Լուսինե Իսրայելյանի բոլոր հրապարակումները

lusine israyelyan

Գունավորիր աշխարհը

Յուրաքանչյուր մարդ էլ ունի իր սիրած զբաղմունքը: Ես նույնպես: Իմ հոբին նկարելն է: Գլուխ գովել չլինի՝ վատ չեմ նկարում: Այդ շնորհը ժառանգել եմ իմ մայրիկից, իսկ մայրս՝   իր հայրիկից, իր հայրիկն էլ՝ իր մայրիկից… Ուստի ժառանգական կապը ես չեմ կարող խախտել և կուզենամ, որ շարունակվի  սերնդեսերունդ… Ես հաճախում եմ Ներքին Կարմիրաղբյուրի նկարչական խմբակը, որը դասավանդում է իմ մայրիկը:

Անկախ նրանից, թե որտեղ եմ ես, եթե ձեռքիս տակ կա թուղթ և մատիտ կամ գրիչ, սկսում եմ նկարել:

2014թ. ապրիլին Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի սաների համար Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հոգածությամբ բացվեց Կիրակնօրյա դպրոցի նկարչական խմբակը: Այս նախաձեռնությանը աջակցեցին «Վոլդ Վիժն» և « Հայ Օգնության Ֆոնդ» կազմակերպությունները: Ամեն ինչ պատրաստ էր, որ սահմանում ապրող մանուկներս գունավորենք մեր աշխարհը ավելի պայծառ գույներով: Երեխաները սկսեցին իրենց առաջին քայլերը: Արդյունքը օր-օրի դառնում էր նկատելի: Բերդ քաղաքում հաճախ կազմակերպվող միջոցառումների ժամանակ ցուցադրվում են մեր աշխատանքները, ինչից ավելի ենք ոգևորվում և ավելի մեծ ջանասիրությամբ ենք աշխատում: Այդ է վկայում մեր խմբակի սաների հաղթանակը Տավուշի մարզի շրջանակներում, երբ Հնդկաստանի հայաստանյան դեսպանատունը մրցույթ էր հայտարարել «Իմ երևակայության Հնդկաստանը» խորագրով: Դրանով չեն սահմանափակվում փոքրիկ նկարիչների ձեռքբերումները: ՀՕՖ –ի միջոցով  ընտրվել են նկարներ և ուղարկվել ԱՄՆ՝ ցուցահանդեսի նպատակով:

2015թ. մայիսի 20-ին ցուցահանդես է կազմակերպվել Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրում, որտեղ ներկա էին Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Սևադան և այլ հյուրեր: Մինչև հիմա երեխաները չեն մոռանում կրթահամալիրի ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքը և երախտագիտությամբ հիշում են կրթահամալիրի տնօրեն պարոն Ա .Ալիխանյանին, ով անձամբ ընդունեց յուրաքանչյուրին՝ նվիրելով Լ.Նազարյանի հեղինակած «Անանիա Շիրակացի» գիրքը: Փոքրիկ նկարիչների  հուզմունքը աննկարագրելի էր, երբ կրթահամալիրի կողմից  առաջարկվեց ամառային արձակուրդի  տասներկու օրը վայելել Հանքավանի  «Հեքիաթ»  ճամբարում: Դրանք անմոռանալի, բարի, անկրկնելի օրեր էին բոլորի համար …

Երբ լինում են նման մարդիկ, աջակից ընկերներ և կազմակերպվող ցուցահանդեսներ, փոքրիկ նկարիչները ստեղծագործում են ավելի եռանդով, ստեղծում հրաշքներ, երբ լինում են գնահատված, արժևորված… Իսկ բոլորից առավել այդ ամենից ոգևորվում է փոքրիկ նկարիչների ուսուցչուհին, մայրս՝ Ժաննա Բաբայանը, ով իր եռանդն է ներդնում փոքրիկների հոգում գեղագիտական ճաշակ ձևավորելու համար:

Մայրիկիս ոգևորությունը տեսնելով հասկանում եմ և համոզվում. Եթե մի գործ անում ես սիրով և նվիրումով, անպայման հաջողության ես հասնում:

lusine israyelyan

Գորդյան հանգույցը

Փորձելով գալ մեր գյուղ, ճանապարհին՝ դեռ գյուղ չհասած, կտեսնեք մի մեծ աղբանոց: Այն գտնվում է մեր գյուղի՝ Ներքին Կարմիրաղբյուրի և հարևան գյուղի՝ Տավուշի (Թովուզի) միջև: Մեր գյուղում աղբանոցի անունը անունը դրել են Թովուզի զբլանոց (աղբանոց), իսկ Տավուշ գյուղի մարդիկ, որպեսզի արժանի պատասխան տան, անունը դրել են Կարմիրի զբլանոց: Բայց իրականում այդ աղբանոցի հեղինակն է Բերդ քաղաքը:

Երբ մի անգամ ՀՀ նախագահը պիտի այցելեր մեր գյուղ՝ նորակառույց գյուղապետարանի շենքի բացմանը, ընդամենը մեկ օրում այն վերածվեց սովորական  հողի: Անցավ մեկ շաբաթ. նորից նույն աղբանոցը:

Երանի ամեն օր ՀՀ  նախագահը հյուր գար, որպեսզի մեր գյուղ տանող ճանապարհը գեղեցիկ և բարեկարգ լիներ:

Մեր օլիմպիական չեմպիոնը. Արսեն Գալստյան

Օլիմպիական չեմպիոնը պատվավոր կոչում է, և մենք հպարտ ենք, որ ունենք չեմպիոն որդի:
Արսեն Գալստյանը ծնվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Հայազգի ձյուդոիստ է, ով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ՝ կիսաեզրափակիչում, հաղթեց մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ևս հաղթանակ տարավ և դարձավ օլիմպիական չեմպիոն: Համաձայն Արսենի խոսքի՝ ինքը Լոնդոն էր գնացել միայն հաղթանակի համար և հասավ իր նպատակին:
Արսենի ազգականներն ապրում են մեր գյուղում, և նրա հաղթանակները մենք իրենց հետ ենք նշում: Ես ավելի շատ էի ուզում իմանալ մեր չեմպիոնի մասին, որոնց պատասխանը ստացա Արսենի քեռու աղջկանից՝ Շուշանից:

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

-Ինչպիսի ՞ընտանիք էին, քանի՞ երեխա ունեին, ինչո՞վ էին զբաղվում:
-Սովորական գյուղական ընտանիք էին: Զբաղվում էին հողագործությամբ,- հպարտորեն պատմում է Շուշանը,- հայրը ֆուտբոլով էր զբաղվում, իսկ մայրը ուսուցչուհի էր: Նրանք երեք երեխա ունեն՝ Տիգրանը, Արսենը, Արմանը: Տիգրանը և Արմանն այժմ ձյուդոյի մարզիչներ են, իսկ Արսենը ձյուդոյի օլիմպիական չեմպիոն է և շարունակում է սպորտով զբաղվել:
-Ե՞րբ են տեղափոխվել Ռուսաստան:
-Արսենի ընտանիքը Ռուսաստանում բնակություն է հաստատել 1996 թվականին, երբ Արսենը 7 տարեկան էր: Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հայրական տունը՝ ինչպես գյուղի շատ տներ։ Հրետակոծության պահին գյուղի բնակիչները պատսպարվել էին մի շենքի նկուղային հարկում, երբ հրետակոծությունը դադարել էր, և մարդիկ դուրս էին եկել ապաստարանից, տեսել էին, որ շատ տներ ավերակների են վերածվել: Դրանցից մեկն էլ Արսենենց տունն էր: Արսենի ընտանիքն այլընտրանք չուներ։ Չդադարող պատերազմը, ավերված օջախը, սոցիալական պայմանները ստիպեցին, որ Արսենի ընտանիքը տեղափոխվի Ռուսաստան:

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

-Արսենը քանի՞ տարեկանից է սպորտով զբաղվում:
Նա ձյուդո սկսել է պարապել 9 տարեկանից, այս հաղթանակին հասնելու համար երկար ճանապարհ է անցել:
-Հայերեն խոսո՞ւմ է:
-Ճիշտ է, նա ապրում է օտար երկրում, շփվում է օտար լեզվով, սակայն հայերենը չի մոռացել և կարողանում է ազատ խոսել:
-Վերջին անգամ ե՞րբ է այցելել գյուղ:
-Վերջին անգամ հայրենիք եկել էր 2014 թվականի հոկտեմբերին, ամուսնության օրվանից 2 օր հետո:
-Ի՞նչ մասնագիտություն ունի, որտե՞ղ է ապրում:
-Արսենը մասնագիտությամբ իրավաբան է, ապրում է Կրասնոդար քաղաքում:
-Արսենի սպորտի հանդեպ սերը ժառանգակա՞ն է:
-Այո, քանի որ Արսենի հայրը և հորեղբայրը նույնպես սպորտով են զբաղվել:
-Նա ուզո՞ւմ է ներկայացնել Հայաստանը օլիմպիական խաղերի ժամանակ:
-Շատ կուզենար Հայաստանը ներկայացնել խաղերի ժամանակ, բայց երկար տարիներ է, որ ապրում է Ռուսաստանում և այնտեղ հարմարվել է արդեն:
Բայց Արսենը երբեք չի մոռանում, որ ինքը Ներքին Կարմիրաղբյուրից է: Հաճախ է այցելում գյուղ: Փորձում է իր ուժերի ներածին չափով օգնել հարազատ գյուղին: Վերջերս օրինակ նրա միջոցներով վերանորոգվեց մեր գյուղի մարզադահլիճը և այժմ կրում է Արսեն Գալստյանի անունը:
Մենք հուսով ենք, որ այս մարզադահլիճում մարզվող երեխաների մեջ էլ կլինեն վաղվա օլիմպիական չեմպիոններ:
скачанные файлы

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի