամոխրագույն հարթության շուրջը ավելի հետաքրքիր լիքը բաներ կան; Իմ ճանապարհը անցնում է Դավիթ Բեկի բերդի, Որոտնավանքի, Ուրուտում գտնվող հրաշալի ժայռի, Շամբի լճի ու այնպիսի հետաքրքիր ժայռերի կողքով, որոնց այնքան եմ նայել, որ նրանք դարձել են իմ կատուն, շունը ու այսպիսի լիքը կենդանիներ, որոնց ես նմանեցրել եմ ճանապարհի ժայռերը:

Հիմա ես էլի անցնում եմ այս ճանապարհը, բայց չեմ ուզում, որ այն վերջանա: Ուզում եմ անվերջ նայել իմ ընկերներին, գտնել նոր ընկերներ  և ափսոսում եմ, որ ինձ տասնհինգ տարի էր պետք այս ամենը հասկանալու համար:

hermine zaqaryan

«Զիրավ հընցեք» կամ` պահպանեք բարբառը

Ինչպես տարբեր երկրներ ու պետություններ  ունեն իրենց լեզուն ու մշակույթը, այնպես էլ Հայաստանն ունի իր պաշտոնական լեզուն՝ հայերենը, բայց հայերենից զատ գոյություն ունեն բարբառներ, որոնք էլ հենց մեր լեզուն դարձնում են այդքան յուրահատուկ ու տարբեր: Սովորաբար ասում են Սիսիանի բարբառ,Գյումրու բարբառ և այլն, սակայն ես կարծում եմ, որ ամեն գյուղ ունի իր բարբառը, իր հաղորդակցման հատուկ ձևը: Մեր գյուղում այնպիսի բառեր կան, որ միայն մենք ենք հասկանում և օգտագործում: Օրինակ` լսե՞լ եք, «կեռիք ա երինգիլու» արտահայտությունը, որը նշանակում է` «ատամ է ընկնելու», և մենք հասկանում ենք. կռիվ ա լինելու, անախորժություն ա պատահելու, կամ` «հի՞նչ պանի ես, հինչի՞ վիրա ես», նշանակում է` ի՞նչ ես անում, ի՞նչ գործի ես, ինչո՞վ ես զբաղվում:

Ես ամենաշատը սիրում եմ «Զիրավ հընցնել» արտահայտությունը, որն էլ նշանակում է` գլուխ քաշել, տեղեկանալ: Սակայն այս բառը նոր ենք իմացել, ու ամբողջ օրը երեխաներով դա ենք ասում:

Այնքան եմ սիրում, երբ մենք խոսում ենք այսպես, ու ոչ ոք մեզ չի հասկանում: Մի տեսակ մեզ բնորոշում է, առանձնացնում ու հատուկ դարձնում մեզ մեր բարբառը, միևնույն ժամանակ, միավորում է: Երբեք չեմ սիրել, երբ ինձ ասել են` մի՛ խոսիր ձեր բարբառով, չէ որ հենց բարբառներն են ներկայացնում մեր լեզվի առանձնահատկությունները:

Հիշում եմ, մեր գյուղապետը ասում էր, որ միշտ պահպանենք մեր բարբառը, այնպես անենք, որ այն չկորի, և ինքն էլ այդպես էր անում: Մենք էլ ենք այդպես անում ու միշտ էլ անելու ենք, որպեսզի 100-200 տարի հետո այս ժամանակաշրջանի մշակույթը ներկայացվի ու պահպանվի հենց մեր բարբառի միջոցով:

hermine zaqaryan

Եկեք տարբեր լինենք

Մարդիկ շատ հետաքրքիր արարածներ են և նման են իրար ոչ միայն արտաքինով, այլև նաև արարքներով: Հետաքրքիր է, չէ՞: Երեկ ես քայլում էի Սիսիանի մարդաշատ հրապարակով, և մտածում էի. հաստատ ես կամ էստեղ գտնվող մարդկանցից ոչ մեկը չի գոռա, չի պարի, չի ծիծաղի, չի խոսի, չի երգի ու շատ այսպիսի «չի»-եր: Բայց ո՞րն է դրա պատճառը: Մի՞թե պարելը, երգելը, ծիծաղելը վատ բաներ են: Ոչ, բայց բոլորիս համար ընդհանուր ինչ-որ կանոններ են ստեղծված: Կարելի է ասել` չգրված կանոններ, բայց մի՞թե մենք չենք կարող ապրել ինքներս մեր կանոններով, թե՞ այդպես կարգ ու կանոն չի լինի: Բայց հիմա էլ չկա այդ կարգ ու կանոնը: Ո՞րն է ավելի լավ` ապրել ուրախ, կարգ ու կանոնով, թե՞ տխուր: Կամ եթե ինչ-որ մեկը որոշում է ինքը ստեղծել իր կանոնները, մենք չենք ընդունում, փորձում ենք փոխել, դարձնել մեզ նման: Բայց ինչո՞ւ, ո՞րն է դրա իմաստը: 

Մարդիկ չեն ընդունում, որ իրար նման են, թեկուզ ինչ-որ բաներով: Բայց ո՞վ է ասել, որ մենք պետք է լինենք նման: Օրինակ, մեզնից ո՞ր մեկը կմտածեր, որ կծած խնձոր կարելի է պատկերել հեռախոսի վրա: Բայց այսօր աշխարհի բնակչության մեծ մասը օգտագործում է այդ հեռախոսները: Եկեք անենք ինչ-որ մեր սիրտն է ուզում, եկեք տարբեր լինենք և միգուցե մենք էլ մի այդպիսի գաղափարի հեղինակ դառնանք:

Եկեք նման չլինենք մյուսներին, այս նման աշխարհում եկեք տարբեր լինենք: