Սուսաննա Մարդումյանի բոլոր հրապարակումները

Բանակը մենք ենք, բոլորս

Երեկ վաղ առավոտից թե հեռուստատեսությամբ, թե սոցիալական ցանցերով, հեռախոսով ու պարզապես փողոցում իրար հանդիպելիս մարդիկ ասում էին. շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր, հա՛յ սպա, անմահացա՛ծ հերոս, հայ քաջորդուն ծնունդ տվող առյուծածին մայր: Ես էլ առաջինը շնորհավորում եմ հայրիկիս: Չէ որ նա էլ այն մարդկանցից մեկն է, ով մասնակցել է ազատագրական մարտերին, ով կռվել է հանուն հայրենիքի: Հայրս «Սևքարեցի Սաքո» կամավորական ջոկատի անդամներից է: Ջոկատը կազմավորվել է 1989 թվականի հունվարին և կոչվել Իջևանի Սևքար գյուղի, այսինքն մեր համագյուղացի, լեգենդար հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի անունով: Կազմված է եղել մոտ 32 հոգուց: Սկզբում միայն մի քանիսն են զենք ունեցել, այն էլ որսորդական հրացաններ: Միայն հետո են ապահովվել անհրաժեշտ զինամթերքով: Դրա հետ կապված ջոկատի անդամները հաճախ են հիշում,թե ինչ է եղել, երբ առաջին անգամ ձեռքներին նռնականետ է հայտնվել: Փորձարկելու ժամանակ առաջին արկով պատ են քանդել:

Պատերազմի ընթացքում համագյուղացիներն էլ են ամուր թիկունք եղել՝ յուրաքանչյուրն իր ձևով: Տատիկս, օրինակ, մեծ սիրով ու ջերմությամբ է հյուրընկալել կռվող տղերքին՝ հյուրասիրել, լվացել նրանց գուլպաները, չորացրել ու կրկին ճանապարհել սահման: Ու այսօր, երբ ամեն կողմից լսում եմ շնորհավորանքներ, չեմ զարմանում, քանի որ այսպես, ազգովի ենք կազմավորել Հայոց բանակը:
Տա՛ Աստված, որ այս հուշերը մնան լոկ իբրև հուշ: Հետ չդառնան անցած դառը օրերը: Մեր սահմաններն ամուր լինեն, երկիրը՝ խաղաղ, ժողովուրդն էլ միշտ իր զավակի պես սիրի ու փայփայի իր բանակը:

Սևքարի լարված օրերը

Լուսանկարը՝ Տիգրան Քոքոբելյանի

Լուսանկարը՝ Տիգրան Քոքոբելյանի

Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Տավուշի սահմանային գոտում գտնվող գյուղերը: Բոլորը խոսում են,  քննարկում, բայց ամենավատն այն է, որ  ճիշտ տեղեկություն չունենալով, ստեղծվում է ավելորդ խուճապ: Այս անգամ գնդակոծության կենտրոնում հայտնվեց նաև  Սևքար գյուղը՝ իմ Սևքարը: Թշնամին ականանետեր էր նետում գյուղի վրա, կրակոցներ արձակում: Սրանք արդեն սովորական են մեր՝սահմանապահ ժողովրդիս համար: Գնդակոծության օրը գտնվում էի Իջևանոմ: Գիշերը տասնմեկի կողմերն էր: Ընկերուհիներս գրում են.

-Սուս, ո՞նց ես:
-Լավ, դո՞ւք:
-Մենք այդքան էլ լավ չենք, կրակոցներ են, գյուղը գնդակոծում են, մի քանի տներ են վնասվել:
Չեմ կարող ասել, թե ինչ հաճախությամբ սիրտս սկսեց բաբախել: Բա մերո՞նք: Միանգամից զանգահարեցի մայրիկին ու հարցրեցի, թե ինչ է կատարվում: Մայրս էլ ասաց, որ կրակում են, ականանետեր նետում գյուղի ուղղությամբ: Գյուղացիներ կային, որ հեռացել էին տներից՝ ապահովությունից ելնելով: Երեխաներին էին տեղափոխել:
Հաջորդ օրը գնում եմ համալսարան: Բոլորս քննարկում ենք, վերլուծում իրավիճակը: Ուրիշ գյուղերի վրա էլ էին կրակել, բայց բոլորս էլ հույս ունեինք, որ շուտով կավարտվի: Բա մեր տղե՞րքը, որ կանգնած են սահմանին: Նրանք լավագույն տղերքն են, որ ծառայում են: Նրանց շնորհիվ է, որ սևքարեցիներն ու ընդհանրապես սահմանապահ ժողովուրդը չեն լքում իրենց տներն ու պատրաստ են զենք վերցնել և  դուրս գալ թշնամու դեմ:
Իրավիճակին ծանոթանալու համար գյուղ էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և  այլք: Նրանք տեսան սևքարեցու անկոտրուն կամքն ու պատրաստակամ լինելը: Տեսան, որ սևքարեցին չի վախենում թշնամուց ու անհրաժեշտության դեպքում պատրաստ է կանգնել իր զինվորի կողքին:
Լարվածությունը գնալով թուլանում է: Սահմանը կարծես խաղաղվում է: Աղոթենք, որ այդպես էլ լինի, կորուստներ չունենանք, մեր սահմանն ամուր լինի, մեր զինվորն ու բանակը՝ հաղթանակած:

suanna mardumyan portret

Ջուր չկա

Ջրի պակաս ունի նաև մեր գյուղը: Մեծ մասը խմելու ջուր բերում է գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրներից, որոնք բարակ են: Ծայրամասերում գտնվող բնակիչները դիմում են մեքենաների օգնությանը: Կանանց մեծ մասը դույլերով է ջուրը տուն տանում: Բացակայում է նաև ոռոգման ջուրը: Այգիները չորանում են, բերք չի լինում: Անգամ խնդիր է դառնում լողանալը: Ամեն ինչ բարդանում է հատկապես ձմռանը: Ցիստեռների մեջ ջուրը սառցակալում է: Փորձում են նոր ջրագիծ կառուցել, բայց դեռ արդյունքը չի երևում. ջուր չկա:

suanna mardumyan portret

Հարցազրույց հայրիկիս հետ

-Պապ, քանի՞ տարեկան էիր, երբ մասնակցեցիր կռիվներին:

-Քսան-քսանմեկ տարեկան էի, երբ պատերազմը սկսվեց:

-Ինչպե՞ս արձագանքեցին տատիկն ու պապիկը:

-Նրանք, իհարկե, վախենում էին, խնդրում էին, որ շատ զգույշ լինենք, քանի որ եղբայրս էլ էր մեզ հետ:

-Քանի՞ մարդ կար գյուղից:

-Հստակ թիվ չեմ կարող նշել, ոտքի էր կանգնել ամբողջ գյուղը, բայց հիմնական մասը կազմում էր սևքարեցի Սաքոի անվան ջոկատը:

-Այդպե՞ս էր կոչվում ձեր ջոկատը:

-Այո, ջոկատն անվանեցին հայտնի ֆիդայու անունով:

-Ո՞ր սահմաններում եք կռվել:

-Կիրանցի, Այգեհովիտի, Սևքարի և մի շարք այլ սահմաններում:

-Իսկ ի՞նչ էիր անում:

-Կանգնում էի խրամատում, մեքենայով զենք էի տեղափոխում տեղից տեղ:

-Այսօր հիշո՞մ են ձեր սխրանքների մասին:

-Այո, պարգևատրվել եմ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Քսանամյակի հոբելյանական մեդալով», շնորհակալագրերով և այլ պարգևներով:

-Գյուղի երիտասարդ սերունդը տեղյա՞կ է, որ գոյություն ունի ձեր ջոկատը, գիտի՞ ձեր մղած կռիվների մասին:

-Գիտի, քանի որ գրքեր են տպագրվում մասնակիցների, իրենց  ընտանիքների մասին: Ամեն ընտանիքում մասնակից է եղել, պատմում են, հիշում: