Միլենա Առաքելյանի բոլոր հրապարակումները

milena araqelyan

Վստահությունը գործի կեսն է

Սովորականի պես օր էր: Դասարանում նստած էինք, նորից անգլերենի դասն էր: Այս անգամ դասը նախորդներից տարբերվեց նրանով, որ հայտարարեցին «Ֆլեքսի» մասին: Իմացանք, որ անգլերենի մրցույթ է, և որ ամենակարևորն է՝ հաղթողների մրցանակը ԱՄՆ-ում մեկ տարի ապրել-սովորելն է: Ամեն նոր փորձության հանդիպելիս մի պահ ինքնավստահությունս կորչում է, այս անգամ բացառություն չեղավ: Մտածեցի, որ ես հաստատ չեմ կարող, հաստատ չեմ անցնի, ու ի՞նչ իմաստ ունի մասնակցել, եթե արդյունքը դրական չի լինելու: Մինչ ես մտքումս գծագրում էի այս ամենը, ուսուցչուհիս ասաց.

-Միլենա, դու անպայման մասնակցելու ես:

Ու այստեղ արդեն մտքերս բարձրաձայն արտահայտեցի: Ուսուցչուհիս չզարմացավ՝ լսելով իմ թերահավատություն ներշնչող խոսքերը: Իմ մտքերին հակառակ՝ ես մասնակցեցի առաջին փուլին: Մեր դպրոցից յոթ հոգով էինք: Առաջին փուլը հեշտ էր, այդ պատճառով վեցս անցանք: Նույնը օրը տեղի ունեցավ նաև երկրորդ փուլը: Այս անգամ արդեն դժվարություններ առաջացան. պետք է 4 թեմայով շարադրություններ գրեինք: Արդեն քչերին էր վիճակված անցնել: Պետք էր մոտ մեկ ամիս սպասել արդյունքներն իմանալու համար: Ես ընդհանրապես չէի մտածում անցնելու մասին:

Անցավ մոտ երկու շաբաթ: Հոկտեմբերյան ցուրտ օր էր: Պարապմունքներս էի անում, երբ հանկարծ անծանոթ համարով զանգ եկավ: Վերցրի հեռախոսը՝ առանց մտածելու, որ դա հենց այն զանգն էր, որին շատերը երևի անհամբերությամբ էին սպասում, իսկ ես պարապմունքներիս պատճառով գրեթե մոռացել էի դրա մասին: Զանգից պարզվեց, որ անցել եմ վերջին՝ երրորդ փուլ: Վեցիցս ընդամենը երկուսս էինք անցել: Զարմանքը, ուրախությունը, շփոթմունքը խառնվել էին իրար: Մեկ շաբաթից լինելու էր վերջին փորձությունը, որն իր մեջ ներառում էր խմբային աշխատանք, էսսեներ և բոլորիս համար սարսափելի թվացող հարցազրույց: Հոկտեմբերի 18-ն էր, բայց Հրազդանում արդեն ձմեռ էր: Սևան-Հրազդան ճանապարհը ամբողջությամբ սպիտակ էր, ու շարունակ մեծ փաթիլներով ձյուն էր տեղում: Արդեն ինքնավստահությունս սկսել էր վերադառնալ, ու անցնելու ձգտումն էլ դրա հետ մեծանում էր: Լարվածություն էր առաջացել ներսումս, քանի որ հենց երկրորդը ես պետք է մտնեի: Բոլորի պես վախենում է հարցազրույցից: Բայց մթնոլորտը այնքան դրական ու մոտիվացնող էր, որ վախն ու լարվածությունը սենյակ մտնելուն պես վերացան: Ամեն ինչ շատ լավ անցավ, և ժպիտը դեմքիս դուրս եկա այդ սարսափելի թվացող, բայց իրականում ամենադրական լիցքերով լիցքավորված սենյակից: Հարցերը շարունակվեցին նաև դրսում.
-Հը՞ն, ո՞նց էր, ի՞նչ հարցեր էին տալիս, դժվա՞ր էր, խի՞ստ էին…
Ու այդպես շարունակ:

Երևի այդ փուլն էլ հաղթահարեցինք: Դեռ երկար պետք է սպասենք արդյունքներին:Եթե անցնեմ, կարծում եմ կկիսեմ տպավորություններս հենց քո հետ ու կխոսեմ ինքնավստահության անհրաժեշտության մասին:

Ամեն դեպքում ինքնավստահությունը գործի կեսն է:

milena araqelyan

Աշնանացավ

Նորից աշուն է: Կարծում եմ այս անգամ սառը օդն ու ամպամած երկինքը ամենից շուտ այցելեցին մեզ: Հա, անձրևի մասին մոռացա: Մեկ-մեկ ներսդ ու դրսում միաժամանակ է անձրևում: Կաթիլների ձայնը հազարավոր երաժշտական հնչյուններին հավասարազոր է թվում: Երկինքը անձրևից առաջ կարծես մարդու մտքերի հավաքույթ լինի: Լինո՞ւմ է, չէ՞, մտածում ես, խոժոռվում ես, բայց չես կարողանում արտահայտվել: Դու ամպամած մռայլ երկինքն ես, որը դեռ այդքան էլ պատրաստ չէ «արտահայտվելու» համար: Լինում է, որ ամեն ինչ տաքացած դուրս է պրծնում միջիցդ, դա այն արագ ու մեծ կաթիլներով անձրևն է, այն շուտ է դադարում, ինչպես քո տաք գլուխն է սառչում, և նոր գիտակցում ես ասած կամ արած խոսքեր-գործողություններդ: Իսկ այն հանգիստ, փոքր կաթիլներով անձրևը հենց քո ներաշխարհն է, որտեղ անվերջ տարբեր կաթիլներ պայքարում են ու խոնավեցնում հոգիդ, ինչպես հողն է թրջվում անձրևից հետո:

Մի աղջնակ ասում էր, որ իրեն ներսում անձրևներ են պետք: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդու ներսում ժամանակ առ ժամանակ անձրևներ լինում են, և երևի դրանք սկսվում են օդի, ինչու չէ, նաև մարդկանց սառելու հետ: Ասում եմ, հենց դրա հետ էլ աշնանացավը անցնում է ներսիդ կիսաթաց հատակի միջով:

Միգուցե արդեն թրջվե՞լ ես:

milena araqelyan

Չհասկացված լինելու մասին

Սիրում եք, չէ՞, որ հասկացվում եք շրջապատի կողմից: Ինչ խոսք, հաճելի պահ է: Բայց այ, մեկ-մեկ լինում են պահեր, որ վախենում ես չհասկացված լինելուց: Վախենում ես, որ մտքերդ արտահայտես` որոշները բացասական արձագանք կտան, մի քանիսը կհակառակվեն, իսկ մեկ այլ, լրիվ ուրիշները, կբարձրացնեն քեզ քո գաղափարներին, կօգնեն աճել, հասնել էն սիրուն կետին, որտեղ դու քո ափսեում ես: Ամեն դեպքում պետք է բարձրաձայնել էն հարցերի մասին, որոնք ներսից պատասխան են պահանջում: Պետք է չվախենալ էդ «չհասկացվել» կոչվելուց: Բոլորս էլ ընկնում ենք, նոր ենք վերև ելնում, հասկացվում այնպես, ոնց ուզում ենք:

Ինձ ինքնավստահություն ներշնչեք, որ ես էլ կարողանամ հասնել իմ հասկացվելու կետին:

Հաճախ ասեք դիմացինին, որ իր մի գաղափարը կարող է լիքը մարդկանց ներսը շարժել: Իրենք էլ կսկսեն հասկանալ քո տեսակը ու կբարձրացնեն էդ ընկնող, բայց աճող տեսակին:

milena araqelyan

Գաղտնապահ ընկերս

-Մամ, ուզում եմ կիթառի գնալ:

-Ուզում ես` գնա:

Այսպես էր ամեն անգամ ասում մայրիկս, երբ ցանկություն էի հայտնում ինչ-որ նոր բան սովորելու:

-Կիթառ կառնե՞ս:

Հիշում եմ, երկու տարի առաջ էր, որ իմ մեջ արթնացավ էդ ցանկությունը ու սկսեցի քայլեր անել` ուզածիս հասնելու համար: Ընդունվեցի կիթառի: Սկզբում կիթառ չունեի ու նվագում էի երեխաներից մեկի շատ հին կիթառով, որի լարերը գրիֆից մեկ մատնաչափ հաստությամբ հեռու էին, հետն էլ` մետաղական էին: Կիթառ նվագողները կհասկանան, թե քո անփորձ մատների համար ինչ դժվար ա մեկ ակորդ պահել այդպիսի կիթառով:

Առաջին երգը, որ սովորեցի «Ախ, ինչ լավ է սարի վրա…» երգն էր: Երբ էդ «ցավոտ» կիթառով առաջին անգամ կարողացա երգ հնչեցնել, ուրախությանս չափ չկար: Ի վերջո շուտով ունեցա իմ կիթառը, որի լարերը մետաղական չէին, և արդեն ամեն ինչ շատ հեշտ էի սովորում: Դժվարի միջոցով ենք հեշտը սովորում ու սկսում գնահատել էդ բարդ ճանապարհը, որով անցնում ենք հեշտին հասնելու համար:

Ուսուցիչս հաճախ էր ասում. «Դու շատ լավ արեցիր, որ որոշեցիր նվագել սովորել, որովհետև համ դու ես «իրան» լավ հասկանում, համ` «ինքը»` քեզ»: Ու ճիշտ էր ասում:

Հիմա եմ հասկանում, որ նվագելով էն ամենատխուր մտքերս ցրվում են, որ էդ պահին մոռանում եմ բոլոր մանր ու մեծ խնդիրների մասին: Թվում է, թե կիթառը էդ ամենը իրեն է վերցնում, ինքն է տխրում, ինձ` ուրախություն պատճառելով: Լարերին կպչելով գտնում եմ ինքս ինձ իմ երևակայությունների աշխարհում: Մի խոսքով, իմ անբաժան մասնիկն է:

Ծանոթ-անծանոթ մարդիկ հաճախ կիթառը ուսիս տեսնելիս կատակում են. «Ջութա՞կ ես նվագում» կամ` «Դաշնամուրդ էլի հետդ ա՞», ու ոչ մեկը չի խոստովանում, որ դա կիթառ է: Վերջերս մի երեխա ինձ տեսնելով իր տատիկին հարցրեց.

-Տատ, էն ապերը ի՞նչ ունի:

-Ապեր չի, քուրիկ ա, բալես:

Այ, այսպիսի հետաքրքիր ու արկածաշատ կյանքով ենք ապրում ես ու իմ արդեն շատ հարազատ դարձած մի մասնիկը:

milena araqelyan

Համակերպվում ենք

Մտածում եմ, ինչ հեշտ ենք երբեմն համակերպվում ինչ-որ բանի, ինչ-որ մեկի, ինչ-որ երևույթի, լինել-չլինելու հետ: Իսկ ի՞նչ է համակերպվելը: Համակերպվելը սովորելն է, վարժվելը` էդ թվարկածներիս առկայությանը, կամ բացակայությանը: 

Երբ ինչ-որ գիրք ես կարդում, ու մնում են հաշված էջեր,    գիտակցաբար դանդաղ ես կարդում, որ չգա վերջը, որ չհասնես վերջին բառին, նախադասությանը, որ չփակես այն էջը, որն արդեն կարդացվել է ու սպասում է հաջորդ ինչ-որ մեկին, որ կարդա «իրեն»: Բայց սկզբում` հենց վերջացնում ես, նորից ես թերթում գիրքը` համոզվելու համար, որ արդեն ավարտել ես: Դժվար է լինում բաժանվել հարազատ էջերից, որոնք քեզ ավելի լավ  էին հասկանում, քան էդ ընթացքում ինչ-որ մեկը: Օր-օրի դու սովորում ես առանց այդ էջերի ապրել, կարելի է ասել, համակերպվում ես, ու փորձում` ուրիշ գիրք վերցնել ու կարդալ: Բայց չէ, հենց լսում ես էդ գրքի անունը, մեջդ խառնվում է` դեռ չես համակերպվել: Համակերպվում ես ժամանակի ընթացքում, երբ արդեն ոչ մի դետալ` կապված էջերի հետ, քո վրա ազդեցություն չի ունենում:

Մարդիկ էլ գրքերի նման են: Ցանկացած մարդ քեզ համար չկարդացված գիրք է: Դու ծանոթանում ես մեկի հետ, կարդում   իրեն, մտնում իր աշխարհ, խորասուզվում, ապրում ես նրա մտքերով ու հանկարծ գալիս է «վերջացնելու» պահը: Չէ, չես ուզում: Դժվար է շատ: Բայց միայն սկզբում է դժվար: Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է լինում: Հետո կսկսես համակերպվել: Կսովորես առանց էդ մեկի գոյության շարունակել ապրել ու կգա ժամանակ, որ կծիծաղես էդ դժվարությունների վրա ուառաջ կնայես: Մի օր էլ նորից կգա ինչ-որ հետաքրքիր էջ ու կստիպի, որ իրեն կարդաս:

Կմահակերպվե՞ս:

milena araqelyan

Ովքեր են սոցիալական աշխատողները

Հարցազրույց մայրիկիս` Լուսինե Մկրտչյանի հետ

-Մամ, մի փոքր պատմիր քո մասնագիտության մասին:

-Ես մասնագիտությամբ սոցիալական աշխատող եմ:

՞նչ ես ուսումնասիրում:

-Ուսումնասիրում եմ հասարակության խոցելի հիմնախնդիրները. հաշմանդամություն, գործազրկություն, իրավախախտներ և ծերություն:

՞րն է քո աշխատանքի բնույթը:

-Ես աշխատում եմ Զբաղվածության տարածքային կենտրոնում:  Աշխատում ենք հիմնականում գործազուրկների, հաշմանդամների հետ, փորձում ենք աջակցել նրանց և աշխատանքի տեղավորել:

-Հե՞շտ է աշխատել նման խավերի հետ: Ի՞նչ բարդություններ են առաջանում:

-Ամեն աշխատանք ունի իր դժվարությունները: Շահառուն ոչ միշտ է ճիշտ հասկանում մեր խորհուրդները, սակայն որպես սոցաշխատող, փորձում ենք համբերատար լսել նրանց խնդիրների մասին,  աջակցել նրանց, տալ մասնագիտական կողմնորոշում: Ընդգրկում ենք տարբեր ծրագրերում, որոնք հեշտացնում են այդ խնդիրները:

-Բավարարվա՞ծ ես աշխատանքիցդ:

-Ոչ այնքան: Այս ոլորտում կան շատ բացեր` այն Հայաստանում զարգացած չէ:

milena araqelyan

«Թե չընկնեմ ես մարտում…»

Մի քիչ արևոտ, մի քիչ անձրևոտ օր էր: Որոշել էի օրս ընկերներիս հետ անցկացնել: Պայմանավորվել էինք հանդիպել ժամը հինգին, իսկ յոթին համերգ պիտի գնայինք: Բայց քանի որ ես այդքան էլ ծանոթ չէի քաղաքին, սխալ ավտոբուս էի նստել և հասա միայն համերգի սկսվելու ժամին: Հնչում էին  ազգագրական, հայրենասիրական երգեր` կիթառի և ֆլեյտայի նվագակցությամբ: Այնքան ուրիշ է զգացողությունը, երբ կենդանի ես ունկնդրում երաժշտությունը:  Հնչյունները կպչում են հոգուդ: Իսկ երբ ասացին, որ համերգին ներկա են նաև զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի ծնողները, բոլորը կարծես սառել էին: Նրա պատվին հնչեց «Թռչեի մտքով տուն» երգը: Արցունքները ինքնաբերաբար հոսում էին բոլորի աչքերից: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում Արմենի ծնողների հոգում: Աննկարագրելի զգացում է, երբ կողքիդ նստած են հանուն հայրենիքի կյանքը զոհած զինվորի ծնողները, ովքեր զավակ են ծնել, մեծացրել և «տվել» հայրենիքին: Ոչինչ չի կարող մեղմացնել նրանց ցավը, այն դրոշմված է նրանց դեմքերին: Բոլորս հոտընկայս հարգեցինք Արմենի հիշատակը: Ամբողջ դահլիճը կարծես արձագանքում էր` «թե չընկնեմ ես մարտում, տուն կգամ ես կրկին…»:

Այնքան մեղավոր ես քեզ զգում, որ դու վայելում ես երաժշտությունը,շնչում ես հայրենիքի օդը, ժպտում ու ժպիտ ես պարգևում, իսկ սահմանին կանգնած 18-20 տարեկան տղաները հեռանում են, հեռանում են հանուն մեզ, հանուն այն նորածին մանուկների կյանքի, ովքեր դեռ պետք է մեծանան, կարդան այդ լավագույնների անունները, հպարտանան, որ իրենք ապրում են այն հողում, որը պահել ու դեռ երկար տարիներ պահելու են մեր բոլորի եղբայրները:

Համերգից հետո ինձ անընդհատ տանջում էր մի հարց. արդյո՞ք մենք արժանի ենք այս զոհաբերությանը, պիտի ապրենք առաջվա պես, թե՞ պիտի գիտակցենք` ինչ թանկ գնով ենք ձեռք բերել մեր խաղաղությունը և ապրենք ինքներս մեր արածների համար հաշիվ տալով: