Լուսինե Աթանեսյանի բոլոր հրապարակումները

Lusine atanesyan

Ալելու

Սուրբ Ծննդյան նախօրյակին՝ Ճրագալույցին, հունվարի 5-ին, Անգեղակոթում նշվում է Ալելուն: «Ալելուն» տոն է,
որի ժամանակ մարդիկ, հիմնականում՝ երեխաները, երեկոյան դուրս են գալիս դուրս, մտնում գյուղացիների տները,
թաքուն դռնից ներս գցում տոպրակներ և սկսում բղավել «Ալելու ա, Ալելու ա, ով տա՝ զորանա, ով չտա՝ զույգ
աչքով քոռանա»: Մարդիկ տոպրակների մեջ ուտելիքներ են գցում (մանդարին, խմորեղեն, կոնֆետներ, ընդեղեն և
այլն): Հետո մենք զգուշությամբ հանում ենք տոպրակները, որ մեզ չտեսնեն: Կարդացել եմ, որ այսպես տնից տուն
մանուկները միշտ էլ շրջել են Ճրագալույցի գիշերը՝ երդիկից կախելով այդ օրվա համար պատրաստած գուլպա: Բայց
հիմա մեր գյուղում սովորությունը մի քիչ ձևափոխվել է: Հիմա բացատրեմ:
Լինում ենք դիմակներով, օրինակ, այս տարի դրել էինք շան դիմակներ: Բացի այդ, լինում են մի քանի հոգի,
հիմնականում երիտասարդներ, ովքեր դնում են ոչ թե ուրախ կամ տարվա կենդանակերպի, այլ ավելի վախենալու՝
կմախքի կամ «մահի» դիմակներ, նշեմ նաև, որ հագնվում են այնպես, ինչպիսի դիմակ որ դնում են, և հեռվից
տեսնելիս վախենում ես, անգամ այն ժամանակ, երբ գիտես, թե ով է:
Ալելուին մեր ընտանիքը և գյուղացիներից ոմանք այն ամենը, ինչը պետք է լցնել տոպրակների մեջ, նախապես
պատրաստում և մի կողմ ենք դնում: Երբ երեխաները գալիս են, դնում ենք իրենք տոպրակների մեջ: Դուրս ենք գալիս
մութն ընկնելուն պես ՝ 18:30- 19:00-ին և վերադառնում 21:30-ից հետո: Գալիս ենք տուն, տան մեծը ստուգում
է, թե ինչ ենք բերել և հետո սկսում ուտել: Եթե շատ երեխաներով ենք լինում, ապա տան դուռը թակում ենք
հերթով, նաև այդպես տեղեկանում ենք, թե ինչ են գցում այդ տանը տոպրակի մեջ, արժե՞ մտնել, թե՝ ոչ: Լինում է
այնպես, երբ տեսնում են մեզ, ճանաչելու դեպքում ավելի շատ ու լավ բաներ են գցում:
Մի խոսքով, Ալելուն անգեղակոթցիների Հելոուինն է:

 

Lusine atanesyan

Ամենահուզողը

Իմ գյուղում՝ Անգեղակոթում, շատ տարածված երևույթ է աշխատավարձ չտալը: Մեզ մոտ տղամարդիկ հիմնականում աշխատում են քարհանքերում կամ գնում են արտերկիր, իսկ կանայք տնային տնտեսուհիներ են:

Հայրս նույնպես աշխատում է քարհանքում: Սա սեզոնային աշխատանք է, աշխատելուց էլ չեն վճարում, իսկ աշխատողները պարտավոր են գնալ աշխատանքի: Գումարը չեն տալիս, մենք էլ, մինչև գումար տալը, ստիպված ամեն ինչ անում ենք պարտքով, իսկ երբ մի կերպ տալիս են, բավական է լինում միայն պարտքերը փակելուն: Նույն իրավիճակն է նաև արտերկրում աշխատողների մոտ: Մինչև նրանց վերադարձն ընտանիքն ապրում է պարտքերով, իսկ նրանց այնքան քիչ են վարձատրում, որ նույնիսկ պարտքերը մարել չեն կարողանում: Այսքանից հետո էլ նրանք էլի գնում են արտերկիր՝ հասկանալով, որ այստեղ մնալն էլ իմաստ չունի:

Երկու տարի է, ինչ կանայք տղամարդկանց նման գնում են արտերկիր՝ այստեղ թողնելով ամեն ինչ՝ երեխաներին, տունն ու տեղը, բայց վերադառնում են ձեռնունայն:

Ֆուտբոլի երկրպագու առաջին անգամ

Դասընկերս, ով հաճախում է ֆուտբոլի պարապմունքների, մեկ ամիս է, ինչ գնում էր Երևան՝ խաղերի: Դասարանով շատ էինք ցանկանում գնալ և նրան ոգևորել, սակայն չէինք կարողանում: Մի քանի օր առաջ եկավ և ասաց, որ Սիսիանում ֆուտբոլի դաշտի բացումն է լինելու, և Երևանից թիմ է գալու՝ իրենց հետ խաղալու: Մենք շատ ուրախացանք, քանի որ կարող էինք գնալ և նայել խաղերից գոնե մեկը:

Որոշեցինք, որ պետք է գնանք: Գումար հավաքեցինք, գյուղի տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեցինք ու դասերից հետո գնացինք Սիսիան: Ճիշտն ասած՝ աղջիկներով շատ հեռու ենք ֆուտբոլից, բայց քանի որ մեր դասընկերն էր խաղալու, գնացինք: Շատ հետաքրքիր էր իրականում ֆուտբոլ նայելը: Խաղում էին «Սիսիան» ու «Բանանց» թիմերը: Խաղն ավարտվեց 4: 0 հաշվով՝ հօգուտ Սիսիանի թիմի:

Խաղից հետո բոլորս էլ քաղցած էինք, բլիթներ գնեցինք ու վերադարձանք գյուղ շատ լավ տրամադրությամբ, իսկ տղաներին քաղաքապետը հրավիրեց ռեստորան՝ այդպես նրանց խրախուսելով:

Lusine atanesyan

Հանդիպում Սիսիանում

Մի քանի օր առաջ մեր զինղեկը եկավ մեր դասարան և տեղեկացրեց, որ պետք է գնանք Սիսիան՝ ինչ-որ ժողով է լինելու: Հաջորդ օրը մենք երրորդ ժամից հետո գնացինք Սիսիան ՝ մշակույթի տուն: Հարևան գյուղերից ևս շատ երեխաներ կային, հանդիպեցի տասնյոթցի Նինայի հետ՝ Գորայքից: Ժողովն իրականում հանդիպում էր Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից՝ գնդապետ Իսկանդարյանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից՝ փոխգնդապետ Բաղդասարյանի հետ: Նրանք եկել էին մեզ ներկայացնելու համալսարանները՝ իրենց առավելություններով ու թերություններով:

Ամբողջ ընթացքում մի քանի զգացողություններ ունեցա: Ամենահետաքրքիրն այն էր, որ սպաների ներս մտնելու պահին հնչեց «ոտքի՛» հրամանը, և բոլորս ոտքի կանգնեցինք: Իսկ այն ժամանակ, երբ ասացին, որ իմ համագյուղացին՝ Պարույր Սարգսյանը, որը սովորում է ավիացիոն համալսարանում, ոսկե մեդալի թեկնածուներից է, հպարտություն զգացի:

Այնտեղ մենք իմացանք, որ սովորելու ընթացքում աշակերտները ստանում են մինչև 50000 դրամ կրթաթոշակ, ավարտելուց հետո ստանում են լեյտենանտի կոչում ու անցնում աշխատանքի՝ 210000-280000 դրամ աշխատավարձով, իսկ ավելի ուշ ստանում են 100000-ից ավելի կենսաթոշակ: Նրանք հնարավորություն են ստանում կրթությունը շարունակելու արտերկրում, սովորելու մի քանի լեզուներ, իսկ այն երիտասարդները, ովքեր ունեն հմտություն տեխնոլոգիաների ոլորտում, ուսումը շարունակում են այդ ուղղությամբ:

Շատ լավ պայմաններ կան նաև աղջիկների համար: Ավարտածները դառնում են բանակային կորպուսի հանգույցի պետեր: Նրանք, ովքեր գիշերելու տեղ ունեն, երեկոյան գնում են տուն, իսկ նրանք, ովքեր տեղ չունեն, մնում են հանրակացարաններում:

Բացի այս ամենը՝ և՛ աղջիկները, և՛ տղաները շաբաթական 2 օր 4 ժամով մասնակցում են դասընթացների, որոնք կազմակերպում են «ԹՈՒՄՈ»-ից եկած մասնագետները: 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներն ազատ են ու կարող են գնալ՝ ուր ուզում են, նույնիսկ կարող են գիշերել համալսարանից դուրս: Վերջում նրանք մեզ հետաքրքրող հարցերին էլ պատասխան տվեցին, ուհանդիպումն ավարտվեց: Համալսարանների մասին այս տեղեկությունը մեր մեջ հետաքրքրություն ու այնտեղ սովորելու ցանկություն առաջացրեց:

Լավ կլիներ՝ մյուս համալսարաններն էլ այսպիսի հանդիպումներ անցկացնեին մարզերում, որպեսզի մենք կարողանանք պատկերացնել, թե ինչ մասնագիտություն ենք ուզում ընտրել և որտեղ կարող ենք շարունակել մեր ուսումը:

Lusine atanesyan

Անգեղակոթի իմ փոքրիկ դպրոցը

Իմ 9-րդ սեպտեմբերի 1-ն էր դպրոցում՝ արդեն որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Այդ պատճառով այս տարի շատ ոգևորված եմ:

Բացի այն, որ ես արդեն 9-րդ դասարանցի եմ՝ անցյալ տարի սեպտեմբերի 1-ին 17.am կայքում տեղադրվեց իմ առաջին հոդվածը, և արդեն լրացավ մեկ տարին, ինչ ես դարձել եմ «Մանանա» ընտանիքի անդամ, ու դրա համար շատ ուրախ եմ:

Մի քիչ լարված եմ այն պատճառով, որ այս տարի պետք է քննություններ հանձնեմ, նաև մի քիչ հուզված եմ: Դրա պատճառն էլ այն է, որ դպրոցում 12-րդ դասարան չկա, և մեր դասարանը պետք է վերջին դաս անի: Նույն պատճառով էլ մեր դասարանն է առաջին դասարանցիներին հանձնել այբբենարանները և ուղեկցել դեպի դասարան, իսկ ես ծաղկեփունջ էի ստացել այն երեխայից, որին ուղեկցել էի:

Երբ վերադարձանք դասարան, ուսուցչուհին մեզ շնորհավորեց, մի քիչ զրուցեցինք, ու նա բաժանեց մեր դասագրքերը, իսկ բարերարները աշակերտներին նվերներ էին ուղարկել՝ գրենական պիտույքներ: Այս տարին մի բանով էլ էր յուրահատուկ՝ գովասանագրերը հանձնեցին հենց սեպտեմբերի 1-ին, ճիշտ է՝ էլի դասարաններում, բայց կարևորն այն է, որ հանձնեցին:

Այս տարի առաջին դասարանցիներից էին նաև մորաքրոջս աղջիկը և մորեղբորս տղան: Նրանց առաջին ուսուցչուհին և՛ ինձ է դաստիարակել, կրթել, և՛ եղբորս, և՛ մորաքրոջս ավագ աղջկան, և՛ մորեղբորս աղջկան: Հետաքրքիրն այն է, որ նա մորաքրոջս ամուսնու քույրն է: Մենք կատակում ենք՝ ասելով, որ նա մեր ընտանեկան ուսուցչուհին է:

Հարսին բերեցին

Այսօր մեր թաղամասում հարսանիք էր: Երեխաներով անհամբերությամբ սպասում էինք, թե հարսին երբ են բերելու, որպեսզի ավանդույթի համաձայն, շղթա կապենք: Երբ արդեն վերադարձան, շղթա կապեցինք և փող պահանջեցինք, որ թողնենք՝ հարսին տանել ամուսնու տուն:

Այս հարսանիքին մի քիչ քիչ գումար հավաքեցինք, որը հավասար բաժանեցինք մեր՝ շղթա կապող չորս հոգու մեջ, իսկ մնացած մասով, որը խանգարում էր հավասար բաժանելուն, կոնֆետներ գնեցինք:

Lusine atanesyan

Անգեղակոթի բարբառը

Միշտ ցանկացել եմ խոսել բարբառիս մասին, և հիմա 17.am-ի շնորհիվ ես ունեմ այդ հնարավորությունը: Ծանոթացեք մեր՝ Անգեղակոթի բարբառին:

Ալդուղ- թան

Ամալ չկալ- գործը գլուխ չգալ

Անգուզ- ընկույզ

Գաբա- գորգ

Դաստմալ- բռնիչ

Դելշուխ- գոգնոց

Թալա- թակարդ

Թափա- բլուր

Ժողնել- հավաքել

Ինել- ընկնել

Կալին- հաստ

Կակուղ- փափուկ

Կայիշ- գոտի

Կոնաղ- հյուր

Հալա- դեռ

Յայլուղ- թաշկինակ

Պանել- աշխատել

Օխտ- յոթ

Այժմ այս բառերը ոչ բոլորն են օգտագործում, հիմնականում՝ տատիկներն ու պապիկները, երիտասարդները խոսքի մեջ բարբառային բառերը փոխարինում են գրական կամ ժարգոնային բառերով: Ես դրա համար շատ եմ տխրում: Իմ կարծիքով՝ ինչքան էլ վատ հնչեն բառերը, գյուղում պետք է խոսել այնպես, ինչպես խոսել են մեր նախնիները, գյուղից դուրս՝ ինչպես ուզում ես:

Ճիշտն ասած՝ ես էլ այդպես չեմ անում, քանի որ ես միայնակ չեմ կարող խոսել մեր բարբառով:

Lusine atanesyan

Էլի կարկուտը

Երբ սկսվում են ամառային արձակուրդները, ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ պետք է լվանանք գորգերը: Մի քանի օր առաջ այդ օրն էր: Եղանակը շատ տաք ու արևոտ էր, որոշեցինք վերջում ջրոցի խաղալ (չնայած՝ լվանալու ընթացքում էլ խաղում էինք): Երբ մնացել էր երեք գորգ, մեր հարևանուհին ասաց, որ արագ վերջացնենք, քանի որ տեղումներ են սպասվում: Ուրախացանք, քանի որ դաշտերին ջուր էր անհրաժեշտ:

Որոշ ժամանակ անց եղանակը ցրտեց, ես ու մայրս արագ-արագ լվանում էինք գորգերը, որ անձրևի տակ չմնան: Արդեն վերջին գորգն էինք լվանում, երբ անձրևը սկսվեց, և մենք պատսպարվեցինք պահեստում (այն ավելի մոտ էր): Ժամը 16:10-ից հետո մոտ 10-15 րոպե կարկուտ էր գալիս: Ողջ գետինը ծածկված էր կարկուտի հաստ շերտով, իսկ երբ կարկուտը դադարեց, բոլորով վազեցինք դուրս: Ողջ ճանապարհի երկայնքով ջուր էր հոսում: Առվի ջուրը դուրս էր եկել հունից և լցվում էր մեր հարևանուհու գոմը: Ես գյուղացիներին երբեք այդպես համախմբված չէի տեսել, յուրաքանչյուրը փորձում էր օգնություն ցուցաբերել: Այնպիսի ջուր էր հոսում, կարծես ջրհեղեղ լիներ:

Երբ ջուրը կարողացան կտրել, բոլորը վազեցին իրենց այգիները, իսկ այնտեղ ոչինչ չէր մնացել: Մարդիկ շատ հուզված էին, ամբողջ տարվա աշխատանքը հօդս էր ցնդել մեկ վայրկյանում: Շատերը վարկեր էին վերցրել, սերմ գնել, իսկ հիմա ոչինչ չկա, ի՞նչ պետք է անեն: Ծառերի միայն ճյուղերն են մնացել, բանջարանոցներում միայն ցողուններ են երևում: Հետո իմացանք, որ հեղեղը տատիկենց տուն էլ է լցվել, ողջ տունը, այգին ջրի մեջ էին: Կարկուտի հարվածներից մեր հարևանուհու տան մոտակայքում նույնիսկ օձ էր սատկել: Մորեղբայրս վերանորոգում էր տունը, և տանիքը այդ պահին կառուցած չէր. կարկուտը լցվել էր տուն:

Երկու օր է, ինչ գյուղում բոլորը տխուր են, նյարդայնացած: Ոմանք առևտուր են արել այն մտքով, որ աշնանը լոբիով կամ կարտոֆիլով կվճարեն, սակայն ոչինչ չկա: Կարկուտն այնքան ուժգին էր, որ կոտրել է փայտերը, որոնց վրա փաթաթված էին լոբիները, նույնիսկ կտրվել էին հոսանքի լարերը:

Նման իրավիճակ է ոչ միայն մեր Անգեղակոթ  գյուղում, այլև Շաղատում, Սիսիանում ու Բալաքում: Մարդկանց միակ սփոփանքն այն է, որ դաշտերի բերքը (ցորեն, գարի, հաճար) այդքան շատ չի վնասվել:

Lusine atanesyan

Էքսկուրսիաների ամիսը

Ամեն տարի դասարանով ապրիլից սկսում ենք որոշել, թե ուր պետք է գնանք էքսկուրսիայի և այդ մասին տեղեկացնում ենք դասղեկին: Եթե նա հավանություն է տալիս առաջարկին, ապա սկսում ենք պատրաստվել, իսկ եթե նրան դուր չի գալիս կամ «վտանգավոր» է, առաջարկում ենք այլ տարբերակներ: Անցյալ տարի ցանկանում էինք գնալ Արցախ՝ Գանձասար և Շուշի, սակայն քառօրյա պատերազմի պատճառով չգնացինք, իսկ այս տարի 2-3 օրով ուզում էինք գնալ Սևան, բայց քանի որ փոքր էինք, այս առաջարկը ևս համարվեց վտանգավոր, ու չգնացինք:

Հիշում եմ, որ տարրական դասարաններում մեր «էքսկուրսիան» անցնում էր դպրոցի հետևի մասում՝ եղևնիների տակ: Երբ ուսուցչուհին ասում էր, որ էքսկուրսիա ենք գնալու, շատ էինք ուրախանում և սկսում էինք պատրաստվել դրան՝ կարծելով, թե ուրիշ տեղ ենք գնալու:

Երբ ավարտեցինք չորրորդ դասարանը, գնացինք մանկական սրճարան: Բացի դպրոցի հետևի եղևնիներից, դա առաջին անգամն էր, երբ դասարանով որևէ տեղ գնացինք, երկրորդը եղել է 6-րդ դասարանում, երբ գնացինք Տաթև և Խնձորեսկ, իսկ երրորդը եղավ այս տարի հունիսի 9-ին. գնացինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի:

Այժմ ամեն ինչ փոխվել է. Անգեղակոթ գյուղի ոչ մի տարրական դասարանցի չի գնում դպրոցի հետևի եղևնիների մոտ: Գնում են միայն տեսարժան վայրեր, օրինակ՝ Շաքիի ջրվեժ, Ջերմուկ կամ Նորավանք: Եղբայրս ինձնից 4 տարով փոքր է և տարրական դասարանը այս տարի է ավարտել, սակայն նա արդեն 3 անգամ էքսկուրսիա է գնացել: Մենք գոնե չորրորդ դասարանում գնացել ենք սրճարան, կան դասարաններ, որոնք նույնիսկ այդտեղ չեն գնացել:

Էքսկուրսիաները շատ կարևոր նշանակություն ունեն՝ ծանոթանում ենք նոր վայրերի, կռվածները հաշտվում են (մեր դասարանում այդպես է), ունենում ես ավելի շատ հիշողություններ դպրոցի հետ կապված: Միասին որևէ տեղ գնալիս մենք ողջ ճանապարհին պարում և ուրախանում ենք: Դա կախված է նաև վարորդից: Մենք ունենք մշտական վարորդ, որի հետ ժամանակը շատ լավ է անցնում, բացի դա, նա ամեն մի անկյունը գիտի:

Այս տարի World Vision կազմակերպությունը կազմակերպել է էքսկուրսիա դեպի Ա. Բակուցի տուն-թանգարան, Տաթև, Խնձորեսկ 2003 թ. ծնված երեխաների, այսինքն՝ մեր դասարանի համար մինչև հունիսի 25-ը: Ստացվում է՝ այս տարի դասարանով ևս մեկ էքսկուրսիայի կմասնակցենք:

Անգեղակոթում

Սուրբ Զատիկը կամ Հիսուսի հրաշափառ Հարության տոնը իր մեջ շատ մեջ խորհուրդ ունի, բայց երեխաների համար նրա խորհուրդը այլ է: Երեխաները Զատիկ ասելով հասկանում են կռիվ, սակայն ոչ սովորական, այլ ձվերով, այլ կերպ՝ հավկիթակռիվ կամ հավկիթախաղ: Խաղին մասնակցում են երկու հոգի: Մեկը պահում է ձվի մի ծայրը, իսկ մյուսը հարվածում է, ապա հավկիթները շրջում են և նույնը փորձում հակառակ կողմով: Ահա այսպես է կատարվում հավկիթախաղը: Այլ երկրներում էլ հավկիթը թաքցնում են տարբեր տեղերում, և երեխաները փորձում են գտնել դրանք, իսկ այդ խաղը կոչվում է հավկիթաորս:

Զատիկի տոնին սեղանին դնում են գաթա, գինի, չամիչով փլավ, ձուկ, կանաչեղեն, աղցան և ամենակարևորը՝ ներկած ձվեր:

Այժմ պատմեմ, թե ինչպես մենք անցկացրինք Զատիկը:

Տոնի նախորդ օրը գնացինք սիբեխ և տաքդեղ քաղելու: Մեզ հետ էին նաև մորաքույրս, քեռակիններս՝ Ալլան և Արմինեն, մեր հարևանը և իր աղջիկը՝ Արևիկը: Մի քանի ժամ քաղելուց հետո որոշեցինք սուրճ խմել և վերադառնալ տուն, սակայն Ալլա քեռակինս այնտեղ չէր: Սկսեցինք փնտրել, կանչել, բայց ոչ մի պատասխան, հետո հայրս տեսավ նրան մեզանից շատ հեռու: Գնացինք այդտեղ, սուրճ խմեցինք և սկսեցինք քաղել, չնայած մեր որոշմանը, քանի որ բանջարը այնտեղ շատ-շատ էր: Մոտ մեկ ժամում մեր սկզբնական քաղածից էլ շատ քաղեցինք: Նստեցինք, հանգստացանք և վերադարձանք տուն:

Եկանք, գաթայի խմոր արեցինք ու երեկոյան սկսեցինք թխել, իսկ տատիկս սկսեց մաքրել բանջարը:

Առավոտյան արթնանալուն պես սկսեցինք պատրաստվել:

Զանգեցինք և մեր տուն հրավիրեցինք հորաքրոջս ընտանիքին: Մայրս պատրաստեց աղցանը, չամիչով փլավը և ձուկը, իսկ ես եփեցի ձվերը ու ներկեցի: Ամեն տարի մեր ձվերը միայն կարմիր գույն են ունեցել, բայց այս տարի դրանք խայտաբղետ էին՝ կարմիր, կապույտ, դեղին, նարնջագույն և կանաչ:Այդ ամենից հետո եղբայրս որոշեց, թե որ սպասքը պետք է դնենք սեղանին, ու մենք սկսեցինք սեղան գցել: Երբ հյուրերը եկան մեր հավկիթակռիվը սկսվեց, և ինչպես ամեն տարի, հաղթող ճանաչվեց եղբայրս:

Զատիկը մեր տանը տոնեցինք առավոտյան, իսկ երեկոյան գնացինք տատիկիս տուն: