Անետա Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

Media moving forward, Ավստրիա, Օր 5

Դե ինչ, շարունակվում է Դիանայի, Մարիամի ու Անետայի օրագիրը «Media moving forward» ծրագրի մասին` Ավստրիայի Գրաց քաղաքում: Ամեն առավոտ արթնանալիս սպասում եմ, որ պատուհանից դուրս նայելով կտեսնեմ սպիտակ ձյան շերտ: Այսօր, ինչպես և մնացած չորս օրերին, ձյուն չկար:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այսօր փառատոնի փակումն էր: Սակայն մինչև գալա համերգն ու մրցանակների շնորհումը, Գրացի կիրառական գիտությունների համալսարանի մեծ դահլիճում դեռ շատ բան պետք է անեինք:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մեզ հյուր էին եկել տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք մասնագետներ, որոնց հետ միասին պետք է փորձեինք խնդիրներին լուծումներ գտնել: Նրանցից յուրաքանչյուրը նստած էր կլոր սեղանի շուրջ, ուր մենք գնում էինք և իրենց հետ միասին փորձում խնդրին որոշակի լուծում տալ: Ամեն մեկն իր մտքերը գրեց գունավոր կպչուն թերթիկների վրա, և 15 րոպեն անցնելուն պես մենք պետք է փոխեինք սեղանն ու նստեինք մեկ այլ մասնագետի մոտ` լրիվ ուրիշ խնդիր քննարկելու համար: Այս ամենից հետո նրանք ընտրեցին երկու լավագույն լուծում, որն այնուհետև կզարգացվեր նույն ձևով, ուղղակի այս անգամ 20 րոպեանոց քննարկումներով: Իսկապես, հետաքրքիր էր գործի գիտակների հետ քննարկել այնպիսի թեմաներ և հարցեր, ինչպես օրինակ, լավ կադրեր գրավելու ու ընկերությունում պահելու միջոցներ, աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ հմտություններ ու աշխատակիցների միջև առողջ մրցակցություն ստեղծելու ոչ ֆորմալ ձևերը:

DSC_0006

Միջոցառման երկրորդ փուլը նվիրված էր համալսարանի ուսանողների կողմից կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ նրանցից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն իր գաղափարը ներկայացնելու հյուրերին:

Մինչև գալա համերգը դեռ շատ ժամանակ կար, և մենք որոշեցինք շարունակել հեքիաթային Գրացը բացահայտելու մեր առաքելությունը: Միանգամից չվերադարձանք հոսթել, այլ քայլեցինք լրիվ հակառակ ուղղությամբ ու հասանք մի դղյակի, որը նման չէր կյանքումս տեսած և ոչ մի ճարտարապետական կառույցի: Բարձր մետաղյա դարպասներից այն կողմ երևում էր Էգենբերգի դղյակը` շրջապատված այգով ու մառախլապատ սարերով: Դղյակի ներսում տեղադրված ցուցանակի վրա գերմաներեն գրությունից հասկացանք, որ այն համաշխարհային մշակութային  ժառանգություն է ճանաչվել Յունեսկոյի կողմից: Բախտներս բերեց. այգին մեկ ժամից նոր կփակվեր: Բերաններս բաց զբոսնում էինք այգում, քայլում դղյակի ներսի բակով ու պատշգամբով` պատկերացնելով, որ ժամանակին այստեղ միգուցե ապրել է թագավորը և ճիշտ մեզ նման քայլել այդ նույն պատշգամբով: Էմոցիաներով լի եկանք հոսթել, որտեղից պետք է շարժվեինք փակման արարողության սրահ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ համարյա հասել էինք տեղ, արդեն գուշակում էինք, թե ուր ենք գնում: Այս վայրը շատ ենք տեսել քաղաքում զբոսնելիս: Սրահը գտնվում էր բլուրի ստորոտում, քարանձավի մեջ: Գալային եկել էին բոլորը` մասնակիցներն ու ժյուրին, ուսանողները և մենք` լրագրողներս: Եկել էինք, որպեսզի աջակցենք լավագույն ծրագրերի հեղինակներին, ովքեր մրցանակներ ստացան և ճանաչվեցին European youth award-ի լավագույններից լավագույնը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե իսկ վերջում երաժշտություն, պարեր, ուրախ ժամանց: Եվ երբ դուրս եկանք, գետինը խոնավ էր, և տեղ-տեղ սպիտակ հետքեր էին երևում: Գրացում ձյուն էր եկել:

Media Moving Forward, Ավստրիա, օր 2

Ինչպես արդեն հասկացաք Մարիամի նախորդ նյութից, «Մանանա» կենտրոնի երեք անդամներս եկել ենք Ավստրիա, այս անգամ Գրաց քաղաք, մասնակցելու “Media moving forward” ծրագրի երկրորդ մասին: Գիշերը լավ քնելուց և նախաճաշելուց հետո հավաքվեցինք հիմնական սրահում, որտեղ մեզ դիմավորեցին European Youthpress-ի մեր գործընկերները և ծրագրի կազմակերպիչ Մարտինը: Քանի որ առաջին օրն էր, կազմակերպչական շատ աշխատանք կար անելու: Ծրագրին ծանոթանալուց հետո բաժանվեցինք խմբերի: Այս մեկ շաբաթվա ընթացքում երեք տարբեր առաջադրանք ենք կատարելու:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Առաջին առաջադրանքը հարցազրույցներ են European youth award-ի մրցանակակիր երիտասարդ ծրագրավորողների հետ: Յուրաքանչյուրս ընտրեցինք մեր թիմակիցներին, ըստ մեր նախասիրությունների: Ես, պորտուգալացի Բիան  և Ֆեդերիկան Իտալիայից ընտրեցինք ֆրանսիացի ծրագրավորողների թիմին, որը ստեղծել էր խորհրդատու հավելված և ինտերակտիվ սարք փախստականների և անտունների համար:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այս ծրագիրն ուղղված է օգնելու փախստականներին կամ բնակության վայր չունեցողներին գտնել «Որտե՞ղ լվացվել», «Որտե՞ղ ճաշել» և այլ հարցերի պատասխանները: Ծրագիրը ներբեռնեցի, որպեսզի ավելի լավ հասկանամ` ինչպես է այն աշխատում: Մուտքագրելով անհրաժեշտ հասցեն, կարող ենք հեշտությամբ տեսնել քարտեզի վրա մոտակա վայրերը տվյալ գործողության համար: Հասցեների բազան ներառում է Ֆրանսիայի երեք մեծ քաղաքները` Փարիզը, Բորդոն և Նանտը, սակայն ծրագրի հեղինակները ցանկանում են այն ընդլայնել ամբողջ Ֆրանսիայով և այնուհետև Եվրոպայով:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Շատ էի հետաքրքրված այս ծրագրով, բայց պարզվեց, որ հեղինակները վաղը չեն հասցնի ժամանել,  իսկ հարցազրույցը պետք է անցկացվի վաղը, այդ իսկ պատճառով մեր թիմը բաժանեցին տարբեր թիմերի միջև, և ես միացա պորտուգալացի Աննայի և մեր Դիանայի թիմին, որն աշխատելու էր Sharqi shop ինտերնետ խանութը ստեղծողների հետ: Այս առցանց խանութը միավորում է Սիրիայից Հորդանան եկած փախստականներին, ովքեր պատրաստում են ձեռագործ իրեր վաճառքի նպատակով: Ուսումնասիրելով կայքը, մոտավոր կազմեցինք հարցերը և որոշեցինք, թե ինչ տեսք կունենա հարցազրույցը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երկրորդ առաջադրանքը նույնպես թիմային էր. այս անգամ թիմերից 4-ը կգրեն հոդվածներ European youth award-ի միջոցառման մասին, մնացած 4-ը կնկարեն կարճ վիդեոհոլովակներ:

Եվ երրորդ առաջադրանքը ֆոտոմրցույթ է, որը յուրաքանչյուրս անելու ենք անհատական:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Կազմակերպչականն ավարտելուց հետո Մարտինը մեզ պատմեց Data visualization-ի մասին, ներկայացնելով տվյալները վիզուալացնելու եղանակները` քարտեզներ, գրաֆիկներ և այլն: Դասընթացի վերջում ունեցանք փոքրիկ թիմային աշխատանք, որի արդյունքում համացանցից գտած տվյալները ներկայացրինք գրաֆիկի տեսքով:

Լանչից հետո Մարտինը շարունակեց դասընթացը` այս անգամ ներկայացնելով Visual storytelling-ը մասնավորապես վավերագրական ֆիլմերի մեջ: Օրինակների վրա տեսանք, թե ինչպես է կարելի  պատմություն պատմել` օգտագործելով վիզուալ նշաններ, փորձեցինք վերլուծել դրանք և համեմատել միմյանց հետ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դասընթացի ավարտից հետո բոլորս ուղղվեցինք դեպի Kleine Zeitung թերթի Գրացի գրասենյակ, որտեղի օնլայն հարթակի պատասխանատու լրագրողներից մեկը մեզ ցույց տվեց ամբողջ շենքը, որը նախկինում ֆուտբոլի դաշտ է եղել, պատմեց թերթի պատմությունը և վերջում պատասխանեց մեզ հուզող հարցերին:

Ընթրիքից հետո ունեինք ազատ ժամանակ, որն օգտագործեցինք Գրացում զբոսնելու վրա: Կարծում եմ, ոչինչ չմոռացա պատմել: Այսօրվա համար այսքանը, սպասեք օրագրի նոր օրերին և ֆոտոներին:

aneta baghdasaryan

Էլի

Էլի մթով գնում եմ տուն, էլի նստում եմ 10 կամ 9 համարի տրոլեյբուսը (այսօր չեմ հիշում, թե որ մեկն էր), քանի որ ալարում եմ մեկ կանգառ քայլել, այդ մեկ րոպեի ընթացքում հասցնում եմ տաքանալ տրոլեյբուսում ու նորից դեմքով բախվել սառը օդին, որն այդքան հաճելի է, հատկապես, երբ հազիվ ես քեզ պահում, որ կանգնած չքնես: Մի կերպ ինձ գցում եմ տուն ու հանելով բաճկոնն ու կոշիկներս, պառկում հատակին: Պառկում եմ ճաշասենյակի չոր հատակին, պառկում, որ մեջքիս ցավը թեթևանա: Իրոք օգնում է, խորհուրդ եմ տալիս:

Երբ կես տարի առաջ քսանս լրացավ, առաջին հարցը, որ հնչեց, «Դե՞, ի՞նչ զգացողություններ կան»: Այդ պահին, դե իհարկե, ոչ մի արտասովոր զգացողություն էլ չկար, 20 տարեկան է էլի, 19-ի ու 18-ի պես: Անունս դեռ Անետա էր, մի ն-ով, մի տ-ով, հասակս` 1,75, ոտքիս չափսը` 38:

Հետաքրքիրն այն է, որ երբ տարիքս հարցնում են, ճիշտ պատասխան հնչեցնելուց առաջ ուղեղս մի քանի վայրկյան կախում է, ցանկանալով ասել 18: 18, 19 թե՞ 20: Ի՞նչ տարբերություն, եթե միևնույնն է, այս տարի էլ ես կորցնելու Compréhension orale-ի գիրքը, իսկ սեղանիդ վրա ինչ ասես կա, բացի ինձ այս պահին հարկավոր հենց այն միակ սիրուն գրող գրչից, կամ էլ ամեն առավոտ տանջվում ես կյանքիդ ամենակարևոր այլընտրանքից` հասցնել նախաճաշե՞լ, թե՞ սիրուն արդուկած բլուզով գնալ դասի: Այն պահին, երբ ձեռքդ տանում ես գրպանդ, որ հանես կամ 50 կամ 100 դրամ, ու սխալմամբ 50-ը տալիս ես ավտոբուսի վարորդին, ով գլխովդ է տալիս այդ 50-ը, հանում ես 100-ը` նույնն է անում, մտքումդ ասում ես. «Դե լավ էլի, մի քիչ ուշադիր է պետք լինել»: Հասկանում ես, որ չես էլ մեծացել, երբ նույն ֆիլմը 1000-րդ անգամը նայելիս, միևնույնն է, լացում կամ լիաթոք ծիծաղում ես, չնայած անգիր գիտես դրա յուրաքանչյուր կադրը:

Ու բոլոր օրերդ սկսվում ու ավարտվում են ուսանողականիդ «ծընգոցով», որին այնքան ես սովորել, որ երբ հասնում ես շենքիդ, տան կոդը հավաքելու փոխարեն հանում ես քարտդ, որ ճտտացնես: Շնչակտուր բարձրանալով երեք հարկ, մի կերպ քեզ գցում ես տուն, հանում բաճկոնն ու կոշիկներն ու պառկում հատակին, որովհետև մեջքդ ցավում է:

aneta baghdasaryan

Ավելին, քան ֆրանսիական

Երեկ ֆրանսահայ ծանոթս ասաց, որ երևի ես իրենից շատ եմ խոսում Ֆրանսիայի մասին: Եվ թեև շաբաթական չորս անգամ ֆրանսերենի դասեր եմ ունենում, միևնույնն է, չեմ համաձայնի իր հետ: Մի բան է Ֆրանսիայի մասին խոսել, մեկ ուրիշ՝ ֆրանսերեն խոսել: Այ երկրորդը իսկապես շատ եմ անում: Ասեմ ավելին` խոսելուց բացի, նաև լսում եմ: Այնպես է ստացվել, որ արդեն 6-րդ տարին է, ինչ սովորում եմ այս լեզուն, որից պրծում չունեմ: Չէ, ինձ սխալ չհասկանաք. ես չեմ ատում ֆրանսերենը, բայց վեց տարի շարունակ մի բան սովորելով՝ կամաց-կամաց սկսում ես դրանից հոգնել:

Դե, նայեք, օրվա մեծ մասն անցկացնում եմ մի տեղում, որի անունն է Հայաստանում ֆրանսիական համալսարան: Արդեն մոտ 6 ժամ «ֆրանսիական» բառը ինձ հետ է: Եվ նույնիսկ, երբ այդ շենքի մեջ չեմ, մեկ ուրիշ տեղ, երբ հարցնում են․ «Որտե՞ղ ես սովորում», տրամաբանական է, որ պատասխանում եմ՝ Ֆրանսիական: Ֆրանսերեն խոսում եմ միայն ֆրանսերենի դասերին, իսկ լսում, կարդում կամ գրում` նաև համալսարանից դուրս: Նույնիսկ հիմա հյուրասենյակում տատիկիս հետ նայում եմ ֆրանսիական կոմեդիա (հայերենով իհարկե), սեղանիս էլ դրված է ֆրանսիական պատմվածքների գիրք, որը ժամանակին հայրս է կարդացել, և որը ես ձևական դրել եմ սեղանիս, որ մի օր սկսեմ կարդալ:

Ու երևի թե այդպիսի օր չկա, որ ես չբողոքեմ ֆրանսերենից, դրա անիմաստ բարդ ու անտրամաբանական լինելուց: «Beaucoup» տառակույտը կարդում ես ոչ թե «բեաուկոուպ» այլ պարզապես «բոկու», գեղարվեստական գրքերում հանդիպում ես «հեշտ անցյալ» անուն ունեցող անցյալ ժամանակին (հեչ էլ հեշտ չի), իսկ մնացած բոլոր դեպքերում կիրառում լրիվ նույն իմաստն ունեցող, սակայն կազմությամբ ուրիշ անցյալ ժամանակ: Վարժությունը կատարելիս լսում ես ձայնագրություն, և հենց հարցի պատասխանին հասնելուն պես միջի ֆրանսիացին փռշտոցի նմանվող մի բառ է ասում` քեզ թողնելով դատարկ տողի հետ տանջվելու:

Սա դեռ ամենը չէ։ Անընդհատ տառապում ես` վերհիշելով կամ պարզապես գուշակելով գոյականի սեռը (ածականը չհամաձայնեցնես հետը՝ վերջդ եկել է), «ակսանների» մասին էլ չասեմ (մեկը շեշտի նշանի նման, մյուսը՝ բութի), որոնք դնում ենք «e» տառերի վրա, որ կարդանք «է», ոչ թե «ը»: Ու որ սկսում ես սովորել մեկ այլ եվրոպական լեզու, օրինակ՝ ինչպես ես՝ իսպաներեն, մեխանիկորեն անտեսում ու չես արտասանում բառի վերջում գրվող «е»-երը: Ինչպես հասկացաք՝ այս շարքը կարող եմ շարունակել անվերջ, բայց այսքան բողոքելով չեմ կարող չասել, որ երբեմն ուրախ եմ լինում, որ գիտեմ ֆրանսերեն և հպարտորոն նշում եմ այդ փաստը: Օրինակ՝ երբ սրճարանում դիմացդ նստած ֆրանսիացիների ընտանիքի երեխաներից մեկը հայհոյում է հեռուստացույցով ցուցադրվող ֆուտբոլիստներից մեկին և հոր ջղայնանալուց հետո բարձրաձայն ասում՝ մեկ է, ինձ այստեղ ոչ ոք չի հասկանում, ֆրանսերեն խոսացող կա՞ այստեղ, հազիվ զսպում ես ծիծաղդ, որ «չծակվես», որ լավ էլ հասկանում ես իր ասած ամեն բառը:

Երևի ֆրանսիահայ ծանոթս ճիշտ էր, այսքան գրածիս մեջ քսան անգամ «ֆրանս» արմատն օգտագործեցի, դա էլ է ինչ-որ չափով Ֆրանսիա:

Պետք է պատմվածքների գիրքը սկսել կարդալ:

Առաջին քայլերը

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Նախորդ հարցազրույցից հետո ինձ շատ հետաքրքրեց վիրտուալ իրականության գաղափարը, և ես որոշեցի անել ևս մեկ հարցազրույց` այս անգամ Ֆրանսիայից ժամանած Շերին Լակդարի հետ:

-Ներկայացեք խնդրում եմ:

-Ես Շերին Լակդարն եմ` «Էրվե» կազմակերպության համահիմնադիրն եմ: Կազմակերպությունը զբաղվում է իմերսիվ տեխնոլոգիաներով, որոնցից են` վիրտուալ իրականությունը, լրացված և միքս իրականությունները: Այսպիսով, մենք զարգացնում ենք դրանց բովանդակությունը որպես ապրանք, ինչպես նաև երբեմն ստեղծում ենք ծրագրային ապահովումներ վիրտուալ իրականության մեջ կինոթատրոնի դահլիճների ստեղծման համար:

-Ինչպե՞ս իմացաք Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին և ինչպե՞ս եկաք այստեղ:

-Մենք արդեն երկու տարի է, ինչ համագործակցում ենք «Institut français»-ի հետ, այսպիսով, իրենք մեզ զանգահարեցին գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոն ավանին մասնակցելու համար: Եվ հենց այդպես մենք հայտվեցինք այստեղ:

-Նախկինում եղե՞լ եք Հայաստանում:

-Ոչ, սա իմ առաջին այցն է Հայաստան:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

-Շատ եմ հավանել, շատ գեղեցիկ է: Դե, իրականում դեռ ժամանակ չեմ ունեցել Հայաստանին լավ ծանոթանալու համար, քանի որ այստեղ շատ աշխատանք կա անելու, բայց անպայման մի քանի օր կտրամադրեմ տեսարժան վայրեր այցելելուն:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է Հայաստանում զարգացնել ֆրանսիական մշակույթը:

-Կարծում եմ` պետք է զարգացնել փոխանակումները, որպեսզի մարդիկ շարժվեն, որպեսզի այդ շարժը լինի հայերի և ֆրանսիացիների միջև, ինչու ոչ, նաև դասընթացներ և կրթական միջոցառումներ լինեն այս երկու երկրների միջև: Հիմա այստեղ շատ դպրոցներ կան, ինչը, կարծում եմ, այս զարգացման համար առաջնային է: Էլ ի՞նչ կարող ենք անել… Ուտել հայկականը Ֆրանսիայում և ֆրանսիականը` Հայաստանում:

Քվեբեքի տաղավարում Մանուկ Ալեմյանն է

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Հարցազրույց Ֆրանկոֆոն ավանում Քվեբեքի տաղավարի ներկայացուցիչ Մանուկ Ալեմյանի հետ

-Ներկայացեք և խնդրում եմ ներկայացրեք Քվեբեքի տաղավարը:

-Մանուկ Ալեմյան, Մոնրեալից, Քվեբեքի կառավարության հետ միասին ներկայացնում եմ անիմատորների տաղավարը:

-Ինչպե՞ս եք հայտնվել Մոնրեալում:

-Ծնողներս հոն կացին, ես խոսք չունեի մեջը (չգիտեմ ոնց թարգմանեմ): Մայրս սիրիահայ է, հայրս` Լիբանանի պատերազմի հերոս, երկուսն էլ տեղափոխվեցին Մոնրեալ` ավելի լավ կյանք ունենալու համար և այնտեղ էլ ծանոթացան: Ցեղասպանության երես են տեսել նախնիներս` պապերս Տիգրանակերտից և Մարաշից են եղել: Իսկ ես ծնվել և մեծացել եմ Մոնրեալում:

-Շա՞տ հայ կա Մոնրեալում: 

-Այո, թվերը տարբեր են, բայց մոտավորապես 60 000 հայ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում եկաք Հայաստան:

-Մեր քաղաք եկավ «Logiq» կազմակերպությունը, որի առաքելությունն է` հեշտացնել Քվեբեքի երիտասարդության մասնակցությունը տարբեր ծրագրերի: Այս ծրագիրը դրանցից մեկն էր:

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

-Ի՞նչ է ներկայացված ձեր տաղավարում:

-Ունենք Virtual reality (վիրտուալ իրականություն), որտեղ ցուցադրում ենք Քվեբեքի 4 տեսարժան վայր` Québec city, Îles de la Madeleine, ville de Montréal և Saguenay–Lac-Saint-Jean: Եվ այս ամենը ուղեկցվում է Քվեբեքի հռչակավոր երգիչ Jean Leloup-ի «Գմբեթ» երգով ( «Le dôme»): Երկրորդ մասում մենք պատասխանում ենք Քվեբեքի վերաբերյալ բոլոր հարցերին և վերջում բոլորին հրավիրում ենք photobooth, որտեղ իրենց կհագցնեն ձմեռային ձկնորսների պես և կնկարեն: Նաև ունենք «Քվեբեք-Երևան 2018» գրվածքով գլխարկներ, որոնք կնվիրենք նրանց, ովքեր նկարը կտեղադրեն իրենց Ֆեյսբուքյան կամ Ինստագրամյան էջում #QuebecErevan2018 հեշթեգով:

-Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք անել, որպեսզի ֆրանսիական մշակույթը ավելի լայն տարածում ստանա Հայաստանում

-Առաջին հերթին ֆրանսիացի զբոսաշրջիկների գալով, ինչքան շատ զբոսաշրջիկ գա և ինչքան շատ ֆրանսիացի տեսնի ժողովուրդը: Շատ մարդիկ Հայաստանը ճանաչում էին ուղղակի որպես քարտեզի վրա երկիր: Իսկ հիմա ավելի շատ ֆրանսիացիներ կգան Հայաստան` գործ սկսելու, սովորելու համար, որպես տուրիստ մշակույթին ծանոթանալու համար:

-Իսկ նախկինում եղե՞լ եք Հայաստանում, թե սա Ձեր առաջին այցն է:

-Այո, ես մի քանի անգամ եկել եմ Հայաստան: Հայաստանը շատ եմ սիրում, Հայաստանը սիրուն երկիր է:

Հայաստանը և Ֆրանկոֆոնիան։ Հյուրանոցում

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Արդեն երրորդ օրն է, ինչ սկսվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, դե, երևի արդեն լսել եք, կամ Օպերայի բակում, օդանավակայանում կամ էլ ուղղակի փողոցով քայլող երիտասարդների եք տեսել՝ կապույտ շապիկով, վրան էլ գրված «Ժը սուի բենեվոլ» (je suis bénévole- ես կամավոր եմ), հա ու անբաժան մաս կազմող և բոլոր դռները բացող բեյջով: Դե լավ, չափազանցրի, քեզ՝ հյուրանոցի խղճուկ կամավորի բեյջով, Համալիր ոչ ոք չի թողնի:

Եվ արդեն երրորդ օրն է, ինչ ժամը 2-ին գալիս եմ հյուրանոց, նստում իմ «պոստին» ու համակ ուշադրությամբ նայում մուտքի պտտվող դռանը, որ գոնե մի հոգի մեր հյուրերից գա, ու ես իմ ցուցակում իր անվան դիմաց + դնեմ: Իսկ եթե բախտդ բերում է, ու հյուրը որևէ հարց ունի, ապա վերջ, միանգամից քեզ կարևոր ես զգում և մաքսիմալ գրագետ ֆրանսերենով փորձում ես պատասխանել և ինչ-որ ձևով նրան օգնել:

Դե ինչ, ասեմ, այս երեք օրվա ընթացքում ամենաշատ օգտագործվող բառերից են՝ «բարև ձեզ», «ցտեսություն», «ինչպես եք» և «շատ լավ»։ Ինչպես հասկացաք, այդքան էլ հետաքրքիր չի անցնում օրս, շատ բան չեմ պատմում, այդ իսկ պատճառով փորձում եմ ժամանակս սպառել «Լեդիբագ»-ի խաղի աշխարհները անցնելով և «չարերին» հաղթելով կամ էլ ինչպես հիմա՝ նյութ գրելով:

Երևի ամենահետաքրքիր դեպքը եղել է առաջին օրը, երբ երեկոյան ժամին այստեղ հավաքվեցին մի քանի երկրի պատվիրակության ուղեկցողները: Եվ հենց այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա օգտագործելու ֆրանսերենս. հեռախոսով խոսեցի Կոնգոյի դեսպանի հետ, ումից պետք էր իմանալ Կոնգոյի նախագահի Երևան ժամանման օրը: Եվ արդեն 100% վստահությամբ կարող եմ ասել, որ աֆրիկացի կնոջ հեռախոսով ասածն ավելի հեշտ էր հասկանալ, քան ԴԵԼՖ-ի (ֆրանսերենի միջազգային քննություն) քննության լսողական հանձնարարությունը:

Հիմա նստած գրում եմ նյութս, կողքիս թիմիս անդամները «Ռիսկ թե ճշմարտություն» են խաղում:

-Ըհը, ծառայողական մեքենա եկավ, հաստատ պատվիրակություն ա:

aneta baghdasaryan

«Կարտոշկի» փողոցով Կույրերի մշակույթի տուն

Այսօր սովորական կիրակի է, և ես սովորականի պես քայլում եմ Կարտոշկի փողոցով դեպի հացի խանութ: Հա, ապրում եմ Մամիկոնյանց փողոցի վրա, որը բոլորս սովոր ենք անվանել Կարտոշկի փողոց` այնտեղ վաճառվող կարտոֆիլի պատճառով: Եվ չնայած փողոցը փոքր է, և երթևեկություն էլ համարյա չկա, այնուամենայնիվ այստեղի մայթերի վրա կարելի է հանդիպել կարմիր կոճակի, որից, բացի մեր փողոցից, տեսել եմ միայն Հյուսիսային պողոտայում և Ավստրիայում (դե, այն կոճակը, որին սեղմելուց հետո լուսակրի կարմիրը վառվում է, և կարողանում ես անվտանգ փողոցն անցնել): Սակայն և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում դրանք նախատեսված էին սովորական հետիոտների համար:

Հիմա կհարցնեք, թե ինչով է մեր փողոցի կարմիր կոճակը տարբերվում մնացածից: Բանն այն է, որ մերն ի սկզբանե նախատեսված է եղել կույրերի` փողոց անցնելը հեշտացնելու համար: Իսկ կույր հետիոտներին առանձնացնում եմ, որովհետև նրանք բոլորիս պես չեն, ուրիշ են, քանի որ չեն կարող տեսնել փողոցում քայլողների հայացքներն ու արձագանքները: Ուղղակի չեն կարող: Եվ ինչքան էլ այս ամենը տրանսպորտի, աղբահանման, ճանապարհների և այլ երևացող խնդիրների շարքից չէ, ես միևնույնն է, կհիշեցնեմ դրա մասին և կբարձրաձայնեմ այն:

Չկա մի օր, որ այս փողոցով չանցնեմ, և ինչ ինձ հիշում եմ, այստեղ միշտ հանդիպել և դեռ հանդիպում եմ կույրերի, որոնք գնում են էլի մեր փողոցի վրա գտնվող կոմբինատ՝ աշխատելու, և գնալով ավելի ու ավելի քչերին եմ տեսնում փողոցով քայլելիս: Սակայն համարյա ամեն անգամ տեսնում եմ մի երիտասարդի՝ Սիփանին, որը չնայած որոշ խոչընդոտներին, միշտ այն առաջիններից է, ով բարձրացնում է հաշմանդամություն ունեցողների հարցը և պայքարում նրանց կենսական պայմանների բարելավման համար: Ես շատ անգամներ տեսել եմ նրան միտինգներին, լսել իր հարցազրույցները, ներկա եմ եղել իր կողմից վարվող սեմինարին: Եվ ես իսկապես ափսոսում եմ, որ իր պես բազմաթիվ երիտասարդներ այսօր չունեն հնարավորություններ առաջ գնալու և լինելու բոլորիս պես` հավասար:

Ու միշտ զարմացել եմ, թե ինչու պիտի կույր մարդն օգտագործի հին և անհարմար ձեռնափայտ, քանի որ նորը բավականին թանկ է: Ինչու պիտի ամբողջ Երևանում լինի այսպիսի երեխաների համար նախատեսված միայն մեկ դպրոց, ինչքանով ես եմ տեղյակ, որտեղ բրայլյան դասագրքերի քանակը բոլորին չի հերիքում, և նրանք ստիպված իրենց հույսը ինչ-որ բարեգործական հիմնադրամների ու բարերարների վրա են դնում: Ես հասկանում եմ, որ ինչքան էլ ցանկանանք, հաշմանդամություն ունեցողների ինտեգրացիան այդքան էլ արագ և հեշտ չի լինի: Սակայն հույս ունեմ, որ գոնե այսպիսի թվացյալ փոքր խնդիրների լուծման դեպքում մենք վերջ ի վերջո կհասնենք նրան, որ այլևս զարմացած հայացքներ չենք նետի փողոցով քայլող կույրի վրա:

Այսօր ընտրություններ են, և մեր տեղամասը գտնվում է Կույրերի մշակույթի շենքում:  Ինչպես ցանկացած չափահաս տարիքի հասած երևանցի, այսօր ես պետք է ընտրեմ. ընտրեմ մեկին, ով իմ կարծիքով կլուծի քաղաքի ոչ միայն երևացող, այլև չերևացող խնդիրները, որ ես միայն մեր փողոցում չտեսնեմ կարմիր կոճակ, որ հաջորդ անգամ Սիփանին տեսնեմ նոր ձեռնափայտով և հասկանամ, որ Երևանում իսկապես ինչ-որ բան փոխվել է:

aneta baghdasaryan

Մեդիագրագիտություն բոլորի համար

Երբ իմանում ես, որ Ֆրանսիայի ռադիոկայաններից մեկի լրագրողները գալու են ձեր համալսարան, որպեսզի լսեն ֆրանսերենի դասի համար պատրաստած էքսպոզեները (պրեզենտացիա), տարբեր մտքեր են գալիս. «Ըհը, էսօր թարսի պես դասախոսը հենց ինձ կկանչի», կամ էլ` «Չէ դե, այդքան լավ ֆրանսերեն չգիտեմ, հաստատ ինձ չի ընտրի»: Իհարկե, հազար անգամ նշվել էր, որ դասն անցկացնելու ենք սովորականի պես և անհանգստանալու կարիք չկա, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ անհանգստանալու կարիք կա: Մի բան է` դասախոսիդ կամ ընկերներիդ ներկայությամբ ֆրանսերենով կարծիք արտահայտես, մեկ ուրիշ` ֆրանսախոս հյուրերի մոտ: Հա, մոռացա նշել, այսօրվա մեր էքսպոզեների թեման մեդիա կրթության դերն էր երիտասարդների կյանքում` նորությունները և մեդիան ճիշտ հասկանալու համար:

Դասից առաջ՝ մեծ դասամիջոցին, հավաքվեցինք գրադարանում, մտքեր փոխանակեցինք, մեր մեջ որոշոցինք, թե ով է խոսելու, կարծիքներն, իհարկե, բաժանվեցին, մինչև վերջին րոպեն պլանավորում էինք մեր փախուստը․ ամեն ինչ, միայն թե դասի չնստեինք: Երբ մտանք լսարան, և փախչելու տարբերակ չկար, մեզ մնում էր անհամբերությամբ սպասել մեր հյուրերին, ովքեր այդպես էլ չեկան: Երևի ավելի կարևոր հանդիպում ունեին, մեկ ուրիշ օր միգուցե և գան: Դե, իսկ մեզ մնում էր սովորականի պես բանավեճերով և քննարկումներով լի դաս անցկացնել:

Իսկապես հետաքրքիր և կարևոր թեմա էր, որը քննարկման կարիք ուներ մեր՝ երիտասարդներիս կողմից: Ներկայացվեցին միմյանցից տարբերվող էքսպոզեներ, որից հետո սկսվեց քննարկումը, հարց ու պատասխանը:

Մենք բոլորս շրջապատված ենք ինֆորմացիայով, որը կարող է ներկայացվել հեռուստացույցով, թերթերում, բջջայիններում և փողոցում: Երբեմն այդ ինֆորմացիան այդքան էլ մոտ չէ իրականությանը, աղավաղված կամ նույնիսկ հորինված է, և մեզանից շատերը հավատում են որոշ աղբյուրների` չկասկածելով նրանց հավաստիության վրա: Լսարանում կարծիք հնչեց, որ այո, այսօրվա երիտասարդությունը կարիք ունի կրթվելու մեդիա ոլորտում, իմանալու՝ որ աղբյուրներին հավատալ, ինչպես վերծանել ինֆորմացիան և չդառնալ կեղծ լուրերի թիրախ:

Հետո հերթը հասավ երեխաներին, որոնք թեկուզ առանց իրենց կամքի, բայց բախվում են լուրերի և տարատեսակ ինֆորմացիայի հետ, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա: Քննարկվեց ծնողների կողմից այդ ամենը վերահսկելու հարցը, և որ ինչքան էլ նրանք ցանկանան երեխաներին հեռու պահել անցանկալի ինֆորմացիայից, տեղեկատվությունը մինչև վերջ ֆիլտրելն այդքան էլ իրական չէ: Չնայած՝ գոյություն ունեն ծրագրեր, որոնք արգելափակում են անցանկալի կայքերը և շատ հարմար են հենց այսպիսի դեպքերի համար, երբ ծնողը ցանկանում է երեխային պաշտպանել ավելորդ տեղեկատվությունից համացանցում:

Այնուհետև անդրադարձանք նաև մեծահասակներին: Եվ ես միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ոչ միայն երիտասարդները, այլ նաև տնային տնտեսուհիները և տարեց մարդիկ նույնպես ունեն մեդիա կրթության կարիք, քանի որ նրանք էլ են այն խոցելի խումբը, որը օրվա մեծ մասն անցկացնում է հեռուստացույցի դիմաց և հատկապես՝ համացանցում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեղադրել չճշտված և կեղծ ինֆորմացիա: Նրանցից շատերը կուրորեն հավատում են համացանցում տեղադրված ցանկացած տեղեկատվության ու նույնիսկ չեն էլ կասկածում, որ այն կարող է հորինված կամ փոփոխված լինել:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն անհնար է պատկերացնել առանց մեդիայի, սա տեղեկատվության դար է, և լավ կլիներ, որ թեկուզ դպրոցներում կամ էլ համալսարաններում կազմակերպվեին միջոցառումներ, սեմինարներ, որտեղ մասնագիտությանը լավ տիրապետող մեդիայի ներկայացուցիչները երիտասարդներին, ինչու ոչ, նաև մեծահասակներին կսովորեցնեին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներից օգտվել, կներկայացնեին ոչ վստահելի կայքերը հայտնաբերելու մեթոդներն ու ինֆորմացիան ճիշտ օգտագործելու ձևը: Չէ՞ որ հենց սա է ձևավորում մեզ որպես քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ:

Կարող եմ ազատ հաղորդակցվել

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Հարցազրույց Media Moving Forward ծրագրի Պորտուգալիայի թիմի ղեկավար Լարա Լիժեյրուի հետ:

-Ներկայացեք խնդրում եմ և ներկայացրեք Ձեր կազմակերպությունը:

-Ես Լարա Լիժեյրուն եմ, 33 տարեկան: Ներկայացնում եմ Լիսաբոնում Associação bué fixe հասարակական կազմակերպությունը, որը ինձ ուղարկել է այս ծրագրին մասնակցելու, նաև աշխատում եմ Nova University of Lisboa համալսարանի արժեքների ստեղծման օֆիսում (value creation office):

-Ի՞նչ գործունեությամբ են զբաղվում այս երկու կազմակերպությունները։

-Associação bué fixe հասարակական կազմակերպությունը զբաղվում է անապահով կամ ոչ լիարժեք կրթություն ստացած երիտասարդների սոցիալական ներգրավվածությամբ: Աշխատում ենք դպրոցականների և երիտասարդների հետ, որպեսզի նրանք հաջողությունների հասնեն ուսման և աշխատանքի մեջ:

Իսկ Nova University-ն Պորտուգալիայի հիմնական համալսարաններից է, այն բիզնեսին և տնտեսագիտությանը վերաբերող ամենալավ համալսարաններից մեկն է, որն այժմ ունի մոտ 19000 ուսանող:

-Ո՞րն է Ձեր դերը այս երկու կազմակերպություններում

-Associação bué fixe-ում ես աջակցում եմ տարբեր ծրագրերի: Իրականում, ես կազմակերպության ղեկավարի հետ նախկինում աշխատել եմ մեկ այլ ՀԿ-ում, այդ իսկ պատճառով որոշ չափով կապված եմ իրենց հետ: Եվ արդեն 2 տարի է, ինչ աշխատում եմ Nova University-ում՝ օգնելով ուսանողներին ձեռնարկատիրական ծրագրերում:

-Երբվանի՞ց են այս կազմակերպությունները կամ նրանցից որևէ մեկը European Youth press-ի անդամ։

-Վստահ չեմ, որ նրանցից որևէ մեկը European Youth press-ի անդամ է, բայց մենք ունեցել ենք բազմաթիվ ծրագրեր European comission-ին հետ, ինչպես նաև Nova University-ն ունեցել է Erasmus + ծրագրեր: Իսկ այժմ մենք արդեն European Youth Award-ի գործընկեր ենք:

-Ի՞նչ եք կարծում այս՝ Media moving forward ծրագրի մասին։

-Այս ծրագիրն ինձ համար մեծ կարևորություն ունի, քանի որ ես աշխատում եմ ուսանողների հետ, ինչպես նաև ծրագրերի սթարթափների ոլորտում, և երբեմն ես չեմ կարողանում գտնել հաղորդակցման ճիշտ ձևը: Եվ հիմա այս ծրագիրն ինձ օգնում է ավելի ազատ հաղորդակցվել իմ բնագավառում:

-Արդյոք Ձեզ համար օգտակար եղա՞ն այս վորքշոփերը։

-Այո, իհարկե, քանի որ ես լրագրող չեմ, բայց աշխատանքիս արդյունքում պետք է շատ շփվեմ ու հաղորդակցվեմ և հիմա ինձ համար որոշ խորհուրդներ առանձնացրի, որոնք կարող եմ հետագայում օգտագործել: Ապագայում ես պետք է գրեմ հոդվածներ, ինչը անելու համար հիմա ես տիրապետում եմ ավելի լավ գործիքների:

-Ի՞նչ ապագա ծրագրեր ունեք։

-Կփորձենք կապել Youth Press-ը և մեր հաղորդակցման գրասենյակը, իսկ European Youth Award-ի հետ, կցանկանայի, որ համագործակցեն մեր սթարթափները: