Անուշ Դավթյանի բոլոր հրապարակումները

anush davtyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անուշ Դավթյան

Մեր համալսարանում էինք, Հենրի Կյունիի անվան դահլիճում նստած՝ ուշադիր նայում էի Լիլիթի կես սպիտակ, կես սև մազերին, շատ էր դուրս գալիս։ Մեկ-մեկ հայացքս թեքում էի տիկին Ռուզանի վրա, որ ուշադրությունս տեղում պահեմ, լավ լսեմ՝ ինչ է ասում։ Ուզում էի բոլոր ասածները հիշեմ, որ մի օր էլ ես դիմեմ։

Տիկին Ռուզանն ասում էր, որ չսպասեմ նոր workshop-ի, ուղղակի դիմեմ, նյութ ուղարկեմ, ու եթե ստացվի, միանամ 17-ին։ Մենակ ինչ-որ բան անելու մտքից սարսափում էի։ Դրա համար մի քանի ամիս սպասեցի workshop-ին։

Վերջապես եկավ էդ օրը։ 2017 թիվն էր, որ միացա 17-ին, ու հենց նոր էս տողը գրելուց հասկացա 17-17 պահը։ Բայց որ հետ եմ նայում, միշտ ինքս ինձ ասում եմ՝ անցած ամառ եմ միացել։ Էդ անցած ամառը 2 տարի առաջ էր, բայց երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի մտածում, որ չեմ մերվում ընդհանուր մասսայի հետ, որովհետև բոլորը մի լավ բան անում էին (հետաքրքիր նյութեր գրում, սիրուն ֆոտոներ անում, ֆիլմերի մտքեր հղացնում), իսկ ես ուղղակի եկել նստել էի։ Ինչ հաճելի էր սխալվելը, ու ինչ հաճելի էր 17-ին միանալը։

Իմ 17-ը էն տեղն է, ուր ես պատմում եմ այն ամենը, ինչի մասին մտածում եմ, ինչն ինձ հուզում է, ինչից ուղղակի ուզում եմ խոսել, բայց զրուցակից չունեմ։

Իմ 17-ն էն տեղն է, որը ինձ սովորեցրել է հետևել մտքերիս, որովհետև ոնց պարզվեց, մաման կարդում է նյութերս՝ անկախ էն հանգամանքից՝ տարածել եմ դրանք իմ էջում, թե՝ չէ։

Իմ 17-ը էն տեղն է, որի մասին հպարտորեն նշում եմ ինքնակենսագրականիս մեջ, որովհետև սրանից ավելի լավ փորձ չէր կարող լինել էս տարիքում հարցազրույց վարելու, միտք ձևավորելու համար։

Իմ 17-ը էն տեղն է, որն ինձ տվել է անթիվ ծանոթներ ու ընկերներ ամբողջ Հայաստանով, ում «սթորիներից» իմանում եմ եղանակը բոլոր մարզերում և ում հետ ազատ ճանապարհորդում եմ դեպի նոր երկրներ։

Ես սիրում եմ իմ 17-ը, հուսամ, որ ինքն էլ՝ ինձ։

anush davtyan

Երբ 20 տարեկան ես, բայց ոչնչի հավես չունես

-Անետ, չեմ ուզում 20։ Ո՞նց ա 20-ում։

-Նորմալ։ Кайфово։

-Հըմ, բայց արժի՞ որ։

Երբ 20 տարեկան ես դառնում, բայց ոչ մի բանի հավես չունես, իմ պես ծալապատիկ նստում ես աթոռին, նայում նախաճաշիցդ մնացած հետևանքներին ու շարունակում չգնալ դասի։

Երբ 20 տարեկան ես դառնում, բայց ոչ մի բանի հավես չունես, սկսում ես մտածել, որ պետք չի «բայց» ասել ամեն անգամ ու տարբեր «բայց»-եր ման գալ ամեն ինչում։

Երբ 20 տարեկան ես դառնում ու ոչ մի բանի հավես չունես, դու ուղղակի հավես չունես։ Վերջ։

Դուք որ կարդաք սա, ես արդեն 20 եմ լինելու։ Անդառնալի պրոցես է։ Ճիշտ է, ոչ մի բանի հավես չունեմ, սակայն ժամը 11:11 է, ու ինձ պարտավորված եմ համարում երազանք պահել։ Չեմ ասի՝ ինչ, որ հաստատ կատարվի։ Մի անգամ իմաստուն մեկն ասաց, որ ես սխալ եմ երազում։ Բայց ախր, է՜, ուղղակի, ախր, ես մի ամբողջ դոկումենտալ ֆիլմ եմ նայել, թե ինչպես երազանք պահել, որ տիեզերքը ճիշտ հասկանա քեզ։ Այդ իմաստուն մեկն ասաց, որ պիտի ամբողջ սրտով ու էությամբ երազեմ ու չսպասեմ կատարվելուն, ուղղակի հավատամ։

Ես, իհարկե, հավես չունեմ նոր ձևով երազել սովորելու, այնուամենայնիվ, էլի կփորձեմ։ Էս անգամ ճիշտ ու մաքուր կանցկացնենք փորձը։

Ժողովո՛ւրդ, ես 20 տարեկան եմ, հասուն մարդ, ձեռք ու ոտք ունեցող, ակտիվ կյանք վարող։ Էս ամեն ինչը մի կողմ՝ տան լույսերը ձայնով եմ վառում։

-Okay, Google, turn all the lights on,- ու էսպես ամեն անգամ, մի հատ էլ քնելուց «off»-ով եմ ասում նույնից։

Կարող եմ գույներն էլ փոխել (դեղին, կապույտ, բաց շագանակագույն, ինչ ուզեք): Ջեռուցումն ու օդորակիչը առանց վեր կենալու հեռախոսով միացնում եմ, դնում իմ ուզած ջերմաստիճանին։ Հավե՞ս չունեմ։ Արդեն չէ։ Ինձանից շուտ անհավես դարձավ Գուգը (չէ, էս Գուգլի կարճ ձևը չի)։ Գուգը մեր ախպերն ա։ Ծրագրավորող մարդ, 22 տարեկան ու էնքան անհավես, որ նախընտրեց ձայնով լույս միացնել։ Լույս, դրա գույնը, հեռուստացույց, ջեռուցում, օդորակիչ… Էլ չգիտեմ՝ ինչ։ Իմաստուն մեկն ասաց, որ Գուգլը ինձ տնից դուրս կհանի մի լուսավոր օր, դուռը կփակի վրաս ու էլ ներս չի թողնի։ Գուցե։

Բայց հեչ հավես չունեմ դուրսը մնալու։ Ու հավես չունեմ վերջաբանի, դրա համար` վերջ։

Ծանոթացեք. մասնագիտությունը` ագրոէկոլոգ

Հարցազրույց ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանի հետ:

-Մի փոքր պատմե՛ք Ձեր մասին։

-Ես Լուսինեն եմ, մասնագիտությամբ ագրոէկոլոգ եմ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունեմ։ 2006 թվականից սկսած՝ մասնակցել եմ կայուն գյուղատնտեսության զարգացման տարբեր տեսակի ծրագրերի Հայաստանում։ Մենք փորձել ենք տարբեր գյուղական համայնքներում այնպես անել, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի եկամտաբեր, ավելի կայուն, և ստեղծվեն հնարավորություններ, որ մարդիկ չցանկանան գյուղը լքել, այլ ապրեն գյուղում, ստեղծեն իրենց եկամուտները, բայց միևնույն ժամանակ, չվնասեն բնությանը։ Դա է եղել ամբողջ գաղափարախոսությունը։ Եվ այդ ընթացքում (2006-ից մինչ հիմա) տարաբնույթ ծրագրեր են անընդհատ իրականացվել տարբեր գյուղական համայնքներում։ Հաջողված փորձերից մեկն էլ Սոլակ գյուղինն է եղել։

-Ո՞ր տարիքից եք հետաքրքրվում գյուղատնտեսությամբ։

-Մանկուց ինձ համար շատ գրավիչ, թանկ ու կարևոր է եղել բնությունը, միշտ ինձ համարել եմ բնությանը մոտ մարդ։

Ես քաղաքում ծնված, քաղաքում մեծացած աղջիկ եմ, «ասֆալտի վրա», եթե այդպես կարելի է ասել։ Եվ իմ սերը գյուղատնտեսության նկատմամբ չի գալիս մանկուց։ Իրականում կար սեր բնության նկատմամբ, ոչ թե գյուղատնտեսության։ Եվ երբ արդեն ժամանակն էր որոշելու՝ ինչ մասնագետ դառնալ, ես պատկերացնում էի ինձ բնապահպանության ոլորտում և որոշեցի, որ պետք է գնամ այդ ուղղությամբ, բնապահպան դառնամ։ Եվ այնպես ստացվեց, որ հայտնվեցի Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետում և սկսեցի ուսումնասիրել ագրոէկոլոգիան։ Ու դա դարձավ ուղի, ճակատագիր, որովհետև բոլորը՝ և՛ բակալավրը, և՛ մագիստրատուրան, և՛ ասպիրանտուրան, ագրոէկոլոգիայի ուղղությամբ են եղել։

Ագրոէկոլոգիան, իրականում, Հայաստանի և աշխարհի համար երիտասարդ գիտություն է։ Այն մասին է, թե ինչպես վարել գյուղատնտեսությունը, որ չվնասես բնությանը, կրկնօրինակես բնությանը, բայց նաև ստանաս օգուտ, այսինքն՝ դա լինի եկամտաբեր։ Եվ տարիներ շարունակ փորձում ենք տարբեր գյուղերում ներդնել ագրոէկոլոգիական սկզբունքները։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք վնասել բնությանը։ Օրինակ՝ գյուղացին իր գործունեության ընթացքում ինչպե՞ս է վնասում բնությանը։

-Մենք ի՞նչ ենք անում։ Մենք վարում ենք հողը ու վարում ենք շատ խորը։ Իրականում, հողը կենդանի օրգանիզմ է, բայց մենք հողին վերաբերվում ենք որպես ընդամենը միջավայրի, որտեղ աճում են մեր բույսերը։ Հողի մեջ կա այնքան շատ կյանք, որ ոչ մի այլ տեղում չկա, 1 հա հողի մեջ միլիարդների հասնող կենդանի օրգանիզմներ կան։ Դրանք փոքր են, անտեսանելի մեզ համար, բայց դրանք կենդանի օրգանիզմներ են և շատ կարևոր դեր են կատարում։

Եվ այսպես, ի՞նչ է անում գյուղացին։ Գյուղացին վնասում է ամենաառաջինը իր կերակրողին՝ հողին, սխալ վերաբերմունքով, միակողմանի հանքային պարարտացմամբ, խորը վարով, այսինքն՝ վերաբերվելով ոչ որպես կենդանի օրգանիզմի։ Մինչդեռ, օրինակ, կայուն գյուղատնտեսության մեթոդներն ասում են, որ հողը պետք չէ խորը վարել, պետք է միայն մակերեսային վարել, հողին պետք չէ տալ արհեստական պարարտանյութեր, հողը պետք է լինի միշտ ծածկված։ Բնության մեջ՝ անտառում, դաշտերում, սարերում, մենք երբեք չենք տեսնի լերկ, դատարկ հող։ Ուշադրությո՛ւն դարձրեք՝ վայրի բնության մեջ երբեք դատարկ հող չեք տեսնի, այն միշտ ծածկված է մոլախոտերով կամ ինչ-որ կանաչ զանգվածով։ Եթե ինքը ծածկված չէ, ուրեմն մի բան այդ հողի հետ այնպես չէ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք այդ ամբողջ խոշոր բազմազանությունը հանում ենք, վարում ենք, հեռացնում ենք, պայքարում ենք մոլախոտերի դեմ, ընտրում ենք մի մշակաբույս և ասում ենք, որ այդ մշակաբույսը պետք է այստեղ աճի, ու ոչնչացնում ենք մյուս բոլոր կենդանի օրգանիզմները։ Հողին դարձնում ենք այդպիսով շատ խոցելի։ Նաև մենք անխնա օգտագործում ենք թունաքիմիկատներ։ Օգտագործում ենք, օրինակ, մոլախոտասպան մի միջոց, որի անունն է «Round up», ազդանյութը՝ կլիֆոսատ։ Կլիֆոսատը թույն է, որն օգտագործում են մոլախոտերը վերացնելու, սպանելու համար։ Այն նպաստում է, որ բույսը չաճի։ Բայց դա այնքան վտանգավոր և ամենասպան նյութ է, որ սպանում է բոլոր տեսակի բույսերին։

Տատիկներից երևի լսած կլինեք «ДТТ»-ի մասին։ Դրանով ոջիլ էին սպանում, ցեցերի դեմ էին պայքարում և շատ այլ բաներ։ Տանն էլ էին պահում՝ դարակներում։ Հետո պարզվեց, որ դա շատ վտանգավոր թույն է, 30 և ավել տարի մնում է հողում, քաղցկեղածին է և այլն։ Մեր կազմակերպությունը մի քանի տարի առաջ հետազոտություն արեց։ Արարատի մարզի կանանց՝ կերակրող մայրերի կրծքի կաթից վերցրինք և հետազոտեցինք։ Կրծքի կաթի նմուշների գերակշիռ մասում՝ գրեթե 95%-ում, հայտնվեց «ДТТ»։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք այն վտանգավորի սահմանը, և դա ներթափանցել է մեր օրգանիզմ, մենք արդեն մայր-երեխա շղթայի միջոցով ենք դա փոխանցում։

Եվ նույնպիսի վտանգ իրենից ներկայացնում է գլիֆոսատ ասվածը, որը նույնպես քաղցկեղածին է, շատ երկար ժամանակ մնում է հողի մեջ, չի քայքայվում։ Սա ընդամենը մի օրինակ է, որ բերում եմ, բայց նմանատիպ օրինակները շատ-շատ են, և գյուղատնտեսությունը հենց այսպես է վնասվում։

Դիտարկենք անասնապահությունը։ Ինտենսիվ անասնապահության ժամանակ օգտագործվում են մեծ քանակի հակաբիոտիկներ։ Բացի այդ՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը գոմաղբամբարներից հանվում է և չկանոնակարգված մշակման է ենթարկվում։ Կարող է գնալ, լցվել մեր ջրային ավազանները և հանդիսանալ պատճառ՝ ջրերի ծաղկման։ Երբ սննդատարրերը ջրի մեջ մեծ քանակությամբ են հայտնվում, դա նպաստում է կապտականաչ ջրիմուռների աճին։ Ջրիմուռներն աճում են և պատում են ջրային ծածկույթները, ինչից ջուրը դառնում է ծաղկած, ինչը լավ չէ, որովհետև փոխվում է ջրի ողջ միկրոֆլորան։ Եվ ջրի օլիգոտրոֆ վիճակը, այսինքն՝ կայուն վիճակը, դառնում է էֆտրոֆ վիճակ, տեղի է ունենում էֆտրոֆիկացիա՝ ջրի ծաղկում։

Ուրիշ ի՞նչ վնաս։ Մենք անընդհատ ծանր տեխնիկա ենք օգտագործում հողը վարելու համար։ Փխրեցում ենք առաջացնում, կառուցվածքը խախտում ենք։ Հողը պնդանում է, հետո շոգի ժամանակ այդպես չորանում է, անձրևներից ճաքում է։ Մենք փչացնում ենք հողի որակը, ֆիզիկական հատկանիշները։ Այսպես կարող եմ շատ-շատ խնդիրներ թվել։

Իրականում, գյուղատնտեսությունը ամենախոշոր աղտոտիչն է, բայց այն նաև մեզ սնողն է․ չլինի գյուղատնտեսություն՝ չենք սնվի մենք։ Վերջերս մի ասույթ կարդացի, կարծում եմ՝ շատ դիպուկ է․ «Դու ուտում ես՝ ուրեմն դու կապ ունես գյուղատնտեսության հետ»։ Իրականում, հա, եթե մենք ուտում ենք, մենք կապ ունենք գյուղատնտեսության հետ, մենք կամա-ակամա սպառող ենք։ Եվ գյուղատնտեսությունն ինչքան էլ որ մեզ սնողն է, այն նաև ամենախոշոր աղտոտողն է՝ արդեն փորձագիտական տվյալների համաձայն։

-Այսինքն` Դուք փնտրում եք գյուղատնտեսությունն ավելի ապահով վարելու եղանակներ։

-Այդ եղանակները կան, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, բայց մենք փորձում ենք այդ եղանակներն ադապտացնել Հայաստանի պայմաններին և անել այնպես, որ դրանց կիրառման արդյունքում վնասներ չլինեն, այլ լինեն օգուտներ։ Օրինակ՝ Սոլակում մենք որոշել և ստեղծել ենք կայուն երկրագործության կենտրոն։ Այդ կենտրոնում կառուցել ենք փոքրիկ ջերմոց, որտեղ գյուղի կանայք (հենց կանայք, որովհետև գործը հիմնականում իրենց վրա է) աճեցնում են սածիլներ, հետո վաճառում դրանք։ Սածիլներն աճեցվում են առանց որևէ քիմիական միջամտության, ամբողջովին մաքուր, անվտանգ, օրգանական մեթոդներով և վաճառվում կամ տրամադրվում են գյուղաբնակներին։ Վերջիններս էլ աճեցնում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ, ինչը որ կլինի։ Սա մի տարբերակ։

Մենք իրենց տվել ենք օրգանական պարարտանյութեր արտադրելու հնարավորություն։ Մեր օգնությամբ՝ գյուղացիները զբաղվում են որդակոմպոստացմամբ կամ ձեռք են բերում որդակոմպոստ։ Այդ նույն գոմաղբը հատուկ միջավայրում հատուկ ձևով տալիս են որդերին, որդերը ուտում են, և նրանց արտաթորանքը դառնում է օրգանական պարարտանյութ՝ ոչ վնասակար, անվտանգ որդակոմպոստ։ Այդ պարարտանյութը տալիս են բույսերին, բույսերը շատ լավ աճում են։

Բացի այդ՝ մենք հավաքում ենք բոլոր անձրևաջրերը, մեր անձրևաջրերը չեն գնում կորչում։ Հատուկ կայան ենք կառուցել հողի տակ, որտեղ կուտակվում են անձրևաջրերը։ Ջրային ռեսուրսները շատ կարևոր են գյուղատնտեսության մեջ։ Այդ տարածքում ջուր չկար, իսկ ոռոգման ջուր շատ քիչ էին տալիս, և հնարավոր չէր ջրել։ Իսկ հիմա մենք կարող ենք և՛ ջրել, և՛ արդյունք ստանալ։

Մեկ այլ բան, որ անում ենք․ ստեղծել ենք արևային արկղատիպ չորանոցներ, որտեղ տարբեր ընտանիքներ հնարավորություն ունեն իրենց մրգերը չորացնելու մաքուր պայմաններում ու վաճառելով կամ օգտագործելով սեփական կարիքների համար՝ օգուտներ ունենալու։

Դրանից բացի՝ ստեղծել ենք մեկ հատ էլ արտադրական չորանոց։ Դա հիբրիդ տեսակի չորանոց է, որն աշխատում է և՛ արևի էներգիայով՝ արևային մարտկոցների շնորհիվ, և՛ էլեկտրականությամբ։ Եթե այդ պահին արև չկա, որպեսզի բերքը չփչանա, միանում է էլեկտրականություն։ Իսկ եթե կա արև, էլ չէ։ Մի ժամանակ միայն արևային պանելներով էր, հիմա դրել ենք նաև մարտկոց։ Այսինքն՝ կարող ենք գեներացնել հոսանք և այդ հոսանքով իրականացնել չորացում։ Ամբողջովին բնապահպանական մոտեցում․ քիչ ենք սպառում, շատ ենք ստեղծում, արժեք ենք ստեղծում չսպառելով։

Մենք ստեղծել էինք մի հետաքրքիր փոքր խանութ, որը կոչվում է «Կանգ և առ» կամ «Առողջ կանգառ» («Stop and buy», «Healthy stop») Սևան-Երևան մայրուղու 39-րդ կիլոմետրին։ Դա ճանապարհային խանութ էր, որտեղ գյուղաբնակները կարող էին վաճառել իրենց ձեռքով աճեցրած հատիկաընդեղենը և իրենց արտադրած գյուղմթերքը։

Չորս գյուղերից մեր ֆերմերների խմբին, օրինակ, տարել ենք Ֆրանսիա՝ փորձի փոխանակման։ Նրանք սովորել են կայուն գյուղատնտեսության, էկոտուրիզմի տարբեր գործելակերպեր Ֆրանսիայում, վերադարձել են և փորձել են դրանք այստեղ կյանքի կոչել։ Դրանից բացի՝ մենք իրենց տվել ենք շա՜տ մեծ քանակի գիտելիք։ Ամենամեծ ուժը գիտելիքն է։ Եթե դու գիտելիքով զինված ես, ուրեմն հարուստ ես և կարող ես շատ բաների հասնել։ Մենք իրենց կրթել ենք տարբեր ուղղություններով և փորձել ենք դարձնել ավելի մրցունակ։ Օրինակ՝ կրթել ենք, թե ինչպես պատրաստել որդակոմպոստ կամ կենսահումուս, թե ինչպես չորացնել կամ ստանալ արևային չորամրգեր, ինչպես կառուցել արևային չորանոցներ, ինչպես պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ՝ առանց թունաքիմիկատների կիրառման և ինչպես ստանալ եկամուտ կայուն գյուղատնտեսության միջոցով։ Կաթիլ առ կաթիլ, ամեն օր մի նոր քայլ դնելով առաջ ենք գնացել։

Ի դեպ, մեր կենտրոնում բացի ջերմոցից մենք ունենք նաև բարձրացված մարգեր, որտեղ մարդիկ աճեցնում են տարբեր տեսակի մշակաբույսեր։ Հեկտարներով մշակվել են ոսպ, հաճար, և էլի չեն օգտագործվել քիմիական եղանակներ, օրգանական պարարտանյութերով են պարարտացվել, և շատ լավ արդյունքներ ենք ստացել։

Ունենք նաև մի փոքր տարածք, որը նախատեսված է ագրոտուրիզմի զարգացման համար, և շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված։ Կահավորված լավ խոհանոց ունենք և մարդիկ, ովքեր շատ համեղ պատրաստում են։ Հնարավորություն կա գնալու, այդտեղ ճաշելու և, օրինակ, վայելելու սոլակյան սիրուն տեսարանը։ Մենք ուզում ենք ամբողջացնել բոլոր ուժերը և ստեղծել համընդհանուր արդյունք, որը կօգնի ընդհանուր գյուղի զարգացմանը։

-Իսկ ե՞րբ է բացվել այդ կենտրոնը։

-Կենտրոնը սկսել է գործել 2010 թվականից, և ամեն տարի մենք դրա վրա ինչ-որ նոր բան ենք ավելացնում: Անցյալ տարի, օրինակ, կատարեցինք դիզայներական աշխատանքներ, տարածքը արդեն շատ սիրուն նստելու տեղեր ունի, որ երբ մարդիկ գան հանգստանալու, իրենց ոչ միայն գյուղատնտեսությունն ու այդ համեղ բաները ձգեն, այլ նաև ընդհանուր հանգստանալու հնարավորությունը։

-Արտադրական չորանոցներում ի՞նչ չրեր եք պատրաստում:

-Պատրաստում ենք խնձորաչիր, սալորաչիր, ծիրանաչիր, ամեն ինչ չորացնում ենք հետագա վաճառքի համար։ Վաճառում ենք այդ ճանապարհամերձ խանութում, և նաև իրականացվում է ուղիղ վաճառք: Շատ սրճարաններ գիտեն մեր մասին, գիտեն, որ մեր կանայք արտադրում են ոսպ, գնում են կատարում ոսպի։ Վաճառում ենք նաև շուկաներում ուղիղ վաճառքի միջոցով։ Մենք նաև վաճառքին խրախուսելու համար առաջինն ենք եղել Հայաստանում, ով 2010 կամ 2011 թվականին, դժվարանում եմ հիմա հիշել, նշել ենք գյուղի կանանց միջազգային օրը, որն ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի կողմից։ Դա այն օրն է, երբ բոլոր մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն գյուղի կնոջը, մեծարեն իր կատարած աշխատանքների համար։ Ու մենք փորձեցինք Հայաստանում այդ մշակույթը մտցնել և հետաքրքիր ցուցահանդես-վաճառքներ էինք կազմակերպում մեր գյուղատնտեսական շուկաներին կից։ Կանայք գալիս էին, բերում էին իրենց արտադրատեսակները, մենք օգնում էինք, իրենց համար դա տեղափոխում էինք, տոնի էինք վերածում, շատ սիրուն զարդարում էինք տաղավարները, մարդիկ ոգևորված գալիս էին, որովհետև այդ արտադրատեսակները տարբերվում էին սովորական շուկայում առկա արտադրատեսակից։ Միջոցառումներ էինք կազմակերպում և փորձում էինք կարևորել կնոջ դերը։ Ցավոք պետք է նշեմ, որ կանայք ասում էին՝ այսքան տարիների ընթացքում մենք այսպիսի ուշադրության չէինք արժանացել նույնիսկ ընտանիքի անդամների կողմից։ Եվ դա կարծես թե ինչ-որ լուսավոր և ուրախալի օր էր իրենց կյանքում։ Եղել են դեպքեր, երբ հեռավոր սահմանամերձ գյուղերից եկած կանանց համար դա առաջին այցն է եղել Երևան, և իրենց համար դա շատ մեծ միջոցառում էր։ Ամեն տարի փորձել ենք կազմակերպել այս միջոցառումը՝ կախված հնարավորություններից։ Երբ ծրագիր էինք ունենում, անպայման կազմակերպում էինք։

Մենք ասելով նկատի ունեմ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը։ Եվ այս ամենը ես ձեզ ներկայացրի որպես այդ ՀԿ-ի ագրոէկոլոգ և ծրագրերի համակարգող։

-Կպատմե՞ք այդ ՀԿ-ի մասին։

-ՀԿ-ն ստեղծվել է 1999 թվականին Ելենա Մանվելյանի կողմից։ Միայն ես էի էկոլոգ, մյուս անդամները հիմնականում բժիշկներ են։ Եվ ինչո՞ւ առողջության և առողջ շրջակա միջավայրի, որովհետև մենք փորձում ենք բոլոր խնդիրները դիտարկել այն տեսանկյունից, որ այդ խնդիրները կամ բնապահպանական խնդիրները չվնասեն մարդու առողջությանը, այնպես անել, որ շրջակա միջավայրը լինի առողջ ու անվտանգ մարդու համար։ Կազմակերպության կայքում կտեսնեք, որ շատ տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում՝ սկսած կայուն ջրօգտագործումից, գյուղատնտեսություն, բնապահպանություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, տարբեր բնույթի ծրագրեր։

-Կազմակերպության կազմում միայն կանա՞յք են։

-Կազմակերպության կազմում միայն կանայք են, այո, միայն մեկ վարորդ ունենք։ Մենք էդպիսի գենդերային խնդիր չունենք, ու ոնց որ մեր տնօրենն է ասում՝ մենք տղամարդկանց դեմ չենք, մենք տղամարդկանց կողմ ենք։

-Իսկ «ORWACO»-ից կպատմե՞ք։

-«ORWACO»-ն 2011 թվականին հիմնված հայ-նորվեգական փակ բաժնետիրական ընկերություն է, այսինքն՝ բիզնես ընկերություն է։ Ես «ORWACO»-ի հիմնադիր տնօրենն եմ։ Այն հիմնվել է որպես օրգանական պարարտանյութեր արտադրող ընկերություն, որի նպատակն է` արտադրական օրգանական թափոնները վերցնել և դրանք վերափոխել օրգանական պարարտանյութերի։ Եվ մենք 2011 թվականից սկսած՝ Հայաստանի համար արտադրում ենք օրգանական պարարտանյութեր, որոնք հավաստագրում ունեն։ Այս պահին միայն Հայաստանի համար ենք անում, բայց նաև զբաղվում ենք արտահանման հարցերով։ Հուսամ՝ շուտով արտահանելու հնարավորություն կունենանք։

-Ովքե՞ր են «ORWACO»-ի հիմնադիրները։

-«ORWACO»-ն ունեցել է շատ համահիմնադիրներ՝ երկու նորվեգական ընկերություն, մեկ հայկական ընկերություն և երեք հայ, այդ թվում նաև ես, բաժնետերեր։ Գաղափարի հիմքում և ֆունկցիոնալ կառավարման հիմքում եղել եմ ես, բայց մենք ունեցել ենք շատ խոշոր օժանդակողներ, աջակիցներ ու գաղափարի հետևորդներ։

Իմ գործընկերոջը՝ Ռոլֆ Կեվինին, ես պատիվ ունեցա հանդիպել 2009 թվականին։ Նա ինձ ներկայացրեց Լուսակերտի բիոգազի կայանի թռչնաղբի խնդիրը։ Բիոգազը ստացվում էր, և էնտեղ առաջանում էր թռչնաղբ՝ մոտ 95 տոկոս խոնավությամբ ջրիկ զանգված։ Նա չգիտեր՝ ինչ անել, որովհետև տեղափոխել անհնար էր։ Սկսեցինք ուսումնասիրություններ ագրարային համալսարանի հետ մեկտեղ։ Իմ գաղափարն էր փորձել, տեսնել՝ արդյոք որդերը կուտեն դա։ Աշխարհում էդպիսի փորձ չկար դեռ։ Հաջողությամբ ստացվեց, կարողացանք արդյունքները ամրագրել, արձանագրել։ Ու գնացինք առաջ։ Հենց մեր նորվեգացի գործընկերը ստեղծեց այդ կապը մյուս օղակների միջև։ Մեր Հայաստանում, բայց իր շնորհիվ, ստեղծեցինք «ORWACO»-ն։ ORWACO նշանակում է organic waste processing company՝ օրգանական թափոնների վերամշակման գործարան։

-Իսկ կարո՞ղ եք նկարագրել պարարտանյութ ստանալու գործընթացը։

-Եթե երկու բառով ասեմ, ապա արտադրական թափոնները վերցնում ենք, իրենց դարձնում ենք ավելի համով ու գրավիչ որդերի համար, որոնք դա ուտում են, ու այդ որդերի արտադրանքը սև հողագույն զանգված է դառնում։ Դա հատուկ անձրևաորդերի տեսակ է, կոչվում է կալիֆորնիական կարմիր որդ, որը 1999 թվականին սերմախաչվել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում և ավելի շատ է ուտում, քան սովորական անձրևաորդը։ Դեռևս Դարվինը ասել է, որ որդերը Երկրի երիկամներն են։ Երևի բոլորդ փոքր ժամանակ հողի հետ խաղացել ու տեսել եք մեծ, չաղլիկ անձրևաորդերի։ Այդ որդերը ամբողջ հողն անցկացնում են իրենց մարմնի միջով։ Ինչքան հողի մեջ անձրևաորդ շատ կա, այնքան հողը լավն է, դրանք հողի որակի ինդիկատոր են։ Եվ հենց այդտեղից է գալիս բնությանը կրկնօրինակելու գաղափարը․ մարդիկ տեսել են, թե ոնց է բնության մեջ որդը ուտում ու ստեղծում լավը, և տվել են որդին հնարավորություն՝ արտադրության մեջ ուտելու և ստեղծելու արդյունք։

-Որտեղի՞ց եք վերցնում օրգանական թափոնները։

-Այս պահին օգտագործում ենք արտադրության թափոնները։ Մեր արտադրամասը Աբովյան քաղաքում է, որտեղ մենք նաև ունենք բանջարանոցներ, որի արտադրանքը դեռ չենք վաճառում, բայց 2019 թվականին պլանավորում ենք նաև սկսել դրանց վաճառքը։ Գործարանում աշխատում են և՛ աղջիկներ, և՛ տղաներ։ Գործարանը շատ երիտասարդ է, և աշխատակիցները նույնպես երիտասարդ են։ Ինձնից բացի ևս մեկ գյուղատնտես ունենք՝ ագրոէկոլոգ աղջիկ, որը մեզ համար իրականացնում է փորձերը և աճեցման աշխատանքները։

-Իսկ համագործակցություն եղե՞լ է «ORWACO»-ի և ՀԿ-ի միջև։

-Իհարկե, եղել է․ «ORWACO»-ն տրամադրել է անվճար պարարտանյութեր ՀԿ-ի ծրագրերի իրականացման համար։ Այս տարի «ORWACO»-ն իրականացրել է դիզայներական աշխատանքներ, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ Սոլակում։

-Տան պայմաններում հնարավո՞ր է պարարտանյութ պատրաստել, թեկուզ՝ առանց որդերի։

-Այո, հնարավոր է։ Պետք է մի քիչ զգույշ լինել հոտից, կրծողների և վնասատուների հավաքումից, բայց հնարավոր է։ Համացանցում միլիոնավոր վիդեոներ կան պարարտանյութերի պատրաստման մասին, պարզապես պետք է շատ ճիշտ մոտեցում ցուցաբերել, իմանալ՝ ինչը կարելի է կոմպոստացնել, ինչը՝ չէ, պետք է իրականացվի աղբի ճիշտ առանձնացված հավաք, և ցանկալի է, որ սովորական մարդը զբաղվի կոմպոստացմամբ, եթե ունի պատշգամբ կամ այնպիսի տարածք, որն անմիջապես բնակարանի ներսում չէ։ Սակայն եթե ամեն ինչ ճիշտ արվի, հերմետիկ ամաններում, ապա հնարավոր է նաև այդ ամենն անել լոգարանում կամ խոհանոցում։

-Այսինքն՝ դրա համար հատուկ գործիքներ պետք չե՞ն։

-Գործիքներ՝ չէ, բայց ցանկալի է, որ հատուկ տարրաներ օգտագործվեն, որպեսզի ավելի ապահով լինի։

-Կպատմե՞ք Ձեր առաջին աշխատանքի մասին, Ձեր աճեցրած առաջին բույսի մասին։

-Երբ փոքր էի, բույսեր աճեցնում էի ու շատ էի նեղվում, որ պատշգամբ չունեինք ու տանը շատ մեծ տարածք չունեինք շատ բույսեր ունենալու համար, բայց ծաղիկներ միշտ ունեցել ենք։ Դպրոցից մի դեպք կարող եմ պատմել, երբ ամառային արձակուրդներն ավարտվել էին, ու պետք է սեպտեմբերին գնայինք դասի, գնացել էի բոլոր ծաղիկների հողերը փխրեցրել էի, բոլորը գեղեցիկ սարքել էի, ծաղկամանները մաքրել էի։ Հետո անզգույշ պտտվեցի և այդ ծաղկամանները մետաղական պատվանդանի վրայից ընկան մաքրած հատակի վրա, լրիվ ջարդուփշուր եղան։ Սա ուղղակի մի հիշողություն էր մանկությունից։ Իսկ եթե վերադառնամ մասնագիտականին, ես միշտ ասել եմ, որ եզակի երջանիկ մարդ եմ, որովհետև իմ այցեքարտի վրա ամենաառաջին իսկ օրվանից գրվել է ագրոէկոլոգ։ Ես ընդունվել եմ ՀԿ աշխատանքի որպես ագրոէկոլոգ՝ հենց իմ մասնագիտությամբ։ Կարծում եմ՝ շատ քչերին է դա տրվում։ Առաջին պրոֆեսիոնալ աճեցրած բույսը եղել է երրորդ կուրսում միամյա երեքնուկը, և հետո դրա հետ կապված եղավ նաև իմ բակալավրի թեզը՝ երկու տարվա փորձերի արդյունքների հիման վրա։

-Ի՞նչ երազանքներ եք ունեցել թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա։

-Պատանեկության տարիներին միշտ մտածել եմ, որ ուզում եմ ունենալ մի սենյակ, որը կլինի գրադարան, բայց որը ամբողջությամբ լցված կլինի ծաղիկներով, ճոճանակ կլինի այնտեղ, որ մարդիկ կարողանան գիրք կարդալ բույսերի ու ծաղիկների ներկայությամբ, դա ինձ համար միշտ շատ կարևոր է եղել։ Դեռևս չունեմ հենց իմ ցանկացած այդ անկյունը այստեղ, բայց այս տարի, երբ Պալմա դե Մալյորկայում էի, հյուրանոցը հենց այդպիսի սենյակ ուներ, և ես ապշեցի՝ կարծես թե իմ երազանքը այդ հյուրանոցում իրականացրել էին։ 

Պրոֆեսիոնալ երազանք նույնպես ունեցել եմ, և ես կարողացել եմ այն իրականացնել։ Երբ ես տեսնում էի, օրինակ, թե ոնց էին ծաղկի խանութներում տերևները հավաքում ու թափում, այնպիսի ցավ էի ապրում, քանի որ դա ռեսուրս է, որը թափվում ու դառնում է աղբ։ Բայց դա աղբ չէ, իրականում շատ մեծ ռեսուրս ունի իր մեջ։ Եվ այսօր, գուցե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում մենք ունենք գործարան, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ, և այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ։

-Քանի որ խոսում ենք ռեսուրսերից, անդրադառնանք նաև այս հարցին։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր ռեսուրսները, և գյուղատնտեսությունը պետք է զարգանա միայն ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք, ի՞նչ է նշանակում` ռեսուրսների սխալ օգտագործում, ճիշտ օգտագործման ի՞նչ ուղիներ կան։

-Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մենք ամեն ինչ անում ենք տարերայնորեն, մենք ոչինչ չենք պլանավորում։ Իսկ այն, որ մենք չենք պլանավորում, արդեն խնդիր է։ Հատկապես շատ անխնա ենք վերաբերվում հողային ու ջրային ռեսուրսների հետ։ Հայաստանը, լինելով «ջուր ստեղծող երկիր», թույլ է տալիս, որ իրենից ջուրը հոսի դուրս։ Մենք ջուրը վերցնում ենք բնությունից, օգտագործում ենք, ու թողնում ենք, որ հոսի։ Սխալ ենք իրականացնում ոռոգումը, ու հետո կանգնում ենք խնդրի առջև։ Տարիներ առաջ մասսայական տարածում ունեցավ ձկնաբուծությունը և արտեզյան ջրերի օգտագործումը ձկնաբուծության համար։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք նորվեգացի գործընկերոջ հետ գնում ձկնաբուծարաններ և հարցնում՝ դուք հետաքրքրվա՞ծ եք արդյոք ջրի շրջապտույտ իրականացնող համակարգի տեղադրմամբ (ջուրը մաքրվում է, նորից օգտագործվում), մեզ պատասխանում էին, որ Հայաստանում ջուրն այնքան էժան է, որ դա ընդհանրապես իրենց չի հետաքրքրում։ Մեկ տարի անց, երբ բոլորի թույլատրությունները փակվեցին, մարդիկ կանգնեցին փաստի առաջ։ Երբ լիքը գյուղեր դարձան խմելու ջրին կարոտ, նոր մտածեցին, որ կարելի է բոլորին թույլ չտալ օգտագործել ջուրը, մինչդեռ կարելի էր ի սկզբանե ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Այո, մենք սխալ մոտեցում ունենք մեր ռեսուրսներին։ Այս տարի մենք ունեինք կարտոֆիլի թանկ գին, կտեսնեք՝ հաջորդ տարի կունենանք այնքան կարտոֆիլ, որ կմնա, չենք կարողանա իրացնել։ Ինչի գինը թանկանում է՝ հաջորդ տարի բոլորը դա են աճեցնում։

-Կառավարությո՞ւնը պետք է իրականացնի պլանավորումը։

-Ոչ, կառավարությունը չի կարող ասել՝ ով ինչ աճեցնի, բայց կարող է օգնել։ Մենք ունենք շատ մասնատված հողակտորներ․ Սովետական միության փլուզումից հետո իրականացվել է հողերի սեփականաշնորհում։ Յուրաքանչյուր գյուղում ապրող մարդ ստացել է հող՝ անկախ նրանից՝ կարողություններ ու գիտելիքներ ունի այդ հողը մշակելու, թե ոչ։ Նա է իր հողի տերը, և տարիների ընթացքում կուտակված, մնացած, ձեռք բերած գիտելիքների հիման վրա իրականացնում է իր գործունեությունը։ Որոշ մարդիկ հաջողում են, որոշները՝ ոչ։ Ով չի հաջողում, բնականաբար, գնում է արտերկիր՝ աշխատելու։ Ամեն մեկը իր հողի տերն է և ինքն է որոշում՝ ինչ աճեցնել։ Պետությունը, բնականաբար, չի կարող ասել ինչ-որ մեկին աճեցնել կարտոֆիլ գազարի փոխարեն, բայց պետությունը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի հնարավորություններ մարդկանց կրթելու, որպեսզի նրանց համար հասանելի դարձնի ճիշտ մեթոդներ, մոդելներ, միջոցներ։ Այդ ժամանակ արդեն կձևավորվեն թիրախային ուղղություններ՝ գյուղատնտեսության զարգացման։ Օրինակ՝ մեզ համար թիրախային ուղղություն է խաղողագործության զարգացումը, որովհետև մեր երկրում շատ լավ է ստացվում գինեգործությունը, մենք ունենք հազարամյակների պատմություն գինեգործության, և պետք է ամբողջ պետության ներուժը ծախսենք այդ ամենը շատ ուժեղ գովազդելու ու առաջ գնալու վրա։ Իսկ մեր կառավարությունը որոշել է, որ գինու հիմնադրամը պետք է փակի,  գինեգործները հիմա Ազգային ժողովի դիմաց ցույց են անում, որ չփակեն։ Վրաստանը ունի մեզնից ավելի քիչ գինու պատմություն, բայց ունեն շատ ինտենսիվ պետական ծրագրեր` օժանդակելու, օգնելու, զարգացնելու վրացական գինու լեգենդը։

Կան ուղղություններ, որոնք կարելի է թիրախավորել ու օժանդակել դրանով զբաղվող գյուղացուն։ Այդ դեպքում մարդիկ կգնան այդ թիրախային ուղղության զարգացմանը։ Մեր կազմակերպությունը, իհարկե, անում է այդպես, բայց մենք շատ փոքր հասարակական կազմակերպություն ենք՝ սահմանափակ ռեսուրսներով, իսկ այս ամենը պետք է կատարվի պետական մակարդակով։

-Ուրիշ տեղ կենտրոններ ունե՞ք։

-Ուրիշ գյուղերի հետ նույնպես աշխատում ենք։ Լայնածավալ, մեծ կենտրոն միայն Սոլակում է, բայց այլ գյուղերում նույնպես ունենք ավելի փոքր կենտրոններ՝ շուրջ 10-15 գյուղերում։

-Հե՞շտ է աշխատել գյուղացիների հետ։ Ինչպե՞ս են նրանք ընդունում նոր գաղափարները։

-Ես երբեք չեմ ասում մարդկանց՝ եկել եմ ձեզ ինչ-որ բան սովորեցնելու։ Երբ առաջին անգամ գնացի գյուղ՝ սեմինարի, 21 տարեկան էի։ Բոլորն ասացին՝ էս երեխեն ա եկե՞լ։ Ասացի՝ հա բա, եկել եմ՝ ձեզնից սովորեմ։ Ու շուրջ երեսուն միջին տարիքի գյուղի տղամարդիկ նստել էին, ու ես իրենց պատմում էի ինչ-որ բաներ օրգանական գյուղատնտեսության մասին։ Վերջում մոտեցան՝ բալա ջան, բա դու որտե՞ղ ես սովորում, էս ինչքան բան գիտես։ Երբեք պետք չէ ասել մարդուն, որ իրեն պետք է բան սովորեցնես, պետք է ասել հակառակը։ Երբ ասում ես մարդուն, որ ուզում ես իրենից բան սովորել, ավելի բաց է դառնում, շփումը ավելի հեշտ է ստացվում։

-Եղե՞լ են դեպքեր, երբ սկսել եք որևէ ծրագիր, ու այն հաջողություն չի ունեցել։ Որո՞նք են Ձեր առաջին հաջողությունն ու առաջին ձախողումը։

-Ձախողում չեմ համարի, բայց եղել է դեպք, երբ անջրդի հողում հացահատիկ ենք ցանել, ու անձրև ընդհանրապես չի եկել։ Շատ դժվար էր, շատ քիչ ստացվեց հացահատիկը։ Ձախողում չէր, բայց այն չէր, ինչ մենք էինք սպասում։ Այլ ձախողված ծրագրեր չեմ հիշում, երևի դրանք այնքան փոքր են եղել ու հաղթահարելի, որ չեն տպավորվել։ Իսկ առաջին հաջողությունը երևի կենսահումուսի կույտերն էին։ Դեռևս համալսարանում, երբ անցնում էինք որդակոմպոստացումը, այն ինձ շատ էր հետաքրքրում։ Ու երբ ընդունվեցի աշխատանքի, առաջին բանը, որ արեցի, որդակոմպոստացման մասին բուկլետ պատրաստելն էր։ Այդ նյութը տարածեցինք գյուղերում, ու առաջին որդերը գնեցինք։ Գյուղում դրեցինք կույտերը, ու որդերը կերան, ստեղծեցին հումուսը։ Այն, որ մենք ինքներս դա արել ենք, ինձ համար հրաշք էր։

-Եթե Ձեր պատմությունը ոգեշնչի ինչ-որ մեկին լինել բնության համար պիտանի մարդ, որո՞նք պետք է լինեն նրա առաջին քայլերը։ Ինչի՞ց պետք է սկսի սովորական մարդը։

-Ամեն մարդ ինքն իրենից պետք է սկսի։ Պետք է սկսի նրանից, որ սուպերմարկետում տասը տոպրակ վերցնելու փոխարեն վերցնի մեկը, կամ ընդհանրապես չվերցնի ու գնա իր կտորից տոպրակով։ Պետք է զգուշավոր լինի վնասելու, պոկելու մոլուցքի նկատմամբ։ Գոնե չվնասելը արդեն իսկ օգնել է։ Սյունիքի մարզում՝ հատուկ պահմանման տարածքներին կից, հատկապես՝ Գորիսի շրջանի մոտ 6 դպրոցներում, մի ծրագիր ենք իրականացրել աշակերտների համար՝ անտառագիտություն էինք ուսուցանում։ Ամեն ամիս գնում էինք դպրոց, յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ դասընթաց ունեինք, և միշտ բոլոր դասընթացները ավարտվում էին գործնական պարապմունքներով։ Մի անգամ, երբ մեր թեման աղբն էր, դրա վերամշակումը, դասից հետո ունեինք հատուկ ընտրված տարածք, որը պետք է մաքրեինք աղբից։ Տարածքը աղբուր էր, որտեղ մարդիկ գնում էին հաց ուտելու։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ էին նստած, ու թարմ կտրած ձմերուկի կեղև էր թափած։ Սկզբում փորձում էին ինձ համոզել, որ ձմերուկը իրենցը չէ, իսկ հետո, երբ տեսան, թե ինչպես են երեխաները ձեռնոցներ հագած հավաքում աղբը, միացան մեզ, բոլորով սկսեցինք հավաքել։ Հետո երեկոյան գյուղում բոլորը դրանից էին խոսում, որ Երևանից ինչ-որ մարդիկ եկել մեր աղբն են հավաքում։ Ես կուզենամ, որ էսպիսի բաներ չլինեն, կուզեմ՝ մեր մեջ մտնի այդ կուլտուրան, որ մեզնից հետո մաքուր թողնենք։ Ախր, դա այնքան փոքր բան է, ես ցավում եմ, որ մենք մինչ այսօր դրա մասին խոսում ենք։ Անհարմար եմ զգում, որ այսօր ես դեռ դրա մասին խոսում եմ։ Սրանք են հենց սկսելու այդ փոքրիկ քայլերը։ Մենք լվանում ենք մեր ձեռքերը, երբ դրանք կեղտոտ են։ Մեզնից հետո մաքրելն էլ պետք է լինի այդքան սովորական, դրա նման մի բան։

-Ինչպե՞ս եք տեսնում, առհասարակ, գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում։

-Ես լավատես եմ ու կարծում եմ, որ լավ է լինելու։ Նկատում եմ, որ հիմա մեծ տենդենց կա գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու։ Շատ կուզենամ, որ այդ ներդրումները հաջողությամբ պսակվեն, և մենք ունենանք զարգացած գյուղատնտեսություն։ Ամեն դեպքում, ես ապագայում տեսնում եմ բարձրարժեք գյուղատնտեսությունը։ Ես տեսնում եմ, որ հավելյալ արժեք ունեցող տեսակների աճեցմամբ և դրանց հետագա վերամշակմամբ մենք կարող ենք հավելյալ արդյունք ստեղծել։ Մենք միշտ պետք է մի քանի քայլ առաջ լինենք, և մի քանի քայլ առաջ մտածենք, որպեսզի կարողանանք հաջողել։

-Ըստ Ձեզ՝ հաջողության հասնելու համար, առհասարակ, ի՞նչ է պետք։

-Ցանկություն։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ես ուզում։ Դա աքսիոմ է։ Պետք է հստակ իմանալ՝ ինչի ես ուզում հասնել, և դա ինչ է։

-Հետագա զարգացման ի՞նչ պլաններ ունեք թե՛ ՀԿ-ի, թե՛ «ORWACO»-ի համար։

-ՀԿ-ի գործունեությունը իր հունով գնում է և տանում է ավելի նոր ծրագրերի իրակացմանը և խոշորացմանը։ Իսկ «ORWACO»-ին մենք տեսնում ենք տարածաշրջանի ամենախոշոր օրգանական պարարտանյութ արտադրող, արտահանող ընկերության դերում։ Հիմա նոր ծրագիր ունենք, «ORWACO»-ն պլանավորում է հոգ տանել օրգանական թափոնների մասին, և հիմա մենք տարբեր սրճարանների, կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու՝ օրգանական թափոնները տարանջատելու վերաբերյալ։ Հետո մենք դրանք կկոմպոստացնենք։ Թափոնները հավաքում ենք դեռևս միայն Երևանում։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

anush davtyan

Ամենաուժեղ դետեկտիվ կինոն

Տա-դամ․․․ տա-դամ․․․ տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դաաաամ․․․ տա-դա-դա-դա-դամ․․․

Եթե երգելով չկարդացիր վերևի տողը, ուրեմն հե՛տ դարձիր ու նորի՛ց սկսիր։ Մենք տեղափոխվում ենք մութ ու առեղծվածային աշխարհ, ուր ես ԽՍՀՄ գաղտնի գործակալ եմ, իսկ դու երևի դեռ չես էլ ծնվել։ Հետ ենք գնում տարիներով, գնում ենք այնտեղ, ուր ամենաուժեղ դետեկտիվ ֆիլմերն էին «live» տեղի ունենում։ Գնում ենք իմ երիտասարդություն։

Ես Սառով գյուղում եմ՝ Ռուսաստանում։ Գրում եմ 1947 թվականից։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Հուսամ՝ լավ։ Իսկ ե՞ս, ես հեռու եմ հայրենիքիցս, դեռ շատ կլսես, որ կարոտում եմ։ Նախնիներս Ղարաբաղից են, բայց ես հոգով նորբայազետցի եմ։ Որ ասեմ` Քյավառ, երևի ավելի լավ հասկանաս։ 1930-ին եկա Մոսկվա, ստիպված էի։ Ու էնպես ստացվեց, որ մնացի էստեղ։ Բայց ասում եմ, շատ եմ կարոտում Հայաստանը, Նոր Բայազետը։ Հիմա չէ, բայց մի օր պատվով հետ եմ գալու, շքանշաններովս գլուխ գովեմ։ Դե, սկզբից պատմեմ, որ բան հասկանաս։

Եկա Մոսկվա, սովորում էի Էներգետիկ ինստիտուտում, հետո անցա գործի մի տեղում, որն անուն չուներ․ համար 24 էինք ասում այդ գործարանին։ Մեր թողարկած արտադրանքից միայն ներսի մարդիկ էին տեղյակ։ Էստեղից էլ սկսվեց ամեն ինչը։

Դե, ասում եմ՝ հիմա 47 թիվն է, անտառի մեջտեղում՝ ԿԲ-11 գաղտնի օբյեկտում, ես սկսում եմ աշխատել բոլորից գաղտնի մնացած միջուկային կենտրոնի վրա։ Այստեղ եմ լինելու դեռ մոտ կես դար ու պատրաստվում եմ «միջուկային» փոքրիկ քաղաք ստեղծել։ Կես դարը քիչ չի թվում, չէ՞։ Կհասցնեմ հաստատ կատարելության հասցնել այն։ Լավ, մի քանի տարի առաջ գնանք, արի՛ 1959 գանք, երբ իմ գլխավորությամբ ստեղծվում է Կոնստրուկտիվ Բյուրոն։ Իմ շնորհիվ ԽՍՀՄ միջուկային զինանոցը թափ է առնում և մրցակից դառնում ԱՄՆ-ին։ Վատ չէ, հա՞։ Ո՞նց եք ասում հիմա։ Հա՜, զիլ է։ Այնքան, որ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս եմ դարձել, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ամենակարևորը՝ Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի։ Որ իմ ժամանակներից դուրս գանք, կարող ես Գավառ գնալ, կիսանդրիս կանգնած է հրապարակում, տարիների փոշին էլ վրան։ Մի քիչ փայլս կորցրել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Արձա՞նն է, որ հերոսին պետք է գեղեցկացնի։

Վերջին պահն իրար հետ կարող ենք 1993-ում անցկացնել, հետո էլ չեմ գա հետդ, կներես։ Բայց կարծեմ գիրք է լույս տեսնելու իմ մասին, հոդվածներ էլ կգրեն շուտով, էդտեղ կհանդիպենք պարբերաբար։ Թող հիմա դեռ գաղտնի մնա բոլորի համար, թե ինչի համար եմ այսքան շքանշան ստացել, թող քեզ համար հիմա արդեն վայրի թվա այն, որ միջուկային զենքի պես բանը ԽՍՀՄ հպարտությունն էր ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Կյանքիս գործն էր դա։ Ե՞ս էի ընտրել։ Երևի հա, բայց ավելի շատ այս ուղին էր ինձ ընտրել։

Լավ դե, դու գնա առա՛ջ, ես 93-ում կմնամ։

Ես տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցն էի, 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը։ Էլ գաղտնի չեմ քեզ համար․․․

Հաջողության պատմություններ. Արտ Լանչ

Հարցազրույց «Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։

-Ներկայացե՛ք, խնդրեմ։ Ի՞նչ կրթություն ունեք, ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում։

-Բակուր Մելքոնյանն եմ, «Արտ լանչ»-ի համասեփականատերը։ Ընտանեկան բիզնես է, մյուս 50 տոկոսը կնոջս է պատկանում։ Կրթությունս ստացել եմ պոլիտեխնիկական համալսարանի հաշվողական տեխնիկա բաժնում՝ ավտոմատ կառավարման համակարգեր։ Զբաղվում եմ «Արտ լանչ»-ով, մարդկանց կերակրելով։

-Ինչպե՞ս է ստեղծվել «Արտ լանչը», և ովքե՞ր են հիմնադիրները։

-Հիմնադիրները մենք ենք՝ ես ու կինս։ Ստեղծվել է 2002 թվականին, երբ արտերկրում առաջին անգամ գնացել էինք առևտրի, ապրանք էինք բերում և վաճառում Հայաստանում։ Գնացել էինք օգնելու մեր ընկերոջը։ Այդ ժամանակ բիզնեսմեններից մեկը հրավիրեց լանչի, բայց քաղաքից բավականին հեռու էինք գնացել։ Մինչև գնանք քաղաք, մինչև ճաշենք, ասաց՝ ավելի լավ է պատվիրենք, ու պատվիրեց։ Առաքման այդ մեթոդը, ձևը առաջին անգամ այդտեղ տեսանք։ Ու մենք որոշեցինք սկսել այդ ամեն ինչը նաև Հայաստանում։ Սկսեցինք մեր բնակարանից՝ 4-րդ հարկում՝ խոհանոցից, հետո տեղափոխվեցինք ավտոտնակ, ավտոտնակից հետո սեփական տարածք գնեցինք, տեղափոխվեցինք այնտեղ։ Այդպես եկանք, որոշեցինք, որ պետք է առաքում անենք։ Առաջին 4-5 տարին միայն առաքում է եղել։ Կինս պատրաստում էր խոհանոցում, ես էլ տանում տալիս էի գրասենյակի աշխատողներին։

Առաջին ճաշարանը Բիլայնի ճաշարանն էր։ Շատ դժվար էր իրականում, 4-5 տարի տևեց մինչև կարողացանք առաջին ճաշարանը վերցնել։ Մրցույթների մասնակցելիս, բնականաբար, չէինք շահում, քանի որ առաջին պայմանով դրված էր փորձառությունը։ Իսկ Բիլայնինը շահեցինք, որովհետև իրենք տեսան, որ փորձառությունը մի կողմ՝ իրականում իրենց աշխատակիցները, ներսի ճաշարանը թողած, մեր առաքումից էին օգտվում։ Ասացին՝ ավելի լավ է եկե՛ք, հենց տեղում էլ դո՛ւք պատրաստեք, տվե՛ք։ Առնաց նայելու այն պայմանին, որ մենք չունեինք համապատասխան փորձառություն, վստահեցին մեզ, որովհետև առաքման միջոցով ապացուցել էինք, որ կարողանում ենք լավ սնունդ տալ։

-Այժմ քանի՞ մասնաճյուղեր ունի «Արտ լանչը» և որտե՞ղ։

-«Արտ լանչ» հիմա կա Ղազախստանում՝ Ալմաթիում, ունենք Վրաստանում՝ Թբիլիսիում, Մոսկվայում և Հայաստանում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում մի մասնաճյուղ։ Հայաստանում 40 կետից ավելի կա։

-Ե՞րբ և ինչպե՞ս են բացվել արտասահմանի մասնաճյուղերը։

-Արտասահմանի մասնաճյուղերը բացվել են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Առաջարկը եղել է Արաբական Էմիրություններում՝ Դուբայում եղած ծանոթների կողմից։ Մենք հիմա բացել ենք գործընկերոջ հետ, բայց նոր ձևաչափով։ Օրինակ՝ Մոսկվայում արդեն փորձում ենք ֆրանչայզինգի նման ընդլայնվել, ոչ թե ուրիշ գործընկերոջ, այսինքն՝ մենք մասնակցենք ոչ թե տարածքի վարձակալմանն ու ֆիրմայի բացմանը, այլ զուտ մենեջմենթի և մարքեթինգային ծառայությունները վերցնենք մեզ վրա։ Ստացվում է, որ այսօր փորձում ենք Մոսկվայում իրականացնել «Արտ լանչի» առաջին ֆրանչիզայի վաճառքը։

Մյուս երկրներում ֆրանչայզինգ չէ։ Օրինակ՝ Թիֆլիսում մենք ենք հենց բացել, անմիջական մասնակցություն ունենք։

-Հայաստանից ինչպե՞ս եք իրականացնում տարբեր մասնաճյուղերի համակարգումը։

-Հենց այդ մշակված մեխանիզմի շնորհիվ։ Այսինքն՝ դա մի համակարգ է, որով կենտրոնացված մենյու է կազմվում, ուղարկվում բոլոր մասնաճյուղեր, ներառված են նաև վերահսկման տարբեր մեխանիզմներ, արդի տեխնոլոգիաներ։ Դրանց միջոցով ստուգում, վերահսկում ենք աշխատանքը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է հեռակա կառավարումը։ Հենց այդ փաթեթն էլ պիտի առաջարկվի որպես ֆրանչայզինգի փաթեթ՝ իր բոլոր մանրուքներով։

Ֆրանչայզինգի ամբողջական փաթեթը, ճիշտն ասած, դեռ պատրաստ չէ։ Բրենդը մեկ ամիս առաջ փոխեցինք, հիմա արդեն փաթեթի վրա ենք կենտրոնանում։ Անձամբ մեզ համար ծրագիր ենք կազմում, ինչը մի քիչ բարդ է, բայց միակ պայմանն է, որի դեպքում կկարողանանք նորմալ ֆրանչիզա վաճառել։ Որպես այցելու Վարշավայի ֆրանչայզինգի ցուցահանդեսին ենք մասնակցելու։ Մի քանի անգամ այդ ձևով կայցելենք։ Իսկ հոկտեմբեր ամսին ոչ թե որպես այցելու, այլ որպես մասնակից կփորձենք հանդես գալ։

Հայաստանի մասնաճյուղերում ու ընդհանրապես բոլոր մեր կետերում կա իր հսկող մենեջերը, ով պատասխանատու է այդ կետի համար։ Նա չի հանդիսանում սովորական աշխատակից, այսինքն՝ նրա աշխատավարձը ձևավորվում է եկամտից՝ տոկոսային հարաբերությամբ։ Պատասխանատուն որպես սեփականատեր է աշխատում։ Վերահսկողությունը այդքանով արդեն բավականին հաջողված է, որովհետև ավելի մեծ է շահագրգռվածությունը: Նույն այդ հաջողված մեթոդը մենք կիրառեցինք հյուրանոցային բիզնեսի մեջ, ու շատ լավ ստացվեց։ Դիլիջանում բացեցինք մեր առաջին փոքր հյուրատունը՝ «Արտ գեսթհաուսը», իսկ հիմա բավականին մեծացրինք․ 7 համարից սկսեցինք, հիմա ունենք 24 հյուրանոցային համար։ Այսինքն՝ այդ մեխանիզմը, որ ինչ-որ մեկը սեփականատեր է, մեծացնում է շահագրգռվածությունն ու մոտիվացիան, եկամուտն էլ կախված է իր աշխատեցնելուց։ Booking.com-ով արդեն 3-րդ, 4-րդ տարին է՝ Դիլիջանի լավագույն հյուրատունն ենք համարվում։ Մեկնաբանություններում էլ որպես սեփականատեր նշում են Ջորջին ու Լյուսիին, այսինքն՝ մեր մասին ոչ մի տեղ գրված չկա։

-Ե՞րբ է առաջացել «Արտ գեսթհաուս»-ի գաղափարը։

-Մոտ 5 տարի առաջ գաղափարն առաջացավ։ Դիլիջանում 3 կետ ունենք «Արտ լանչի» և երբ գնում էինք այնտեղ, բավականին մեծ գումարներ էինք ծախսում, բայց, ճիշտն ասած, դժգոհ էինք սերվիսից, մանավանդ տեղի հյուրանոցների սերվիսի որակից։ Որոշեցինք էդ հյուրատունը սարքել մեզ համար, այսինքն՝ մնալու մի տեղ մեր աշխատակիցների և մեզ համար։ Սկզբում գաղափարը վարձակալության տալը չէր, հյուրատուն սարքելը չէր, սկզբում մեզ համար սարքելն էր։ Ու այդպես էլ արեցինք։ Հետո տեսանք, որ կողքից էլ են ուզում մնալ մեզ մոտ, որպես բիզնես հաջողում է, ու վերածեցինք բիզնեսի։

-Իսկ քանի՞ մասնաճյուղ ունեն «Արտ գեսթհաուսները»։

-Երևանում ունենք 2 փոքրիկ «Արտ գեսթհաուս», 2 Դիլիջանում, 1 Ծաղկաձորում։ Ծաղկաձորինը ուղղակի մենք չենք հիմա աշխատեցնում, 3 տարվա պայմանագրով տուրիստական կազմակերպությունը ամբողջությամբ վերցրել է մեզնից։ Այսինքն՝ մենեջմենթը իրենց է պատկանում, բայց մեր ցանցի մեջ է մտնում։

-Գործունեության ընթացքում ի՞նչ հաջողություններ ու անհաջողություններ եք ունեցել։

-Հաջողությունները երևում են փաստացի, այն է, ինչին որ հասել ենք հիմա։ Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցն ենք։ Ամենամեծ հաջողությունը կլինի, եթե կարողանանք նաև ֆրանչիզա վաճառել։ Կլինենք առաջինը հայկական բրենդներից, որ կարողացել է այդպիսի բան անել։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են, բայց այս պահին դեռ արդյունք չկա։ Աստված տա՝ բոլորն էլ կարողանան, իհարկե, ինչքան շատ հայկական բրենդ ֆրանչիզա վաճառի, այնքան երկիրը կզարգանա (դրսից գումարների գալու առումով եմ ասում)։

Անհաջողություններ եղել են, շատ են եղել։ Մի օրինակ բերեմ, որ մենք, վստահելով հաճախորդին, որ, օրինակ, տարածքում կա այսքան պոտենցիալ հաճախորդ, կետ ենք բացել այդտեղ։ Բայց իրականում պարզվել է, որ այդ տարածքում հաճախորդների այդ քանակը չկա։ Այդպես մեկ-երկու կետ բացեցինք, չկարողացանք աշխատեցնել։ Հետո արդեն փորձառությունը ստիպեց, որ ոչ թե վստահենք դիմացինին, այլ ինքներս սկսենք առավոտյան բիզնես կենտրոնի, հիմնարկի մոտ կանգնել և հաշվել մարդկանց, թե քանի մարդ է իրականում մտնում։ Փոքրիկ անհաջողություններ եղել են։ Իհարկե, սկզբից դրանք փոքրիկ չէին, բավականին մեծ էին, որովհետև ֆինանսական առումով բիզնեսը հաջողություններ չէր բերում, մոտավորապես երկու տարի հազիվ ծախսերն էր փակում։ Երկու կոպեկ գումար հազիվ մնար, ինչը հնարավորություն չէր տալիս բացարձակապես այլ ներդրումների կամ ընդլայնվելու մասին մտածել։ Հետո արդեն, երբ երկու տարվա մեջ գործի մեջ դարձանք պրոֆեսիոնալ, սկսեցինք հասկանալ մանրուքները, նրբությունները ու դրա շնորհիվ նոր սկսեցինք արդեն կամաց-կամաց աճել։

-Իսկ ի՞նչն է «Արտ լանչը» առանձնացնում ոլորտի մնացած ներկայացուցիչներից։

-Առաջին կարևորագույն բանը, ուզում եմ շեշտել, մեծ մենյուն է։ Այն իրապես մեծ է, ընդ որում ամբողջ աշխարհում մեր նման կազմակերպություն չեմ տեսել իրականում, որ մեր մենյուի չափ մենյու ունենա՝ իր բազմազանությամբ։ Իսկ մեր յուրահատկությունը հենց դրա մեջ է, «Արտ լանչ» մարդիկ գալիս են ոչ թե հաճելի ժամանակ անցկացնելու, մի բաժակ խմելու ու իրենց սիրած ուտեստը վայելելու, այլ գալիս են տնական ձևով պատրաստված սովորական ճաշ ուտելու համար։ Նույնն էլ մեր ընդհանուր մենյուն է դրսում, որը ինտերնացիոնալ է, այսինքն՝ ինչ-որ ուղղվածություն չունի։ Բայց ինտերնացիոնալ լինելով հանդերձ՝ փորձում ենք հայկական ուտեստներին փոքր-փոքր տեղ տալ (դրսի մասին եմ ասում, իհարկե), սովորեցնել մարդկանց։

Հետաքրքիր հաջողություն ունեն նաև հայկական խոհանոցի օրերը․ սպասարկողները հայկական տարազներով են, ուտեստները՝ ամբողջովին հայկական։ Բավականին հետաքրքիր արձագանք ենք ունենում, բոլորը ոգևորվում են․ «Սա ի՞նչ ա։ Բա սա ի՞նչ ա»։ Դրանով մենք մշակույթ ենք ներկայացնում։ Շատ հետաքրքիր է։

Իսկ մյուս առանձնահատկությունն այն է, որ սովորական աշխատակիցները սովորական տնային տնտեսուհիներ են, որոնք պատրաստում են տնային ուտելիքներ․ դա մեր հաջողության գրավականներից մեկն է։ Չենք օգտագործում որևէ տեսակի կիսաֆաբրիկատ, դրսից պատրաստված որևէ խմորեղեն կամ դրսում պատրաստված ցանկացած բան, այսինքն՝ ամբողջը մեր արտադրության է։ Նույնիսկ այսօր հասել ենք նրան, որ հացի 60-70%-ը մեր արտադրանքն է, տեղում պատրաստված հացեր ենք վաճառում։

-Մենյուները տարբերվո՞ւմ են՝ ըստ մասնաճյուղերի։

-Նույն օրը բոլորինը միանման է լինում։ Տարբեր երկրներում էլ, բոլոր տեղերում նույն օրը միանման մենյու է ուղարկվում՝ հաշվի առնելով, իհարկե, տվյալ երկրի առանձնահատկությունները։ Օրինակ՝ Էմիրաթներում կամ Ղազախստանում չենք տալիս խոզի միս։ Զավեշտալի դեպքեր էլ են եղել, երբ նոր էինք բացվել Ալմաթիում։ Առաջին օրը դրեցինք բազուկի ճավով ճաշ՝ որպես հարգի ճաշ մեզ մոտ։ Հայ մենեջերն էր տեսել բավականին հարմար գնով ու ոգևորված բերել։ 2-րդ, թե 3-րդ հաճախորդից պարզ դարձավ, որ դա իրենց համար վիրավորական ուտելիք է։ Իրենք այդ ճաշը չեն ուտում, ճավը կովերին են տալիս։ Դրա համար էդ ազգային բաները պետք է հաշվի առնել։ Դրանից հետո երբ գնում ենք ինչ-որ երկիր, առաջինը խոհանոցն ենք ուսումնասիրում հասկանալու համար, թե իրենց ինչ է պետք տալ, որ չվիրավորվեն։

-Ավանդական ուտեստների օրը բոլոր մասնաճյուղերո՞ւմ է լինում։

-Չէ, չենք կարող այդպես անել, որովհետև դրա համար ամեն կետի անձնակազմը չունի այն պրոֆեսիոնալ որակական հատկությունները և ֆիզիկական հնարավորությունները, որոնք պետք են խոհանոցն ամբողջապես փոխելու համար։ Այսինքն՝ այդ օրերին մեր ադմինիստրատիվ անձնակազմը գնում է այդ կետում օգնելու, դրա համար, եթե ենթադրենք՝ այս ամիս հայտարարվել են ֆրանսիական խոհանոցի օրեր, գնում ենք հերթով ամեն կետում օգնելու։ Դրա համար ամեն շաբաթ մեկ-երկու կետում մի ազգային խոհանոց է դրվում։

-Արտ լանչը ունի՞ իր ֆերման։

-Այո, Արտ լանչը կիսաֆաբրիկատներ չի օգտագործում։ Թե մսի, թե հացի հումքը ապահովվում է մեր կողմից, մենք ենք արտադրում։

-Դա ցույց տալու համար երբևէ բաց դռների օր արե՞լ եք։

-Արտ լանչի կետերից կեսից շատում խոհանոցը բաց է, երևացող։ Դա ինքնին արդեն բաց դռների օր է, մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը պատրաստվում։ Եթե հիմա մեր մի կետում աշխատում է 22 հոգի, կիսաֆաբրիկատ օգտագործելու դեպքում կաշխատեին 6-ը։ Մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը թարմ պատրաստվում, հացը թխվում է ու տաք-տաք դրվում գծի վրա։ Ոչ թե նույն աշխատողն է գիշերը պատրաստում, իսկ առավոտն էլ անցնում աշխատանքի, ինչպես անում են շատ տեղերում ու ուտելիքը թարմ չի լինում, այլ տարբեր մարդիկ են պատրաստում, տարբեր մարդիկ վաճառում են։ Մենք այդ աշխատուժը չենք խնայում, որովհետև դա է՝ թարմ եփվող ուտելիքն է հենց մեր հաջողության գրավականը։

-Իսկ ընդհանրապես բիզնես կառուցելու ճանապարհին որո՞նք են լինում հիմնական դժվարությունները ու այն գործոնները, որոնք օգնում են այն առաջ տանել։

-Բիզնես սկսելու համար նախ և առաջ մարդը պետք է ձեռնարկատիրական ունակություններ ունենա։ Ինքս լինելով բիզնեսմեն և, այսպես ասած, բիզնեսի ջատագով՝ ելույթ ունենալիս միշտ ասել եմ, որ բիզնես պետք է անե, ու դա մի քիչ վատ հետևանքներ է ունենում, որովհետև շատերը մտածում են՝ ինչու գնալ ինչ-որ մի տեղ աշխատել, եթե դրա փոխարեն կարող են բիզնես անել։

Ու լավ օրինակները միշտ էլ երևում են։ Աշխարհի այսօրվա միլիարդատերերի մեծ մասը բիզնեսմեններ են, ու այդ թոփ օրինակները վերցնելով՝ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում՝ դե, ինչի՞ համար աշխատեմ, չարչարվեմ, մասնագիտություն ձեռք բերեմ, եթե կարող եմ բիզնես անել։ Բայց նրանք չեն նկատում դրա ռիսկերը և չեն տեսնում բիզնեսի դժվարությունները։ Երբ ես սրա մասին խոսում էի, ինձ ասացին, թե ուզում եմ վախեցնել։ Բայց եթե մարդը որոշել է բիզնես անել ու իմ ասած երկու բառից պիտի վախենա, ավելի լավ է չանի, որովհետև եթե խոսքից վախենալու է, ապա իրական դժվարությունները խոսքից տասը անգամ ավելի են լինելու։

Ես միշտ օրինակ եմ բերում մեզ, երբ մենք նոր էինք սկսել մեր գործը։ Մեկ, երկու ամիս տարբերությամբ մեկ այլ կազմակերպություն նույնպես սկսեց զբաղվել լանչերի առաքումով՝ երկու ընկերներով էին բացել։ Իրենք բավականին մեծ էին, ավելի մեծ գումար էին ներդրել, գովազդի վրա ավելի շատ էին ծախսել, ավելի շատ հաճախորդ ունեին ու երկու տարի մեր մրցակիցն էին։ Երկու տարի հետո իրենք շուկայից միանգամից հեռացան։ Ու մոտ մի քանի ամիս առաջ իրենց սեփականատերերից մեկին հանդիպեցի, էդ ժամանակ ես դեռ չգիտեի դրա մասին։ Ընկերոջս հետ նստած էին, ծանոթացրեց, ու երբ խոսում էինք, ասաց․ «Էն ժամանակվա ԱրտԼա՞նչն ես»։ Պարզվեց՝ ինքն էլ էն ժամանակվա մեր այդ մրցակիցն է։ Հարցրի՝ ինչո՞ւ փակվեցին, ասաց, որ իր մասնագիտական աշխատանքով ավելի շատ գումար էր վաստակում, քան բիզնեսն էր բերում։ Եվ նա ճիշտ էր։ Ասում էր՝ չգիտեր գիշերը, ցերեկը ինչ է, քնելը ինչ է․ «Գիշերը գնա առևտուր արա, արի, պատրաստվի, առաքում արա, բողոքներ լսի։ Իսկ դրա փոխարեն նստում ծրագիր էի գրում, ես իմ գումարը աշխատում էի»։

Այդ մարդու ասածի մեջ իրականություն կա, որովհետև եթե ինչ-որ մի տեղ աշխատում ես որպես մասնագետ, դու այդ ռիսկը չունես, որ, կոպիտ ասած, անգործ կմնաս, որովհետև մասնագիտականդ չի կորի, եթե դու, իհարկե, լավ մասնագետ ես։ Բայց բիզնեսի պարագայում, եթե այն չհաջողվեց ու այդ բիզնեսի մեջ հանկարծ «տակ տվեցիր», բիզնեսդ փակվեց ինչ-որ պարտքերով, բիզնեսից դուրս եկար՝ չունենալով հավաքած մասնագիտական կամ այլ պաշար․ դու ինչ-որ բիզնես ես փորձել անել, որը չի ստացվել։ Դրա համար ռիսկայնությունը պետք է համեմատել ու հասկանալ։ Այսինքն, եթե 1000 բիզնեսմենից հաջողում է, ենթադրենք, 10 բիզնեսմեն, ապա 1000 աշխատանք փնտրողներից, ովքեր մասնագիտություն են սովորում, հաստատ 990-ին հաջողվում է աշխատանք գտնել ու աշխատել։

Բիզնեսով զբաղվողն ասում է, որ նախկինում վեցին վերջացնում էր աշխատանքը, գնում էր ընտանիքի հետ նստում իր տանը, կամ գնում էր մի տեղ՝ ման գալու։ Բիզնեսի ժամանակ գիշեր ցերեկը խառնվում է իրար, չկան աշխատանքային օր, աշխատանքային ժամեր, այսպիսի հասկացությունները վերանում են բիզնեսմենի համար։ Այսինքն, պետք է հասկանալ՝ արդյոք դու պատրա՞ստ ես դրան, դա քեզ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, պատրա՞ստ ես արդյոք այդ եռուզեռին, այդ գլխացավանքին, ինտրիգներին, չքնելուն։Ես միշտ ոգևորված եմ խոսել բիզնեսի մասին, բայց մի դեպք պատմեմ, որն իմ հարազատներից մեկի հետ եղավ, որը բիզնես սկսեց ու չհաջողվեց ու բավականին մեծ պարտքեր կուտակեց իր վրա, այն դեպքում, երբ ինքը բավականին լավ մասնագիտություն ունի։ Ստիպված գնաց իր մասնագիտությամբ խոպանում աշխատելու ու բիզնես սկսելու համար կուտակած պարտքերը փակելու։ Մարդը պետք է այդ ամենը շատ լավ գնահատի ու նաև լսի կողքի խորհրդատուներին, ինչ-որ ձևերով փորձի հասկանալ, վերլուծել։ Մարդու համար դժվար է ընդունել, որ ինչ-որ բան անել չի կարող, բայց դա պետք է արվի, պետք է սառը դատել, որոշել, որ դու էսինչ բանը կարող ես անել, էսինչ բանը չես կարող անել։ Այն ժամանակ ընկերս բավական հաջող ծրագրավորող էր ինստիտուտում ու ինձ ասում էր՝ իրար հետ ծրագրավորում անենք։ Մի քանի ամիս գնալուց հետո ես հասկացա, որ չեմ կարողանում, որովհետև հիշողության խնդիր ունեմ։ Ես դա ընդունեցի և թողեցի։ Եթե համառորեն շարունակեի այդ ուղղությամբ, միգուցե անիմաստ ժամանակ կորցնեի այդտեղ։ Պետք է ճիշտ անալիզ անել` հնարավորությունների սահմաններում սիրած մասնագիտության մեջ աշխատելու, սիրած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար։ Որովհետև ցանկացած բիզնեսի, ցանկացած գործի մեջ կան շատ փող աշխատողներ, և դրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են իրենց գործը, ովքեր նվիրվում են դրան, ոգևորված են դա անում։ Իսկ այն մարդը, ով պարզապես փող աշխատելու համար է դա անում, կարող է՝ ինչ-որ ձևով ինչ-որ բան աշխատի, բայց մեծ հաջողությունների հասնելու համար պետք է դա հաճույքով անել։ Հաճույքով անելու դեպքում կունենաս հաջողություն։

-Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ի՞նչ դժվարություններ եք ունեցել նոր կադրեր աշխատանքի ընդունելիս։

-Կադրային լուրջ խնդիրներ կային, առավել ևս Հայաստանում։ Ասել, որ ինչ-որ մեկը ավարտել է և դիպլոմ ունի, և դա բավարար պայման է, որ ինքը մասնագետ համարվի, սխալ է։ Հատկապես, եթե ինչ-որ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չի, խոհարարական քոլեջի դիպլոմ է։ Իրենք կարող են դիպլոմ ունենալ ու բացարձակապես մասնագետ չլինել։

Կադրերի հետ կապված խնդիրները լուծելու համար մենք մեր փոքր խոհարարական ուսումնական կենտրոնը բացեցինք, որտեղ մենք ինքներս ուսուցանում ենք աշխատակիցներին։ Այսինքն՝ սովորական տնային տնտեսուհիները երկու շաբաթ անցնում են պրակտիկա, մեր լավ խոհարարները սովորեցնում են այդ աշխատանքը, ու իրենք մտնում են աշխատանքի։ Մեր բոլոր հայտարարությունները առանձնանում են նրանով, որ հենց գրված է՝ աշխատանքային փորձ անհրաժեշտ չէ։ Վերջին ֆեյսբուքյան հայտարարության մեջ գրել էինք, որ փնտրվում է հենց անգլերենի և ռուսերենի լավ իմացությամբ, ճանապարհորդելու ցանկություն ունեցող, աշխույժ աշխատակից։ Ֆրանչիզայի վաճառքի մասնագետի հայտարարությունն էր։ Ու շատերը զանգում հարցնում էին, թե ինչ աշխատանք է, ինչ պիտի անեն։ Դե ասում եմ՝ ֆրանչիզա պետք է վաճառել, հարցնում են, թե դա ինչ է։ Գիտեմ, որ չեն իմանա՝ դա ինչ է, Հայաստանում փորձ չկա, որ ես դրա մասնագետին փնտրեմ, դրա համար պայմաններն ենք գրել։ Ճիշտ է, շատերը ոգևորվել էին, ասում էին՝ ճանապարհորդել շատ ենք սիրում, բայց անգլերեն, ռուսերեն չգիտենք, կլինի՞ գանք աշխատելու, այդպիսի դեպքեր էլ են լինում։ Ամեն դեպքում ուզում եմ ասել՝ հիմա որոշել ենք, որ էդ աշխատակցին վերցնենք ու քանի որ Եվրոպական բանկի հետ համատեղ ուսուցման ծրագրի ենք մասնակցում բավականին մեծ գումարով, այնտեղ կուսուցանենք մեր մասնագետներին հենց այդ հատկությունները և պրոֆեսիոնալիզմը, բարձրակարգ մասնագետները կգան մեզ մոտ թրեյնինգի։ Մտածել, որ Հայաստանում դու այսօր կկարողանաս բարձրակարգ մասնագետ ճարել, մի քիչ բարդ է, որովհետև լավ մասնագետները, որոնք արդեն որոշակի փորձ ունեին, ցավոք սրտի լքել են Հայաստանը։ Իսկ օրինակ, ֆրանչիզայի կամ նմանատիպ նոր մասնագիտությունների գծով ուղղակի փորձ չկա, ինչքան էլ ինչ-որ մեկը խելացի լինի, միևնույնն է՝ աշխատանքի փորձ չունի։ Այսինքն՝ դա պետք է սովորել, սովորեցնել։

-Միայն ֆրանչիզայի և խոհարարի որակավորմամբ մասնագետնե՞ր չեք գտել, թե՞ այլ որակավորումներ ունեցող մասնագետների կարիք նույնպես ունեցել եք։

-Ճիշտն ասած՝ բոլոր մասնագետների կարիքն էլ ունենք։ Ասում են՝ աշխատանք չկա Հայաստանում, իրականում աշխատանք կա, բայց նաև ասել, որ գործազուրկ չկա, դա էլ է սխալ։ Լիքը գործազուրկ կա, ուղղակի իրենք չեն համապատասխանում այն աշխատանքին ու որակավորմանը, որն անհրաժեշտ է։ Իսկ գործազուրկը չի ուզում իր վրա աշխատել, աշխատելու փոխարեն մտածում է, որ պետությունը պետք է ինչ-որ փոփոխություններ անի, այնպես անի, որ ինքը կարողանա ուղղակի նստել, աշխատել։ Ինքը չի մտածում, որ պետք է անընդհատ աշխատի, սովորի, անընդհատ սովորի։ Ու ես մի գրառում էի արել ֆեյսբուքում, որ նույնիսկ եթե ձեզ աշխատանք առաջարկեն առանց աշխատավարձի, դուք մտեք աշխատելու, եթե վստահ եք, որ դա ձեր աշխատանքն է, որովհետև դուք մի քանի ամսում կկարողանաք ապացուցել գործատուին, որ դուք պրոֆեսիոնալ եք, կկարողանաք ձեր պայմանները թելադրել։ Մի քանի հոգի գրել էին, որ ստրկատիրական մտքեր եմ հայտնում, իսկ ես ասում եմ, որ ես ոչ մեկին միտք չունեմ ստրկատիրական բաներ ասելու։ Ինքս այդ ճանապարհով եմ անցել, գործազուրկ եմ եղել։ Գործընկերոջս քեռու պահածոների գործարանում, երբ հարցրեց, թե ինչքան եմ ուզում ստանալ, ասացի՝ ինչքան կտաք, դե ինքն էլ ասաց, որ չի տա։ Մի տվեք, ասացի, դե կաշխատեմ` կնայեք, եթե բանի պիտանի եմ՝ կտաք, եթե պիտանի չեմ՝ մեկ է՝ չեք տալիս։ Ընդամենը վեց ամիս հետո ամենաբարձր աշխատավարձն իմն էր։ Մեկ տարի հետո հարց բարձրացրեցի, որ ինձ մոտիվացիա է անհրաժեշտ, ընդհանուր եկամտից տոկոս է անհրաժեշտ, որ ես մոտիվացվեմ, աշխատեմ, աշխատավարձը էլ հետաքրքիր չի։ Սեփականատերը չհամաձայնեց։ Էդ ձևով չստացվեց, ես դուրս եկա, ու լավ էր, որ դուրս եկա։ Սկսեցի իմ բիզնեսը։

-Արտ լանչը գովազդ անո՞ւմ է։

-Գովազդի տարածված կլասիկ ձևից, առհասարակ, խուսափում ենք։ Գովազդը առաջին հերթին պետք է նպատակային լինի։ Եթե գովազդենք՝ եկեք Արտ լանչ, ու Արտ լանչում նստելու տեղ չլինի, գովազը լրիվ անիմաստ կդառնա։ Գիտակցել է պետք, որ եթե ես տեղ չունեմ, ի՞նչն եմ գովազդում։ Մյուս կողմից, հետաքրքիր են մեր սոցիալական ուղղվածություն ունեցող քայլերը, որոնք ավելի լավ ու դրական արդյունք են տալիս։ Ստեղծում են մեր դրական իմիջը, մենք մեզ լավ ենք զգում, հաճախորդի պակաս չունենք։ Պարզապես գումար տալ ու հեռուստատեսությամբ գովազդ թողարկել չենք ուզում։ Հիմա գովազդի այդ ձևից շատերն են հրաժարվում, նույնիսկ՝ ոլորտի գիգանտները։ Ծրագրեր իրականացնելու, միջոցառումներ անելու միջոցով են փորձում գովազդ անել, ոչ թե փող տալ ու գովազդ սարքել։

-Իսկ որո՞նք են այդ միջոցառումները, որոնցով փոխարինել եք գովազդը։

-Նորից խոսեմ ռեստորանի ու ճաշարանի տարբերության մասին։ Ռեստորանը ունի գովազդի կարիք, որովհետև նույն մարդը այդ ռեստորանը կարող է գնալ ամիսը մեկ, երկու ամիսը մեկ։ Մեր հաճախորդների 99 տոկոսը նույնն են։ Այսինքն՝ թիրախային հաճախորդին տեսնելով՝ կարող ենք մեկ անգամ անվճար հյուրասիրություն կատարելով նրան դարձնել պոտենցիալ հաճախորդ։ Դա ավելի գրագետ է, քան մասսայական գովազդը ամբողջ Հայաստանով կամ ամբողջ ֆեյսբուքով այն դեպքում, երբ, օրինակ, կետ ենք բացել Դավթաշենում։ Տվյալ տարածքի հաճախորդը մեկ անգամ գալիս է, օգտվում, համը տեսնում է ու դառնում պոտենցիալ հաճախորդ։ Իսկ ռեստորանը, ինչքան էլ լավ ուտելիք առաջարկի, միևնույնն է, ամեն օր չես գնա։ Դրա համար էլ ռեստորանը կարիք ունի անընդհատ գովազի, անընդհատ իր անունը հիշեցնելու։ Որ հաճախորդը, ենթադրենք, երբ ուզում է ռեստորան ընտրել, հիշի իր տեսած վերջին գովազդը, լավ գովազդը ու գնա հենց այդտեղ։

Գովազդի փոխարեն մենք նաև որոշեցինք մեր մենյուն ամեն օր փոխել։ Դա երկու պրոբլեմ է լուծում՝ հաճախորդը միշտ գիտի, որ նոր բան կգտնի, և վստահ է, որ երեկվանից մնացած ուտելիքը չի ուտում։ Ինչքան էլ ասենք՝ թարմ է, եթե երկու օր հաճախորդը նույն ուտելիքը տեսնի, կմտածի, որ երեկվանից մնացածն է։

-Բիզնեսում հաջողությունների հասնելու համար ի՞նչ հատկանիշներ և հմտություններ են անհրաժեշտ ըստ Ձեզ։

-Որոշ պայմաններ կան դրա համար։ Բայց եթե այդ պայմանները «բռնում» են, դա դեռ չի նշանակում, որ դու հաջողակ բիզնեսմեն կդառնաս, և հակառակը՝ չի նշանակում, որ եթե ինչ-որ բան չկա, ուրեմն չես կարող հաջողակ բիզնեսմեն դառնալ։ Այդպիսի պայմանները շատ են՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն, խելացի լինել, կազմակերպչական ձիրք, լավ սովորել, ստանդարտ կետեր շատ կան։ Բայց երբ նայում ես հաջողակ բիզնեսմենների կենսագրությունը (շատերինն եմ ուսումնասիրել, ինձ հետաքրքիր է եղել միշտ), նրանք բոլորը այս ոսկե կանոններից անպայման շեղվում են ու այդ շեղումների շնորհիվ են հաջողության հասնում։ Ոսկե կանոնները պահելը դեռ չի նշանակում, որ հաջողակ կդառնաս, ասեմ ավելին՝ կարող է նշանակել, որ դու հաջողակ չես դառնա։ Դպրոցում մեկը անգիր պատրաստում, հինգեր էր ստանում, ու կար մեկը, ով ալարում էր անգիրը սովորել, մի բան ասում էր դրա տեղը, մի բան ստանում էր, մի ձև ինքը ավարտում էր։ Այսինքն՝ որոշել, որ ինքը ավելի վատ մասնագետ կդառնա, քան թե բոլոր առարկաներից հինգ ստացողը, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև ոնց որ Գեյթսն էր ասել․ «Ես իմ ամենաբարդ աշխատանքը տալիս եմ ամենածույլ աշխատակցին, որովհետև ինքը գտնում է լավագույն միջոցը, թե ինչպես կարելի է այդ հարցը խելքով լուծել»։ Իրական դեպքերից էլ մի օրինակ բերեմ, որտեղ մի մեծ գործարան բավականին շատ աշխատակից է պահում ու հյութերի լցման մաս է ունենում, թղթե տուփերի մեջ հյութեր են լցնում։ Բայց կարող է մի քանի հարյուր հատը կամ հիսուն հատը մեկ խոտան լինել, չլցվել։ Կանգնած է աշխատակից, որը հատ-հատ պետք է դրանք ստուգի, դատակը գցի մի կողմ, որ նորից լցվի, գա։ Աշխատակիցներից մեկը ծույլ է լինում, մեկ երկու օր նույն գործողությունն անելուց հետո պտտվող օդափոխիչը բերում դնում է, ու որ տուփը թեթև է լինում, շպրտվում է մի կողմ։ Այսինքն՝ ծույլ մարդն իր գործը հեշտացնելու համար ամբողջ արտադրական պրոցեսին լուրջ հաջողություն է բերում․ այդքան մարդու փոխարեն սարքը դրած պտտվում է։ Այսպիսի հետաքրքիր դեպքեր կան։ Իրական կյանքը, ինչպես ասում են, գրված կանոններից տարբերվում է։

-Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ուզում են զբաղվել բիզնեսով։

-Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ բիզնեսը պետք է սկսվի հայրենիքում։ Հիմա կարծում եմ՝ հնարավորությունները ավելի շատ են, քան առաջ։ Վերցնենք հենց մեր դեպքը 2002 թվականին։ Երբ նոր էինք սկսում, սովորական ինտերնետին միանալը, մի նկար քաշելը, ինչ-որ բան սովորելը 3 ժամ էր տևում, շատ բարդ էր։ Այսօրվա տեխնոլոգիաներով անհամեմատ հեշտացել է բիզնես սկսելը։ Առավել ևս, մրցակիցների մասին ինֆորմացիան բաց է։ Իսկ ես ինչո՞ւ ներսի շուկայի մրցակիցներին չեմ ուսումնասիրել։ Որովհետև այդ հետաքրքիր մրցակիցը չկա։ Միշտ գնում ենք դուրս՝ այնտեղից հետաքրքիր գաղափարներ բերելու։ Լավագույն տարբերակը դա է, ու հեշտ է իրականացնելը։ Մոտ տասը տարի առաջ, երբ շրջում էինք Եվրոպայում, Իտալիայում տեսնում էինք փոքրիկ ռեստորաններ, փոքր, քիչ սեղաններով։ Իսկ Հայաստանում այդ ժամանակ ինտենսիվ կերպով կառուցվում էին մեծ սրահներով ռեստորաններ։ Հետո, ով առաջինը Հայաստան բերեց Եվրոպայում արդեն շատ վաղուց տարածված այդ փոքրիկ ռեստորանները, մեծ հաջողության հասավ։ Օրինակն էլ հենց Սարյան փողոցի ու Կասկադի փոքր ռեստորաններն են։ Ուզում եմ ասել, որ հիմա Հայաստանում բիզնես սկսելու համար բավական է դրսում արդեն առկա լավ գաղափարները վերցնել ու անել այստեղ։ Երբեմն թվում է, թե արտասահմանում հնարավորությունները ավելի շատ են, բայց իրականում հակառակն է։ Հայաստանում բիզնես սկսելու դեպքում կա տեղ, որտեղից կարող ես սովորել, կա տեղ, որը այստեղից՝ Հայաստանից, առաջ է։ Իսկ Եվրոպայում բիզնես անողներից շատ օրինակներ գիտեմ, որ հաջողության չեն հասել, որովհետև սովոր չեն այնտեղի մրցակցությանը, այնտեղի տեխնոլոգիաներին։ Փորձեցին այստեղի տեխնոլոգիաներով գնալ դուրս, այնտեղ կիրառել, ինչն էլ չստացվեց։ Իսկ Հայաստանում շատ հեշտ է նայել, թե աշխարհում ինչ նոր տենդենցներ կան, որոնք շուտով այստեղ դառնալու են պոպուլյար։ Առաջինը, ով սկսում է բիզնեսը, նա էլ շահում է։ Այլ խնդիր է` ճիշտ սկսելը ու չհիասթափվելը։ Բիզնեսմենը պետք է ունենա երեք շատ կարևոր հատկություն՝ չհիասթափվելու, չնեղվելու, չփոշմանելու։ Այս երեքը բիզնես կատեգորիաներ չեն։ Եթե դրանցից որևէ մեկը ունեք, ավելի լավ է՝ ուրիշի մոտ աշխատեք, որովհետև եթե ինչ-որ բանից նեղվեք, մի տեղից դուրս կգաք, ուրիշ տեղ կաշխատեք։ Իսկ բիզնեսում ումի՞ց նեղանաս, քո բիզնեսն է։ Ուրեմն դու ինքդ պետք է աշխատես քո վրա, քո բիզնեսի վրա, որ էլ էդպես չլինի։

-Ի՞նչ հետագա պլաններ, զարգացման նոր ուղիներ ունեք։

-Առաջնային նպատակը այսօր ֆրանչիզան է։ Դրա կարևորությունը շատ մեծ է ոչ միայն մեզ համար՝ որպես կազմակերպություն, այլ նաև հայ իրականության համար։ Շվեյցարիայի նման փոքր երկիրը ունի երեք հարյուրից ավելի բրենդ, որոնք ֆրանչայզինգ են անում։ Դրանք մեծ գումարներ են։ Եթե դիտարկենք Ամերիկայի ֆրանչիզա վաճառող բրենդներին, դրանք մի օրում Հայաստանի բյուջեի չափ եկամուտ են բերում իրենց երկրին։ Հետևաբար, երկրի համար էլ շատ լավ կլինի, եթե կարողանանք Արտ լանչի ֆրանչիզայի վաճառք իրականացնել ու հաջողության հասնել, որովհետև դրսում մրցակցությունը շատ մեծ է։ Այն, որ մենք Արտ լանչ բացեցինք նաև արտասահմանում, այն բանի համար չէր, որ մենք ուզում էինք անպայման շահույթ ունենալ նաև այդ երկրից։ Ընտրել ենք իրարից հեռու տարբեր անկյուններ՝ Դուբայ, Ալմաթի, Վրաստան, որպեսզի կարողանանք դրսի մրցակցությանը դիմանալ, որը ուժեղ է, չի գործում այնպես, ինչպես Հայաստանում։ Այնտեղ պետք է քո ուժեղ մարքեթինգը ունենաս, ուժեղ թիմ, լավ մտածված քայլեր, կրեատիվ մտածողություն։ Այլապես ուժեղ մրցակիցները քեզ հում-հում կուտեն։

-Հայաստանում ի՞նչ մրցակիցներ ունի Արտ լանչը։

-Հայաստանում միշտ ուրախ եմ լինում, երբ իմանում եմ, որ ինչ-որ նոր ճաշարան է բացվել։ Ուրախ կլինեմ տեսնել իրական մրցակցություն։ Որովհետև ես ուզում ես դուրս գնալ։ Եթե չկարողանամ Հայաստանի լավ մրցակցությանը դիմակայել, էլ ինչպե՞ս դա կանեմ դրսում։ Մրցակցությունը լավագույն միջոցն է միշտ զգոն լինելու, միշտ առաջ գնալու։ Ցավով պետք է նշեմ, որ մրցակիցների 99 տոկոսը կրկնօրինակում է, ինչը լավ չէ, երբեք հաջողություն չի ունենա։ Մենք դա երբեք չենք արել, որովհետև մինչև մրցակիցը վերցնում է մեզնից նույնությամբ ամբողջը, մինչև սկսում է անել, մենք արդեն մի քայլ առաջ ենք։ Իրենք նորից մի քայլ հետ են մնում ու զարմանում են, թե ինչու են փակվում, իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Այդ «ինչու չի ստացվումների» պատասխանը հենց դա է՝ որովհետև գալիս, մեզ եք նայում։ Մենք երբեք Հայաստանում չենք նայել ուրիշին, այդ ուրիշը չի էլ եղել։ Իրականում, լավ կլինի, որ լինի, մենք էլ գնանք, փորձենք ուսումնասիրել, որոշ բաներ սովորել։ Մրցակից ասելով՝ նկատի ունեմ իրական մրցակիցներին, որոնք գաղափարներով են քեզ հետ մրցակցում, ծառայությունների մատուցման ձևով են մրցակցում։ Այդպիսի մրցակցի առկայության դեպքում դու զարգանում ես, առաջ ես գնում, որովհետև դու տեսնում ես։ Էմիրաթներում մենք այդ փորձը ունեցանք, ու այդ փորձը հենց դրանով էր լավ, որ մենք անընդհատ նայում էինք՝ կողքինները, առաջատարները ինչ են անում, ինչպես են հաճախորդին կանչում։ Մենք փորձեցինք մեր մարքեթինգային քայլերը այնտեղ անել, բայց պարզվեց, որ այն ամենը, ինչը Հայաստանում գործում է, այնտեղ ռադիկալ ուրիշ է, չի գործում։ Հայաստանում, երբ Արտ լանչ ենք բացում, ամենաշատը երեք օր հետո արդեն բոլորը գիտեն դրա մասին, որովհետև երբ մի հաճախորդ այսօր մեզ մոտ ճաշում է, վաղը արդեն գալիս է իր ընկերների հետ։ Իսկ այնտեղ մի մարդը մեզ մոտ մեկ ամսից ավելի ճաշում էր, իր կողքի նստածը չէր իմանում մեր մասին, նա չէր կիսվում։ Մենթալիտետի տարբերությունները, սովորույթները բիզնեսի զարգացման լրիվ տարբեր ուղիների մշակում են պահանջում։ Ճիշտ մրցակից ունենալու դեպքում էլ դու անընդհատ խորանում ես այդ ուղիների մեջ, ավելի հզոր ես դառնում, հնարավորություն ես ունենում իրական մրցակիցների դեմ պայքարելու, որովհետև երբ դուրս գաս, մրցակիցներդ լինելու են այնպիսի գիգանտներ՝ KFC-ն, McDonald’s-ը, որոնց մի ժամվա բյուջեն մեր մեկ տարվա բյուջեի չափ է։ Դրա համար պետք է լինել ավելի ճկուն, կրեատիվ, որպեսզի կարողանանք նման գիգանտների հետ մրցել ու հաղթել։

-Զարգացման ուրիշ ոլորտ փնտրո՞ւմ եք։

-Հաճախ թվում է, թե ռեստորանային ու ճաշարանային ոլորտը նույնն է։ Այնքան շատ է թվում, թե նույնն է, որ նույնիսկ վիճակագրական վերլուծությունները նույն ձևով է անում վիճվարչությունը, նույն դասակարգման մեջ ենք։ Իրականում ռեստորանն ու ճաշարանը ամբողջովին տարբեր բաներ են։ Մեզ համար ավելի հեշտ կլինի գյուղատնտեսությամբ զբաղվել, քան թե ռեստորանային բիզնեսով։ Ֆերման ու ճաշարանը իրար ավելի մոտ են, քան ճաշարանն ու ռեստորանը։ Սա չգիտակցելով՝ շատ ռեստորանատերեր փորձում են ճաշարանային բիզնես անել ու կրում են մեծ վնասներ։ Իսկ մենք, դա գիտակցելով, չենք վերցնում ռեստորանային բիզնես, քանի որ դա լրիվ ուրիշ ուղղվածություն ունի։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

anush davtyan

ՈւՖԱՌ-ին

Ես դանդաղ բացում եմ Microsoft word-ը, մկնիկը սահեցնում եմ, որ ստեղծեմ նոր էջ, ու սկսում եմ գրել։ Մինչ օրս բոլոր գրածս հոդվածները էս ձևով էին առաջանում։ Էս մեկն էլ բացառություն չէ, բայց էս անգամ մի բան փոխվել է։ Դեռ ոչ մի լավ խոսք չէի ասել համալսարանիս մասին, հիմա ուզում եմ։ Փորձում եմ։

Ուֆառն էն տեղը չէ, ուր կուզեի տեսնել ինձ։ Բայց եթե նորից ու նորից ասեն՝ ընտրի՛ր, նույն տեղն եմ գալու։ Ինչքան էլ ասեմ, որ էս բուհը ինձ ոչ մի հնարավորություն չի տալիս, ոչ մի կրթական կամ այլ առաջարկ չի անում, տեղ չի ուղարկում, ազատ ժամանակս ուտում է, որ ուրիշ բանով չզբաղվեմ, արդեն հասկանում եմ, որ սխալ եմ։

Եթե ամեն ինչը մի կողմ դնենք, բոլոր մասնագիտական հմտություններն անտեսենք, տակը կմնա ֆրանսերենը։ Գիտեմ, բոլորիդ կյանքը կերել ենք արդեն, ծեծել-սպանել ենք էս թեման, բայց ախր, լրիվ լուրջ եմ ասում, կյանքս ֆրանսերենի շուրջ է պտտվում։

Մի քիչ հետ գնանք։ Ցույցերի ժամանակ էր, Ցիտադելի մոտ էինք, փողոց էինք փակում։ Ընկերուհուս հետ կանգնած էի, որ մոտեցան ինձ․

-Ա՛ն, դու ֆրանսերեն գիտես, չէ՞։ Արի՛ հլը, չենք հասկանում՝ ինչ ա ասում։

Ցիտադելի խաչմերուկին մեքենա էր կանգնած, չէին թողնում՝ առաջ գնա (դե, փողոց ենք փակում, բնական է)։ Ղեկին ֆրանսիացի մի տղա էր, կողքին էլ մայրն էր նստած, ոնց հետո պարզվեց։ Մոտեցա բաց պատուհանին, ասացի՝ bonjour։ Էդ մի բառն էր, ազնիվ խոսք, ու դրանից հետո պիտի տեսնեիք, թե ոնց փոխվեց էդ մարդու դեմքը։ Ձեռքերը վերև է պարզել, Աստծուն շնորհակալություն է ասում, որ իրեն հասկացող կա էստեղ։ Իրավիճակը բացատրեց, ես էլ իրեն բացատրեցի, որ մինչև ժամը հինգը փակ ենք պահելու փողոցը, չի կարող անցնել։ Հասկացանք իրար, մեքենան թողեց էդ տարածքում, ոտքով գնաց մոր հետ։ Էս մեկ։

Ուրիշ բան պատմեմ։ Էնպես է ստացվել, որ բարեկամներիցս մեկի ամուսինը ֆրանսիացի է։ Արդեն հասկանում եք երևի, որ ոնց որ ամեն ընտանիքում, մեր տանն էլ են ասում․«Մի քիչ ֆրանսերեն խոսի՛ր հետը, լավ էլի»։ Առաջին հանդիպմանը դեռ մի տարի էր, ինչ ֆրանսերեն էի սովորում։ Ամենավատ շրջանն էր, բերանս չէր բացվում, ահավոր էր։ Մի տարի հետո, երբ գնացի Բելգիա, արդեն ցանկություն կար խոսելու։ Ինձանից գոհ մի երկու բան ասել եմ, չեմ էլ հիշում ճիշտ, թե սխալ։ Էս երկու։

Հաջորդ դեպքը Ֆրանկոֆոնիան էր։ Էլ ինչ բացատրեմ։ Էսպես ասեմ, ֆրանսերենի իմացությամբ էին ընտրում։ Ես էի էդպես մտածում, համենայն դեպս։ Վստահ էի, որ եթե չտիրապետեիր լեզվին, քեզ չէին ընտրի։ Էդտեղ էլ պետք եկավ։

Եթե շատ փոքր բաները չպատմեմ, ուղղակի ասեմ, որ Վերնիսաժում երկու ֆրանսիացիների էինք օգնել, ում հետ հարցազրույց ենք ունենալու շուտով։ Էս էլ ձեզ չորս։

-Անո՛ւշ, մեր լեզվով են խոսում,- ասաց Անետան։ Հա, արդեն մեր լեզուն է։ Մեղսի քեզ, ուֆաղ։ «Ղ» եմ ասում, որովհետև էդպես է ձևը։

Բայց էսքան որ խոսեցի, լեզվի մասին չէի ասում, Ուֆառից էի պատմում։ Ինչքան էլ չընդունեմ, բայց էս հնարավորությունները հենց ֆրանսիականն է տվել ինձ։ Էլի եմ դժգոհելու էս բուհից ամեն անգամ, որ նոր դասացուցակ ստանամ, ամեն անգամ, որ մոտենա քննաշրջանը, հենց վերջանա, հենց շաբաթ դասի կանչեն, հենց մեռելոցը հաշիվ չլինի։ Ինչքան ուժ ունեմ` բողոքելու եմ։ Ու ինչքան կարող եմ, նոր հնարավորություններ եմ ման գալու, որ արդարացնեմ էս չորս տարին, որ նվիրել եմ քեզ։

Վերջ, հա՞, ոնց որ թե։ Ասելիքս ասացի, նորից կարդացի գրածս։ Ուրեմն․․․

Ես դանդաղ սահեցնում եմ մկնիկը, պահպանում եմ գրածս, փակում եմ Microsoft word-ը ու ուղարկում էս ամեն ինչը ձեզ։

anush davtyan

Մոնտենեգրական արևից ու մեր արկածներից

Հոկտեմբեր ամիսն էր։ Մենք հինգ հոգով էինք ներկայացնում «Մանանան»։ Մոնտենեգրոյում էինք, ի դեպ։

Մոնտենեգրոյում ամառներն ավելի երկար են, բայց ոչ թե ամսվա մեջ օրերի քանակով, այլ «սոլյարի» գնացածի տեսք ունենալու հնարավորություններով։ Հա, բոլորը գնում են ծով մի նպատակով՝ արևային լոգանք ընդունելու։ Ու էս երևույթը տարիք, սեռ, հագուստ չի ճանաչում (լողազգեստի գծի տեղը չպիտի մնա)։

Հիմար կզգաս ինքդ քեզ, եթե հասնես Ադրիատիկ ծովի ափ ու գոնե փորձ չանես ջուրը մտնելու։ Փորձը ո՞րն է։ «Գաղտնի» լողափ էինք գտել, ոտքով-գլխով մեզ ջուրն էինք գցում։ Ու իրականում կապ չուներ՝ ով լողալ գիտի, ով՝ չէ։ Բոլորս մեկի պես ջուրն էինք մտնում։ Իմ ու քո չկար, լավ ու վատ չկար, մոտ ու հեռու չկար․ բոլորս մի մարդու պես գնացինք, կազմակերպիչներին էլ տարանք անգամ։

Հիմա էսպես նկարագրում եմ, հետ եմ դառնում, գրածս կարդում եմ, մտածում եմ, թե ամբողջ օրը լողափում ենք եղել, ոչ գործ ենք արել, ոչ բան։ Բայց դե, չէ։ Էս ամեն ինչի համար մենք օրվա մեջ ընդամենը մեկուկես ժամ ունեինք։ Իսկ մնացած ընթացքում կպած աշխատում էինք։

Ծրագրի նպատակն էր` սովորեցնել 8 երկրներից ժամանած 45 մասնակիցներին, թե ինչպես զրոյից մշակել և այնուհետև իրականացնել փոխանակման ծրագիր կամ թրեյնինգ։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում մենք հիմնականում քննարկում էինք «Erasmus +»-ի հարթակում ծրագրերի գաղափարներով դիմելու հիմունքները, անհրաժեշտ պայմաններն ու այն կարևոր կետերը, առանց որոնց դիմումը հաստատ չէր ընդունվի։ Սրանից բացի՝ մենք բոլոր հնարավոր ձևերով ծանոթանում էինք մյուսների հկ-ներին։

Ամեն օր ներկայանում էինք տարբեր մարդիկ, կիսվում էին իրենց փորձով, ներկայացնում էինք կազմակերպությունները, պատմությունը, անցած ճանապարհը, ամենադժվար պահերն ու ամենամեծ հաղթանակները։ Էլի եմ ասում՝ իմ ու քո չկար, ամեն տեսակի օգտակար ինֆորմացիան մենք շատ արագ տարածում էինք իրար մեջ, ուրիշի փորձը մերն էինք դարձնում։

Բացի այդ՝ այցելել ենք մի քանի մոնտենեգրական հասարակական կազմակերպություններ, ուր ծանոթացել ենք դրանց աշխատանքի հետ։ Այնուհետև զրուցել ենք հիմնադիրների հետ, հետաքրքրվել ենք, թե ինչ խնդիրների են հանդիպել գործունեության ընթացքում և թե ինչպես են դրանք հաղթահարել։

Ձեռք բերած գիտելիքների և փորձի հիման վրա՝ ծրագրի ավարտին մենք պիտի ներկայանայինք աշխատանքային տարբեր խմբերով՝ ծրագրի բովանդակությունը գրելու, հովանավորներ գտնելու, կամավորներին մոտիվացնելու, նոր աշխատակիցներին կազմակերպություն ներգրավելու և այլն։ Ամեն մի խումբ համակարգել էր իր կատարած աշխատանքը, ստացել էր գործողությունների հստակ հերթականություն, ոմանք անգամ ունեին գործնական օրինակներ, և այս ամենը վերջին օրը ներկայացվել էր բոլորի առաջ։ Ըստ էության՝ փորձը իրար մեջ փոխանակել էինք։

«Աշխատանքային» գիտելիքներից բացի՝ ամեն մեկս տուն վերադարձավ եվրոպական մշակույթից մի փոքր ավելի տեղյակ դարձած։ Յոթ օրում մենք հասցրինք ճանաչել իրար և փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ամեն ներկայացուցիչ բնորոշում իր երկիրը։ Կարծրատիպեր էինք կոտրում, օրինակ, հույների շատ պասիվ լինելու մասին, կամ որ ֆրանսիացիները շատ սառն են։ Բայց մյուս կողմից էլ ամեն օր ավելի ու ավելի էինք համոզվում, որ եթե իտալացիների ձեռքերը կապես, լեզուն էլ կապ կընկնի։

Հարցրե՛ք՝ ինչ եմ բերել հետս։ Չէ, լուրջ, հարցրե՛ք։ Հարցրե՛ք, որ ասեմ՝ շոկոլադ եմ բերել, թարմ արևայրուք, մի քանի հատ քար ծովափից, խխունջների խեցիներ, շորերիս վրա մնացած ծովի աղ, մեծ տպավորություններ, լավ հիշողություններ։ Հա, ու նոր գաղափարներ, որոնք անպայման իրագործելու ենք։

Moving ideas forward, Մոնտենեգրո. օր 7-րդ

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Օրն սկսվեց աշխատանքային տրամադրությամբ։ Նախապես ձևավորված խմբերում աշխատում էինք ամեն մեկս իր ծրագրի վրա։ Օրվա վերջում ներկայացրինք մեր արածները ու ընդհանուր ամփոփում արեցինք։

Մեր թիմը ներկայացավ «Ընկերություն նոր մասնակիցների/աշխատողների ինտեգրման» գաղափարով։ Փորձում էինք նորարարական մոտեցում ցուցաբերել։ Մեզ պատկերացրել էինք նորեկի կարգավիճակում, ու սկսեցինք մշակել տարբեր եղանակներ, թե ոնց հեշտացնենք այդ ինտեգրումը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

«Ուշադրություն։ Ֆենոմենալ առաջարկ բոլոր կազմակերպությունների համար։ Թեժ առաջարկ միայն Ձեզ համար։ «The Mook» կոչվող գիրք-ամսագիրը (magazine+book) նախատեսված է հենց այսպիսի դեպքերի համար։ Դուք կարող եք դրանում ներառել ցանկացած տեսակի կազմակերպչական տեղեկատվություն, կորպորատիվ մշակույթի մասին ցանկացած հարց ու ամեն տեսակի խաղեր, խաչբառեր և այլ զբաղմունքներ, որոնք կնպաստեն կազմակերպության արժեքներին, ծրագրերին, նպատակներին, ռազմավարությանն ու մարտավարությանը հիմնովին ծանոթանալուն։ Այս գործիքը մշակվել է հատուկ Ձեզ և Ձեր կազմակերպության համար։ Ցանկության դեպքում կտրամադրենք նախնական օրինակը։ Մենք հասանելի ենք արդեն բոլոր շուկաներում։ Ավելի մեծ ցանկության դեպքում կարող եք դիմել ինձ մանրամասների համար»։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Ամենահետաքրքիրը թերևս լուսաբանող թիմի պատրաստած տեսանյութն էր։ Տեսանյութում ներառել էին ամբողջ ծրագրի ընթացքում կատարվածներից տարբեր հատվածներ, փոքր կտորներ տեղի ունեցած յուրաքանչյուր միջոցառումից և իհարկե լիքը կադրեր բոլոր մասնակիցներից։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ծրագրի սկզբում մենք սկսել էինք, այսպես կոչված, «գաղտնի ընկեր» խաղը։ Ամեն մեկը գրել էր իր անունը թղթի վրա, հետո թղթերը խառնել էինք, ու ամեն մեկս մի թուղթ էր քաշել ինչ-որ մեկի անունով։ Այս մի շաբաթվա ընթացքում բոլորս պիտի ամեն կերպ ուշադրություն ցուցաբերեինք մեր գաղտնի ընկերներին։ Ինչ-ինչ պատճառներով ինձ համար նախատեսված «անակնկալներից» ոչ բոլորն էին տեղ հասնում։ Այսօր երեկոյան կազմակերպել էինք երկար սպասված բացահայտումը, թե ով ում գաղտնի ընկերն էր։ Ու վերջապես պարզ դարձավ, թե ով, երբ, ինչ էր անում և ում համար։ Ես ծրագրի կազմակերպչի անունն էի քաշել ու հանգամանքների բերումով մի անգամ վիտամին C էի գցել նրա ծրարի մեջ։ Կազմակերպիչն էլ, դե, բավականին խելոք գտնվեց։ Դեղի վրա գրած ռուսերեն բառերից հասկացել էր, որ գաղտնի ընկերը կամ Հայաստանից է, կամ Բելառուսից։ Վերջում շատ ուրախացավ, որ պարզեց՝ ճիշտ էր։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Իսկ ամենա-ամենավերջում արդեն «փարթիի» ժամանակն էր։ Ներսում ուրախանալուց հետո աստիճանաբար տեղափոխվեցինք ծովափ, որտեղից էլ հիմա գրում եմ։ Ծիր Կաթինը սպիտակ գծով ձգվում է գլխիս վերևում։ Իսկ ես սառած ձգվում եմ քարերի վրա։

Վաղն առավոտյան վերադառնում ենք:

Moving ideas forward, Մոնտենեգրո. օր 2-րդ

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Առավոտը բարի չէր սուրճ սիրողների համար․ սուրճ չկար սեղանին։ Տխուր տրամադրությունը ցրելու համար գնացինք հյուրանոցի բակ՝ խաղեր խաղալու։ Մինչև օրվա կես փորձում էինք մեկս մյուսի անունները սովորել։ Փորձը ցույց տվեց, որ Սուրենի անունը ամենադժվար հիշվողն էր։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Խաղ էինք խաղում, երբ բաժանվում ենք երկու թիմերի, երկու հոգի ծածկոցը բռնած պահում են օդում, ու ամեն թիմից մեկական մասնակից կանգնում է ծածկոցի մի կողմում։ Երեք հաշվին ծածկոցը ցած են գցում, և խաղացողները դեմ-դիմաց են հայտնվում։ Ով առաջինը ճիշտ ասի դիմացինի անունը, նա էլ հաղթողն է լինում, իսկ պարտված մասնակիցը միանում է հաղթողների թիմին։ Այսպիսով՝ խաղի վերջում լինելու է միայն մի թիմ, քանի որ բոլոր մասնակիցները կանցնեն հաղթող թիմի կողմը։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Մեր թիմը հաղթեց հիմնականում Սուրոյի շնորհիվ։ Առաջին չորս անգամը, որ իրեն ուղարկում էինք, հակառակորդ թիմի մասնակիցները ուղղակի նայում էին նրա դեմքին, «error 404» էր գրվում ճակատներին, հետո հանձնվում էին։ էլ Սուլթան, էլ Սուրան, ինչ ասես չլսեցինք։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Կարճ ընդմիջումից հետո, երբ ոմանց վերջապես սուրճ տվեցին, վերադարձանք բուն ծրագրին։ Բաժանվեցինք աշխատանքային խմբերի, որոնցում պիտի աշխատենք շաբաթվա ընթացքում։ Ընտրությունը հետևյալ խմբերի մեջ էր՝ վիդեոյի, գումարի և հովանավորների որոնման, հաղորդակցման ռազմավարության, կամավորների ներգրավման և մոտիվացման, ծրագրերի առաջարկների պատրաստման, նորեկներին գիտելիքի փոխանցման և ներքին հաղորդակցության խմբեր։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Աշխատեցինք տարբեր խմբերում լինենք, որ հնարավորինս շատ բան սովորենք։ Հաջորդ քայլը ծով գնալն էր։ Վերջապես ես էլ հասա ջրին։ Լավ էր, ինչ խոսք։ Էս անգամ կես ժամ էլ ավել էին հատկացրել մեր ընդմիջմանը։ Երևի զգացել էին, որ ծովի կարոտ ենք։ Օրվա երկրորդ կեսին փորձում էինք հասկանալ, թե ինչ հատկանիշներ պարտադիր պիտի ունենա առաջնորդը՝ իրական առաջնորդ լինելու համար։ Բաժանվել էինք վեց խմբերի, որոնք հետո միանալով դարձան երեք, իսկ վերջում բոլորս միասին ներկայացանք մեկ ընդհանուր «բանալի» գաղափարով։ Ընթացքում ես էլ հասցրի թիմի անունից ներկայանալ, չնայած դեմ էի դրան։ Երեկոյան ունեցանք, այսպես կոչված, cultural café-ն, որի ընթացքում ամեն երկիր ներկայացրեց իր ազգային ուտելիքները, խմիչքները, հետաքրքիր բառեր իրենց լեզվով և այլն։ Ամենահետաքրքիրը երևի Սլովակիայի կազմակերպած թեստն էր։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Հարցերի էինք պատասխանում, որից հետո ամենաշատը ճիշտ պատասխանած թիմը շահելու էր սլովակական խմիչք։ Հաղթեց Գերմանիայի թիմը, որի անդամներից և ոչ մեկը գերմանացի չէ։ Օրվա վերջում ազատ ժամանակ ունեինք։ Ով ինչ պարեր գիտեր, հերթով սովորեցնում էր մնացածին։ Պարեցինք իսպանական, իտալական և, իհարկե, հայկական։ «Ծաղկաձոր»-ը մի քիչ դժվարացան սովորել, բայց մի քանի հոգի գլուխ հանեցին, հայի պես պարում են արդեն։ Սպասենք վաղվան։ Խոստացել են լավ եղանակ և ուրախ ճանապարհորդություն։ Առավոտը բարի կլինի մեզ համար։

Հայաստանը և ֆրանկոֆոնիան։ Օդանավակայան

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Պատմեմ՝ իմանաք, որ կամավորի առօրյան «շաքար» չի, թթու թան չի, ամեն մարդու բան չի։ Ու իրոք, եթե ձերը չի էդ կամավորությունը, հեռու մնացեք, էլի, մի տանջեք ձեզ հետ աշխատող մարդկանց։ Բայց գնանք սկզբից։ Կարող է երկար խոսեմ։

Անցած տարի էր, գարուն էր ոնց որ, երբ տեսա ֆրանկոֆոնիայի կամավորության հայտը։ Բան էր, տեսա, գրանցվեցի։ Մոտ մի տարի անցավ, նոր զանգ ստացա, թե բա` ձեզ ընդունել ենք մեր շարքերը, մնում է մենակ թիմերի բաժանենք։ Ես մի քանի բան էի նշել՝ Զվարթնոց, Համալիր, հյուրանոցներ։ Ինձ տարան Զվարթնոց։ Սկզբից հենց ասեմ, որ շատ գոհ եմ իմ ընտրությունից, բայց եթե էլի ընտրելու լինեի, ուղեկցող կլինեի։ Օդանավակայան հասցնում են իրենք, հետ բերում են նույնպես իրենք, տեղում կերակրում են 1-2 անգամ։ Իմ գործը info desk-ում է, բողոքելու տեղ հեչ չունեմ։ Նստած եմ ամբողջ օրը, ջրի ու ուտելիքի պաշարները 4 մետրի վրա են ինձնից, զուգարանը մոտ, համակարգչից կարող եմ հեռախոսս միացնել, որ լիցքավորվի։ Մի խոսքով՝ կոդ DP 730, կամավորների համար ժամանակավոր տրվում է 10 քառակուսի մետր տարածք, գինը՝ պայմանագրային։

Իմ գործը էն է, որ ժամանած հյուրերի անունները գտնում եմ ցուցակում, + եմ դնում անվան դիմաց, եթե հյուրանոցի անունը գրված չի, ճշտում եմ, կամավորներից մեկին տեղեկացնում եմ, որ վարորդին ասի, թե ուր տանի տվյալ մարդուն։ Եթե անունը չկա ցուցակում, ուղղակի ավելացնում եմ։ Իմ ժամանակի 80%-ը ծախսում եմ excel-ի ցուցակները տեսքի բերելու վրա. համակարգում եմ տվյալները, ֆիլտրեր դնում, որ հետո հեշտ գտնեմ, ինչը պետք է, հա, մեկ էլ ցուցակը գունավորում եմ իմ ճաշակով։ 10%-ը ծախսում եմ Three Peaks խաղը խաղալով, երբ չեն նայում ինձ։ Չնայած մեզ ասել են, ցիտում եմ, ֆեյսբուք չենք մտնում, կինո չենք նայում, մենակ մեյլերին ենք ուշադիր լինում։ Մեյլերին նոր ցուցակներ են գալիս, թարմացած ավելի, ուշադիր պիտի լինենք, որ դրանց վրա աշխատենք, հենց գան։ Ժամանակիցս 4% երևի գնում է ուտելու վրա։ Ու ամենակարևորը, 5% գնում է սեղանիս վրայից ուրիշների խմած հյութերի ու ջրերի շշերը թափելու վրա։ Հա, էլի, էնպես տեղ դրեք, որ հեշտ գտնեք, բայց որ էդ անտեր շշերը սեղանիս եք դնում, գոնե զգուշացրեք, ոչ թե մեջքիս հետևը դրեք ու թռեք։

Կամ լավ, որ դնում եք, գոնե հետո հետ եկեք, տարեք էդ զիբիլը, ոչ թե ամեն կումի համար նոր շիշ բացեք։

Ես որ գործ եմ անում, չգիտեմ՝ ոնց դուք, սիրում եմ, որ աշխատանքային տարածքս մաքուր լինի։ Ասենք՝ եթե կողքս ճմռթած թղթերի ամպ լինի, աթոռիս տակ ծամոն կպցրած լինի մեկը, ու հանկարծ աթոռս քաշելուց կպնեմ դրան, սիրտս կխառնի, կփախնեմ էդտեղից։ Բայց փախնելուց հաստատ մեկի կիսատ թողած ջրի շշին կխփեմ ոտքս, կընկնեմ, կսատկեմ։ Կասեն՝ կարման էր, որ վատ բաներ էր ասում մնացածի մասին։ Չէ, կարման չէր, ձեր թողած աղբն էր։

Գործը հավեսով են անում, սիրելով, ոչ թե իրար ականջի սրա-նրա մասին արհամարհական փսփսալով։ Սիրուն չի, մեծացեք արդեն։

Բայց ամեն դեքում շատ լավ են անցնում օրերս, հաստատ փոշմանելու չի։ Օրինակ՝ էն օրը գործիցս թռել էի ու գնացել էի VIP մասը Զվարթնոցի։ Տենց տեսնելու բան էլ չկա, ուղղակի բոլորը էնպես լուրջ դեմքերով են, էնպես թանկ կոստյումներով, որ զգաստանում ես մի տեսակ, ուզում ես կամավորի հագիդ մայկան ճղես, տակից սուպերմենի շորի պես սիրուն բան դուրս գա, որ տեսքով լինես իրենց մոտ, էլի։

Գանայի հյուպատոսն էր եկել, որ դիմավորի իր ազգակիցներին, ես էլ որպես ֆրանսերեն իմացող գնացել էի հետը, որ խոսեմ։ Դու մի ասա, Գանայի պաշտոնական միակ լեզուն անգլերենն էր, ու իրականում ես կարող էի չգնալ, բայց դե տենց ստացվեց։ Հետը էնքան երկար խոսեցի, որ հասցրեց նախորդ նախագահի թաղման վիդեոն ցույց տալ յութուբով, լուրերից մի հատված, հետո հրավիրեց ինձ Գանա, իրենց պատմության մասին պատմեց, օգտակար հանածոներից խոսեց, վերջում էլ իր այցեքարտը տվեց, որ հաստատ գտնեմ իրեն։

Դրա հաջորդ օրը Ծիմածին՝ հյուպատոսը, եկել էր ուրիշներին դիմավորելու։ Իր հետ մի կին էլ կար, որ իրենց ազգային տարազն էր հագել։ Էդ ի՜նչ սիրուն էր։ Էս անգամ Մերիին ուղարկեցի էդ կնոջ հետ VIP, ուր Մերիին խոստացան էդ տարազից ուղարկել։ Մեզ գովում էին, որ լավ ենք պահում երկրի պատիվը։ Ինքնաթիռից իջնում են ու մեր ուրախ դեմքերն են տեսնում, երկրի մասին լավ կարծիք է կազմվում ընդհանուր առմամբ։ Բոլոր մասնակից երկրները իմանալու են ու միջազգային մակարդակով պատմեն, թե ինչ լավն ենք մենք։ Так что, եթե տուրիզմը խթանող էլ կա, էդ մենք ենք։ Խնդրեմ, սիրելի՛ տնտեսություն։

Բացի Գանայից՝ շատ ենք շփվել Սենեգալի հետ, Ռուանդայի։ Հիմնականում աֆրիկական երկրների հետ էինք շփվում, երևի որովհետև հենց իրենք էին գալիս ցերեկվա ժամերին, երբ մենք էինք նստած ինֆոդեսքում։ Մի օր էնքան աշխատեցինք, որ կպել էինք էդ աթոռներին արդեն։ Ու ոնց ասել էր Սենեգալից մեկը.

-Ո՞նց է ստացվում, որ ես երբ գալիս, եմ, դու միշտ էստեղ ես։

Էսօր վերջին աշխատանքային օրս էր։ Հոգնած եմ շատ, բայց հաստատ արժեր։ Կամավոր էլ կարելի է հավեսով լինել։