Օֆելյա Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

ofelya hovhannisyan

Քեզ հետ, թեև առանց քեզ

Շուրջ 16 տարի ապրելով տատիկիս հետ՝ բազում խրատներ եմ նրանից լսել։ Երբեմն սխալվել եմ, սակայն հիշելով այն խրատները, որոնք տատս էր ինձ տվել, հաղթահարել ու շրջանցել եմ տարբեր տեսակի փորձություններ։ Երբ սխալ էի անում, արագ պատմում էի մտավախություններիս մասին, երբեմն գանգատվում, սակայն տատս ինձ կոփում էր, խրատում և ասում.

-Եթե ճիշտ ու արդար ես կատարում յուրաքանչյուր գործ, ապա մի՛ վախեցիր և առաջ շարժվիր։ Դժվարությունները մարդու համար են։

Տատս չէր սիրում ստախոս և կեղծավոր մարդկանց։ Առանց վախի զգացումի տատս խոսում էր ճշմարտության մասին, բացահայտում սուտը և նույնը ինձ հորդորում.

-Պարտադիր չէ կեղծավորություն անես, շողոքորթես, որպեսզի մարդիկ քեզ սիրեն ու հարգեն: Անկեղծ եղիր և երբեք մի՛ վախեցիր ճշմարտությունն ասելուց։ Եթե ոչ բոլորը, ապա գոնե մի քանիսը կլսեն քեզ անպայման։

Հատկապես շատ էի սիրում լսել տատիս պատմած պատմությունները։ Անվերջանալի պատմություններ, որոնք առանց հոգնելու պատմում էր տատս ինձ, իսկ ես լսում էի, և երբ ընդհատում էի իմ անիմաստ հարցերի տեղատարափով, տատս նախատում էր ինձ և ասում, որ մինչև վերջ լսեմ, այդ դեպքում կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանները։ Սակայն տատս ավելի շատ պատմում էր իմ մանկության մասին, իմ դրական ու բացասական հատկանիշների մասին։ Երբ հայտնեցի տատիս, որ ցանկանում եմ ռեժիսոր դառնալ, տատս ինձ մի պատմություն պատմեց՝ ասելով.

-Պատահական չէ, որ ընտրել ես այդ մասնագիտությունը։ Փոքր ժամանակ, երբ կինոներ էիր նայում, նմանակում էիր դերասաններին։ Մազերդ այդ ժամանակ շատ կարճ էին, դրա համար դու շալով փաթաթում էիր գլուխդ՝ իբրև թե երկար մազեր ունես։ Բացի դրանից՝ շատ էիր սիրում պարել և դրանով ուրախացնել բոլորին։

Երբ ես դարձա 17.am-ի թղթակից, տատիկս շատ էր ուրախացել։ Երբ դասերի պատճառով չէի հասցնում նյութեր ուղարկել, տատիկս խնդրում էր առանց պատճառաբանելու անընդհատ գրել։ Երբ ինձ տպագրում էին, տատիկս ինձանից շատ էր ուրախանում և բոլորին պատմում էր, թե այս անգամ ինչի մասին է նյութս։

Հիմա էլ տատիկս չկա, որ անընդհատ ինձ խնդրի նյութեր գրել։ Սակայն հիմա ես ավելի շատ ցանկություն ունեմ խոսելու, գրելու, մտածելու։ Գիտեմ, որ տատիկս ֆիզիկապես հիմա շատ հեռու է ինձնից, սակայն հոգեպես շատ ավելի մոտ է, քան երբևէ, և այն խրատներն ու դասերը, որոնք տատս այդ 16 տարիների ընդացքում ինձ է փոխանցել, շարունակ պիտի ինձ ուղղորդեն կյանքի դժվարությունների հանդիպելիս։ Ապագա պլաններս, որոնք պետք է կատարեմ, վստահ եմ, որ շատ կուրախացեն տատիկիս։ Ու թեև էլ չեմ կարող պատմել խնդիրներիս մասին կամ հայտնել, որ ինձ կրկին տպագրել են, միևնույնն է, ես գիտեմ, որ հոգեպես նա ինձ հետ է և ինձ հետ միասին ուրախանում է իմ հաջողություններով։

ofelya hovhannisyan

Ժպիտի տակ թաքնված արցունքներ

Երբ նայում եմ տատիկիս, նա միշտ ժպտում է ինձ: Դրանով նա ցույց է տալիս, որ ուրախ է և ոչ մի բանի կարիք չունի: Սակայն վերջին ժամանակներս տատիկս այլևս այն ժպիտով չի նայում ինձ: Հասկանում եմ, որ եթե կար ժամանակ, որ տատիկս թաքցնում էր իր տխրությունը, հիմա դա շատ դժվար է դարձել: Արդեն 20 տարի է, ինչ տատիկս կորցրել է քեռուս: Նա այնքան է պատմում քեռուս նախասիրությունների, ունակությունների մասին, որ ինձ միշտ թվացել է, թե ես տեսել եմ նրան: Քեռուս մահից 3 տարի անց ծնվեցի ես Ոուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում: Տատիկս, մենակ մնալով, որոշում է գալ մեզ մոտ, սակայն 6 ամիս հետո ինձ հետ վերադառնում է Հայաստան: Արդեն 16 տարի է, ինչ ես ապրում եմ տատիկիս մոտ: Ամեն անգամ, երբ հաջողությունների եմ հասնում, տատս ինձ ասում է.

-Ռուսլանս էլ էր քո նման սովորում դպրոցում, բայց ինքը քո նման միամիտ ու խելոք չէր, աշխույժ, ճարպիկ ու կատակասեր էր Ռուսլանս:

Տատս պատմել է, որ մի անգամ ուշ երեկո էր, քեռիս դեռ տուն չէր եկել և չէր էլ տեղեկացրել, թե ուր է գնացել: Տատիկս որոշում է դուրս գալ և դրսում փնտրել, սակայն ոչ մի տեղ չի գտնում: Հիշում է, որ երկու օր առաջ քեռիս ինչ-որ խնջույքի մասին է խոսել: Տատիս մտքով անցնում է գնալ քեռուս մտերիմ ընկերոջ տուն: Հասնելով նրանց տան մոտ՝ տատս լսում է քեռուս ձայնը, թե ինչպես է երգում, իսկ իր երգի տակ բոլորը պարում և ուրախանում են: Տատիկս, չուզենալով խանգարել նրանց, հետ է վերադառնում տուն և մտնում անկողին: Քեռիս, տուն վերադառնալով, մոտենում է տատիկիս անկողնուն և բարձր ծիծաղելով ասում է.

-Անուշիկ ջան, գիտեմ, որ քնած չես: Ես գիտեի, որ կանհանգստանաս, կգաս հետևիցս, դրա համար էլ շատ բարձր էի երգում, որ լսես տղայիդ ձենը, հանգիստ լինես ու չանհանգստանաս:

Այս պատմությունը, որը շատ հետաքրքիր է ինձ համար, տատս մեծ դժվարությամբ պատմեց: Չեմ կարողանում քեռուս մասին շատ հարցեր տալ: Ամեն մի բառից, որը արտասանում եմ նրա մասին, տատս հուզվում է:

Մեր բակում կա մի ցայտաղբյուր, որը նվիրված է քեռուս հիշատակին: Քեռիս մահացել է բանակում: Երեկ նայում էի քեռուս հուշատետրը: Նկատեցի մի քանի բանաստեղծություններ, որոնք նա գրել էր բանակում: Ինձ դուր եկած բանաստեղծություններն արագ վերցրի և դրեցի իմ հուշատետրում:

Գիշերով նստած խավար լույսի տակ՝

Գրում եմ մի փոքրիկ նամակ,

Չգիտեմ՝ ինչպես սկսեմ երկտողս,

Ինչ նամակ գրեմ արտասվող մորս:

Արցունքս լցված կոկորդս է խեղդում,

Ձեռքերս դողում են, էլ չեմ գրում,

Հուշերով մի պահ ընկա ես մեր տուն

Դրսից ձայն տվի, ներսից բաց արին,

Տեսա իմ դիմաց հյուսերով մորս:

Սիրելի մայրս՝ որդուն կարոտած,

Քարացանք մի պահ իրար դեմ կանգնած:

Դանդաղ արցունքներ գլորվեցին ցած,

Սթափվեցի, տեսա՝ նստած եմ հուզված,

Կիսատ նամակս՝ առաջս դրած…

Երբեմն կարդում եմ քեռուս գրածները: Անհնար է դրանք կարդալ առանց հուզվելու: Թեև ես չեմ զգա այն ցավը, որը գրելու ընթացքում նա է զգացել, բայց միևնույնն է՝ սիրով եմ կարդում նրա բոլոր գրածները:

Ոսկորս կանեմ գրիչ,

Արյունս կանեմ թանաք,

Մայրիկ ջան, քեզ համար

Կգրեմ մի լավ նամակ:

Քեռուս մահից հետո տատիկս տառապում է շաքարային դիաբետով: Գնալով նոր բարդություններ են առաջանում, սակայն անգամ այդ ժամանակ տատս չի դադարում պատմել քեռուս մասին, ինձ մեծացնելու դժվարությունների մասին, և այլևս չի կարողանում թաքցնել արցունքները:

«Եկանք բանակ նոր զգացինք

Քաղցրությունը ծնողի,

Շատ դժվար է մարդու համար

Երբ ծնողը կողքին չի»,- գրել է քեռիս:

Ոսկե Աշուն

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Նոյեմբերի 17-ը համարվում է բերքի տոն: Ամեն տարի Հայաստանի բոլոր մարզերում այն տարբեր կերպ են նշում: Բերքի տոնը այս տարի առաջին անգամ նշեցին նաև Գագարինում: Թեև առաջին անգամ էինք նշում, սակայն այն բավականին հետաքրքիր էր:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Բերքի տոնին ներկայացնում են բոլոր այն մրգերը, որոնք աշնանն են հասնում և դրանցից պատրաստված պահածոներ`մուրաբաներ և կոմպոտներ: Տոնը էլ ավելի էին գեղեցկացնում երեխաները իրենց կազմակերպած բեմադրություններով և պարերով: Դպրոցում կան նաև այնպիսի երեխաներ, որոնք կարողանում են նվագել երաժշտական գործիքներ, ինչպես օրինակ,  դուդուկ, դհոլ, քանոն, շեփոր:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Նրանց նվագելը բավականություն էր պատճառում պատճառում մեզ և տոնին նոր շունչ հաղորդում: Ամեն մի դասարան ներկայացնում էր աշնան տոնի իր պատրաստությունը,  բացատրում, թե ինչպես է գյուղացին իր արդար քրտինքով մշակում այդ բերքն ու բարիքը: Երեխաները մեզ այնպես էին ոգևորել, որ մի պահ մենք մոռացել էինք, որ դպրոցի ավագ դասարանը մենք ենք: Նրանց հետ միասին մենք էլ էինք պարում և ուրախանում: Երբ ավարտվեց միջոցառումը, բոլոր դասարանները ստացան պատվոգրեր և սկսեցին վայելել այն բերքն ու բարիքը, որը ներկայացնում էին:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Իրականում ես շատ ուրախ եմ, որ Գագարինում այս տոնը, որը երբեք չէր նշվել, առաջին անգամ նշվեց: Եթե անգամ կային թերություններ, վստահ եմ, որ մյուս տարի դրանք այլևս չեն լինի:

ofelya hovhannisyan

Փոթորկից հետո

Երկու օր առաջ Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ փոթորիկ էր լինելու: Երբ լսեցի այդ մասին, մտածեցի, որ մեզ մոտ՝ Գագարինում, երևի մի փոքր ավելի մեղմ կլինի, բայց իմ սխալ կանխատեսման պատճառով հասցրի մի փոքր վախենալ: Ես և ընկերուհիս դաս էինք անում մեր տանը: Չնկատեցինք էլ, թե ինչպես ժամանակն անցավ: Երբ նայեցինք ժամացույցին, նկատեցինք, որ արդեն բավականին ուշ է: Դասերը վերջացնելուց հետո ես որոշեցի տուն ճանապարհել ընկերուհուս, որովհետև արդեն բավականին ուշ էր, դրսում ցուրտ էր և մութ:

Նախքան բակ իջնելը, ես և Տաթևը համոզված էինք, որ դրսում տաք է, բայց երբ դուրս եկանք շքամուտքից, դադարեցինք խոսել: Քամին այնքան ուժգին էր, որ ծառերն ու սյուները ինքնաբերաբար շարժվում էին: Մենք երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե որ ճանապարհով գնալ, որ ապահով տեղ հասնենք: Ի վերջո որոշեցինք բաց տարածությունով վազել, որպեսզի շարժվող տանիքները չվնասեն մեզ:

Տաթևին բարեհաջող տուն հասցնելուց հետո ես չէի ուզում մտածել, որ պետք է մենակ տուն վերադառնամ, բայց, բարեբախտաբար, կարողացա առանց ուշադրությունս որևէ բանի վրա կենտրոնացնելու՝ շտապել տուն: Ինձ ավելի շատ սարսափեցնում էր այն փաստը, որ դրսում միայն ես էի Օֆելյա փոթորկի դեմ (երբ հետևում էի լուրերին, տեղեկացա, որ Իռլանդիայում նույնպես շատ ուժգին փոթորիկ է եղել, որն անվանել են Օֆելյա):

ofelya hovhannisyan

Մեր դասղեկը

Ընկեր Սիմոնյանը մեր գերմաներենի ուսուցչուհին է, նա մեզ երրորդ դասարանից սկսել է դասավանդել: Այդ ժամանակ դեռ ընկեր Սիմոնյանը իմ դասղեկը չէր, բայց ամենասիրելի ուսուցչուհին էր: Նա մեզ համար իսկապես շատ թանկագին մարդ է, ում շնորհիվ մենք շատ գիտելիքներ ենք ստացել:

Գերմաներենն ինձ համար այն առաջնային առարկաներից է, որը ես սովորում եմ մեծ հաճույքով: Մի անգամ, երբ ընկեր Սիմոնյանը դասը պատմել էր հանձնարարել, ես այդքան էլ լավ չէի սովորել, բայց տեսնելով, որ աշխատել եմ և ջանացել եմ դասը պատմել սովորել, նա ինձ ոգևորելու համար բարձր գնահատեց: Հիմա ես մեծ պատասխանատվությամբ եմ գերմաներենի դասերը սովորում պատմել, բայց սովորում եմ ոչ թե նրա համար, որ բարձր գնահատական ստանամ, այլ որ գոհացնեմ ուսուցչուհուս: Նա մեզ վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական երեխաներին: Մի անգամ, երբ հարցրինք ընկեր Սիմոնյանին, թե նա քանի երեխա ունի, պատասխանեց՝ 21: Մենք բոլորս զարմացած իրար էինք նայում, իսկ ընկեր Սիմոնյանը ծիծաղելով ասաց, որ ունի երկու աղջիկ և մեկ տղա, իսկ բացի նրանցից՝ ունի նաև 18 երեխա: Մենք անմիջապես հասկացանք, որ խոսքը հենց մեր մասին էր: Ուսուցչուհիս մեզ համար հիանալի խորհրդատու է: Աշակերտները ոչ միայն խորհուրդ են հարցնում նրանից, այլ նաև պատմում են իրենց անձնական գաղտնիքները:

Մենք դասընկերներով հատկապես շատ ենք սիրում էքսկուրսիաների գնալ ընկեր Սիմոնյանի հետ: Փոքր տարիքում մենք միշտ ցանկանում էինք, որ մեր ծնողները մեզ հետ գան էքսկուրսիայի, որպեսզի մենք չկորչենք և մեզ ապահով զգանք: Իսկ հիմա մենք մեզ ապահով ենք զգում մեր դասղեկի հետ:

ofelya hovhannisyan

«Ինչ եմ ուզում այս աշխարհից»

Հարցազրույց հարևանուհուս՝ Վարդ Ավագյանի հետ: 

Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ տիկին Վարդին: Նա ծնունդով Հրազդան քաղաքից է, դպրոցն ավարտել է գերազանց, որից հետո սովորել է Հրազդանի քոլեջում՝ «կապակցվող նյութերի տեխնոլոգիա» բաժնում: 1971 թվականին ամուսնացել է ու տեղափոխվել Սևան, որտեղ ընդունվել է Սևանի ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը: 1974 թվականին ավարտել է տեխնիկումի լրիվ դասընթացը՝ «Մետաղների մշակումը կտրմամբ» մասնագիտությամբ, գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո նրան անմիջապես աշխատանքի ընդունեցին որպես էլեկտրատեխնիկայի լաբորանտ և գրադարանավար: Նրան ուղարկեցին բարձրագույն ուսումը շարունակելու, բայց ընտանիքում ծնվեց 3-րդ երեխան, որի պատճառով ուսումը չկարողացավ շարունակել: Դրանից հետո 3 տարի տիկին Վարդն աշխատել է մանկապարտեզում՝ որպես թե՛ փոքրերի, թե՛ մեծերի խմբերի դաստիարակչուհի: Շուրջ 18 տարի աշխատել է Գագարինի լուսատեխնիկական ապակու գործարանում՝ որպես հսկիչ: Իսկ հիմա աշխատում է որպես ավանի հավաքարար: Հոգով մաքուր և բարի այս կինն անցել է կյանքի մեծ ուղի, տեսել ցավ, տառապանք, բայց այդ ցավն ու տառապանքը չեն փոխել նրա հոգու մաքրությունը: Այդ ամենը նա հանձնել է թղթին:

-Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք ստեղծագործել

-7-րդ դասարանում էի սովորում, խմբակի էի հաճախում: Գրականության ուսուցչուհուս ամուսինը՝ Վարդան Փարթամյանը, բանաստեղծ էր, նա մեզ համար ուղեցույց էր հանդիսանում: Մի քանի առաջադրանքներից հետո, որ հանձնարարել էր մեզ, նկատեց, որ ստեղծագործական ձիրք ունեմ:

-Ի՞նչ թեմաներով եք գրել առաջին անգամ

-Առաջին անգամ գրել եմ դպրոցի մասին, ընտանիքիս մասին, շրջապատում կատարվող վատ կամ լավ իրադարձությունների մասին, աշխատանքային ընկերներիս մասին: Մտքումս տարբեր թեմաներ էին առաջանում, որոնք անմիջապես թղթին էի հանձնում:

-Իսկ ընտանիքում և շրջապատում ինչպե՞ս էին դրան արձագանքում

-Ընտանիքում և շրջապատում բոլորն ուրախանում էին, խնդրում, որ իրենց մասին էլ որևէ բան գրեմ: Կային այնպիսի թեմաներ, որոնք գրելիս մտածում էի, թե լավ չի ստացվել, բայց ընտանիքում և շրջապատումս բոլորն ինձ քաջալերում էին, հաջողություն մաղթում:

-Իսկ երբեմն չե՞ք մտածել, որ կարող եք տպագրել ձեր ստեղծագործությունները

-Սկսած այն ժամանակից, երբ արդեն գրում էի բանաստեղծություններ, երազում էի, որ դրանք տպագրվեն: Բայց ոչ ընտանիքս ուներ միջոցներ, ոչ էլ շրջապատում որևէ մեկը, որ կարողանար աջակցել ինձ: Դիմել եմ տարբեր կառույցների, բայց ապարդյուն: Սակայն մինչև հիմա էլ այդ երազանքն ինձ համար շատ կարևոր է, դեռ չեմ կորցրել հույսս, որ կգտնվի մի բարերար, ով կօգնի ինձ՝ կատարել իմ ամենանվիրական երազանքը:

-Իսկ բացի ստեղծագործելուց՝ էլ ի՞նչով եք սիրել զբաղվել

-Մանուկ հասակից սիրել եմ շփվել երեխաների հետ: Թեկուզ հիմա արդեն էլ երեխա չեմ, բայց սիրում եմ խաղալ երեխաների հետ: Նրանց համար միջոցառումներ էի կազմակերպում, ամեն կերպ ջանում էի օգնել երեխաներին և հիմա էլ շարունակում եմ նույն կերպ:

-Եթե ժամանակը հետ տայիք, հատկապես ի՞նչը կցանկանայիք փոխել ձեր կյանքում

-Ուսումը, որն ինձ համար մնաց անկատար երազանք: Ուսումս կիսատ թողեցի, որովհետև խնամում էի եղբորս երեխաներին: Հետագայում ինձ էլի շանս ընձեռվեց, բայց ես այդ ժամանակ արդեն ընտանիքի մայր էի: Մտածեցի, որ ընտանիքումս սովորելս կարող է խնդիրներ առաջացնել: Եթե ամուսինս բանվոր է, ուրեմն ես էլ բանվոր կլինեմ. այդպես էի ես մտածում: Ես իմ կյանքում բազմաթիվ զիջումների եմ գնացել, և իմ կատարած այն բոլոր քայլերի համար, որոնցով օգնել եմ մարդկանց, երբեք չեմ զղջացել:

-Տիկին Վարդ, ներկայումս աշխարհին ի՞նչ կցանկանաք

-Ի՞նչ եմ ուզում այս աշխարհից.

Ես ուզում եմ խաղաղություն,

Միայն ժպիտ ու բարություն,

Բայց մարդկային հոգու ամեն կոպտություն,

Տրորել է սիրտս մի պահ ու անցել,

Մի վատ խոսքից օրերով եմ վշտացել,

Ու մարդկանց դաժանության համար զարմացել,

Մի թույլ ժպիտ, բարի հեգնանք

Մոռացնել են տվել ինձ ամեն դառնություն,

Եվ հոգուս մեջ լույս է վառվել, համառ կամք,

Կարծես նորից բարության տենչն է ծնվել իմ հոգում,

Ինչ եմ երազել իմ կյանքում.

Երազել եմ սեր, մաքրություն, միասնություն,

Ի՞նչ եմ խնդրել մեծ արարչից,

Մեծ արարչից ես խնդրել եմ

Զավակներիս առողջություն,

Շատ երկար կյանք, հաջողություն,

Զերծ ու հեռու փորձանքներից, չար աչքերից, նենգի ձեռքից,

Եվ փա՜ռք Աստծո,

Զգացված եմ ու շատ գոհ,

Որպես Աստծո գթություն,

Գտել եմ միշտ օգնություն:

ofelya hovhannisyan

Բրազիլիայից ուղևորվեցինք դեպի Հնդկաստան

Կար մի ժամանակ, երբ բրազիլական սերիալները մեծ տարածում էին գտել Հայաստանում, և դեռ ավելին՝ բոլորը կլանված նայում էին այդ սերիալները: Սակայն 2016 թվականին, ավարտելով բրազիլական սերիալների փուլը, շրջադարձ կատարեցինք դեպի Հնդկաստան:

Ես կցանկանայի, որ հեռուստատեսությամբ այնպիսի  հաղորդումներ ցույց տային, որոնք հետաքրքիր կլինեն երեխաների համար։ Հոգեբանական հաղորդումներն էլ հաճելի կլինեն մեծերի համար: Իսկ ամենակարևորն այն է, որ մեր սերիալները չնմանվեն բրազիլական սերիալներին, քանի որ մեր ապագան կառուցող երեխաները չեն կարող դրանցից որևէ լավ բան սովորել: Սակայն այս ամենի մեջ ամենավատն այն է, որ շատ երեխաներ սկսել են նմանակել օտար ազգերի ավանդույթները, և եթե այսպես շարունակվի, իմ կարծիքով՝ մենք կսկսենք մոռանալ մեր սեփական ավանդույթները։ Դրանից խուսափելու համար պետք է մեր ավանդույթները ներկայացնող հաղորդումներ և ֆիլմեր հեռարձակենք։ Այդպես մեր ապագա սերնդի համար կարևոր գործ արած կլինենք: Լավ է, որ երեխաները, ինչո՞ւ ոչ,  նաև մեծերը տեղեկանում են օտար ազգերի ավանդութների մասին, սակայն պետք չէ նմանակել դրանք։

Ինձ թվում է, որ սա հասարակությանը հուզող հարց է, և մի օր հաստատ դրանց տված վնասները գլուխ կբարձրացնեն:

ofelya hovhannisyan

Ինչպես դարձա 17.am-ի թղթակից

Ինչպես մյուս օրերը, այնպես էլ այդ օրը սովորականի նման գնացի դպրոց: Գրականության դասի ավարտից հետո, երբ պատրաստվում էինք ինֆորմատիկայի դասին, հանկարծ ներս մտավ մեր դպրոցի կազմակերպիչը ընկեր Դավթյանը և հայտարարեց, որ դպրոցում պետք է սեմինար լինի, և մենք նույնպես պետք է մասնակցենք:

Ես չէի ուզում մասնակցել, քանի որ նախապատրաստվել էի ինֆորմատիկայի թեմատիկ աշխատանք գրելուն, բայց քանի որ բոլորը գնացին, ես էլ գնացի: Երբ նստեցինք և սկսեցինք լսել, թե ինչպես են 17.am-ի ներկայացուցիչները պատմում իրենց կայքի մասին, ոգևորվեցի և սկսեցի ավելի ուշադիր լսել: Դիտեցինք կարճամետրաժ ֆիլմեր, իսկ ամենակարևորը, որ նրանք հայտնեցին, այն էր, որ մենք նույնպես կարող ենք թղթակից դառնալ, պարզապես պետք է հայտ ուղարկենք:

Երբ սեմինարն ավարտվեց, ես որոշեցի թղթակից դառնալ։ Անհամբեր սպասում էի, թե երբ են ավարտվելու դասերը, որ գնամ տուն և հայտս ուղարկեմ: Հասա տուն, ծնողներիցս թույլտվություն վերցրեցի և հայտս արագ ուղարեկցի: Այդ սովորական օրն իմ կյանքում շատ բան փոխեց: Հետագայում մասնակցեցի 17-ի գործնական դասընթացներին և արդեն 5 ամիս է թղթակցում եմ, կարողանում եմ հարցազրույց վերցնել, նյութեր գրել տարբեր թեմաներով, սովորեցի նաև լուսանկարել, ֆիլմի սցենարներ գրել, շատ լավ ընկերներ ձեռք բերեցի:

17.am-ը  մեծ փոփոխություն կատարեց իմ կյանքում, և ես կարծում եմ, որ հետագայում ավելի շատ բան կտա:

Պարը և Լուսինեն

Լուսինե Եսայանը իր ընդունակություններով երբեք չի պարծենում, այլ դրանք փորձում է թաքցնել: Նա ընդամենը 15 տարեկան է, ապրում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում:

-Ինչպե՞ս որոշեցիր հաճախել պարի:

-Պարն իմ նախասիրություններից մեկն է և այն ինձ մեծ բավականություն է պատճառում: Դպրոցում հայտարարությունը լսելուց հետո անմիջապես վազեցի տուն և լուրը հայտնեցի մայրիկիս: Մենք շտապեցինք երաժշտական դպրոց, որտեղ և տեղի էր ունենում ընդունելությունը:

-Քանի՞ տարի է, ինչ հաճախում ես պարի:

-Պարի հաճախում եմ արդեն 5 տարի:

-Ինչպիսի՞ հաջողությունների ես հասել այդ տարիների ընթացքում:

-Ամենամեծ հաջողությունն ինձ համար այն շրջապատն էր, որ ես ձեռք բերեցի։ Նաև հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունը: Եվ հետո մեր խումբը ճանաչում ստացավ տարածաշրջանում, և մենք հանդիսանում ենք լուրջ մրցակից շատ այլ խմբերի համար:

-Ի՞նչ պարեր եք սովորել: Կներկայացնե՞ս դրանցից մի քանիսը:

-Մենք սովորել ենք «Յարխուշտա», «Բերդ», «Ղարաբաղի եղնիկ», «Փափուրի», «Ծաղկաձորի», Վալս, Վրացական, «Ադանա», «Արփա-Սևան», «Թամզարա», և բոլորն էլ փորձել ենք լավագույնս կատարել։ Չգիտեմ՝ ինչքանով ենք մենք մեզ արդարացրել, սակայն մեր ուսուցիչը երբեք չի դժգոհել և մեծ ոգևորություն է մեզ ներշնչել, ինչը նպաստում է արագ առաջ գնալ:

-Հաճախակի՞ ես մասնակցել համերգային շրջագայությունների:

-Դրանք հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում և մրցութային ձևաչափով: Գավառում տեղի ունեցած մրցույթին մասնակցեցինք, հաղթեցինք և հնարավորություն ստացանք մեկնել Վրաստան՝ Քոբուլեթի քաղաք, որտեղ տեղի ունեցավ միջազգային մրցույթ: Չնայած առանց ծնողների էինք մեկնել, ուշադրության պակաս չէինք զգում: Նա, ով ճանաչում է ուսուցչիս՝ կփաստի, որ մեր նկատմամբ շատ ուշադիր է և հոգատար:

-Արդյո՞ք հեշտ էր քեզ համար առաջին անգամ բեմ բարձրանալը:

-Մենք դեռ մեկ ամիս էր, ինչ հաճախում էինք պարի, երբ ներկայացրեցինք մեր առաջին համարը: Ուրախությունն ու ոգևորությունը այնքան շատ էր, որ մոռացնել էր տվել լարվածությունը, այնպես որ, այդքան էլ դժվար չէր:

-Երբևէ ստացե՞լ ես մենապարուհու դեր:

-Այո՛, մի քանի անգամ: Այ, այդ ժամանակ լարվածությունս ավելի մեծ էր, քանի որ մեծ էր պատասխանատվությունը:

-Որպես մենապարուհի, ո՞ր պարերն ես պարել:

-«Ղարաբաղի եղնիկ», «Ադանա» և մեր վերջին սովորած պարը՝ «Արփա-Սևան»: Դա մեր վերջին ելույթն էր, հետո մեր խումբը կորցրեց իր ուժը և մի օր էլ՝ փակվեց:

-Բացի պարից ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունես:

-Սիրում եմ նկարել, հետաքրքրված եմ սուսերամարտով, սիրում եմ լուսանկարել, բայց ամենաշատը սիրում եմ ճամփորդել և երաժշտություն լսել:

-Հետագայում կշարունակե՞ս պարի ուղին:

-Այն ինձ համար շատ հարազատ է դարձել, բայց չեմ կարծում, որ կրկին այդ ուղին կընտրեմ։ Այժմ այլ ծրագրեր ունեմ և մտածում եմ առաջնորդվել դրանցով: Կարևոր է, երբ մարդ տեղյակ է ամեն ինչից, ուզում եմ ասել՝ սովորել օտարազգի պարեր, բայց չիմանալ ազգայինը՝ իմ կարծիքով, աններելի է, որովհետև անցյալը, ներկան և ապագան մեր ինքնությունն է:

Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա ու երբեք չմոռանա ազգային երգերն ու պարերը, որով մեր նախնիներն են առաջնորդվել, պարը եղել է նրանց կյանքի կարևոր մասը: Ցավալի է, որ մարզերում պարի դպրոցները չեն կարողանում երկար գոյատևել, իսկ շատ տաղանդավոր երեխաներ անտեսվում են և հիասթափվում։ Պետք է այնպես անել, որ մշակութային կյանքը մարզերում ևս ծաղկի, և Լուսինեի նման հարյուրավոր տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ կարողանան բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը:

ofelya hovhannisyan

Սպասումով լեցուն

Սկսվեց Ամանորյա եռուզեռը: Մշտապես սպասված այս տոնն արդեն մոտենում է: Անկախ տարիքից՝ բոլորն էլ սիրում և անխնա պատրաստվում են: Աշխարհի տարբեր վայրերում Նոր տարին տարբեր ավանդույթներով և հետաքրքրություններով են նշում: Մարդիկ մեծ ջերմեռանդությամբ են զարդարում ոչ միայն տոնածառը, այլև ամբողջ տունը, բակը, քաղաքներն ու գյուղերը: Եվ ամենակարևորը՝ Նոր տարվա գիշերը պահում են երազանքներ և հավատում, որ դրանք կիրականանան: Շատ հետաքրքիր տոն է: Բոլորն այդ օրը պարզապես մոռանում են իրենց հոգսերի մասին, մտածում, թե նոր տարում ի՞նչ կլինի, արդյոք ի՞նչ հաջողությունների կհասնեն:

Դասընկերներով որոշեցինք զարդարել մեր դասարանը: Մեր դասասենյակում ամեն ինչ այնքան թափթփված էր, որ ես մտածում էի, թե չենք կարողանա այն կարգի բերել: Բայց մենք այնքան ուրախ էինք, որ այդ ամենը չէինք էլ նկատում: Շատ քիչ ժամանակ ունեինք: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են իմ դասընկերուհիներ Տաթևն ու Լուսինեն, հասարակ թղթերից այնպիսի գեղեցիկ զարդարանքներ պատրաստում: Ես չէի էլ հասցնում նայել՝ այդքան արագաշարժ աշխատանք ես դեռ չէի տեսել: Չնայած, մյուսներն էլ հետ չէին ընկնում: Դիանան, Սյուզաննան և Իշխանուհին մեր դասարանի ամենաբարձրահասակ աղջիկներն են: Դրա համար մենք փուչիկները փչելուց հետո անմիջապես նրանց էինք տալիս, որպեսզի կախեին տարբեր տեղերից: Իսկ Վիկտորյան և Քրիստինեն կարողանում էին փայլերից տարբեր տեսակի զարդեր ստանալ: Դե, ես էլ հետևում էի նրանց աշխատանքին և անհրաժեշտության դեպքում՝ օգնում նրանց: Մեզանից մի ժամ պահանջվեց, և մենք կարողացանք շատ գեղեցիկ զարդարել մեր դասարանը: Դասարանը զարդարելուց հետո գնացինք տուն:

Շատ եմ սիրում Ամանորի նախապատրաստական փուլը, ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է՝ սպասումով լեցուն: Ես ցանկանում եմ, որ այս տարի բոլոր ընտանիքներում հետաքրքիր և ուրախ անցնի Ամանորը, և կատարվեն բոլորի երազանքներն և ցանկությունները: