Անի Միրզոյանի բոլոր հրապարակումները

Ազատամուտ

Լուսանկարը՝ Սուսաննա Մարդումյանի

Լուսանկարը՝ Սուսաննա Մարդումյանի

Ես ծնվել եմ Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում: Կյանքիս առաջին երեք տարիներն անց եմ կացրել Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Այն տարածված է յոթ բլուրների վրա: Շատ բարձրադիր գյուղ է, կարծես ամպերը կախված լինեն հենց նրա գլխին: Ունի շատ գեղեցիկ և հետաքրքիր բնություն: Ես իմ գյուղը համարում եմ այն: Այժմ ես բնակվում եմ Ազատամուտ գյուղում: Այն իր հարակից գյուղերի նկատմամբ ցածրադիր է: Նախկինում ունեցել է ավանի կարգավիճակ, որը կառուցված է եղել «Բետոնիտ» գործարանի աշխատողների համար: Հետագայում գործարանը դադարել է աշխատել, մարդիկ սեփականաշնորհել են իրենց բնակարանները: Գյուղում առանձնատներն այնքան էլ շատ չեն, հիմնականում շենքեր են: Ճիշտ է, Ազատամուտն ունի գյուղի կարգավիճակ, սակայն մարդիկ հիմնականում ապրում են քաղաքային կյանքով: Այստեղ արտասովոր ոչինչ չկա, սակայն շատ եմ սիրում իմ բնակավայրը:

Գյուղն ունի խնդիրներ, որոնցից առավել հրատապ են խմելու ջրի և օդի աղտոտվածության խնդիրը: Մեր բակում կա աղբյուր, որից օգտվում են բնակիչների մեծ մասը: Անցյալ տարի աղբյուրի ջուրը կտրվել էր, և մենք՝ բնակիչներս, ստիպված էինք ջուր բերել բավականին հեռու գտնվող աղբյուրից: Ամիսներ շարունակ ջուր էինք կրում:

Ոչ պակաս հուզող խնդիր է օդի աղտոտվածության խնդիրը: Աշխատանք չունենալու պատճառով շատերն ածուխ են պատրաստում, որպեսզի կարողանան օրվա հացի փող աշխատել: Ածուխ արտադրելու հետևանքով օդն աղտոտվում է, ծուխը թանձր մառախուղի նման պատում է ամբողջ գյուղը: Երբ գյուղին նայում ես բարձր վայրից, գրեթե ոչինչ պարզ չի երևում, քանի որ ողջ գյուղը պատված է լինում ծխով:  Շատ հաճախ այդ ծխի պատճառով հնարավոր չի լինում անգամ պատուհան բացել:

Այնուամենայնիվ, սիրում եմ բնակավայրս: