Տատյանա Դարբինյանի բոլոր հրապարակումները

Սոցիալական չկոնֆերա՞նս

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ դարձել եմ ինձ համար նոր ընտանիքի մի մասնիկը՝ խելացի, նորարար ու հավես։ Խոսքը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասին է։ Մեր ֆակուլտետի ամենասիրված ու սպասված միջոցառումներից է ՍոցՔեմփը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ես առաջին անգամ եմ ներկա լինելու այս կոնֆերասին կամ ավելի ճիշտ՝ «չկոնֆերանսին», և անհամբեր սպասում եմ այդ օրվան։ ՍոցՔեմփի մասին զրուցել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Մանյա Կիրակոսյանի հետ:

-Պատմեք Սոցքեմփի մասին. ինչպիսի՞ միջոցառում է այն, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել ՍոցՔեմփ կազմակերպելու գաղափարը, ինչո՞ւ «չկոնֆերանս»։

-Սոցքեմփը, ինչպես մենք ենք սիրում ասել, սոցիոլոգիական «չկոնֆերանս» է, որը արդեն չորրորդ տարին է՝ կազմակերպվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կողմից։ Ինչո՞ւ «չկոնֆերանս», քանի որ այն ոչ ֆորմալ և բաց հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակական խնդիրներով, դրանց առաջացման պատճառներով կամ լուծման եղանակներով հետաքրքրվածներին գալ, ներկայացնել իրենց տեսակետը, կիսվել ունեցած հետաքրքիր ինֆորմացիայով և գաղափարներով։ ՍոցՔեմփն առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին, իսկ թե ինչպես է առաջացել կազմակերպման գաղափարը, հստակ նշել չեմ կարող, քանի որ այդ ժամանակ ՈՒԳԸ թիմում ներգրավված չեմ եղել: Միայն կարող եմ ասել, որ այն ստեղծվել է սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ թիմի կողմից, և տարեցտարի ավելի է կատարելագործվում, և արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից մեկն է մեր ֆակուլտետում:13342958_1118727294852762_2586501685591865874_n

-Ո՞րն է Սոցքեմփի նպատակը։

-Կարծում ենք, որ հասարակագիտության ներսում շատ վատ է դիսկուրսը գիտական խնդիրների շուրջ: Բացի դա, ֆորմալ կոնֆերանսների ժամանակ ենթադրվում է, որ զեկուցողը պիտի ներկայացնի խիստ գիտական չափանիշներով զեկույց, և այդ նյութը միշտ ուղղվում է պրոֆեսիոնալ լսարանին: Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ գիտությունը ինչ-որ մասով պետք է նաև հանրայնացվի, և արդյունքում ստեղծվեց ՍոցՔեմփը:

-Ո՞ւմ համար է այն կազմակերպվում։ Ովքե՞ր կարող են մասնակցել, արդյոք սա միայն սոցիոլոգների՞ համար է։

-Սոցքեմփը կազմակերպվում է բոլորի համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, հետաքրքրություններից։ Սոցքեմփին որպես ներկայացնող, կամ որպես ազատ ունկնդիր ներգրավվելու համար պարտադիր պայման չէ սոցիոլոգ կամ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող լինելը. պարզապես այն ստեղծվել է այս ֆակուլտետի ուսանողների կողմից: Օրինակ՝ նախորդ տարիներին Սոցքեմփին զեկուցումներով հանդես են եկել դասախոսներ, ուսանողներ ինչպես սոցիոլոգիայի ֆակուլտետից, այնպես էլ այլ ֆակուլտետներից ու համալսարաններից, անգամ աշակերտներ և ուսուցիչներ են ներգրավվել Սոցքեմփին։

ՍոցքՔեմփին կարող են մասնակցել բոլոր համալսարաններից և բոլոր ոլորտներից։ Պարզապես պարտադիր պայման է սոցիալականից խոսելը. դա կարող է լինել սոցիալական ձեռնարկատիրություն, սոցիալական հոգեբանություն, քաղաքականություն, կրթություն և ցանկացած բան, որն առնչվում է հասարակագիտությանը:

-Ինչպիսի՞ զեկույցներ են լինելու: Ովքե՞ր կարող են զեկուցել։

-Չկա սոցքեմփի զեկույցների հատուկ թեմատիկ ուղղվածություն։ Դա մեր սկզբունքն է՝ երբեք չֆրեյմավորել. միակ պայմանը հասարակությանն առնչվող վերլուծական ասելիքն է: Ներկայացնողները ազատ են թեմայի ընտրության հարցում։ Իսկ զեկուցել, ինչպես արդեն նշեցի, կարող են բոլորը. պարզապես պետք է մինչև հունիսի 24-ը հայտագրվել։

-Լինելո՞ւ են հատուկ հյուրեր։ Ովքե՞ր են նրանք:

-Մեր «չկոնֆերանսը» բաղկացած է երկու մասից՝ հատուկ հյուրերի զեկուցումներ և բուն պրեզենտացիաներ: Առաջին մասում իրենց վերլուծություններով և ուսումնասիրություններով են կիսվում մեր կողմից հրավիրված մասնագետները։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հատուկ հյուրերի ցանկում ներառված են և՛ սոցիոլոգներ, և՛ հարակից ոլորտներից մասնագետներ։ Այժմ անուններ չեմ նշի, մեր ֆեյսբուքյան էջում՝ ավելի ուշ նրանց մասին հրապարակումներ կլինեն։11709261_931733760218784_6969503261406512591_n

-Գիտենք, որ անակնկալներ են սպասվում։ Մի փոքր պատմեք սպասվող անակնկալների մասին։

-Անակնկալներ անպայման լինելու են, բայց փակագծերը բացել ու դրանց մասին խոսել չեմ ուզում։ Այս տարի մի փոքրիկ դրամաշնորհ ունենք գերմանական մի կազմակերպության՝ DVV International-ի կողմից: Դա մեզ հնարավորություն է տվել ավելի հետաքրքիր ու նոր բաներ մտածել: Միայն կասեմ, որ այս տարվա սոցքեմփը տարբեր է լինելու։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ մեր ընկերները նախաձեռնել են տարիներ առաջ, ու ամեն տարի ավելի լավն ենք դարձնելու:

Դե ինչ, բոլորին հրավիրում ենք ամենախելառ, հավես, խաղային, բայց միաժամանակ գիտական սոցիալական «չկոնֆերանսին»՝ ձեր չզեկույցները ներկայացնելու և լսելու մյուսներինը։ Հունիսի 30, 10:00, ԵՊՀ, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահ:

Տատյանա Դարբինյան

Կյանքեր փրկող մանանա

Դե ո՞վ չգիտի աստվածաշնչյան մանանայի մասին: 

Բայց էս մեկն ուրիշ ա:

Ցեղասպանությունից փրկված հայ վերապրողների մասին միլիոնավոր պատմություններ կան: Վերջերս լսեցի մեկը: Մի տատիկ պատմում էր, թե ինչպես է իր հայրը փրկվել ջարդերի ժամանակ: Պատմության ամենահետաքրքիր հատվածն այն էր, որ հայրը երկար ժամանակ՝ կարծեմ ամիսներ շարունակ, ստիպված է եղել ապրել դաշտերում՝ գայլերի, շների ու բաց երկնքի ընկերակցության պայմաններում: Եվ… Այդքան ժամանակ նա գոյատևում էր մանանայի շնորհիվ: Ո՞վ չէր ընդհատի տատիկի խոսքը՝ սա լսելով: Ի՞նչ մանանա: Դրա մասին միայն Աստվածաշնչից գիտեմ: Մի՞թե նման բան կա: Պարզվում է՝ մանանան առավոտյան բույսերի վրա կուտակվող սպիտակավուն նյութ է: Գուցե իմ իմացած ցողը կամ եղյամը… Չնայած, չէ՜: Այն նաև պիտի բավականին սննդարար լինի: Մենք դժվար էլ պատկերացնենք Արևմտյան Հայաստանի բնությունը, ծառերը, թփերը, անձրևը, արևն ու մանանան:

Փաստորեն հենց մեկ դար առաջ էլ մանանան ամենաուղիղ իմաստով թափվել է երկնքից ու կյանքեր փրկել:

Տատյանա Դարբինյան

Հին խաղեր

Մեր պատմության ուսուցչուհին հաճախ մեզ հիշեցնում է, որ ժամանակի ընթացքում շատ բառեր տրամագծորեն փոխում են իրենց իմաստը: Կբերեմ ամենապարզ օրինակը՝ «գրիչ» բառը: Ժամանակին այն ցույց էր տալիս անձ՝ մատյաններ գրող, իսկ հիմա՝ պարզապես մի անշունչ առարկա:

Գուցե տարօրինակ թվա, բայց նման բառ եմ համարում նաև «խաղալ» բայը: Մի՞թե այն իր իմաստը տրամագծորեն չի փոխել: Ներկայում ի՞նչ են հասկանում շատերը այս բայն օգտագործելով: Իհարկե՝ նստել համակարգչի դիմաց, միացնել խաղը, նայել էկրանին և շարժել մկնիկը. գրեթե անշարժ վիճակ, կլանված հայացք ու միմիկայի ոչ մի փոփոխություն:

Ի հակադրություն այս ամենի, ես հիացմունքով եմ լսում ծնողներիս և նույնիսկ ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների պատմությունները իրենց մանկական խաղերի մասին:

Վերջերս լսեցի երեք տարօրինակ խաղերի մասին, որոնք հայ փոքրիկները խաղացել են ավելի քան մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում (1900-ական թթ): Այդ խաղերն էին՝ ճանը, ղայիշոցին, հավլուն: Հավլու խաղի ժամանակ երեխաներից մեկը պիտի կքանստեր, իսկ մյուսները ցատկեին նրա գլխի վրայով:  Մյուս խաղը՝ ղայիշոցին (ղայիշ=գոտի) խաղում էին այսպես՝ գոտին դնում էին գետնին և մեկը պիտի պահակ կանգներ դրա մոտ, իսկ մյուսները՝ փորձեին այն գողանալ: Որքան հասկացա, եթե գողությունը հաջողվեր, պահակին ծեծում էին: Երրորդ խաղը՝ ճանը, թերևս ամենահետաքրքիրն է: Ճանը դա ոչխարի ոսկոր էր: Երեխաներն այն նետում էին և որոշում խաղում իրենց «պաշտոնը»՝ կախված ոսկորի դիրքից: Դիրքերից մեկը համապատասխանում էր թագավորին, մյուսը՝ գողին, երրորդը` չավուշին (քրդ. ոստիկան): Պաշտոնները որոշելուց հետո յուրաքանչյուրն անցնում էր իր գործին. թագավորը հրամաններ էր տալիս, գողին պատժում էին և այլն…

Բարեբախտաբար, իմ մանկությունն էլ զերծ է եղել համակարգիչներից, ու ժամանակի մեծ մասն անցկացրել եմ բակում՝ ընկերներիս հետ: Իհարկե, վերոնշյալ խաղերը չէինք խաղում: Հավաքվում էինք, խաղում, աղաղակում՝ հարուցելով հարևանուհիների զայրույթը: Նրանք հաճախ բողոքում էին ու զայրանում, բայց…

Հենց հիմա էլ գրում եմ ու հարևան բակից լսում երեխաների ճիչ ու խաղի ձայներ: Մի աղջնակ հայտարարում է. «…19, 20, пора я! բացում եմ…»:

Փաստորեն ոչ բոլորն են համակարգիչների դիմաց…

Տատյանա Դարբինյան

Մարդաբանակա՞ն, թե՞…

Մի օր դասընկերներիցս մեկին հարցրեցի, թե որտեղ է ուզում շարունակել կրթությունը: Ի դեպ, ես նրան համարում եմ ամենախելացի աշակերտներից մեկը թե՛ մեր դասարանում, թե՛ ամբողջ դպրոցում: Նա պատասխանեց.

-Տատիկս ասում է ՝ կա՛մ Արմավիրի բժշկական քոլեջ պիտի ընդունվեմ, կա՛մ  «մարդաբանական» , այսինքն ամուսնանամ:

Ես ոչինչ չասացի:

Դասարանում 20 աշակերտ ենք:  Քսանից միայն յոթն են պլանավորում ուսումը շարունակել բուհում: Ընդ որում, սա դեռ բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: Տղաներից շատերը պլանավորում են բանակում ծառայելուց հետո հեռանալ հայրենիքից, իսկ աղջիկներից շատերը` ամուսնանալ: Իմ կարծիքով, սա մերօրյա գյուղերի երիտասարդության գլխավոր թերությունն է: Իմ հայրենիքին պետք են ուղեղներ…

Համաձայն եմ, որ միշտ էլ եղել են է՛ սովորողներ, և՛ ոչ այնքան, բայց այս իրավիճակն ունի ավելի խորքային պատճառներ: Աշակերտը ոչ մի գայթակղիչ բանի չի հանդիպում դպրոցում, որը նրան կարող է ստիպել սովորել:

Լավ, իսկ ի՞նչ է տեսնում աշակերտն այդ լուսավորության տաճարում. դա լոկ մի շենք է, ուր երեխաների մի մասը գալիս է, քանի որ իրենց պարտականությունն է, կամ ժամանակ անցկացնելու, որտեղ ուսուցիչները ոչ ավել ոչ պակաս, իրենց գործն են կատարում: Եվ այս ամենին գումարվում են վանող, բարդ ու անհրապույր դասագրքերը:

Եվ սա դեռ միայն դպրոցն է: Իսկ ի՞նչ կարող ենք ասել բուհերի մասին… Յուրաքանչյուրը կարող է ընդունվել բուհ  և ստանալ բարձրագույն կրթություն, ավելի ճիշտ, դիպլոմ: Կրթություն ասվածը վերածվել  է մի թղթի կտորի, որը հեշտությամբ  կարելի է ձեռք բերել համապատասխան գումարի առկայության դեպքում: Այսինքն ՝ կրթությունը բառիս բուն իմաստով արժեզրկվել է: Շատերն ավարտում են մեր երկրի լավագույն բուհերը, բայց աշխատանք չունեն, և սա այն պայմաններում, երբ մեր երկրի լավագույն բուհերը  առաջատարներից են աշխարհում կրթության որակով և մակարդակով:  Սա էլ մեկ այլ ազդակ է, որ երիտասարդությանը հետ է պահում բուհերից: Պիտի նշեմ նաև, որ բուհերը դարձել են ծայրաստիճան կոռումպացված  կառույցներ:

Ահա թե ինչն է ինձ հուզում. իմ հասակակիցների և առհասարակ հայրենակիցների կրթությունը:  Ուզում եմ, որ մեր բուհերում ուսանողների թիվը կրկնապատկվի ու բազմապատկվի, և նրանք լինեն արժանավորներ, ուզում եմ, որ դասարանիս գոնե մեծ մասը ուսումը շարունակի, ու դասընկերուհիս «մարդաբանականից» ու Արմավիրի քոլեջից բացի այլ տարբերակներ ունենա: