Ժաննա Սարգսյանի բոլոր հրապարակումները

janna sargsyan lori

«Ես տեսնում եմ պատկերը մտքիս մեջ»

Հարցազրույց նկարչուհի Լենա Ապոյանի հետ:

-Բարև, Լենա, մի քիչ պատմիր քո մասին:
-Բարև, ես Լենան եմ, մասնագիտությամբ՝ դիմահարդար։ Սիրում եմ նկարել։ 26 տարեկան եմ, ինքնուս եմ, արդեն հասել եմ մասնագիտական հաջողությունների։ Ծնվել եմ Վրաստանում։ Դպրոց եմ հաճախել Արտաշատում, ներկա պահին էլ ապրում եմ Արտաշատում, բայց ամեն տարի որոշ ժամանակով գնում եմ իմ ծննդավայր։

-Քանի՞ տարեկանից ես սկսել նկարել։
-Փոքր հասակից նկարել եմ, հետո 9 տարի դադար եմ տվել, դադարից հետո 2 տարի է, ինչ վերսկսել եմ ու շարունակում եմ նորից նկարել։

-Կարծում եմ՝ առանց նկարչական կրթություն ստանալու շատ դժվար է եղել, կպատմե՞ս մի քիչ անցած դժվարություններիդ մասին։
-Հավատացեք՝ դժվար չի եղել: Եթե կա ցանկություն և սեր, դժվար չէ։ Ես մտովի տեսնում եմ պատկերը և հանձնում եմ թղթին։ Այդ ամենը մտքիս գալիս է իմ օրվա ապրումներից։ Եղել են պահեր, որ անգամ մատիտ, վրձին և ներկեր չեմ ունեցել ու ձեռքիս տակ եղածով (դիմահարդարման պարագաներից սկսած՝ մինչև կոշիկի մածուկ) եմ միտքս հանձնել թղթին։ Աստծո տված շնորհ է, որ ես կարողանում եմ առանց մասնագիտական կրթություն ստանալու նկարել։

21769700_542063156134639_479125095_n-Ի՞նչ ոճի մեջ ես նկարում։
-Տարբեր։ Բայց ավելի շատ՝ աբստրակտ. դա է ինձ հոգեհարազատ։

-Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում ես և այստեղ ես ստեղծագործում. տարբերություն տեսնո՞ւմ ես հայ և վրացի նկարիչների, նկարչական արվեստի մեջ։
-Տարբերություն տեսնում եմ: Վրաստանում կտավներին պատկերված շատ հաճախ տեսնում եմ հին Թբիլիսին՝ կամուրջները, հին ազգային պատկերները, և գովելին այն է, որ այսօր այդ ամենը պահպանվում է նաև իրականում՝ ի տարբերություն Երևանի: Մոռացվում է հին Երևանը:

21849081_542063186134636_237717353_n-Իսկ ի՞նչ հաջողություններ ես ունեցել նկարչական ոլորտում։
-Երիտասարդ գրողների հետ մի շնորհանդեսի էի մասնակցում՝ որպես միակ նկարչուհի, առաջարկ եղավ author.am կայքի հիմնադիր Մերուժ Ջանոյանի կողմից և «Երիտասարդ գրողների գրական ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Սոնա Վանյանի կողմից՝ գրքում տպագրված բանաստեղծությունների հետ միասին տպագրել նաև իմ աշխատանքները: Տպագրվելուց որոշ ժամանակ անց հաջողությանս մասին տպագրվեց «Հայորդյաց» ամսագրում։

-Իսկ հետագա ի՞նչ պլաններ ունես, կշարունակե՞ս ստեղծագործել այստեղ՝ Հայաստանում։
-Այո, Հայաստանում եմ մնալու և շարունակելու։ Պլաններ շատ կան, շուտով կունենամ ցուցահանդես, այս պահին աշխատում եմ այդ ուղղությամբ։

Հաղթողը

Հարցազրույց «X-Factor 4» նախագծի հաղթող Էդգար Ղանդիլյանի հետ: 

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

-Էդգար ջան, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Էդգարն եմ, 20 տարեկան: Ծնվել ու ապրում եմ Գյումրիում, սովորել եմ Գյումրու ակադեմիայի մասնաճյուղում, «Իմպրորիթմ» արվեստի դպրոցում: Բարձրագույն կրթություն չունեմ, աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող:

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «X-Factor» նախագծին: Մի քիչ պատմիր նախընտրական փուլի մասին:

-Նախագծին մասնակցել եմ ընկերուհուս խորհրդով, բայց ընդհանրապես հույս չեմ ունեցել, որ կանցնեմ: Չնայած դրան՝ ժյուրիի անդամները, լսելով իմ ձայնը, «այո» ասացին, ու անցա հաջորդ փուլ:

-Իսկ մինչ նախագծում հայտնվելը այլ տեղերում երգե՞լ ես:

-Մինչ այդ չեմ երգել, ծառայել եմ հայոց բանակում: Երգել սիրել եմ շատ փոքր հասակից, մայրիկս նույնպես երգում է, երևի հենց նրանից էլ ժառանգել եմ:

-Անցար նախընտրական փուլն ու հայտնվեցիր նախագծում: Ի՞նչ զգացողություններ ունեիր. արդյոք պատկերացում ունեի՞ր, որ կհաղթես եզրափակչում:

-Նախընտրական փուլն անցնելու օրն ինձ համար երևի ամենաերջանիկն էր: Ես կարողացա ապացուցել, որ ես էլ եմ կարողանում երգել ու նպատակ դրեցի հասնել եզրափակիչ: Չհաղթել, այլ ուղղակի հասնել եզրափակիչ՝ իմ թիմի հետ միասին, բայց, ափսոս, չկարողացանք: Դրանից հետո իմ նպատակն այն դարձավ, որ մեր թիմի «տեղը հանեմ» և հաղթեմ՝ ինչպես նշել էի հաղթանակի մասին իմանալու ժամանակ:

-Ի՞նչ ես հիշում մրցույթից. ի՞նչն էր դժվար քեզ համար, ինչպե՞ս էր նախագծի շրջանակներում անցնում ժամանակդ: 

-Դժվարություններ գրեթե չեմ ունեցել, որովհետև կողքիս միշտ հավատարիմ մարդիկ են կանգնած եղել, նրանց շնորհիվ ամեն ինչ հեշտ էր թվում: «X-Factor»-ի ժամանակ մենք չէինք հասկանում, թե ինչպես էին անցնում մեր օրերը: Ամեն մի օրն ուներ իր հետաքրքրությունը: Տխրում էինք, երբ մեզանից մեկը հեռանում էր նախագծից: Հիմա շատ եմ կարոտում այդ օրերը:

-Ի՞նչ տվեց մրցույթը քեզ: Հատկապես՝ ո՞ւմ հետ մտերմացար: 

-Շատ լավ ընկերներ, ճանաչում ձեռք բերեցի: Շատ մտերմացա մեր թիմից Յուրա Ադամյանի հետ, մինչ օրս էլ մենք մտերիմ ընկերներ ենք:

-Հիմա ինչո՞վ ես զբաղվում, արդյոք հրավերներ ունե՞ս տարբեր տեղերում երգելու: 

-Այժմ նույնպես աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող, հրավերներ մի քանի տեղից ունեմ, երգիս ուղին շարունակում եմ:

-Ի՞նչ հետագա պլաններ, նոր երգեր, տեսահոլովակներ ունես:

-Մի երգ ունեմ՝ «Հայրիկ»-ը, որ պետք է ձայնագրվի: Երևի մի ամսից պատրաստ կլինի, իսկ տեսահոլովակ դեռ չունեմ:

janna sargsyan lori

Առանց դիպլոմի

-Դպրոցն ավարտե՞լ ես:

-Հա:

-Բա ինչի՞ չես սովորում: Ընդունվի մի տեղ, բարձրագույն կրթություն ստացի, որ դիպլոմ ունենաս:

-Ինչի՞, դիպլոմը կարևո՞ր ա:

-Հա, բա ոնց, դիպլոմը քեզ համար նոր ճանապարհ ա բացում, նոր ուղի՝ դեպի երազանքների իրականացում, նպատակների իրագործում:

Համարյա ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ այս արտահայտությունը: Խորհուրդներ են տալիս, տարբեր ոլորտներ առաջարկում, բայց հաշվի չեն առնում դժվարությունները:

Ինձ կհասկանա գյուղում ապրող երիտասարդների մեծամասնությունը: Մենք գիտենք, թե ինչ դժվար է Երևանում կամ մյուս քաղաքներում սովորելը և բարձրագույն կրթություն ստանալը: Հիմնական և ամենամեծ դժվարությունը դասերին ժամանակին հասնելն է. նախ պետք է տրանսպորտի ժամերը հարմարեցվեն այնպես, որ դասաժամեր բաց չթողնենք: Երկրորդ խնդիրը ֆինանսական հարցն է: Եթե հաշվում ենք տարեկան կտրվածքով, ուսման վարձից բացի՝ մեծ գումար է կազմում նաև ամեն օր դասի գնալու ու գալու գումարը: Եթե ձմեռն էլ սաստիկ է լինում, գումարվում է նաև ճանապարհների փակվելը և դրա պատճառով դասերից հետ մնալը: Կան ուսումնական հաստատություններ, որտեղ եթե բարեհաջող ես հանձնում քննությունները, ընդունվում ես անվճար բաժին: Ընդունվում ես, բայց էլի գյուղից քաղաք հասնելու դժվարությունը մնում է նույնը: Եթե հարցում անցկացնեք ՀՀ-ի հեռավոր գյուղերում, որոնք լրիվ կտրված են քաղաքից, կտեսնեք, որ շատ խելացի և բանիմաց երիտասարդներ կան, որոնք հնարավորության դեպքում կդառնան լավագույն բժիշկներ, մանկավարժներ, ֆիզիկոսներ: Հենց այդ խնդիրների պատճառով էլ դպրոցն ավարտած երեխաների մեծ մասը մնում է առանց բարձրագույն կրթության: Տղաները բանակից վերադառնալուց հետո բռնում են արտագնա աշխատանքի ճանապարհն ու այնտեղ էլ հաստատվում՝ մոռանալով իրենց հնարավորությունների մասին: Բայց ես ու այն երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն չեն ստացել և չունեն դիպլոմ, ապացուցելու ենք, որ առանց դիպլոմի էլ կարող ենք հասնել մեծ բարձունքների:

Նավասարդ

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Ըստ ավանդության՝ մ. թ. ա 2492 թվականին Հայկ Նահապետը նետահարում է Բելին և հաղթանակ տանում բաբելոնական բանակի դեմ: Այստեղից էլ սկսվում է Բուն հայոց տոմարը: 2008թ. Հարթագյուղի միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ ձևավորվեց «Հայկյան սերունդ» նախաձեռնողների խումբը, որը նշեց Հայկի հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակը: 2008թ-ին Հարթագյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվող Բագեր կոչվող սրբավայրում մեծ շուքով նշեցին այդ տոնը: Ներկա էին հյուրեր տարբեր վայրերից, կատարվեցին մի շարք ծիսակատարություններ, և հյուրերը հենց տեղում ճաշակեցին հայկական թոնրի լավաշը:

Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանի նախաձեռնությամբ՝ 2012թ.-ին ստեղծվեց «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը: Պատրաստվեցին Հայքից մինչև Արցախ հայկական բոլոր թագավորությունների դրոշները: Դպրոցականներից կազմված այս խումբը ամեն տարի մայիսյան հաղթանակների օրերին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 21-ին, ապրիլի 24-ին այցելություններ է կատարում Հայաստանի պատմամշակութային վայրեր: Արդեն 9 տարի մեծ շուքով է նշվում այս տոնը: Այսօր Հարթագյուղում հուշամեդալ են թողարկում և պարգևատրում Հայաստանի կյանքում մեծ ավանդ ունեցողներին:

Վարդավառը Հարթագյուղում

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Մեր գյուղում՝ Հարթագյուղում, շուտով Վարդավառ է, բոլորիս կողմից շատ սիրված ու սպասված տոներից մեկը: Մեր գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը, որն այդ օրը իր շուրջն է հավաքում հարյուրավոր այցելուների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Զբոսաշրջիկները ժամանում են տարբեր վայրերից, իրենց ուխտն են կատարում ու երազանք պահում՝ հուսալով, որ այն կկատարվի: Դրանից հետո սկսվում է ջրելու ու ջրվելու տոնը: Հավաքվում ենք բոլորով ու սկսում ենք ջրոցին: Ջրում ու ջրվում ենք, ուրախանում և տոնի վերածում օրը: Ջրոցին ավարտելուց հետո էլ հյուրերին հրավիրում ենք ճաշելու և փորձելու գյուղի ավանդական ու համեղ ուտեստները:

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Գյուղի հեքիաթային գեղեցկությունը տոնը դարձնում է իդեալական: Հյուրերը հեռանում են մեծ բավականություն ստացած և խոստումով, որ հաջորդ տարի անպայման նորից կայցելեն:

janna sargsyan lori

Վերջին նամակը

1941թվական, Հայրենական մեծ պատերազմ: Ինչպես գիտեք, մեծ թվով հայեր են մասնակցել պատերազմին: Միշա Գաբրիելյանը նրանցից մեկն է եղել: Միշա պապը պապիս եղբայրն է: 1942թ-ին մեկնել է ռազմադաշտ և չի  վերադարձել: Որոշ ժամանակ առաջ փորձեցի տեղեկություն փնտրել նրա մասին: Շատ փնտրտուքներից հետո գտա նրա ուղարկած նամակներից: Շատ մեծ դժվարությամբ ընթերցեցի նամակները: Դե, արդեն 74 տարի է անցել: Տառերը համարյա ջնջված էին, բայց մի քանի նամակ կարողացա կարդալ: Հիմնականում պատմում է իր առօրյայի մասին, թե ինչ են անում, որտեղ են գտնվում, բարևներ է ուղարկում քույրերին և եղբայրներին, ու ամեն անգամ նամակի վերջում կրկնում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդպես և ամեն ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ ուղարկել է նամակներ:

Վերջին նամակը, որ ուղարկվել է 1944 թվականին, նորից նույն բովանդակությամբ ու էլի վերջում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդ վերջին նամակից հետո ոչ պապիս, ոչ մնացած բարեկամներիս նամակ չի ուղարկել: Պատերազմը ավարտվում է, բայց էլի ոչ մի լուր: Անցնում են օրեր, տարիներ, ամեն օրվա հետ հույսը մարում է: Ծնողներիս պատմելով պապիս մայրը միշտ սպասել է իր որդուն: Մինչև վերջին օրը այդ վերջին նամակը ձեռքին սպասելով, որ որդին հետ կվերադառնա:

janna sargsyan lori

Հարթագյուղ

Ես ապրում եմ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում: Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր է: Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ: Գյուղում է գտնվում Սուրբ Նարեկ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Հարթագյուղը, ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած հայերը։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է՝ թամբագործ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից շատ են հայտնաբերվել վաղ բրոնզեդարյան նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանին պատկանող նյութեր։ Հարթագյուղի տարածքում գտնվում է Խոյի հսկայական քարե կերտվածք, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեկ» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթային համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Խմբագրության կողմից. Հուսանք հետագա հոդվածներումդ արդեն կպատմես գյուղի այսօրվա մարդկանց, նրանց խնդիրների, հոգսերի, ուրախությունների և առօրյա կյանքի մասին: