Արթուր Տոնեյանի բոլոր հրապարակումները

Ջերմուկում դեռ ձմեռ է

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ես ապրում եմ Ջերմուկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր ջրերով, առողջարաններով և հրաշք բնությամբ: Թեև հիմա ամբողջ հանրապետությունում արդեն գարուն է, բայց դա մեզ՝ ջերմուկցիներիս, չի՛ վերաբերվում: Հիմա կասեք՝  ինչո՞ւ:  Ջերմուկը բարձր լեռնային քաղաք է, այդ պատճառով այստեղ ձմռանը շատ է ձյուն տեղում, նաև շատ ցուրտ է լինում: Այ այս օրերին, երբ սառը հոսանք անցավ հանրապետությունով, մենք նորից ընկղմվեցինք խորը ձմռան մեջ:

Սակայն ամռանը Ջերմուկի բնությունն ուղղակի հրաշք է: Կարճ ասած՝ Ջերմուկում լինում է երկու եղանակ՝ ամառ և ձմեռ: Իսկ գարուն ու աշուն մենք գրեթե չենք տեսնում: Բայց վերջին տարիների ընթացքում Ջերմուկի կլիման բավականին փոխվել է. առաջ ձմռանը ձյան հետ ուժեղ քամիներ էին լինում, իսկ հիմա այլևս նման բան չի լինում: Պատճառն այն է, որ մարդկությունը մեծ վնաս է հասցնում բնությանը, և կարծում եմ, որ տարիներ հետո Ջերմուկի կլիման ավելի մեծ փոփոխություններ կունենա ու դա կբերի նոր աղետների… Ինձ դա շատ է հուզում:

artur toneyan

Ես ապագա սպա եմ

Ես սովորում եմ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ճիշտ է, սովորում ենք վարժարանում, բայց մենք նույնպես զինվորի կյանքով ենք ապրում: Ես հիմա կպատմեմ, թե ինչպես է անցնում մեր ուսումը: Առավոտյան ժամը յոթին «վեր կաց»-ն է,  և մենք քառասունհինգ վայրկյանում պետք է հասցնենք հագնվել, պատրաստվել և շարք կանգնել: Հետո գնում ենք շարահրապարակ՝ առավոտյան մարմնամարզությունը կատարելու: Այս ամենից հետո վազում ենք, պտտաձողի վրա ձգումներ ենք կատարում ու գնում զորանոց՝ հարդարելու մեր անկողիններն ու նորից շարք կանգնում, որ գնանք ճաշարան: 

Դե, քանի դեռ մենք նախաճաշում ենք, այդ ժամին զորամասից դուրս մեր տարիքի տղաները դեռ արթնացած չեն էլ լինում: Նախաճաշելուց հետո գնում ենք առավոտյան ստուգատեսի, որը վերջանում է ժամը ինին: Իսկ հետո գնում ենք դասասենյակներ ու մինչև երեկոյան վեցն անց կես տարբեր դասեր ենք սովորում:

Մեր՝ մոնթեականներիս համար, շատ հետաքրքիր են անցնում դասերը, քանի որ մեզ հետ պարապում են լավագույն մասնագետները: Մեր մահճակալները զինվորների մահճակալների նման են, քնում ու արթնանում ենք միասին, մենք միշտ միասին ենք և այս ընթացքում մտերմանում ենք, նոր ընկերներ ենք ձեռք բերում, բոլորս միանման կյանքով ենք ապրում, նույն համազգեստն ենք հանգնում, նույն ուտելիքն ենք ուտում: Մենք, բոլորս հավասար ենք, ոչ ոք մյուսից առավել չի կամ հակառակը: Ինձ սա շատ է դուր գալիս:

Ես հպարտ եմ, որ սովորում եմ Մոնթեի անվան վարժարանում և հայոց բանակի ապագա սպա եմ: Հենց այդ պատճառով պետք է ավելի լավ սովորեմ, որ ապագայում սովորեցնեմ ինձ վստահված զինվորներին:

Գնդեվազ

Մենք Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում ենք:

Լուսանկարը՝ Արթուր Տոնեյանի

Լուսանկարը՝ Արթուր Տոնեյանի

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք:
-Բարև ձեզ, լավ եմ էրեխեք ջան դո՞ւք իմալ  եք:
-Լավ, շնորհակալություն, ի՞նչ է ձեր անունը:
-Վազգեն Մկրտչյան, ես Գնդեվազ գյուղի բնակիչ եմ:
-Ինչպե՞ս է անցնում ձեր օրը գյուղում:
-Դե, հելնում եմ, գալում եմ գոմ, անասուններին եմ ջրում, կեր տալի, գոմն եմ մաքրում:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվել երիտասարդ ժամանակ:
-Դե, տղե՛րք ջան, ես 42 տարի եղել եմ կոլտնտեսության հաշվապահ:
-Արդյոք շա՞տ է արտագաղթը գյուղից:
-Ուրեմնս, ես հատուկ հաշվել եմ, 82 երիտասարդ ընտանիք լքել է գյուղը: Հենա, էն դպրոցը տենո՞ւմ եք: Սովետի վախտով մենք կառուցեցինք այս դպրոցը 660 աշակերտի համար, իսկ հիմա էտ դպրոց հաճախում ա ընդամենը 82 էրեխա: Բա շատ չի՞:
-Մենք լսել ենք, որ գյուղին շատ մոտ ոսկու հանք են շահագործելու շուտով: Իսկ դուք ինչպե՞ս եք նայում ոսկու հանքի բացմանը:
-Դե, ինձ թվում ա` լավ կլինի, որ բացեն:
-Իսկ հանքի բացման դեպքում բնությունը չի՞ աղտոտվի:
-Դե, եթե նման բան լինի, ապա մեզ կտեղափոխեն այլ բնակավայր: Բա ավելի լավ չի՞ մարդիկ աշխատանք ունենան, քան թե քոչեն գնան:

Մենք ոչինչ չասացինք նրան: Միայն նայեցինք հինավուրց գեղեցիկ գյուղին, լուսանկարեցինք ու շատ ափսոսեցինք, որ երկու դեպքում էլ գյուղը դատարկվելու է: