Անի Էվինյանի բոլոր հրապարակումները

ani evinyan

Գուցե իմ նոր ընկերը

Բոլորս էլ ունենք վախեր, օրինակ՝ մթությունից, բարձրությունից, մենակությունից, կենդանիներից և, ինչու ոչ, նաև մարդկանցից: Իմ ամենագլխավոր վախը՝ վախ շների հանդեպ: Ես գիտակցում եմ, որ շները աշխարհի ամենահավատարիմ, խելացի կենդանիներն են, բայց չի ստացվում չվախենալ նրանցից: Շատ դեպքերում ես դպրոց կամ պարապմուքի գնալիս, հանդիպելով շների, կամ փոխում եմ ճանապարհս, կամ հետ եմ գնում տուն կամ լավագույն դեպքում նկատում եմ հեռվում եկող մի մարդու, սպասում եմ նրան, և նրա հետ շարունակում ճանապարհը:

Մի քանի օր առաջ դասից հոգնած տուն էի գալիս (նշեմ, որ մեր տուն տանող կա երեք ճանապարհ, երկուսը մի խաչմերուկից է սկիզբ առնում, մյուսը՝ փոքր ինչ հեռվից), ինչևիցե, չշեղվեմ թեմայից, գալիս էի՝ մեկ էլ նկատեցի, որ հիմնական ճանապարհում կա շուն, մյուսում էլ հարևանի նոր փոքրիկ շնիկն է վազվզում, մյուս ճամփան էլ շատ երկար է: Կանգնեցի, մտածում էի՝ որ ճանապարհով գնամ, որպեսզի բարեհաջող տուն հասնեմ, մյուս կողմից էլ՝ պարապմունքս է կես ժամից սկսելու… Մտածեցի ռիսկի դիմել, և «հաշտության առաջարկ» անել հարևանի փոքրիկ շնիկին: Վախենալով, բայց անցա շնիկի կողքով: Չգիտեմ ինչու այդպես արեցի, բայց ես ինքս էլ զարմացել էի ինձ վրա: Երևի այդ շնիկը իմ տեսած շնիկներից ամենագեղեցիկներից էր: Շագանակագույն մորթով՝ ոտքերի վրա սպիտակ շրջաններով ու հետաքրքիր նայվածքով:

Այս անգամը կարծես բացառություն էր, որովհետև բոլոր ինձ ճանաչողներն էլ գիտեն, որ ես հաստատ կընտրեի երկար ճանապարհը ու կգնայի այդ ճանապարհով, բայց ոչ: Կարծես այս նոր շնիկը դարձել է իմ հավատարիմ ընկերը…

ani evinyan

Մեկ տարվա երազանք

Մեկ տարի առաջ ստեղծվեց Կոթիի կիրակնօրյա դպրոցը: Կիրակնօրյա դպրոցում ստանում ենք հոգևոր կրթություն, սովորում ենք երգ և պար: Արդեն մեկ տարի է՝ սովորում ենք այս դպրոցում՝ շնորհիվ ընկեր Քրիստինայի, ընկեր Մերիի և ընկեր Նարեի: Ընկեր Քրիստինան և ընկեր Մերին, կիլոմետրեր անցնելով, թեկուզ՝ ցրտաշունչ ձմռանը, գալիս են, որպեսզի մեզ հաղորդեն գիտելիքներ: Հաջողությունները նույնպես չուշացան:

Մենք՝ Կոթիի, Բերդի և Իջևանի երգչախմբի սաներով գնացինք Հաղարծին՝ նկարահանելու տեսահոլովակ, որից անմիջապես հետո տեղի ունեցավ ձայնագրումը: Ձայնագրվելուց հետո նկարահանումները շարունակվում էին նաև սահմանում, քանի որ մեր երգը խաղաղության մասին էր: Կար ևս մեկ հրաշալի փաստ. և՛ երգի մեջ, և՛ տեսահոլովակում իր մասնակցությունն ուներ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Այդ երգը և տեսահոլովակը մեզ համար շատ մեծ նշանակություն ունեն: Երգը կոչվեց «Երգ խաղաղության, սահմանից աշխարհին»:

Ani Evinyan

Երկարատև հրաժեշտ

 Մի օր, երբ սովորականի պես հավաքվեցինք մեր բակում (այն բակում, որի մասին Սերինեն, ով նույնպես Կոթիի մեր թղթակիցներից է, գրել էր: Մի խոսքով, խոսքը «Սայադիկանց քուչի» մասին է), ընկերուհիս ասաց.

- Ան,  կարող ա գնամ սարը, ասի` գամ ձեզ հաջող անեմ: Համ էլ` մի լավ խաղ անենք:

- Գնո՞ւմ ես: Այդպես զրույցը շարունակվեց: Մի լավ խաղացինք բակի երեխաներով: Արդեն հրաժեշտի պահն էր, ի դեպ ընկերուհուս հետ գնալու էր նաև իրենից մի քանի տարի փոքր եղբայրը: Հրաժեշտ տվեցինք, գնացինք տուն:

Մյուս օրը զանգեցի.

- Մայ, գեղըմն ե՞ս:

-Հա:

-Հու… Լավ ա: Վաքվըմ չե՞ք:

-Եսիմ…

-Խու քնա՞ծ չէիր: Ձենդ մի տեսակ ա:

-Չէ:

Հա, մոռացա ասել, ես ընկերուհուս զանգել էի վաղ առավոտյան: Նորից հավաքվեցինք: Նորից խաղացինք, նորից հրաժեշտ տվեցինք, սակայն մյուս օրը նույնպես եկավ բակ: Եվ երբ իրոք հրաժեշտի պահն էր եկել, ոչ մեկս չէինք հավատում, քանի որ ամեն օր հրաժեշտ էինք տալիս, մյուս օրը տեսնվում էինք:

-Հաջող ձեզ, գնացի: Կարող ա` սօր րիգու գնամ սարը:

-Մեկ ա` վաղը գալու ես:

Գնացինք տուն: Երեկոյան զանգ ստացա:

-Ան, գնում եմ: Զանգել եմ հաջող անեմ:

-Հաջող: Կկարոտեմ: Ուզեցի երկար զրուցել վերջին անգամ, այն էլ.

-Ան… Գնում եմ, ժամանակ չկա:

-Չմոռանաս ինձ: Կզանգես: Հա, ու մեկ էլ, սարածաղիկս չմոռանաս…

-Հա, հա:

Մի քիչ ինձ վրա բարկացած էի, քանի որ մի լավ չզրուցեցի: Բայց հաջորդ օրը զանգեց, հարցուփորձ արեց, տեղեկացրեց այնտեղի իրադարձությունները:

-Բա մեր դասարանիցն էլ րեխերք կան:

-Հա~, դե լավ ա: Ձեր հմար էլ հավես կըլի…

Ամեն օր հեռախոսով զրուցում ենք: Ճիշտ է, այնտեղ շատ հաճելի միջավայր է, բնությունը նույնպես, բայց ես ցանկանում եմ, որ մեկս լինենք մյուսիս հետ: Իրարից անբաժան:

Ani Evinyan

Մի օր հաստատ կկարոտեն

Ուզում եմ անդրադառնալ իմ գյուղի` Կոթիի երեխաներին և պատանիներին: Կոթիում` մեծ թե փոքր, ամենի ինչ հասկանում են: Բայց չեմ ուզում իմ այս նյութում գրել կրակոցներից: Ուզում եմ գրել ավելի ուրախ թեմաներից:

Մի քանի օր առաջ գնացել էի մանկապարտեզ: Կարոտել էի, այն վայրը, որտեղ ինձ կաշառելով էր տանում մայրիկս: Ամեն օր պարտադիր պետք է մայրս ինձ համար քաղցրավենիք և հյութ գներ: Մի քանի ամիս շարունակ լացելով և կաշառվելով էի գնում: Մայրիկիս պատմելով`շատ դժվարությամբ եմ գնացել, և մի օր մայրս որոշել է չտանի մանկապարտեզ, արթնացել եմ առավոտյան և ասել.
- Մամ, բա չե՞ս տանում պարտեզ:
Եվ այդ օրվանից միշտ առանց լացելու գնացել եմ: Չշեղվեմ թեմայից: Գնացի մանկապարտեզ: Մտանք փոքրերի խումբ (մանկապարտեզ էի գնացել ընկերուհուս` Մայայի հետ), տեսանք, որ փոքրերի խմբի երեխաները պատրաստվում են միջոցառման: Հենց մտանք, բոլոր երեխաները հավաքվեցին իմ ու ընկերուհուս շուրջը: Մենք կամ մեկս մյուսիս բարեկամ ենք, կամ հարևան, կամ ուղղակի ծանոթ, այսինքն` բոլորս իրար ճանաչում ենք:

Ներս մտավ մանկապարտեզի տնօրենը, ներկայացրեց մեզ երեխաներին և խնդրեց, որ ընկերուհիս գնա մեծերի խումբ, իսկ ես մնամ փոքրերի խմբում, և երեխաներին ինչ որ բան սովորեցնենք` երգ, պար, ասմունք: Մենք անցանք գործի: Ես իմ խմբում սովորեցրի երգել: Երեխաները ամեն կողմից գոռում էին.
-Անի քուրիկ, կլինի՞ գնամ` արտասանեմ, մի լավ արտասանություն գիտեմ..
-Հա, կլինի սիրուն ջան, արտասանի:
-Անի քուրիկ, կլինի՞ երգեմ:
-Հա, երգի… Ապրեք, երեխեք ջան, շատ լավ գիտեք ամեն ինչ:
Երեխաներից մեկն սկսեց լացել մի խաղալիքի համար: Երկար ժամանակ նրան համոզում էի չլացել, սակայն չէր ստացվում: Ամոթով դիմեցի դաստիարակչուհուս.
- Մե՞նք էլ ենք սենց եղել:
Դաստիարակչուհիս ժպտաց:
Ես սկսեցի լացող փոքրիկին բացատրել, որ չլացի, քանի որ երբ մեծանա, փոշմանելու է լաց լինելու համար: Հաստատ: Եվ գիտե՞ք, նա իրոք ինձ հասկացավ…

Ani Evinyan

Գրքի հետևից

Ուսումնական տարվա սկիզբն էր: Բոլորս բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց: Ասեմ, որ ապրում և սովորում եմ Տավուշի մարզի Կոթի գյուղում: Ուսումնական տարին մի մասի համար առաջին անգամ էր, մի մասի համար` վերջին, մի մասիս համար էլ ուղղակի նոր ուսումնական տարի էր` ոչ առաջինը, ոչ վերջինը:

Ահա եկավ դասագրքերը բաժանելու պահը: Պարզվեց, որ Հայոց Լեզվի դասագրքերի քանակը սահմանափակ էր, և Հայոց Լեզու սովորելն այդքան էլ հեշտ չէր լինելու: Ինձ և ընկերուհուս բաժին ընկավ մեկ դասագիրք: Երբ գնում եմ գիրքը նրանից վերցնելու, մենք ունենք մի վայր, որտեղ իրար հանդիպում ենք, նստում ենք, քննարկում տնային առաջադրանքները, և սկսում զրուցել… Զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ: Զրուցում ենք, չենք էլ հասկանում` ժամանակը ոնց է անցնում: Սթափվում ենք հեռախոսի ձայնից:
-Հա, մամ, ասա:
-Գալիս չե՞ս տուն: Մթնըմ ա…

-Հա, մթամ նոր եմ եկել, էլի, կգամ…
-Արդեն 6:30 ա, շուտ արի:
-Հա, լավ, մի կես ժամից ըտի եմ:
Հաջողություն եմ մաղթում ընկերուհուս, ու…
-Մայ…
-Ասա:
-Մայ, գիրքը մոռացա:
Եվ այսպես էլի ենք կանգնում, հիշում ենք դեպքեր մեր դպրոցական տարիներից, այնքան ժամանակ ենք զրուցում, մինչև մայրս նորից է զանգում, բայց երկրորդ անգամ վերջապես հասնում ենք տուն…

Իսկ զրույցը հաջորդ օրը շարունակվում է դպրոցում: Մեր դասարանը դպրոցի ամենաչարաճճի դասարանն է, դա դեռ 1-ին դասարանից: Բայց անկեղծ ասած, այս տարի փոխվել ենք, լուրջ ենք վերաբերվում սահմանում կատարվող իրավիճակին: Երբ կրակոցներից հետո այցելում ենք դպրոց, ընկերուհուս հետ քննարկում ենք գյուղում ինչ վնաս եղավ, և այլն:
Մի անգամ, երբ կրկին անգամ գնացի դպրոց, նորից ընկերուհուս հետ քննարկում էինք կրակոցների հարցը, լսեցի դասընկերոջս խոսքերը.
-Էրեխերք, ոնց որ պլիմոտ ըլիք, էտ ի՞նչ եգին-եգին եք զրից անըմ…
-Հա, բա իմանա՞մ ոչ րիգունը ինչ ա ելել ներքի թաղերըմը,- ասում եմ ես ու շարունակում զրույցս: Մեկ էլ լսեցինք մի անսովոր աղմուկ:
-Վայ~, նորից կրակոց,- վախեցած ասաց ընկերուհիս:
-Չէ, մի վախեք, երեխերք, պատահական թևս կպավ, աթոռը վեր գցեցի,-ասաց մյուս ընկերուհիս:
-Հա, բան չկա, ուղղակի գիդեցա` կրակոց ա:
Ուզում եմ, որ մենք չունենանք նման խոսակցություններ դասարանում: Ուզում եմ, մեր մանկության հուշերում չլինեն նման հիշողություններ: Ուզում եմ…