Քրիստինե Սաքանյանի բոլոր հրապարակումները

Երբ կարոտում ես…

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի

Լոռու մարզ, գյուղ Բազում… Իմ գյուղը, իմ մանկության տունը, կարոտել եմ: Բայց…
Կան շատ բայցեր: Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է թողնես այն, ինչ ունեցել ես, և գնալ այն ամենի հետևից, ինչ ցանկանում ես ունենալ: Երեք ամիս առաջ ես նույն իրավիճակում էի: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հեռացա իմ ծննդավայրից: Չէ, չմտածեք, որ ես դժգոհում եմ: Այստեղ ամեն ինչ շատ լավ է՝ նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր շրջապատ, նոր ուսումնական հասատություն… Ամեն ինչ հոյակապ է, սպասվածից շատ ավելի լավ: Բայց ինչքան էլ ամեն ինչ լավ լինի, միևնույն է, կարոտում եմ այն ամենը, ինչը կապված է իմ ծննդավայրի հետ: Կարոտել եմ պարզ ու բարի մարդկանց՝ իմ ընկերներին, հարազատներին: Կարոտել եմ իմ գյուղը` Բազումը, հարազատ դարձած լուսավոր և ոչ լուսավոր փողոցները, մեր տան պատուհանից երևացող մատուռը և սաղարթախիտ անտառները: Նույնիսկ կարոտել եմ այն ամենը, ինչ ինձ անհանգստություն էր պատճառում: Օրինակ՝ փոքրիկ տրանսպորտային միջոցը, որի մեջ հազիվ էինք տեղավորվում, իսկ հիմա այդ ամենը հիշելով ջերմություն եմ զգում:
Կարոտել եմ Լոռվա պարզ ու միամիտ բնակիչներին: Պահ է գալիս, որ ես ինքս ինձ նմանեցնում եմ Թումանյանի Գիքորին, հարցնելով` տեսնես, ի՞նչ է կատարվում իմ գյուղում, ինչպե՞ս են մարդիկ ապրում, ի՞նչ է փոխվել, ամեն ինչ լա՞վ է:
Կարծես թե ցանկանում եմ այս հարցերով փարատել կարոտս:
Իմ գյուղը այն գյուղերից մեկն է, որ պահպանել է հին ժամանակներից եկած ավանդույթները: Այնտեղ մարդիկ բարյացկամ են, հյուրասեր: Մենք գրեթե ճանաչում ենք բոլոր նրանց, ովքեր բնակվում են այնտեղ և, տեսնելով միմյանց, ջերմորեն բարևում ենք, և այդ է պատճառը, որ կարոտում եմ իմ ծննդավայրը: