Շուշան Վահանյանի բոլոր հրապարակումները

Գրկիր տատիկիդ կամ պապիկիդ ամուր, շատ ամուր

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երբ ես մենակ եմ լինում, հաճախ եմ մտածում, հիշում հարազատ մարդկանց, նրանց հետ կապված շատ հիշողություններ: Ճիշտ է, ես ընդամենը տասնվեց տարեկան եմ, բայց հիշելու շատ բան ունեմ, օրինակ իմ ՝ ոչ այնքան հեռու մանկությունից: Ու այդ հիշողությունների մի մեծ զանգված կապված է հայրական պապիկիս հետ: Հիշում եմ, թե ինչքան շատ էի կապված նրա հետ:
Պապիկս՝ Շահեն Վահանյանը, ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին, Բանդիվան գյուղում, խորհրդային տարիներին եղել է պահեստապետ, աշխատել է մեր գյուղում: Պապիկիս հետ կապված ուզում եմ մի փոքրիկ դրվագ պատմել: Մի օր պապիկս որոշում է մի քանի օրով գնալ Ստեփանավան քաղաք՝ հորեղբորս տուն: Ու որքան էլ զարմանալի է, նա մնում է այնտեղ ընդամենը մեկ օր: Երևի տասնվեց տարվա ընթացքում ես ամենաշատը այդ մեկ օրն եմ լաց եղել: Ու հայրս նույնպես չի կարողանում մնալ այնտեղ ու վերադառնում է գյուղ: Պատմածս գուցե շատերին անհետաքրքիր թվա, բայց սրանով ուզում եմ ասել, որ երբեք չնեղացնեք ձեր տատիկներին ու պապիկներին, գրկեք նրանց ամուր ու շատ ամուր… Ովքեր կորցրել են նրանց, ապրեք հիշողություններով, հավատացնում եմ, դա կօգնի ձեզ, որ շատ չկարոտեք նրանց: Սիրում եմ պապիս, սիրում եմ նրա հետ կապված ամեն հիշողություն…
Հենց հիմա գրկիր տատիկիդ կամ պապիկիդ ամուր, շա՜տ ամուր…

Էս ամառ էլ ըսպես անցավ…

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Էնքան են էդ խեղճ կենդանիներին նեղացնում,որ իրենք էլ մեզ վախեցնում են: 
Ինչ որ է, ինչ էի ուզում ասել, հա, հիշեցի: 
Ամառային տաք օր էր, բայց ամպեր էին հավաքվել: Մտածում էինք անձրև կգա, բայց մեր բախտից էր` չեկավ:
Լավ, երկար-բարակ չասեմ, միանգամից անցնեմ պատմությանը: Ինձ համար տանը նստած Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» գիրքն էի կարդում ու հանկարծ բղավոցներ լսեցի: Զարմացած ասացի. «Յաաա, էս ի՞նչ էր» ու դուրս գնացի: Ձայները մեր հարևանի տան մոտից էին գալիս: Գնացի այնտեղ, տեսնեմ` ինչի են ձայները գցել գյուղով մեկ: Գնացի ու հարցրեցի, թե ինչ է եղել:

-Ի՞նչ բդի էղնի: Օձն եկել մտել է կուխնու քարի տակ ու դուրս չի գա,- հուզված ասաց հարևանուհիս:

Հարսն էլ պատմեց, որ քույրս աշխատանքի գնալիս է եղել, էդ օձին բարեբախտաբար չի տրորել (քույրս մեզ մի հատ չի էլ զանգել), բայց օձն էլ վախեցել, մտել է էդ քարի տակ: Եկան հարևաններով հավաքվեցին էտ խեղճ օձի գլխին: Ուզում են քարի տակից հանեն: Մայրս ու մեր հարևանի հարսը բահով քարը բարձրացրին: Օձը սկսեց սողալով դուրս գալ ու փորձեց փախչել: Ու հանկարծ, չգիտես ինչպես, ճանապարհը փոխեց ու սողալով մտավ մեր տուն: Դու մի ասա, մեր լոգարան տանող ջրի խողովակի մոտ փոքր անցք կա: Էս օձը անցքով մտավ մեր լոգարան: Բոլորս խառնվել էինք իրար: Մարդկանց մի մասը մնաց դուրսը (ես էլ իրենց հետ), որ հենց օձը դուրս գա, ասենք, մնացածն էլ մտան ներս: Էս իմաստուն կենդանին վախեցավ ու դուրս չի գալիս: Բոլորն ասում էին, որ ամեն ինչ լավ կլինի, ու գնում իրենց գործերով: Երեկոյան ստիպված մտանք ներս, ինչ լինում է` թող լինի:

Մեծերից ոմանք ասացին կաթ դնենք, եթե առավոտյան չեղավ կաթը, ուրեմն, տանն է, եթե եղավ, ուրեմն, օձը գնացել է: Անցավ մի քանի օր, օձից ոչ ձեն կար, ոչ էլ ծպտուն: Էդ իմաստուն կենդանին գտել էր հարմար պահ, տեսել էր, որ մարդ չկա, որտեղից մտել` այնտեղից էլ դուրս էր եկել:

Հիմա հարևաններով հիշում ու ծիծաղում ենք և ասում. «Էս ամառն էլ ըսպես անցավ մեր Բանդիվանում»: