Գոհար Կարախանյանի բոլոր հրապարակումները

Նամակ Ձմեռ Պապիկին

«Բարև, Ձմեռ Պապ։ Անկեղծ ասած կարոտել էի այս արտահայտությունը, որը վերջին անգամ 9 տարեկանում էի գործածել։ Անսովոր է։ Բայց այդքան տխրելու պատճառ չկա, քանի որ ես ունեմ փոքր քույրիկ ու իր հետ էլի 9 տարի կհավատամ հրաշքներին, քո գոյությանը ու հեքիաթային հերոսներին։ Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ ես ու ծնողներս իր համար հրաշքներ կստեղծենք, ինչպես օրինակ, նամակի անհետացումը տոնածառի տակից կամ նվերների հայտնվելը։
Հավատա, Ձմեռ Պապ, այնպես կանեմ, որ քրոջս հեքիաթը երկար տևի, զվարթ մանկությունը 1-2 տարի ավելի լինի, քանի որ ինչքան երկար ես հավատում Ձմեռ Պապին, այնքան ավելի արտասովոր է դեկտեմբերի 31-ը։ Հիշում եմ, թե ինչքան էի ուրախանում, երբ տան զանգն էի լսում Նոր Տարվա գիշերը, իսկ նամակ գրելը մի այլ արարողություն էր։
Ձմեռ Պապ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում քեզնից։ Ուզում եմ, որ ես էլի հավատամ քո գոյությանը, ուզում եմ ծնողներիցս թաքուն նամակ գրել ու թաքցնել տոնածառի մոտ, որ իրենք չգտնեն, իսկ հետո զարմանամ` չգտնելով նամակն իր տեղում։
Այո՛, Ձմեռ Պապ, ես ուզում եմ երեխա դառնալ։ Բայց ի՞նչ վատ բան կա այդտեղ։ Երեխաները բարի են, անկեղծ, ուրախ, հավատում են քեզ ու ամեն ինչին նայում են իրենց մեծ, պսպղուն, անմեղ աչքերով։ Նրանք չգիտեն շատ բաներ, ուստի ամեն ինչ իրենց համար ավելի հեշտ է, և վերջ ի վերջո, նրանք ժամերով դաս չեն անում։
Գիտես, Ձմեռ Պապ, ես ուրախ կլինեմ քո յուրաքանչյուր նվերին, չէ՞ որ ուզած-չուզած քույրիկիս հետ ինչ-որ հեքիաթի հերոս կդառնամ»:

Ինչպես ենք սնվում դպրոցում

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Զանգը հնչեց: Օրագիրս հանեցի, հաջորդ ժամը հանրահաշիվ էր: Ճարս ինչ, մեկ է, պետք է գնամ բուֆետ, թե չէ 4-րդ դասի դասամիջոցին բակ չեն թողնում, իսկ ես սոված էլ չեմ դիմանա: Ընկերուհուս ձեռքից քաշելով, արագ վազելով, դասամիջոցի 2-րդ րոպեին հասա բուֆետ: Նույնիսկ մաքուր օդ չհասցրի շնչել: Չէ՞ որ 5 րոպեն շատ քիչ է բուֆետ հասնելու ու դեռ մաքուր օդ էլ ներս քաշելու, առույգանալու համար:
-Լավ էլի: Ինչքան երեխա կա…
Փնթփնթացի ես, ճզմելով փոքրերին և հիշելով, թե ինչպես չէի սիրում, որ իմ փոքր ժամանակ ինձ էին ճզմում, հասա առաջին գիծ:
-Ինձ երկու հատ խորիզով բուլկի,- ասացի ես, հիշելով “old but gold” արտահայտությունը, քանի որ արդեն 2 տարի է, ինչ ես բացի խորիզով բուլկուց ու «թաթիկից» ուրիշ ոչինչ չեմ գնում բուֆետից:
Բուֆետի աշխատողը չլսեց: Լավ, փորձենք նորից:
-Ինձ երկու հատ խորիզով բուլկի:
-Ի՞նչ ես գոռում, աղջի՛կ,- ավելի բարձր գոռալով պատասխանեց բուֆետի աշխատողը:
«Այ, եթե դասամիջոցին 1 րոպե մնացած չլիներ, կասեի` ինչ եմ գոռում»,- մտածելով և ավելի դժգոհ դեմք ընդունելով՝ կրկնեցի ուզածս և վերցնելով ստամոքսիս և ուղեղիս համար այդքան ահրաժեշտ բուլկիները, առանց ծանր վնասվածքների դուրս մղվեցի սոված աշակերտների այդ գազազած և ուշացող ամբոխից:
-Արագ ուշացանք,- ասաց ընկերուհիս:
-Հա լավ, կհասցնենք էլի:
Ու արդեն դանդաղ քայլելով, ուտելով բուլկիս ու մաքուր օդը ագահորեն շնչելով մտա դպրոց: Բախտս բերել էր. ուսուցչուհին չէր եկել:
Ախր, դասամիջոցը պետք է պարտադիր լինի 10-15 րոպե, այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Ախր, նույնիսկ բժիշկներն են ասել, որ ուտելիքը պետք է առնվազն 1 րոպե ծամել, իսկ մեկ բուլկին պատկերացնո՞ւմ եք ինչ մեծ է 5 րոպեում ուտելու համար: Բացի այդ երեխաներին անհրաժեշտ է 5 րոպե մաքուր օդ շնչել, որպեսզի ուղեղներս արթնանան, աշխուժանան: Իսկ քանի որ ուղեղներն էլ իրենց տերերի նման ուշ են արթնանում, պետք է այդ արարողությանը մի փոքր շատ ժամանակ հատկացնել:

Արզականյան ամառ

Այս տարի ամռան երկրորդ՝ ամենաշոգ ժամանակը ես անցկացրել եմ Արզական գյուղում։ Այդ գյուղը հայտնի է իր հանքային ջրերով, որոնք շատ օգտակար են մարդու առողջության համար։ Մենք ընտանիքով այնտեղ հաճախ ենք գնացել, բայց անընդհատ կես օրով, իսկ իմ մայրիկը ուզում էր ավելի երկար ժամանակով: Նա արդեն որերորդ տարին ուզում էր այնտեղ գնալ մեկ շաբաթով, բայց անընդհատ չէր ստացվում։ 

Եվ ահա այս տարի ես, քույրս ու մայրիկս գնացինք Արզական։ Այնտեղ մենք վարձով տանն էինք մնում, որից մեկ տուն այն կողմ հանքային ջրով լողավազանն էր։ Ամեն օր՝ մինչև քույրիկիս երկրորդ քնելը, մենք գնում էինք լողավազան և երբ հետ էինք գալիս, լինում էինք ահավոր հոգնած, որովհետև հանքային ջուրը շատ տաք էր և երկար ժամանակ տաք ջրում լողանալուց մենք մեզ վատ էինք զգում։ Երբ հետ էինք գալիս, անպայման ինչ-որ քաղցր բան էինք ուտում։ Արզականում մենք մնացինք մեկ շաբաթ։ Առավոտները արթնանում էինք աքաղաղի կանչից, որը շարունակվում էր մինչև ժամը երեքը։ Հետո ժամանակը ինքն իրեն անցնում էր, և գալիս էր երեկոն։ Այնքան հո՜վ, այնքան աստղալից, անքան հանգիստ, որ ես ուղղակի չէի ուզում գնալ այնտեղից։ Հետո` էլի առավոտ։ Առաջին երեք օրերը ես լողավազան գնալուց առաջ և գալուց հետո կարդում էի գիրք, բայց քանի որ անընդհատ տանը նստել ու գիրք կարդալ չէի կարողանա, տանտիրոջ առաջարկությամբ և օգնությամբ ծանոթացա իմ հասակակիցների հետ։ Նրանցից մեկը սովորում էր Արզականի դպրոցում տասներորդ դասարնում, իսկ մյուսը` Երևանում։ Միասին մենք գնում էինք զբոսանքի, որի ընթացքում ծանոթացա Արզականի դպրոցի, մշակույթի տան, մանկապարտեզի և ընդհանրապես, շրջակայքի հետ։ Նրանք պատմեցին շատ մանրամասներ գյուղի մասին, դպրոցի։ Օրինակ, տեղի Խաչիկ Խաչատրյանի անվան դպրոցը վերանորոգվել է վերջերս։ Վերանորոգումից հետո, կամ առաջ, որը կատարվել էր դպրոցի ֆոնդի փողով, եկել էին անգլիացիներ և աշակերտների հետ անվճար դասեր էին անցկացնում, խաղեր խաղում։ Բանն այն է, որ Արզականի դպրոցում երեխաներն անգլերեն չեն անցնում, այլ ֆրանսերեն կամ գերմաներեն, որն այժմ կախված է ծնողի որոշումից։ Ուսուցիչների մեծ մասը տղամարդիկ են, որն ինձ համար տարօրինակ ու զարմանալի էր։ Մեր դպրոցներում տղամարդ ուսուցիչ չի մնացել: Աշակերտների կյանքն այնտեղ, իմ կարծիքով, ավելի հետաքրքիր է անցնում։ Ընկերուհիներս հրճվանքով էին պատմում իրենց դպրոցական արկածները, սովորույթները։ Ինչպես հասկացա ամեն տարի նրանք անցկացնում են ինքնակառավարման դասեր։ Դա այն է, երբ բարձր դասարանի աշակերտները կրտսեր դասարանցիների համար անցկացնում են դասեր առանց ուսուցիչների օգնության, ավելի ճիշտ, ուսուցիչների փոխարեն։ Իմ ընկերուհի Աննան մի տարի դասավանդել է քիմիա, մյուս տարի` հանրահաշիվ։ Երեխաները ինքնակառավարման դասերի ընթացքում ունեն իրենց պաշտոնները։ Մեկը տնօրենն է, մյուսը՝ փոխտնօրենը։ Դպրոցում համարյա բոլոր տոներին նվիրված անցկացվում են միջոցառումներ։

 Ամռանը նրանք երկու ամիս են հանգստանում, որովհետև ձմռանը նրանք միայն մի ամսին են գնում, այն էլ դժվարությամբ, որովհետև ճանապարհները փակ են լինում առատ ձյան պատճառով։ Աշակերտները քայլում են ավտոմեքենաների անիվների տեղերով։ Բայց դրա փոխարեն նրանք անընդհատ ձնագնդիկ են խաղում, իսկ ամռանը դպրոցի բակում աճող ծառերի մրգերն են ուտում։ Կյանքը եռում է նաև մշակույթի տանը, որը ցավոք սրտի, ի տարբերություն դպրոցի, վատ վիճակում է։ Նրա մի մասը չի օգտագործվում, ավերված վիճակի պատճառով։ Մեծ դահլիճը, որը Երևանի դպրոցների դահլիճներից ավելի մեծ էր ու հարմար համերգների համար, դժբախտաբար գտնվում էր չօգտագործվող մասում։ Դահլիճի պատուհանները ջարդված էին, բեմի վրա վտանգավոր էր բարձրանալ, բեմի վերևը թռչունները բույն էին հյուսել, իսկ միջանցքի պատերին գրված էին անուններ և այլն։ Բայց մյուս մասնաշենքը օգտագործվում էր, և համարյա բոլոր երեխաները գնում էին այնտեղ դասերի. մեկը` դաշնամուրի, մյուսը` պարի, կլառնետի, թմբուկի, սոլֆեջիոյի, շախմատի, ասեղնագործության և այլն։ Ուսուցիչներից շատերը տեղացի էին։ Ընկերուհիներս ասում են, որ նրանք շատ են բարձրացրել մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց միևնույն է, ապարդյուն։ Ուղղակի բանն այն է, որ նույնիսկ նորը սարքել պետք չէ, միայն նորոգել, որը հաստատ շատ ծախսատար չէ պետության համար։ Դպրոցի մոտակայքում մանկապարտեզն էր և հոսպիտալը։ Որոնց դիմաց էլ Անհայտ զինվորի հուշարձանն է։ Գյուղում, սարերի մեջ կա նաև եկեղեցի, որը չունի քահանա և եկեղեցական ծեսեր չեն կատարվում։ Սակայն սրբատեղին ունի իր ուխտի օրը, և ամեն ամառ գյուղի բնակիչները գնում են այնտեղ ուխտի: Ուխտի օրը նրանք մեծ շուքով են նշում։

Չնայած նրան, որ Արզականը ինձ շատ էր դուր եկել, միևնույն է, ես ուզում էի վերադառնալ Երևան, իմ տուն, իմ փողոց, իմ դպրոց։

Մի խոսքով, այս ամառ ես ինձ համար բացահայտեցի Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը: Ծանոթացա նոր ընկերուհիների հետ, ում ես խոստացել եմ մյուս տարի էլ այցելել:

Ժամանակակից պլանավորում

-Դե, պայմանավորվեցինք։ Երեխեքին էլ ասա, որ իմանան։

-Իի՜ի։ Ինչի՞ ես ասեմ, որ։ Դու կազմակերպել ես, դու էլ ասա։

Ես ու ընկերուհիս որոշել էինք կիրակի օրը անցկացնել ուրախ ու ընկերական միջավայրում։ Ըկերուհիս՝

Լիլիթը, որոշել էր մեզ տանել ինչ-որ այգի, այսպես ասած, զբոսախնջույքի։ Ես և նա արդեն որոշել էինք ժամը, տեղը, անհրաժեշտ իրերը։

-Չէ, ես հավես չունեմ,- ասաց Լիլիթը։

-Ես էլ։ Լավ, արի չաթ բացեմ։

-Հա, էլի։

Բացեցի չաթը։ Առաջին խոսքը իմն էր։

-Երեխեք, հիմա լսում ենք Լիլոյին։

Ընկերուհիս անցավ գործի։ Մեկ նամակով բացատրեց համարյա ամեն ինչ։ Եվ սկսվեցին հիացական նամակները։

-Վաայ, ինչ լավ բան ասեցիր։

-Ես էլ հենց դրա մասին էի մտածում։

-Էլ ո՞վ ա գալու։

Եվ ահա սկսվեց մի խառնաշփոթ։ Ինքս արդեն ամեն ինչ մանրամասներով իմացած, ոգևորված գրում էի, թե ինչ կարող եմ բերել, երբ դեռ մյուս ընկերուհիներս հարցեր էին տալիս, նույն մանրամասները իմանալու համար։

Ապա սկսվեցին չաթին անուն դնելու մանր-մունր կռիվները։ Երբ վերջապես արդեն բոլորս գիտեինք ուր ենք գնում, մյուս ընկերուհիս՝ Էլենը, հարց տվեց, թե ով է գնդակ բերելու։ Հենց այդ ժամանակ ես ուզում էի բոլորին լռեցնել, քանի որ երբ մեկ վայրկյանի ընթացքում գալիս է երեք և ավելի նամակ, հնարավոր չէ այդ բոլորը կարդալ ու պատասխանել։ Բայց դա իմ փոխարեն արեց Լիլիթը` հարցնելով, թե ով ինչ կարող է բերել։

Եվ երբ արդեն բոլորս ունեինք մեր հանձնարարությունները և ուրախ տրամադրություն (մենք մեկ տարուց ավել է, ինչ պլանավորում ենք ինչ-որ տեղ գնալ) Էլենը ասաց, որ չի գա վատ եղանակի պատճառով։ Եվ նա ուղարկեց նկար, որտեղ կիրակի օրվա եղանակն էր։ Դրանից հետո սկսվեցին արդեն հուսահատված նամակները։

-Եթե անձրև գա, ես էլ չեմ գա,- ասաց Սյուզին։

-Ես էլ,- ավելացրի ես։

Իսկ քանի որ Լիլիթը միայնակ չէր կարող գնալ զբոսախնջույքի, ստիպված եղանք կիրակի օրվա սպասված պլանները հետաձգենլ։ Բայց Լիլիթը համառորեն փորձում էր մեզ համոզել, որ գնանք զբոսախնջույքի։

Միևնույն է, ապարդյուն։ Եվ որպեսզի Լիլիթը չնեղվի, ես գրեցի։

-Դե լավ, Լիլ, արի կինո գնանք, իսկ այգի մյուս անգամ։

Լիլիթը շարունակում էր համոզել։ Եվ այդ անհարմար պահին եկավ նամակ Էլենից, ով միգուցե կինո դիտելու էլ չէր գա։

-Երեխեք, եթե մի քիչ համբերենք, կարանք ամառը գնալ։ Էդ ժամանակ համ բոլորիս հարմար կլինի, համ էլ անձրևը մեզ չի խանգարի։

-Լավ էլի, էլ ի՞նչ ամառ։ Ամառը նոր է վերջացել:

-Էլեն, մենք ընթացքում կգնանք` ուր գնում ենք, հետո կասես` քեզ ամառը երբ ա հարմար, ամառն էլ կգնանք։

Եվ քանի որ կարծիք կար ֆիլմ դիտելու, ես նայեցի մեր բոլորիս սիրած ու սպասված ֆիլմի ժամացուցակը։

-Երեխեք, ժամը ութին, մեկ էլ տասին։

Ընկերուհիներս սկսեցին վրդովվել, քանի որ ժամը ութը իսկապես շատ ուշ էր։ Եվ ինչքան էլ ես համոզում էի, որ կինոյից հետո հայրիկս բոլորին տուն կտանի, ընկերուհիներս չէին համաձայնվում։

-Չէ, Գո՛գ, համ շատ ուշ ա, համ էլ չենք ուզում պապայիդ նեղություն տանք։

Կարելի է ասել, ոչ ոք չէր համաձայնվում։ Բայց ինչպես ասում են. «Հույսը վերջինն է մեռնում»։

-Գոգ, մի հատ տես, բացի «Մոսկվա» կինոթատրոնից կարող ա ուրիշ տեղ էլ են ցուցադրում, կարող ա ավելի շուտ ժամի։

Մտնելով google, սկսեցի փնտրտուքս։ Եվ հանկարծ տեսա, որ ժամը չորսին ֆիլմը ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում։ Այդ ուրախ լուրը հայտնելով ընկերուհիներիս, ինձնից գոհ կարդում էի հիացական նամակները։ Սկսվեցին ինչ-որ խառը հարց ու պատասխաններ, որտեղ չէր լինում հասկանալ, թե ով ում հետ է խոսում։ Էլենը, ով չգիտեր որտեղ է «Մոսկվա» կինոթատրոնը, անընդհատ հարցնում էր, թե որտեղ է։ Եվ որպեսզի այդ խառնաշփոթը մի փոքր հանդարտվի, առանձին Էլենին բացատրեցի տեղը և պատասխանեցի նրա բոլոր հարցերին։ Եվ որպես ավարտ գրեցի մեր պլանը երեքշաբթի օրվա համար։ Ամեն ինչ կոնկրետ, ճիշտ։ Եվ վերջում էլ ավելացրեցի.

-Մեզ մաղթում եմ բարի ժամանց։

Ի խորոց սրտի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Իմ դպրոցում, որն ունի անգլիական թեքում, իններորդ դասարանցիները անում են շաբաթական չորս ժամ ֆիզիկա։ Չորսն էլ իրար հետևից, չորսն էլ ֆիզիկա, գոնե մեկը աստղագիտություն լիներ։ Ախր, մենք ֆիզիկոս չենք դառնալու։ Ինչի՞ է մեզ պետք շաբաթական չորս ժամ ֆիզիկա։ Հիմա կարդացող ուսուցչուհին կասի` «ծրագիրն է շատ, այլ ձև չենք հասցնի», ուրեմն, կարելի է այդքան չգրել գրքի մեջ, որ ինը ամսում չլինի անցնել։ Աշակերտները ֆիզիկա անցնում են յոթերորդ դասարանից, ուրեմն, թող հեղինակները  թեմաները հավասար կիսեն, թող սկզբից դժվար լինի, հետո` ավելի հեշտ։ Եվ ընդհանրապես այդքան ծանրաբեռնել աշակերտներին չի կարելի։ Իմաստը դպրոց գալու ուղղակի կորչում է։ Չէ որ մենք գալիս ենք դպրոց սովորելու համար, իսկ երբ մարդ իրար հետևից անում է համաշխարհային պատմություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, ռուս գրականություն և անգլերեն, նոր գիտելիքը հասկանալը դառնում է աշակերտի համար անմատույց բերդ։ Բացի այդ, մենք դեռ պետք է այդքան տնային անենք, իսկ ինչպես նկատեցիք, մեծամասնությունը, յոթից հինգը, պատմողական դասեր են (ռուս գրականությունն էլ հաշվեք պատմողական, քանի որ ուսուցչուհու տված տնայինը գերազանցում է նույնիսկ համաշխարհային պատմության տնայինին)։ Ուղղակի ուզում եմ հիշցնել. մենք ավարտական դասարան ենք։ Դասարանի 70%-ը պարապում է ուրիշ առարկաներ, գնում է պարապմունքների, շատերը երկուս և ավելի առարկաներ են պարապում, նրանց էլ են տնային տալիս, և պատկերացրեք այդ երեխաներին օրվա վերջում։ Ախր, այդքան դաժան չի կարելի լինել աշակերտի հետ։ Դասերի քանակը պետք է կրճատել և դասավորել այնպես, ու աշակերտը եփած ուղեղով չգնա տուն, և փոխանակ տնային անի, դեռ ժամերով պառկի ու նայի հեռախոսի էկրանին կամ էլ առաստաղին։ Կարելի է նաև դասատուներին համոզել, որ այդքան շատ մեզանից չպահանջեն։ Եվ կարելի է բացատրել, որ մենք բացի իրենց առարկայից դեռ 15 հատ էլ ունենք, որը ասեմ` չեք հավատա, նույնպես պետք է սովորել։ Չմոռանանք նաև շոգ դասարանում յոթ ժամ անելու և ընդամենը հինգ րոպե դասամիջոց ունենալու մասին, որը ֆիզիկապես անհնար է։ Մեզ` աշակերտներիս, անհրաժեշտ է մաքուր օդ, որպեսզի մեր ուղեղները, որոնք 3-րդ ժամից արդեն հրաժարվում են դաս հասկանալ, կարողանան աշխատել, և հանուն դրա մենք դասամիջոցին դուրս ենք գալիս բակ և ամեն կերպ փորձում ենք ավելի երկար մնալ դրսում։ Իսկ ինչքան երկար ենք մնում դրսում, այնքան ավելի շատ ենք ուշանում դասից։ Հետո էլ ուսուցչուհիները զայրանում են, թե ինչո՞ւ ենք մենք դասարան մտել զանգից հետո, իրենցից հետո։ Ախր, ինչպե՞ս չեք հասկանում. այդ զոհաբերությունը ձեր համար է, ուսուցիչնե՛ր, մենք դա անում ենք, որպեսզի 45 րոպե կարողանանք հանգիստ նստել և դաս լսլել։ Վերջիվերջո, մենք էլ ենք չէ՞ մարդ, մենք էլ կարիք ունենք սնվելու, օդ շնչելու։ Անհրաժեշտ է դասամիջոցը երկարացնել։ Կարճը թող տևի տասը րոպե, երկարը` 20-30։ Վերջիվերջո կարելի է դասացուցակը փոխել։ Մի դաս հեշտ լինի, մի դաս դժվար, կարելի է երկու դժվար դաս դնել իրար հետևից, բայց միայն երկու, ոչ ավել։ Իսկ եթե հանկարծ որոշվի շաբաթական վեց օր դպրոց գնալ, ուրեմն, հավատացնում եմ. դա կլինի դաժանության գագաթնակետը։ Մեկ օր հանգստի և տնայինների համար ուղղակի անկարելի կլինի։ Այն էլ տարվա ընթացքում լինում է, որ պարտավորված ենք շաբաթ օրերին դասի գնալու։ Բայց չէ՞ որ շաբաթ դասի է գնում դպրոցի աշակերտների 20%-ը, այն էլ 3-րդ կամ 4-րդ ժամերից դասից փախչում է։ Ստացվում է` շաբաթ օրը մենք գալիս ենք դպրոց դասերի ժամերը չկորցնելու համա՞ր։ 

Մի գաղտնիք ասեմ, աշակերտներին չի հետաքրքրում. նրանք մի դասաժա՞մ են կորցնում, թե՞ չորս կամ վեց։ Մեզ տրվում է մեկ օր հանգիստ, ուրեմն, թողեք այդ մի օրը հանգիստ խղճով ուրախանանք, առանց շաբաթ օրվա մասին մտածելու։

Ու ընդհանրապես, կարելի է փոխել դպրոցների այդ սաստկալի, տաղտկալի, երբեմն նույնիսկ վախենալու տեսքը։ Վերջերս հաղորդում էի դիտում տարբեր երկրների լավագույն դպրոցների մասին։ Օրինակ, մի երկրում սեղանները ոչ թե շարքերով էին դասավորված, այլ շրջանաձև։ Իսկ մյուս երկրի դպրոցի դասարաններում ոչ թե սովորում էին տարեկիցներ, այլ տարբեր տարիքի երեխաներ, որոնք ունեն նույն մտածելակերպը, հետաքրքրությունները, որը հավատացեք, ավելի հետաքրքիր է։ Կային նաև գունավոր պատեր ունեցող դպրոցներ, դպրոցներ, որոնք կահույք չունեին, դասարաններ, որոնք չունեին միջանցքից բաժանող պատեր, դպրոցներ, որտեղ գնահատականներ չեն նշանակում։ Այսինքն, այդ երկրներում ամեն կերպ փորձում են աշակերտների կյանքը ավելի ուրախ, գունավոր, հետաքրքիր դարձնել։ Եթե հնարավոր չէ այսպիսի փոփոխություններ մտցնել մեր դպրոցներում, ուրեմն գոնե թող շուտ-շուտ կազմակերպվեն միջոցառումներ, համերգներ, մրցույթներ։ Բայց ոչ թե սովետական, հնաոճ ու հնադարյան երաժշտությամբ, համարներով, հագուստներով ու սցենարով, այլ ժամանակակից, մեզ հասկանալի, ծանոթ ու սիրված, աշխույժ ու գունավոր։ Իհարկե, այդ ամենը կազմակերպելը խլում է շատ ժամանակ, բայց հենց դրա շորհիվ է, որ աշակերտները իրար հետ են ծանոթանում, շփվում։ Բայց փորձերը դասից հետո անել, բացառվում է։ Պետք է անել դասերի ընթացքում, իսկ հետո, ովքեր ուզում են նաև դասերից հետ չմնալ, շաբաթ օրը, կամ դասերից հետո անել մի քանի դաս։ Գնացողներ կլինեն, միգուցե շատ չէ, բայց կլինեն։ Ուսուցչուհիները հուսամ կհամաձայնվեն, քանի որ նրանք անընդհատ դասի ժամանակ կրկնում են.

-Եթե չեք հասկացել, ասե՛ք, նորից կբացատրեմ։

Այսինքն, նրանք պետք է նույն դասը բացատրեն դասերից հետո և ավելի քիչ թվով աշակերտների։ Հետո էլ համերգին թող բոլոր ուսուցչուհիները լինեն, որ չբողոքեն, թե իմ դասերին չեն նստում, գնում են փորձերի ու ոչինչ չեն անում։ Նայելով համարներին, նրանք կհասկանան, որ այդ անելը այնքան էլ հեշտ չէ և պետք է շատ փորձել, որպեսզի կարողանաս անել այս կամ այն համարը։

Կարճ ասած, խնդրում եմ, սիրելի ուսուցիչներ և մարդիկ, ովքեր այդպես ասած, «վերևներից են», հիշեք, որ մենք խղճուկ աշակերտներս չենք ուզում «դպրոց» ասելով հասկանալ քննություններ, դասեր, անհասկանալի դասեր, մինչև գիշեր տնային անել ու առավոտ շուտ արթնանալ: Մի ստիպեք սեպտեմբերի մեկը կոչել «Назад в ад»։ Եղեք ավելի բարեհոգի մեր հանդեպ, չէ՞ որ դուք էլ եք եղել մեր տարիքին, դուք էլ եք ցանկացել, որ դասերը քիչ լինեն։ Վերջիվերջո, երբեմն լսեք մեր կարծիքը: Այն հաստատ ոչ մեկին չի վնասի, և լսելով դրանք, փորձեք ի կատար ածել։

Հայրեր և դուստրեր

-Պա՜պ, ո՞նց ես,- մոտեցա հայրիկիս և նրա այտին «պոնչիկ» արեցի։

-Լավ եմ, Գոգլի։ Դո՞ւ։

-Ես էլ,- ժպտալով ասում եմ ես և թխելով նրա մեծ ձեռքին, անցնում եմ իմ սենյակ։

Իմ ու հայրիկիս միջև միշտ եղել են այսպիսի ընկերական հարաբերություններ և միգուցե նրա պատճառով, որ դպրոց հայրիկս է տանում, դպրոցից հայրիկս է բերում։ Շատերը ասում են, որ ես ու հայրիկս իրար շատ նման ենք, բայց ես մտածում եմ, որ նման են միայն մեր ժպիտները և աչքերի ձևը ծիծաղելուց։

Փոքր ժամանակ, երբ պետք է գնայի քնելու, և երբ դեռ հայրիկս ննջասենյակ գնացած չէր լինում, ես ասում էի.

-Պա՜պ, արի գրկի, տար ինձ քնեցնելու։

Եվ ես գնում էի, կանգնում էի բազկաթոռի վրա, իսկ հայրիկս՝ դրա մոտ։ Ապա ես ոտքերս դնում էի նրա գոտկատեղին, ձեռքերովս էլ պինդ գրկում էի նրա վիզը։ Եվ երբ հասնում էինք իմ անկողնու մոտ, ես համբուրում էի նրան և իջնում, պառկում քնելու։ Ապա երբ վերմակով ծածկվում էի, ասում էի.

-Դե, ինձ «упаповка» արա։

Հայրիկս վերմակը դնում էր մեջքիս, ոտքերիս տակ և վերջում էլ ասում․

-Վերջ, հիմա կարանք «բանտիկ» կապենք ու տանենք նվեր։

Բայց երբեմն լինում էր այնպես, որ պառկելուց հետո ես տեղիցս վեր էի թռչում ու գնում իմ «գործերով», իսկ երբ հայրիկս ինձ տեսնում էր, ասում էր.

-Վերջ, էլ քեզ չեմ բերելու։

Բայց միևնույն է, մյուս երեկո նա էլի ինձ բերում էր քնեցնելու։ Նաև առաջին դասարանից մինչև հիմա պայուսակս տալիս եմ հայրիկիս տուն գնալուց, որովհետև պայուսակս ծանր է, իսկ ես՝ հոգնած։ Եվ քանի որ փոքր ժամանակ իմ բոլոր պայուսակները վարդագույն էին, սեպտեմբերի սկզբին հայրիկս ինձ ասում էր.

-Մանու՛շ, ի՞նչ կլինի, մի քիչ մուգ գույներով պայուսակ առ, որ աղջկական չերևամ։

Եվ վերջապես նրա երազանքը այդ երկու տարվա ընթացքում իրականացավ, իմ պայուսակը կանաչ երանգով է։ Բայց դեռ շատ է լինում, որ հայրիկս պետք է մի փոքր աղջկական բաներ անի։ Օրինակ, մի անգամ, երբ պետք է գնայի պարի մրցույթի, առավոտից պատրաստվում էի։ Մայրիկս դեռ քնած էր, և որպեսզի նրան չարթնացնեմ, դիմեցի արդեն արթնացած, հեռուստացույց դիտող հայրիկիս։

-Պա՜պ, «մանիկյուր»  կքսե՞ս։ Ախր, էս աջ ձեռքս չեմ կարում քսեմ, է։

Երկար համոզելուց հետո հայրիկս արեց դա։

Ինչպես նկատեցիք, հայրիկս ինձ շատ հաճախ ասում է «Գոգլի», իսկ երբեմն էլ` Մանուշ։ Մանուշ ասում է այն ժամանակ, երբ ուզում է, օրինակ, տնայիններս ստուգել կամ ուզում է, որ ինչ-որ բան անեմ։ Կամ էլ` երբ պարից հոգնած գալիս եմ, միանգամից փռվում եմ բազկաթոռին և դեռ երևի մեկ ժամ ոչինչ չեմ անում և միայն ժամանակ առ ժամանակ ասում եմ.

-Վայ, հոգնեցի։ Ոտքերս ցավում են։

Իսկ հայրիկս էլ այդ ժամանակ ասում է.

-Դե, որ հոգնում ես, պիտի պարից հանեմ քեզ, այ Մանուշ։

Եվ մենք երկուսս էլ սկսում ենք ծիծաղել։ Նա պնդում է, որ ինձ պարից կհանի, իսկ ես ասում եմ, որ դա պետք է իմ ուզելով լինի։

Սիրում եմ հայրիկիս, նա աշխարհի ամենալավ հայրիկն է:

Մենք վերապրողներ ենք

Լուսանկարը՝ Գեւորգ Պողոսյանի

Լուսանկարը՝ Գեւորգ Պողոսյանի

Մոտենում է ապրիլի 24-ը, շատանում են ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա և ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։ 

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությաբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլոն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վեքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Այսօրվանից արձակուրդներ են

Ժամը 8-ին աչքերս սովորության համաձայն բացվեցին: Ոչ միայն սովորության, այլ նաև հայրիկիս խոսելու պատճառով, բայց այս անգամ հայրիկս միապաղաղ ոչ թե ասում էր` Գոհար, այլ Վահագն:

-Վահագ, լավ էլի, վեր կաց, գնա, թող հանգիստ քնեմ,-քնաթաթախ ասացի ես:

Լռություն…Քունս շարունակվեց…

-Բլա-բլա, աղլու-աղլու:

Էլի ինչ-որ մեկը իմ քունը խանգարեց, բայց այս անգամ ես ուրախ էի, որ քունս խանգարվեց, որովհետև երկար քնելուց գլուխս սկսում է պտտվել:

-Վայ, Հասո, ոնց եմ ես քեզ սիրում:

Ահա անջատված հայացքով հերթով սենյակները մտնելով հասա ճաշասենյակ: Հեռուստացույցը միացրած էր, գնում էր անհետաքրքիր հաղորդում: Գնացի սենյակս ու երկար, լուռ պառկեցի անկողնուս վրա: Որ ասեմ` ինչ-որ բանի մասին էի մտածում, սուտ կլինի, ուղղակի լուռ պառկել էի:

-Աղու-աղու, վը~ֆ:

Մայրիկս քույրիկիս գրկած բերեց մոտս: Գրկեցի և սկսեցի հետը գզուզվել: Երկար ծիծաղի ձայներ էին լսվում սենյակից: Ապա քրոջս հանձնեցի մայրիկին ու նստեցի համակարգչի դիմաց: Այդպես մի քանի ժամ…

Բայց դուք չմտածեք, թե ես ամբողջ շաբաթ համակարգիչ եմ խաղալու, իսկ դասերը վերջին օրն եմ թողել: Չէ: Այս գարնանային արձակուրդները ես կօգտագործեմ հօգուտ ինձ: Ուրբաթ, շաբաթ, կիրակի ես կանեմ իմ բոլոր դասերը: Իսկ այսօրվանից ես ունեմ լիարժեք հանգստանալու իրավունք:

Ճիշտն ասած, սիրում եմ լավ կազմակերպված արձակուրդներ:

Ահա և ես

Կանաչ, մեծ աչքերով, անընդհատ պոչով, բաց վարդագույն կծմծոտած շրթունքներով, նիհարած այտերով այդ աղջիկը ես եմ։ Երբեք չեմ սիրել ինքս ինձ բնութագրել։ Երևի նրա պատճառով, որ չեմ կարողանում դա լավ անել։ Դե ինքներդ դատեք՝ տեսնում եմ իմ դիմացինին, շրջապատս, ձեռքերս և քայլելաձևս, իսկ դեմքիս արտահայտությունը, տեսքս միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բայց երբեմն դիմում եմ ռիսկի և ինձ բնութագրում։ Դե ինչ, սկսենք մազերիցս։ Բարակ, մի փոքր ալիքավոր, խճճված, մուգ շագանակագույն այս մազերս ես չեմ սիրում։ Նրանք ինձ չեն ենթարկվում։ Ոչ կարողանում եմ հարթեցնել, արդուկել, ոչ էլ խուճուճացնել, դրա համար անընդհատ պոչ եմ կապում կամ էլ հավաքում եմ։ Երբեմն լինում է, որ երեկոյան մազերս արձակելով դրանք ցավում են և կանգնում ինչ-որ արտասովոր ձևով։ Սիրում եմ կրել գլխարկներ, տարբեր ձևի և չափի։ Դրանք ինձ սազում են։ Աչքերս կանաչ են, երբեմն մուգ, երբեմն բաց, իսկ երբեմն էլ դրանք դառնում են կապույտ։ Տատիկս ասում էր, որ իմ աչքերի գույնը փոխվում է հագածս զգեստի գույնի հետ։ Ես էլ, որ փոքր էի զարմանում էի ու հարցնում.

-Իսկ եթե կարմիր հագնեմ, աչքերս էլ կարմիր կլինե՞ն։

Տատիկս ծիծաղում էր և շոյում գլուխս։ Փոքր ժամանակ աչքերս ավելի շատ կապույտ երանգի էին, իսկ այժմ մուգ կանաչ։ Իսկ երբ ծիածանաթաղանթս վերջանում է, սկսվում է ինչ-որ մուգ գիծ։ Շատերը ասում են, որ կարծես այդ գիծը մատիտով ընդգծված լինի։ Աչքերիս չափը այժմ մի քիչ փոքրացել է։ Երեխա ժամանակ, ինչպես եղբորս և մայրիկիս մոտ, դրանք մեծ են եղել, զարմացած։ Ի դեպ, եթե այժմ ես մի փոքր վախենամ, զարմանամ, աչքերս ինքնըստինքյան մե՜ծ կբացվեն։ Թարթիչներս երկար չեն, բայց խիտ են ու հաստ։ Աչքերիս տակ մուգ պարկեր կան, քիչ քնելու պատճառով։ Դրանք լինում են մանավանդ դասերի ժամանակ։ Այտերս վերջերս նիհարել են իրենց կամքով, և ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Շրթունքներս բաց վարդագույն են, փոքր չեն, բայց մեծ էլ չեն։ Արդեն ռեֆլեքս է դարձել այն կծմծելը, դրա համար հետքեր են մնում։ Իսկ դրսում, ցուրտ ժամանակ, դրանք չորանում են և ուռում։

Ահա և ես՝ մի աղջիկ կանաչ աչքերով, կապած մազերով նստած գրում եմ իմ մասին։ 

Սառը պատերազմ

Լուսանկարը՝ Բելլա Մելտոնյանի

Լուսանկարը՝ Բելլա Մելտոնյանի

Յուրաքանչյուրդ ունեք ձեր դասարանը: Միգուցե դուք երբեմն բողոքում եք ձեր դասարանից, դասընկերներից, բայց իսկապես սիրում և հարգում եք ձեր համադասարանցիներին: Շատերդ դպրոց մտնելուց առաջ մտքում ասում եք.

-Երանի այսօր… Օրս դպրոցում լավ անցնի:

Կամ դրա նման ինչ-որ բան: Իսկ ես դպրոց մտնելուց առաջ մտածում եմ. «Երանի այսօր դասարանս համերաշխ լինի, ոչ ոք դուռը ջարդելով չփակի: Վերջապես, այսօր ուսուցիչները ոչ թե անընդհատ գոռան ու ասեն, թե մենք ինչ վատն ենք, ասեն, որ սա լավ դասարան է»: Ես շատ կուզենայի, որ իմ այս մտածմունքը օրերից մի օր իրականանար, թե չէ արդեն հոգնել եմ այն իրավիճակից,  երբ բոլորը պատմում են, թե ինչ լավն է իրենց դասարանը, թե ինչքան են ուսուցիչները գովում իրենց, իսկ ես այդ ժամանակ լռում եմ, քանի որ իմ դասարանում չկա «մեկ դասարան» հասկացությունը: Աղջիկները… Դե ինչ, աղջիկները դեռ ոչինչ, համերաշխ են: Մենք կարող ենք աղջիկներով ինչ-որ բան պլանավորել ու անել, իսկ տղաները… Մեկը մյուսին վիրավորում է, մեկը մյուսի մասին վատ բաներ է ասում կամ հանձնում է ուսուցչուհուն, նրանցից ոմանք իրենցից ոչինչ չներկայացնելով, վեր-վեր են թռչում ու անպոչ գդալի պես իրենց ամեն տեղ մտցնում: Սա դեռ առանձին-առանձին աղջիկներն ու տղաները: Իսկ միասին աղջիկներն ու տղաները նույն բանն է, ինչ Ռուսաստանն ու Ամերիկան: Միշտ նրանք իրար դեմ են, հավերժական մրցույթի մեջ: Ու թեկուզ նրանք բաց խաղաքարտերով չեն խաղում, միևնույնն է, ընթացքում մեկը հաղթում է կամ պարտվում: Իսկ եթե այդ երկու կողմերը իրար հետ ինչ-որ բան են պլանավորում, այդ դեպքում պլանավորածը չի իրականացվում կամ իրականցվում է ոչ լրիվ, բացթողումներով: Միևնույնն է, կռիվը շարունակվում է թեկուզ այդ ժամանակ: Իսկ հաղթող կլինի նա, ով ճիշտ մտածելակերպով, խելամիտ քայլերով կկարողանա հասնել իր նպատակին: Չեմ կարող ասել, թե ով է Ռուսաստանը, ով` Ամերիկան, բայց այն, որ այս կռիվը մոտակա մեկ տարին կշարունակվի, դա հաստատ է: Այս հարաբերությունները երկու հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարելի է խաղ համարել և հաշիվ վարել: Տարվա սկիզբ. հաշիվը 0:0 էր, քանի որ ամառային երեք ամիսները ավելի հանդարտեցրին և միգուցե նաև շատ բաներ հիշողությունից ջնջեցին: Սակայն դեռ մեկ շաբաթ էլ չանցած, կռիվը վերսկսվեց: Մինչ այժմ առաջատար էին տղաները, որոնք անընդհատ կարողանում էին դիմադրել աղջիկներին, սակայն մեկշաբաթյա արձակուրդից առաջ աղջիկները կարողացան հասնել տղաներին, իհարկե, ուսմասվար-ուսուցիչ լրացուցիչ ուժերի միջոցով: Սակայն այդ լրացուցիչ միջոցները այնքան անզոր էին առաջին հայացքից անպարտելի տղաների դեմ, որ շուտով դարձան ուսուցիչների հերթական սպառնալիքներից, որոնք այդպես էլ չեն կատարվում: Լուրերը այս պատերազմի մասին օրեցօր, ժամառժամ նորացվում էին: Եվ ըստ վերջին տվյալների, 8բ մարտական դաշտում տեղի ունեցան հարձակումներ կազմակերպված տղաների կողմից: Հենց այդ հարձակումները մահացու դարձան իրենց համար, և կարելի է ասել, հրամանատարները ծանր վնասվածքներով տեղափոխվեցին մյուս դասարաններ: Կարելի է ասել աղջիկները լիարժեք հաղթանակ տարան տղաների նկատմամբ, բայց ես չէի շտապի այդպիսի եզրակացություն անել: Աղջիկներն էլ վնասվածքներ ստացան արցունքների տեսքով: Նրանցից ոմանք ողբում էին, քանի որ, հրամանատարները՝ իրենց ընկերները, ցրվեցին տարբեր դասարաններով: Ոմանք էլ լացում էին, «մեկ դասարան» հասկացության չլինելու պատճառով, իսկ ոմանք էլ լացում էին իրենց անձին ուղղված վիրավորանքներից:

Ինչպիսի քայլեր կձեռնարկեն այս երկու հակառակորդ կողմերը, ինքս էլ չգիտեմ, բայց այն, որ շուտով կռիվ կսկսվի աղջիկների ջոկատում, դրանում ես համոզված եմ 55,9%-ով: