Աննա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

Anna mkhitaryan

Անկախության տոնը Աշոցքում

Աշոցքում արդեն ավանդական երևույթ է դարձել ամեն տարի Անկախության տոնին ընդառաջ արշավի գնալ: Այս տարին ևս բացառություն չեղավ: Բայց հրաշալի օր սկսվեց նախքան արշավի մեկնելը: Մեր դպրոցականները միջոցառում էին կազմակերպել Անկախության 27-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառումն այնքան տպավորիչ էր, որ անգամ չէինք ուզում դասարան գնալ և դասը շարունակել: Միջոցառման ավարտին ամբողջ դպրոցով մեծ շուրջպար բռնեցինք և սկսեցինք պարել: Ես կողքից այնքան ուշադիր և զարմացած էի նայում, որ ուղղակի ամբողջ մարմինս փշաքաղվում էր: Այնքան մեծ ոգևորությամբ էին պարում, որ մի պահ վախեցել էի շրջանի մեծությունից, չէ, չէ սխալվեցի, երևի զարմացել էի՝ ինչպես կարող են այսպես մի մարդու նման պարել:

Միջոցառումն ավարտված էր, բոլորն արդեն դասարաններում էին, երբ հանկարծ ներս եկավ մեր դասղեկը և ասաց, որ ժամը 2-ին գնում ենք: Մի տեսակ այլ կերպ էին հնչում այդ խոսքերը, մեծ ոգևորություն տեսա բոլորի աչքերում: Դասերն արագ ավարտելուց հետո վազեցինք տուն, վերցնելով համապատասխան պարագաները՝ շտապեցինք դպրոցի բակ: Արդեն դուրս էինք եկել, քայլերիս հետ նայում էի շուրջ բոլորս․ մանուկ, թե ծեր, խինդով էին մեզ նայում, և բոլորին հետաքրքիր էր մեր ուղղությունը: Համարյա մեկ ժամ անց արդեն անտառում էինք, ամբողջ ճանապարհին երգել էինք: Անտառում էլ ավելի մեծ ոգևորություն էի նկատում: Բոլորը վազում էին, խաղում, և այնքան մեծ ջերմություն կար, որ չէինք մրսում: Ուսուցիչների հետ էլ շփումն այլ հունով էր ընթանում: Ավելի ազատ, ավելի ընկերական, մեզ հետ էր նաև ոստիկանության մանկական բաժնի տեսուչը: Այնքան լավ էր ամեն բան, անգամ խարույկ վառեցինք և մի լավ ուրախացանք: Խարույկի շուրջը սկսեցինք երգել, և գիտեք՝ ամենահետաքրքիրն ինչն էր, երգի բառերը մոռանում էինք, բայց էլի նույն ոգով հիշում և երգում էինք: Այնքան մեծ էներգիա ստացա այդ օրվանից, որ տուն գալու ճանապարհին, չնայած մրսած էի, չէի ուզում բաժանվել ուսուցիչներիցս և ընկերներիցս:

Շնորհակալ եմ իմ դպրոցի ողջ անձնակազմից այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացանք մեր ընկերներին ավելի լավ ճանաչելու: Չէ՞ որ մարդկանց հետ ճանապարհորդելիս ես նրանց ճանաչում: Ճանաչեցի նաև ինքս ինձ, դե ես էլ էի փոխվել: Ուզում եմ այս ավանդույթը շարունակական լինի, և մեր դպրոցի բոլոր սերունդները զգան այդ հրաշալի պահը իրենց կյանքում:

Anna mkhitaryan

Աշոցքի սեպտեմբերի 1-ը

Ամբողջ ամառ սպասեցի սեպտեմբերի մեկին: Երևի չեմ հիշի մի դեպք, երբ ասեմ, որ ցանկանում եմ դպրոց գնալ, ու ինձ մի այլ հայացքով չնայեն ու չասեն, որ ես վերացող տեսակ եմ: Բարև, ես Աննան եմ, Աշոցքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի: Վա՜յ, էլի մոռացա, 11-րդ դասարանի: Հա՛, և էսպես գրեթե ամեն րոպե և ամեն օր: Ես դեռ չեմ համակերպվում, որ մեկ տարով մեծացել եմ, ու արդեն պետք է ինձ մի քիչ մեծի նման պահեմ:

Ամեն նոր օրվա հետ օրերն էի հաշվում դպրոց գնալու, ուսուցչուհիներիս, ընկերներիս, ինձ տեսնելու համար: Հա՛, ինձ էլ, հետաքրքրիր էր՝ ինչպիսին կլինեի 11-րդ դասարանում: Վերջապես եկավ այդ օրը, բայց ոչ իմ պատկերացրածի նման: Առավոտյան մռայլ եղանակն ու քամին իմ տրամադրության վրա ազդեցին բացասաբար, և անգամ այն աստիճան, որ չէի ցանկանում գնալ դպրոց: Բայց մի կերպ հաղթահարեցի այդ ամենը, հասանք դպրոց, և միանգամից փոխվեց տրամադրությունս։ Ճիշտ է՝ դեռ արև չկար, բայց ես ժպտացի՝ տեսնելով ընկերներիս և ուսուցիչներիս: Չեք հավատա, բայց միանգամից տաքացա:

Չնայած եղանակային բարդ պայմաններին, դե, ախր, անհնար է ապրել Աշոցքում և չմրսել, միջոցառումը սկսված էր, անհամբերությամբ սպասում էի մեր ավարտական դասարանի աշակերտների ելույթներին: Դե, ինչպես չսպասեի, երբ ամենամտերիմ ընկերուհիս հենց այդ դասարանից էր: Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, և ես այնքան էի տարվել դրանով, որ անգամ ինձ էի պատկերացնում այդ հարթակին կանգնած՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, երբ լսեցի այս նախադասությունը. ես, Հայսատանի հպարտ քաղաքացիս, երդվո՛ւմ եմ…

Ախր, շատ եմ սիրում այդ նախադասությունը: Միջոցառման ավարտից հետո հերթով դասղեկների հետ մտանք դպրոց։ Սիրտս լցվել էր, կարծես երեկ էր, որ ես մայրիկիս հետ երկու պոչիկով եկա դպրոց և վստահ ներս մտա: Անգամ չպատկերացրի, որ այսքան կարևոր կդառնա դա ինձ համար: Անգիր հիշում եմ, թե ինչպես էի ուսուցիչներիցս նեղանում, երբ իմ փոխարեն ուրիշ մեկին էին դաս հարցնում: Սիրում էի, որ ինձ լսեին բոլորը: Եվ այսպես, մեկը՝ երկու, երկուսը՝ երեք… Եվ եկանք հասանք մեր օրերը: Ամեն նոր օրվա հետ մի բան տարա դպրոցիցս, վստահությունս ավելացրեցի և հասկացա գիտելիքի արժեքը: Հասկացա, որ այս կյանքում գիտելիքը միակ բանն է, որ ինձանից չեն գողանա: Առիթից օգտվելով՝ շնորհավորեմ բոլորիս, հատկապես՝ առաջին դասարանցիներին, ովքեր ինձ նման վաղը կհասկանան, որ արդեն մեծ են: Ուզում եմ հին օրերը, ուզում եմ նորից գնալ դպրոց առաջին դասարանցու կարգավիճակով, ուզում եմ դպրոցի առաջին զանգը ես հնչեցնեմ, բայց մենակ ուզելը քիչ է: Կփորձեմ համակերպվել այս իրողության հետ, և քանի որ ճանաչում եմ բոլոր առաջին դասարանցիներին, ուրեմն նրանց հետ կվերապրեմ մանկությանս այդ քաղցր էջը:

Նյութը գրելիս մտածում էի, որ բոլորը սա կարդալիս կհիշեն այդ օրը, կհիշեն ու կհասկանան, կխոստովանեն, որ մեծանալուն զուգընթաց՝ հասկանում են, թե ինչքան շատ բան է տվել իրենց դպրոցը:
Սեպտեմբերյան առաջին զանգը իր գիրկն է կանչում բոլորին՝ մեծ, թե փոքր։ Ես անգամ կարոտել եմ իմ դպրոցական առաջին հագուստը, որն այդպես էլ չսիրեցի:

Anna mkhitaryan

Ապրում ենք, քանի դեռ հիշում են

Մինչև 2016թ.-ի ապրիլ ամիսը, երբ դաս անցնեինք կամ պարզապես լսեի պատերազմ բառը, չէի պակերացնի, որ դրա ժամանակ միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ։ Ես շատ լավատեսորեն էի մոտենում այդ ամենին։ Մտածում էի, որ մարդիկ իրարից շատ հեռու կրակում են միմյանց, ու մենք՝ հայերս, միշտ հաղթում ենք։ Դպրոցում էր, երբ ուսուցչուհիներիցս մեկը մեզ՝ որպես մեծի, ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել։ Այդ պահին անկախ ինձանից լացել ուզեցի, բայց չկարողացա։ Չէի կարողանում մտածել ու հասկանալ իրավիճակի լրջությունը, մինչև տուն չգնացի։

Ամբողջ օրը լուրի էի սպասում, ականջս ուզում էր լսել, որ ավարտվել է, ու հաղթել ենք։ Բայց զոհերի մասին դարձյալ մոռացել էի, էլի չէի պատկերացնում, որ մարդիկ կմահանան։ Բայց օրը մեկի անունը լսում էի, չէ՜, ինչ մեկի, տասի, քսանի։ Հոգիս ցավում էր, չէի ուզում հասկանալ ոչինչ։ Վախեցած լսում էի լուրերը և սպասում էի, որ հիմա կլսեմ ինձ համար հարազատ մարդկանց անուններ, բայց ախր, բոլորն էլ հարազատ էին։
Արդեն ավարտվել էին այդ չարաբաստիկ օրերը։ Ու գիտեք, հոգուս խորքում և՛ հպարտ էի, և՛ ցավում էի։ Ու ցավում էի, որովետև մարեցին հարյուրավոր տան ճրագներ, արցունքոտվեցին մոր աչքեր։ Հպարտ էի, բայց ոչ այնքան, որովհետև եղան զոհեր, բայց ուրախ էի, որ համագյուղացի տղաներից զոհեր չունեինք։
Անցան օրեր, ամիսներ, ու բոլորս մեծ խանդավառությամբ սպասում էինք Ամանորյա տոներին։ Բայց դեկտեմբերի 29-ին լուր ստացանք, որ գյուղից զոհ կա, անունը լսելուն պես վազեցի ծնողներիս մոտ։
Իմ համագյուղացի Շավարշն էր։

Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 6-ին, սովորել Աշոցքի միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ընտանիքում զինվորականներ չեն եղել, Շավարշի հայրն արհեստավոր է, մայրը՝ գրադարանավարուհի։ Դեռ մանկուց հարևանները Շավարշին գեներալ էին անվանում իր խրոխտ կեցվածքի համար։ Գյուղում հիշում են՝ դժվարությունների առջև երբեք չի տրտնջացել, միշտ համարձակ է եղել, պայքարող։ Ինստիտուտն ավարտելուց հետո Շավարշ Մելիքյանը ծառայության է նշանակվել Գորիսում, 2015-ին տեղափոխվել է Տավուշի մարզ։ Ավագ լեյտենանտը հարազատներին գրեթե չէր հասցնում տեսնել, վերջին անգամ տուն էր եկել 2016-ի դեկտեմբերի 11-ին։ Մոր հետ հեռախոսով խոսել էր դեկտեմբերի 27-ին։ Եվ դա էլ եղավ նրա վերջին զանգը տուն։ Ճիշտ է, նրան այնքան էլ չգիտեի, բայց հիմա, երբ ասեն «հերոս», առաջինը նրա մասին կմտածեմ։ Նրա խոսքերը հավերժ գրվեցին մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի սրտում․ «Ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են»։
Եվ ես, հիմա վստահ ոտք դնելով գետնին, կասեմ, որ հպարտ եմ, որ ունենք ամուր ու անկոտրում բանակ, պարծանքի արժանի անցյալ ու անպայման լուսավոր ապագա։ Քեզ և քեզ նման բոլոր զինվորներին կհիշենք մինչև վերջին շունչներս, չէ որ հենց ձեր շնորհիվ կշնչենք այդքան։

Anna mkhitaryan

Մանկության հիշողությունս գրպանումս է

Մանկության հիշողությունս գրպանումս է: Հա՛, գրպանումս, որովհետև բոլոր զգեստներս ընտրել եմ գրպանով: Հիշողությունը, լավ ու անմոռանալի պահերը ստիպում են անցյալս հիշել: Հիշել ու ժպտալ:

Մանկական հիշողություններս ամենաշատը կապված են մանկապարտեզի ու ամենամտերիմ ընկերուհուս հետ:
Մանկապարտեզ հաճախել եմ երկու տարեկանից, (դե, մայրս այնտեղ էր աշխատում): Մանկուց ինձ ահավոր երես են տվել: Մանկապարտեզի դաստիարակչուհին ինձ շատ է սիրել ու սիրել է կամակորություններս: Պատմեմ մի դեպք:
Մի անգամ մանկապարտեզում, երբ նորեկներ են եկել, ու բավականին շատ են եղել երեխաները, մեր դաստիարակչուհին հոգնած նստել է: Դե ես էլ առիթից օգտվել ու սկսել եմ խաղալ մազերի հետ: Երբ երեխաները անընդհատ գոռացել են. «Ընկեր Կիմա, ընկեր Կիմա», նա հոգնածությունից չի պատասխանել, ես եմ պատասխանել.
-Ձայներդ կտրե՛ք, ընկեր Կիման մեռել է:
Ու հենց այդ պահից սկսած գրեթե ամեն օր հիշում էին դա ու ծիծաղում:

Եվ ես շատ «նրբանկատ» եմ եղել: Երբ գույքի տարեկան հաշվետվության ժամանակ այնտեղ եմ եղել, հաշվարկելու ժամանակ տնօրենը դիմել է մայրիկիս.

-Անժելա՛, գրիր ձեր խմբին 2 նոր խալի:
Ու այդ պահին ես՝ նոր ի հայտ եկող սխալներ ուղղելու հատկանիշս վեր հանելով, գոռացել եմ.
-Դե հերիք է, խալի չէ՝ գորգ, գորգ…
Բայց ամենագիժ օրերը ունեցել եմ ընկերուհուս՝ Մելսիդայի հետ:
Մելսիդան հիմա17 տարեկան է, նույն գյուղի, նույն թաղամասի, նույն շենքի բնակիչներ ենք ու միասին եք մեծացել: Ես ու նա անչափ տարբեր մարդիկ ենք, բայց ունենք երկու նմանություն:Սիրում ենք գիրք և ունենք նույն մանկական հիշողությունները: Երկուսս էլ սիրել ենք լուսինը, ու հիմա էլ ենք սիրում:
Մի անգամ դրսում խաղալիս սկսել ենք միմյանց մոտ նախանձ առաջացնել, և Մելսիդան դիմելով ինձ ասել է.

-Ան՞ՙ, տես էս լուսինը պապաս է գնացե ֆռցրել,- կիսալուսին էր:

Ես էլ լաց լինելով վազել եմ տուն, և բավականին ժամանակ նեղացած եմ մնացել նրանից: Ու գիտե՞ք, երկար ժամանակը ինչքան էր: Տասը րոպե,և մինչև այժմ մեր նեղանալու ժամանակը մի քանի րոպե է, ու դրանից հետո կամ ես կամ նա վազել ենք մյուսի տուն և դռան հետևից գոռացել.
-Ան՞ կամ Մե՞լ, կգա՞ս դուրս:

Եվ այդ պահին մոռանալով ամեն ինչ վազում էինք խաղալու:
Եվ ես այս հիշողությունները այսօր, այս նյութի համար չեմ գրել, այլ հիշել եմ ամեն օր: Հիշել և որոշել եմ, նպատակ դրել, որ երբեք չկորցնեմ այդ ընկերությունը, հիշողությունը: Պահեմ գրպանումս և միշտ ժպտամ:

Մի քիչ սեր

Anna MkhitaryanՏատիկս՝ Քնարիկը, իմ ամենալավ ընկերն է, կարելի է ասել` Աշոցք գյուղի ամենաճանաչված խոհարարներից է:

Աշխարհում ամենաշատը սիրում եմ տատիկիս տուն գնալ: Հա, տատիկիս, դե, մանկուց այդպես եմ սովորել: Ամենահետաքրքիր օրը կարող եմ անցկացնել միայն այնտեղ և մի լավ գիրանալ: Հենց տատիկս ինձ տեսնում է, առանց բարևելու, առաջին բանը, որ կասի, սա է.

-Հաց կերե՞լ ես, արի՛ հաց դնեմ, կեր:

Ու անգամ չի լսի պատասխանդ, միանգամից կստիպի ուտել մինչև վերջ: Նրան միշտ կգտնես կամ խոհանոցում, կամ էլ տան մի անկյունում` տեղափոխություն անելիս:

Ամեն-ամեն ինչ կնվիրի, կտա քեզ, բայց երբ քո բերանով ինչ-որ բան ուզես, որ խանութից պետք է գնի, կպատասխանի.

-Դրա փոխարեն մի պարկ ալյուր կառնեմ, հաց կթխեմ, կուտես:

Բայց դա ասելուց անմիջապես հետո կշտապի խանութ` իմ ուզածը առնելու: Հա, ու որ ամենակարևորն է` ամեն անգամ ասում է` ուշացա, բայց ամեն ինչ իր ժամանակին հասցնում է:

Ես տատիկիս փոքրիկ թոռնիկն եմ, և կարելի է ասել` իրենց տանն եմ մեծացել, տատիկս ինձ համար երկրորդ մայր է: Զգում եմ իր մեծ սերը, բայց պատմեմ մի պատմություն:

Երբ մորաքրոջս աղջիկը գալիս էր մեր տուն, տատիկիս ուշադրությունը մի փոքր շեղվում էր: Մի անգամ լացակումած ձայնով դիմեցի տատիկիս.

-Տա՞տ, որ նա գալիս է, ինձ կիսա՞տ ես սիրում:

Տատիկս ժպտաց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ լրիվ եմ սիրում, ու լրիվի չափն էլ ձեր գեղեցկության մեջ է:

Ես էլ ժպտալով գնացի` հիշելով, որ տատս ասում էր.

-Ան, դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես:

Բոլորի տատիկներն էլ լավն են, մնում է մի գրամ սեր տալ նրանց, իսկ նրանք դա կդարձնեն հավերժություն: