Աննա Մելիքյանի բոլոր հրապարակումները

Դու թիկունքի զինվորն ես

Հոդվածը գրվել է սեպտեմբերի 29-ին

Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը կրակ է բացում Արցախի ուղղությամբ, և արդեն զենքն է ուղղում դեպի ՀՀ-ի բնակավայր Վարդենիսը։ Ադրբեջանական վայրագությունների դեմ առաջնագծում պայքարում են հայոց բանակը և հայ կամավորները, իսկ արդյո՞ք մենք այստեղ կռվում ենք։ Այո՛, կռվում ենք։ Թիկունքի հիմնական ճակատը սոցիալական հարթակն է, որտեղ հակառակորդը իրեն բնորոշ ագրեսիվ կերպով գրոհում է, իսկ հայերն իրենց բնորոշ կերպով պայքարում են ու չեն հանձնվում։ Այս վճռական պահին շատ կարևոր են բոլորիս մտածված և ճիշտ գործողությունները, առաջին հերթին՝ սառնասրտությունը և ապատեղեկատվությունից ձերբազատումը։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր գործի կարևորությունը, որը կարող է դրսևորվել տարբեր գործողություններով։ Սննդի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքագրում, արյան հանձնում, մեդիագրագիտություն և պաշտոնական տեղեկատվության ընթերցում, ահա այն ցուցակը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Գիտակցաբար և անգիտակից թշնամուն օգնելը պարզապես արգելվում է, հետևաբար մի տարածեք ռազմական տեխնիկայի տեղաշարժման մասին լուսանկարներ և տեսագրություններ, մի տարածեք կամավորների տեղաշարժման մասին ինֆորմացիա, ինչպես նաև զինվորների անձնական տվյալները՝ այդ թվում զոհվածների, քանի որ թշնամին այն շատ դեպքերում պղծում է։

Ժպտա՛, քո ժպիտը ուժ և կորով է զինվորին։

Աստղերն իջել են Վանաձոր

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Ինչպես ժամանակին Թոմաս Էդիսոնն էր «լուսավորել» աշխարհը, այնպես էլ այսօր Canyon park-ը` Վանաձորը: Հայքի հրապարակը շատ մարդաշատ էր, ծանոթ-անծանոթ հավաքվել էին, զբոսնում էին, զրուցում, լսում բարձր ու հաճելի երաժշտություն: Շատերի ձեռքին կարելի էր նկատել թռչող լապտերներ, և դեռ առաջին իսկ րոպեից նրանք պատրաստ սպասում էին, թե երբ պետք է լուսավորեն քաղաքը «իրենց ձեռքով»: Եվ ահա սկսվեց:

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Լուսանկարը` Աննա Մելքոնյանի

Հրապարակի տարբեր մասերում կարելի էր տեսնել մարդկանց խմբեր, ովքեր փորձում էին լապտերները վեր բարձրացնել: Մի մասին հաջողվեց, մյուս մասինն էլ այրվեց: Բայց կարևորն այն էր, որ դրանից մարդկանց բարձր տրամադրությունը չընկավ, բոլորը ուրախ էին և ժպիտով: Հետաքրքիր էր, որ կային մարդիկ, ովքեր ջրով կանգնել էին լապտերների կողքին, որպեսզի վառվելու դեպքում միանգամից հանգցնեն: Վանաձորում կյանքը իսկապես որ հետաքրքիր է անցնում:

Վանաձորի կերպարվեստի թանգարանը

Արդեն ամառ է, և իմ քաղաքը՝ Վանաձորը, շուտով կլցվի հովեկներով: Վանաձորում հրաշալի է անցնում ամառը, և ոչ միայն զով կլիմայի, բնության, երիտասարդական հավաքատեղիների շնորհիվ: Վանաձորն ունի նաև կերպարվեստի թանգարան: Թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին: Ունի շուրջ 1800 թանգարանային նմուշ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:

Իսկապես որ, հրաշք վայր է,երբ չորս կողմդ գույներ են: Թանգարանում առկա են տարբեր նկարիչների աշխատանքներ, բայց ինձ առավել գրավում են Լևոն Կոջոյանի, Արմինե Կալենցի և Հովհաննես Զարդարյանի նկարները: Դրանք այնքան ինքնատիպ են, մեկը մյուսից տարբերվող: Թվում է, թե մեզ հայտնի են բոլոր գույները, սակայն տեսնելով կտավներում առկա գույները, հասկանում ենք, որ մենք գույներից ոչինչ էլ չենք հասկանում: Ամենից յուրահատուկը նկարներում տիրող տրամադրություններն են, երբ առաջին նկարում ամեն բան տխուր է, իսկ հաջորդում էլ՝ ամեն բան ուրախ: Կերպարվեստի թանգարանում իր յուրահատուկ տեղն ունեն նաև վանաձորցի արվեստագետները: Եթե ուզում ես հասկանալ, թե ինչու են Վանաձորն անվանում արվեստների քաղաք, ուրեմն անպայման այցելիր թանգարան և ամեն ինչ կհասկանաս: Ամառն սկսել է: Սպասում ենք:

Հունիսի 1-ը Վանաձորում

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Վանաձորյան առավոտն սկսվեց  տոնական տրամադրությամբ՝ փոքրիկների  մի ձեռքին  փուչիկներ էին, իսկ մյուսին՝  քաղցր բամբակ: Առաջին միջոցառումը Վանաձորի կերպարվեստի թանգարանի դիմաց էր, որտեղ պարային համարներով հանդես եկան տարբեր պարային խմբեր:  Այնուհետև տոնը շարունակվեց Շառլ Ազնավուրի անվան  մշակույթի պալատում, որտեղ տոնական համերգ էր, ինչպես նաև Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական  թատրոնում: Այստեղ այցելած  փոքրիկները դիտեցին «Մոխրոտը» հեքիաթ-ներկայացումը:

Դե ինչ, մեծահասակներն արեցին ամեն ինչ, մեր օրը իսկական տոն դարձնելու համար, և դա նրանց հաջողվեց:

Հավաքիր քո հետևից

Վանաձորը  միշտ էլ աչքի է ընկել իր  յուրահատուկ մոտիվներով ու գաղափարներով: Այս անգամ էլ  վանաձորցի  հինգ երիտասարդներ հավաքվել և գունազարդել են մեր  քաղաքի աղբարկղերը:

«Հավաքիր քո հետևից» ծրագրի  շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի  կողմից պարգևատրվել են 40 հազար  դրամով: Նրանք հիմնականում գունազարդում են այն աղբարկղերը, որոնք գտնվում են մարդաշատ վայրերում: Ծրագրի իրականացման մեջ  մեծ ներդրում ունեն կամավորները: Կազմակերպիչները ցանկանում են գունազարդել քաղաքի շատ աղբարկղեր, բայց ժամանակի սուղ լինելու պատճառով  առաջիկայում պլանավորում են  նկարազարդել կենտրոնական վայրերում գտնվողները: Նկարներին զուգահեռ կարելի է նաև նկատել գրառումներ, որոնք մարդկանց էլ ավելի են գրավում:

Ծրագրի  անդամները արել են իրենց առաջին քայլը, իսկ մենք կարող ենք  նրանց օգնել  երկու բանով. կա՛մ  դառնալ կամավոր, կա՛մ էլ պահպանել այն, ինչ արդեն իսկ ունենք:

Եվրոպայի օրը Վանաձորում

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Վանաձորում նշվեց Եվրոպայի օրը: Առավոտից Հայքի հրապարակում խառնաշփոթ էր տիրում: Մարդիկ միջոցառման հենց առաջին րոպեներից աջ ու ձախ էին վազվզում, որպեսզի հասցնեն մասնակցել անցկացվող մրցույթներին: Սկզբում եղավ վիկտորինա, այնուհետև հարց ու պատասխան, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ նվերներ ստացան: Յուրաքանչյուր մրցույթին հաջորդում էին երաժշտական դադարները: Ինչպես նաև բաժանվեցին նվերներ ՝ գրիչներ, կպչուն պիտակներ և այլն:

Օրը ամփոփեցինք մի ավելի հետաքրքիր մրցույթով, ամեն մեկի մոտ կար թուղթ, որի վրա գրված էր թիվ, և հաղորդավարը վիճակահանության սկզբունքով ընտրում էր հաղթողներին: Գլխավոր մրցանակները տրվեցին հինգ հոգու՝ ականջակալներ, իսկ մնացածներին՝ շապիկներ և բաժակներ:

Ու թեև եղանակային վատ պայմաններին, մարդիկ ուրախանում և պարում էին: Իսկ ամենահետաքրքիրը այն էր, որ հաղթողների շարքում էին նաև մեծահասակները, ովքեր իրենց լավ տրամադրությամբ վարակում էին մի անի ամաչկոտ երիտասարդների:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեր սերունդը

Շատերի կարծիքով մենք մի սերունդ ենք, որին բացի համացանցից ու սելֆիի ձողից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Բայց չէ՞ որ հենց նույն սերունդն է, որ օր ու գիշեր պահպանում է մեր երկրի սահմանները և մեզ հանգիստ քուն է պարգևում: Հենց այդ նույն սերունդն է, որ կարողացավ ամբողջ աշխարհի կողմից հիացմունքի արժանանալ՝ իրականացնելով թավշյա հեղափոխություն: Մեծահասակները միշտ փնովել ու նախատել են մեզ, բայց այժմ նրանց հայացքները այլ բան են ասում։ Նրանք մեզ նայում են այնպիսի ժպիտներով ու թախծոտ աչքերով, որ պարզ է դառնում՝ մենք արել ենք այն, ինչը իրենք ժամանակին չեն արել, վախեցել են, թերագնահատել իրենց ուժերը: Անբացատրելի զգացում է, երբ մեծահասակները, հատկապես՝ ծերերը, տեսնելով երիտասարդներին երթի ժամանակ՝ մոտենում ու հպարտ հայացքով ասում են.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք:

Եվ միայն պատկերացրեք, թե ինչպիսի սերունդներ են մեզ հաջորդելու, ինչպիսի երկիր են նրանք ստեղծելու։ Ու հեռու չէ այն օրը, երբ մենք, նայելով ապագա սերնդի աչքերին, կասենք նրանց.

-Ապրեք, երեխեք ջան, ապրեք:

Բերքի տոնը Վանաձորում

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Ամեն տարի Լոռու մարզում նշվում է բերքի տոնը: Այս տարի այն անցկացվեց Վանաձորում, որտեղ հավաքվել էին Լոռու մարզի տարբեր գյուղերի բնակիչները:

Այդպիսի իրարանցում դեռ չէի տեսել: Գյուղացիները այնպիսի ոգևորությամբ էին պատրաստվում, որ անկախ ինձնից՝ ես էլ էի ուզում մասնակցել: Սեղաններին կարելի էր տեսնել զանազան ուտեստներ՝ միրգ, բանջարեղեն, թխվածք, հաց, պանիր՝ ձևավորված յուրահատուկ մոտիվներով:

Վանաձորի Հայքի հրապարակը մի տեսակ գյուղի էր վերածվել, նույնիսկ կովեր ու հորթեր կային: Բայց իսկական իրարանցումը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին օգտվել սեղանների ուտելիքներից: Մարդկանց մի ձեռքում փուչիկներ էին, մյուսում՝ ուտելիք: Ես էլ հետ չմնացի, անցնում էի սեղանների կողքով և հյուրասիրվում:

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Չնայած իրարանցմանը՝ ամեն ինչ գեղեցիկ էր ու հաճելի, և դրան նպաստում էին նաև երգն ու գեղեցիկ պարային համարները: Տոնին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Բերքի տոնն իսկապես յուրահատուկ է, այնքան շատ մարդիկ ու գույներ կան, այնպիսի թարմություն, որ այլևս ոչնչի մասին չես մտածում: Առաջին անգամ էի մասնակցում Բերքի տոնին և այնպիսի հաճույք ստացա, որ մյուս անգամ անպայման նորից մասնակցելու եմ: