Եվա Խեչոյանի բոլոր հրապարակումները

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Դդմաքանդակների օր

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Հոկտեմբերի 31-ին Ամերիկայում նշվում է Հելոուինը: Բազմաթիվ քրիստոնյաների կողմից քննադատվող ու «հակակրոնական» համարվող Հելոուինն իրականում ոչ մի հակակրոնական կամ դիվական հիմք չունի, քանի դեռ չի հասել էն կետին, որտեղից սկսվում են բուն տոնի հետ բացարձակ կապ չունեցող նորարարությունները (վախ, արյունահեղության տեսարաններ, քայլող դիակներ, հոգիներ): Տոնն իրականում կարելի է նշել որպես ջերմ ընտանեկան տոն:

Աշնանային արձակուրդի ընթացքում հյուրընկալ ընտանիքի հայրս առաջարկեց դդումներ փորագրել, որպես Հելոուինի առթիվ տան շեմի դեկորատիվ մաս: Դդմի փորագրումն ամբողջովին կախված է փորագրողի երևակայությունից, ու եթե դու գտնում ես, որ մինիոնի դեմքով դդումն ավելի գրավիչ կլինի տանդ շեմին՝ արա էդպես: Միյուն (փոխանակման ծրագրով մյուս աշակերտը, որին հյուրընկալում է Ռիչարդսոնների ընտանիքը), մինիոնների մեծ սիրահար է: Մինիոնի տեսքով դդում փորագրելն իր մտահղացումն է:

Հոսթ (հյուրընկալ) հայրս փորագրում է անհոգ դեմքով, անատամ, բայց անկախ ամեն ինչից, ժպտացող դդում: Ես էլ… Դե, ինչ մտքովս անցավ:

Իսկ հիմա ամենակարևոր պահը: Ավարտելուց հետո դդումների ներսում մոմեր ենք դնում: Մութն ընկնելուն պես վառում ենք մոմերն ու դդումները շարում տան շեմին: Երեքս մի քանի քայլ հետ ենք կանգնում, որ ավելի տեսանելի լինի: Ահա դրանք:

Հելոուինը մոտենում է…

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Նեշվիլի գրադարանը

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Օրեր առաջ այցելեցի Նեշվիլի գրադարաններից մեկը: Առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս՝ գրադարանի կառուցվածքային դասավորությունն է: Գրադարանը բաժանված է սրահների ըստ տարիքային խմբերի ու այդ տարիքին առանձնահատուկ հետաքրքրությունների:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Մանկական բաժինն են կազմում մանկական գրքերով լցված գրադարակները, խաղալիքները, տիկնիկային թատրոնն ու խաղահրապարակը: Մեծահասակների բաժինները համալրված են գրականությամբ (ըստ տարիքի ու մասնագիտության), համակարգիչներով, հեռուստացույցներով, վիդեոխաղերով: Որոշ ընթերցասրահներ ունեն տարիքային սահմանափակում:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ժամանակակից մեթոդներով գրականության ուսումնասիրման հնարավորությունը գրավում է բազմաթիվ ընթերցողների, բայց միևնույն ժամանակ, մոդեռնիզացումը հանգեցնում է բացասական արդյունքների:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Գրադարանի պայմանները գրավում են նաև բազմաթիվ անօթևան մարդկանց, ովքեր կարող են մինչև օրվա վերջ զբաղեցնել գրադարանը՝ ընթերցասրահներում նստած հեռուստացույց դիտելու համար: Անվճար Wi-Fi-ի ու վիդեոխաղերի առկայությունը նույնպես գրավում է մարդկանց, բայց ոչ կարդալու նպատակով: Հետևաբար գրադարանն ինչ-որ տեղ դադարում է ծառայել իր բուն նպատակին:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Էնպես որ, միգուցե հայաստանյան գրադարանների մասնակի մոդեռնիզացումը կամ ավանդական գրադարանային մոդելի բացարձակ պահպանումն ի օգուտ մե՞զ է: Ո՞վ գիտե…

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. կյանքի ու մահվան մասին

«Ավելի քան 59 զոհ և 400-ից ավելի վիրավոր Լաս Վեգասի երաժշտական փառատոնում: Կրակոցները եղել են նույն հյուրանոցից, որտեղ մենք՝ իմ ընտանիքն էր: 24-րդ հարկում մենք էինք, իսկ դեպքի զարգացումները տեղի են ունեցել 32-րդ հարկից: Դեպքերից ընդամենը 10-ը ժամ առաջ մենք հանձնել ենք մեր համարն ու լքել հյուրանոցը… Իմ ցանկությունն էր՝ մի գիշեր ևս մնալ ու մասնակցել երաժշտական այդ փառատոնին… Այ քեզ ճակատագիր, բա որ ասում եմ՝ Աստված կա, խի՞ չեք հավատում…»

Խորեն Արամունու այս կարճ ֆեյսբուքյան գրառումն ինձ ստիպեց վերանայել շուրջս տեղի ունեցող իրադարձություններն ու գրել այս նյութը:

Երևի թե բոլորդ լսած կլինեք Ֆլորիդայի համար դժբախտություն դարձած Իրմա փոթորկի մասին, որը 4,5 մետրի հասնող ալիքներով ջրի տակ է առել նահանգի քաղաքներն ու մոտ 3 մլն տներ զրկել էլեկտրականությունից: 6,3 մլն բնակիչ տեղահանվել է՝ նախօրոք տեղեկացված լինելով մոտեցող վտանգի մասին: Կան զոհեր:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Նեշվիլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցավ ահաբեկչություն: 25-ամյա տղամարդը, մտնելով եկեղեցու կայանատեղի, կրակ էր բացել: «1 սպանված ու 7 վիրավոր» արդյունքի հասնելուց հետո ահաբեկիչը պատահաբար կրակել էր սեփական ոտքին, ինչի պատճառով դադարել է հրաձգությունը: Ի դեպ՝ իմ քաղաքից մինչև այդ եկեղեցի 20 րոպեի ճանապարհ է:

Այս պահի տվյալներով, Ֆլորիդայի տարածաշրջանում ձևավորվում է 2017-ի երկրորդ խոշոր փոթորիկը, որը երկար ճանապարհ ունի անցնելու մինչև Լուիզիանա:

Ըհը, ու հենց էստեղ էլ ես առաջին անգամ դեմ առ դեմ կանգնեցի կյանքի ու մահվան առաջ: Զգացի եսակենտրոնության ու դաժանության բազկի ուժը: Առաջին անգամ մի դառը կում իրականություն կուլ տվեցի ու հասկացա, որ այս երկրի վրա, այս հազարավոր կրակոցների, փոթորիկների ու արյունահեղությունների մեջ կյանքը շարունակելու միակ միջոցն ինչ-որ բանի հանդեպ հավատ ունենալն է: Աստծո, փրկության, արևի, կամ թեկուզ լավ ընկերներիցս մեկի նման՝ «թռչող սպագետի հրեշի» հանդեպ հավատ ունենալը:

«Արծվաբուուույն երկիիի՜ր»… Մեքենայի մեջ նստած լսում եմ ռադիոյի աղմուկը, որ նկարագրում է ահաբեկչության մանրամասներն, ու մտքում երգում եմ… Ըհհ, գժվել եմ, ինչ է… Հայաստանն աչքերիս առաջ ուրվագծվում է որպես մի հեռավոր, խաղաղ անկյունում հյուսված բույն, որտեղ միշտ թաքնվելու ու մոռացվելու տեղ կա, որտեղ ոչ մի ռադիո և համացանց հասանելի չի լինում:

Իսկ աշխարհը գնալով ավելի ու ավելի խելագար քաոսի է վերածվում, ու էս ամենը լավ բան չի խոստանում:

Ես խաղաղ կյանք եմ երազում:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 5

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ամերիկայում օրը սկսվում է առավոտվա 6:00-ից: Դու էլ էնքան ինքնավստահ չես, որ քնես մինչև 8-ն ու 20 րոպե ուշացած դպրոց հասնելով՝ պատճառաբանես, որ ջերմությունդ հանկարծակի բարձրացել էր, հոպարդ թռչում էր Ռուսաստան, իսկ փոքր քույրդ լացում էր հետևիցդ:

Դպրոցական դեղին ավտոբուսը (հա, հա, հենց էն դեղին ավտոբուսը, որը բազմաթիվ հասակակիցներիս համար ամերիկյան «թինեյջերական» կյանքի եթերային մի դետալ է կազմում) ժամը 07:36 կանգ է առնում մեր փողոցի խաչմերուկում: Հա, կատակը մի կողմ, ոչ թե 7-ին կամ 07:30, այլ ուղիղ 07:36: Ու մտքովդ էլ չանցնի, որ կարելի է թեկուզ մի վայրկյան ուշանալ: Կթողնի կգնա:

Տան մեջ ինձ բնորոշ գերբնական արագությամբ իջնում եմ աստիճանները, մի մազի տարբերությամբ շրջանցում ոտքերիս տակ ընկնող Սնիկլ Ֆրեդին, գրկում հոսթ մամային, վերցնում պայուսակս ու Միյուի հետ վազում խաչմերուկ: Ուղիղ 7:36 րոպեին ավտոբուսը մեր փողոցում է:

-Բարի լույս:

-Բարի լույս, տիկին Լիզա:

Տիկին Լիզան մեր ավտոբուսի վարորդն է՝ ժպտերես մի կին, որը չի զլանում ավտոբուս բարձրացող յուրաքանչյուր աշակերտին ժպիտով «բարի լույս» ասել:

Մոտ 20 րոպե անց, շրջելով մյուս փողոցներով ու հավաքելով աշակերտներին՝ ավտոբուսը հասնում է դպրոց: Իջնում ենք ավտոբուսից:

-Շնորհակալություն, տիկին Լիզա:

-Չարժի, քաղցր: Բոլորիդ լավ օր եմ մաղթում:

Սկսվում է դպրոցական օրը՝ նոր թեստերով, քննություններով ու բացահայտումներով:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Մաս 4

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Ուիլոուբենդ:

Հենց էս փողոցի մի խաղաղ անկյունում էլ ապրում եմ ես՝ հոսթ (հյուրընկալող) ընտանիքիս, նրանց երկու շների՝ Սեյդիի ու Սոֆիի (կամ Սնիկլ Ֆրեդի, նայեք՝ ոնց հարմար է), ու Միյուի հետ:

Չնայած իր յուրահատուկ ազգային ու մշակութային համադրության, մեր ընտանիքն այնքան էլ մեծ չէ: Ավելի ճիշտ՝ մինչև այն պահը, երբ մոտենում են տոներն ու Ռիչարդսոնների երեք զավակներից երկուսը՝ Ջեքին ու Բրայսը, ովքեր ուսման նպատակով տեղափոխվել են Արկանզաս, վերադառնում են տուն: Էս երևույթը կոչվում է «ընտանեկան վերամիավորում»: Երևի թե ամերիկյան մշակույթի ամենասիրուն երևույթներից մեկն է: Վերադարձողները իրենց հետ բերում են բոլոր իրենց բնորոշ ձայներն ու սովորությունները, որոնք տարել էին: Բրայսի ճոճվող բազկաթոռի ճռռոցն արդեն երկար ժամանակ է չի լսվել: Ջեքին չի շրջում տանը՝ գրկելով բոլորիս ու անընդհատ կրկնելով, որ կկարոտի: Մոտ երկու ամսվա բաժանումից հետո՝ նոյեմբերյան տոներին, Ռիչարդսոնների ընտանիքն իր ողջ կազմով նորից կհավաքվի այս տանը, ու ամեն ինչ կվերականգնվի:

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 3

-Եվ ջա՞ն, ո՞նց ես, հարմարվե՞լ ես, կարոտո՞ւմ ես տնեցիքին:

Դե, գիտեք, սուտ կլինի, որ վշտահար դեմով, Կլայդերմանի երաժշտության ուղեկցությամբ ասեմ. «Չես պատկերացնի, թե ոնց եմ կարոտել մամայիս, պրյամ դա սլյոզ…»:

Թող ներեն ինձ իմ տնեցիք, բայց իմ կարոտը դրա նման չի:

Ես ամեն իրիկուն մամայի ձեռքին կրեմ քսելն եմ կարոտել: Դե, էդ էլ մեր ընտանեկան սովորությունն է: Մաման կնստեր բազկաթոռին, ես էլ կնստեի կողքին, մի խորը շունչ կքաշեի, կսկսեի մատների հետ խաղալ, մի ժամ, երկու ժամ, կարևոր չէր, որ ձեռքերը արդեն չորացել են, մենք դեռ խոսելու բան ունեինք:

Մեր տիկին Սուսանի խաչապուրիներն եմ կարոտում: Էն տնական պանիրով, կարագով: Էն որ, դպրոցից գալիս ես, դուռը բացում, տաք, համով գոլորշին շնչու՜մ… Անդաստիարակի նման, առանց ձեռքերդ լվանալու, կոշիկներով մտնում ես ներս, քեզ վառելով վերցնում ես տաք խաչապուրին, ու «խը՜րթ…»: Այ, կարոտելու բան եմ ասել:

Պապայի ձեռքերն եմ կարոտել, էն որ միշտ կամ մեղուներն են կծած լինում, կամ էլ գործ անելուց վնասված են: Թե ոնց է հարմարեցնում՝ ես էլ չգիտեմ:

Ինչքան էլ անսպասելի լինի՝ Սարգսի՝ տան մեջ անիմաստ թափառելն եմ կարոտել: Էն որ դաս պիտի անի, բայց հավես չունի, ու սենյակից սենյակ է գնում, համ ծարավ է, համ սոված, համ ատամն է շարժվում, համ փորն է ցավում… Մի խոսքով… Ծանր է խեղճի վիճակը… Մաման էլ անխղճորեն կասի .«Հը՞, տղա ջան, էլի մոլորվե՞լ ես»:

Ծիծաղս զսպելով կնայեմ մամային, մաման էլ իրեն զսպելով նշան կանի, որ չծիծաղեմ…  Դե, որ չմատնենք մեզ:

Անգելինայի հետ անկեղծ զրույցներն եմ կարոտել, երբ հարցնում էի.

-Անգելինա, ինչի՞ ես սիրում ինձ:

Ինքն էլ ի՞նչ ասի՝ լավ լինի:

- Որովհետև դեմքերդ ու աչքերդ ու ոտքերդ սիրուն են:

Դեմքերդ… Էրեխեն մի բան գիտի, որ ասում է: Իր դեմքի մասին միշտ եզակիով է խոսում, բայց եթե մեծերի մասին է խոսում՝ միշտ «դեմքեր»:

«Ջանիկ կլուբն» եմ կարոտել: Կհիշեք երևի, Ջանիկ պապի ղեկավարությամբ, ավտոտնակում հիմնադրված կենտրոնը, որտեղ հավաքվում են թաղամասի մեծերը՝ նարդի կամ շախմատ խաղալու:

Հետո մի հետաքրքիր կարոտելու բան. ինչ եկել եմ՝ լվացք չեմ տեսել, մի տեսակ տխուր ա, է: Լվացքներին նայելը ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է, երբ նստում ես պատուհանի մոտ, ու մտքում վերլուծում կողքի շենքում փռած որևէ լվացքի տրամաբանական հաջորդականությունն ու անտակտ կամ ճիշտ գունային համադրությունը: Լվացքն արվեստ ա, է, ամենայն լրջությամբ:

Մեր վերևի հարևան Սվետ տատիին ամեն օր շենքի դիմաց բարև տալուն եմ կարոտել: Էն Սվետ տատին, որին փոքր ժամանակ «Բանան տատիկ» եմ ասել: Թե ինչ հիմքեր եմ ունեցել դրա համար, ես էլ չգիտեմ…

Էս էլ իմ կարոտի մասին:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 2

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Էսօր առաջին անգամ կարողացա խոսել Հայաստանում անցկացրած վերջին րոպեներիս մասին: Ասում են՝ եթե մարդը հոգեբանորեն անխուսափելի իրողության առաջ է կանգնում, հրաժարվում է այն որպես իրականություն ընկալել: Հենց էդպես էլ հրաժեշտ տվեցի ընտանիքիս: Ամեն ինչ անիրական էր թվում: Մտածում էի՝ նորից երազ է, հազար անգամ տեսել եմ էս էպիզոդը:

Բայց էդ անգամվա ավարտը նախորդների նման չէր, մի հատված կար, որ դեռ երբեք չէր եղել երազներիցս ոչ մեկում:

-Ըհը, մեր առաջին ծիտիկը թռավ բնից:

Մաման էր…

Վերջին անգամ շրջվեցի՝ հայացք, հպարտություն, սեր, կարոտ, դռներ… Վերջ:

Վահեի ասած՝ «ճըտ», ու հանկարծ հասկացա, որ ինչ-որ բան մոռացել եմ: Ուշ էր:

Ու էս անգամ արդեն ճտտոցից եկած գիտակցությունից խուսափելու համար մեխանիկորեն դրեցի ականջակալներս ու նախաթռիչքային տրամադրություն ապահովող «Վույ աման» երգի ձայնը բարձրացրի մինչև վերջ: Փակեցի աչքերս:

Վերջ, ծիտիկը թռավ, բայց՝ էն դռների հետևում ինչ-որ կարևոր, շատ կարևոր բան մոռացած:

Պատմություններ օվկիանսի այն կողմից. Այցելություն

Չորեքշաբթի է: Հյուրընկալ ընտանիքս այս օրերին այցելում է տեղի ծերանոց ու մի խումբ ընկերների հետ հոգևոր երգեր երգելով շրջում ծերանոցի միջանցքներով: Ծերանոցի բնակիչների համար այս օրը շաբաթվա ամենասպասված օրն է: Երգում ենք, ու միաժամանակ հետևում, թե ինչ է կատարվում միջանցքում: Ծերանոցի բնակիչները, դանդաղ վարելով իրենց անվասայլակները, դուրս են գալիս սենյակներից ու ժպիտով սպասում: Նրանցից յուրաքանչյուրը մի յուրահատկություն ունի, որով ճանչում ենք իրեն: Օրինակ՝ առաջին սենյակի փոքրամարմին, բարակ ձեռքերով տատին փազլ հավաքելու բացառիկ տաղանդ ունի: Մյուս պալատում մնացող մորուքով պապին հնչեղ, թունդ ձայն ունի, ու ամեն անգամ միանում է մեր երգչախմբին, երբ հերթը հասնում է իր միջանցքին:

Շատերը ապաքինվում են, մի մասին մի քանի օր է մնացել ապրելու: Այ, էս պապիկին կարճ ժամանակ է մնացել… Կանգնում ենք նրա սենյակի մուտքի մոտ… Ժպտում է… Իսկ մենք ձեռք-ձեռքի բռնած աղոթում ենք:

Էհ, ինչ ասեմ… Ապրում ենք, էլի…

Պատմություններ օվկիանոսի այն կողմից

Հասանք ԱՄՆ: Ասում են՝ մինչև ինքդ չվերապրես՝ չես հասկանա: Չնայած Ֆլեքս շրջանավարտների բազմաթիվ խորհուրդներին ու փորձի փոխանակմանը,մինչև ինքդ չհասնես ԱՄՆ՝ չես հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում «տարբեր ժամային գոտիներում ապրել» երևույթն ու ամեն քայլափոխին հարազատ հայերենի փոխարեն անգլերեն լսելը: Առաջին մի քանի օրը մղձավանջի է նման՝ չես գիտակցում թե որտեղ ես, դժվարությամբ ես ընկալում օտար լեզուն, որը լսում ես ամեն քայլափոխիդ՝ անգամ տանը, որտեղ ապրում ես: Երբեմն անգլերենի հետ միասին օգտագործում ես հայերեն, մեկ-մեկ էլ անգամ ռուսերեն բառեր, որովհետև մինչև էստեղ հասնելը մեկ օր անցկացրել ես Ուկրաինայում:

Ինչ խոսք, դժվար է, մինչև այն պահը, երբ հանդիպում ես հյուրընկալ ընտանիքիդ հոգատարության ու տան ջերմ մթնոլորտի հետ: Այն, ինչ կատարվում ու կատարվելու է, Ֆլեքս ընտանիքը բնութագրում է մեկ նախադասությամբ՝ «Ոչ լավ, ոչ վատ, ուղղակի տարբեր»: Այս տարին Հայաստանում ապրած բոլոր տարիներից տարբեր է լինելու: Հայաստանից մեկնած 39 երիտասարդները ապրելու են մի ամբողջ կյանք մեկ տարվա ընթացքում:

Այգեձորյան օրագիր (մաս 4)

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարվա բոլոր 12 ամիսները ծանրաբեռնված են: Ընտանիքների բոլոր անդամները իրենց ներդրումն ունեն ընտանեկան օջախը կանգուն պահելու հարցում: Անգամ փոքր երեխաներն անում են այն, ինչին պատում են ուժերը: