Նանե Դանիելյանի բոլոր հրապարակումները

Մագիլ պապիս պատմությունը

Վայոց ձորիս տաքուկ գյուղերը շատ են, դրանցից մեկը Արենի գյուղն է` գինու և խաղողի հայրենիքը: Այդ գյուղական միջավայրը ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Միշտ ցանկացել եմ գտնել մի փոքր պատմություն և գրել այդ մասին: 

Դե մի օր էլ գնացինք գյուղ, հաց էինք թխում, մեկ էլ, ըհը, թոնրի կողքին տեսա մի քանի փորագրած տառեր:
-Տատ, այ տատ, էդ ի՞նչ տառեր են:
-Նանիս, էսի պապիս ու պապաս են փորագրել: -Տատ, բայց ինչի՞ թոնրի կողքը:
-Նանիս, էս թոնիրը սարքել ա իմ պապին, պապաս էլ իրա անվան տառն ա գրե, պապիս էլ` իրա: Հիմա պիտի իմ ախպեր Ահարոնը իրա Ա տառը գրի, բայց դե, որտի՞ց… Բախտավար…  Ռուսաստաններն ա: Մագիլը` իմ պապան, շատ հռչակավոր մարդ ա եղել: Հարգված, խելացի, բայց գրագետ չէր: Ռիսկով էր, ում ասես` Մագիլին գիտե՞ք, էնքան բան կասեն… Ինքը քարանձավ ա գտել, էդ քարանձավից շատ բաներ են գտել: Մինչև հիմա էլ պեղում են, էլի: Էնքան լավ մարդի էլե, որ իրա մասին գիրք են կիրե:
-Հա, դե լավ, տատ ջան:Այս փոքր զրույցից հետո որոշեցի փնտրել և իմանալ Մագիլ պապիս պատմությունը: Պապիկներին, որ հավաքվում են գյուղի «ԱԺ»-ում, հարցրեցի.
-Պապիներ, Մագիլին ճանաչո՞ւմ եք:
Այդ հարցից հետո պապիկները մեկը մեկին հանգիստ չէին տալիս:
Շատ բաներ պատմեցին ինձ, սկսեցի ուսումնասիրել Մագիլ պապիս կենսագրությունը և շուտով ավելի մանրամասն կգրեմ ձեզ:

Ում համար է տունը կառուցվել

 

Լուսանկարը՝ Նանե Դանիելյանի

Լուսանկարը՝ Նանե Դանիելյանի

Վայոց ձորի պատանի թղթակիցներով գնացել էինք գյուղ Մալիշկա նկարահանման, որը Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն է: 

Փողոցները խուլ էին, կարծես բնակչություն չլիներ, մարդ էինք ման գալիս որ «չըրխկացնեինք»: Մեղավորը նաև եղանակն էր, որ բոլորին տուն էր տարել, տեղավորել տաք վառարանների մոտ:
Շատ գնացինք-քիչ գնացինք, մեկ էլ, ըհը` հանդիպեցինք Լավրենտ պապիկին ու Անիկ տատիկին:
Անմիջապես վազեցի և սկսեցի զրույցի թեմա փնտրել:
Հարցրեցի.
-Պապի, կարո՞ղ եմ ձեզ նկարել:
-Հա, բալա ջան, մաշինիս հետ նկարի, որ տելեվիզրով ցույց տաս:

-Պապի, ձեր անունն ի՞նչ է:
-Խալիվոր:
-Խալիվո՞ր,- մի պահ զարմացա, թե ինչպես կարող է մարդու անունը Խալիվոր լինի: Ու հետաքրքրությունից ելնելով հարցրեցի.
-Պապի, բայց ինչի՞ Խալիվոր:
-ԷԷհհհ, դե քիչ ա մնացել:
Իմ ու Խալիվոր պապի զրույցը «շաքարով կտրեց» Անիկ տատը:
-Այ մարդ, ո՞վ ա էս նախշունը:
-Էկել են մեզ նկարեն

-Բալա ջան, ուրեմն ասեմ. ես ու Լավրենտս ուղիղ հիսուն տարի ա, ինչ իրար խետ էյ: Նայի, բալա ջան, նայի. էս տան քարերը մենք ենք դրել իրար վրա` ես ու Լավրենտս: Երկու տղա ունեմ, մի աղջիկ, էսօր էլ աղջկաս ճամփեցի Մոսկվա: Հիմա մենակ եմ մնացել Խալիվորիս հետ: Տասը թոռ ունեմ, բայց կեսին չեմ տեսել: Բա սենց էլ կյա՞նք կլինի: Մարդ մտածում ա` գնա ուրիշ երկիր, մի կողմից էլ` ո՞նց թողնեմ, ոնց… Բա մեր քյոռփեքը ընչի համար են գնում ծառայելու:
Անիկ տատին փորձում էի հանգստացնել, իսկ նա շարունակեց.

-Բալա ջան, չմոռանաս գրել` Անիկ և Լավրենտ Այվազյաններ:

Ինչ հետաքրքիր է, չէ, մարդիկ իրար հետ ապրում են մի ամբողջ կյանք, իսկ կյանքի վերջում այսքան տխուր հարցականներ, որոնք այլևս չեն կարողանում լուծել: