Սուսաննա Մուրադյանի բոլոր հրապարակումները

Հայացք կարմիր կտուրներին

Մեկ- մեկ պատահում է, չէ՞, որ այդ օրերին զգացածն ենք կարոտում:

Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, ու իմ քաղաքն ինձ համար անչափ հարազատ է, բայց չէի պատկերացնի, որ այցս դեպի Սյունիք, կարող է իմ մեջ ավելի հարազատ զգացմունքներ առաջացնել մի քաղաքի հանդեպ, որին անգամ արմատներով էլ կապված չեմ: Խոսքը կարմիր կտուրներով Գորիսի մասին է:

-Սու՜ս, արագացրո՛ւ, հետ եք մնում:

Այո՛, հետ էի մնում, որովհետև «Կտոր մը երկնքի» Թորիկի նման հիացած ու կլանված հայացքով ուսումնասիրում էի Գորիսը․ էնքա՜ն հայկականություն, էնքա՜ն հարազատություն կար այդ քաղաքի թեկուզ հին, բայց սրտաբաց փողոցներում:

Չնայած նրան, որ ինձ նախատում էին հետ մնալուս համար, ես մտքումս ֆիլմ էի նկարում ու ինքս ինձ ասում էի. «Եթե մեքենաները հանենք, ավելացնենք ձիեր կառքերով, ուրեմն էստեղ արտակարգ ռետրո կինո կարելի է նկարել»:

Հայաստանում դեռ մնացել են քաղաքներ, որտեղ օդն անգամ հայրենիքի հետ կապված ինչ որ բան է ներարկում մեջդ: Ու ինչքան քաղաքն էր սրտաբաց ու պարզ, նույնքան էլ մարդիկ: Էդպես է. ոչ թե քաղաքն է մարդկանցը, այլ մարդիկ են քաղաքինը, որովհետև ուզած-չուզած մենք կրում ենք էն հատկանիշները, որը կրում է մեր քաղաքը:

Եվ վերջապես, Հին Եգիպտոսից պակաս պատմական չենք․ մեր Գորիսում էլ բուրգեր կան:

Ու չէ՞ որ մեր գրականությանը համ ու հոտ տվող Բակունցն էլ Գորիսից էր: Նա էլ քայլել ու անցել է էն փողոցներով, որոնցով ես ինքնամոռաց ու հիացած քայլում էի մի ամիս առաջ:

Չէ՜, ես հաստատ պետք է ստուգեմ իմ արմատները: Անհնար է, որ մի գորիսեցի չգտնեմ: Ու արդեն մի ամիս է, ինչ ես հեռացել եմ ամենահայկական քաղաքից, բայց հետաքրքիրն այն է, որ ոչ թե կարոտում եմ այդ օրերը կամ այն վայրերը, ուր այցելել եմ, այլ այն զգացողությունները, որ ապրել եմ այդ օրերին: Պատահում է, չէ՞, որ մեր ապրածն ենք կարոտում, ոչ թե տեսածը:

Մենք դեռ կհանդիպենք, Գորիս: