Եվա Խեչոյանի բոլոր հրապարակումները

Աղվերանի մեդիա ճամբար. Օր երրորդ. Նկարահանումները շարունակվում են

Երրորդ օրն է ճամբարում: Բոլոր վաղ արթնացողները նենգաբար բացելով վարագույրները՝ արթնացնում են մյուսներիս.

-Դե, հելեք, էլի, ճաշարան ենք գնում:

Ինն անց կես բոլորս ճաշարանում ենք: Սեղաններից մեկի շուրջը նստած` աղջիկների խումբը շարունակ ուտում է ու դրա հետ մեկտեղ խոսում նիհարելուց: Մյուս սեղանն ինչպես միշտ քրքջում է: Նախաճաշը վերջացավ, ու բոլորը վազում են կոնֆերենս-դահլիճ: Մի քանիսը մոլորվում են ճանապարհին, քանի որ բարձրացել են սխալ աստիճաններով: Միջանցքում նորից նույն մտահոգ ու ոգևորված ձայներն են.

-Վայ, մոռացա հարցերը գրեմ:

-Ֆիլմի լավ գաղափար եմ մտածել:

-Շուտ-շուտ, լիքը գործ կա անելու:

Բոլորս զբաղեցնում ենք մեր տեղերն ու սկսում քննարկումը: Կարծես թե այսօր բուռն քննարկում է լինելու: Ընտրվել է 10 ֆիլմի գաղափար, ու բոլորը պիտի նկարվեն:

-Ջա՜ն, էսօր առաջին անգամ ֆիլմ եմ նկարելու:

Խմբերը քննարկում են իրենց ապագա ֆիլմի կադրերն ու նկարահանման ընթացքը, փորձում են շլացնել իրենց բացառիկ գաղափարներով:

Ճաշից հետո 3 խմբերը մեկնում են նկարահանումների: Առաջին խումբն Արզականում է՝ դարբին Արտակ Պետրոսյանի տանը, ով նախկինում ունենալով ինժեների մասնագիտություն, աշխատել է որպես հանգստյան տան փոխտնօրեն, իսկ մոտ ապագայում պատրաստվում է հիմնադրել սեփական թանգարանը:  Նա այնտեղ է ներկայացնելու իր պապերից իրենց հասած հինավուրց իրերը` կճուճներ, կարասներ, կարպետ ու էլի հայ գյուղացու օջախում օգտագործվող բազմաթիվ կենցաղային իրեր:

Լուսանկարը` Ռուզաննա Եսայանի

Լուսանկարը` Ռուզաննա Եսայանի

Դարբինը նկարահանման ընթացքում մոմակալ  պատրաստեց ու նվիրեց «Մանանային»:

Երկրորդ խումբն ուղևորվում է Գյումուշ՝ գյուղացիների կողմից վերանորոգված եկեղեցու պատմությունը ֆիլմի վերածելու: Խումբը հանդիպել ու հարցազրույց է վերցրել Արմիկ տատիկից, ով ծանոթացրել է նրանց տեղանքին ու պատմել եկեղեցու մասին:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Երրորդ խումբը Բջնիում է: Նրանց հաջողվում է պատրաստել հրաշալի ֆոտոշարք գյուղի մասին ու հարցազրույց վերցնել գյուղի քահանա  Տեր Արիստակես Բաղալյանից, ով խմբին հորդորում է վստահել սեփական հավատքին և ապրել, ինչպես վայել է իրական քրիստոնյային:

Eva Khechoyan

Չիրը

Սկսվեց… Նորից սկսվեց «չրի սեզոնը»: Բոլոր կանայք զբաղված են մրգեր մշակելով, եռացնելով, չորացնելով… Նույն իրավիճակն էլ մեր տանն է: Աչքերիս առաջ հազարավոր կեռասներ… Մայրս լվանում է դրանք, ու սկսվում է ամենապատասխանատու ու ծանր պահը… Կտերը…Վերցնում ես կեռասը, հանում կուտը, հետո հաջորդը… Ձանձրալի ու անհետաքրքիր գործ է, չհաշված այն պահերը, երբ կեռասի մեջ հանկարծ մի միայնակ ու մոլորված որդ ես նկատում, որը մի քանի վայրկյանով հետաքրքրություն է մտցնում գործիդ մեջ: 

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Երբ հանում ես վերջին կուտը, ճաշակում ես իրական ազատությունն ու թեթևացած շունչ քաշում: Հպարտ հայացքով նայում ես բազմաչարչար աշխատանքիդ արդյունքին: Բայց այս ամենին հետևում է մի աննկարագրելի հաճույք… Չիրն արդեն արևի տակ է, ու այնպես է փայլում, որ թվում է, թե սկուտեղների վրա թանկարժեք քարեր են շարված: Շլացուցիչ տեսարան…

Eva Khechoyan

Իսկ աղավնիները մնացին մեր Արծվաշենում…

Իմ զրուցակիցը հայրս է՝ Գրիգոր Խեչոյանը: Հայրս ծնվել է 1975 թվականին: Մանկությունն անցկացրել է Արծվաշեն գյուղում, որը 1992թ. օգոստոսի 8-ին օկուպացվել է ադրբեջանական զորքի կողմից:

-Պապ, գիտեմ, որ մանկությունդ Արծվաշենում ես անցկացրել:

-Հա, տատիս ու պապիս հետ էի ապրում, քաղաք չէի գալիս: Սարգիս պապս գյուղի պահեստապետն էր:

-Գյուղը հիշո՞ւմ ես:

-Բա ոնց… Գյուղը բոլոր կողմերից շրջապատված էր սարերով: Ջրվեժներ ուներ, գետեր, առուներ, անտառներ, արհեստական լիճ…

-Ի՞նչ ես հիշում մանկությունիցդ: 

- Հիշում եմ՝ գնում էինք գետի մոտ, մայկաները հանում, տակից կապում ու դրանցով ձուկ բռնում: Արծվաշենը հարուստ, բերքառատ գյուղ էր: Պատկերացրու մի սար ունեինք,որը ծայրից ծայր պնդուկի ծառերով էր ծածկված: Դե մեր գյուղում պնդուկին «տկողին» էին ասում: Սարի անունն էլ «Տկողնուտ» էր:

-Ձեր տունը հիշո՞ւմ ես:

-Իհա՛րկե: Երկհարկանի սեփական տուն էր: Առաջին հարկում  նկուղներն էին ու խոհանոցը, իսկ երկրորդ հարկում՝ ննջասենյակները: Ես աղավնիներ ունեի: Մեր տան երկրորդ հարկում մեծ պատշգամբ կար, ներքևում էլ գոմն էր: Գոմի տանիքին անցք էի բացել, աղավնիներիս էդտեղ էի պահում: Կանգնում էի մեր տան պատշգամբում ու հետևում նրանց: Շատ լավն էին: Գնում էի, քաղաքից ընտիր-ընտիր աղավնիներ էի տանում գյուղ: Ամբողջ գյուղը «Գրիգորի ղշերից» էր խոսում:

-Գյուղում միայն հայե՞ր էին ապրում:

-Միայն հայեր: Ամբողջ գյուղը հայերով էր բնակեցված:

-Ի՞նչ տեսակ մարդիկ էին արծվաշենցիները:

-Աշխատասեր, բոլորն անխտիր շատ աշխատասեր մարդիկ էին: Հետո հումորասեր էին: Չկար գյուղում մի քար կամ թուփ, որ չունենար իր անունը. արծվաշենցիները ամեն ինչի համար անուն էին գտնում:

-Ե՞րբ հանձնեցիք գյուղը:

-1992 թվի օգոստոսի 8-ին մեր Արծվաշենը շրջափակման մեջ էր: Ես Ճամբարակում էի, սպասում էի, որ պապս դուրս գար գյուղից: Դե ով ոնց հասցրեց, դուրս պրծավ: Տուն-ունեցվածք, ամեն ինչ թողեցին ու լքեցին գյուղը, շատերն էլ չհասցրին, գյուղում սպանվեցին: Մեծ էր զոհերի թիվը…

- Իսկ ու՞ր տեղափոխվեցին արծվաշենցիները:

-Հիմնականում Ճամբարակ և դրան հարակից շրջանները, ու հիմա մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում: Ափսոս էր մեր գյուղը… Շատ ափսոս…

Մինչև հիմա ինձ հանդիպելիս իմ համագյուղացի արծվաշենցիները հարցնում են. «Գրիգո՞ր, էլ ղուշ չե՞ս պահում»… Բայց Արծվաշենն արդեն հանձնել ենք, իսկ իմ ղշերը մնացին մեր Արծվաշենում…