Մարիամ Նալբանդյանի բոլոր հրապարակումները

Արվեստի հավերժ շղթան

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հանդիպում «Միհր» պարային թատրոնի հետ. Ցոլակ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան և Շողակաթ Մլքե-Գալստյան

-Կպատմե՞ք «Միհր» թատրոնի մասին:

Ցոլակ Մլքե-Գալստյան – Մեր թատրոնը կոչվում է «Միհր», հիմնադրվել է 2003 թվականին: Մենք չենք փորձում նման լինել եվրոպական պարային թատրոններին: Եվրոպական պարային թատրոնները շատ բարձր որակի են, բայց մի թուլություն ունեն` էմոցիոնալ չեն: Մենք փորձում ենք լինել ոչ թե շարունակողը եվրոպական պարային մտածողության, այլ հայկական պարային մտածողությունը բերենք այդ հարթության վրա: Այսինքն, էմոցիոնալ շարժումային գործողությունները լինեն մեր մենթալիտետին մոտ, բայց եվրոպական որակի:

Քանի որ ժամանակին մենք և պարսիկները եղել ենք հեթանոս, ունեցել ենք նույն աստվածությունը` Միհր: Որոշեցինք թատրոնի անունը դնել Միհր, որովհետև ուզում էինք և մեր ազգի, և ակունքի հետ կապված անուն լինի: Միհրը և հայերեն, և պարսկերեն բառ է: Նաև բացի ռուսերենից, մյուս բոլոր լեզուներով գեղեցիկ է հնչում: Դա շատ կարևոր է, որովհետև մեր թատրոնը հենց միջազգային կառույց է: Հայաստանում տարվա մեջ ունենում ենք երեք-չորս ելույթ, իսկ արտասահմանում` քսան-երեսուն: Միհր նշանակում է Արև, Արեգակ: Մենք ունենք ներկայացում «Ակունք», որտեղ պատմվում է աստվածներին վերաբերող լեգենդների մասին:

Արդեն նշեցի, որ մեր թատրոնը պարային թատրոն է: Ի՞նչ է պարային թատրոնը: Այդ ժանրը պետք է մի քանի ձևով բացատրել: Գոյություն ունի երեք մեծ շարժում թատերական ուղղություն` բալետը, մնջախաղը և պարային թատրոնը, որը տերմին է անգլերենով` contemporary dance, նշանակում է ժամանակակից պար: Անցյալ դարի 60-ականներին մի շարք մեծ անուններ, ինչպիսիք են` Պինա Բաուշը, Ժոզեֆ Նադջը (Josef Nadj), դուրս եկան բալետից, նրանք ուզում էին շարժվել ավելի ազատ, անսահմանափակ: Դրա համար ժամանակակից պարի մեջ մի քանի կարևոր բան կա` առաջինը, որ պարողները չունեն պուանտներ, բալետային մասիկներ, որպեսզի պարողը զգա գետինը, պարելիս հպվի: Ժամանակակից պարում կոնկրետ շարժումներ, ինչպես ասենք բալետում, մնջախաղում, չկան: Յուրաքանչյուր բեմադրիչ յուրովի է ներկայացնում, դրանով էլ այս ուղղությունը այժմ շատ արդիական է: Ժամանակակից պարը ներկայացում է, որը ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ: Պարային թատրոնում յուրաքանչյուր շարժում ունի հստակ նշանակություն, գաղափար, և դա ավարտվում է հանդիսատեսի հստակ գիտակցմամբ, թե ինչ էր կատարվում: Պարն այստեղ չի վերաբերվում ուղղակի շարժումերին, դա շարժումային, թատերական մտածողություն է: Օրինակ` Պետրոս Ղազանչյանը մեր թատրոնի մենակատարն է, նա պարող չէ, պարող-դերասան է, ոչ թե ուղղակի գեղեցիկ շարժվում է, այլ կոնկրետ բան է մեզ պատմում բեմից:

-Ինչպե՞ս առաջացավ թատրոն ստեղծելու գաղափարը:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Ես և քույրս` Շողակաթը, ուզում էինք ստեղծել երիտասարդների հավաքվելու և ստեղծագործելու տեղ, որտեղ երիտասարդները ոչ թե սովորում են իրարից, այլ միասին ստեղծագործում են: Հետո, երբ հավաքվեցինք տասը հոգով, զգացինք, որ միշտ ինչ-որ թատերական ուղղությամբ ենք մտածում, և այդ գաղափարն արդեն վերածվեց թատրոն ստեղծելու  մտքի: Եվ 2003 թվականի կեսերից մենք արդեն կոչվեցինք ոչ թե «Միհր», այլ «Միհր» թատրոն: Ես թատրոնի մարդ եմ, թատրոնը աշխարհի ամենագեղեցիկ արվեստներից է, և հաճելի է դրանով զբաղվել: Երբ զգում ես, որ հանդիսատեսը քո ներկայացումից ինչ-որ բան վերցրեց, դրանից ավելի հաճելի բան չկա: Օրինակ` մենք հիմա վերադառնում ենք Ղարաբաղից, ուր տարել էինք «Հայկական հեքիաթներ» նախագիծը, խաղում էինք գյուղերում` երեխաների համար: Եթե այդ երեխաներից մեկը, կամ երկուսը դրանից ինչ-որ բան վերցնի, կամ հետագայում ինքը կազմակերպի, դա կլինի ամենահաճելի բանը: Դու ստեղծում ես ինչ-որ բան, որ ոգեշնչես ուրիշին, նա էլ ստեղծի, և այսպես առաջանում է արվեստի հավերժ շղթան:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

-Ինչո՞վ է Ձեր թատրոնը տարբերվում այլ թատրոններից:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Առաջին տարբերությունը` մենք ժանրային առումով միակն ենք տարածաշրջանում: Պարային թատրոն Կովկասում մեզնից բացի չկա: Հայաստանում կա Մնջախաղի պետական թատրոն, Բալետի և օպերայի թատրոն, փոքր խմբեր, որոնք զբաղվում են ժամանակակից պարերով, բայց մեզ նմանը տարածաշրջանում չկա: Իրանում կան, բայց քանի որ Իրանը բարդ երկիր է, (աղջկան չի կարելի բեմում դիպչել, ամբողջովին փակ պիտի լինի), մրցունակ չեն այնտեղի թատրոնները: Թուրքիայում ու Ռուսաստանում շատ կան ուժեղ պարային թատրոններ, բայց այս տարածաշրջանում մենք միակն ենք:

Մենք չենք աշխատում գումար աշխատելու կամ հայտնի լինելու համար, մենք զբաղվում ենք արվեստով: Մենք ամեն օր ունենք փորձ, բացի կիրակի օրերից, և դա համոզելու, զարմացնելու համար չէ, ուղղակի եթե ամեն օր փորձ չունենանք, մենք չենք ունենա լավ պարողներ, կամ դերասաններ:

-Ձեր ներկայացումների գաղափարները ձե՞րն են, թե՞ ձեզ համար պիեսներ են գրում: 

Ցոլակ Մլքե-Գալստյան -Սովորաբար ինչ-որ գաղափար է ծնվում, որից հետո ունենում ենք ներքին քննարկում: Մենք ունենք ընդամենը մեկ աշխատանք, որը գրական հիմքի վրա է, դա «Սանասար և Բաղդասարն» է: Մնացած բոլոր աշխատանքները դրանք պիեսներ են, որոնք գրված են իմ կողմից, բայց այստեղ շատ կարևոր է մեր իմ թիմի մասնակցությունը: Մեր պիեսները մի քիչ այլ են. դրանք պիեսներ չեն, որտեղ կան երկխոսություններ, այլ պիեսներ են, որտեղ կան գործողություններ: Հետևաբար այդ գործողությունների շղթան ես միշտ քննարկում եմ:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

-Մի ներկայացման պատրաստման համար ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:

Պետրոս Ղազանչյան -Նայած ինչ ներկայացում: Օրինակ` մեր վերջին ներկայացման` «Մենության ձայնի» վրա աշխատել ենք երկու տարի: Եվ դա լրիվ ուրիշ ուղղություն է, ուրիշ ոճ է:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Մենք համարյա ամեն տարի պրեմիերա ունենք: Բայց այնպիսի բարդ ներկայացումները, ինչպես օրինակ «Մենության ձայնը», շատ ավելի երկար աշխատանք են պահանջում: Մենք ստեղծել ենք երկու նոր երաժշտական գործիք, որի վրա նվագում ես շարժվելով (պարային գործիքներ): Այդպիսի բան աշխարհում չկա: Դու շարժում ես անում, գործիքը ձայն է արձակում. մեկը հարվածային է, մյուսը` ձայնային: Մոտավորապես մեկ տարի մենք պատրաստում էինք այդ գործիքները, որոնք և դեկորացիա են, և երաժշտական գործիք: Հետո ևս մեկ տարի արդեն բեմադրական փուլն էր: Բայց մեր մեկ այլ ներկայացման` «Զինվորների» պատրաստման համար պահանջվեց մեկ ամիս: Մենք ունենք ներկայացումներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծում ենք թրեյլերներ (trailer): Թրեյլերները նման չեն ներկայացմանը. վերցված են մի քանի հատվածներ, ուրիշ է երաժշտությունը: Դրանք պարզապես փոքրիկ գործեր են, որոնք մենք ուղարկում ենք միջազգային փառատոների: «Զինվորները» և «Մտքերի երկխոսությունը» աշխատանքների թրեյլերները հիմա մասնակցում են ժամանակակից պարային թատրոնների կինոփառատոնին:

Ներկայացման պատրաստման ժամանակը կախված է մարդկանց քանակից, դեկորացիայից, հագուստից, ընդհանուր բեմական ձևավորումներից: Մեր ամենաերկար աշխատանքը «Մենության ձայնն» է, իսկ ամենակարճը` «Զինվորները»: Ինչպես նաև ունենք մահվան մասին մոնոներկայացումների շարք, որոնք նույնպես կարճ են: Բայց ամենաքիչը մեկ ամիս է անհրաժեշտ ներկայացման համար:

-Մինչ օրս ի՞նչ հաջողությունների եք հասել:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Սկսենք այնտեղից, որ 2003-ին մենք ստեղծվեցինք,  2006-ին մտանք միջազգային շուկա և սկսեցինք մասնակցել միջազգային թատերական պրոցեսներին: 2006-ին Պրահայում ես ստացա Եվրոպայի լավագույն երիտասարդ խորեոգրոֆ, այսինքն` պարային բեմադրիչ: Մինչ օրս մենք շատ ունենք մրցանակներ, 2008-ին Մոսկվայում ստացել ենք արվեստում նոր ձևեր գտնելու մրցանակ, Բելգիայում, Մինսկում` փառատոնի լավագույն ներկայացում: Ես և իմ թատրոնը Քեմբրիջ քաղաքի պատվավոր հյուրեր էինք: Մինչ օրս մենք  մասնակցում ենք միջազգային հեղինակավոր փառատոների, ստանում ենք մրցանակներ, բայց դա կարևոր չի, կարևորը ներկայացումների որակն է, որը միշտ պետք է բարձրացնել: Ես մեր որակից դեռևս գոհ չեմ: Մի կարևոր փաստ նշեմ` մենք չունենք հայկական մրցանակ, բայց ես դրանից չեմ նեղվում, որովհետև մեծագույն ռեժիսորներից մեկը` Ֆեդերիկո Ֆելինին, չունի ոչ մի իտալական մրցանակ:

-Թատերագետները ինչպե՞ս են վերաբերվում Ձեր ներկայացումներին:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Մենք ունենք թատերագետների երկու սերունդ` հին սերունդը, որը մեծացել է սովետական արժեքային համակարգով և ընդհանրապես չի հասկանում` մենք ինչ ենք անում, և նոր սերունդը, որը մեծանում է այդ սովետական արժեհամակարգ ունեցող թատերագետների կրթությամբ: Մենք ապրում ենք մի երկրում, որը ունեցել է շատ բարդ շրջան, երբ մեդալ էին տալիս նրանց, ովքեր նկարում էին Լենին, խաղում էին Լենին: Եվ նման մարդիկ այժմ մեր կառավարությունն են, մեր թատերագետներն են, ռեժիսորները: Եվ հիմա մենք ապրում ենք իրականության մեջ, որտեղ դեռ կա այդ սովետական արձագանքը:

-Ինչպե՞ս եք Հայաստանից դուրս դարձել հայտնի:

Շողակաթ Մլքե-Գալստյան -Սկսում ես նրանից, որ մասնակցում ես Հայաստանում տեղի ունեցող միջազգային փառատոներին: Այդպես մենք մասնակցեցինք թատերական փառատոնի, որտեղ մեզ նկատեցին ու հրավիրեցին: Միանգամից հայտնի դառնալ հնարավոր չէ, անդադար աշխատում ես, թղթեր ես լրացնում: Այդ ամենը շատ բարդ աշխատանք է: Եթե առաջ դու արտիստ էիր, և դա քեզ բավական էր, ապա հիմա պետք է իմանաս անգլերեն, լավ շփվես մարդկանց հետ, իմանաս համաշխարհային պատմություն: Դրսում մարդիկ միանգամից ուզում են իմանալ, թե դու ով ես, գիտե՞ս արդյոք աշխարհում ինչ է կատարվում, ներկա գրականությունը ով է գրում, ներկա ռեժիսորներն ովքեր են: Միանգամից ուշադրություն են դարձնում, թե ով ես դու և ինչ ես ստեղծում, որովհետև հիմա դա շատ կարևոր է: Եթե դու վատ մարդ ես, ստոր ես, քո արվեստը ուրիշ է ստացվում: Կան նաև մարդիկ, ովքեր անընդհատ փոխում են իրենց գույնը, քամելեոնների նման: Մեր արվեստում շատ կարևոր է ունենալ հստակ գույն:

-Ներկայացումների ժամանակ պարային շարժումները դոգմատիկ են, թե՞ դուք եք մտածում և բեմադրում: 

Ցոլակ Մլքե-Գալստյան -Դոգմատիկ լինել չի կարող, հակառակ դեպքում դա արդեն մերը չի լինի: Բալետը ունի կլասիկ խորեոգրաֆիա, որը պետք է օգտագործել: Եթե չես օգտագործում, դա արդեն բալետ չի: Մենք չունենք կլասիկ խորեոգրաֆիա, մենք ստեղծում ենք մերը: Սկզբում ուղղակի մտածում ենք այդ շարժումների մասին, ես տալիս եմ էտյուդներ, յուրաքանչյուրը կատարում է իր ձևով: Հետո գրվում է պիեսը, երբեմն օգտվում եմ էտյուդներից, երբեմն` ոչ: Իրականում ամենակարևորն այն է, որ ոգեշնչվում ենք իրականությունից: Ամեն ինչ զրոյից է ստեղծում, ընդհանրապես դոգման լավ բան չէ: Մենք անընդհատ փորձում ենք անել այնպիսի բաներ, որ մենք էլ դեռ չենք արել, մեզ էլ է հետաքրքիր:

-Ձեր հիմնական թատերախումբը քանի՞ հոգուց է բաղկացած:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Երեք` ես, Շողակաթը և Պետրոսը: Երկրորդ կազմը բաղկացած է քսան հոգուց: Բայց երկրորդ կազմը ամեն օր փորձերին չի գալիս, գալիս է միայն նախագծերի ժամանակ:

-Ձեր թատրոնի դերասանները  ի՞նչ կարողություններ պետք է ունենան:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Պետք է կարողանան շարժման և դրամատիկ թատրոնի սինթեզը կատարել: Դա շատ բարդ է, որովհետև պետք է լինեն և շարժվող, և դրամատիկ, իսկ այդպես շատ քիչ է լինում, որովհետև շարժվող մարդիկ քիչ դրամատիկ են, և դրամատիկ մարդիկ քիչ շարժվող են:

Շողակաթ Մլքե-Գալստյան -Շատ հաճախ շարժվող մարդիկ դեմքի որևէ արտահայտություն չեն ունենում: Իսկ մեր մոտ ի սկզբանե դրված է, որ ամբողջ մարմնով պետք է արտահայտել էմոցիան: Դա շատ բարդ է, արվեստը մաշում է մեզ հոգեպես: Անընդհատ վախենում ես, որ կդառնաս «դիմակային» դերասան, այսինքն, միայն մի բան կկարողանաս խաղալ: Երբ քեզ մոտ ինչ-որ կերպար ստացվում է, ամենադժվարը այլ կերպար ստեղծելն է: Շատ դժվար է խաղալ հին դերերը, որովհետև դու արդեն այն չես, ինչ առաջ: Եվ երբ հանդիսատեսը քեզ մոտ է նստած, զգում ես նրա շունչը, սկսում ես վախենալ, որովհետև չի կարելի, որ հանդիսատեսը զգա, թե դու ինչ օր ես ունեցել այսօր: Մարդու շարժումները նրա մասին ամեն ինչ պատմում են, այդ պատճառով էլ շատ բարդ է կերպարի մեջ մտնել ամբողջությամբ:

Ժամանակակից պարի առաջին պայմանը ազատությունն է, ընդհանրապես արվեստում չկա «չի կարելի»:  Չկա մի բան, որ ուզում ես անել, բայց չի կարելի:

-Բեմադրելու ընթացքում առաջանո՞ւմ են անհամաձայնություններ դերասանների հետ: 

Շողակաթ Մլքե-Գալստյան -Միշտ առաջանում են: Հատկապես իմ և Ցոլակի միջև: Թվում է, թե մենք շատ համերաշխ պետք է լինենք, միասին ենք ստեղծել թատրոնը, և այլն, բայց չկա մի բան, որ մեզ մոտ ընդհանուր է:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Շողակաթը միշտ խմբագրում է իմ շարժումները: Լսում է ասածս, կրկնում է այնպես, ինչպես ես եմ ուզում, բայց երբ գալիս է բեմադրելու պահը, նկատում եմ, որ նոր շարժումներ է ավելացրել, որոշ դետալներ չի անում: Լավ ռեժիսորի և դերասանի միջև անհամաձայնությունը բնական պրոցես է, որը նաև գեղեցիկ է, բայց միայն այն դեպքում, եթե անհամաձայնությունը կերպարային է:

-Ձեր «Մտքերի երկխոսություն» ներկայացման մեջ օգտագործում եք տարբեր նյութեր` ջուր, ավազ, ալյուր: Բեմի վրա տեխնիկական ի՞նչ  դժվարություններ են առաջանում: 

Ցոլակ Մլքե-Գալստյան -Այդ ներկայացումները բացօթյա են: Հանդիսատեսը մեզնից գտնվում է ավելի մեծ հեռավորության վրա, քան բեմի դեպքում: Նյութերը կարող են լցվել դերասանների աչքերի մեջ, խանգարել, բայց այդ ամեն ինչը հաշվարկվում է փորձերի ժամանակ: Ամենադժվար փորձը բոլոր դեպքերում պրեմիերան է, որը ամենավատ ելույթն է: Միակ բանը, որը կանխատեսել և դրան պատրաստվել չես կարող` եղանակն է: Երբ այդ նյութերի վրա անձրև է գալիս, ամեն ինչ շատ է դժվարանում, անընդհատ լարվում ես: «Մտքերի երկխոսություն» ներկայացման մեջ այդ երեք նյութերը ներկայացնում են մտքերի երեք տեսակները. ավազը ծանր մտքերն են, ալյուրը` թեթև, իսկ ջուրը այնպիսի մտքերն են, որոնք չես հասկանում: Եվ այդ երեք նյութերի շնորհիվ կատարվում է մտածողություն: Ներկայացումը տևում է երեսուն րոպե, որոնցից միայն տասն է նյութերով: Նյութերը ցույց են տալիս միայն կերպարների բնույթը, բայց կերպարները ունեն նաև առանց նյութի տեսարաններ ու գործողություններ:

-Որտե՞ղ են տեղի ունենում ձեր փորձերը:

Ցոլակ Մլքե-Գալստյան -Հիմնականում վարձում ենք տարածք: Այդ հարցում մեզ շատ են օգնել  Նարեկացի արվեստի միությունը, «Հայարտը»:

Շողակաթ Մլքե-Գալստյան -Մեզ համար կարևոր պայման է միայն, որ ներքևի հարկում մարդ չլինի: Կար ժամանակ, որ ընդհանրապես տարածք չէինք գտնում, փորձ էինք անում տանը` Ցոլակի սենյակում: Բացօթյա փորձեր էլ ենք ունեցել, երբեք չենք դադարեցրել փորձերը:

-Դուք ունենում եք հյուրախաղեր: Ո՞վ է ձեզ հովանավորում:

Շողակաթ Մլքե-Գալստյան -Ղարաբաղ գնալը պատվեր էր: Հովանավորել է Եվրոպական «Ղարաբաղի օպտիմիզացում» կոչվող ֆոնդը: Գնացել ենք հինգ գյուղ, և մեր բոլոր դեկորացիաները թողնում էինք երեխաներին:

-Ներկայացումներից հետո ինչպե՞ս եք իմանում, արդյոք Ձեր ասելիքը տեղ հասավ: 

Ցոլակ Մլքե-Գալստյան -Ներկայացումից հետո փոխվում և դուրս ենք գալիս հանդիսատեսի մոտ, ծանոթանում ենք նրանք կարծիքներին: Բայց հանդիսատեսի կարծիքին մեծ տեղ տալ չի կարելի, որովհետև այդ դեպքում կամ կմտածես, որ հանճար ես, կամ կմտածես, որ տականք ես: Հանդիսատեսի կարծիքին պետք է շատ զգույշ վերաբերվել, որովհետև նա կամ շատ մեծարում է, կամ շատ իջեցնում: Մենք մեծարանքի հետ ենք շփվում մեծամասամբ, որին պետք է շատ զգույշ վերաբերվել, որ չկոտրվես: Բայց լսում ես նաև ինչ-որ օբյեկտիվ կարծիքներ, որոնք անհրաժեշտ է ֆիքսել:

Հարցազրույցը գրի առավ Մարիամ Նալբանդյանը։

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Սաշա. այդպես էի ես անվանել նրան, որովհետև չգիտեի` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նա ապրում էր մեր դպրոցից մի քանի մետր հեռու` իմ ճանապարհի վրա: Մենք հաճախ նրան Սաշոկ էինք անվանում և ամեն օր խաղում հետը: Նա փողոցում էր ապրում, բայց բոլորի կողմից շատ սիրված էր և միշտ ուտելու բան ունենում էր: Նա ուղղակի ընդունակ չէր ինչ-որ մեկին կծել, կամ վախեցնել: Անգամ հաչելիս նրան երբեք չէի տեսել: Նա մուգ էր և ուրախ աչքեր ուներ: Միշտ վազվզում էր իմ ու ընկերուհուս հետ:

-Սաշ, պրիվետ,- ասում էի ես ամեն անգամ և թփթփացնում նրա գլխին: Նա պտտվում էր շուրջս և ձեռքս լպստում: Հետո ես մեկնում էի ձեռքս նրան և ուրախ բացականչում.

-Սաշ, թաթիկդ: Թաթիկդ տուր, դե տու~ր… Իսկ հիմա մյուսը:

Նա, առջևի թաթերն ինձ տալով, կանգնում էր երկու ոտքերի վրա և ուրախ բացում բերանը: Երևի պոչն էլ կշարժեր, եթե ունենար պոչ: Նրա պոչն ու ականջները կտրված էին:

-Իրան տենց ավելի լավ ա,- ասում էր ընկերներիցս մեկը,- փողոցի շներինը կտրում են, որ մյուս շները չքաշքշեն…

Արդեն մենք հին ընկերներ էինք դարձել, ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, վազում էր մոտս ու թաթերով բարձրանում վրաս: Իսկ երբ քնած էր լինում և չէր տեսնում ինձ, ես շոյում էի նրա գլուխը, որ դանդաղ արթնանա, հանկարծ չվախենա:

Մի օր դասերս ուշ վերջացրի և չհասցրի Սաշոկին տեսնել: Երբ տուն եկա և մտա ֆեյսբուք, անմիջապես ընկերուհուցս հաղորդագրություն ստացա.

-Մար, Սաշոկին տարել են:

-Ի՞նչ: Ո՞ւր, ո՞վ:

-Բակի մյուս շների հետ: Ինչ-որ մեծ մեքենա էր, վրան գրած էր «Պայքար փողոցային շների դեմ» կամ ինչ-որ տենց բան:

Աչքերիս առջև մի պահ սևացավ: Փորձեցի ինձնից հեռու վանել այն մտքերը, որ դեռևս անտուն շների ոչ մի կացարանի մեր երկրում չեմ հանդիպել: Ուրեմն ի՞նչ են անելու Սաշոկիս: Ընկերներիցս ոմանք ինձ երկար համոզում էին, որ նրան պարզապես ինչ-որ դեղ են սրսկելու և հետ բերեն, կամ բաց թողնեն: Միևնույնն է, նա հոտառությամբ կվերադառնա: Բայց գիտակցությանս մեջ մի գորշ միտք էր ծանրանում, որը բարձրաձայնեց ընկերուհիս.

-Մար, լավ էլի, երեխա՞ ես, ի՞նչ հետ բերել…

Չգիտեմ, նրանցից ով է ճիշտ, բայց փաստը մնում է փաստ, Սաշան դեռ չի վերադարձել: Ես հիմա չգիտեմ էլ, թե ու՞ր է նա, ո՞ղջ է արդյոք, բայց փողոցային շների նկատմամբ այդ վերաբերմունքը շատ մեծ սխալ է, որի արմատները շատ-շատ խորն են մեր հասարակության մեջ: Չէ՞ որ «Փողոցային շների դեմ պայքարին»,  կամ էլ ինչպես որ կոչվում է դա, չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարել և կանչել էր: Ինչ-որ մեկը, ում անհասկանալի անհանգստություն էր պատճառել լրիվ անվնաս ու բարի այդ կենդանին:

Բոլոր սերունդների սիրելի կերպարը

Հունվարի մեկից սկսած ես ամեն օր միացնում էի համակարգիչս միայն մի նպատակով. ստուգելու` արդյոք չի՞ հայտնվել իմ շատ սիրելի սերիալի նոր սերիան: Դե, արձակուրդներ բոլորն ունեն, սերիալիս ստեղծագործական անձնակազմն էլ, բայց նրանք արձակուրդ գնալուց առաջ խոստացել էին իրենց ֆանատների ամանորյա ամենալավ նվերը` երրորդ սեզոնի առաջին սերիան: Ես էլ, ուրիշ ոչ մի նվերի ուշադրություն չդարձնելով, սպասում էի BBC-ի նվերին` «Շերլոկի» նոր սերիային: Մի գեղեցիկ ձմեռային գիշեր ես այցելելով իմ սիրելի կայքը, որով էլ միշտ դիտում էի սերիալս, տեսա, որ երրորդ սեզոն բաժնում հայտնվել է նոր գրություն` «1-ին սերիա»: Ուրախությունից պատրաստ էի գրկախառնվել բոլոր տանեցիներիս հետ և գրել բոլոր դասարանցիներիս տնայինները, բայց բախտս բերեց` տանը բոլորը քնած էին, իսկ դասարանցիներիցս ոչ մեկը չիմացավ պատրաստակամությանս մասին: Հաշվի չառնելով գիշերվա ուշ ժամը` անմիջապես տարվեցի հետաքրքիր ֆիլմով: Հետո, իհարկե, չկարողացա քնել, ամբողջ գիշեր մտածում էի Շերլոկ Հոլմսի առեղծվածային մահվան մասին և փորձում գտնել ճիշտ տարբերակ, թե ինչպես է նա ողջ մնացել: Այդ հարցի պատասխանը ստանալու համար ես սպասել էի մի քանի ամիս, բայց հիմա այդպես էլ չիմացա: Ֆիլմում ներկայացված էին մի քանի տարբերակներ, և հայտնի չէր, թե դրանցից որն է գործել իրականում: Բայց միևնույնն է, ուրախ էի, որ ֆիլմի ստեղծողները ստիպում են ինձ մտածել, ինչպես Արթուր Կոնան Դոյլն էր ստիպում մտածել իր ընթերցողներին: Շերլոկ Հոլմսին ես վաղուց էի ծանոթ` կարդացել եմ գրքերը, դիտել ֆիլմերը: Երբ կարդում էի, չէի մտածում, որ որևէ ֆիլմ կարող է այնքան «ուժեղ» լինել, որ ստիպի ինձ չքնել գիշերը, ինչպես գիրքը: Հատկապես, երբ իմացա, որ «Շերլոկ» սերիալը Հոլմսին տեղափոխում է մեր օրեր, չմտածեցի, որ կարող է ինչ-որ հետաքրքիր բան լինել և թերահավատորեն նայեցի առաջին սերիան: Բայց արդեն ֆիլմի երրորդ րոպեից հասկացա, որ ինչպես միշտ, առաջին տպավորությունս սխալ էր: Եվ այդ օրվանից դարձա «Շերլոկի» հավատարիմ երկրպագուն: 

Ուրիշ սերիալներ էլ կան, որ նայում եմ, բայց միայն ազատ ժամանակ, իսկ «Շերլոկի» համար միայն ես ստեղծում եմ ազատ ժամանակ: Ուղղակի շատ եմ սիրում այնպիսի ֆիլմեր, որոնք միշտ լարվածության մեջ են պահում և ստիպում են, որ կոպիտ ասած, աշխատեցնես ուղեղդ և հետաքննես գործը Շերլոկ Հոլմսի հետ միասին:

Մի 57-ի պատմություն

Երկուշաբթի

«Երկուշաբթի օրերը երթուղայինում քիչ մարդ ա լինում»,- մի անգամ ասաց մայրիկս, թե ինչու` չգիտեմ և երբեք էլ չեմ իմանա, որովհետև ոչ մի անգամ չեմ տեսել, որ երկուշաբթի օրը երթուղայինում քիչ մարդ լինի: Բայց, այնուամենայնիվ, ամեն երկուշաբթի ինձ հույս եմ տալիս: Արդեն ութն անց ինը րոպե էր, և ես շնչակտուր վազում էի կանգառ: 57-ս անց տասը պետք է գար: Եկել է, թե ոչ, ես իմանում եմ մինչ կանգառ հասնելը: Ամեն առավոտ, ուղիղ ութն անց ութ րոպե կանգառ է ժամանում սև շորերով մի երիտասարդ, որը ժամացույցից էլ ճշտապահ է: Հեռվից նայում եմ, եթե երիտասարդը  կանգնած է, ուրեմն չեմ ուշացել, իսկ եթե նա չկա, ուրեմն անց տասի 57-ը անցել է: Ահա և նա: Ես ու սև կերպարանքով երիտասարդը մտնում ենք երթուղային: Գրողը տանի, ոնց եմ արդեն անգիր արել այս դեմքերը: Առաջինը տեսնում եմ «Հենզելին ու Գրետելին»: Որ այնքան գեղեցիկ երեխաները, որոնք սովորում են մեր դպրոցի կողքի դպրոցում, գերբնական ձևով նման են իրար, սակայն երևում է, որ տղան մի քիչ ավելի մեծ է: Աղջիկը, որ չգիտեմ ինչու, մտածում եմ անունը Լիլիթ է, բացարձակապես զուրկ է դաստիարակությունից: Միշտ ինչ-որ հրաշքով նստած է լինում և երբեք որ մեկին տեղ չի տալիս: Ինձ թվում է, նրան մոռացել են սովորեցնել, որ մեծերին պետք է տեղ զիջել: Բայց եղբայրը լավն է, միշտ բոլորին տեղ է զիջում, անգամ ինձ: Պատուհանի մոտ ինչպես միշտ նստած է գեղեցիկ հագնված կինը, ես նրան մտքումս «գլամուրիկ» եմ անվանում: Նա ավելի գեղեցիկ կերևար, եթե դեմքի արտահայտությունը գոնե մի քիչ համապատասխաներ գեղեցիկ հագուստներին ու զարդերին:

Երեքշաբթի

Այս օրերին ուղեղս զարմանալիորեն չի տեսնում ոչ մեկին: Ես ոչինչ չեմ մտածում, ոչ մեկին մտքումս չեմ ծաղրում և անուններ չեմ կպցնում: Առաջին ժամը գրականություն է… Ես միայն լսում եմ ականջակալներումս հնչող երաժշտությունը: Ուղեղս անջատված է և մտածում է միայն չուշանալու մասին: Առաջին ժամը գրականություն է…

Չորեքշաբթի

Սևազգեստ արարածը իր տեղում է: Չեմ ուշացել: Գրետելը այսօր բացակայում է, բայց Հենզելը տեղում է: Օ~, հրաշք, վերջում ազատ տեղ կա: Ես շտապեցի այնտեղ և նստեցի 57-ի ուղևորներից իմ ամենասիրելիի կողքը: Ես նրան անվանում եմ «լավ կին», նա շատ բարի դեմք ունի և միշտ վերցնում է պայուսակս, երբ ես կանգնած եմ լինում: Առաջին շրջադարձից հետո 57 է բարձրանում արքայական տոհմից սերող երիտասարդ մայրիկը`իր բացարձակապես ոչ մի բան չարտահայտող և չհասկացող դեմքի արտահայտությամբ երեխայի հետ: Ես նրանց անվանում եմ «Ձերդ մեծությունն իր կարտոֆիլի հետ»: Վեհ և վսեմ այս թագուհին ինչ-որ հրաշքով հայտնվել է մեր օրերում, և մենք բոլորս մոռացել ենք, որ նա մեր թագուհին է և բոլորս պարտք ենք նրան: Անգամ չենք խոնարհվում, պատկերացնո՞ւմ եք: Ես մեկ-մեկ խղճում եմ նրա «կարտոֆիլին»: Երևի հետագայում բանակ էլ մայրիկի ձեռքը պիտի բռնած գնա: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի արքայական այս ընտանիքը, եթե թագուհին ամեն անգամ կռիվ չփնտրեր: Նա մի անգամ կարողացել է կռվել անգամ 57-ի ամենահանդուրժող և դինջ ուղևորի` այսինքն ինձ հետ: Ինձ թվում է մեր ամբողջ 57-ի անձնակազմը վարորդի հետ միասին ատում է նրան: Ահա և երկրորդ շրջադարձը: Ես այստեղ աչքերով փնտրում եմ ընկերուհուս, բայց նա, իհարկե, ինձնից շուտ է դուրս եկել: Այս կանգառում երթուղային է բարձրանում «Божий одуванчик»-ը: Նա շատ բարի և միամիտ  դեմքով կին է և միշտ «անտիկվար» վերարկուներ է հագնում: Ես ուզում եմ նրան զիջել տեղս, բայց չեմ զիջում, որովհետև մի անգամ, երբ կանգնեցի, խեղճ կինը մինչև հասկացավ, որ իրեն տեղս եմ զիջում, այնտեղ նստեց «թագուհին»: Ես, իհարկե, այրվում էի կոշիկիս համարը նրա դեմքին տպելու ցանկությունից, բայց զսպեցի ինձ, որովհետև գիտեի, որ մյուս կանգառում իջնելու է: Այս կանգառում նա մարտնչում է իր հեռախոսի հետ և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ սենսորային հեռախոսը ձեռնոցով չի աշխատում: Մյուս կանգառն իմ ամենասիրելին է: Այստեղ մենք ազատվում ենք թագուհուց և արքայական կարտոֆիլից: Երթուղային է բարձրանում մեկ այլ հրաշք` իմ «սիրելի» «հուրի-փերին»: Նա իր գոտկատեղից ներքև ձգվող շագանակագույնի ոչ այնքան հաճելի երանգ ունեցող մազերը կամ շատ հարթեցնում է, կամ ալիքաձև դարձնում, բայց երբեք չի հավաքում: Նրան միշտ տեղ են տալիս, երևի վախենում են, որ կանգնած մնալով գլուխը հանկարծակի արագ կթեքի և իր մազերով խեղդամահ կանի միանգամից մի քանի հոգու: Նա իր անիմաստ ժպիտով նստում և նայում է բոլորին:

Հինգշաբթի

Օ~, ոչ… Սևազգեստ ավետաբերս տեղում չէ: Ես բաց եմ թողել անց տասի 57-ը: Այսօր չեմ տեսնի իմ «սիրելիներին»: Ինչպես ապրեմ այսօր: Բայց Հենզելն ու Գրետելը հաստատ 57-ում կլինեն: Մենք ինչ-ոչ հրաշքով նույն օրերին ենք շուտ դուրս գալիս, կամ ուշանում: Ճակատագիր է, չես փախչի:

Ուրբաթ

Սևը տեղում է: Ինչ լավ է, չեմ ուշացել, թե չէ կարոտին չէի դիմանա: Այո~, վերջապես նա եկավ, ինչպե~ս էի կարոտել: Արքայական բանջարեղենի իջնելու կանգառում բարձրանում է մի նիհարիկ աղջիկ: Նա միշտ սև է հագնվում և շատ էլեգնատ գլխարկներ է դնում: Ու շատ հաճելի և դրական աղջիկ է: Եթե անկեղծ, ես նրան շատ եմ սիրում:

Օ~, ոչ… Կանգառն անցանք, իսկ Հուրի-Փերին չեկավ… Իսկ ես արդեն ուզում էի հաճոյախոսել նրան իր չքնաղ վարսերի համար: Հաջորդ կանգառում մեզ է միանում իմ սիրելիների շարքից ևս մեկը: Նա բարի տղամարդ է և միշտ տեղ է տալիս բոլոր կանանց և աղջիկներին: Սիրում եմ նրան, թող որ բոլոր տղամարդիկ այդպիսին լինեն: Գոնե 57-ում:

Մյուս կանգառում կանգնած չի կողմնորոշվում մեր դպրոցից մի աղջիկ: Նրան այնքան եմ նմանեցնում ինձ: Երբ բարձրանում է, կամ դուռը չի փակվում, կամ պայուսակն է ընկնում, կամ վարորդը արագ թափ է առնում, և նա ընկնում է: Բայց հիմնականում կանգառում կանգնած մի քայլ առաջ մի քայլ հետ պարում է. չի կարողանում որոշել` գա, թե սպասի 12 ավտոբուսին: Նա չեկավ: Գնացինք առաջ: Քանի որ իմ դպրոցից քիչ հեռու 57-ի վերջին կանգառն է, հետագայում այլևս շատ մարդ չի բարձրանում:

Ես գնահատում եմ շանսերս: «Էն աղջիկը չեկավ, «Առյուծիկը» չկա…»: Ուրեմն հնարավոր է իմ ասելով վարորդը չկանգնի: Քիչ էր մնում մոռանայի, «Առյուծիկը» մեր դպրոցում է աշխատում, երևի ուսուցչուհի է, չգիտեմ: Մեր դպրոցը շատ մեծ է, և հնարավոր է շատերին չճանաչել: Նրա մազերը հետաքրքիր ձևով ցցվում են և հենց առյուծի մորթու գույն ունեն, դրա համար էլ ես նրան «Առյուծիկ» եմ ասում:

-Կանգառում կկանգնեք,- պահանջում եմ ես:

-«Սիթիի» մոտ կկանգնես,- հետևից հրամայում է տղամարդու ձայն:

Եվ, քանի որ «Երևան Սիթի» սուպերմարկետը կանգառից վերև է, վարորդը չի կանգնում, և ստիպված ես էլ եմ իջնում «Սիթիի» մոտ և ոտքով գնում դասի: Դե, իսկ ճանապարհին մտքումս բողոքում եմ վարորդներից, 57-երից, «Սիթին» կառուցողներից, ընդհանրապես ավագ դպրոցներից և ամբողջ-ամբողջ աշխարհից:

Պատմություն միայն աղջիկների համար

-Մար, Մար, մի հատ կողային հայելի կաշխատե՞ս,- խնդրեց Ձյունիկը բարի հայացքով:

Ես զգուշորեն շրջվեցի:

-Մաքուր զոնա,- հայտարարեցի հոգնած ձայնով:

-Է՜էհ:

-Մար, Մար, գիտես ի՞նչ ենք նկատել,- խոսակցությանը միացավ Կապուտաչյան,- Հիտլերը մոտենում ա Սովետական Միությանը:

-Լա՜վ է, – ձգեցի ես ժպիտով,- լո՞ւրջ եք ասում:

-Հա, այո, այո,- հաստատեց Ձյունիկը,- ավելի քան մոտենում ա, շուրջը պտտվում ա, արագ-արագ ա մոտենում:

-Բա էս մեր Կենսուրախն ո՞ւր ա,- հարցրի ես` թեման փոխելու համար:

-Կենսուրախը հիվանդ ա,- տխուր ձայնով հայտնեց Կապուտաչյան:

Մեր գեղեցիկ խումբը հասավ կանգառ:

-Հլը նայեք` ի՜նչ բանան կա ստեղ,- ծաղրական տոնով կիսվեցի իմ հայտնագործությամբ:

Ձյունիկն ու Կապուտաչյան հեռախոսի էկրանի արտացոլանքով որսացին անհրաժեշտ պատկերը:

-Մար, մենք անպայման ստեղ պետք ա չէ՞ կանգնենք,- հարցրեց Կապուտաչյան` բազմանշանակ հայացքով ինձ նայելով: Մենք իրար աչքով արինք:

-Բա ո՞ր համարին ես սպասում:

-259 կամ 1675,- փչեցի ես:

-Ո՞ւր ա գնում:

-Երուսաղեմ:

Ես ու Կապուտաչյան ծիծացեղինք, իսկ Ձյունիկը դավադրության հոտ առավ:

-Դու խելոք մնա, դու էլ նստի 57-դ ու գնա տուն,- պահանջեց Ձյունիկը:

Ես ու Կապուտաչյան կատակով ծաղրական մռութներ արեցինք ու նորից ծիծաղեցինք: Ես հեռախոսով մտա ֆեյսբուք «Հիտլերը  մոտենում ա Սովետական Միությանը» նորությունը Սալորիկին հայտնելու:

-Ձեր կոկորդիլոսները,- նկատեց Ձյունիկը տհաճությամբ:

-Ախր, իրանք լավն են,-  առարկեցի ես: -Միրգը գնացել ա,- հայտարարեցի ես՝ ևս մեկ անգամ զննելով կանգառում կանգնած բազմությանը:

-57-դ եկավ, թռի տուն, Մարիկ,- հայտնեց Ձյունիկը:

-Ու մտի ֆեյսբուք, սպասում ենք,- շարունակեց Կապուտաչյան:

-Ընդհանուր չաթ բացեք, եկա,- ասացի ես և, գրկելով ընկերուհիներիս, վազեցի 57-ի մոտ:

Հ.Գ. Այս պատմությունը գրված է միայն աղջիկների համար:

Աթոռի, տրամաբանության և աշխարհի մասին

Տարվա սկզբում ստանալով մեր դասացուցակը՝ բոլորս մի լավ զարմացանք՝ կարդալով չորեքշաբթի օրվա վերջին դասը՝ տրամաբանություն: Ոչ մեկս տեղյակ չէինք, որ դասացուցակում ավելացում էր լինելու՝ այն էլ այդքան տարօրինակ ու անսովոր առարկա: Դասղեկս մեզ հայտնեց, որ տրամաբանություն մեզ դասավանդելու է դասախոս՝ ուղարկված համալսարանից: Այստեղ մեր հետաքրքրասիրությունը կրկնապատկվեց՝ այժմ մեզ հետաքրքիր էր ոչ միայն այն, թե ինչ է իրենից ներկայացնում նոր առարկան, այլև այն, թե ով է լինելու մեր դասախոսը: Վերջապես եկավ երկար սպասված չորեքշաբթին: Մենք անընդհատ մտածում էինք դասախոսի մասին:

-Իսկ ի՞նչ եք մտածում, տղա՞ ա, թե՞ աղջիկ,- վերջապես երեխաներից մեկը բարձրաձայնեց բոլորիս հուզող հարցը:

-Աղջիկ ա, բոյով, սիրուն,- երազեցին տղաները:

-Չէ, կին ա, մեծ ու չաղ, անդուր,- կատակեցին մյուսները:

-Իսկ իմ կարծիքով միջին տարիքի տղամարդ ա, ահավոր սրամիտ ու հումորով,- ասացի ես:

Երբ վերջապես եկավ յոթերորդ ժամը, պարզվեց, որ մեր դասախոսը չի եկել: Կամ դպրոցի տեղն էր մոռացել, կամ ժամերը խառնել: Հուսահատված գնացինք տուն: Մինչ մյուս չորեքշաբթի ամեն օր ինձ սկսում էր ավելի հետաքրքրել նոր առարկան: Մյուս չորեքշաբթի նորից սկսվել էր դասախոսի արտաքին տեսքի նկարագրության գուշակությունները, երբ դասարան մտավ դասղեկս: Նա մենակ չէր:

-Էս տղեն ո՞վ ա,- հանգիստ արտահայտվեցին ոմանք, մտածելով, որ մտնողը 12-րդ դասարանցի է:

Պարզվեց, որ «էդ տղեն» մեր դասախոսն էր: Առաջին ժամին նա անդադար քայլում էր և խոսում տարբեր հասկացությունների մասին: Նրան լսելը շատ հաճելի էր, խոստովանում եմ, դա մասամբ կարող է նաև պայմանավորված լինել իմ աղջիկ լինելով: Դասի վերջում նա մեզ հանձնարարեց մտածել աթոռի մասին, որի մասին խոսել էինք դասի ժամանակ: Մենք մի ամբողջ շաբաթ կատակեցինք աթոռի վերաբերյալ, բայց մյուս չորեքշաբթի օրը պարզվեց, որ բոլորս էլ կատակով կամ լուրջ, կամ կեսկատակ-կեսլուրջ մտածել էինք աթոռի մասին: