Սեդա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

seda mkhitaryan

Անձրևից հետո

Անձրևից հետո
Գարնան քամու հետ եկած
Ծաղկի բույրն էր դա։

Անձրևից հետո
Վարդի թերթի վրա
Փայլող ցողն էր դա։

Քայքայումից փրկված,
Ու սրտի մեջ առկա
Վերջին հույսն էր դա։

Մարմնով անցնող
Տաք ու հաճելի
Արյան հոսքն էր դա։

Լույսի մեջ մտած,
Գետնին արտացոլված
Ձեռքիդ ստվերն էր դա։

Հաճելի ու քեզ դուր եկած
Մտապահածդ, պատկերացրածդ
Ցանկացած բանն էր դա։

Սերն էր դա։
Դա սերն էր,
Որ քիմքդ շոյեց ծաղկի բույրով։
Քթիդ ծայրը թրջեց ցողի նման։
Թևեր տվեց հույսից պոկված։
Կյանքով լցրեց երակներդ։
Արևի դեմ ստվեր եղավ ու շնչեցիր։
Այն պատահեց հետդ, ինչ որ երազեցիր։
Սերն էր դա։

seda mkhitaryan

Լինենք գրագետ

Հայերենը, ինչպես ցանկացած լեզու, իր զարգացման ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Փոփոխություններից բացի, լեզվում հաճախ հայտնվում են նաև սխալներ, որոնք ևս զարգացման արդյունք են։ Վանաձորի պետական համալսարանի կայքի գլխավոր խմբագիր Լևոն Սարգսյանը այսպես է ներկայացնում այդ գործընթացը. «Լեզուն, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ենթակա է «հիվանդությունների»։ Դրանցից են նաև․․․ սխալները։ Կարող է տարօրինակ թվալ, բայց սխալները լեզվի համար երբեմն զարգացման ճանապարհ բացող հնարավորություններ են, հետևաբար այդ սխալների դեմ պայքարելուց առաջ պետք է կարողանալ տեսնել նաև դրանց հնարավոր կենարար լիցքը լեզվի համար՝ սխալների դեմ պայքարն այդպիսով չդարձնելով ինքնանպատակ»։

Գրավոր և բանավոր խոսքում հայտնվող սխալները, ըստ լրագրող Նարինե Վարդանյանի, հետևանք են հեռուստատեսությամբ հեռարձակվող ցածրորակ հաղորդումների և սերիալների։ «Այս ազդեցությունը հիմնականում բանավոր խոսքն է կրում: Գրավոր խոսքի սխալները, կարծում եմ, գալիս են համացանցային տիրույթից. մենք ամեն օր ահռելի քանակությամբ անգրագետ տեքստեր ենք կարդում, իսկ դա մնում է հիշողության մեջ»,-նշում է լրագրողը։

Բանավոր և գրավոր խոսքում հնչող սխալները ուղղելու և մատնանշելու ժամանակ, ըստ Լևոն Սարգսյանի, պետք է տարբերակում մտցնել։ Բանավոր խոսքի դեպքում սխալները անընդհատ ուղղելը կարող է անքաղաքավարի լինել, իսկ գրավոր խոսքում այդ սխալները մատնանշելը կարող է նպաստել դրանց կրճատմանը։ Խմբագիրը կարծում է, որ պետք է անզիջում պայքար մղել հատկապես լայն տարածում գտած սխալների դեմ, ինչպիսին է օրինակ «ա»-ախոսությունը։ «Ես համարում եմ, որ «ա»-ախոսությունը մեր լեզվին պատուհասած ամենամեծ սպառնալիքն է։ Դա մեր լեզվի կորոնավիրուսն է, որի վերջնական զոհը կարող է լինել հայոց լեզվի հազարամյա ավանդականությունը»,- նշում է Լևոն Սարգսյանը։

Ժամանակակից աշխարհում արտահայտչամիջոցները շատ են, սակայն գրագետ և բովանդակալից տեքստը միշտ էլ պահպանում է իր կարևորությունը։

-Ոչ մի արտալեզվական արտահայտչամիջոց չի կարող փոխարինել բուն լեզվին- ասում է խմբագիր Լ. Սարգսյանը,- հնչյունային և գրային տեքստերն անփոխարինելի են, ոչ մի սիմվոլիկա (ասենք՝ ֆեյսբուքյան) ի զորու չէ հաղորդելու այն ամբողջ կենդանի եռանդը (մեր օրերում շատ տարածված է ասել՝ էներգիան), որ հորդում է այդ տեքստերից։

Իսկ լրագրող Նարինե Վարդանյանն էլ նշում է. «Նորմալ է, երբ 21-րդ դարի մարդը 5 տողից ավելի կարդալու համար պետք է տրամադրվի: Սակյան պետք է ընդունել, որ նույնիսկ այդ 5 տողը պետք է լինի գրագետ»։

Լեզվական սխալների առկայությունը լեզվի զարգացման ապացույցներից մեկն է, և սխալների դեմ պետք է պայքարել ոչ թե ամեն անգամ դրանք մատնանշելով, այլ գրագետ և որակյալ տեքստերի քանակը ավելացնելով։

seda mkhitaryan

Փոփոխություն դեպի լավը

Հանդիպման ժամից մի քիչ ուշ է գալիս։ Ինչպես միշտ խառն է, վազքի մեջ։ Բացում ենք գրասենյակի դուռը, ու փայլող աչքերով սկսում է պատմել ձեռքի երկու նվերների մասին։ Անապահով ընտանիքի երկու  երեխա նամակ են գրել Ձմեռ պապիկին։ Ինքն էլ որոշել է իրականացնել նրանց երազանքը։ Մանե Խաչատրյանի հետ  զրույցը շարունակվում է տարիքի մասին խոսելով: «Արդեն 25 տարեկան եմ, նոր է լրացել, ու առաջին անգամ եմ ասում, որ 25 տարեկան եմ։ Շատ պատասխանատու տարիքում եմ, քանի որ փոքր տարիքում միշտ մտածում էի, թե արդեն 25 տարեկանում մարդ պետք է ամեն ինչի հասած լինի, ամեն ինչ ունենա»։

Իսկ Մանեն 25 տարեկանում աշխատում է երկու վայրում` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ուսանողական ծրագրային թիմի Լոռու մարզի կոորդինատորն է և ՀԿ կենտրոնում ՀԱՄԱՏԵՂ ծրագրի համակարգողը։ Մանկության հուշերին ենք հասնում։ Պատմում է, որ իրեն հիշում է երեք տարեկանից։

FB_IMG_1576872806501

«Եղել եմ շատ խելոք` ի տարբերություն եղբորս։ Մեր տան խելոքը ես էի, հետաքրքրասեր եմ եղել, բայց միշտ գիտական առումով եմ հետաքրքրասեր եղել»։ Չնայած խելոք ու համեստ լինելուն Մանեն ուժեղ ու անվախ երեխա է եղել.

«Փոքր ժամանակ ես ընդհանրապես վախկոտ չեմ եղել, իսկ եղբայրս հակառակը` վախկոտ էր։ Մեր ու հորեղբորս ընտանիքը մի շենքում էր ապրում, ու երբ մութ էր լինում, ու եղբայրս ուզում էր գնալ հորեղբորս տուն, ես էի իրեն տանում, ես 4 տարեկան էի, ինքը արդեն 8։ Դա միշտ հիշում ու ծիծաղում ենք»։

Կարոտով է հիշում դպրոցն ու իր դասարանը.

«Մեր դասարանը լավ էր սովորում, ու ակտիվ էինք։ Բայց հասարակական կյանք դպրոցից ընդհանրապես չենք վարել։ Մեզ միայն ուսմանն էինք տվել»։

Դպրոցն ավարտելով Մանեն կատարում է մասնագիտական ընտրություն։ Առաջին մասնագիտությունը ստացել է Վանաձորի պետական համալսարանում` Անգլերեն լեզու և գրականություն բաժինը ընտրելով: Մանեն հույս ուներ հետագայում հեշտ գտնել աշխատանք։  Բայց ավարտելով այս բաժինը` անգլերեն լեզվի մասնագետը հասկանում է, որ իրեն ավելի հոգեհարազատ մեկ այլ բան պետք է սովորի։ Այդ այլ բանը հոգեբանությունն էր, որն էլ սովորում է մագիստրատուրայում:

«Հոգեբանությունը իմ անձնային աճին շատ մեծ նպաստ է ունեցել։ Հոգեբանությունը ամեն տեղ է պետք, յուրաքանչյուր հարաբերությունում։ Մի քիչ բարդ է, որ մարդկանց հետ շփվում ես, ավելի խորն ես ուսումնասիրած լինում հոգեբանությունը, ժեստերից հասկանում ես, որ իրենք քեզ այդ պահին խաբում են, բայց պետք է ցույց չտաս, այդ առումով կյանքդ դժվարանում է»։

Հասարակական ակտիվություն ցուցաբերել սկսում է ուսանողական տարիներից։ Առաջին կուրսում դառնում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կամավոր և մինչ օրս աշխատում է այնտեղ։ «Այս կազմակերպությունը շատ մեծ ներդրում ունեցավ իմ անձնային աճի վրա։ Ու այդտեղ հասկացա, որ կամավորական աշխատանքը, հասարակական աշխատանքը այն է, ինչը ես անում եմ միշտ։ Ես տեսել եմ ինչ-որ խնդիր հասարակության մեջ ու փորձել եմ դա լուծել։ Ինքնս ինձնով նախաձեռնել եմ, բայց չեմ հասկացել, դա ինչ է»։

Ինչպես հայկական շատ ընտանիքներում` Մանեի ընտանիքում էլ սկզբում դեմ էին նրա հասարակական ակտիվությանը, բայց նա կարողանում է համոզել ընտանիքին, որ իր արածը փոփոխություն է դեպի լավը։

Մանեն նշում է, որ կամավոր լինելը մեծ ազդեցություն ունի մարդու վրա։

Իր մեջ էլ շատ բաներ փոխվել են։ Ծիծաղելով է հիշում իր մասնակցած առաջին սեմինարը.

«Փոքր ժամանակ ես բավականին ամաչկոտ էի։ Հիշում եմ նույնիսկ առաջին սեմինարին, որ պիտի մասնակցեի, կանգնեցի իմ անուն ազգանունը պիտի ասեի ու ինչ նախասիրություններ ունեմ, ձայնս դողում էր, կարմրել, կապտել էի»։

Ամաչկոտ աղջիկը քիչ-քիչ բացվեց, սկսեց ձեռք բերել շատ ծանոթներ, բայց ընկերները քիչ են.

«Ես ունեմ իմաստուն ընկերներ, մենք իրար լրացնում ու հասկանում ենք»։

Մանեն իր արած գործերի մասին չի սիրում բարձրաձայնել։ Սա վատ գիծ է համարում։

Իսկ Մանեի գործը հիմնականում կապված է երիտասարդների հետ, որոնց այսպես է բնութագրում. «Երիտասարդները հիմա շատ ազատ են, ու դա շատ լավ է: Իմ տարեկիցները ունեն շատ կոմպլեքսներ։ Շատ լավ երիտասարդներ կան, որոնք այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, որ հիանում եմ»։

Նախասիրություններ շատ ունի, դրանք բոլորը կապված են արվեստի հետ, ասում է, որ արվեստագետ չէ, բայց իրեն համարում է արվեստի մարդ.

«Սիրում եմ նկարել, թեպետ լավ չեմ նկարում, նվագել, թեպետ էլի լավ չեմ նվագում, սիրում եմ գրել, էլի ցույց չեմ տալիս ոչ մեկին իմ գրածները»։

Վերջերս իր հոբբիներից մեկը դարձավ բիզնես գաղափար։ Մանեն ամուսնու հետ ուզում էր պլաստիկի վերամշակմամբ զբաղվել, պլաստիկից ինչ որ հետաքրքիր հուշանվերներ պատրաստել։ Դիմել են ՄԱԿ-ի ծրագրին։ Այժմ  պլաստիկի վերամշակումը մի քիչ դանդաղում է, բայց նրանք նույնը անում են փայտից։ Հետաքրքիր հուշանվերներ են պատրաստում, քանոններ, առօրյայում օգտագործվող տարբեր իրեր։

«Այս ամենը արվեստի է նման, քանի որ մենք ինքներս ենք գծում, ներկում մշակում»։

Այժմ Մանեն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է իր երկու ընտանիքները` առաջինը, որտեղ մեծացել է, երկրորդը, որն ինքն է ստեղծել: «Կյանքում լավ ընտանիք ունենալուց լավ բան չկա»։

Ձայնագրիչը անջատում եմ, Մանեն վազում է կողքի սենյակ ու սկսում մանրամասն ուսումնասիրել նվերներն ու հարցնում. «Ի՞նչ ես կարծում, էրեխեքին դուր կգա՞»։

seda mkhitaryan

Հատման և զուգահեռվելու քաղաքը. Վանաձոր

Եթե գաս այս քաղաք, դու նախ վերարկուդ կկոճկես։ Հետո անձրևանոցդ կբացես, եթե անձրևանոց չունես, գլխարկդ կքաշես գլխիդ։ Եթե գլխարկ էլ չունես, ուրեմն կթրջվես։

Կքայլես ամենաբանուկ փողոցում։

Մարդիկ շատ չեն լինի։ Բայց այդ քչերից շատերը հետաքրքիր կլինեն քեզ։ Կքայլես։ Մեծ փողոց չէ։ Բայց սա ամենամեծն է։ Այո, այստեղ քիչ մարդ կա։ Քիչ գույներ կան։ Բայց այնքան գունավոր է։ Գունավոր տարբերություններ։ Գունավոր նմանություններ։ Համալսարանի դռների մոտ կանգնած երեք հոգուց երկուսը խմբագիր-գրողներ են, մյուսը` գրականագետ։ Գրականագետը ծխում է։ Գրողներց մեկը ուղղում է ակնոցը ու ականջիդ է հասնում Թումանյանի տողերից մեկը։ Գրականագետը լուռ ժպտում է։ Դու կանցնես ժպիտով ու առաջ կգնաս։ Տե՛ս, Դավիթն է՝ Պայքարի հետ (մեծատառով եմ գրում, որովհետև անունն է Պայքար)։ Երկար մազեր ունեն։ Միանգամից հասկանում ես. այո, սա ռոքի քաղաքն է։ «Որդան կարմիրի» տղերքն են։ Հասնում ես Արցախ պուրակ։ Ես այստեղով անցնելիս միշտ մտածում եմ, որ մի ժամանակ «Լավ էլի»-ն այստեղ համերգ է տվել։ Հա, դե արդեն ասացի՝ սա ռոքի քաղաքն է։ Լավ երաժշտության, լավ մարդկանց ու «Լավ էլի»-ի քաղաքը։ Էս մայթին ռոքն էր։ Մյուս մայթում սև շորերով տղաներ են, երկար «չոլկա» ունեն։ Դուք նրանց ռաբիս եք անվանում։ Այս քաղաքը հակասությունների բախման կետն է։ Բայց չէ, բախում չկա։ Սա հակասությունների հատման կետն է։ Հատման կետում կհանդիպես մի խումբ երիտասարդների։ Մեկը ֆիլմեր է նկարում։ Հետո հայտնի կդառնա։ Եթե իհարկե վանաձորյան տրամադրությունը շարունակվի նրա մեջ։ Մյուսը նկարիչ է։ Էս մեկն էլ լուսանկարիչ։ Այստեղ շատերը տաղանդավոր են։ Իսկ եթե տաղանդավոր չեն, ուրեմն չգիտեն, թե ինչումն է իրենց տաղանդը։

Մոխրագույն քաղաքը գունավոր են դարձնում տաղանդները։ Հատման կետում բոլորը ապրում են իրար կողքի ու գոհ են։ Մեկը մի անգամ ասաց, որ այս քաղաքում մարդկանց մի մասը շատ զբաղված է, մյուս մասը` շատ պարապ։ Ծայրահեղությունների քաղաք է Վանաձորը։

Սա քաղաք է, որտեղ ես չեմ ծնվել, ու չեմ ապրում։ Սա քաղաք է, որտեղ ես սովորում եմ, ու ոչ միայն համալսարանում։ Սա քաղաք-ուսուցիչ է, որի պատերի տակ զրույցները հզոր դասախոսություններից ավելին են, որի փողոցներում քայլում են տաղանդները, ու որի երկինքը միշտ մոխրագույն է։ Սա հատման ու զուգահեռվելու քաղաքն է միաժամանակ։

seda mkhitaryan

Մեդիաքննադատի կերպարը

Մեդիաքննադատի մասնագիտության առանձնահատկությունները

Մեդիաքննադատի աշխատանքը, որքան հետաքրքիր, նույնքան էլ «վտանգավոր» է։

Մեդիաքննադատությունը, ինչպես ցանկացած քննադատություն, միատոն չի ընդունվում։ Մեդիաքննադատը խոսում է նյութի մասին և մատնանշում դրա լավ ու վատ կողմերը։ Բայց ոչ բոլորին է դուր գալիս, երբ նրանց սխալները մատնանշվում են։ Իհարկե, կլինեն լրագրողներ, որոնք ուրախ կլինեն և այդ քննադատությունը կընդունեն որպես խորհուրդ։ Մեդիաքննադատը պետք է իր քննադատության համար հիմք վերցնի փաստերը, իհարկե չմոռանալով, որ յուրաքանչյուր փաստարկ ունի հակափաստարկ։ Լրագրությունը իր ամբողջության մեջ պետք է ձգտի օբյեկտիվության, բայց այն, այսպես ասած, անկախ իր կամքից սուբյեկտիվ է։ Այս առումով մեդիաքննադատի աշխատանքը ավելի սուբյեկտիվ է, քանի որ արդեն իսկ լրագրողի կարծիքի հետ չի համընկնում։ Լինելով սուբյեկտիվ աշխատանք՝ մեդիաքննադատությունը պետք է միտված լինի օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը։

Մեդիաքննադատի կերպարի առանձնահատկությունները

Մեդիաքննադատը իր գործունեության շրջանակով, փորձով և տեղեկացվածության մակարդակով պետք է լինի ավելի բարձր աստիճանի վրա, քան այն մարդը, ում նա քննադատում է։ Այս առումով մեդիաքննադատը ինքը պետք է մինչ այդ աստիճանին հասնելը ենթարկված լինի քննադատության և աշխատանքի ընթացքում ևս քննադատվի։ Կարծում եմ՝ այդ շղթան պետք է շարունական լինի, մեդիաքննադատը քննադատի լրագրողին, իսկ մեդիաքննադատին ևս լինի քննադատող։ Իսկ այս շղթայի վերջին օղակը լինի հենց սպառողը։

Մեդիաքննադատի տարիքը ևս կարևոր է։ Իհարկե սա միանշանակ չէ, բայց մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում երիտասարդներին։ Մեդիաքննադատը պետք է լինի օրինակելի, պրոֆեսիոնալ։

Մեդիաքննադատի աշխատանքի դժվարությունները

Մեդիաքննադատի աշխատանքը դժվար է այնքանով, որ հաճախ «քննադատվողները» նրա գործընկերներն են, նախկին գործընկերները և ծանոթները։ Սա կարող է ազդել նրա աշխատանքի օբյեկտիվության վրա։

Մեդիաքննադատի խնդիրը Հայաստանում կարելի է համարել այն, որ հասարակությունը հետաքրքրված չէ նրա աշխատանքով։ Մեդիագրագիտության պակասի պատճառով հասարակությունը չի հետևում մեդիաքննադատությանը, նրանց մի մասը ակտիվ մեդիասպառող է, բայց մեր օրերում մարդիկ ժամանակ չունեն վերլուծություն և քննադատություն կարդալու։ Իսկ այս փաստը մի տեսակ անիմաստ է դարձնում մեդիաքննադատի աշխատանքը։

Այնուամենայնիվ, մեդիաքննադատների կատարած աշխատանքը կարևոր է լրագրողների համար։ Ընդունելի լինի այդ քննադատությունը, թե ոչ, այն անհրաժեշտ է։ Լրագրողները հաճախ ուշադրություն չեն դարձնում հասարակ մարդկանց քննադատություններին, և մեդիաքննադատը այս առումով կարելի է ասել հասարակության ձայնն է, որը միշտ հաշվետու է պահում լրատվական դաշտի ներկայացուցիչներին։

seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%։

Եթե մատներդ հաշվի մեջ չլինեն, քո մարմնի վրա թերակտիվության տարածվածությունը կկազմեր 100 տոկոս։

Դե, գնա գրողի ծոցը։

Դու չես ասելու` շարժեմ մատներս, ուսերս, թե ուղղակի քայլեմ։ Դու քո երկինքներում ի՞նչ գիտես, թե ինչ եմ անում ես հողի վրա։

Հողի, որ դեպի քեզ է ձգվում ու ինձ էլ հետը ձգում։ Վաղուց չես եկել։ Եկել ես ասելու, որ թերակտի՞վ եմ։ Իսկ դու ի՞նչ գիտես քամու մասին, որ պատուհանից մտնում է ներս, շարժում ծաղկամանի ծաղիկների տերևները, սենյակի լույսը, թարթիչներս, ամեն ինչ շարժում է։ Մեր կյանքում ամեն ինչն էլ շարժման արդյունքում է լինում։ Իմ պարագայում` մատների շաժման։ Հա, ճիշտ ես, մենակ մատների շարժման։ Հա, էլի են ասել, որ սիրուն մատներ ունեմ։ Դու առաջինը չես, իհարկե, բայց քո ասածը ավելի կարևոր է, դե, երկնքից այստեղ նկատել ես։ Գիտե՞ս՝ քանի անգամ են ասել, որ դաշնակահարի մատների են նման։ Հա, բայց տեսնես տգեղ մատներով դաշնակահար չի՞ լինում։ Բայց տգեղ մատներ լինո՞ւմ են։ Չէ։

Ճիշտ ես։ Դու մատ չունես։ Բայց հեչ եղե՞լ է, որ զգաս քամու հարվածը մեջքիդ։ Կամ լսես քամու ձայնը խաղողի վազի մեջ։ Հետո քամին մտնի ներսդ։

Ասում են՝ շատ կետադրական նշանները խանգարում են։

Դու թեմայից թեմա ես թռչում։ Ի՞նչ կապ ունեն կետադրական նշանները մատների հետ։

Հըմմ, շատ խորաթափանց ես, իսկ իմ մատները ի՞նչ կետադրական նշանի են նման։ Հենց մտածես` ասա։ Շատ լիրիկական զրո՞ւյց է։ Չէ։ Իրական բաների մասին ենք խոսում։ Քո երկինքներում հաստատ մոծակներ չկան։ Ներքևում` այստեղ, շատ մանր ու սիրուն բաներ կան։ Ես չգիտեմ, գուցե երկնքում էլ փշաքաղվում են։ Կամ էնտեղ միշտ փշաքաղված են։ Գուցե երկնքում էլ կապույտ աչքերով մանկիկ կա։ Գուցե էնտեղ բոլորի աչքերը կապույտ են, ու դրա համար երկինքն էլ է կապույտ։ Էնտեղ դաղձի թեյ կա՞։ Իսկ լույսի տակ փայլող սարդոստա՞յն։ Լսիր, ձեր մոտ դաշնամուր կա՞։ Իսկ սառը ձմերո՞ւկ` կորիզները հանած։ Քո տան կողքի տունն է՞լ է ձմեռը հեքիաթային լինում։ Էդտեղ ձիերը վազո՞ւմ են` բոլորը նույն ուղղությամբ։ Էդտեղ ձիեր կա՞ն։ Երկնքում է՞լ է ձորից մշուշ բարձրանում, կպչում մատներիդ։ Վերևում ձորեր կա՞ն։

Դե ասա, գնացի՞ր…

seda mkhitaryan

Կարծրացած

Հեչ նայե՞լ եք թոշնած վարդին, էն որ արդեն գույնը էն չի, թուլացած է, ծայրերը` մի քիչ չորացած։ Գիտե՞ք, էդ վարդը մեր ներսի նման է։ Թուլացած, գույնը գցած։ Ու գնալով դեպի վատն է գնում։ Գիտե՞ք, չենք ջրում, պատճառը դա է։ Չենք սնում մեր ներսը, թոշնում ենք։ Հետո էլ դեռ ժամանակը չի լինում, որ մեռնենք, ու էդպես չորացած կպչում ենք թփին ու մնում։ Ոչ մի բան չի շարժվում ներսում։ Օրերը կողքով անցնում են։ Մեր ներսում բան չի փոխվում։ Կարծրացել ենք ու չենք շարժվում։ Թոշնածությունից մեր թերթիկները կախվում ու փակում են մեր աչքերը։ Մենք կարճ շոր հագած աղջիկ ենք տեսնում։ Ասե՞մ` ինչ ենք մտածում։ Կարծում եմ` պետք չի։ Մենք կորցրել ենք մեր գույնը։ Ու համոզված ենք, որ ուրիշներն էլ պիտի էդպիսին լինեն։ Տարբերությունները քամու հետ գալիս, խփում են մեր դեմքին։ Ամեն քամու հետ մի թերթիկ է պոկվում վարդից։ Թե վերջում ինչ է մնում, դուք ենթադրեք։ Մենք պետություն դարձո՞ղն ենք։ Մեր պետության ճանապարհի կողքի զուգարան մտնելուց հետո զբոսաշրջիկը դուրս եկավ ու փսխեց։ Չմտավ էլ, դուռն էր բացել ուղղակի։ Իսկ դրսում կանգնած հպարտ քաղաքացիները բերաններն էին բացել։ Ծիծաղեք։ Մեկ է` թոշնած ենք։ Ու ստիպում ենք, որ զբոսաշրջիկն էլ թոշնի։ Հետո նեղանում ենք քամիներից, որ պոկում են մեր թերթիկները։ Իսկ Թումանյանը դեռ մի 100 տարի առաջ հասկացել էր, որ ներսից ենք փչացած։ Ու մեր ճյուղերը սովոր չեն թարմ ու առողջ վարդի։ Իրենք հենց հայտնվում են, թոշնածները հիշում են իրենց արմատները։ Հիշում են հին տեքստերը։ Հիշում են, որ իրենց խորը արմատներին կարմիր ու թարմ վարդը սազական չէ։ Դե, գիտեք` ի՞նչ, էդ արմատները հենց էդպիսի ուրիշ վարդերի շնորհիվ կան։ Դեռ կան…

seda mkhitaryan

«Նոր Վանաձոր» ուսանողական նախաձեռնություն

«Նոր Վանաձորը» Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնությունն է։ Ուսանողական խումբը ստեղծվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նախաձեռնության անդամ, ուսանողուհի Լուսէ Բաբախանյանի խոսքով խմբի գլխավոր նպատակը քաղաքում առկա խնդիրների բացահայտումն է։ Նույնանուն ֆեյսբուքյան էջում խմբի անդամները պատմում են այն խնդիրների մասին, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Լուսանկարներ, տեսանյութեր, սրանք այն գլխավոր միջոցներն են, որոնցով ուսանողները արձագանքում են խնդիրներին։ «Նոր Վանաձոր» նախաձեռնության անդամները սակայն չեն սահմանափակվում միայն խնդիրների բարձրաձայնմամբ, այլ նաև փորձում են աջակցել դրանց լուծմանը։ «Մենք պահում ենք կապը երիտասարդության և քաղաքապետարանի միջև։ Մենք հրավիրում ենք համայնքապետարանի ուշադրությունը մեր քաղաքի խնդիրների վրա»։ Երիտասարդները հաճախ անձամբ մոտենում են համայնքապետարանի աշխատակիցներին, խոսում, պատմում խնդրի մասին։ Լուսէն ասում է, որ իրենց բազմաթիվ նկարներից և հորդորներից հետո աղբահանությունը ավելի լավ է սկսել իրականացվել։ Բացի խնդրի մասին խոսելը` խումբը նաև իրականացնում է սեփական ակցիաները։ Նրանք կազմակերպում են շաբաթօրյակներ։ Խմբի գլխավոր նպատակներից մեկը քաղաքի գետերի հուների մաքրումն է։ «Տանձուտ գետի երկայնքով տեղադրված աղբամանները բաց են և քամին ու կենդանիները աղբը տարածում են, լցնում գետի մեջ, արդյունքում ունենում ենք աղտոտված գետ»։ Խմբի անդամները նախատեսում են ամռան ընթացքում մաքրել գետի շրջակայքը։

«Նոր Վանաձորի» ուղղվածությունը միայն բնապահպանական չէ։ Նրանց ջանքերով ցանկապատվել է Դիմաց թաղամասի գրադարանը։ «Գրադարանը օպտիմալացվել էր, և տարածքը անբարեկարգ էր, մարդիկ գողանում էին գրքերը»։

Այսպիսով նախաձեռնությունը շարունակելու է իր աշխատանքը` նպաստելով ավելի մաքուր, բարեկարգ ու նոր Վանաձոր ունենալուն։

seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Ուզում եմ այսօր քեզ պատմել մարդկանց մասին։ Մեր մոլորակում լիքը մարդ կա։ Շատ, չես էլ պատկերացնի՝ ինչքան։ Նրանք ամեն անգամ քեզ նայում են ներքևից, բայց բոլորը չէ, որ նայում են։ Մի մասի համար դու ուղղակի կետ ես երկնքում։ Լավ, տես այն աղջկան՝ երկար մազերով։ Նա այն տեսակի մարդկանցից է, որոնք եթե տեսնեն, որ ինչ-որ բան ընկավ գետնին, անմիջապես կմոտենան ու կվերցնեն։

Իսկ նա, տես, հենց այդ «նրբանկատի» կողքին։ Կարճ մազերով է ու առանց շպարի, նա այն տեսակից է, որ միշտ նկատում է ընկածը, մտածում, որ կարելի է վերցնել, բայց, այնուամենայնիվ, ալարում է։

Հենց երթուղայինում մեր դիմաց նստածին տեսնո՞ւմ ես։ Նա էլ այն տեսակի աղջիկներից էր, որոնց եղունգները միշտ կարճ կտրված են ու չներկված։ Նրանցից, որոնք միշտ շտապում են և ուշանում սովորաբար։ Այն տեսակներից, որոնք միշտ մեծ, իրենցից մեծ ուսապարկով են, որը լցված է ինչով ասես՝ պիտանի ու անպետք, ինչով ասես։ Նրանցից, որոնք միշտ ունեն տափակ կոշիկներ, անհասկանալի մազեր։ Նրանք զբաղվում են որևէ կարևոր գործով, մի բանով, որը օգուտ է բերում շատերին։ Այս աղջկան ամեն օր էլ տեսնում եմ։ Իսկ այնտեղ՝ անկյունում նստածին տեսնո՞ւմ ես։ Նայիր՝ ինչպիսի աչքեր ունի։ Նա այն տեսակի մարդկանցից է, որ լուռ նստում են անկյունում, դիտում բոլորին, ամեն ինչ։ Ու նրանք գիտեն ամեն ինչի մասին՝ ում հագին ինչ կա, ով ինչպես է քայլում, ով քանի անգամ նայեց իրեն ու ինչպես։ Այո, նրա նմանները քիչ են, բայց, այնուամենայնիվ, կան։ Իսկ այս կինը, ի՞նչ կասես նրա մասին։ Դե հա, արտաքինը, իհարկե, սովորական է, տեսակն էլ, իմիջիայլոց, շատ սովորական է ու տարածված։

Նա այն տեսակի կանանցից է, որոնք անմիջապես ձգում են հոնքերը, երբ ամուսինը ձեռքը տանում է գրպանը կամ փորձում լավություն անել բարեկամներից որևէ մեկին։ Հա, նրանց ընտանիքում միշտ էլ էդպիսի վեճեր լինում են։

Այն տղային տեսնո՞ւմ ես։ Դասի է շտապում։ Նա սաստիկ այսօրվա տեսակ է։ Խոսում է՝ գիտի, թե չէ, ասում է, կարևորը՝ ձայնը լսվի։ Կապ չկա նախադասությունների մեջ, բառերի։ Այսօր իրոք կա պահանջը նրա նմանների։ Մարդկանց մեծամասնությունը սիրում է այս տեսակին։ Սիրում է ու մեծարում։ Նրա հետ փորձում են ընկերանալ, նրա կողքին շատ երևալ։ Բայց եթե խորանում են, հասկանում են, որ դատարկ էր, իսկ դատարկությունը երբեք բառերով չի լցվում։

Իսկ այս աղջիկը։ Տե՛ս, այնտեղ, մի քիչ թմբլիկ։ Անցնում է փողոցը, նայի՛ր։ Նրան ճանաչում եմ։ Գիտես ինչպիսին է. նա միշտ աղմկում է քայլելիս, խոսելիս, ամեն ինչ անելիս աղմկում է։ Հարց է տալիս, ու սեփական աղմուկից հարցը չի լսվում։ Նրա ներկայությամբ լռություն լինել չի կարող։ Ու նրա մեջ լավ բան գտնել կարելի է միայն սրտում։ Չհղկված է, բայց բարի սիրտ ունի։ Առհասարակ, սրտի որակը երբեք արտաքինից չես հասկանում։

Այն երեխա՞ն։ Հա իրոք, մեղք է, պայուսակը իրենից մեծ է։ Բայց դու մորը նայիր։ Նա այն մայրիկներից է, որոնք փորձում են իրենց երեխային հետ չպահել ոչնչից։ Որոնք «երեխաս գնում է պարի» ասելու փոխարեն ասում են՝ մենք գնում ենք պարի, և իրոք, նա միշտ երեխայի հետ է։ Նա առավոտյան միշտ ջրով լի շիշը մտցնում է երեխայի պայուսակի կողքի գրպանը՝ էլ ավելի ծանրացնելով այդ պայուսակը։ Տես այս մարդուն, որ նստեց մեքենան, նա էլ գիտե՞ս ինչպիսին է… Հեյ, ո՞ւր ես գնում, բայց ես դեռ չէի ավարտել…

seda mkhitaryan

Հայրենիք` մեռնելու համար

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

susanna harutyunyan girq erkrord kiraki

Պողոսի հիսուն տարին լրացել էր, եկել էր, որ հայրենիքում մեռնի («Second hand»)։ Նկուղ էր վարձել, խանութ բացել։ Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է` լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր։ Բայց եկել էր մեռնելու։ Մի՞թե հայրենիք ապրելու համար չեն գալիս։ Բայց մահվան տառապանքը միայն սեփական երկրի հողի գլխին պետք է թափվի։ Իսկ ապրելուց ստացած հաճույքը պետք է ուրիշ երկրում թողնել։ Սարոյանն ասում էր. «Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»։ Ու մեր հերոսները հիշել են հայրենիքի մասին ոչ թե այն ժամանակ, երբ նա կարիքի մեջ է, այլ երբ իրենք են դժվարության մեջ, ասել է թե` մեռնելու են։

Կյանքի հաճույքը թողած ուրիշ երկրում` Թաթոսն («Հումուս») էլ էր հայրենիքում հող գնել, որ թաղվի։ Բայց Աբոն նրա առաջ դրեց ճշմարտությունը. «Ձեզ ինչի՞ ա թվում, որ դուք հիշողություն ունեք, իսկ հողը չէ։ Հողը չի ընդունի քեզ, Թաթոս, որովհետև դու էս հողի վրա ոչ արյուն ես թափել, ոչ քրտինք։ Էստեղ դու շիրիմ չես դառնա, հումուս ես լինելու, ուրիշ ոչ մի բան, հումու՛ս…»։ Պողոսի թաղվելու տեղում էլ մի քանի մարգ լոբի կարելի էր ցանել։ Ու լոբին կպարարտացվեր Թաթոսից «ստացված» հումուսով։ Թաթոսի համար հայրենիքը Զովունիում հաց ուտելն էր, բարեկամներին տեսնելը ու Հայրենիքի կենացը խմելը։ Այսպիսի հայրենասերների մասին է Վարդգես Պետրոսյանը ասում. « Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…»։

Պողոսն ավելի «չոր» է, նրա համար հայրենիքը միայն մեռնելու տեղ է։ Նա էլ այս հողի վրա արյուն ու քրտինք չէր թափել, բայց մահվանն ընդառաջ որոշել էր խանութ բացել։ Պողոսը իր բացած խանութի անունը հետը ուրիշ երկրից էր բերել` Second hand։ Ինչպես Սարոյանն է ասել. «Հայերենը հայուն խորհուրդն է»: Բա ափսոս չե՞ն մեր տառերը, որ նրանցով մեռելի շորերի խանութին անուն դնենք։ Մեռելի շորեր. մի պատմվածքում դրանք Պողոսը վաճառում է, մյուսում («Ժառանգություն») մահացած սկեսրոջ շորերը հարսը ուզում էր բաժանել բարեկամներին։ Սկեսրոջ մահճակալը դրել էին անձրև-արևի տակ, որ վրայից իջնի մահացածի տառապանքը, իսկ շորերը կարելի է հագնել։ Բայց Պողոսի վաճառած շորերին ներծծված էին մահացածների հույզերն ու ապրումները։

«Մենք մեռելի շոր վաճառելու սովորություն չենք ունեցել»։ Այսպես մտածող կնոջ նկուղում այժմ այդպիսի մի խանութ է բացված, ու այդ նկուղի համար տրվող վարձը նրա միակ եկամտի աղբյուրն է։ Նկուղի, որտեղ մկների ձայնից բացի այլ բան չէր լսվում։ Այդ նկուղը մի քիչ նման է մեր հայրենիքին, այնտեղ էլ են գալիս նրանք, ովքեր այլևս գնալու տեղ չունեն, գալիս են, որ ապակի ուտեն, վնասեն իրենց աղիքները ու մեռնեն։ Նկուղի սեփականատեր կինը իր մորաքրոջ ամուսնուն նմանեցնում է մկան, որը ապակի է կերել ու վնասել աղիները։ Մորաքրոջ ու հարևանուհու իմաստությունը հուշում է նրան` ամուսնանալ Պողոսի հետ ու մի երեխա հետ գցել, ինչ կա որ. «Ապրելու տարիքն արդեն բաց ես թողել, գոնե կյանքից մի բան փախցնես»։ Բայց ոչ, այս կինը չի սիրում second hand։

Պողոսի համար միևնույն է իր անունը ինչպես կարտասանեն` Բողո՞ս, Փողո՞ս, թե՞ Պողոս։ Նրա անունը իր համար second hand էր, արդեն պիտակը կորցրած։ Իսկ հայրենիքի մարդիկ հազար ու մի օրինակ կարող են բերել, թե ինչպես են անվան պատճառով մարդիկ դժբախտացել։ Նկուղի տիրոջ մորաքրոջ ամուսինը հիշեց, որ իր պապին թուրքերը մորթեցին, որովհետև հրաժարվել էր անունը փոխել։ Երևի նրա պապը օտարության մեջ թաղվեց, իսկ Պողոսը եկել է հայրենիքում մեռնելու։ Պողոսն ինքը second hand էր` քսանմեկերորդ դարի քիմիական մշակում անցած, «այնպիսի մշակում, որ անգամ հային է մոռացնել տալիս իր հայ լինելը…»։ Նա հասցրել էր սեղմել Քենեդու ձեռքը, հասցրել էր ապրել մի ամբողջ կյանք` հիսուն տարի։ Ապրել օտար երկրում, բայց եկել էր հայրենիքում մեռնելու։ Պողոսի մեջ դեռ ապրում էր մարդը, որն ուներ ոսկեգույն ժպիտ, «դառնարյուն, անաստղ բան էր, բայց անշառ էր…»։ Նրա ժպիտը նման էր իր դարակում շարված ոսկեգույն պիտակներին։ «Քանի՞ քիմիական մշակում էր անցել Ամերիկայում ծնված մեծացած նրա ժպիտը, քանի սեր, կին ու երեխա, քանի հույս ու հուսահատություն է հանգել ու քարացել այդ կնճիռների տակ»։ Այնուամենայնիվ դեռ զգացմունք ուներ, դեռ ձեռքերում ջերմություն կար։ Ու ի զարմանս նկուղի սեփականատիրոջ` նրա ձեռքը նույնիսկ հաճելի էր։  Հաճելի էր, բայց second, ու մերժվեց։  Թաթոսի բարեկամները չմերժեցին նրան, դժվար օրերին իրենց կողքին էր եղել, ասել է թե մի քանի կոպեկով օգնել էր հայրենիքին։ Միայն Աբոն, այդ երեք անգամ դատված և հետևաբար անամոթ ու ոչնչից այլևս չվախեցող մարդը համարձակվեց ասել նրան իր ինչ լինելու մասին։ Աբոն, որ ասաց, թե այստեղ չի մնա ու կգնա Ռուսաստան։ Նա գնաց, որ ուրիշ երկրում ապրի իր հանցագործ կյանքը, որ հայրենիքը մաքուր մնա։ Իսկ Թաթոսը թաղման հողն էր նախապատրաստում։ Թաթոսն էլ second hand էր դարձել։ Նա էլ հիսուն տարեկանում եկավ հայրենիք։ Եկավ ավելի իմաստնացած, այնքան, որ արդեն հասկացել էր, որ մի օր մեռնելու է։ Պողոսը հետը օտար անուն էր բերել` խանութի համար, իսկ Թաթոսը` օտար կին։ Բայց կարևորը` Թոխմախում տեղն ապահովագրել էր։ Ու ոչ միայն իր, նաև ազգակիցների։ Ազգակիցների, որոնք Թաթոսի տեղը տոհմածառի վրա դժվարանում էին գտնել, բայց հենց նեղն էին ընկնում, լավ էլ հիշում էին նրա տեղը ու նամակ գրում։ Բայց Թաթոսը իմացավ, որ վերջում հումուս է դառնալու։ Չնայած մահից հետո ի՞նչ տարբերություն` ինչ կդառնաս։ Ու բացի այդ, հումուսը օգուտ կբերի, իսկ շիրիմից ի՞նչ օգուտ։ Բայց չէ որ մահն էլ են վաստակում («Երթևեկություն»), շիրիմ դառնալն էլ պիտի վաստակես։ Ու հայրենիքում թաղվելն էլ պիտի վաստակես։ Ու պիտի վաստակես անկախ նրանից` հայրենիքում ես ապրում, թե դրա սահմաններից դուրս։ «Խեր, շառ, Աստված» պատմվածքի մեջ Վարդանի հանդիպած մեռելն էլ հայրենիքում էր ապրել, բայց ափսոս էր հողը, որում նրան թաղելու էին։ Նրանց համար կարևոր էր մեռնել ու թաղվել հայրենի հողում, բայց հողին հարցրել ե՞ք, ինքը ձեր կարիքն ունի՞… Ունի, իհարկե, բայց ձեր կենդանի ժամանակ, այն ժամանակ, երբ կարող եք քայլել իր վրա, այլ ոչ թե գալ ու հանգիստ պառկել նրա մեջ` ձեզնով էլ ավելի ծանրացնելով առանց այդ էլ ծանր հողը։