Մանե Մինասյանի բոլոր հրապարակումները

Ձգված պարապմունք

Երբ մոտ 15 օր պարապմունքի չես գնում, հետո գնալը` մի տեսակ դժվար է լինում: Սկզբի 30 րոպեն մի կերպ դիմացա: Հաջորդ 30-ը` չհասկացա ոնց անցավ: Դրան հաջորդող 30-ը` ստիպված էի լսել: Դե, նոր դաս էր`չլսելու իրավունք չունեի: Իսկ այ, վերջին 30 րոպեն,  իրոք, ծանր էր…

Դա այն պահն է, երբ անընդհատ, մեխանիկորեն ձեռքդ դեպի հեռախոսն է գնում, իսկ «նա» ժամը չի էլ փոխում:

Հերթական անգամ ձեռքս տանելով հեռախոսին, հանկարծ, պատուհանի գոգին տեսա նոր ծաղկած ծաղիկը:  Առաջին անգամ էի տեսնում այդպիսի ծաղիկ, ու այն ինձ շատ հետաքրքրեց:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Ուսուցչուհիս զգաց, որ ուշադրությունս շեղվել է դեպի ծաղիկն ու սկսեց նրա մասին խոսել.

-Շա~տ սիրուն է, չէ՞: Առաջին անգամ է ծաղկում: Մի քանի տարի առաջ աշակերտներիցս մեկն է նվիրել:

Ուսուցչուհին պատմում էր, իսկ ես`անկեղծ ասած, չէի լսում, որովհետև մոտեցել և ուսումնասիրում էի «անծանոթուհուն»: Նայում էի ու մտածում. «Կարող ա` բնական չի՞: Թե՞ բացված կիվի ա: Կամ էլ վագրի կաշվի՞ց ա, եսի՞մ…»

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Այսպես` մտածելով  ծաղկի մասին, հիշեցի, որ պարապմունքի եմ ու նորից հանեցի հեռախոսը, որն արդեն ցույց էր տալիս 19:45… Այսինքն մնացել է 15 րոպե: Նկարեցի գեղեցկուհուն ու վերադարձա պարապմունքից:

Այդպես էլ անունը չիմացա… Գուցե դո՞ւք գիտեք:

Դիլիջանյան առաջին քննարկում

Ճաշարանից վազում ենք կոնֆերանս դահլիճ` առաջին քննարկմանը:

Քննարկման ընթացքում ծանոթանում ենք մեր ապագա անելիքներին, լրացնում հայտ, ու անցնում առաջ:

Լուսինեն առաջարկում է ծանոթանալ հինգ մատի սկզբունքով:

-Հինգ մատի սկզբո՞ւնք: Դա ո՞րն ա,- բոլորս այս հարցը տվեցինք միանգամից:

Շրջանաձև նստում ենք, մեջտեղում կանգնում է Լուսինեն ու ափը պարզում:

-Ափի ներսում անուն-ազգանուն, բութը տարիքն ա, ցուցամատը`մասնագիտությունը, միջնամատը`ինչն ենք ամենից շատ սիրում, մատնեմատը` զայրույթի պատճառ, և վերջապես ճկույթի տակ թաքնված է հարցը՝ եթե գնայիք ուրիշ մոլորակ, ի՞նչ երեք իր կտանեիք մեզ հետ:

Սկսում ենք խաղը, մարտահրավեր նետելով միմյանց՝ ներկայացնում ենք մեզ:

Տասը հոգուց հետո բոլորն ուրիշ մոլորակ իրենց հետ արդեն ջուր էին տանում, դե, շատ ծարավ էինք:

Վերջապես մեր ջուրը տեղ է հասնում:

Ջրից հետո այս անգամ արդեն լսվում է Լիլիթի ձայնը.

-Շապիկներ չե՞ք ուզում:

Բոլորս ստանում ենք այդքան սպասված 17-ի շապիկները:

Մեզանից ոմանք այնքան անհամբերությամբ էին սպասում այդ շապիկներին, որ չհամբերեցին ու տեղում փորձեցին, մի մասն էլ վազեց սենյակ՝ հագնելու:DSC_0194

Ես էլ, անկեղծ ասած, առաջին ճամբարի նկարներին հետևելով, նախանձում ու շատ էի ուզում այդ շապիկից ունենալ:

Ու~խ, գնամ փորձեմ:

mane minasyan -2

Ծաղկաձորյան կարևոր դասերը

Դե, արդեն պատմել եմ, որ յուրաքանչյուր ծրագրի մասնակցելուց առաջ վախենում ու մտածում եմ, որ չեմ անցնի: Այս ծրագիրը նույնպես չտարբերվեց մյուսներից:
Վախենալով գնացի քննության ու դուրս եկա բոլորից հետո` ամենավերջում:

Սակայն մի քանի օր անց զանգ ստացա ու լսեցի, որ հավաքել եմ բավարար միավորներ «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» կազմակերպության 2016թ. ամառային ճամբարին մասնակցելու համար:

Եկավ այդքան սպասված հուլիսի 19-ը:

Հանրապետության ավելի քան 150 լավագույն աշակերտների հետ ես Ծաղկաձորում եմ:

Առաջին օրը մի տեսակ տարբերվեց մնացած չորսից. 150 անծանոթ դեմք, ու ես ունեմ իմ ջոկատը` մի ակյուն մեծ ընտանիքում:

Օր երկրորդ. Նախագահական ընտրություններ – սովորում ենք առաջադրել ճիշտ թեկնածու, կատարել քարոզարշավ, անցկացնել արդար ընտրություն:

Օր երրորդ. Ուսուցողական հանդիպում – Ռալֆ Յիրիկյանն օգնում է ճիշտ հասկանալ ու կատարել բիզնես:

Օր չորրորդ. Մեր առօրյան ավելի  հետաքրքիր դարձրեցին «Օրրան»-ի սաները, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը:

Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ օրերը շատ հետաքրքիր էին. դե, լիքը խելացի երեխեք ու ես, լիքը տաղանդներ ու ես: Հա, անկեղծ մտածում էի, թե ես ինչ գործ ունեմ իրենց հետ նույն ճամբարում:

Օր հինգերորդ. Մի ուրիշ օր… Այդ օրն իմ կարոտն է դարձել:

Այդ օրը բոլորն անկեղծ էին, բոլորը լավն էին:

Այդ օրն ուրիշ էր, չի ջնջվի, վստահ եմ, 150-ից ոչ մեկիս մտքից:

Հիմա տանն եմ, վերցրել եմ թուղթն ու գրիչը, ու փորձում եմ զգացածս արտահայտել, բայց, իզուր, որովհետև ինչ էլ ասեմ, միևնույն է, չի հնչի այնպես, ինչպես զգում եմ:

Լիքը լավ ընկերներ, հարազատ ու թանկ մարդիկ…

Առաջին անգամ կյանքումս 5 օրում այսքան ձեռքբերումներ ունեցա ու առաջին օրվանից հասկացա, որ լավ եմ զգում ինձ այդ միջավայրում:

Ու, ինչպես Ռեմարկն է ասել, մարդը կարող է քեզ հարազատ դառնալ 3 օրում: Իսկ նա, ով տարիներով ապրում է քեզ հետ, կարող է չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը:

5 օրը բավական էր ճանաչելու մոտավորապես 30 մարդու ներսից: Իմանալ սիրած գույնը, կոնֆետն ու ֆիլմը:

5 օրն ինձ շատ բան տվեց: 5 օրն ինձ տվեց մարդկանց, որոնց կորցնելուց վախենում եմ, որոնք շատ թանկ ու հարազատ են:

Ճամբարում նախատեսված հարուստ ու բազմաբովանդակ ծրագիրը հնարավորություն տվեց ընդլայնելու աշխարհայացքս, խորացնելու գիտելիքներս, ինքնաբացահայտվելու, ինչպես նաև անցկացնելու հաճելի ժամանակ նոր ընկերներիս հետ:

mane minasyan -2

Վառածն ավելի համով է

Դեռ փոքր տարիքից սիրել եմ խոհանոցն ու պատրաստելը:

 Ճիշտ է, շատ էի լսում՝ «դուրս արի խոհանոցից», «խանգարում ես», «հերիք ա փչացնես ամեն ինչ» արտահայտությունները, բայց, ինչպես միշտ, ես համառ էի ու շարունակում էի ինձ երևակայել «ընտիր» խոհարար ու անել գործս:

Սկզբում, անկեղծ ասած, շատ էի նեղվում, բայց մի օր, երբ երևի յոթ կամ ութ տարեկան էի, պապիկս ինձ համար բաղադրատոմսերի գիրք բերեց ու ասաց, որ ինձ բան չասեն, որ ես պիտի վառեմ, փչացնեմ ու վերջապես սովորեմ:

Ու ես ամեն երեկո կապում էի գոգնոցս, կանգնում սեղանի մոտ ու կրկնում. «Բարի երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ»: Դե հա, ես միշտ էլ երազել եմ խոհանոցի վերաբերյալ հաղորդում վարել:

Արդեն տասնմեկ տարեկան էի, երբ մերոնք սկսեցին չվախենալ փորձել պատրաստածներս:

Տասներկուսում առաջին տորթս դրեցի ջեռոցը: Առաջին կտորը տատիկս փորձեց, ու երբ ասաց, որ լավ է ստացվել, աշխարհն իմն էր:

Դե, տասներեք տարեկանում արդեն լավ էի պատրաստում, որովհետև փորձողը տասից ինն էր գնահատում: Ուրեմն լավ էր ստացվել:

Հիմա էլ եմ ազատ ժամանակ խոհանոցում լինում, ու մաման, որը մի քանի տարի առաջ ինձ խոհանոցից հանում էր, հիմա ասում է.

-Մա՛ն, մի բան սարքի ուտենք:

Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք վառելուց, վառածն ավելի համով է, իսկ դուք, սիրելի՛ մայրիկներ, մի՛ արգելեք մեզ պատրաստել մեր առաջին «գլուխգործոցները»:

mane minasyan -2

Ի պաշտպանություն շոկոլադի

Դժվար գտնվի մեկը, ում մայրը փոքր հասակում զգուշացրած չլինի շոկոլադի չարաշահման հետևանքների մասին:
Ժամանակն է հասկանալու, թե որն է ճշմարտությունն ու որը` առասպել:

-Տվյալներ կան, որ դու ոչ միայն համեղ ես, այլև օգտակար:

-Այո, ես պարունակում եմ մատչելի ածխաջրեր, որոնք արագ այրվող էներգիա են տալիս, և վաղուց պետք է նկատած լինեք,  որ ես բարելավում եմ հիշողությունը, և ընդհանրապես, լավ եմ ազդում ուղեղի վրա: Լայնացնում եմ ուղեղի անոթները:

-Իսկ այն խոսակցությունները, որ քո պատճառով բշտիկներ են առաջանում ու ատամներ փչանում, ի՞նչ կասես:

-Ես կարող եմ վստահեցնել, որ բշտիկները առաջանում են մաշկային որոշ գեղձերի պատճառով, այլ ոչ թե իմ, իսկ բերանի խոռոչի համար ես օգտակար եմ, քանի որ պարունակում եմ հակամանրէային բաղադրիչներ, որոնք պայքարում են կարիեսի դեմ:

-Պարունակում ես որոշակի չափով կոֆեին, արդյո՞ք դա վնասակար չէ:

-Այո, ես պարունակում եմ կոֆեին, բայց ընդամենը 30 մգ: Համեմատության համար ասեմ, որ մեկ գավաթ սուրճի մեջ այն 6 անգամ ավելի է, իսկ 30 մգ-ը բավարար է սիրտանոթային ու նյարդային համակարգի թեթևակի խթանման համար:
Եվ հիշեք, բուժման նպատակով ավելի լավ է օգտագործել դառը շոկոլադի բարձրորակ տեսակներ:

-Լավ, իսկ ովքե՞ր կարող են քեզ ուտել:

-Ես թույլ եմ տալիս ինձ ուտել այն մարդկանց, ովքեր ակտիվ կյանք են վարում, շատ են շարժվում կամ զբաղվում սպորտով: Այս ամենով հանդերձ, ուզում եմ ասել, որ շոկոլադը բոլոր մթերքների նման օգտակար է չափավոր քանակով: Ամեն մեկն ինքը պետք է որոշի իր օրական չափաբաժինը, այնուամենայնիվ այն չպետք է գերազանցի մեկ սալիկը:

Վեդեցի «Ժոժոն»

2014 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Դիջիթեք էքսպո» 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց կարմիր ժապավենի կտրումով, որն այս անգամ իրականացվեց Վեդի քաղաքի դպրոցականների նախագծած «Ժոժո» ռոբոտի կողմից:

Մի քանի ամիս անց նույն ռոբոտը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ամանորյա միջոցառման ժամանակ կախեց տոնածառի խաղալիքները:
Այսօր ուզում եմ զրուցել «Ժոժո» ռոբոտը ստեղծող թիմի անդամներից մեկի՝ Թադևոս Վարդանյանի հետ:

-Թադևոս, ո՞վ է հիմնել Ձեր խմբակը:

-Մեր խմբակը հիմնել է Օրբել Խաչատրյանը, ով շատ հմուտ է իր գործում, և իր ունեցած գիտելիքներն ուզում է ամբողջությամբ փոխանցել մեզ:

-Իսկ ե՞րբվանից է սկսել գործել խմբակը և ո՞րն է նպատակը:

-Մեր խմբակը գործում է 2014 թվականի սեպտեմբերից, խմբակի նպատակն է` մեր հասակակից երեխաների մեջ սեր և հետաքրքրություն սերմանել դեպի ռոբոտաշինությունը:

Մենք ունենք նաև այլ նպատակ. ուզում ենք մյուս դպրոցները ևս շահագրգռվեն այս դասընթացով և իրենք նույնպես անցկացնեն նմանատիպ ծրագրեր:

-Ե՞րբ և ինչպե՞ս են անցկացվում պարապմունքները և որտե՞ղ:

-Պարապմունքներն անցկացվում են շաբաթական մի քանի անգամ, երբեմն նույնիսկ մենք ենք «ստիպում» ավելի հաճախ հանդիպել՝ չհամբերելով ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքը:
Դասերի համար Վեդու ավագ դպրոցում տրամադրվել է դասասենյակ:

-Խմբակը միայն հասանելի է դպրոցի աշակերտների՞ն, թե՞ մյուսները նույնպես կարող են հաճախել:

-Խմբակին մասնակցում են ոչ միայն մեր դպրոցի, այլև կողքի գյուղերի և քաղաքների երեխաները:

-Քանի՞ հոգուց է բաղկացած ներկա պահին խմբակը:

-Ներկա պահին մեր թիմը բաղկացած է 12 հոգուց:

-Ինչո՞վ եք զբաղվում դասերի ժամանակ և ի՞նչ եք սովորում:

-Դասերի ժամանակ մենք փորձում ենք ցանկացած նյութերից ու դետալներից պատրաստել հետաքրքիր իրեր, որոնք կարող են հանգեցնել նոր ռոբոտի ստեղծմանը:

Խմբակը մեզ սովորեցնում է ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ, և այն իրերը, որոնք արդեն այդքան էլ պիտանի չեն օգտագործման համար, դարձնել նոր դետալ որևէ ռոբոտի համար:

-Արդյո՞ք կան խնդիրներ խմբակում:

-Խմբակն ունի անհրաժեշտ գործիքների և սարքավորումների մշտական խնդիր, որի պակասն աշխատում ենք լրացնել մեր իսկ միջոցներով:

-Թադևոս, կպատմե՞ս «Ժոժո»-ի ստեղծման պատմությունը:

-«Ժոժոն» շատ հետաքրքիր պատմություն ունի. այն պատրաստվել է «Դիջիթեք» ցուցահանդեսին ընդառաջ, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ գիշեր-ցերեկ աշխատելու շնորհիվ: Ժոժոն դարձել է մեր ընկերը:

-Իսկ ինչո՞ւ հենց «Ժոժո»:

-«Ժոժո»… Որովհետև մեր ռոբոտը, մեր պատկերացումներով, աշակերտ է, ով դպրոցում արել է բազմաթիվ չարաճճիություններ, հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում, և դրանից ազատվելու համար վերցրել է իրեն որպես կեղծանուն «Ժոժո»:

-Իսկ ինչի՞ց է պատրաստված վեդեցի տղաների չարաճճի ընկերը:

-Ռոբոտը պատրաստելու համար օգտագործել ենք ամենաանհավանական նյութերը, այն բաղկացած է ПБХ նյութից, իսկ գլխի հատվածը, օրինակ, ականջները, պատրաստել ենք պլաստմասսայե գնդերը կտրելով, վիզը՝ ամրացրել ենք հարիչի միջոցով:

-Ի՞նչ գործողություններ է կատարում Ժոժոն:

-Ժոժոն կարողանում է տեղաշարժվել, իրեր բռնել ու տեղափոխել, ձեռքով «բարևել», կտրել, իսկ տեսախցիկից ստացված պատկերների միջոցով կարողանում է վերլուծել տվյալներ և այլն:

-Այժմ ինչո՞վ է զբաղվում թիմը:

-Այժմ մենք աշխատում ենք ռոբոտը կատարելագործելու ուղղությամբ, բացի այդ, մի փոքր բացեմ փակագծերը, մենք այժմ ստեղծում ենք նոր ռոբոտ, որի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, գաղտնիք է:

mane minasyan -2

Վախեցած հայտերս

-Հայտդ լրացրու, Մանե՛,- ասում է մայրիկը ցանկացած ծրագրի մասնակցելուց առաջ.

-Մամ, չէ, միևնույն ա, չեմ անցնելու,-  կրկնում եմ միշտ:

Վախենալով, միևնույն ժամանակ, ինքս իմ ուժերին վստահ լինելով, լրացնում եմ հայտը, ու ստանում պատասխան. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք մասնակցելու մեր ծրագրին»:

Առաջին հայտը, որը լրացրեցի, 8 տարեկան էի: Մայրիկս որոշեց, որ պետք է մասնակցեմ «Հայ աղջկա պարը Վրաստանում» ծրագրին, և ես, մտածելով, որ մեկ է, չեմ անցնի, լրացրեցի հայտն, ու բախտս մի տեսակ բերեց, ու անցա:

Վրաստանն ինձ շատ բան տվեց: Սովորեցի վստահել ինքս իմ ուժերին ու հավատալ ինքս ինձ:

Վրաստանից վերադարձա ու անմիջապես սեպտեմբերին մասնակցեցի «Կանաչ դպրոց» բնապահպանական ծրագրին, որտեղ ևս գրանցեցի մի շարք հաջողություններ, և որ ամենակարևորն է, սկսեցի խնամքով ու հարգանքով մոտենալ բնությանն ու փորձեցի դա փոխանցել ուրիշներին:

Այս ծրագրին հաջորդեց «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը », որն ինձ սովորեցրեց սիրել կենդանիներին ու նրանց ինձ ընկեր կոչել:

Մասնակցել եմ նաև «Հրաշքով լի կյանք » ծրագրին, անցել հաջորդ փուլ, մասնակցել Սոցիալական ներառման հարցերի շուրջ ազգային պատանեկան վեհաժողովին,որն իմ կյանքում շատ բան փոխեց:Կարելի է ասել, փոխեց աշխարհայացքս: Ես սկսեցի մարդկանց ինձ հավասար համարել, տարբերություն չդնել այն մարդկանց մեջ, ովքեր հաշմանդամություն ունեն:

Ինքս ինձ չհավատալով լրացրեցի նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի» հայտը և այստեղ էլ ընտրվեցի: Այստեղ ևս շատ-շատ եմ սովորել ու սովորում: Ավելի եմ կոփվում լրագրության մեջ:

Վերջերս դպրոցում անցկացվում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա բիզնես ծրագիրը, որին նույնպես մասնակցել եմ ու քննության միջոցով անցել հաջորդ փուլ` մասնակցելու աշակերտների ամառային ճամբարին: Այս ծրագիրն էլ իմ մեջ զարգացրեց տնտեսագիտությունը, չնայած մաթեմատիկա այդքան էլ չեմ սիրում:

Մի շարք այլ ծրագրերի ևս մասնակցել եմ, որոնք հիմա չեմ կարող մտաբերել: Ուղղակի ուզում եմ ասել, որ այս ամենն ինձ սովորեցրել է շատ, ամենագլխավորը` սովորեցրել է հավատալ ու վստահել սեփական ուժերիս, ու չվախենալ մերժվելուց:

Չգիտեմ, փորձս ներում է թե չէ, բայց ձեզ էլ խորհուրդ եմ ուզում տալ, որ վստահեք ձեր ուժերին, հավատաք ինքներդ ձեզ, և ամեն ինչ լավ կլինի: