Արաքս Ահարոնյանի բոլոր հրապարակումները

araqs aharonyan kotayk

Գրականության թեմատիկա

Կարդում ես գիրք. կարծես` ամեն ինչ լավ է, սիրուն նկարագրված, հավես ու հարուստ բառաֆոնդով, թեմատիկան ընդհանուր առմամբ հետաքրքիր է, կերպարները` ոչ սովորական: Մի խոսքով` ամեն ինչ տեղը-տեղին, բայց մեկ է` ինչ-որ բան այն չէ, զգում ես միայն, որ այն, ինչ անում ես` կոչվում է ընթերցանություն: Չկան սիրուն ու սուր երկխոսություններ, փիլիսոփայական ու հոգեբանական կծու մտքեր, որ մի պահ ասեն` կանգնի՛ր, ո՞ւր, այստեղ պետք է մի պահ մտածես, սա հեշտ կուլ գնացողներից չէ: Որ այնպիսի զգացողություն լինի, ասես` էնտեղ ես ու մի սիրուն անկյունում նստած, ձեռքդ այտիդ հենած`ուշադիր գործողություններին ես հետևում: Որ կողքի աղմուկը բացարձակ չլսես, որ քեզ կանչեն, ու դու մի քանի անգամից հետո միայն արձագանքես, որ հիշես անելիք ունես, բայց ոտքերդ կապված լինեն ու չկարողանաս կտրվել: Էնպիսի տողեր լինեն, որ մարդուն ուղղված սարկազմից` մի այտիդ վրա քմծիծաղի բարակ երանգ տարածվի ու մի ունքդ սովորության համաձայն թռնի վերև: Պիտի կերպարն էնպիսինը լինի, որ ուզենաս կանչել մի բաժակ դառը սուրճ խմելու ու կարդալու ընթացքում ծագած մի քանի հարցերի պատասխանները պահանջես, իսկ հետո, երբ նրա պատասխաններից նեղն ընկնես` մի մեծ կում սուրճիցդ խմես ու մտածկոտ-կիսաանջատված հայացքով ասես. «Դաաա՜»:

Այ, էդպիսի սիրուն ու դաստիարակիչ գործեր են մեզ պետք, թե չէ` ինչ…

Զայրույթի պահին

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Երբ երկնքին նայելիս երկինք չես գտնում, այլ թվում է, թե վերևից ինչ-որ գորշ բան է գլխիդ կախ ընկել ու կարծես ջանում է ճնշել, հասկանում ես, որ գարնանը հատուկ մռայլ օրերից մեկն է։ Ինչպես մեզ էին ասում, երբ դեռ փոքր էինք՝ ամպերը հավաքվել են ինչ-որ հարց լուծելու:

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Այսօր հերթական մռայլ օրն էր, վերևում ամբողջը գորշ երկինքն էր, որ անսպասելի ճայթում էր գլխավերևումդ: Վերջապես սկսվեց կատաղի անձրևը, սակայն եղանակի զայրույթը անձրևով չմեղմացավ, այլ ավելի կատաղի դրսևորվեց՝ կարկուտի տեսքով: Միշտ այդպես է, չէ՞, զայրույթի պահին տուժում են նաև անմեղները, իսկ այս դեպքում այդ անմեղները գյուղացիներն են: Եղանակի զայրույթը սպանում է մարդկանց գուցե թե վերջին հույսը:

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Նոր ծաղկած ծառերը կամ չհասած պտուղները թափվում են գետնին: Կարկուտը գյուղացու սիրտն է դաղում: Հերթական դաժան գարնանային կարկուտը, որ գյուղացուց խլեց բերքի մեծ մասը:

araqs aharonyan kotayk

Նախընտրում եմ մնալ իմ ստեղծած աշխարհում

Հարցազրույց մի ռոմանտիկ աղջկա հետ

Այսօր որոշեցի հարցազրույց անցկացնել ընկերներիցս մեկի հետ, ով ցանկացավ մնալ անանուն: Քանի որ ինձ մշտապես հետաքրքրել է նրա խիստ ռոմանտիկական տեսակը՝ կփորձեմ այսօր ապաքողարկել նրա ռոմանտիկ խառնվածքն ու փորձել հասկանալ նրան: 

-Ինչո՞ւ ես քեզ համարում ռոմանտիկ մարդ և ի՞նչ ես հասկանում ռոմանտիկա ասվածի տակ առհասարակ: 

-Ռոմանտիկան դա այն է, ինչը պարունակում է գաղափարներ և զգացմունքներ: Սիրո մեջ շատ կարևոր է ռոմանտիկ կողմը: Այն նպաստում է սիրո ամրապնդմանը և երկարեցնում է դրա «կյանքը»: Առհասարակ ռոմանտիկ մարդիկ աշխարհին այլ կերպ են նայում, անգամ ամենաչնչին բանի մեջ սեր են դնում և փոխանցում դիմացինին, դա կլինի իր սիրած էակը, թե՝ ընկերուհին, այդքան էլ կարևոր չէ։ Պետք է ռոմանտիկ լինել ամեն ինչում։ Ես, երևի թե, այս ամենի մեջ ինձ գտնելով եմ ինձ համարում ռոմանտիկ մարդ։

-Կարծրատիպ է, որ ռոմանտիկները սիրում են անձրևն ու անձրևի տակ ոչ թե թրջվում են, այլ՝ վայելում այն: Ի՞նչ կասես, քո դեպքում այդպե՞ս է:

-Այո, այդպիսի բան կա: «Որոշ մարդիկ զգում են անձրևը, իսկ որոշները` թրջվում»,-այսպես էր ասում Բոբ Մառլին` սիրո երգիչը: Ինձ համար անձրևը սիրո խորհրդանիշն է: Ես նույնպես սիրում եմ զբոսնել ու վայելել անձրևը։

-Եթե այդպես է, ապա պետք է որ սիրես նաև աշունը, քանի որ անձրևն ու աշունը պայմանավորում են միմյանց, և աշունը համարվում է տարվա ամենից ռոմանտիկ եղանակը:

-Այստեղ ես ինքս ինձ մի փոքր հակասում եմ, քանի որ շատ սիրելով անձրևը՝ այդքան էլ աշունը չեմ սիրում: Այն մի փոքր տխրություն է պատճառում ինձ: Այ, արևային անձրևը իր մեջ պարունակում է այն, ինչը կցանկանար տեսնել յուրաքանչյուր ռոմանտիկ մարդ:

-Երբեմն մարդիկ ասում են, որ ռոմանտիկ լինելու համար մարդ պետք է սիրահարված լինի: Ի՞նչ կասես այս մասին: Արդյոք պե՞տք է սիրել կամ լինել սիրահարված ռոմանտիկ լինելու համար:

-Ռոմանտիկ լինելու համար պարտադիր չէ սիրահարված լինել, ռոմանտիկա կարող ենք գտնել մեզ շրջապատող առարկաների, երևույթների մեջ։ Ռոմանտիկայի մեջ բուն գաղափարը սերն է, իմ կարծիքով կարևոր չէ սիրել ինչ-որ մեկին, որպեսզի դառնաս ռոմանտիկ մարդ։ Մենք կարող ենք սիրել բնությունը, մեր իսկ ստեղծած գործերը։

-Սիրո՞ւմ ես երազել:

-Այո, շա՜տ: Երազելով մենք ինքներս ստեղծում ենք այն աշխարհը, որը կցանկանայինք տեսնել։ Իմ ընկերներից շատերը ասում են՝ այդքան մի երազիր, վերադարձիր իրականություն, բայց իրականությունը երբեմն այնքան ցավոտ է, որ ես նախընտրում եմ մնալ իմ ստեղծած աշխարհում, երազել, կտրվել հոգսերից ու նոր վերադառնալ դառն իրականություն։

-Ռոմանտիկները սովորաբար շատ ավելի զգացմունքային են: Չի՞ խանգարում դա քեզ՝ որոշումներ կայացնելիս:

-Այո, ինձ շատ է խանգարում կարևոր որոշումներ կայացնելիս, քանի որ շատ դեպերում շարժվում ես սրտով, այլ ոչ թե՝ բանականությամբ։ Կարծում եմ՝ զգացմունքային մարդկանց մոտ լսել-չլսելու հարց չկա, միանշանակ նրանք չեն լսում բանականությանը, թեև քաջ գիտակցում են, որ իրենց սրտի թելադրածը սխալ ընտրություն է իրենց համար։

Կոտայք գյուղի հուշակոթողը

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Հայաստանի ամենատարբեր հատվածներում կարելի է գտնել Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողներ: Կոտայքի մարզի Կոտայք գյուղում ևս գյուղացիները Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված հուշակոթող են կանգնեցրել դեռևս 1975 թվականին: Հուշակոթողը գտնվում է գյուղի հյուսիսային եզրին, բլրի վրա և գերիշխող դիրք է գրավում ինչպես գյուղի, այնպես էլ շրջակայքի վրա: Գյուղի ամեն կողմից կարելի է նշմարել զգալի չափսեր ունեցող, դարչնակարմրավուն տուֆից կերտված հուշարձանը: Այն հայկական վաղ միջնադարյան շրջանի մահարձան-կոթողներին է հիշեցնում (Օձուն, Աղուդի), եռասյուն է, երկկամար: Վերին հատվածը ունի սրի բռնակի տեսք, որն այնուհետև շարունակվում է զույգ կամարների միջնամասով ներքև` թողնելով լայնաշեղբ սրի տպավորություն: Սյունաշարն ունի միասնական հիմք, որի վրա կնոջ և զինվորի հարթաքանդակներ են, կենտրոնական մասում` խաղաղության խորհրդանիշ համարվող ձիթենու ճյուղը ձեռքին կնոջ պատկեր է: Նրանից քիչ ներքև արևաքանդակ է, որպես հավերժության, կյանքի, լույսի ու ջերմության խորհուրդ:

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Լուսանկարը` Արաքս Ահարոնյանի

Հուշակոթողը բարձրանում է պատվանդան-դամբարանի վրա, որի մուտքի երկու կողմերում առյուծների պատկերաքանդակներ են, որպես ուժի խորհրդանիշ: Կառույցի ընդհանուր բարձրությունը հասնում է մոտ 18 մետրի:

Ամեն տարի մայիսի 9-ին գյուղացիները ծաղիկները ձեռքներին բարձրանում են հուշարձան՝ զոհված համագյուղացիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու:

araqs aharonyan kotayk

Քննադատության նոր ալիք

Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքներում տարածվեց մի նոր սերիալային ալիք, և ողջ համացանցը հեղեղվեց այդ սերիալների վերաբերյալ քննադատական կարծիքներով։ Հերթը հնդկական սերիալներինն է։ Կապ չունի՝ սերիալները հայկական են, հնդկական, թե բրազիլական, միևնույնն է՝ հայ իրականության մեջ սերիալները միշտ բացասական արձագանք են ստանում։ Իհարկե, չենք կարող չընդունել, որ հնդկական կինեմատոգրաֆիան շատ տարբերվող է ոչ միայն հայկական ֆիլմերից, այլ ցանկացած երկրի կինոարտադրանքից։ Գիտեք, տանելի չէ, երբ մարդը նայում է հնդկական սերիալները իր ցանկությամբ, հաճույքով, թաքուն մի քիչ էլ հուզվում, լաց է լինում, երբ որևէ թախծոտ տեսարան է լինում, իսկ հերթական սերիան դիտելուց հետո, տեսնելով քննադատական բազմաթիվ գրառումները սոց-կայքերում և չցանկանալով հետ մնալ իր «խելքակիցներից», սկսում է մեծ ճիգեր գործադրելով, օգտագործելով ամենաճոխ բառաֆոնդը, քննադատել հնդկական սերիալների մուտքը հայկական հեռուստատեսություն: Կարծում եմ՝ պետք է սեփական կարծիք, տեսակետ ունենալ ու չվախենալ դուրս գալ ընդհանուրի դեմ, եթե իսկապես մեր դիրքորոշումը այդ է պահանջում: Իսկ ինձ, խնդրեմ, չհամարել հնդկական սերիալները պրոպագանդող:

Եթե անկեղծ՝ ինձ համար բոլորովին մեկ է՝ որ երկրի արտադրած սերիալը կամ ֆիլմը կլինի, եթե այն իսկապես լավն է ու ինչ-որ բան ունի տալու: Օրինակ՝ բոլորը քննարկում են «Մերժվածը», «Ինչպես կոչել այս սերը» սերիալները, բայց այս ողջ ընթացքում «Թռիչք»-ի վերաբերյալ ոչ մի կարծիքի չհանդիպեցի: Չեմ հասկանում՝ չե՞ն նայում, թե՞ քննադատելու բան չեն գտնում: Կցանկանայի՝ ճիշտ լիներ երկրորդ պատճառը: Անձամբ ես կուզենայի, որ թե՛ հայ կինոարտադրության մեջ, թե՛ համաշխարհային մակարդակով վերցրած՝ շատ լինեին նման թեմատիկայով ֆիլմերն ու սերիալները: Գուցե ինձ համար դա իրոք տարբերվող է, քանի որ արծարծվող թեմաներն ու խնդիրները կարևորագույններից են ինձ համար: Գուցե նրանից է, որ ազատություն ասվածը ներսումս ամենակարևոր արժեքներից մեկն է: Գերության խնդիրը ամենացավոտ կետերից մեկն է, և մարդկանց համար առաջնային հարցերից մեկը հենց այդ խնդրի լուծումը պետք է լինի: Ուժեղ անհատականություններ ու ձեռք մեկնողներ են պետք մեզ: Գործել է պետք:

araqs aharonyan kotayk

Տաղանդի կորուստը

Մի օր, անկախ ինձանից սկսեցի մտածել այն մասին, թե ինչի՞դ է պետք օր ու գիշեր կարդալը, սովորելը, գլուխ ջարդելը, առողջության հաշվին այս կամ այն բանին հասնելը, երբ չգիտես՝ վաղը ինչ կլինի հետդ։ Կլինե՞ս արդյոք դու, թե՝ ոչ։ Մարդիկ անընդհատ ձգտում են ավելիին, առավելին, անում են ամեն հնարավորը և ոչ ստիպված, այլ ներքին պահանջով, տեսակով պայմանավորված։ Չէ՞ որ դու պետք է գծես ապագայիդ ուղին, ինքդ պետք է կյանքդ համակարգես։ Չէ՞ որ ոչինչ հենց այնպես չի տրվում։ Չէ՞ որ բարեկեցիկ ապագա կառուցելու հնարավորությունը տրված է բոլորին, ովքեր ցանկանում են անել ինչ-որ բան, ձգտել, չկանգնել ու տեղում չդոփել։ Ի՞նչ եք կարծում, մարդիկ, ովքեր ի բնե օժտված են տաղանդով, խելքով, ինչ-որ բանի հասնելու ձիրքով՝ հաջողակ ու երջանիկ մարդի՞կ են։ Կարծում եք՝ այո՞։ Իսկ եթե որոշակի հաջողությունների հասնելուց հետո, նա ստիպված է լինելու անժամանակ լքել կյանքը, մի՞թե նա էլի հաջողակ ու երջանիկ է։ Արդեն այդպես չեք կարծում, ճի՞շտ է։

Հունվար 11։ 2017։ Երևան։

Ո՞վ կպատկերացներ, ո՞ւմ մտքի ծայրով անգամ կանցներ, որ այդ օրը վերջին օրն էր Վահեի նման մեկի համար, ով դեռ այնքա՜ն հաշիվներ ուներ փակելու կյանք կոչվածի հետ։ Մարդ, ում մտահորիզոնը սահմանափակումներ չուներ, ում միտքը թռիչք էր, ով փայլում էր իր ընտրած ուղու վրա, ով մեզ տալու դեռ շա՜տ բաներ ուներ։

Համաձայն եք, չէ՞, որ բոլորս չէ, որ կարող ենք հասնել այն ամենին, ինչին հասել էր նա. գերազանց առաջադիմություն ունենալ Ֆիզմաթ դպրոցում, անվճար ընդունվել և սովորել համալսարանում, լինել փայլուն ուսանող և աչքի ընկնող «գանձ» տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, հաղթել տարատեսակ մրցույթներում, լինել հրաշալի ընկեր, մարդ… Նա իր կարճատև կյանքում հասավ ավելիին, քան շատ ու շատ կյանքն ապրած և խոր ծերության մեջ կյանքից հեռացած մարդիկ։ Բայց ո՞վ ասաց, թե նա ավարտել էր սկսածը, և որ դա էր իր հասանելիքը։ Եվս մեկ հաղթանակը դարձավ վերջինը և դարձավ մահվան ուղեգիրը։ 10.000 դրամի կտրոն։ Գիրք պետք է գներ։ Գիրք, հասկանո՞ւմ եք։ Ափսոս, այսօր գիրք առնելն այնքա՜ն ամոթ է։ Ո՞նց կարելի է գումար ծախսել, չէ՛, վատնել գրքի վրա։ Ցավալի է ժողովրդիս, ազգիս ու ընդհանրապես ողջ մարդկության վիճակը։ Մենք չենք որոշողը, թե ով ինչպես պետք է ապրի։ Կամ որ ավելի լուրջ հարց է, ով պետք է ապրի և ով՝ լքի կյանքը։ Շատ չե՞ք արդյոք վերցնում ձեզ վրա։ Չէ՜, չեմ անցնի քննադատական խոսքերին։ Ես չեմ դատողը։ Լավ կլիներ ինքներդ ձեզ հաշիվ տայիք ձեր իսկ կատարած արարքների համար։ Այն պահին, երբ դառնաք ինքներդ ձեր քննադատը՝ գուցե մի բան ստացվի, գուցե կյանքում ինչ-որ բան փոխվի։ Հասկացեք, ընդունեք ու փորձեք ուղղել ձեր սխալները: Ուղղվեք ինքներդ։ Պետք չէ սովորել միայն սեփական սխալներից և միայն սեփական մաշկի վրա զգալով հասկանալ։ Դիմացինի սխալ արարքը լավագույն դասն է ձեզ համար։

Թող նոր Վահե Մուրադյան-ներ չլինեն։ Թող ոչ մի ծնող այլևս չկորցնի նման զավակի, և թող մենք չկորցնենք նման տաղանդների։

araqs aharonyan kotayk

Վերջին հույսը

Մայրս պատմում է, թե ինչպես են շատ-շատերը մութ ու ցուրտ տարիներին դիմակայել սաստիկ ցրտերին՝ վառելով վերջին «վառելիքը»՝ գիրքը։ Այդ տարիներին, երևի թե դժվար գտնվեր մի ընտանիք, մի տուն, որտեղ չլինեին մեծաթիվ գրքեր, և այն էլ ի՜նչ գրքեր։ Հասկանալի է, որ կյանքում երբեմն ստիպված ես լինում անել նույնիսկ այնպիսի բաներ, որոնք կամովին չէիր ցանկանա անել, բայց պայմանները ստիպում են ամեն սկզբունք, ամեն ցանկություն, ու առհասարակ, ամեն բան մի կողմ դնել ու անել, անել, քանի որ այդպես է պետք։ Այսպիսի «անհրաժեշտություն» էր, փաստորեն, գրքեր վառելը։ Ստիպված էին, քանի որ շատերի տանը օրորոցներից լսելի էին դառնում ցրտից սառած նորածինների լացի ձայները, և ծնողները ուզած, թե՝ չէ, պետք է իրենց երեխային ապահովեին այն չնչին անհրաժեշտով։ Միշտ էլ կարելի է խնայել այն կարևորը, անհրաժեշտը, պիտանին, արժեքավորը, մինչ այն պահը, երբ հայտնվում է ավելին, առավել կարևորը։ Հաճախ կարելի կլիներ լսել. «Եղածը գիրք է, նորից կգնենք, իսկ երեխա՞ն»: Գուցե թե ճիշտ էին (են)։ Ո՞վ կարող է մեղադրել, դատել մորը, ով տեսնում է իր երեխայի կապտած ձեռքերը։ Երբ չկան պայմաններ՝ կանոնները չեն գործում։

Անցել են տարիներ։ Այդ ամենը մնացել են շատերի միայն հիշողություններում, իսկ մնացած մասը նույն կերպ և խնդրի լուծման ելքերի փնտրտուքներում՝ վառում է դեռ այն ժամանակվանից մի կերպ պահած ու մինչև այսօր հասցրած այդ վերջին հույսը։ Այն «շատեր»-ը, գուցե հիմա կասեն. «Ի՞նչ է խոսում։ Մի՞թե հիմա նման բան կա»։ Իսկ ես ձեզ հավատացնում եմ, որ նման բան դեռ կա, և հենց դա տեսնելով՝ որոշեցի կպնել խնդրի թույլ տեղերին, միևնույն ժամանակ՝ ցավեցնելով սեփականը։ Դե, իհարկե, երբ լաց է լինում երեխան կամ մահճակալում պառկած հիվանդ հարազատի ցավերին գումարվում է նաև ցուրտը, և դու՝ թեկուզ գրքեր վառելով, կարող ես մեղմել իրավիճակը՝ ոչ միայն արարքդ մեղադրելի չէ, այլև դու ուղղակի պարտավոր ես անել դա։

Եվ սա ասում է մի մարդ, ում վերաբերմունքը գրքերի հանդեպ բացատրել կարող են միայն այն մարդիկ, ովքեր ինձ լավ գիտեն։ Իհարկե, չես կարող հարազատիդ ասել. «Կներես, բայց չեմ կարող վառել «Վերջին հույս»-ի վերջին հատորը, քանի որ այն առավել թանկ է»։

Մեր խնդիրն այս է. մի՞թե ոչինչ չփոխեցին տարիները։

araqs aharonyan kotayk

Ենթամշակույթներ

Վերջերս առիթ ընձեռնվեց՝ «Ենթամշակույթներ» թեմայի շուրջ զեկույցով հանդես գալու։ Թեմայի շրջանակներում՝ փորձեցի հնարավորինս ուսումնասիրել ենթամշակույթներ ասվածը։ Նախ՝ ցանկանում եմ ասել, որ հասարակությունը, այնքան էլ խորը ուսումնասիրության չի ենթարկել այն, և հասարակության լայն շրջանակներում անգամ բավարար չափով տեղեկություն տարածված չէ։ Շատերը լսելով «ենթամշակույթ» ասվածը՝ չեն պատկերացնում, թե որքան խորքային է դրա արմատները և ընդհանրապես՝ ինչ է այն իրենից ներկայացնում։

Ենթամշակույթը հիմնական, դոմինանտ մշակույթի մի մասն է, անկախ նրանից՝ ընդունում ենք մենք դա, թե՝ ոչ։ Հիմնական մշակույթի մասը լինելով հանդերձ՝ այն լիովին տարբերվում է դրանից։ Երևի փորձենք հասկանալ՝ ինչով։ Ենթամշակույթների կրողները մեծապես տարբերվում են հիմնական մշակույթի կրողներից՝ իրենց հագ ու կապով, արտաքին ատրիբուտներով, մտածելակերպով, նախասիրություններով, սովորույթներով և այլն։ Հարց է առաջանում՝ էլ ինչո՞վ կարող է այն համարվել հիմնական մշակույթի մի մասը, կարծես՝ այն լրիվ հակառակն է այդ մշակույթի։ Այո՛,հենց այս տարբերություններն են, որ ենթամշակույթը տարբերակում են մշակույթից։ Եթե հիմնական մշակույթը ընդունում է այն ամենը, ինչը ընդունում է հասարակությունը՝ դարձնելով սովորույթ, ավանդույթ,ապա ենթամշակույթը, կարելի է ասել, վերցնում է այն ամենը, ինչը դուրս է մնում հիմնական մշակույթից։ Արժեքային համակարգը լրիվ այլ է։ Սա է պատճառը, որ մշակույթի կրողները չեն ընդունում ենթամշակույթը, որպես հիմնական մշակույթի մի մաս, իսկ դրա ներկայացուցիչներին անվանում՝ «այլմոլորակայիններ»։ Սակայն,սխալ է ասելը, թե՝ հասարակությունը նրանց չի ընդունում, իսկ իրենք իրենց համարում են հասարակության անդամ, քանի որ հենց իրենք, շատ հաճախ, չեն ընդունում, որ իրենք տվյալ հասարակության անդամ են, այսինքն՝ մերժում են իրենց պատկանելությունը հասարակությանը։

Լավ, իսկ որքա՞նով են ենթամշակույթները տարածված հայկական միջավայրում, որո՞նք ենք եղել դրանց տարածման հիմնական նախադրյալները, որո՞նք են առավել տարածված տեսակները և ինչո՞վ են աչքի ընկնում դրանց ներկայացուցիչները։

Երբ 1990-ական թվականներին հայկական միջավայրում սկսվեց արտագաղթ՝ դրա հետ միասին նկատվեց նաև փոքրիկ ներգաղթ։ Հենց այս շրջանում՝ Հայաստան են գալիս մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել էին տարատեսակ ենթամշակույթների կրողների հետ և, փաստորեն, գալով այստեղ՝ նրանք դառնում են այդ ենթամշակույթների տարածողները։ Մինչ այդ, Հայաստանում ենթամշակույթները տարածված չէին, չկար բավարար չափով տեղեկատվություն՝ կապված ենթամշակույթների հետ։

Հայաստանում տարածված ենթամշակույթները հիմնականում էմոներն էին, գոթերը, քյարթուները, սատանիստները։ Հենց նրանց մասին էլ կխոսեմ։

Առաջինը սկսվեց տարածվել «էմո» կոչվող ենթամշակույթի տեսակը։ Սկզբում, իհարկե, քիչ թվով, ապա նրանց թիվը սկսեց աճել, չնայած այսօր էլ նրանք մեծ թիվ չեն կազմում և հիմնականում նկատվում են քաղաքային միջավայրում։ Ենթամշակույթի անվանումը գալիս է «Էմոշն ռոք» երաժշտական ժանրի անվանումից։ Այս ենթամշակույթի կրողների մոտ հիմնակում նկատելի են սևը և վարդագույնը, և ոչ հենց այնպես։ Սևը խորհրդանշում է կյանքի վատ կողմերը, դժվարությունները, սև կետերը, իսկ վարդագույնը՝ ճիշտ հակառակը։ Ըստ իրենց՝ իսկական էմոն՝ մինչև 20 տարեկանը պետք է մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած լինի։ Սակայն, ինչպես փաստերն են ցույց տալիս, դա այնքան էլ պարտադիր չէ էմո «դառնալու» համար, քանի որ նրանցից քչերն են համարձակվում գնալ նման քայլի։ Նրանց մոտ նկատելի են տարատեսակ փիրսինգները, որոնց միջոցով նրանք ցանկանում են ցույց տալ, որ չեն վախենում ցավից կամ կյանքի առաջադրած դժվարություններից։ Էմոները ,սովորաբար, հագնում են մեկ համար փոքր կոշիկ, որպեսզի դրանք ցավեցնեն ոտքերը՝ անընդհատ հիշեցնելով կյանքի դժվարությունների մասին։ Էմոներին շատ հեշտ կարելի է հասցնել ինչ-որ վիճակի, սակայն դա չի նշանակում, որ նրանց հեշտ է նեղացնելը, քանի որ նրանք կարող են իրենց պաշտպանել։ Սովորաբար, նախահարձակ չեն, ինչպես և գոթերը, սակայն վերջինների դեպքը փոքր ինչ այլ է. նրանք ասում են՝ վնասիր դիմացինիդ, եթե նա փորձում է քեզ վնասել, իսկ էմոները առավելապես հակված են իրենց վնասել։

Այժմ փորձեմ մի փոքր խոսել «գոթեր» կոչվող ենթամշակույթի մասին՝ փորձելով ներկայացնել այս ենթամշակույթի առանձնահատկություններն ու դրա ներկայացուցիչներին։ Գոթերի մոտ գերակշռում է սևի օգտագործումը։ Տղամարդկանց դեպքում նկատվում են երկար, սև վերարկուները, կանանց և աղջիկների մոտ՝ սև ներկված եղունգները, աչքերը, շրթունքները, մազերը և այլն։ Գոթերը ասում են՝ լինենք ռեալիստ, կյանքին նայենք բաց աչքերով։

Գոթերին ու էմոներին շատ հաճախ նմանեցնում են և զուգահեռներ տանում այս երկու խմբերի միջև, ինչը այնքան էլ դուր չի գալիս այս ենթամշակույթների ներկայացուցիչներին։ Որքան էլ զարմանալի է՝ գոթերը նախընտրում են հավաքվել տարատեսակ գերեզմանոցներում։

Եթե այս երկու ենթամշակույթների կրողներին փողոցում տեսնելով կարող ենք հասկանալ, որ նրանք տվյալ ենթամշակույթների ներկայացուցիչներն են, ապա նույնը չենք կարող ասել սատանիստների դեպքում։ Նրանք ասում են՝ պետք չէ բաց ներկայանալ հասարակությանը և ասել՝ ես սատանիստ եմ, քանի որ կա գաղտնիության խնդիր։ Սատանիստները հայկական միջավայրում այնքան էլ հեշտ չեն ընդունվում, իսկ եթե ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն ընդունվում։ Դե, իհարկե, խնդիրը կրոնական պատճառաբանում ունի։ Քրիստոնեական միջավայրում, բնականաբար, նրանց տեղ տալ չեն ցանկանում։ Այս ենթամշակույթի հիմքում հենց սատանան է։ Սատանիստների համար խորհրդանշական թվեր են` 666-ը և 13-ը, որոնք, ըստ նրանց, հաջողակ թվեր են։

Հաջորդիվ ցանկանում եմ անդրադարձ կատարել մի ենթամշակույթի, որը, թերևս, ամենից շատն է տարածում գտել մեր միջավայրում։ Դա «քյարթու» կոչվող ենթամշակույթի տեսակն է։ Ի տարբերություն մյուս ենթամշակույթների, որոնց ներկայացուցիչները մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են, այստեղ գերակշռում են տղամարդիկ։ Հիմա կասեք՝ մի՞թե կանայք էլ կան այս ենթամշակույթի կրողների շարքերում։ Միանշանակ պատասխան տալու փոխարեն կասեմ, որ «քյարթու» ասելով՝ չպետք է հասկանալ «ծիծակ» կոշիկներով, նրանց հատուկ սև հագ ու կապով, զույգ կամ կենտ «չոլկաներով» տղամարդկանց, քանի որ այստեղ հարցը առավելապես մտածելակերպի հետ է կապված, իսկ նման մտածելակերպի տեր կանայք և աղջիկները, հավատացնում եմ ձեզ, քիչ չեն։ Քյարթուների մոտ նկատելի են ինչ-որ սահմանված «օրենքներ», որ չգիտես՝ ով է սահմանել։ Սահմանողները իրենք են (ասենք՝ երկար մազերով տղան՝ տղա չէ, այս կամ այն վարքի տեր աղջիկը «նորմալ» աղջիկ չէ, և այլն)։

Դե, իսկ ինքս, երբեմն, երևանյան միջավայրում նկատում եմ այս ենթամշակույթի կրողներին (քյարթուներին` ամենուր): Պետք չէ նրանց տեսնելիս տարօրինակ հայացքով, մի քիչ բացասական երանգավորում ունեցող դիմարտահայտությամբ նայել: Իրոք, անգամ այն դեպքում, երբ մենք չենք ցանկանում ընդունել նրանց «մեր» հասարակություն, նրանք այդ հասարակության մասն են: Դատողություններ անելիս՝ պետք է անպայման առաջնորդվել կոնկրետ իրավիճակով ու այդ իրավիճակից բխող հանգամանքներով: Ընդհանուր կարծիքը ոչ միշտ է ճիշտ: Հաշվի առնելով այն փաստը, որ ենթամշակույթներն էլ ծայրահեղությունից ծայրահեղություն են ձգվում՝ պետք է նրանց անդամներին էլ տարբերակել ու ճիշտ մոտեցում ցուցաբերել: Միմյանց նկատմամբ լինենք հանդուրժող:

Մեր հերոսները մեզ հետ են

Վերջին շրջանում ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը՝ նկարիչ Արթուր Ավագյանի հետ միասին, հանդես եկան նախաձեռնությամբ՝ մերօրյա հերոսների գրաֆիտիների շարքով: Ո՞րն է դրա նպատակը, ինչո՞ւ հենց համալսարանի պատերին և արդյոք ընդունելի՞ է դա հասարակության և հենց համալսարանականների կողմից՝ կփորձենք հասկանալ միասին:

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Արթուրն է գրաֆիտիների հեղինակը: Նա նշում է, որ կարևոր է մշտապես հիշել մերօրյա հերոսներին: Երիտասարդությունը չպետք է մոռանա նրանց, իսկ հիշելով մենք, փաստորեն, արժևորում և գնահատում ենք նրանց կատարած սխրանքը: Ճանաչելով նրանց՝ մենք կսկսենք սիրել նրանց, իսկ երբ սիրենք՝ կդառնանք նրանց արժեքների կրողը: Նա իր կատարած գործը ևս հայրենասիրական քայլ է համարում: Նա պատրաստ է լսել քննադատություններ, իսկ դրանք հիմնականում կապված են պատկերների գունային ընտրության հետ: Գույները վառ են , այո՛, բայց նա կարծում է, որ սա արտահայտում է իր ուրույն ձեռագիրը:

Ինչպես արդեն ասվեց՝ ծրագիրն իրականացվել է ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբի նախաձեռնությամբ և համալսարանի ղեկավարության օժանդակությամբ: Նախաձեռնության մասնակիցները նշում են, որ դրանց պատկերման վայրերը հենց այնպես չեն ընտրվել: Դրանք պատկերվել են համալսարանի բանուկ հատվածներում, որտեղ մեծ թվով համալսարանականներ են ամեն օր անց ու դարձ կատարում, և հիմնական նպատակը` հենց այդպես երիտասարդությանը մշտապես մեր հերոսների մասին հիշեցնելն է: Եվ համալսարանականներից շատերն են փաստում, որ սա իսկապես լավ նախաձեռնություն է:

Ստորև ներկայացնեմ համալսարանականներից մի քանիսի կարծիքը թեմայի շուրջ.

«Շատ լավ միտք է: Երբ անցնելիս տեսնում եմ Ռոբերտ Աբաջյանի պատկերը և հիշում նրա կատարած սխրանքը՝ չգիտեմ՝ հետս ինչ է կատարվում: Այլևս չես կարողանում թողնել ամենը ու գնալ: Եվ հենց դա ուժ է տալիս, որ պայքարես»,- նշեց համալսարանականներից մեկը:

«Իրոք շատ լավ նախաձեռնություն է: Եթե անգամ մեզանից հետո եկող սերունդները չկարդան, անցնելիս կտեսնեն ու , եթե անգամ չիմանան, թե ովքեր են՝ նկարների յուրօրինակ գեղեցկությունը կստիպի նրանց գնալ տուն և գտնել նրանց վերաբերյալ նյութերն ու կարդալ: Եվ այս կերպ, փաստորեն, նրանք կճանաչեն մեր հերոսներին»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը:

«Ամեն անգամ այդ նկարներին նայելիս՝ հա՛մ ափսոսանք ես ապրում, հա՛մ՝ հպարտություն: Չես հասկանում, թե ինչ ես զգում այդ պահին: Շատ բաներ իրենք այդ պահին հաշվի չեն առել, հաշվի չեն առել նաև իրենց կյանքը: Այդ պահին իրենց մեջ խոսել է հայրենասեր, ուժեղ, անվախ, միայն զինվոր չասեմ, հերոսը: Շատ բան կա ասելու: Ապրիլյան պատերազմի շրջանում ամբողջ ազգն էր ցավ ապրում, անգամ չար ու իրենցից գոհ մարդիկ: Իրենք այլևս ասելիք չունեին: Ինչպես ամեն բան, այնպես էլ մեր հերոս տղերքն են ժամանակի ընթացքում, չասեմ մոռացվում, բայց մենք, ուղղակի, սկսում ենք սովորական տանել: Իսկ այս նկարները ամեն օր մեզ ու մեր սերնդին կհիշեցնեն ապրիլյան օրերի մասին: Մենք նրանց միշտ ունենք մեր աչքի առաջ»,- զրույցի ընթացքում նշեց Մերի Եղիզարյանը:

«Յուրաքանչյուրն է գիտակցում, որ մեր հերոսները հանուն մեզ են այդ ամենը արել: Նրանք դա արել են, որ մենք խաղաղ քուն մտնենք, իսկ դա չի կարող չգնահատվել: Անգամ ամենաանխիղճ մարդը պետք է դա գիտակցի: Ու, որ ասում են, թե այս սերնդում չեն կարող հերոսներ լինել, սխալ է: Ապրիլյան պատերազմում մեր հերոսները ցույց տվեցին, թե ինչքան միասնական էին իրենք: Իրենց ուժեղ կամքն ու հայրենասիրությունը, ուղղակի, անգնահատելի են»,- ասաց Բալայանց Աննան:

«Նկատել ե՞ք, որ նկարների կողքով անցնելիս՝ ակամա ժպտում ենք: Ոչ միայն նրա համար, որ ապրիլյան օրերն ես հիշում ու սիրտդ ցավում է, չես կարող լացել, դրա համար ժպտում ես, և ոչ էլ միայն այն պատճառով, որ ափսոսանք է ու ցավ: Մենք նայում ենք աչքերին, թեկուզ ուղղակի նկարի աչքերին, բայց դրանց նայելիս տարիների պատմություն ենք տեսնում, որը իր արմատներն է թողել ու դարձել է նոր պատմության սկիզբ: Աչքերի մեջ իրենց կյանքն ենք տեսնում. ապրած մանկությունը, դաստիարակությունը և այլն: Ուզում եմ ասել, որ այն, ինչ նրանք արել են, ուղղակի հերոսություն չի, այլ պատմություն»,- նշեց Ռուզաննա Պետրոսյանը:


«Լավ միտք է: Իհարկե, չենք կարող մոռանալ նրանց, բայց այս կերպ ամենը տեսնելիս՝ հիշում ենք նրանց արածը: Հետաքրքիր է, չէ՞, որ գրքերի մեջ կարդում ենք հերոսների ու նրանց կատարած հերոսությունների մասին, այն մասին, որ շատ հերոսներ ենք ունեցել, հենց թեկուզ 90-ականների հերոսները: Նույն պայմանները. Ղարաբաղ, թշնամի, կյանքի ու մահու պայքար: Եվ ապրիլյան օրերին մենք, փաստորեն, տեսել ենք այս ամենը: Գուցե եկող սերունդը նրանց հիշի, մեծարի, բայց մենք այն սերունդն ենք եղել, որ այդ ամենը տեսել է իր աչքի առաջ: Նկարները կարծես մեզ ժպտում են՝ ամեն անցնելիս, այ, այդքան պայծառ են, ու մենք էլ հոգու խորքում ժպտում ենք իրենց: Մենք մեր մեջ հայրենասիրությունը զգացինք հենց իրենց շնորհիվ»,- զրույցում ասաց Ֆլորա Ամիրյանը:

Այսպես է մտածում մեր երիտասարդությունը: Փաստորեն, նախաձեռնությունը ընդունելի է համալսարանականների կողմից:

Կարճ անդրադարձ կատարելով՝ մեր հերոսներին գրաֆիտի նկարչական ոճի մեջ ներկայացնելու հարցին, ասեմ, որ հասարակությունը գրաֆիտիներին վատ չի վերաբերվում, եթե իհարկե, դրանք չեն հասնում վանդալիզմի մակարդակի: Հիմնականում հեղինակները դրանց միջոցով փորձում են ներկայացնել իրենց հուզող հարցերը, իսկ սա, կարծում եմ, ոչ միայն հեղինակին հուզող հարց է, այլ նաև՝ մեզ:
Մեր հերոսների գրաֆիտիների հետ միասին կան գրություններ: Հեռվից արդեն իսկ ուշադրությունդ սևեռվում է պատկերին, իսկ մոտենալով՝ հայացքդ անկախ քեզնից ընկնում է գրության վրա: Արմենակ Ուրֆանյանի պատկերի կողքին կարելի է տեսնել հետևյալ գրությունը. «Նրա առաքելությունն էր պաշտպանել, քո առաքելությունն է` սովորել»։ Սա փոքր ինչ մտածելու տեղիք է տալիս: Շատերի համար այս արտահայտությունը վիճելի հարց է: Դա փոքր ինչ ընդունելի չէ հատկապես այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց զինվոր հարազատներին:

Իսկ մյուսը արված է Ռոբերտ Աբաջյանի պատկերի կողքին. «Նա մինչև վերջին պահը դիրքը չլքեց: Մի՛ լքիր Հայրենիքդ»:

Ինքս կարծում եմ, որ նման նախաձեռնությունները իսկապես ողջունելի են։ Ամեն անգամ անցնելով դրանց կողքով՝ ներսումդ տեղի է ունենում անբացատրելին։ Այնպես չէ, որ դրանք տեսնելիս ենք հիշում ապրիլյան պատերազմն ու մեր հերոսներին, քանի որ մենք նրանց միշտ ենք հիշում, այլ այն, որ նրանց կատարած սխրանքը գնահատված է և թեկուզ այդ փոքր ուշադրությունը առ նրանց հիշատակը, հատկացված է։ Ամեն անգամ տեսնում ենք մեր անմահ հերոսների դիմագծերից ևս մեկը անմահացած՝ մեզ հարազատ դարձած համալսարանի պատերին, իսկ դա գնահատանքի է արժանի:

Ցավ, ափսոսանք՝ միախառնված հպարտությանն ու արժևորման պահանջին։

Հիշում ենք մեր Հերոսներին…

Հաղթում ենք միասին

17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի

Լուսանկարը՝USAID Armenia-ի

-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:

Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:

Հիմա սկսեմ սկզբից:

Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:

Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր  է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:

Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց  հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:

Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:

Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:

Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ  նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:

Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

***

Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։

«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝  հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։

Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։

Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:

Արաքս Ահարոնյան  18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք