Սամվել Ավետյանի բոլոր հրապարակումները

ՎՏԿ-ն Վանաձորի նոր զարկերակ

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծված է քաղաքը վերածելու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Կենտրոնի նպատակն է՝ ստեղծել հնարավորութունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կոչված է աջակցելու տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել իրենց նոր բիզնես գաղափարները, նպաստել տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու պարոն Պատվական Հախինյանը նշեց, որ կենտրոնի կառուցման տարածքը պատահական չէ ընտրվել, քանի որ «Իրավասու մարմինները՝ կառավարությունը, տեղական իշխանությունները, աշխատել են այնպես լինի, որ մոտ լինի տեխնոլոգիական բուհերին՝ պոլիտեխնիկ ինստիտուտին»:
Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, ֆինանսական աղբյուրների ներկայացման, բիզնես կապերի ձևավորման և այլ անհրաժեշտ հարցերում:

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

ՎՏԿ-ի դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանն ասաց, որ իրենց թիմն արդեն երկու տարուց ավելի աշխատում է և գործունեություն է ծավալում: «Մենք կարողանում ենք համագործակցել տարբեր ընկերությունների թոփ մենեջմենթից սկսած մինչև ինժեներներ, աշխատակիցներ, ովքեր ունեն նորարարական գաղափարներ, բայց խնդիրներ ունեն այդ նորարարական գաղափարները առաջ մղելու հարցում»:

Կենտրոնի հետ համագործակցության հարցում, հատկապես, շահագրգռված են բոլոր կրթական և ուսումնական հաստատությունները, բուհերը, բուհերի դասախոսական կազմը, մարդիկ, ովքեր զբաղվում են հետազոտություններով: Նրանք բացառիկ հնարավորություն են ունենում մասնակցելու տարբեր ծրագրերի և մրցույթների: «Դպրոցները հատկապես շատ ակտիվ են: Արդեն երկրորդ տարին է, որ դպրոցականների համար տարբեր պրոցեսներ ենք իրականացնում: Ուսանողների ցանկը շատ մեծ է և անընդհատ մեծանում է, ոչ միայն Վանաձորի դպրոցներից են հաճախում, այլ նաև Ալավերդուց, Ստեփանավանից, Սպիտակից և հարակից գյուղերից:
Այսպիսով՝ հասարակությունը ՏՏ ոլորտում հետաքրքրված է երկու ուղղություններով»: Պարոն Մամուլյանի խոսքով՝ առաջինն այն է, որ մարդն ունի հետաքրքիր նորարարական գաղափար և ուզում է այն բիզնեսի վերածել, երկրորդը՝ երբ մարդն ուզում է իր հմտությունները զարգացնել, մասնակցել որևէ վերապատրաստման դասընթացի և դրանով, ինքն իր համար աշխատանքի հնարավորություն ստեղծի:

Ընդհանուր առմամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը, երիտասարդների մեծամասշտաբ ներգրավմանը ուսումնական և աշխատանքային պլաններին:

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Դասընթացների մասին հասարակությունը իմանում է հիմնականում սոցցանցերի միջոցով կամ ուղղակի այցելում են կենտրոն՝ հետաքրքրվելու այս կամ այն դասընթացով:
«Դասընթացների ցանկը տարբեր է: Այս պահին ունենք ծրագրավորման վճարովի դասընթացներ, վճարովի, քանի որ այդ պարագայում ավելի մոտիվացված և ավելի լուրջ տրամադրված դիմորդներ ենք ունենում: Բացի դա՝ ունենք ինժեներական դասընթացներ, որոնք անվճար են, անց են կացվում մեր միջավայրում, և փորձում ենք պատրաստել համապատասխան ինժեներներ, ովքեր կտիրապետեն նորագույն տեխնոլոգիաներին»,- ասաց պարոն Մամուլյանը:

ՎՏԿ-ն նաև կապեր է հաստատում տարբեր միջազգային կրթական հաստատությունների ու ծրագրերի ներկայացուցիչների հետ համագործակցության հստակ նպատակներով: Օրինակ, հանրահայտ «Յանդեքսի» հետ մեծ ծրագրի մեկնարկը: Նելսոն Մամուլյանը հաստատեց. «Առաջին անգամ Յանդեքսը ՌԴ-ից դուրս որոշում կայացրեց, որ կրթական գործունեություն է ցանկանում իրականացնել, և դա արեց Հայաստանում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Վանաձորցիների համար շատ հրաշալի հնարավորություն է Յանդեքսի կրթական ուսումնական պրոցեսին մասնակցել: Մասնակիցները 9-ից 11-րդ դասարանի դպրոցականներ էին, մոտ 200 մարդ դիմեց մրցույթի համար, բայց անցավ միայն 28 դիմորդ, և այժմ նրանք մեզ մոտ դասավանդում են»:

Այսպիսի լուրջ հաստատությունը լուրջ է վերաբերվում բոլոր խնդիրներին, որոնց հետ առնչվում են, մանավանդ՝ մասնագետների կամ դասընթացավարների ընտրության հարցում բացարձակ ուշադրություն ու նրբանկատություն ցուցաբերելով. «Սա բուհական միջավայր չէ, սակայն մենք ամենախիստ պահանջներով պետք է մասնագետ ընտրենք, ով պետք է դասավանդի տվյալ դասընթացը և գործատուների պահանջներին համապատասխան հմտություններ և կարողություններ փոխանցի մեզ վստահող մարդկանց»,- ասաց դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը: