Անուշ Եփրեմյանի բոլոր հրապարակումները

anush epremyan

Աշխատասեր տատս

Ամառ է արդեն:

Չհաշված այս վիրուսները՝ կարծես ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ամսի 2-ն էր, ինչպես բոլոր գյուղացիները, այնպես էլ տատիկս զբազվում էր իր առօրեական գործերով: Կարճ ասած՝ ամսի երկուսը մեզ համար վատ օր էր։

77-ամյա տատիկս շատ անհամբեր էր իր առօրյա գյուղական գործերի հարցում։ Առավոտյան վաղ, երբ մենք քնած էինք, եղբայրս վազեց մեր ննջասենյակ և վախեցած ասաց.

-Անո՜ւշ, Արև՜, զարթնեք, տատին հորթը դուրս ա հանել, հորթը տատիին քաշել քցել ա գետնին, ոտը ջարդել ա։

Եղբորս խոսքից հետո այնպես դուրս եկանք տանից, մենք ինքներս անգամ չհասկացանք՝ ինչպես:

-Տատի, ի՞նչ ա եղել, ո՞նց եղավ։

-Սուս, այ բալա, լինելու բանը պիտի լինի:

Շտապեցինք հեռախոս վերցնել, եղբայրս զանգահարեց հորեղբորս կնոջը, քույրս՝ մայրիկին, իսկ ես հանգստացնում էի տատիկին՝ ասելով, որ բան չկա, կանցնի, պարզապես ընկել է։

-Տո չէ, այ բալա, ես լսել եմ ձենը՝ ջարդվել ա, շխկոցն առել եմ:

Առաջինը եկավ հորեղբորս կինը, մայրս աշխատանքի էր, ու այնտեղից էլ միացել է իրենց։

Արագ տաքսի կանչեցինք ու տատիկին տեղափոխեցինք «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունք։ Պարզվեց, որ տատիկս ստացել է աջ ազդրոսկրի, միջին ստորին 3-ականի փակ կոտրվածք և բեկորների տեղաշարժ։ Նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն, ոսկրաբեկորների համադրում պտուտակներով։ Նույն օրը կատարվեց բարդ վիրահատական միջամտությունը։ Այժմ տատիկս գտնվում է բժիշկների և իրեն հարազատ մարդկանց հսկողության տակ։

Նյութը գրել եմ հիվանդանոցում, խնամակալության ժամանակ, երբ տատիկս արդեն քնել էր:

anush yepremyan

Էս էլ մենք ենք սարերում

Ըհը, էս էլ մենք ենք մեր սարերում: Մայիսի երեքն էր, քրոջս՝ Արևի հետ վերադառնում էինք դպրոցից: Չհասած մեր դարպասին՝ նկատեցինք հորեղբորս «զիլ» մակնիշի բեռնատար մեքենան: Տխրեցինք:

Տատիկս ու պապիկս ամեն տարի սար էին գնում (Հանքավան), և ահա նրանք այսօր պետք է տեղափոխեին իրենց անհրաժեշտ իրերը՝ սարում լիարժեք կյանքով ապրելու համար: Մեր բակում եռուզեռ էր, ով ինչով կարողանում էր՝ օգնում էր:

Նկուղից լսվում էր տատիկիս ձայնը.

-Արև՛, ժամացույցս չմոռանաք, Անո՛ւշ, բա մոմ դրե՞լ եք, վա՜յ, կոֆեն մոռացել ենք…

Ամեն ինչ կարծես լավ էր, եկավ հրաժեշտի պահը: Պապիկս ասաց.

-Դե, երեխեք ջան, եկեք՝ պաչենք, որ էթանք:

-Պապի, լավ, մի նեղվի, դասերը վերջանան՝ կգանք ձեզ մոտ:

Անցան դպրոցական օրերը: Ամառային արձակուրդներին, ինչպես պապիկն ու տատիկը, այնպես էլ ես և քույրս, հավաքում էինք մեզ անհրաժեշտ պարագաները, որ գնանք պապիկի ու տատիկի մոտ:

-Մամ, են սաղ շորերը դիր, էլի:

-Դե, մի քանի բան վերցրեք, հետո շաբաթ կամ կիրակի օրերին կգանք մնացած շորերն էլ կվերցնենք:

-Անուշ, սրբիչները չմոռանաս ու էն գրքերը, տետր ու գրիչ էլ վերցրու, պետք կգա:

-Երեխեք, դե պրծե՛ք, ավտոն արդեն եկել ա, մեռավ սպասելով:

Տեղավորվեցինք մեքենայի մեջ ու ճանապարհ ընկանք դեպի Հանքավան՝ պապիկի, տատիկի ու մեր մնացած բարեկամների մոտ, որոնք նույնպես սարում էին:

Ահա հասանք Հանքավան: Մեքենան դեռ չէր դիրքավորվել, երբ բաց պատուհանից լսվեց տատիկի ձայնը.

-Արամ, արի՛ տես, երեխեքն են եկել, քո Անուշն էլ ա եկել,- պապիկս ինձ շատ-շատ էր սիրում:

-Ես ձեր ցավը տանեմ, դե շուտ արեք, կրակ վառեք՝ խորոված անենք, հալալ հաց ուտենք:

Պապիկս շատ էր ուրախացել, քանի որ մեզ շատ էր սիրում, և այդ սերը փոխադարձ էր:

-Պահ-պահ, Ռիմայի թոռներն են եկել,- լսվում էր հարևան տներից:

Արդեն տեղավորվել էինք: Առավոտյան տատիկին օգնում էինք պանիր պատրաստել, հորթերին արոտավայր ուղարկել և ճուտիկներին կերակրել:

Ես և քույրս գնում էինք ձիավարության՝ հորեղբորս ձիերով:

Հուլիսի 13-ին բոլորիս սիրած տոներից մեկն էր՝ Վարդավառը:

Բոլորն այդ օրը հյուրընկալում էին իրենց հարազատներին՝ նշելու այդ գեղեցիկ տոնը:

Հանքավանում մեր հարևանությամբ ապրում էին մեղվապահությամբ զբաղվող ամուսիններ, որոնց թոռնուհին՝ Վեներան, նույնպես եկել էր իր պապիկին ու տատիկին հյուր:

Բոլոր մեծահասակները զբաղված էին կերուխումով: Շատ ուրախ էր անցնում Վարդավառի տոնը, մինչև այն պահը, երբ լսվեցին աղաղակներ և լացի ձայներ: Վեներան եղբոր հետ մոտեցել էր գետին և խաղում էր, երբ ոտքը սայթաքել էր և ընկել էր երկու քարի արանքը՝ գետի մեջ: Եղբայրը չէր նկատել քրոջը: Երբ նկատեցին, որ աղջիկը չկա, մտածեցին, որ գետն է քշել, տարել յոթամյա աղջկան: Նրա փոքրիկ եղբայրը տեսել էր քրոջ երկար վարսերը՝ գետի մոտ գտնվող մեծ քարերի տակ: Մինչև տղան կանչել էր ծնողներին, աղջիկը մահացել էր. ծնողները հանեցին նրա անշնչացած դին:

Դրանից հետո ծնողներս այլևս թույլ չտվեցին մեզ մնալ Հանքավանում:

Հիմա մենք մեծացել ենք, և մեզ հետ մեծացել են նաև մեր հիշողությունները: Վարդավառի այդ ծանր ողբերգոությունն էլ ամեն անգամ հանգիստ չի տալիս:

Մեզ հետ չեն մեր պապիկը, մեր շատ սիրելի հորեղբայրները, բայց մենք միշտ բարի ժպիտով ենք հիշում նրանց հետ անցկացրած ամեն մի ակնթարթը:

Ըհը, էս էլ մենք ենք մեր սարերում…