Սեդա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

«Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Ինչպես արդեն շատերդ գիտեք, իմ հայրենի գյուղը Քարինջն է։ Ես նախորդ նյութերում ասել եմ, որ մեր գյուղը իր գեղեցկության համար արժանացել է Մարտիրոս Սարյանի վրձնին։

Մի քիչ պատմեմ` ինչպես է եղել դեպքը։ Սարյանը մի անգամ հյուր է գալիս մեծ լոռեցուն՝ Հովհաննես Թումանյանին։ Երբ Թումանյանն ու Սարյանը շրջում էին Դսեղով՝ Սարյանի աչքից չի վրիպում Քարինջը, որ Դսեղի Դդից աննկարագրելի գեղեցիկ է։ Սարյանն էլ նկարում է գյուղս ու հայտնի դարձնում այն։ Կտավը կոչվում է «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»։ Այդ նկարը գտնվում է Մոսկվայում` ժողտնտեսության ցուցահանդեսում։ Մ. Սարյանի այդ նկարը շատ երկար ժամանակ պատկերված էր 2-րդ և 3-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքի կազմին։ Բայց կտավը թերևս այնքան հայտնի չէր լինի, եթե չդրվեր ՀՀ 5000-անոց թղթադրամի դարձերեսին, իսկ մյուս կողմում Թումանյանն է, կարելի է ասել, 5000-անոցը Լոռու խորհրդանիշն է։ Սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն, բայց յուրաքանչյուր քարինջեցու ուրախությունն ու հպարտությունն է դարձել։

Սևանի աշնանային մեդիա ճամբարում, երբ ներկայանում էի, նշեցի, որ մեր գյուղը Սարյանի վրձնին է արժանացել ու ցույց տվեցի երեխաներին թղթադրամի վրայի նկարը։ Իսկ իմ սիրելի Անին՝ Դսեղից սկսեց հետս վիճել, թե եթե Սարյանը Դսեղ չգար, տեսնեմ Քարինջը ո՞նց էր նկարելու։

seda mkhitaryan

Հիվանդները

Մենք բոլորս էլ ունենք երազանքներ ու նպատակներ, առանց դրանց գրեթե անհնար է:

Օրինակ, ես երազում եմ լրագրող դառնալ, փոքր քույրիկս՝ դերասանուհի, ընկերուհիս՝ երգչուհի, իսկ մյուս ընկերուհիս նույնպես դերասանական ցավով է տառապում։ Ամեն մեկս մի հիվանդություն ունի։ Երբ հանդիպում ենք ու սկսում զրուցել, պատկերացնել մեր ապագան, կողքից մեզ լսողը ծիծաղից կփլվի։ Սկսում ենք երազել, որ օրինակ, քույրս ճանաչված դերասանուհի է, իսկ ես նրանից հարցազրույց եմ վերցնում՝ իմ հեղինակային հաղորդման տաղավարում նստած։ Հաջորդ օրվա հյուրս էլ երգչուհի ընկերուհիս է.

-Լո՜ւս, կարո՞ղ ա` դառնաս հայտնի, քիթդ ցցես ու հրավերս մերժե՞ս՝ չգաս հարցազրույցի։ Կամ` գաս, բայց չճանաչես, ավելի ճիշտ՝ չճանաչելու տաս ինձ։ Հը՞ն,- այդ պահին ծիծաղելով ասում եմ ես:

-Դե, գիտե՞ս ոնց,- իրենից գոհ-գոհ սկսում է,- շատ հնարավոր է։

-Հը՜մ… Իսկ ես կհիշեցնեմ քեզ, կասեմ. «Արդյո՞ք հիշում եք, որ մի բակում ենք մեծացել, նույն դասարանում սովորել»: Բա այդ ժամանակ ի՞նչ կասես։

Հետո միասին բարձրաձայն ծիծաղում ենք, հետո միանգամից լռում։ Երևի նրանք էլ իմ պես սկսում են մտածել իրենց ապագայի մասին, մտքում իրենց երևակայում հայտնի ու կայացած, պատկերացնում աշխատանքի մեջ…

Բայց այս երևակայական ու պատկերավոր կյանքին հասնելու համար, մեզանից յուրաքանչյուրը պիտի հաղթահարի պրոբլեմներով հագեցած մի ամբողջ ճանապարհ, որը հեշտ չի լինելու։ Օրինակ, ընկերուհուս տանը դեմ են նրա «դերասանական կարիերային», մեր տանն էլ այնքան համաձայն չեն քրոջս որոշմանը։ Բայց ամեն դեպքում, մարդ պիտի ինքնուրույն ընտրի իր հետագա կյանքի կերպը, իր մասնագիտությունը։

Հ.Գ. Երանի ամեն ինչ մեր պատկերացրածի պես լինի, այդ ժամանակ ես կհամարեմ, որ երազանքս կատարված է։

seda mkhitaryan

Քույրս ուսանող է

Որոշեցի հարցազրույց վերցնել քրոջիցս, ով արդեն երեք տարի է` ուսանող է, սովորում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզու և գրականության բաժնում։

-Թագուհի, ինչո՞ւ ես ընտրել այս մասնագիտությունը։

-Ամենասկզբից ցանկանում էի դառնալ լրագրող, սակայն ինչ-ինչ հանգամանքներ ստիպեցին ինձ փոխել ծրագրերս։ Այդ իսկ պատճառով ընտրեցի ներկայիս մասնագիտությունը, քանի որ կա հնարավոր աշխատատեղ։

-Իսկ ի՞նչ հանգամանքներ փոխեցին ծրագրերդ։

-Ի դժբախտություն ինձ, այն ուսումնական տարում, երբ ես դիմորդ էի, Վանաձորի պետական համալսարանում փակվեց լրագրության բաժինը, իսկ ես չցանկացա ուսումս շարունակել Երևանի բուհերում, քանի որ գյուղական ոչ մի ընտանիք չի կարող իրեն թույլ տալ ուսանող պահել Երևանում։

-Փաստորեն պատճառները միայն ֆինանսակա՞ն էին։

-Ոչ միայն, ես որպես լոռեցի երիտասարդ ինձ չէի տեսնում և հիմա էլ չեմ տեսնում երևանյան միջավայրում, որտեղ ըստ իս, մարդկային որակները բավականին այլ են։

-Քաղաքում ապրելը, նոր միջավայրը արդյո՞ք առաջացրին դժվարություններ կամ խնդիրներ, մի փոքր պատմիր այդ մասին։

-Հիմնականում լուրջ խնդիրներ չեմ ունեցել, քանի որ դպրոցական տարիներին եղել եմ ակտիվ, շփվող և հաճախ եմ դուրս եկել գյուղից, շփվել տարբեր մարդկանց հետ։ Դա ինձ հետագայում շատ օգնեց` հեշտ ծանոթանալ կուրսընկերներիս հետ, հարմարվել նոր միջավայրին ու պայմաններին։

-Կհիշե՞ս որևէ դեպք, երբ ասենք, խառնել ես երթուղայինը կամ իջել սխալ կանգառում։

-Դժվարն առաջին մեկ ամիսն էր։ Մի անգամ (ծիծաղում է) նստել էի սխալ երթուղային և անիմաստ ծախսեցի հարյուր դրամ։ Մի անգամ էլ դասից ուշացա լսարանի փնտրտուքի պատճառով, սրանք դեռ ոչինչ: Երբեմն լինում են այնպիսի դեպքեր, երբ քեզ վատ ես զգում՝ օրինակ, երբ դաս պատմելդ ընդհատում են սխալ շեշտադրությամբ (լոռեցու շեշտադրությամբ) խոսելու պատճառով։

-Ասում են, որ ուսանողական կյանքն ամենահետաքրքիր ժամանակահատվածն է, ի՞նչ կասես այս մասին։

-Իմ բախտը շատ է բերել։ Հայտնվել եմ մի կուրսում, որի ներկայացուցիչների մեծ մասի մտածելակերպը համընկնում է իմի հետ։ Յուրաքանչյուրս մի առանձին անհատականություն ենք, սակայն միևնույն ժամանակ, մի մեծ և ուժեղ թիմ։ Բացի այն, որ ապրելով քաղաքում, ազատ ժամանակս անցնում է բավական հագեցած, ուսանողական կյանք կոչվածի շնորհիվ ես ձեռք եմ բերել ոչ թե կուրսընկերներ, այլ իրական ու լավ ընկերներ։

-Որպես ապագա ուսանող, ի՞նչ խորհուրդ կտաս ինձ։

-Խորհուրդ կտամ լինես ակտիվ, երբեք չընկճվես,մտածես որ վաղն ամեն ինչ լավ կլինի, ու ամեն ինչ անես այդ լավի համար, և ամենակարևորը, առաջին անգամ դաս պատասխանելիս աշխատես խոսել ճիշտ շեշտադրությամբ։

seda mkhitaryan

Ինչ են անում մարդիկ առանց մտածելու

Մենք ապրում ենք առանց մտածելու։ Երբ ծնվեցինք, աշխարհը իր ողջ կանոններով ու օրինաչափություններով լցվեց մեր մեջ, տրվեց մեզ։ Ու մենք հարմարվեցինք։ Ինչեր ենք անում առանց մտածելու, առանց մտածելու ինչ-որ գույնի անվանում ենք` «կարմիր», ու այն սկսում է այդպես կոչվել։ Իսկ ո՞վ է որոշել, որ դա հենց կարմիրն է, ոչ թե` սևը: Սևը տխրության գույնն է, ոչ թե երջանկության արտահայտման։ Ո՞վ է որոշել, որ երբ մարդու ես տեսնում, պիտի բարևես, իսկ հեռանալիս ասես` ցտեսություն, և ոչ թե հակառակը։

Հաճախ երեխաները սկսում են նման տարբեր հարցեր տալ, որոնց պատասխանները թվում են շատ պարզ, մի բառով արտահայտվող, բայց ասացեք, ձեզնից քանի՞սն են համբերատար պատասխանել երեխայի տված բոլոր հարցերին, մեկը, երկուսը… Ոչ ոք։

Երևի հնում, երբ երկրի վրա ապրողները շատ քիչ էին, ու նրանց բոլորին դեռ հնարավոր էր նույն բանն անել տալ, մի խելացի մարդ (որը նույնպես աշխարհի օրինաչափությամբ է կոչվել խելացի) հավաքել է բոլորին ու ասել. «Այսուհետև, միմյանց բարևեք տեսնելիս, հաջողություն ասեք հեռանալիս։ Այս գույնի անունը կարմիր է, սա սևն է, և այն տխրության գույնն է, սպիտակը սևի հետ գեղեցիկ է (բայց թե ինչու` չի ասում), դա կոչվում է դասական։ Եթե մարդ լավն է, նա բարի է, եթե վատն է` չար է։ Դու պիտի տխուր ժամանակ լաց լինես, ժպտաս ուրախ ժամանակ։ Անձրևի դեմ անձրևանոց բռնես, արևից պաշտպանվես, ցուրտը չզգալու համար տաք հագնվես, ու պիտի առհասարակ, ամեն ինչի դեմ մի բան մտածես ու հակադարձես»։

Ապրում ենք արդեն ահագին ժամանակ՝ սրբորեն պահելով այս հին քարացած ու կաղապարված մտքերը, ու դա էլ ենք է, անմտածել անում։

Այսպիսի կյանքով ապրում եմ ես էլ, արդեն տասնյոթ տարի, ու գիտեմ` քիչ է, բայց մի փոքրիկ իրավունք եմ ինձ վերապահում. «Մարդիկ, ժպտացեք, հենց այնպես, հանդիպեք իրար ու այդ բարևի փոխարեն, որ հաճախ չուզելով է, ժպտացեք, գրկեք իրար, հենց այնպես, ուղղակի, չմտածված։ Միտումնավոր վիրավորելու փոխարեն, չմտածելով մի լավ բան արեք: Ասեք մարդուն, որ իր աչքերը շատ գեղեցիկ են, դա ամենահրաշք բանն է, երբ քեզ ասում են։ Առանց մտածելու, թե ինչու՝ սիրեք միմյանց, նվիրեք մի բարի ու պարզ հայացք՝ առանց մտածելու, պատահաբար…

seda mkhitaryan

Ազատությո՞ւն, թե՞…

Քսանմեկերորդ դար՝ ազատության, ինքնուրույնության ու պայքարի ժամանակաշրջան։

Ու՞ր է տանելու մեզ այս ազատամտությունը: Մենք տարբերո՞ւմ ենք արդյոք ազատությունը ամենաթողությունից… Գուցե կան մարդիկ ովքեր` այո, բայց մարդկանց մի ստվար խումբ շփոթում է այս հասկացություններն ու բարդացնում իր և իր շրջապատի կյանքը։ Սա ինձ վախեցնում է։

Այս թեման ինձ սկսեց անհանգստացնել վերջերս, երբ հասակակիցներիս ու ինձնից փոքր երեխաների շրջանում սկսեցի նկատել մի երևույթ։ Բոլորը միաբերան ասում են, թե իրենք ազատ են և կարող են անել այն, ինչ ուզում են։

Մեր դասարանի շատ աշակերտուհիներ սկսեցին վիճել այն ուսուցիչների հետ, ովքեր «կհամարձակվեին» ինչ-որ կերպ նկատողություն անել իրենց՝ իրենց հագուկապի, սանրվածքի, և որ ամենակարևորն է, սովորելու վերաբերյալ։ Դասընկերուհիս գանգատվեց, թե ինչպես կուզի, այնպես էլ կգա դպրոց: Կուզի` մազերը արձակած կգա, կուզի` հավաքած, և դա ոչ մեկի խնդիրն էլ չէ: «Իրենց համար կարևորը պիտի գիտելիքներս լինեն և ոչ թե իմ արտաքինը»։

Ինչ որ տեղ ընդունեցի, հասկացա, բայց արդյո՞ք սա միշտ ճիշտ է։ Չէ՞ որ դու եկել ես դպրոց, նստած ես աշակերտական նստարանին և ունես որոշակի պարտականություններ, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք: Ավելի ճիշտ, չենք ուզում հիշել, որովհետև դա մեզ ինչ որ չափով սահմանափակում է: Այլ հարց են մեր իրավունքները. մենք դրանք անգիր գիտենք: Չնայած, որոշներն իսկապես չգիտեն, պարզապես իրենց ցանկացածը ներկայացնում են որպես իրավունք ու սկսում պաշտպանել այն։

Հնարավոր է` գտնվեն այնպիսի «ազատամիտները», ովքեր կքարկոծեն ինձ գրածներիս համար, բայց ես շարժվել եմ հենց ձեր սկզբունքով՝ ամեն ոք ունի իր ուրույն մտածելակեպը։

seda mkhitaryan

«Դասավանդիր, Հայաստան» ծրագրի մեր ուսուցիչը

 Հարցազրույց անգլերենի ուսուցչուհի՝ Անի Հարությունյանի հետ, ով մեր գյուղ է եկել «Դասավանդի´ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում։

-Միսս Անի, կպատմե՞ք մի փոքր ձեր մասնագիտության ընտրության մասին:

-Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ` անգլերենի ուսուցչուհի: Ընդհանրապես կարծում եմ, որ մասնագիտության ընտրությունը իսկապես այն մի քանի կարևոր որոշումներից է, որ մարդ կայացնում է իր կյանքում: Մասնագիտությունս ընտրել եմ դեռահասության տարիքում, ինչպես մեզնից շատերը: Ընտրել եմ այն պարզ ու միամիտ մի պատճառով` սիրում էի այդ լեզուն: Իհարկե, ուսմանս ընթացքում արդեն սկսեցի մասնագիտությանս նայել կիրառական տեսանկյունից: Բախտս բերեց, որ սիրտս ճիշտ էր հուշել:

-Ինչպե՞ս հայտնվեցիք մեր գյուղում՝ Քարինջում։

-Որպես ընտրածս ուղու տրամաբանական շարունակություն դարձավ դասավանդման ոլորտը: Ուսումս ավարտելուց և որոշ ժամանակ դասավանդելուց հետո որոշեցի կրթական ծրագրով գնալ Չինաստան` այնտեղի դպրոցում դասավանդելու: Ամեն ինչ համարյա որոշված էր և պատրաստ: Սակայն 2014 թ. մայիսին մի քանի օրում իմ կյանքն իսկապես փոխվեց, որի համար ուրախ եմ հիմա: Հայաստանում գործում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությունը, որը վերապատրաստում է տարբեր մասնագետների և ուղարկում Հայաստանի տարածքում գտնվող առավել կարիքավոր գյուղերի դպրոցներ` դասավանդելու 2 տարով: Համացանցում տեսա իրենց հայտարարությունը, և այդ գաղափարն ինձ միանգամից գրավեց: Որոշեցի մնալ իմ հայրենիքում: Դրանից սկսվեց ամեն ինչ: Մեզ` 14 ուսուցիչներիս, ուղղորդեցին տարբեր գյուղեր: Եվ այդպես ես հայտնվեցի իմ Քարինջում, որտեղի միջնակարգ դպրոցում արդեն երկրորդ տարին է, ինչ դասավանդում եմ անգլերեն:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գյուղում և արդյո՞ք դեռ կան ինչ որ բաներ, որոնց հետ դեռ չեք հարմարվել։

-Գյուղ գալուս առաջին իսկ օրվանից տեսել եմ շատ ջերմություն և սեր տեղի բնակիչների կողմից, ովքեր ինձ չճանաչելով անգամ, հյուրընկալել են և պատվել: Սակայն ուրախ եմ նաև, որ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել դժվարությունների ամեն օր: Դրանց շնորհիվ եմ ես ուժեղանում և շարունակում բացահայտել կյանքը: Ինձ համար` որպես անծանոթ գյուղ եկած ուսուցչի, դժվարություններ են եղել կապված նոր միջավայրի, կենցաղային խնդիրների հետ և այլն: Սակայն ամենամեծ դժվարությունը ինձ համար եղել և մնում է երեխաներին դպրոցը և ուսումը սիրել սովորեցնելը: Հուսով եմ, մենք կհասնենք նշանակալի արդյունքի:

-Ինչպիսի՞ն է մեր համայնքը Ձեր աչքերով, կցանկանայի՞ք մնալ և շարունակել աշխատել այստեղ։

-Սիրեցի ձեր բնությունը: Այստեղ զգացի իրական ներդաշնակություն: Դա նշանակում է, որ արդեն կապված եմ Քարինջի հետ, տեղի մարդկանց, ինչքան էլ տարբեր լինենք մենք: Սակայն իմ տունն այստեղ չէ: Ինչքան էլ ես սիրեմ այս գյուղը, մնում եմ հյուր: Ես ցանկանում եմ մի բան միայն` իմ աշխատանքի 2 տարիների ընթացքում հասցնել որևէ օգտակար բան անել դպրոցի, երեխաների և համայնքի համար: Կարծում եմ ինչքան էլ ցավալի լինի, երբեմն հեռանալն ավելի ճիշտ է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր համայնքի առանձնահատկությունը։

-Համայնքը խրոխտ ու հպարտ է իր աշխարհագրական դիրքի նման: Ինչքան էլ տարբեր լինեն մարդիկ, նրանց միավորում է մի կարևոր հատկանիշ` իրար օգնելու ու հոգ տանելու պատրաստակամությունը: Հենց այդպես էլ կհիշեմ ձեզ:

seda mkhitaryan

«Հմիկվա քյասիբնին խելքի քյասիբ են»

«Քյասիբ» մեր բարբառով աղքատ է նշանակում, իսկ մեջբերումն էլ տատիս շատ կրկնվող խոսքն է, որ ասում է գրեթե ամեն օր ու մեզ հորդորում աշխատել և անտեղի ու «սուտի» բաների վրա գումար չծախսել։

Առհասարակ, տատս շատ տնտեսող կին է, նրա սիրելի արտահայտություններից մեկն էլ հետևյալն է. «Գնացկան ջրին էլ ղադրը կանեն», եթե վերածեմ գրականի, կհնչի այսպես․ «Հոսող ջուրն էլ պետք է տնտեսել», ինձ համար գրականով շատ խորթ է հնչում և գրեթե իմաստ չի արտահայտում, բայց քարընջա բարբառով (Քարինջ գյուղի) սա շատ դիպուկ է ասված այն մարդկանց համար, ովքեր տեղին-անտեղին ծախսում են իրենց ունեցվածքը։ Տատս, ինչպես գրեթե իր հասակակից բոլոր մարդիկ, միշտ գովերգում է «սովետը» ու ասում, որ այն ժամանակ պարապ մարդ չկար, ու բոլորը մի բանով զբաղվում էին, իսկ հիմա, ինչպես տատս է ասում, «պարապների թիվ ա»։ Նա հիմա արդեն յոթանասունն անց է, բայց ամեն պահի ուզում է մի բանով զբաղվել, բայց առողջական խնդիրները թույլ չեն տալիս։

Ես էլ եմ կարծում, որ մեր օրերում չաշխատող մարդիկ շատ կան: Հատկապես գյուղում առանց աշխատելու չի լինի։ «Հըմի մեր գեղըմը էնքան քյուլփաթ կա, որ ձմռվա կառտոլ չունի, փողը տալ տի` առնիլ, որովհետև սաղ գարունքը պարապ ման են էկել ու մատներուն մատին չեն տվել, որ մի բան գցեն հողի տակը, դրան էլա փող չտան, կամ թե չէ` էս չիմ խոտհարքնին անհնձիլ բրախըմ են, գնըմ խոտ առնըմ, բերըմ, որ ձմեռը ըպրանքին տան: Դրա հմա էլ կարըմ չեն ծերը ծերին հըսցընեն»։ Լրիվ համաձայն եմ տատիս հետ, «ՀՄԻԿՎԱ ՔՅԱՍԻԲԸ ԽԵԼՔԻ ՔՅԱՍԻԲ Ա»։

seda mkhitaryan

Կյանքի համը

Ամեն մանուկ այս աշխարհում ուզում է որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը, չգիտես ինչու, ուզում են նորից փոքրանալ…

Վստահ եմ, բոլորդ լսել եք հայերեն մանկական երգի այս տողերը և շատերդ էլ համաձայնվել եք իմաստի հետ։ Ես էլ համաձայն եմ։ Մեզանում, ինչպես գրեթե ամեն բան, սա էլ հակառակ է։ Այս հակառակությունն էլ առաջ է գալիս հայի բնավորության իմ ամենաչսիրելի գծերից մեկի՝ ամեն ինչից դժգոհելու ու բողոքելու պատճառով։ Այո, ճիշտ է, երեխաները միշտ ուզում են շուտ մեծանալ կամ, ավելի ճիշտ, իրենց տարիքից մեծ երևալ և, հանուն դրա, ոչինչ չեն խնայում։

Մեկը` ես,  տանել չեմ կարողանում այն երեխաներին, ովքեր փորձում են իրենց տարիքից մեծ երևալ: Նրանք ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին վաղ թե ուշ դառնալու են։ Սկսում են բարձրակրունկ հագնել` չմտածելով, որ հետո ամբողջ կյանքում, գուցե  իրենց ցանկությանը հակառակ, դա են հագնելու։ Սկսում են շպարվել, առանց մտածելու, որ հետո դա անելու են արդեն անհրաժեշտաբար, որ ծածկեն իրենց կնճիռները: Բայց հիմա կնճիռներ չունեն, և ինչո՞ւ են, չեմ հասկանում, ներկում իրենց շուրթերը, իրենց այդքան վարդագույն ու կենդանի շուրթերը: Սպասեք, դրանք շուտով կգունազրկվեն: Պարզապես կգունազրկվեն տարիների ձեռքով և, այն ժամանակ, խնդրեմ, ներկեցեք` ինչքան ուզում եք:

Եվ հիմա էլ կարող եք ներկել: Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Պարզապես հիշեք` այլևս երբեք չեք լինելու մանուկ: Ահա այդ ժամանակ արդեն կսկսեք երազել մանկանալու մասին, չգիտակցելով, որ արդեն տանուլ եք տվել ձեր կյանքի համը՝ ձեր մանկությունը։

seda mkhitaryan

Ես Սեդան եմ Քարինջ գյուղից

Ո՞վ եմ ես, ես մեկն եմ հազարից, մեկն եմ այն աղջիկներից, ովքեր ապրում են Լոռու մարզում: 17 տարեկան եմ, սիրում եմ բնություն, երաժշտություն և պատրաստվում եմ ընդունվել լրագրության բաժին։ Երևի այս հատկանիշներն ունեցողները շատ են կամ քիչ՝ չգիտեմ, որովհետև նրանցից միայն մեկին եմ ճանաչում՝ ինձ, բայց դրանում էլ վստահ չեմ։

Ես Սեդան եմ Լոռու մարզի գեղատեսիլ ու քարտեզի վրա չնշված Քարինջ գյուղից: Գյուղ, որի պատկերը կարող եք գտնել 5000-անոց թղթադրամի վրա։  Այս տարի փոխադրվեցի 12-րդ դասարան և պիտի սկսեմ լուրջ զբաղվել  ապագայիս կառուցման կարևոր գործով, ուզում եմ սովորել լրագրություն՝ դարի մասնագիտությունը, իմ կարծիքով։

Իմ բնավորության մեջ գրեթե ոչինչ ինձ դուր չի գալիս, և ամենից շատ այս մեկը, որ անընդմեջ քննադատում եմ ինձ և արարքներս, բացի այդ, շատ փոփոխական եմ և անընդհատ որոշումներ եմ փոխում։

Ինչպես նշեցի, ապրում եմ Քարինջ գյուղում, որն ինձ համար ամենալավ վայրն է աշխարհում: Այստեղ են ամենագեղեցիկ լեռներն ու ամենասառնորակ աղբյուրները։ Ես սիրում եմ առանձնանալ իմ չքնաղ գյուղի որևէ չքնաղ անկյունում և լսել գյուղիս խաղաղ ձայները:

Ու ամենից շատ սիրում եմ լսել գյուղիս լռությունը: Լռություն լսելու ամենաճիշտ ժամանակը վաղ առավոտն է, երբ դեռ  բոլորը քնած են, ու աշխարհին տիրած լռությանը ոչ ոք չի խաթարում, բայց հետո կամաց- կամաց բոլորը արթնանում են և սկսում խաղաղ աղմուկը» Աղմուկի մեջ լսելի են լինում նաև տարբեր գործիքների ձայները, որոնք աշխատանքն են սկսում դաշտերում։

Սիրում եմ կարդալ գրքեր: Դրանք այն միակ անշունչ առարկաներն են, որոնք խոսել գիտեն և խոսում են ավելի լավ, քան ցանկացած մարդ: Գիրք կարդալով դու կտրվում ես այս աշխարհից, թափանցում մեկ այլ, գուցե անիրական (կամ գուցե ամենաիսկական) աշխարհ, մտածում, թախծում, երջանկանում ու ընկճվում քո այդ աշխարհի հերոսների համար։ Սիրածս գրքերից  Է.Մ. Ռեմարկի «Հաղթական կամարը», իսկ անենասիրելիգրողս`Վարդգես Պետրոսյանը։