Գոհար Աբրոյանի բոլոր հրապարակումները

gohar abroyan gegharkunik

Իմ գարունն եմ ուզում

Պարզություն, մաքրություն, սեր ու ջերմություն եմ զգացել ամեն տարի գարնանը։ Արդեն գարուն է՝ մարտ ամիսը, ինքս ինձ ստիպում եմ նայել օրացույցին՝ հասկանալու, գիտակցելու համար, որ արդեն սկսվել է տարվա ամենապայծառ եղանակը։ Երբեմն միտքս կանգնում է այն գաղափարի վրա, որ ինձ կորցրել եմ, ինձ թողել եմ ինչ-որ հարազատ վայրում, ինչ-որ տեղ մոռացել եմ ինձ։ Միայն հասկանում եմ, որ գարուն է, երբ արդեն մի կողմ եմ դրել տաք գլխարկս ու ձեռնոցներս, երբ ծաղկել են ծառերն, ու շուրջբոլորը կանաչ է։ Ինչքան ուրիշ են զգացողություններս, ինչքան խորթ է ինձ համար գարունը։ Երբ հիշողության գիրկն եմ ընկնում, մտքի թռիչքով գնում եմ գարունս։

Իմ գարունը, իմ հիշողության գարունը ձնառատ է, բայց այնքան կատարյալ, անթերի, լուսավոր ու ջերմ։ Հիմա էլ եմ քայլում դասի՝ ձեռքիս պայուսակս է, ու շտապում եմ, որ չուշանամ, գրեթե նույն պատկերն է, ինչ հիշողությանս մեջ, բայց այնտեղ կողքովս քայլում է ընկերուհիս, առավոտյան 7-ին շտապում ենք պարապմունքի։ Վազում ենք դատարկ փողոցներով, գոռում, որ երջանիկ ենք ու սիրում ենք մեր ցուրտ գարունը։ Ցրտից կարմրած հասնում ենք պարապմունքի, մեր ընկերներն արդեն սպասում են մեզ, նստում ենք ու երազում ուսանող լինելու մասին, իսկ դասի գնալու ճանապարհին պատմում մեր ակնկալիքների, մեր նպատակների ու երազանքների մասին ու ժպտում ենք լայն ու անկեղծ ժպիտով, սառած հասնում դասի, մեր գարնան ցուրտն էլ էր արդեն հաճելի լինում։

Հիշողություններս լքում են ինձ, երբ հասնում եմ համալսարան, հուզմունքս թաքցնելու համար ժպտում եմ, պարզապես ժպտում ու հասկանում եմ, որ իմ ձնառատ գարունն եմ ուզում, իմ ընկերներին, իմ մաքուր ու անկեղծ ժպիտներով մարդկանց։ Հասկանում եմ, թե որտեղ եմ թողել ինձ, գիտակցում ու կարոտում եմ։

Ասում են՝ գյուղումս արդեն գարուն է…