Աննա Այվազյանի բոլոր հրապարակումները

Իմ ուսուցիչը

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ես որոշել եմ գրել իմ շատ սիրելի ուսուցիչ պարոն Եղյանի մասին, ով զգալիորեն փոխեց կյանքի, մարդկային հարաբերությունների, ինչու չէ նաև ուսման նկատմամբ իմ բոլոր պատկերացումները:

Մարդ, ում նշանաբանն է սեփական թերություններից չամաչելը, քանզի, մեծ փիլիսոփայի խոսքերով ասած, մեր թերությունները մեր առավելությունների շարունակությունն են:
Մարդ, ով սկզբունք է դարձրել ժպիտով դասարան մտնելը և դուրս գալը:
Լինելով պատմության ուսուցիչ՝ նա նաև սցենարիստ է, դրամատուրգ, հրաշալի գիտի դասական, ռոք երաժշտություն…
Ունի տասը հազար նմուշից բաղկացած դրամների հավաքածու… Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նա կարդացել է ողջ համաշխարհային գրականությունը, կինոյի, ֆուտբոլի շատ լավ գիտակ է:
Չնայած իր՝ մոտ վաթսունամյա տարիքին՝ սիրում է բարձրանալ լեռներ, գիշերել բնության գրկում, և վերջապես մի մարդ է, ով չի ամաչում անգամ աշակերտների մոտ իրեն խենթ անվանելուց:
Հրաշալի բանաստեղծ…

Ինձ ապացուցեք, որ սերը մեղք է,
Մեղսագործ է նա, ով սիրել գիտե,
Այն ժամ ինձ այրեք հերետիկոսի պես,
Ու մոլորյալիս խարույկ բարձրացրեք:
Ռոբերտ Եղյանը շուրջ երեսունյոթ տարվա ուսուցիչ է, շատ է սիրում իր աշխատանքը, նույնիսկ հաշվի չի առնում այն, որ այսօր մեր չեն գնահատում մանկավարժի աշխատանքը, բայց երեխաների հետ շփումը, նրանց ներաշխարհը, նրանց հետ հարաբերվելը նրա համար մի անբացատրելի երջանկություն է, որը երևի թե միայն ուսուցիչը կհասկանա:

-Չե՞ք ափսոսում, որ գիտական աշխատանքով չզբաղվեցիք,-հարցնում եմ սիրելի ուսուցչիս:
-Ամենևին չեմ ափսոսում, որ գիտության մեջ խորանալու փոխարեն ընտրել եմ դպրոցը: Մեծամտություն չհամարեմ, զգում եմ՝ երեխաներին պետք կգամ, դեռ, առայժմ պետք եմ: Դեռ ինչքան կտևի չգիտեմ, բայց առայժմ զգում եմ իմ մեջ այդ ուժը:

-Ձեր կյանքից կպատմե՞ք հետաքրքիր դեպք:
-Իմ կյանքը շատ հարուստ է եղել և վերելքներով, և կտրուկ անկումներով, բայց ես երբեք չեմ հուսահատվել, միշտ զգացել եմ, եթե անկում կա, միշտ դրան կարող է հաջորդել վերելքը, պայքարել վերելքի համար և երբեք չհուսահատվել: Իմ շրջապատում էլ, իմ աշակերտներին էլ ես անընդհատ այդ ոգով եմ դաստիարակել, որ երբեք հուսահատվել պետք չէ, և կյանքը միշտ է պայքար, անգամ խաղաղ պայմաններում, և, եթե մարդը ձգտում է իր նպատակներին հասնել, նա պետք է անընդհատ պայքարի:

-Ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդության մասին:
-Ես չեմ սիրել, օրինակ, այն երիտասարդներին, որոնք արդեն իսկ կյանքին սև ակնոցով են նայում, ինչո՞ւ պետք է ես՝ շուրջ վաթսունամյա տարիքի մարդս, կյանքին նայեմ վարդագույն ակնոցով և հավատամ լավ ապագային, իսկ նրանք՝ ոչ: Ես պիտի բարի նախանձով լցվեմ այսօրվա երիտասարդների նկատմամբ, որովհետև այսօր նրանք պիտի ապրեն ուրիշ կյանքով: Ու հանկարծ մարդիկ են, որոնք ելնելով այսօրվա դժվարություններից, մռայլվում են, լավ ապագա չեն տեսնում, հուսահատված են… Աշխատում եմ այնպես անել, որ իմ աշակերտները երբեք այդպիսին չլինեն:
-Ինչպիսի՞ մարդ եք շրջապատում:
-Շատերի կողմից շատ ջերմ ընդունված, բայց նաև հակառակորդներ հավանաբար: Երևի պատճառը այն է, որ ես չեմ հարմարվում կեղծիքին, հակադրվում եմ, ունեմ իմ որոշակի սկզբունքները, որոնք ոմանց դուր չեն գալիս: Սակայն դա ինձ ամենևին չի հուզում, որովհետև, եթե ես ուրիշների կարծիքով շարժվեմ, այդ ժամանակ կկորցնեմ իմ սեփական եսը: Բայց ամեն դեպքում, խելացի մարդկանց կարծիքը միշտ էլ հաշվի առնել պետք է: